ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի ապրիլի 13-ին
«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ապրանքային նշանների մասին» 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-59-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «դիսկլամացիա» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դիսկլամացիա՝ ապրանքային նշանի որևէ տարրի իրավական պահպանություն չտրամադրելու վերաբերյալ հայտարարություն.».
2) «միջազգային գրանցամատյան» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.
«ԵՏՄ պայմանագիր՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին պայմանագիր.
Միության ապրանքային նշան՝ Միության անդամ բոլոր երկրներում միաժամանակ պահպանվող նիշ, որը ծառայում է ապրանքների, աշխատանքների (այսուհետ՝ ապրանքներ) և (կամ) ծառայությունների անհատականացման համար.
Միության ապրանքային նշանի հայտ՝ Միության ապրանքային նշանը գրանցելու հայտ, որը Միության ապրանքային նշանը գրանցելու համար անհրաժեշտ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ է.
Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյան՝ Միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների վերաբերյալ տեղեկությունների ամբողջություն, որը կազմված է ազգային բաժիններից (ըստ անդամ պետությունների) և տեղադրվում է Միության պաշտոնական կայքէջում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում.»։
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) ԵՏՄ պայմանագրի համաձայն՝ Միության ապրանքային նշանների հայտերի ընդունումը, փորձաքննության անցկացումը, Միության ապրանքային նշանի գրանցումը Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանում, Միության ապրանքային նշանի վկայագրի տրամադրումը և Միության ապրանքային նշանի գրանցման ու իրավական պահպանության հետ կապված այլ գործառույթների իրականացումը.»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) ԵՏՄ պայմանագրով սահմանված կարգով դրա գրանցման հիման վրա:»։
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) բաղկացած է կամ պարունակում է կեղծ և (կամ) սպառողներին մոլորության մեջ գցող տվյալներ՝ ապրանքի արտադրության կամ ծառայության մատուցման ժամանակի, ապրանքի կամ ծառայության տեսակի, բնույթի, որակի, քանակի, ստեղծման նպատակի, արժեքի, աշխարհագրական ծագման կամ ապրանքն արտադրողի (ծառայություն մատուցողի) վերաբերյալ հարցերում.».
2) 1-ին մասի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 1-ին մասի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13) բաղկացած է կամ պարունակում է՝
ա. գինիների կամ այլ ալկոհոլային խմիչքների նույնականացման համար նախատեսված աշխարհագրական նշում, պայմանով, որ ապրանքային նշանի գրանցման հայտը ներկայացվում է ավելի ուշ, քան աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան գրանցման հայտն այն դեպքերում, երբ ապրանքները չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, նույնիսկ եթե նշվում է ապրանքների իրական ծագումը, կամ աշխարհագրական նշումն օգտագործվում է թարգմանաբար կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» և այլ նման արտահայտությունների զուգակցմամբ, կամ
բ. նշում, որը նույնական կամ շփոթելու աստիճան նման է Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող աշխարհագրական նշմանը, ծագման տեղանվանը կամ երաշխավորված ավանդական արտադրանքին այն դեպքերում, երբ ապրանքները չեն ծագել տվյալ աշխարհագրական վայրից, նույնիսկ եթե նշվում է ապրանքների իրական ծագումը, կամ աշխարհագրական նշումն օգտագործվում է թարգմանաբար կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» և այլ նման արտահայտությունների զուգակցմամբ.».
4) 2-րդ մասի «2-4-րդ կետերը» բառերը փոխարինել «2-5-րդ կետերը» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերում նշված նիշերը կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե դրանք ապրանքային նշանում գերիշխող մաս չեն զբաղեցնում:».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ մասով.
«3.2. Սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում նշված նիշերը կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե դրանք ապրանքային նշանում գերիշխող մաս չեն զբաղեցնում, և եթե առկա է համապատասխան թույլտվություն՝ տրված իրավասու մարմնի կամ անձի կողմից:»:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը «որը գրանցված է» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն է տրամադրված)» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) նույնական կամ շփոթելու աստիճան նման է ավելի վաղ ապրանքային նշանին, և դրանով մակնշվող ապրանքների և (կամ) ծառայությունների նույն կամ նույնատիպ լինելը սպառողների մոտ շփոթություն առաջացնելու հավանականություն է պարունակում.».
3) 1-ին մասի 3-րդ կետի «որոնք նույնատիպ չեն այն ապրանքներին և (կամ) ծառայություններին» բառերը փոխարինել «որոնք նույնը կամ նույնատիպ չեն այն ապրանքներին և (կամ) ծառայություններին» բառերով.
4) 1-ին մասի 3-րդ կետը «նման» բառից առաջ լրացնել «շփոթելու աստիճան» բառերով.
5) 1-ին մասի 4-րդ և 7-րդ կետերի, ինչպես նաև Օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի «առաջնության թվականը» բառերը փոխարինել «խնդրարկված առաջնության դեպքում՝ առաջնության թվականը» բառերով.
6) 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5) նույնական կամ նման է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող աշխարհագրական նշմանը, ծագման տեղանվանը կամ երաշխավորված ավանդական արտադրանքին և գրանցման է ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին, որոնց համար գրանցված (պահպանվում) է աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը, բացառությամբ այն դեպքի, երբ գրանցման ներկայացված ապրանքային նշանում դրանք ներառված են որպես չպահպանվող տարրեր, և հայտը ներկայացված է աշխարհագրական նշման, ապրանքի ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի օգտագործման իրավունք ունեցող անձի կողմից: Այլ ապրանքների համար ներկայացված այդպիսի ապրանքային նշանը ենթակա չէ գրանցման, եթե հայտարկված ապրանքային նշանի օգտագործումն անհիմն առավելությունների կհանգեցնի գրանցված աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի բարի համբավի շնորհիվ.».
7) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) սույն մասի 1-ին կետում նշված իրավական պահպանություն ստանալու համար հայտարկված ապրանքային նշաններ` հետագայում դրանց իրավական պահպանություն տրամադրելու պայմանով.»:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Եթե հայտարկված ապրանքային նշանը պարունակում է սույն հոդվածի 1-ին մասում նշված տարրեր, և եթե հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ այդ տարրերը կարող են ազդել ապրանքային նշանի գրանցման վավերականության վրա, ապա հայտատուի խնդրանքով (իր դիմումի համաձայն) կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում պետական լիազոր մարմնի որոշմամբ այդ տարրերը կարող են ճանաչվել դիսկլամացված, որոնք, ներառված լինելով ապրանքային նշանի մեջ, ինքնուրույն իրավական պահպանություն չեն ստանում:»։
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետի և 3-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 26-րդ հոդվածի 6-րդ մասի, 34-րդ հոդվածի 2-րդ մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «հանրություն» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «սպառող» բառով.
2) 1-ին մասի 2-րդ կետի «որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին և (կամ) ծառայություններին» բառերը փոխարինել «որոնք նույնը կամ նույնատիպ են այն ապրանքներին և (կամ) ծառայություններին» բառերով.
3) 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) նույնական կամ նման նիշի օգտագործումը համացանցում (ինտերնետում), ինտերնետային կայքէջերի դոմենային անվանումներում, նույնիսկ եթե տվյալ դոմենային անվանման ներքո գործող կայքէջն ակտիվ չէ կամ որևէ տեղեկատվություն չի պարունակում.».
4) 4-րդ մասը «կատարված գրառման հրապարակման թվականից» բառերից հետո լրացնել «կամ Միության ապրանքային նշանների միասնական գրանցամատյանում այն գրանցելու թվականից» բառերով:
Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում տվյալ ապրանքային նշանը կրող կամ դրանով մակնշված այն ապրանքների իրացումը (ապրանքային նշանի օգտագործումը), որոնք ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ տնտեսական շրջանառության մեջ են դրվել Հայաստանի Հանրապետությունում կամ այլ երկրում, որի հետ գործում է ընդհանուր շուկայի կամ ընդհանուր մաքսային սահմանի մասին միջազգային պայմանագիր:».
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) դրա կիրառումն այն ծառայության մատուցման վայրում (ներառյալ՝ կայքէջում վիրտուալ ծառայության դեպքում) և (կամ) զետեղումն այն ապրանքի և (կամ) դրա փաթեթավորման վրա, որի համար գրանցված է տվյալ ապրանքային նշանը.».
2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) դրա կիրառումն ապրանքի արտադրության և (կամ) իրացման կամ ծառայության մատուցման հետ կապված գովազդներում, հրատարակություններում, պաշտոնական ձևաթղթերում, ցուցանակներում միայն այն դեպքերում, երբ այդ ապրանքի կամ դրա փաթեթավորման վրա կամ ծառայության մատուցման վայրի մուտքի մոտ նշանի կիրառումն անհնար է.».
3) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ապրանքային նշանի օգտագործումն այնպիսի ձևով, որը տարբերվում է գրանցվածից միայն դրա տարբերակիչ բնույթը չփոփոխող առանձին ոչ էական տարրերով:».
4) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ապրանքային նշանի գրանցումը կարող է իրավական շահագրգռվածություն ունեցող անձի կողմից դատարան ներկայացված հայցի կամ հակընդդեմ հայցի քննարկման արդյունքում կայացված դատարանի վճռի հիման վրա չեղյալ ճանաչվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար այն գրանցված է, կամ դրանց մի մասի նկատմամբ, եթե ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված` երեք տարի անընդմեջ, կամ դատարան ներկայացված համապատասխան հայցը (հակընդդեմ հայցը) ավելի ուշ ներկայացնելու դեպքում դրան անմիջականորեն նախորդող երեք տարի անընդմեջ ժամանակահատվածում ապրանքային նշանն ընդհանրապես չի օգտագործվել, իսկ օգտագործման դեպքում իրական օգտագործման մեջ չի դրվել Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանի իրավատիրոջ կամ, սույն օրենքի համաձայն, այդ իրավունքն ունեցող անձի կողմից այն ապրանքների կամ ծառայությունների համար, որոնց նկատմամբ չեղյալ կամ մասնակի չեղյալ ճանաչման հայց կամ հակընդդեմ հայց է ներկայացվել: Ապրանքային նշանի օգտագործման փաստի ապացուցման բեռը կրում է ապրանքային նշանի իրավատերը կամ, սույն օրենքի համաձայն, տվյալ ապրանքային նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը:».
5) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին դատարան ներկայացված համապատասխան հայցը (հակընդդեմ հայցը) չի կարող բավարարվել, եթե մինչև համապատասխան հայցը կամ հակընդդեմ հայցը ներկայացնելը Հայաստանի Հանրապետությունում սկսվել կամ վերականգնվել է տվյալ ապրանքային նշանի իրական օգտագործումը։ Ընդ որում, եթե ապրանքային նշանի իրական օգտագործման սկիզբը կամ վերականգնումը տեղի է ունեցել ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին դատարան ներկայացված համապատասխան հայցի (հակընդդեմ հայցի) ներկայացման օրվան նախորդող եռամսյա ժամկետում, ապա օգտագործումը հաշվի չի առնվում, եթե ապրանքային նշանի իրական օգտագործումն սկսվել կամ վերականգնվել է միայն այն բանից հետո, երբ ապրանքային նշանի իրավատիրոջը հայտնի է դարձել կամ կարող էր հայտնի դառնալ ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին դատարան հայց (հակընդդեմ հայց) ներկայացնելու հավանականության մասին:».
6) 5-րդ մասի 1-ին կետի «փաստարկներ» բառը փոխարինել «ապացույցներ» բառով.
7) 5-րդ մասի 2-րդ կետը «առանձին» բառից հետո լրացնել «ոչ էական» բառերով.
8) 5-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) բացառապես արտահանման նպատակով Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանը զետեղվել է այն ապրանքների և (կամ) դրանց փաթեթավորումների վրա, որոնց համար գրանցված է տվյալ ապրանքային նշանը։»։
Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է բազմակի երկարաձգվել բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի նկատմամբ (որոնց համար գրանցված է)՝ յուրաքանչյուր անգամ տասը տարի ժամկետով:».
2) 7-րդ մասը «ձևակերպման» բառից հետո լրացնել «, լրացման, ներկայացման» բառերով:
Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) վերնագրի և ամբողջ հոդվածի «հայտարարում» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ճանաչում» բառով.
2) 1-ին մասի 1-ին կետի «հաշված հինգ տարի» բառերը փոխարինել «հաշված երեք տարի» բառերով, իսկ «նախորդող հինգ տարի» բառերը՝ «նախորդող երեք տարի» բառերով.
3) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ապրանքային նշանի իրավատիրոջ կողմից անմիջականորեն կամ նրա համաձայնությամբ ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ ապրանքային նշանի օգտագործումը կարող է սպառողին մոլորության մեջ գցել, մասնավորապես այն ապրանքների և (կամ) ծառայությունների տեսակի հարցում, որոնց համար այն գրանցված է, կամ ապրանքների և (կամ) ծառայությունների որակի, աշխարհագրական ծագման կամ ապրանքն արտադրողի (ծառայություն մատուցողի) հարցերում:».
4) 3-րդ մասի «ուժով» բառը փոխարինել «հիման վրա» բառերով։
Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «իրավատիրոջ» և «իրավատեր» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «(հայտատուի)» և «(հայտատու)» բառերով.
2) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Պետական լիազոր մարմինը մերժում է իրավունքների փոխանցման գրանցումը, եթե ակնհայտ է, որ փոխանցման հետևանքով ապրանքային նշանի օգտագործումը կարող է հանրությանը մոլորության մեջ գցել, մասնավորապես այն ապրանքների և (կամ) ծառայությունների բնույթի, տեսակի, որակի, աշխարհագրական ծագման, ապրանքն արտադրողի (ծառայություն մատուցողի) վերաբերյալ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, բացառությամբ եթե իրավունքներն ստացող կողմը համաձայնում է սահմանափակել ապրանքային նշանի գրանցումն այն ապրանքներով և (կամ) ծառայություններով, որոնց համար մոլորության մեջ գցելու վտանգը բացակայում է։».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«10. Սույն հոդվածում նշված դիմումի ձևը, դրա լրացման, ներկայացման և քննարկման կարգը սահմանում է կառավարությունը։»:
Հոդված 13. Օրենքի 40-րդ հոդվածում՝
1) 1-ին և 5-րդ մասերի «եղանակով» բառը փոխարինել «համակարգի միջոցով» բառերով, իսկ 1-ին մասը «իր ներկայացուցչի միջոցով» բառերից հետո լրացնել «՝ նրան տրված լիազորագրի հիման վրա» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Ներկայացուցչի լիազորագիրը պետական լիազոր մարմին ներկայացվում է հայտը ներկայացնելիս կամ այն ներկայացնելուց հետո` երկու ամսվա ընթացքում: Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կատարած գործողությունները համարվում են չկատարված և հաշվի չեն առնվում, բացառությամբ հայտը և հայտին կցված փաստաթղթերը պետական լիազոր մարմին ներկայացնելու և պետական տուրք վճարելու գործողությունների: Նշված ժամկետում լիազորագիրը չներկայացվելու դեպքում պետական լիազոր մարմինը ծանուցագիր է ուղարկում ներկայացուցչին՝ այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում լիազորագիր ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում լիազորագիրը չներկայացվելու դեպքում գործավարությունն իրականացվում է հայտատուի հետ անմիջականորեն՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները:».
3) 2-րդ մասը «այլ ներկայացուցչի միջոցով» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և մշտապես բնակվող կամ գործունեության վայր ունեցող» բառերով, իսկ «այլ ներկայացուցչի միջոցով» բառերից հետո՝ «, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում և սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված ժամկետում արտոնագրային հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի լիազորագիրը չներկայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը ծանուցագիր է ուղարկում արտոնագրային հավատարմատարին կամ այլ ներկայացուցչի՝ այն ստանալու օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում, լիազորագիր ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում լիազորագիրը չներկայացվելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, որի մասին հայտատուն ծանուցվում է:».
5) 5-րդ մասի «և ներկայացման» բառերը փոխարինել «, ներկայացման և քննարկման» բառերով.
6) 6-րդ մասի 2-րդ կետը «փաստաթուղթը» բառից հետո լրացնել (լիազորագիրը)» բառով:
Հոդված 14. Օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությունում «և հայտում» բառերը փոխարինել «և չեն ընդլայնում հայտում» բառերով, իսկ երկրորդ նախադասությունում «հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը ոչ նույնատիպ ապրանքներով և (կամ) ծառայություններով համալրելու անհրաժեշտություն են առաջացնում» բառերը՝ «ընդլայնում են հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը» բառերով:
Հոդված 15. Օրենքի 45-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ մասերով.
«5.1. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ նույնական կամ սպառողների մոտ շփոթություն առաջացնելու հավանականություն պարունակող ապրանքային նշաններն ունեն նույն առաջնության թվականը, ապա պետական լիազոր մարմինն այդ մասին ծանուցում է հայտատուներին: Ծանուցագիրն ստանալու օրվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, հայտատուները կարող են պետական լիազոր մարմին ներկայացնել իրենց դիրքորոշումը կամ հայտարկված ապրանքային նշանների հետ կապված հայտատուների միջև հարաբերությունները կարգավորող և սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգը կանխող համաձայնագիր:
5.2. Սույն հոդվածի 5.1-ին մասի համաձայն սահմանված ժամկետում հայտատուների ներկայացրած դիրքորոշումները և (կամ) համաձայնագիրը պետական լիազոր մարմինն ըստ էության քննարկում է սույն հոդվածով նախատեսված ապրանքային նշանի փորձաքննության անցկացման կարգով սահմանված պահանջներին համապատասխան:».
2) 7-րդ մասից հանել «տարբերակիչ հատկություն չունեն և» բառերը, իսկ նույն մասի «կասկածներ առաջացնել ապրանքային նշանի պահպանության ծավալի վերաբերյալ» բառերը փոխարինել «ազդել ապրանքային նշանի գրանցման վավերականության վրա» բառերով.
3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված ժամկետում հայտատուն հայտարարություն չի ներկայացնում նշված տարրերից հրաժարվելու մասին, ապա`
1) պետական լիազոր մարմինը համարում է, որ հայտատուն համաձայն է ներկայացված հիմքերի հետ և մերժման այլ հիմքերի բացակայության դեպքում որոշում է կայացնում հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար ապրանքային նշանը գրանցելու մասին՝ նշում կատարելով նշված տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին, կամ
2) պետական լիազոր մարմինը համարում է, որ հայտատուն համաձայն է ներկայացված հիմքերին, և հայտարկված ապրանքային նշանը ենթակա չէ գրանցման հայտում նշված ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի համար, իսկ ապրանքների և (կամ) ծառայությունների մյուս մասի համար մերժման այլ հիմքերի բացակայության դեպքում որոշում է կայացնում հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների համար ապրանքային նշանը գրանցելու մասին՝ նշում կատարելով նշված տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
«8.1. Եթե սույն հոդվածի 7-րդ մասի համաձայն սահմանված ժամկետում հայտատուն հայտարարություն է ներկայացնում միայն նշված տարրերից մի մասի նկատմամբ կամ հայտարարություն է ներկայացնում նշված տարրերից մի մասի նկատմամբ, իսկ մյուս մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար անընդունելի առարկություն կամ նշված բոլոր տարրերի կամ դրանց մի մասի նկատմամբ ներկայացնում է պետական լիազոր մարմնի համար անընդունելի առարկություն, ապա պետական լիազոր մարմինը մերժման այլ հիմքերի բացակայության դեպքում որոշում է կայացնում ապրանքային նշանը մասնակի գրանցելու մասին՝ նշում կատարելով նշված տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին մասով.
«12.1. Հայտի ըստ էության փորձաքննության, կրկնական փորձաքննության վարչական վարույթները կարող են կասեցվել հայտատուի դիմումի հիման վրա, եթե մերժման հիմք հանդիսացող մեկ այլ մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքների վիճարկման դիմում կամ հայց է ներկայացվել համապատասխան իրավասու պետական կամ դատական մարմին մինչև տվյալ վարչական վարույթով կամ դատական գործով վերջնական որոշման կամ դատական ակտն ուժի մեջ մտնելը: Դիմումի քննարկումը վերսկսվում է դրա կասեցման հիմքերի վերանալուց հետո:».
6) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Ապրանքային նշանի գրանցումը չի կարող մերժվել առանց հայտատուին հնարավորություն ընձեռելու հետ կանչելու կամ փոփոխություններ կատարելու հայտի մեջ կամ փաստարկներ ներկայացնելու ապրանքային նշանի գրանցման օգտին, որի մասին պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին։ Ծանուցումն ստանալու օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում, հայտատուն կարող է հետ կանչել կամ փոփոխություններ կատարել հայտի մեջ կամ փաստարկներ ներկայացնել ապրանքային նշանի գրանցման օգտին: Ծանուցման պատասխանը պետական լիազոր մարմինը քննարկում է այն ստանալու օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում: Ծանուցման պատասխան չստանալու կամ ժամկետում չստանալու դեպքում պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցելու մասին:»:
Հոդված 16. Օրենքի 47-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի 2-րդ կետի «:» նշանը փոխարինել «կամ» բառով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) «ապրանքային նշանի հայտով գործավարությունը շարունակելու մասին:».
2) 5-րդ մասի «վեցամսյա» բառը փոխարինել «երկամսյա» բառով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Բողոքարկման խորհրդում ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցելու մասին որոշման դեմ բողոքի քննարկման վարչական վարույթը կարող է կասեցվել հայտատուի դիմումի հիման վրա, եթե մերժման հիմք հանդիսացող մեկ այլ մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքների վիճարկման դիմում կամ հայց է ներկայացվել համապատասխան իրավասու պետական կամ դատական մարմին մինչև տվյալ վարչական վարույթով կամ դատական գործով վերջնական որոշման կամ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը: Բողոքի քննարկումը վերսկսվում է դրա կասեցման հիմքերի վերանալուց հետո:»:
Հոդված 17. Օրենքի 51-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետի «գրանցումը մերժելու» բառերը փոխարինել «գրանցումը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար մերժելու» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետի «գրանցման» բառը փոխարինել «գրանցումը հայտում նշված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար մերժելու» բառերով:
Հոդված 18. Օրենքի 52-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը «ազգանվան» բառից հետո լրացնել «կամ անվանման» բառերով.
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով սահմանված դրույթը չի կիրառվում սույն հոդվածի 1-ի մասի 2-րդ կետով նախատեսված՝ հայտատուի ներկայացուցչի փոփոխության նկատմամբ:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Ներկայացուցչի փոփոխություն չի համարվում հայտի քննարկմանը կամ գրանցմանը վերաբերող առանձին գործողություն կատարելու համար հայտատուի կամ իրավատիրոջ կողմից տրված լիազորագրով այլ ներկայացուցիչների (ներկայացուցչի) նշանակումը:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված փոփոխությունների մասին պետական լիազոր մարմնին չտեղեկացնելու դեպքում հետագայում ներկայացված հայտերի կամ դիմումների քննարկման ընթացքում հայտատուին կամ դիմումատուին ծանուցվում է ներկայացված հայտին կամ դիմումին առնչվող ապրանքային նշանների գրանցումներին վերաբերող՝ համապատասխան պետական գրանցամատյանում նման փոփոխությունների կատարման անհրաժեշտության մասին: Ծանուցման ստացման օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում, անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ համապատասխան փոփոխություններ կատարելու համար: Նշված ժամկետում դիմում չներկայացնելու դեպքում ապրանքային նշանի գրանցումը մերժվում է, կամ դիմումները համարվում են հետ կանչված:»:
Հոդված 19. Օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը «43-րդ հոդվածի 2-րդ մասով,» բառերից հետո լրացնել «45-րդ հոդվածի 13-րդ մասով,» բառերով:
Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո։
Հոդված 21.
1. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով խմբագրվող՝ Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ապրանքային նշանի չօգտագործման կամ իրական օգտագործման մեջ չդրվելու երեք տարվա ժամանակահատվածը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ապրանքային նշանների պետական գրանցումների վրա:
2. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ կետը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գրասենյակ ներկայացված հայտերի կամ դիմումների վրա, որոնցով գործավարությունը ավարտված չէ:
3. Սույն օրենքի ընդունումից հետո՝ վեց ամսվա ընթացքում, Կառավարությունն ընդունում է սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված կարգը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. մայիսի 8 Երևան ՀՕ-143-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2023 թվական: