Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.10.2024
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.10.2024
Подписан
Նախագահող
Дата подписания
04.10.2024
Дата вступления в силу
04.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում,

ԳԴ4/0004/01/19

Նախագահող դատավոր՝

 Ս. Մարաբյան

Դատավորներ՝

 Մ. Պապոյան

 Ա. Վարդանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ. Թադևոսյանի

 

 

Ա. Պողոսյանի

4 հոկտեմբերի 2024 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Աղաբեկ Գարեգինի Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հունիսի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում 2018 թվականի նոյեմբերի 15-ին հարուցվել է թիվ 43105518 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2018 թվականի նոյեմբերի 15-ին Աղաբեկ Գարեգինի Հայրապետյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ Աղաբեկ Հայրապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ մեղադրյալ Ա.Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:

2018 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում թիվ 43105518 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր՝ թիվ 43105718 քրեական գործը:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի դեկտեմբերի 24-ի, 2019 թվականի ապրիլի 22-ի և ապրիլի 26-ի որոշումներով Ա.Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով:

2019 թվականի ապրիլի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 19-ի որոշմամբ Ա.Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 10.000.000 (տասը) միլիոն ՀՀ դրամի չափով և չհեռանալու մասին ստորագրությունը։ Օրենքով սահմանված ժամկետում գրավի գումարը չի վճարվել և Ա.Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց շարունակել է գործել կալանավորումը:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 13-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով Ա.Հայրապետյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Հայրապետյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 9 (ինը) տարի ժամկետով:

Ա.Հայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Պատժի կրման սկիզբը հաշվվել է՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ից:

3. Ամբաստանյալ Ա.Հայրապետյանի պաշտպան Տ.Աբրահամյանի, ամբաստանյալ Ա.Հայրապետյանի և պաշտպան Մ.Բեգյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հունիսի 2-ի որոշմամբ պաշտպան Տ.Աբրահամյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ ամբաստանյալ Ա.Հայրապետյանի կողմից վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով, իսկ ամբաստանյալ Ա.Հայրապետյանի և նրա պաշտպան Մ.Բեգյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն. բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 13-ի դատավճիռը: Ա.Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է և նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատիժ նշանակելու՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Ա.Հայրապետյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատժից՝ կրած լինելու հիմքով:

Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հունիսի 2-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2023 թվականի փետրվարի 6ն որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը, ներկայացրած բողոքում վերլուծելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական, հիմնավորված և պատճառաբանված է, իսկ այն բեկանելու և փոփոխելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և սխալ պատճառաբանված: Ա.Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 25-րդ, 127-րդ և 358-րդ հոդվածներով սահմանված իրավանորմերը, ինչպես նաև սխալ է մեկնաբանել և չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի՝ սպանության փորձի համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքի դրույթները, որոնցով թույլ է տրվել դատական սխալ, որն իր հերթին ազդել է գործի ելքի վրա և հանգեցրել է նյութական ու դատավարական օրենքների էական խախտման:

5.1. Բողոքաբերը նշել է, որ Գևորգ Մոսոյանի մարմնական վնասվածքները հասցվել են ծակող-կտրող գործիքով, ինչպիսին կարող է լինել դանակը, որոնք առաջացրել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Ըստ բողոքաբերի՝ գործով հաստատված է, որ Ա.Հայրապետյանը Գ.Մոսոյանին դանակով հարվածել է ինն անգամ և դադարել է հարվածել միայն այն ժամանակ, երբ Արման Գասպարյանը քարով հարվածել է նրան։ Թվով ինն անգամ մարմնի տարբեր մասերին դանակով հարվածներ հասցնելը վկայում է անձին ապօրինի կյանքից զրկելու դիտավորության մասին։

5.2. Անդրադառնալով արարքն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողություններին՝ բողոքաբերը նշել է, որ դրանք ևս անհիմն են:

Մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի դրույթները, Վճռաբեկ դատարանի՝ մի շարք նախադեպային որոշումներ, բողոքաբերը նշել է, որ ի տարբերություն Առաջին ատյանի դատարանի, Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ եզրահանգման, ինչը բերել է արարքի սխալ քրեաիրավական որակման և առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի՝ ապօրինի ազատության մեջ հայտնվելուն:

Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ քրեական գործի նյութերով հիմնավորվել է, որ երբ Ա.Հայրապետյանի սեփականության նկատմամբ ոտնձգություն է կատարվել և վերջինս ձայների պատճառով արթնացել և դուրս է եկել, գողություն կատարած անձինք արդեն հեռանալիս են եղել:

Գործով հիմնավորվել է նաև, որ հափշտակություն կատարող անձինք ունեցել են շինություն ապօրինի մուտք գործելու և գույք հափշտակելու դիտավորություն, ինչը չէր կարող ամբաստանյալի կամ այլ անձի կյանքի համար վտանգ ներկայացնել, ինչի մասին է վկայում նաև դեպքի վայրից հեռանալու փորձը:

Բողոքաբերը նշել է նաև, որ ամբաստանյալը, վերցնելով ծալովի դանակը և անտեսելով մյուս կողմի անձանց թվաքանակը, գիտակցաբար գնացել է կոնֆլիկտի՝ ունենալով ապօրինի պահվող թմրամիջոցի հափշտակությունը կանխելու, գողություն կատարած անձանց պատժելու կամ նրանցից վրեժ լուծելու նպատակ:

Հետևաբար, ամբաստանյալի ապօրինի գույքի նկատմամբ ոտնձգությունն ավարտված է եղել, և դա ամբաստանյալը չէր կարող չգիտակցել:

Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևությունների, իսկ Վերաքննիչ դատարանը, առանց հիմնավոր պատճառաբանության, նույն փաստական հանգամանքների պայմաններում ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածը:

5.3. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հունիսի 2-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 13-ի դատավճռին:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանը.

 6. Ամբաստանյալ Ա.Հայրապետյանը վճռաբեկ բողոքի պատասխանում, ներկայացնելով ստորադաս դատարանների դատական ակտերը և վկայակոչելով քրեադատավարական մի շարք իրավանորմեր, խնդրել է մերժել վճռաբեկ բողոքը։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Նախաքննության մարմնի կողմից Աղաբեկ Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(…) [Ն]ա, 2018 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 3-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում գտնվող իր առանձնատան օժանդակ շինության մուտքի դռան վնասված և բացված լինելու հանգամանքով պայմանավորված, ապօրինաբար Գևորգ Գուրգենի Մոսոյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, տանից նախապես վերցված իրեն պատկանող, ծալովի դանակով 9 անգամ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի կենսական կարևոր օրգաններին` ձախ դաստակի, անցումով ձախ ճաճանչ-դաստակային հոդի շրջանների, ձախ բազկի միջին երրորդականի, ձախ բազկի վերին երրորդականի, ձախ ուսահոդի և պարանոցի միջանկյալ հատվածի, ձախ ծոծրակային շրջանների, կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի, ձախ ստորանրակային շրջանների, որովայնի առաջային պատի շրջաններին նրա առողջությանը պատճառելով` կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք, սակայն Արման Սամվելի Գասպարյանի կողմից նրան քարով հարվածելու և աջ թիկնային շրջանին քերծվածքների ձևով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք պատճառելու արդյունքում, իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցանքն ավարտին հասցնել` հեռացել է:

Բացի այդ` Աղաբեկ Գարեգինի Հայրապետյանն առանց իրացնելու նպատակի, իր տնամերձ հողամասից ինքնաճ եղանակով աճած կանեփի բույսերից հավաքելու միջոցով ձեռք է բերել, մանրացնելու և չորացնելու եղանակով պատրաստել է առանձնապես խոշոր չափերի` 1618,47 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա», 2240 գրամ «Կանեփ» տեսակի թմրամիջոցներ և դրանք ապօրինի պահել է իր առանձնատանը և առանձնատան օժանդակ շինությունում, որոնցից` առանձնապես խոշոր չափի` 2240 գրամ հաստատուն քաշով «Կանեփ» տեսակի և 1615,04 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցները, 2018 թվականի նոյեմբերի 15-ին հայտնաբերվել և առգրավվել են Աղաբեկ Հայրապետյանի բնակարանում և օժանդակ շինությունում կատարված խուզարկությամբ, իսկ զգալի չափի` 3,43 հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցից 2,4 գրամը նույն օրը հայտնաբերվել և առգրավվել է քննչական փորձարարությամբ, 1,03 գրամը` 2018 թվականի նոյեմբերի 16-ին Արմեն Բեյբությանին պատկանող ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ (…)»2:

8. Ա.Հայրապետյանը դատաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ 2018 թվականի նոյեմբերի 15-ին եղել է իր տանը քնած: Գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, իր տան հարակից շինությունից, որը ևս իր սեփականությունն է և որտեղ պահվում են իր մշակած կաղամբը, տեխնիկայի պահեստամասեր և այլ արժեքավոր գործիքներ, լսել է ձայն և արթնացել է: Արթնանալով այդ կողմից լսել է ինչ-որ խոսակցություններ և մտածել է, որ գողեր են: Որպեսզի տեսնի, թե ովքեր են, իր անվտանգության համար պահարանից վերցրել է դանակ և գնացել հարակից շինության ուղղությամբ: Ճանապարհին տեսել է մի մեքենա և 3 անձ: Նրանցից մեկն առանձին է կանգնած եղել, երկուսը՝ առանձին: Մինչ նրանց տեսնելը նկատել է, որ այդ շինության դռան փեղկը բաց է: Բղավել է «կանգնեք», որ տեսնի, թե ովքեր են և ինչ են տանում կամ ինչ են ուզում: Այդ առանձին կանգնածը, ով բակում էր, բղավելով ասել է. «մենք ենք»։ Իր հարցին, թե իր տան դռները ինչի համար են ջարդել, նա պատասխանել է, որ պետք է եղել, դրա համար են ջարդել և իրեն հրել է ճաղավանդակի վրա։ Հրելուց ինքը վայր է ընկել, կախվել է նրա վզից և միասին ընկել են գետնին։ Մտածել է, որ նրանք երեքով են և իրեն կսպանեն: Վախենալով դրանից, պաշտպանվելու համար հանել է դանակը և, բռնելով նրա վերարկուից, հարվածել է: Նրանք իրեն հայհոյել են։ Իրենք երկուսով գետնից վեր են բարձրացել և ինքը հետ է քաշվել: Դրանից հետո իրենց են մոտեցել ավտոմեքենայի մոտ կանգնած երկու անձինք, հետո երեքով նստել են մեքենա ու փախել:

Հայտնել է նաև, որ տանից դուրս գալուց դանակը վերցրել է պաշտպանվելու համար: Բակում եղել է երեք հոգի: Նրանց տեսնելուց բղավել է և հայհոյել:

Նախաքննության ընթացքում նույն հանգամանքի վերաբերյալ որպես կասկածյալ հայտնել է, որ այդ պահին նկատել է, որ շինության դռնից մոտ 6-7 մետր հեռավորության վրա, ճանապարհին կանգնած են եղել երեք անձինք: Ինքը նրանց հայհոյել է և պահանջել կանգնել, և այդ ժամանակ նրանցից մեկը, իր անունը տալով, ասել է, որ չհայհոյի, իրենք են3:

8.1. Տուժող Գևորգ Մոսոյանը դատաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ Աղաբեկ Հայրապետյանին ընդհանրապես չի ճանաչել: Իրենք ընկերներով գնացել են գյուղ, օրը և թվականը չի հիշում: Եղել են Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի գազալցակայանում, որտեղ առկա են խաղային սարքեր, և իրենք խաղացել են: Պարտվելուց հետո գնացել են գյուղ, որ իրենց ընկերներից մեկից գումար վերցնեն, և կանգնած են եղել պատահական տան մոտ՝ դրա տարածքում: Մեքենայի մեջ նստած են եղել, և պահի տակ դուռը բացել է, որ իջնի և չի հասկացել, թե իրեն ով է հարվածել և ինչպես: Նստել են մեքենա, գնացել են և ճանապարհին ավտովթարի են ենթարկվել: Եղել են Արմանի, Թաթուլի և Արմենի հետ: Պարտքով գումար պետք է վերցնեին իրենց ծանոթ որևէ պատահական անձից: Կանգնել են այդ տան մոտ, քանի որ Արմանը բնական պահանջ է ունեցել և գնացել է այդ կարիքները հոգալու: Իր իջնելու պատճառը եղել է ձայն լսելը, բայց հստակ չի կարող ասել՝ ում ձայնն էր: Այդ ձայնն ասում էր. «եկավ-եկավ»: Իջել է, կանգնել է մեքենայի մոտ: Հետո չի հիշում՝ ով էր, ինչ էր, միայն մեքենայում է տեսել, որ արյան հետքեր կան: Իրեն այդ մարդը մոտեցել է դիմացից: Չի կարող նկարագրել այդ մարդուն, բայց Աղաբեկին նման չի եղել: Ստացել է բազմաթիվ հարվածներ մարմնի տարբեր մասերին: Չի կարող ասել, թե իրեն ինչի համար են հարվածել և ով: Լավ հիշում է, որ ինքը ոչ մեկին չի հրել և չի հարվածել: Չի կարող ասել, թե իր հետ գտնվող անձինք ինչ գործողություն են կատարել, քանի որ չի հիշում: Երկու անձինք մեքենայից չեն իջել, ինքն է միայն իջել և երկու մետր քայլել է։ Չի հիշում, թե դրանից հետո ինչպես են հասել հիվանդանոց: Ինքն անձամբ է նստել մեքենա, որ գնա հիվանդանոց: Չի կարող ասել՝ վթարի արդյունքում ինքը քերծվածք կամ վնասվածք ստացել է, թե՝ ոչ: Այդ տարածքին ինքը բացարձակ ծանոթ չի եղել, սակայն տարածքում տուն տեսել է: Մեքենայից իջնելուց չի հիշում իր պարանոցից բռնող եղել է, թե ոչ: Ինքը Աղաբեկի բնակարան չի գնացել, նրա հետ երբևէ չի խոսել և չի տեսել, նրա հետ ոչ մի կապ չի ունեցել, նրա տան դուռը չի ջարդել: 1-02 հաղորդաշարով է հետագայում լսել, որ Աղաբեկ Հայրապետյանն է իրեն հարվածել: Չի տեսել և չի կարող ասել, թե ով է իրեն հարվածել: Իրեն հարվածող անձի հետ չի հիշում, խոսակցություն ունեցել է, թե՝ ոչ4:

8.2. Վկա Արմեն Բեյբությանը դատաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ Արմանն իջել և ինչ-որ տեղ գնացել: Այնտեղից հետ է վերադարձել շուրջ 5 րոպե անց, և նրա ձեռքում եղել է կանեփ, ինքն այդ ժամանակ չի իմացել, հետո մեքենան մաքրելուց է հասկացել: Չգիտի, թե Արմանը այդ կանեփը որտեղից էր վերցրել: Արմանի վերադառնալուց հետո լսվել են ձայներ, և Արմանն ու Գևորգն իջել են ավտոմեքենայից: Քիչ անց նրանք հետ են վերադարձել, և Գևորգը եղել է արյունոտված5:

8.3. Հրապարակվել են վկայի նախաքննական ցուցմունքներն այն մասին, որ իրենք գնացել են Աստղաձոր, և Արմանն ասել է, որ սպասեն, ինքն իջնի ու հետ գա, և նրա ասածից հասկացել է, որ պետք է ինչ-որ մեկին տեսնի կամ հնարավոր է ինչ-որ մեկից ինչ-որ բան վերցնի: Շուրջ 3 րոպե անց Արմանը հետ է եկել, ձեռքում ինչ-որ բան է եղել, նստել է մեքենան և ցանկացել է դուռը փակել, երբ մեկը նրա հետևից «արա» է գոռացել և ասել է, որ անմիջապես կանգնի: Դրանից հետո Արմանն իջել է, Գևորգն էլ նրա հետևից, իր պատկերացմամբ միասին գնացել են մոտ 30 մետր հեռու և հետո հետ են եկել6:

8.4. Արմեն Բեյբությանի և Գևորգ Մոսոյանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ի առերես հարցաքննության արձանագրության համաձայն՝ Արմեն Բեյբությանը Գևորգ Մոսոյանի ներկայությամբ հայտնել է, որ Արմանն է ճանապարհը ցույց տվել և որտեղ ասել է կանգնեք, ինքը կանգնել է: Արմանն իջել է մեքենայից և երբ ձեռքին ինչ-որ բան հետ է եկել, նստելու ժամանակ ինչ-որ մեկը հետևից ձայն է տվել, որ կանգնի7:

8.5. Արմեն Բեյբությանի և Աղաբեկ Հայրապետյանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 24-ի առերես հարցաքննության արձանագրության համաձայն՝ Արմեն Բեյբությանն Աղաբեկ Հայրապետյանի ներկայությամբ պնդել է իր ցուցմունքն այն մասին, որ Արմանն իջել է մեքենայից և մոտավորապես 3 րոպե հետո հետ է վերադարձել, և երբ ցանկանում էր նստել մեքենա, այդ պահին լսվել է «եկավ», թե «կանգնիր» արտահայտությունը։ Արմանը կրկին հետ է գնացել, Գևորգն էլ նրա հետ իջել է մեքենայից8:

9. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(…) Քրեական գործի դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվում է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչ Աղաբեկ Գարեգինի Հայրապետյանը, 2018 թվականի ընթացքում, առանց իրացնելու նպատակի, իր տնամերձ հողամասից ինքնաճ եղանակով կանեփի բույսերից հավաքելու միջոցով, ձեռք է բերել և մանրացնելու, չորացնելու եղանակով ապօրինի պատրաստել է առանձնապես խոշոր չափերի՝ 1616.07 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև 2.240 գրամ «Կանեփ» տեսակի թմրամիջոց և դրանք տարբեր տարաների մեջ լցնելով, ապօրինի պահել է իր առանձնատանը և իրեն պատկանող օժանդակ շինությունում: Նշված թմրամիջոցները հայտնաբերվել են Աղաբեկ Հայրապետյանի տանը, օժանդակ շինությունում և Արմեն Բեյբությանին պատկանող ավտոմեքենայում կատարված խուզարկություններով։ Աղաբեկ Հայրապետյանի այն պատճառաբանությունը, որ նշված թմրամիջոցներն ինքը պահել է, որպես մկների դեղ, Դատարանը գնահատում է, որպես ամբաստանյալի կողմից քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակով արված հայտարարություն և այն հավաստի դիտվել չի կարող։ Ամբաստանյալը նախաքննության ընթացքում տրված ցուցմունքում ոչ միայն հայտնել է, որ այդ թմրամիջոցներն ինքն օգտագործել է, այլ նաև հայտնել է, թե ինչի համար է օգտագործել և ինչպես է օգտագործել։

 Քրեական գործի դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվում է, որ 2018 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 3-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչներ, Գևորգ Գուրգենի Մոսոյանը, Թաթուլ Այվազի Հակոբյանը, Արման Սամվելի Գասպարյանը և Արմեն Սամվելի Բեյբությանը, վերջինիս կողմից վարած «Մերսեդես Բենց» մակնիշի 35 CZ 567 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, գնացել են Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղ և կայանել Աղաբեկ Գարեգինի Հայրապետյանի տան մոտակայքում: Այնուհետև, Արման Գասպարյանը իջնելով ավտոմեքենայից, մուտք է գործել Աղաբեկ Հայրապետյանի տան բակ, ապա նաև վերջինիս պատկանող առանձնատանը կից շինություն, որտեղից հափշտակել է «Մարիխուանա» տեսակի թմրանյութ և հետ է վերադարձել Արմեն Բեյբությանին պատկանող նույն ավտոմեքենայի մոտ: Այդ ընթացքում, Աղաբեկ Հայրապետյանը դրսից ձայներ լսելով, ննջասենյակից իր հետ վերցնելով իրեն պատկանող ծալովի դանակը՝ տանից անմիջապես դուրս է եկել և մոտենալով այդ շինությանը նկատել է, որ մուտքի երկփեղկանի դռան կախովի փականի ամրակը տեղահան է արված, փականը կախված է մյուս փեղկից, իսկ դուռը՝ վնասված և բացված վիճակում է: Այդտեղ նկատելով Արման Գասպարյանին նրանից պահանջել է, որ նա կանգնի: Այդ ժամանակ, Գևորգ Մոսոյանը, ով նստած է եղել Արմեն Բեյբությանի ավտոմեքենայի հետևի նստատեղին, իջել է մեքենայից և գնացել Աղաբեկ Հայրապետյանի ուղղությամբ: Աղաբեկ Հայրապետյանին պատկանող օժանդակ շինությունից հափշտակած թմրանյութը թողնելով ավտոմեքենայի մեջ, Արման Գասպարյանն իր հերթին ևս գնացել է Աղաբեկ Հայրապետյանի ուղղությամբ։ Մթության մեջ նկատելով Գևորգ Մոսոյանին, Աղաբեկ Հայրապետյանը մոտեցել է և նրան ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, ձախ ձեռքով բռնել է Գևորգ Մոսոյանի պարանոցի ծոծրակային հատվածից, իսկ աջ ձեռքով իր մոտ եղած սառը զենք չհանդիսացող ծալովի դանակով 9 անգամ հարվածներ է հասցրել Գևորգ Մոսոյանի մարմնի կենսական կարևոր օրգաններին՝ ձախ ուսահոդի և պարանոցի միջանկյալ հատվածի, ձախ ծոծրակային շրջանների, կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի, ձախ ստորանրակային շրջանների, որովայնի առաջային պատի շրջաններին և մյուս մասերին՝ ձախ դաստակի, անցումով ձախ ճաճանչ-դաստակային հոդի շրջանների, ձախ բազկի միջին երրորդականի, ձախ բազկի վերին երրորդականի հատվածներին, նրա առողջությանը պատճառելով՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք: Այդ ամենը նկատելով, Արման Գասպարյանը, Գևորգ Մոսոյանին օգնություն ցուցաբերելու նպատակով, գետնից վերցրած քարով հարվածել է Աղաբեկ Հայրապետյանի աջ թիկնային շրջանին, որի արդյունքում վերջինս իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցանքն ավարտին հասցնել՝ բաց է թողել Գևորգ Մոսոյանին և հեռացել։

Կատարվածից անմիջապես հետո, Արման Գասպարյանը Գևորգ Մոսոյանին թևանցուկ մոտեցրել և նստեցրել է Արմեն Բեյբությանի ավտոմեքենան: Վերջինս տեսնելով, որ Գևորգ Մոսոյանը դանակահարված և արյունոտված վիճակում է, նրան բուժօգնություն ցուցաբերելու նպատակով, իր ավտոմեքենան դեպքի վայրից՝ Աստղաձոր գյուղից, արագընթաց վարել է Մարտունի քաղաքի ուղղությամբ: Ճանապարհին, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, ենթարկվել են ավտովթարի, որից հետո, Արման Գասպարյանը Գևորգ Մոսոյանին գործով չպարզված ավտոմեքենայով տեղափոխել է «Մարտունի» բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Այնուհետև՝ ժամը 8-ի սահմաններում, Աղաբեկ Հայրապետյանն իր ընկեր Եղիազար Գագիկի Մխիթարյանի հետ միասին, վերջինիս վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, 99 RD 699 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, Աստղաձոր գյուղից ցանկացել է մեկնել Տավուշի մարզի Գոշավան գյուղ և ժամը 09:20-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհից Եղիազար Մխիթարյանին և Աղաբեկ Հայրապետյանին հայտնաբերել և բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Սևանի, այնուհետև Մարտունու բաժին։

Աղաբեկ Հայրապետյանի պատճառաբանություններն այն մասին, որ ինքը 2018 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 3-ի սահմաններում, իր տան մոտակայքում հարվածել է իր տուն գողության նպատակով մտած անձին, ովքեր եղել են երեքով և ինքը վտանգ զգալով հարվածել է նրանց, հերքվում են իր իսկ նախաքննական ցուցմունքներով և վկաների ցուցմունքներով։ Ապացույցներով հիմնավորվում է, որ 2018 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 3-ի սահմաններում, (...) Թաթուլ Այվազի Հակոբյանը և Արմեն Սամվելի Բեյբությանը ավտոմեքենայից ընդհանրապես չեն իջել։ Արման Սամվելի Գասպարյանը իջել է մեքենայից և քիչ անց վերադարձել, որից հետո դրսից ձայներ լսելով կրկին իջել է ավտոմեքենայից։ Նրա հետևից իջել է նաև Գևորգ Գուրգենի Մոսոյանը։ Իրենց մոտեցած անձը հայհոյանք է հնչեցրել, որին ի պատասխան Գևորգ Մոսոյանը հայտնել է, որ ինքն է և պահանջել է չհայհոյել։ Աղաբեկ Հայրապետյանն իր նախաքննական ցուցմունքում հստակ նշում է, որ այդ ասողի դիմագծերից և ձայնից, մոտենալով հասկացել է, որ Գոդոլի Գևոն է, նույն ինքը՝ Գևորգ Գուրգենի Մոսոյանը /այն մասին, որ ինքը դանակով հարվածել է Գոդոլի Գևոյին հայտնել է նաև «Առարկան ճանաչման ներկայացնելու» գործողության ժամանակ, որն էլ արձանագրվել է քննիչի կողմից/։ Աղաբեկ Հայրապետյանը պահանջելով կանգնել մոտեցել է և բռնել Գևորգ Մոսոյանին և հարցրել, թե ինչու են դուռը կոտրել։ Այդ խոսակցության ընթացքում Գևորգ Մոսոյանը հրել է Աղաբեկ Հայրապետյանին, ով այդ հարվածից հենվել է ճաղավանդակին՝ իր հետ քաշելով Գևորգ Մոսոյանին և վերկենալով դանակով հարվածել է Գևորգ Մոսոյանին։ Դա տեսնելով, որ Աղաբեկ Հայրապետյանը հարվածներ է հասցնում Գևորգ Մոսոյանին, Արման Գասպարյանը քարով հարվածել է Աղաբեկ Հայրապետյանին, ով հեռացել է, հայտնելով, որ սպասեն գալու է։ Արման Գասպարյանի կողմից Աղաբեկ Հայրապետյանին քարով հարվածելու հանգամանքը հիմնավորվում է ոչ միայն Արման Գասպարյանի ցուցմունքով, այլ նաև Աղաբեկ Հայրապետյանի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ /ի լրումն/։ Արման Գասպարյանը օգնել է Գևորգ Մոսոյանին և նրան նստեցրել մեքենան։ Մեքենայում արդեն Թաթուլ Հակոբյանը և Արմեն Բեյբությանը տեսել են, որ Գևորգ Մոսոյանը արյունոտված է և մեքենայի մեջ լսել են, որ Աղաբեկն է հարվածել։ Այնուհետև Արմեն Բեյբությանը մեքենան վարել է դեպի Մարտունու հիվանդանոց և ենթարկվել են ինքնավթարի ու մի պատահական ավտոմեքենայով Գևորգ Մոսոյանին տեղափոխել են հիվանդանոց։

Գևորգ Մոսոյանի դատաբժշկական փորձաքննության համաձայն նրա մարմնի վրա առկա է թվով ինը վնասվածք /կտրած և/կամ ծակած/։

Այսինքն, Աղաբեկ Հայրապետյանը Գևորգ Մոսոյանին դանակով հարվածել է ինն անգամ և դադարել միայն այն ժամանակ, երբ Արման Գասպարյանը քարով հարվածել է նրան։ Թվով ինն անգամ մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ որովայնի առաջնային մակերեսին, որովայնի վերին կեսին, ձախ դաստակի վերին կեսին, ձախ բազկին, ձախ ուսահոդի, պարանոցի միջանկյալ շրջանին, կրծքավանդակի աջ կեսի առաջային շրջանին, ձախ ստորանրակային շրջանին, ձախ ծոծրակային շրջանին դանակով հարվածներ հասցնելը խոսում է միայն անձին ապօրինի կյանքից զրկելու դիտավորության մասին։ Նշված հատվածներին դանակով հարվածներ հասցնելուց անձը միանշանակ պարտավոր է գիտակցել, որ իր հարվածների արդյունքում կարող է անձին զրկել կյանքից։ Դատարանը գնահատելով ապացույցները գտնում է, որ Աղաբեկ Հայրապետյանը թվով ինն անգամ դանակով հարվածներ հասցնելով ցանկացել է Գևորգ Մոսոյանին զրկել կյանքից, սակայն հանցավոր արարքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ Արման Գասպարյանը քարով հարվածել է նրան և ինքը հեռացել է։

 Ինչ վերաբերվում է պաշտպանի այն պնդմանը, որ Աղաբեկ Հայրապետյանն իր տուն մտած անձանցից մեկին դանակով հարվածել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, ապա Դատարանը գտնում է, որ այն անհիմն է և չի բխում գործում առկա և Դատարանում հետազոտված ապացույցներից, հետևյալ պատճառաբանությամբ՝

(…)

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Աղաբեկ Հայրապետյանի գործողություններն առերևույթ չեն համապատասխանում անհրաժեշտ պաշտպանության կամ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման հատկանիշներին: Նման եզրահանգման Դատարանը եկել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աղաբեկ Հայրապետյանի արարքում վերը նշված որոշման 27-րդ կետով սահմանված անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության վեց պայմաններից ոչ մեկն առկա չէ:

Աղաբեկ Հայրապետյանը գիշերը դռան ձայն լսելով, տանից դուրս է եկել և տեսել, որ տանը կից օժանդակ շինության դուռը կոտրված է։ Շինության ներսում ոչ ոքի չի տեսել։ Շինության մոտակայքում տեսել է կանգնած մեքենա և անձի ու մոտեցել նրան։ Ճանաչել է այդ անձին և նա փախուստի չի դիմել։ Նրան ճանաչելով հարց է տվել և հայհոյել։ Այդ անձը պահանջել է չհայհոյել և հրել է նրան։ Այս փաստական հանգամանքներից ելնելով Դատարանն արձանագրում է, որ տրամաբանական չէ միանշանակ ենթադրել, որ Գևորգ Մոսոյանն ինչ-որ հանրային վտանգավոր ոտնձգություն է իրականացրել Աղաբեկ Հայրապետյանի նկատմամբ /նաև իրավունքների/։ Եթե նույնիսկ ոտնձգություն եղել է, ապա այդ պահին Գևորգ Մոսոյանի գործողությունների պասիվությունը վկայում էր այն ավարտված լինելու և այլ ոտնձգության բացակայության մասին։ Այդ պահին Աղաբեկ Հայրապետյանի, հասարակության կամ պետության շահերին վտանգ սպառնալու վերաբերյալ փաստական տվյալներ, գործում առկա չեն։ Աղաբեկ Հայրապետյանը դանակով հարվածներ է հասցրել Գևորգ Մոսոյանին, սակայն քրեական գործում չկա գեթ մեկ փաստական տվյալ, որ Գևորգ Մոսոյանը ոտնձգել է Աղաբեկ Հայրապետյանի շահերին, իսկ եթե ընդունենք, որ Գևորգ Մոսոյանի կողմից Աղաբեկ Հայրապետյանին հրելը վերջինս դիտել է, որպես ոտնձգություն, ապա պաշտպանությունը միանշանակ համարժեք չի եղել:

Փաստորեն սույն քրեական գործում առկա են բազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են ամբաստանյալ Աղաբեկ Գարեգինի Հայրապետյանի կողմից դիտավորությամբ ապօրինաբար Գևորգ Գուրգենի Մոսոյանին կյանքից զրկելու փորձ կատարելու և առանձնապես խոշոր չափերի «Մարիխուանա», ինչպես նաև «Կանեփ» տեսակի թմրամիջոցներ հավաքելու միջոցով ձեռք բերելու, մանրացնելու և չորացնելու եղանակով պատրաստելու, դրանք ապօրինի պահելու մասին, դրանք հավաստի են, արժանահավատ, թույլատրելի և բավարար ամբաստանյալի նկատմամբ մեղադրական դատական ակտ կայացնելու համար (…)»9:

10. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է. «(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ գործում առկա չէ ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը հնարավորություն կտա «հիմնավոր կասկածից վեր ապացուցողական» չափանիշով հաստատված համարելու, որ կոնկրետ դեպքում Աայրապետյանի դիտավորությունն ուղղված է եղել հենց տուժողին կյանքից զրկելուն:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման հետևություն անելու համար թե նախաքննական մարմինը, թե Առաջին ատյանի դատարանը բավարար հիմքեր չեն ունեցել, ավելին առերևույթ անտեսել են այն հանգամանքը, որ ամբաստանյալի գործողությունները պայմանավորված են եղել տուժողի կողմից ամբաստանյալին պատկանող շինություն մուտք գործելու և այնտեղից հափշտակություն կատարելու փաստով:

Բացի այդ, նախաքննության մարմինն ու Առաջին ատյանի դատարանն անտեսել են այն հանգամանքը, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, երբ ամբաստանյալ Ա.Հայրապետյանը ձայներ է լսել իր տան բակից, դուրս է եկել և նկատել, որ իր տանը հարակից շինության դուռը բաց է, կողպեքը վնասված, իսկ տան բակում նկատել է երեք անձի, ձայն է տվել՝ պահանջելով կանգնել, մոտեցել է և բռնել Գևորգ Մոսոյանին, հարցրել, թե ինչու են դուռը կոտրել: Այդ խոսակցության ընթացքում Գևորգ Մոսոյանը հրել է Աղաբեկ Հայրապետյանին, ով այդ հարվածից հենվել է ճաղավանդակին իր հետ քաշելով Գևորգ Մոսոյանին և դանակով հարվածել է Գևորգ Մոսոյանին: Տեսնելով, որ Աղաբեկ Հայրապետյանը հարվածներ է հասցնում Գևորգ Մոսոյանին, Արման Գասպարյանը քարով հարվածել է Աղաբեկ Հայրապետյանին, ով հեռացել է, հայտնելով, որ սպասեն գալու է:

Վերոգրյալ փաստական հանգամանքները Վերաքննիչ դատարանի մոտ համոզմունք են ձևավորում, որ գործով բավարար ապացույցներ առկա չեն, որ ամբաստանյալը նպատակ է ունեցել սպանություն կատարելու, որն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ կոնկրետ դեպքի հանգամանքների պայմաններում ամբաստանյալը գտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, սակայն դուրս է եկել դրա սահմաններից և տուժողին պատճառել է այնպիսի վնաս, որր տվյալ իրավիճակում համարժեք չի եղել ոտնձգության բնույթին ու վտանգավորության աստիճանին: /.../

Վերոգրյալ իրավական վերլուծության հիման վրա անդրադառնալով ամբաստանյալ Ա.Հայրապետյանի գործողությունների քրեաիրավական որակմանը Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Հայրապետյանի արարքում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության վեց պայմաններից հինգն առկա են եղել: Մասնավորապես, տուժող Գ.Մոսոյանի կողմից իրականացված ոտնձգությունը եղել է հանրորեն վտանգավոր, առկա և իրական: Ամբաստանյալ Ա.Հայրապետյանի գործողություններն ուղղված են եղել իր իրավունքների (սեփականության, առողջության) պաշտպանությանը և նա պաշտպանությամբ վնաս է պատճառել այդ պահին հանցանք կատարած և իր նկատմամբ նախահարձակ եղած անձին: Այլ կերպ ասած Ա.Հայրապետյանի նկատմամբ ոտնձգություն կատարելու իրական սպառնալիք է եղել, այն գործադրվել է, որպիսի պայմաններում էլ Ա.Հայրապետյանը ձեռք է բերել անհրաժեշտ պաշտպանության իրավունք, ղեկավարվելով պաշտպանությանը բնորոշ շարժառիթներով և նպատակներով օգտվել է անհրաժեշտ պաշտպանության իր սուբյեկտիվ իրավունքից:

Ինչ վերաբերում է պաշտպանության համարժեքությանը, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տուժող Գ.Մոսոյանի գործողությունների պարագայում ամբաստանյալ Ա.Հայրապետյանի կողմից նրա (տուժողի) նկատմամբ իրականացված ոտնձգության բնույթն ու պատճառված վնասի չափը չի համապատասխանում Գ.Մոսոյանի կատարած ոտնձգության բնույթին և վտանգավորությանը, որպիսի հանգամանքն ամբաստանյալի համար ակնհայտ է եղել, այսինքն ամբաստանյալի գործողությունները դուրս են եկել անհրաժեշտ պաշտպանության սահմաններից և անհրաժեշտ չեն եղել կոնկրետ իրավիճակում, քանի որ առանց այդ վնասը պատճառելու էլ հնարավոր էր կանխել և խափանել տուժողի հանցավոր գործողությունները:

Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի (…) պնդումներին (…) ապա` նախ Դատարանը հակասել է ինքն իրեն, քանի որ մինչ այդ հաստատված է համարել թե՛ հափշտակության հանգամանքը, թե՛ դրանից հետո ամբաստանյալի կողմից տուժողին մոտենալու և նրա հետ վեճի բռնվելու հանգամանքը: Աղաբեկ Հայրապետյանը պահանջելով կանգնել, մոտեցել է և բռնել Գևորգ Մոսոյանին և հարցրել, թե ինչու են դուռը կոտրել: Այդ խոսակցության ընթացքում Գևորգ Մոսոյանը հրել է Աղաբեկ Հայրապետյանին, ով այդ հարվածից հենվել է ճաղավանդակին իր հետ քաշելով Գևորգ Մոսոյանին և վերկենալով դանակով հարվածել է Գևորգ Մոսոյանին: Դա տեսնելով, որ Աղաբեկ Հայրապետյանը հարվածներ է հասցնում Գևորգ Մոսոյանին, Արման Գասպարյանը քարով հարվածել է Աղաբեկ Հայրապետյանին, ով հեռացել է, հայտնելով, որ սպասեն գալու է:

Երկրորդ՝ ակնհայտ է, որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պաշտպանության անհամարժեքությունն ինքնին չի կարող վկայել հենց սպանության դիտավորության մասին, այն կարող է հավասարապես վկայել նաև պաշտպանության սահմանազանցման մասին, քանի որ սահմանազանցման դեպքում էլ է պատճառված վնասը հանցավորի համար ակնհայտ անհամարժեք ոտնձգության բնույթին ու վտանգավորությանը: Այլ կերպ ասած, Դատարանը, հաստատված համարելով, որ պաշտպանությունը եղել է ոչ համարժեք, սխալմամբ այն դիտել է որպես սպանության փորձ, անտեսելով այն հանգամանքը, որ պաշտպանության անհամարժեքության դեպքում, եթե առկա է հատուկ հանցակազմ, որը պատասխանատվություն է նախատեսում հենց անհամարժեք պաշտպանության կամ պաշտպանության սահմանազանցման համար, ապա արարքը պետք է որակվի հենց այդ արտոնյալ հանցակազմով, եթե չի հիմնավորվում, որ անձը գործել է այլ հանցագործության կատարման դիտավորությամբ:

Վերոգրյալով պայմանավորված և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասից պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով և նրան մեղավոր ճանաչել այդ հոդվածով նախատեսված արարքի կատարման համար:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պաշտպան Մ.Բեգյանի և ամբաստանյալ Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2020 թվականի հուլիսի 13-ի դատավճիռը պետք է բեկանել և փոփոխել, Ա.Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակել և նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատիժ նշանակելու՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Ա.Հայրապետյանին պետք է ազատել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված 2 /երկու/ տարի ժամկետով ազատազրկման ձևով պատժից կրած լինելու հիմքով, իսկ Ա.Հայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է վերացնել և նրան ազատ արձակել դատական նիստերի դահլիճում (…)»10:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Ա.Հայրապետյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասից ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով վերաորակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։

12. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է՝ (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն` «Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով»:

Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հանցափորձ են ձևավորում միայն ուղղակի դիտավորությամբ կատարվող այն գործողությունները (անգործությունը), որոնք անմիջականորեն ուղղված են հանցանքի կատարմանը։ «Անմիջականությունը» ենթադրում է, որ հանցավորը ձեռնամուխ է լինում հանցագործության օբյեկտիվ կողմի իրականացմանը, սակայն այն ավարտին չի հասցնում իր կամքից անկախ այնպիսի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով, որոնք նա չէր նախատեսել կամ չէր կարողացել հաղթահարել։ Այլ կերպ՝ հանցափորձի դեպքում հանցագործությունը չի ավարտվում, քանի որ կա՛մ հանցավոր արարքն ամբողջությամբ չի իրականացվում, կա՛մ արարքն իրականացվում է, սակայն չի առաջանում հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված և նրա համար ցանկալի հանրորեն վտանգավոր հետևանքը (նյութական հանցակազմերի դեպքում)11։ 

12.1. Սպանության փորձը սուբյեկտիվ կողմից դրսևորվում է միայն ուղղակի դիտավորությամբ, այսինքն` հանցավորը նախատեսում է մահվան առաջացման անխուսափելիությունը կամ իրական հնարավորությունը և ցանկանում է դրա վրա հասնելը, գիտակցում է, որ եթե համապատասխան հետևանքն առաջանա, ապա այն անմիջականորեն բխելու է իր արարքից, և դրանց միջև առկա կլինի միանշանակ պատճառական կապ: Կատարվածը սպանության փորձ որակելու համար անհրաժեշտ է, որ հանցավորն ունենա անձին կյանքից զրկելու պարզ կոնկրետացված (նախապես կամ հանկարծակի առաջացած) դիտավորություն, ինչը հնարավոր է պարզել գործի հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում` հատկապես ուշադրություն դարձնելով հանցավորի` նախքան հանցագործությունը, հանցանքի ընթացքում և դրանից հետո դրսևորած վարքագծին: Հանցավորի դիտավորության ուղղվածության հարցը լուծելիս անհրաժեշտ է ելնել հանցագործության բոլոր հանգամանքների համակցությունից և հաշվի առնել, մասնավորապես, հանցավոր արարքի կատարման եղանակը, վնասվածքներ հասցնելիս օգտագործվող գործիքները, մարմնական վնասվածքների քանակը, բնույթը և տեղակայումը (օրինակ` մարդու կենսականորեն կարևոր օրգանների վնասումը), ինչպես նաև հանցավորի և տուժողի վարքագիծը հանցագործությանը նախորդող և հաջորդող պահերին, նրանց փոխհարաբերությունները, հանցավորի կողմից հանցավոր գործողությունների դադարեցման պատճառները և այլն12։ 

13. ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից՝ ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում»:

Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմաններն են.

ա) ոտնձգության հանրային վտանգավորությունը.

բ) ոտնձգության առկայությունը.

գ) ոտնձգության իրական լինելը,

դ) վտանգ սպառնալը անձի, հասարակության, պետության շահերին.

ե) վնաս հասցնելը միայն ոտնձգողին.

զ) պաշտպանության համարժեքությունը ոտնձգությանը13:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միայն անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության վերոնշյալ պայմաններից առաջին հինգ պայմանների առկայությունը հաստատելու դեպքում պետք է անդրադառնալ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման հարցին:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- նախաքննության մարմնի որոշմամբ Աղաբեկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով, այն բանի համար, որ նա, 2018 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 3-ի սահմաններում, ապօրինաբար Գևորգ Մոսոյանին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, տանից նախապես վերցված դանակով 9 անգամ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի կենսական կարևոր օրգաններին` նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք, սակայն Արման Գասպարյանի կողմից իրեն քարով հարվածելու և աջ թիկնային շրջանին քերծվածքների ձևով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք պատճառելու արդյունքում, իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցանքն ավարտին հասցնել` հեռացել է:

Բացի այդ` Ա.Հայրապետյանն առանց իրացնելու նպատակի, իր տնամերձ հողամասից ինքնաճ եղանակով աճած կանեփի բույսերից հավաքելու միջոցով ձեռք է բերել, մանրացնելու և չորացնելու եղանակով պատրաստել է առանձնապես խոշոր չափերի` 1618,47 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա», 2240 գրամ «Կանեփ» տեսակի թմրամիջոցներ և դրանք ապօրինի պահել է իր առանձնատանը և առանձնատան օժանդակ շինությունում, որոնցից` առանձնապես խոշոր չափի` 2240 գրամ հաստատուն քաշով «Կանեփ» տեսակի և 1615,04 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցները, 2018 թվականի նոյեմբերի 15-ին հայտնաբերվել և առգրավվել են Ա.Հայրապետյանի բնակարանում և օժանդակ շինությունում կատարված խուզարկությամբ, իսկ զգալի չափի` 3,43 հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցից 2,4 գրամը նույն օրը հայտնաբերվել և առգրավվել է քննչական փորձարարությամբ, 1,03 գրամը` 2018 թվականի նոյեմբերի 16-ին Արմեն Բեյբությանին պատկանող ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ14:

 - Առաջին ատյանի դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցները գնահատելու, վերլուծելու և միմյանց համադրելու արդյունքում ապացուցված է համարել ամբաստանյալ Ա.Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը15:

- Վերաքննիչ դատարանը, Ա.Հայրապետյանի արարքը վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, արձանագրել է, որ գործում առկա չէ ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը հնարավորություն կտա «հիմնավոր կասկածից վեր ապացուցողական» չափանիշով հաստատված համարելու, որ կոնկրետ դեպքում Աայրապետյանի դիտավորությունն ուղղված է եղել հենց տուժողին կյանքից զրկելուն, մասնավորապես նշելով, որ թե նախաքննական մարմինը, թե Առաջին ատյանի դատարանն առերևույթ անտեսել են այն հանգամանքը, որ ամբաստանյալի գործողությունները պայմանավորված են եղել տուժողի կողմից ամբաստանյալին պատկանող շինություն մուտք գործելու և այնտեղից հափշտակություն կատարելու փաստով: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ կոնկրետ դեպքի հանգամանքների պայմաններում ամբաստանյալը գտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, սակայն դուրս է եկել դրա սահմաններից և տուժողին պատճառել է այնպիսի վնաս, որը տվյալ իրավիճակում համարժեք չի եղել ոտնձգության բնույթին ու վտանգավորության աստիճանին:

Վերոգրյալ իրավական վերլուծության հիման վրա, անդրադառնալով ամբաստանյալ Ա.Հայրապետյանի գործողությունների քրեաիրավական որակմանը, Վերաքննիչ դատարանը գտել է, որ ամբաստանյալ Ա.Հայրապետյանի արարքում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության վեց պայմաններից հինգն առկա են եղել: Մասնավորապես, տուժող Գ.Մոսոյանի կողմից իրականացված ոտնձգությունը եղել է հանրորեն վտանգավոր, առկա և իրական: Ամբաստանյալ Ա.Հայրապետյանի գործողություններն ուղղված են եղել իր իրավունքների (սեփականության, առողջության) պաշտպանությանը և նա պաշտպանությամբ վնաս է պատճառել այդ պահին հանցանք կատարած և իր նկատմամբ նախահարձակ եղած անձին: Այլ կերպ ասած, Ա.Հայրապետյանի նկատմամբ ոտնձգություն կատարելու իրական սպառնալիք է եղել, այն գործադրվել է, որի պայմաններում էլ Ա.Հայրապետյանը ձեռք է բերել անհրաժեշտ պաշտպանության իրավունք, ղեկավարվելով պաշտպանությանը բնորոշ շարժառիթներով և նպատակներով օգտվել է անհրաժեշտ պաշտպանության իր սուբյեկտիվ իրավունքից16:

18. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն Ա.Հայրապետյանի արարքը վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել սույն գործով հաստատված հետևյալ փաստական հանգամանքները.

- առանձնատանը կից շինությունն ընդհանուր մուտք առանձնատան հետ չի ունեցել,

- ենթադրյալ հափշտակություն կատարած անձը գործել է ամբաստանյալից աննկատ, ուստի վերջինիս կյանքի կամ առողջության համար վտանգ առկա չի եղել,

- Ա.Հայրապետյանը նկատել է ենթադրյալ հափշտակություն կատարած անձանց, երբ վերջիններս հեռանում էին,

- վիճաբանություն նախաձեռնողը եղել է Ա.Հայրապետյանը, ով նրանց կանգնեցրել է և նախապես վերցրած դանակով գնացել է նրանց ուղղությամբ:

- Ա.Հայրապետյանը ճանաչել է Գ.Մոսոյանին:

- Ա.Հայրապետյանը Գ.Մոսոյանի կենսական կարևոր օրգաններին դանակով հարվածել է ինն անգամ:

- Ա.Հայրապետյանը դադարել է դանակով Գ.Մոսոյանին հարվածել միայն Ա.Գասպարյանի կողմից քարով իրեն հարվածելուց հետո:

Ուշադրության է արժանի նաև ամբաստանյալի վարքագիծը և գործողությունների նպատակը. մասնավորապես, ձայներ լսելիս, դեռևս անձանց առկայությունը հաստատված համարված չլինելու պայմաններում, նախապես իր հետ դանակ վերցնելը, շինության փականը կոտրված և դուռը բաց վիճակում տեսնելուց հետո, փողոցում երեք անձի կողմից փախուստի դիմելու պայմաններում, «կանգնիր» հրահանգ տալը և հայհոյելը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալը՝ դանակ կրելով, անտեսելով այն հանգամանքը, որ ենթադրյալ հափշտակություն կատարած անձը փորձում է հեռանալ, ճանաչելով Գ.Մոսոյանին, գիտակցաբար գնացել է կոնֆլիկտի՝ ենթադրյալ հափշտակություն կատարած անձին պատժելու նպատակով: Ուստի, նման պայմաններում պետք է արձանագրել, որ ամբաստանյալի գույքի նկատմամբ կատարված ենթադրյալ ոտնձգությունն ավարտված է եղել, և վերոշարադրյալի պայմաններում ամբաստանյալը չէր կարող չգիտակցել ենթադրյալ ոտնձգության ավարտման փաստը: Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ անհրաժեշտ պաշտպանությունը բացակայում է արդեն ավարտված ոտնձգության դեպքում, բացառությամբ այն դեպքի, երբ վնաս պատճառողը չի գիտակցել ոտնձգության ավարտման փաստը17:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ա.Հայրապետյանի կողմից վնասը ենթադրյալ ոտնձգողին հասցվել է այն ժամանակ, երբ ենթադրյալ ոտնձգությունն արդեն ավարտված է եղել: Հակառակի մասին վկայող տվյալներ առ այն, որ ենթադրյալ հափշտակություն կատարած անձն Ա.Հայրապետյանի կողմից հայտնաբերվելուց հետո շարունակել է ոտնձգությունը վերջինիս կյանքի կամ առողջության դեմ, գործով ձեռք չեն բերվել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Հայրապետյանի կողմից թվով ինն անգամ Գ.Մոսոյանի կենսական կարևոր օրգաններին, այդ թվում՝ որովայնի առաջնային մակերեսին, որովայնի վերին կեսին, պարանոցի միջանկյալ շրջանին, կրծքավանդակի աջ կեսի առաջային շրջանին, ձախ ստորանրակային շրջանին, ձախ ծոծրակային շրջանին դանակով հարվածներ հասցնելը վկայում է վերջինիս ապօրինի կյանքից զրկելու դիտավորության մասին։

19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ա.Հայրապետյանի արարքում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության վերը նշված պայմաններից առաջին հինգը միաժամանակ առկա չեն եղել, որպիսի պարագայում բացակայում է անհրաժեշտ պաշտպանությունը, ըստ այդմ նաև՝ դրա սահմանազանցումը։

20. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Հայրապետյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասից ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով վերաորակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։

21. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածը, ինչի արդյունքում կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա չէր կիրառման, և չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասը, որը ենթակա էր կիրառման, այսինքն՝ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում։ Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, հետազոտելով և գնահատելով գործով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցությամբ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Հետևաբար, անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտին՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Ամբաստանյալ Աղաբեկ Գարեգինի Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի հունիսի 2-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի հուլիսի 13 դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

__________________

1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 120-121, 122-123։

3 Տե'ս դատական նիստի լազերային սկավառակը։

4 Տե'ս դատական նիստի լազերային սկավառակը:

5 Տե'ս դատական նիստի լազերային սկավառակը:

6 Տե'ս դատական նիստի լազերային սկավառակը:

7 Տե'ս դատական նիստի լազերային սկավառակը:

8 Տե'ս դատական նիստի լազերային սկավառակը:

9 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 110-141։

10 Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 36-54:

11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գրիգոր Մանուկյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱՆԴ/0110/01/12 որոշման 16-րդ կետը, mutatis mutandis, Արարատ Բաղդասարյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0168/01/10 որոշումը։

12 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Գրիգոր Մանուկյանի գործով վերը հիշատակված որոշման 16-րդ և 17-րդ կետերը, Սամվել Հունիկյանի գործով 2008 թվականի փետրվարի 29-ի թիվ ՎԲ-11/08 որոշումը։

13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արտյոմ Հակոբյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵԿԴ/0149/01/09 որոշումը:

14 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

15 Տես սույն որոշման 9-րդ կետը:

16 Տես սույն որոշման 10-րդ կետը:

17 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արտյոմ Հակոբյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԵԿԴ/0149/01/09 որոշումը:

 

Նախագահող`

Դատավորներ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան