ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին
«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անասնաբուժության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.1-ին կետով․
«30.1) անասնագերեզմանոց՝ սպանդի ոչ ենթակա կամ չախտորոշված հիվանդությամբ հիվանդ կամ համաճարակի հետևանքով անկած կամ հոգեվարքի վիճակում գտնվող կենդանիների կամ սպառման համար չնախատեսված կամ ոչնչացման ենթակա կենդանական ծագման կողմնակի արտադրանքի համար երկարատև թաղման համար նախատեսված, հատուկ գետնահորերով (խրամներով) կամ կենսաջերմային հորերով (Բեկարի հորերով) հագեցած ցանկապատված հողատարածք.»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ hոդվածի 1-ին մասում`
1) 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«24) սպանդանոցներին ներկայացվող պահանջները, սպանդանոցների գործունեության կասեցման, սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման և սպանդային մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 33-35-րդ կետերով․
«33) Հայաստանի Հանրապետությունում գոմաղբի, թռչնաղբի պահեստավորմանը, տեղափոխմանը, վերամշակմանը, օգտագործմանը և վարակազերծմանը ներկայացվող պահանջները.
34) գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջները.
35) անասնագերեզմանոցներին ներկայացվող պահանջները։»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 12.1
ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Հոդված 41.1. | Սպանդանոցների գործունեության կասեցումը |
1. Պետական վերահսկողության շրջանակներում սպանդանոցներին ներկայացվող պահանջների խախտումներ հայտնաբերվելու դեպքում սպանդանոցների գործունեությունը կասեցվում է մինչև խախտումները վերացնելը, եթե հայտնաբերված խախտումը ստուգման ընթացքում չի վերացվում:»:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հունիսի 6 Երևան ՀՕ-230-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2024 թվական: