ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2023 թվականի N 1675-Լ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 21-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին և 4-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածներին միանվագ դրամական սոցիալական աջակցության միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածներին միանվագ դրամական սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածներին միանվագ դրամական սոցիալական աջակցության տրամադրումը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-օրյա ժամկետում.
2) ապահովել սույն որոշմամբ հաստատված միջոցառման իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) մշակումն ու ներդրումը Կենսաթոշակառուների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգն սպասարկող կապալառու կազմակերպության միջոցով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում.
3) ապահովել համակարգի շահագործումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից.
4) ապահովել ծառայության կայքէջի միջոցով վճարող կազմակերպության վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը սույն որոշմամբ հաստատված միջոցառման շահառուներին.
5) ապահովել բռնի տեղահանված՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող չափահաս շահառուների տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, հանրային ծառայությունների համարանիշ (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար) «Նորք» տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի կողմից ծառայությանը տրամադրելը։
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն միջոցառման շրջանակներում բռնի տեղահանվածների տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, հանրային ծառայությունների համարանիշ (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար) ծառայությունից ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությանը տրամադրել այդ անձանց վերջին սահմանահատման վերաբերյալ տվյալները։
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝
1) «Նորք» տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի միջոցով ապահովել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հավաքագրված և մշակված (բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ նույնականացված)՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածների տվյալների (անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, հանրային ծառայությունների համարանիշ (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար) տրամադրումը ծառայությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-օրյա ժամկետում, իսկ այդ տվյալների փոփոխությունները՝ առնվազն շաբաթական պարբերականությամբ՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը․
2) անձը հաստատող փաստաթուղթ չունեցող՝ սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց սույն որոշման շրջանակներում իրենց իրավունքներն իրացնելու համար տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված ժամանակավոր վկայական:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին ծառայությանը տրամադրել՝
1) սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված միջոցառման շրջանակներում անձանց տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, հանրային ծառայությունների համարանիշ (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար) ծառայությունից ստանալուց հետո 2-օրյա ժամկետում այդ անձանց անվամբ բացված բանկային հաշիվները և բանկի անվանումը, որոնց կցված վճարային քարտերով տեղեկատվությունը տրամադրելու օրվան նախորդող 15 ամիսներին կատարվել է ելքի գործարք, իսկ այդպիսի գործարքի բացակայության դեպքում՝ առկա է դրանց կցված վավերական վճարային քարտ․
2) նոր բացված այն բանկային հաշիվները (որոնց կցվել (կցվելու է) վճարային քարտ) առնվազն շաբաթական պարբերականությամբ՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը։
6. Առաջարկել Օպերատիվ շտաբին՝ ծառայությանը տրամադրել Լեռնային Ղարաբաղի այն քաղաքացիների տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, հանրային ծառայությունների համարանիշ, (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար), ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ գտնվել են Հայաստանի Հանրապետությունում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-օրյա ժամկետում կամ տրամադրված տվյալների փոփոխությունները՝ փոփոխություններ կատարելուց հետո՝ 1-օրյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականիհոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշման |
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Սույն միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 24-ի ժամը 12։00-ից հետո Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված բռնի տեղահանվածներին (այսուհետ՝ շահառուներ):
2. Մինչև 18 տարեկան երեխան, անկախ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված լինելու հանգամանքից, սույն միջոցառման շահառու է, եթե մայրը կամ խնամակալը հանդիսանում է միջոցառման շահառու։
3. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական աջակցության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 100 000 դրամ։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականիհոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածներին, այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաներին, միանվագ դրամական սոցիալական աջակցություն տրամադրելու (նշանակելու և վճարելու) հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված և տրամադրված (բնակչության պետական ռեգիստրի տվյալների հետ նույնականացված)՝ չափահաս շահառուների վերաբերյալ տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, հանրային ծառայությունների համարանիշ (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար) կամ թարմացված տվյալները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) տրամադրում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (CBANet միջբանկային համակարգչային ցանցի միջոցով)՝ այդ անձանց անվամբ թողարկված վճարային քարտերի բանկային հաշվի համարները ստանալու համար։ Սույն կետում նշված հարցմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տրամադրում է այդ անձանց անվամբ բացված բանկային հաշիվները և բանկի անվանումը, որոնց կցված վճարային քարտերով տեղեկատվությունը տրամադրելու օրվան նախորդող 15 ամիսներին կատարվել է ելքի գործարք, իսկ այդպիսի գործարքի բացակայության դեպքում՝ առկա է վավերական վճարային քարտ։ Եթե շահառուն ունի մի քանի վճարային քարտ, ապա տրամադրվում է այն վճարային քարտի բանկային հաշվի համարը, որով վերջին անգամ կատարվել է ելքի գործարք կամ որի վավերականության ժամկետն ամենավերջինն է:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված հարցմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված՝ վճարային քարտ ունեցող չափահաս շահառուների տվյալները (անուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, հանրային ծառայությունների համարանիշ (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար) ծառայությունն ուղարկում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն՝ այդ անձանց վերջին սահմանահատման վերաբերյալ տվյալներ ստանալու համար։ Սույն կարգի 2-րդ կետում նշված հարցման կատարման օրվա դրությամբ 75 տարին լրացած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող չափահաս շահառուների տվյալները Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն ուղարկվում են անկախ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից նրանց բանկային հաշվի վերաբերյալ տեղեկատվություն ստացված լինելու հանգամանքից։
4. Միանվագ դրամական աջակցությունը՝
1) չափահաս շահառուներին վճարվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված լինելու և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում, եթե նրա տվյալներն առկա չեն Օպերատիվ շտաբի տրամադրած՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվող՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների տվյալներում.
2) մինչև 18 տարեկան շահառուի (ում 18 տարին լրացած չէ սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ, այսուհետ՝ անչափահաս շահառու) համար նշանակվում և վճարվում է երեխայի մոր կամ խնամակալի էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա, եթե վերջինս բավարարում է սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմաններին և անչափահաս շահառուի տվյալները համապատասխանում են բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին։
5. Անչափահաս շահառուի համար միանվագ դրամական աջակցություն նշանակելու էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անձը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ online.ssa.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և ծառայություն է ներկայացնում՝
1) մոր կամ խնամակալի (այսուհետ՝ երկուսը միասին՝ ծնող) և երեխայի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը․
2) եթե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սկսված պատերազմական գործողությունների հետևանքով անձանց աջակցություն տրամադրելու միջոցառումների շրջանակներում առկա չէ անձի՝ երեխայի մայրը լինելու վերաբերյալ տեղեկատվություն, երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը, եթե դիմումը չի ներկայացրել խնամակալը․
3) երեխայի նկատմամբ խնամակալություն սահմանելու (խնամակալ ճանաչելու) մասին փաստաթղթի (խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշում կամ դատական ակտ կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված և կնքված փաստաթուղթ՝ որոշում, արձանագրություն և այլն) և երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենները, եթե անչափահասի դիմումը ներկայացրել է խնամակալը․
4) ծնողի հետ հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը․
5) ծնողի փաստացի բնակության վայրը՝ Հայաստանի Հանրապետության մարզեր (ընտրում է ցանկից).
6) ծնողի փաստացի բնակության վայրի հասցեն.
7) դիմումը լրացնելու պահին բնակության կացարանի տեսակը՝ մշտական կամ ժամանակավոր։
6. Ծառայությունն առցանց ռեժիմում դիմումով ներկայացված տվյալները համեմատում (համադրում) է բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման, Օպերատիվ շտաբի տրամադրած տվյալների հետ և մերժում կամ հաստատում կամ հաշվառում է դիմումը։
7. Դիմումը մերժվում է, եթե՝
1) ծնողի տվյալներն առկա չեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածների տվյալներում (այսուհետ՝ տեղահանվածների տվյալներ).
2) անչափահաս շահառուի ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).
3) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է ծնողի կամ անչափահաս շահառուի մահվան պետական գրանցում.
4) ծնողի տվյալներն առկա են Օպերատիվ շտաբի տրամադրած՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվող՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների տվյալներում․
5) անչափահաս շահառուի համար արդեն նշանակվել է միանվագ դրամական աջակցություն կամ անչափահաս շահառուի անվամբ առկա է չմերժված դիմում կամ նրա տվյալները ներառված են վճարման ցուցակ:
8. Սույն կարգի 5-րդ կետում նշված դիմումն ինքնաշխատ՝
1) հաստատվում է և շահառուի տվյալները ներառվում է անչափահաս շահառուների ցուցակ (նշելով նաև ծնողի տվյալները), եթե դիմումով ներկայացված տվյալները բավարար են միանվագ դրամական աջակցություն նշանակելու համար․
2) մերժվում է, եթե առկա է սույն կարգի 7-րդ կետում նշված հանգամանքներից որևէ մեկը․
3) հաշվառվում է, եթե դիմումը չի մերժվում կամ չի հաստատվում։
9. Ծառայությունը սույն կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն հաշվառված դիմումով ներկայացված՝
1) անչափահաս շահառուի մոր վերաբերյալ տվյալները համեմատում է (համադրում է) շահառուի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենում նշված՝ շահառուի մոր վերաբերյալ տվյալների հետ։ Անչափահաս շահառուի մոր վերաբերյալ տվյալները չհամապատասխանելու (չհամընկնելու) դեպքում ծառայությունը մերժում է դիմումը, իսկ համապատասխանելու (համընկնելու) դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնում են երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթում և երեխայի ծննդյան վկայականում նշված՝ մոր անունը, առկայության դեպքում՝ հայրանունը (չի համընկնում միայն ազգանունը), իսկ երեխայի ծննդյան վկայականում համընկնում են երեխայի հոր և մոր ազգանունները, հաստատում է դիմումը և անչափահաս շահառուի տվյալները ներառում է անչափահաս շահառուների ցուցակ՝ նշելով նաև մոր տվյալները.
2) անչափահաս շահառուի և խնամակալի տվյալները համեմատում է երեխայի նկատմամբ խնամակալություն սահմանելու (խնամակալ ճանաչելու) մասին փաստաթղթում նշված համապատասխան տվյալների հետ։ Անչափահաս շահառուի և խնամակալի վերաբերյալ տվյալները համապատասխանելու (համընկնելու) դեպքում ծառայությունը հաստատում է դիմումը և անչափահաս շահառուի տվյալները ներառում է անչափահաս շահառուների ցուցակ՝ նշելով նաև խնամակալի տվյալները, դիմումը, հակառակ դեպքում՝ մերժում է դիմումը։
10. Դիմումը մերժելու կամ հաստատելու կամ հաշվառելու մասին ծառայությունն անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է սույն կարգի 5–րդ կետում նշված տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, իսկ դիմումը մերժելու դեպքում՝ նաև մերժելու հիմքերը։
11. Անչափահաս շահառուների ցուցակ ընդգրկված՝ անչափահաս շահառուների ծնողների տվյալները ծառայությունն ուղարկում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն՝ նրանց վերջին սահմանահատման վերաբերյալ տվյալներ ստանալու համար, եթե այդ տվյալները չեն ստացվել սույն կետում նշված հարցումն ուղարկելու օրվան նախորդ 7 օրվա ընթացքում։
12. Սույն կարգի 11-րդ կետում նշված՝ անչափահաս շահառուների ծնողների վերջին սահմանահատման վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո ծառայությունը անչափահաս շահառուների և նրանց ծնողների տվյալները համեմատում (համադրում) է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման, Օպերատիվ շտաբի տրամադրած տվյալների հետ և անչափահաս շահառուի տվյալները ներառում է վճարման ցուցակ՝ նշելով նաև ծնողի տվյալները։
13. Վերջին սահմանահատման վերաբերյալ տվյալներն ստանալուց հետո ծառայությունը չափահաս շահառուների վերաբերյալ տվյալները համեմատում (համադրում) է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման, Օպերատիվ շտաբի տրամադրած տվյալների հետ և չափահաս շահառուների տվյալները ներառում է վճարման ցուցակ։
14. Սույն կարգի 12-րդ և 13-րդ կետերում նշված համադրումների արդյունքներում շահառուի տվյալները չեն ներառվում վճարման ցուցակ, եթե՝
1) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ առկա է շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ նաև նրա ծնողի) մահվան պետական գրանցում.
2) սահմանահատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ չափահաս շահառուն (անչափահաս շահառուի դեպքում՝ նրա ծնողը) սահմանահատման վերաբերյալ տվյալներն ստանալու օրվա դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում.
3) շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ նաև նրա ծնողի) տվյալներն առկա են Օպերատիվ շտաբի տրամադրած տվյալներում․
4) շահառուն (անչափահաս շահառուի դեպքում՝ նրա ծնողը) չի հանդիսանում 75 տարին լրացած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ և սույն կարգի 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ կատարված հարցմանն ի պատասխան՝ վճարման ցուցակը ձևավորվելու օրվա դրությամբ չի տրամադրվել շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ նրա ծնողի) վճարային քարտի բանկային հաշվի համարը։
15. Միանվագ դրամական աջակցությունը չափահաս շահառուին վճարվում է՝
1) անկանխիկ եղանակով՝ շահառուի վճարային քարտի բանկային հաշվի համարին փոխանցելու միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տրամադրել է շահառուի վճարային քարտի վերաբերյալ տվյալներ․
2) կանխիկ եղանակով՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Հայփոստ) միջոցով, եթե շահառուն (անչափահաս շահառուի դեպքում՝ նրա ծնողը) հանդիսանում է 75 տարին լրացած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ և սույն կարգի 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ կատարված հարցմանն ի պատասխան՝ վճարման ցուցակը ձևավորվելու օրվա դրությամբ չի տրամադրվել շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ նրա ծնողի) վճարային քարտի բանկային հաշվի համարը:
16. Միանվագ դրամական աջակցությունը անչափահաս շահառուի համար վճարվում է ծնողին՝ սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով:
17. Ծառայությունը սույն կարգի 12-14-րդ կետերի համաձայն ձևավորում է վճարման ցուցակ և այն էլեկտրոնային եղանակով տրամադրում է վճարող կազմակերպություններին՝ Հայփոստին և բանկերին, որտեղ շահառուներն ունեն իրենց անվամբ բացված բանկային հաշիվներ (քարտային հաշիվներ)։
18. Կանխիկ եղանակով վճարվող միանվագ դրամական օգնության վճարման ցուցակ ներառվում են շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողի և շահառուի) անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշ (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար) և վճարման ենթակա գումարը։
19. Անկանխիկ եղանակով վճարվող միանվագ դրամական օգնության վճարման ցուցակ ներառվում են՝
1) բանկի անվանումը.
2) շահառուի, իսկ անչափահաս շահառուի դեպքում՝ նրա ծնողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, անձը հաստատող փաստաթղթի (այդ թվում՝ ժամանակավոր վկայականի) սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար).
3) անչափահաս շահառուի (շահառուների) անունը, ազգանունը, ծննդյան օր, ամիս, տարի, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համար).
4) շահառուի (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողի) բանկային հաշվի համարը.
5) վճարման ենթակա գումարը։
20. Վճարման ցուցակը և տվյալ վճարող կազմակերպության (Հայփոստի կամ բանկի) միջոցով շահառուներին վճարման ենթակա գումարները, ոչ ուշ, քան վճարման ցուցակը ձևավորելու հաջորդ օրը ծառայությունը փոխանցում է վճարող կազմակերպությանը:
21. Հայփոստը միանվագ դրամական աջակցության գումարն իր հաշվի համարին մուտքագրվելու և վճարման ցուցակն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից սկսած` ապահովում է ծառայության մատուցումն իր սպասարկման գրասենյակներում, իսկ 75 տարին լրացած, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող շահառուների դեպքում՝ նրանց փաստացի բնակության վայրում, փաստացի բնակության վայրի վերաբերյալ տեղեկությունը Հայփոստին տրամադրելու դեպքում։
22. Միանվագ դրամական աջակցությունը կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով վճարվում է բացառապես՝
1) շահառուին (անչափահաս շահառուի դեպքում՝ շահառու ծնողին) անձը հաստատող փաստաթղթի (այդ թվում՝ սույն կարգի 30-րդ կետում նշված ժամանակավոր վկայականի) հիման վրա կամ
2) սույն կարգի 27-րդ կետում նշված՝ ծառայության տված տեղեկանքում նշված անձին՝ այդ տեղեկանքի հիման վրա կամ
3) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական հաստատություններում ստացիոնար պայմաններում բուժում ստացող շահառուի տված և տվյալ առողջապահական հաստատության ղեկավարի կողմից հաստատված լիազորագրի հիման վրա՝ լիազորված անձին։
23. Եթե մինչև 2024 թվականի հունվարի 25-ը միանվագ դրամական աջակցությունը կանխիկ եղանակով չի վճարվում (շահառուն, անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողը կամ սույն կարգի 25-րդ կետում նշված՝ ծառայության տված տեղեկանքում նշված անձը կամ շահառուի լիազորած անձը Հայփոստին չի ներկայացնում գումարն ստանալու պահանջ), ապա Հայփոստը փոխանցված գումարը մինչև 2024 թվականի հունվարի 31-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծառայությանը տրամադրելով այն շահառուների տվյալները, որոնց միանվագ դրամական աջակցությունը՝
1) վճարվել է սույն կարգի 22-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ծառայության տված տեղեկանքով՝ նշելով այն անձի անունը ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը, ում վճարվել է գումարը.
2) վճարվել է սույն կարգի 22-րդ կետի 3-րդ ենթակետում նշված լիազորագրով՝ նշելով այն անձի անունը ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը, ում վճարվել է գումարը և առողջապահական հաստատության անվանումը, որը տվել է լիազորագիրը.
3) չի վճարվել։
24. Բանկը դրամական միջոցներն ընդունելու օրվան հաջորդող բանկային օրվանից ոչ ուշ, բանկային հաշվի համարով և հանրային ծառայությունների համարանիշով (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքով) նույնականացնում է շահառուին, ճշտում է շահառուի անվամբ բացված բանկային հաշվի առկայությունը և՝
1) շահառուի անվամբ բացված գործող բանկային հաշվի առկայության դեպքում միանվագ դրամական աջակցության գումարը մուտքագրում է այդ բանկային հաշվին.
2) շահառուի անվամբ բացված գործող բանկային հաշվի բացակայության կամ տեխնիկական պատճառով միանվագ դրամական աջակցության գումարը բանկային հաշվին չմուտքագրելու դեպքում գումարը 1 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնում է պետական բյուջե, իսկ շահառուների տվյալները տրամադրում է ծառայությանը:
25. Եթե դիմումը չի մերժվել, նոր դիմում ներկայացվել չի կարող: Եթե սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով ներկայացված դիմումը մերժվել է, ապա մերժման հիմքերը վերացնելուց հետո այդ կետով սահմանված կարգով և ժամկետներում կարող է ներկայացվել նոր դիմում կամ երեխայի օրինական ներկայացուցիչը կարող է սույն կարգի 26-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում գրավոր դիմել ծառայություն:
26. Եթե չափահաս շահառուի տվյալները չեն ներառվել վճարման ցուցակ, ապա իրեն միանվագ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու համար անձը կարող է գրավոր դիմել ծառայություն, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով՝ https://e-request.am/ կայքէջի միջոցով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը՝ ներառյալ:
27. Սույն կարգի հիման վրա նշանակված և շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողի, ում տվյալները ներառվել են վճարման ցուցակ) մահվան պատճառով կանխիկ եղանակով չվճարված միանվագ դրամական աջակցության գումարը վճարվում է շահառուի ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային կամ Լեռնային Ղարաբաղում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեով հաշվառված (բնակվող) ընտանիքի այլ անդամին, իսկ անչափահաս շահառուի ծնողի մահվան դեպքում՝ շահառուի մյուս ծնողին կամ 14 տարին լրացած քրոջը կամ 14 տարին լրացած եղբորը կամ Լեռնային Ղարաբաղում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեով հաշվառված (բնակվող) ընտանիքի այլ անդամին, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (չափահաս շահառուի մահվան վկայական, դիմողի անձը հաստատող փաստաթուղթ, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը և այլն) ծառայություն է ներկայացվում մինչև 2024 թվականի հունվարի 20-ը: Ներկայացված դիմումի և փաստաթղթերի հիման վրա ծառայությունը տրամադրում է տեղեկանք՝ մահացած անձին վճարման ենթակա (այդ թվում՝ անչափահաս շահառուի համար) գումարն այլ անձի վճարելու մասին:
28. Սույն կարգի 27-րդ կետում նշված դեպքում միանվագ դրամական աջակցությունը կանխիկ եղանակով վճարվում է գումարն այլ անձի վճարելու մասին ծառայության տված տեղեկանքի հիման վրա:
29. Դիմումների, պետական մարմինների, Օպերատիվ շտաբի տրամադրած տվյալների փոփոխության դեպքում միանվագ դրամական աջակցության գումարները վճարվում (նշանակվում) են սույն կարգով սահմանված կարգով:
30. Անձը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում շահառուն կարող է դիմել Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված ժամանակավոր վկայական ստանալու համար:
31. Միանվագ դրամական աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց և ենթակա չէ ժառանգման:
32. Շահառուն պարտավոր է ներկայացնել իրեն վերաբերող հավաստի տվյալներ (փաստաթղթեր), տեղեկացնել այն հանգամանքների մասին, որոնց առկայությունը կարող է հանգեցնել միանվագ դրամական աջակցություն չվճարելուն (այդ թվում՝ նաև անչափահաս շահառուին նշանակելը մերժելուն): Սույն կետով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով ավել վճարված միանվագ դրամական աջակցությունը ենթակա է հետգանձման օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
03.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |