ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 1992 թվականի N 450
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԱԾ, ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ, ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը` մեկշաբաթյա ժամկետում ճշտել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած և այդ պատճառով զոհված զինծառայողների և ազատամարտիկների ցուցակները` ըստ շրջանների ու քաղաքների, և համապատասխան փաստաթղթեր ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ու պատգամավորների համապատասխան շրջխորհրդի (քաղխորհրդի) գործկոմ` զոհված զինծառայողի կամ ազատամարտիկի ամուսնուն, ամուսին չունենալու դեպքում` չափահաս երեխաներին, երեխաների անչափահաս լինելու դեպքում` խնամակալին, երեխաներ չունենալու դեպքում` ծնողներից որևէ մեկին, իսկ վերջիններս չունենալու դեպքում` կերակրողը կորցրած ընտանիքի անդամ հանդիսացող այլ անձի օրենքով սահմանված չափերով ապահովագրական գումարներ վճարելու համար:
(1-ին կետը փոփ. 19.04.94 N 176)
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ ճշտել հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների ցուցակները` ըստ շրջանների ու քաղաքների, և համապատասխան տեղեկանքներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ու պատգամավորների համապատասխան շրջանային (քաղաքային) խորհրդի գործկոմ.
բ) ապահովել հաշմանդամ դարձած զինծառայողներին և ազատամարտիկներին, ինչպես նաև զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաների անվճար տրամադրումը և տարեկան մեկ անգամ` առողջարանային ուղեգրերի անվճար հատկացումը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ներկայացրած տեղեկանքների համաձայն համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացնել պատգամավորների շրջանային ու քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով սահմանված գումարների միանվագ վճարումներն իրականացնելու համար:
4. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին`
ա) համապատասխան տեղական բյուջեների միջոցների հաշվին ապահովել (զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքների ու հաշմանդամ դարձած զինծառայողների) ապահովագրական գումարների վճարումը օրենքով սահմանված չափերով, հետագայում նշված գումարները հանրապետական բյուջեից վերականգնելու պայմանով.
բ) (ենթակետն ուժը կորցրել է 19.04.94 N 176)
գ) (ենթակետն ուժը կորցրել է 19.04.94 N 176)
դ) ըստ ամենայնի օժանդակել կենտրոնական ջեռուցում չունեցող տներում բնակվող Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներին և ազատամարտիկներին վառելիքի հատկացման հարցում, փոխհատուցելով կատարվող ծախսերի 50 տոկոսը:
(4-րդ կետը խմբ., փոփ. 19.04.94 N 176)
5. (կետն ուժը կորցրել է 19.04.94 N 176)
6. (կետն ուժը կորցրել է 19.04.94 N 176)
7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների համար բժշկի դեղատոմսով դեղորայքի անվճար ձեռքբերումը, ինչպես նաև պետական բուժական հիմնարկներում նրանց արտահերթ և անվճար սպասարկումը:
8. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների համար անվճար և արտահերթ հեռախոսների տեղադրումը:
(8-րդ կետը խմբ. 19.04.94 N 176)
9. Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը և պատգամավորների շրջանային ու քաղաքային խորհուրդների գործկոմներին` ապահովել հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, ինչպես նաև զոհված զինծառայողների ու ազատամարտիկների երեխաների համար դպրոցական և նախադպրոցական հիմնարկներում վարձի 50 տոկոս զեղչով վճարումը:
10. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մամուլի վարչությանը` հաստատել և մինչև 1992 թվականի հոկտեմբերի 1-ը պատրաստել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած, ինչպես նաև հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների արտոնությունների վկայականները:
11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` նախատեսել սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով, 4-րդ կետի «ա», «բ» և «դ» ենթակետերով, 5, 6, 8, 9 և 10-րդ կետերով նախատեսված արտոնությունների հետ կապված ծախսերի կատարման համար Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և պատգամավորների շրջանային ու քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների ֆինանսավորումը:
12. Սույն որոշման մեջ նշված նախարարություններին ու գերատեսչություններին, պատգամավորների շրջանային ու քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` որոշման տեղայնացման համար ընդունել համապատասխան հրամաններ և որոշումներ` մանրամասն նշելով հանձնարարականները, կատարողներին, ժամկետները, և կատարման մասին ինֆորմացիա ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
13. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարության տասներորդ բաժնի վրա:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. Հարությունյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |