ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը |
1. Սույն օրենքը կարգավորում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում պետական վերահսկողության հիմնական սկզբունքները, առանձնահատկությունները, պետական վերահսկողություն իրականացնող անձանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, ինչպես նաև պետական վերահսկողության հետ կապված այլ հարաբերություններ:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրության, վերամշակման և շրջանառության բոլոր փուլերում լիազոր մարմնի կողմից իրականացվող պետական վերահսկողության հարաբերությունների վրա:
Հոդված 2. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) լիազոր մարմին` սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.
2) պետական վերահսկողություն` վերահսկող լիազոր մարմնի կողմից իրականացվող միջոցառում (գործողություն) կամ միջոցառումների (գործողությունների) համալիր, որը նպատակաուղղված է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության ապահովմանը.
3) սահմանային պետական վերահսկողություն` վերահսկող լիազոր մարմնի կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մաքսային մարմինների կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող և արտահանվող (վերաարտահանվող) սննդամթերքի, Կառավարության հաստատած ցանկով սահմանված սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին (արտահանման և վերաարտահանման դեպքերում` նաև ներմուծման երկրի սահմանած պահանջներին) համապատասխանությունը պարզելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով դրանց ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանն ուղղված վերահսկողական միջոցառումների համալիր, իսկ անհամապատասխանության դեպքում` կանխելուն ուղղված վերահսկողական միջոցառումների համալիր.
3.1) սահմանային պետական վերահսկողությունը պետական սահմանի անցման կետերում՝ պետական սահմանի անցման կետերում սույն օրենքով նախատեսված սահմանային պետական վերահսկողության գործառույթներ, որոնք իրականացվում են բացառապես փաստաթղթային ուսումնասիրության, փաստաթղթային ստուգման, ակնադիտական զննման կամ ակնադիտական հետազոտման (բեռների նույնականացման) միջոցով: Սահմանային պետական վերահսկողությունը պետական սահմանի անցման կետերում իրականացնում են մաքսային մարմինները.
4) ստուգում` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում վերահսկող լիազոր մարմնի կողմից իրականացվող գործընթաց.
5) դիտարկում` սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով` սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, սննդային և կենսաբանական ակտիվ հավելումների մակնշմանը և պիտանիության ժամկետին, կենդանական ծագման մթերքի պահման պայմաններին, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների բաղադրությանն ու մակնշմանը ներկայացվող պահանջներին համապատասխանության ապահովման նպատակով իրականացվող գործողությունների համալիր.
6) վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ) համակարգի աուդիտ (այսուհետև` աուդիտ)` պարբերաբար իրականացվող հսկողական միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են սննդամթերքի արտադրությունում ներդրված ՎՎՀԿԿ համակարգի պլանավորած գործողությունների և դրանց արդյունքների համապատասխանությունը, ինչպես նաև սննդի շղթայի օպերատորի պլանավորված միջոցառումների նպատակահարմարությունը և արդյունավետությունը գնահատելուն.
7) բուսասանիտարական մշտադիտարկում (մոնիթորինգ)` սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով` բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների բուսասանիտարական զննում և (կամ) բուսասանիտարական փորձաքննություն` վնասակար օրգանիզմների առկայությունը կամ բացակայությունը որոշելու նպատակով.
8) պետական վերահսկողություն իրականացնող անձ (տեսուչ)` սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման և կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձ.
9) տնտեսավարող սուբյեկտ` անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, որն իրականացնում է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման, արտահանման, վերաարտահանման, արտադրության և շրջանառության փուլերի հետ կապված գործունեություն.
10) տարանցիկ փոխադրվող ապրանք` ապրանք, որը մաքսային հսկողության ներքո փոխադրվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով մուտքի մաքսային մարմնից ելքի մաքսային մարմին` ենթարկվելով մի շարք ընթացակարգերի, որոնք ապահովում են դրա ամբողջական, առանձնացված և փաթեթավորված պահպանությունը.
11) վերաարտահանվող ապրանք` ապրանք, որը ներմուծվող երկրից հետագայում արտահանվում է: Ապրանքը կարող է պահպանվել, բաժանվել մասերի, խառնվել այլ ապրանքների հետ կամ վերափաթեթավորվել.
12) նմուշառում` սննդամթերքից, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերից կամ այլ նյութերից (ներառյալ` միջավայրից) նմուշներ վերցնելը` հետազոտության միջոցով սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անվտանգությանը, մակնշմանը, փաթեթավորմանը և որակին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը պարզելու համար.
13) արտահանման կամ վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիր` հավաստագիր, որը տրվում է բուսասանիտարական ստուգման արդյունքների հիման վրա և հավաստում է բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների համապատասխանությունը ներմուծող երկրի արտահանման և վերաարտահանման համար սահմանված բուսասանիտարական կանոնների պահանջներին.
14) կասեցում` գործընթաց, որի միջոցով սահմանափակվում է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի արտադրությունը, վերամշակումը, շուկայահանումը.
15) ռիսկ` մարդու կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի առաջացման հավանականությունը և այդ վտանգի ազդեցության աստիճանը.
16) ռիսկի վերլուծություն` ռիսկի գնահատման, ռիսկի կառավարման և ռիսկի մասին տեղեկատվության փոխանակման երեք առանձին փոխկապակցված փուլերից կազմված գործընթաց.
17) ռիսկի գնահատում` գիտական կազմակերպությունների (կենտրոնների) կողմից իրականացվող գիտականորեն հիմնավորված գործընթաց, որը կազմված է վտանգի աղբյուրի նույնականացման, վտանգի աղբյուրի բնութագրման, վտանգին ենթակա լինելու կամ վտանգի հանդեպ անպաշտպանվածության աստիճանի գնահատման և ռիսկի բնութագրման փուլերից.
18) ռիսկի կառավարում` ռիսկի գնահատումից տարբերվող գործընթաց, որով շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների անցկացման միջոցով լիազոր մարմնի կողմից քննության են առնվում ռիսկի կառավարմանն ուղղված քաղաքականության հնարավոր միջոցները, դիտարկվում են ռիսկի գնահատման արդյունքները և այլ հիմնավոր գործոններ, և անհրաժեշտության դեպքում ընտրվում և կիրառվում են ռիսկի կանխմանը, վերացմանը կամ նվազեցմանն ուղղված համապատասխան գործողություններ, այդ թվում` վերահսկողության միջոցառումներ.
19) ռիսկի հաղորդակցություն` ռիսկի վերլուծության գործընթացում ռիսկը գնահատողների, ռիսկը կառավարողների, սպառողների, սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում գործառնություններ իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց, գիտական (ակադեմիական) շրջանակների ներկայացուցիչների և շահագրգիռ այլ կողմերի միջև վտանգի, ռիսկի, ռիսկին առնչվող գործոնների և ռիսկի վերաբերյալ ընկալումների մասին տեղեկությունների և կարծիքների փոխանակում, ներառյալ` ռիսկի գնահատման արդյունքների և ռիսկի կառավարման առնչությամբ ընդունված որոշումների վերաբերյալ բացատրությունները.
20) անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթուղթ՝ անասնաբուժական սերտիֆիկատ, անասնաբուժական վկայական, անվտանգության սերտիֆիկատ, առողջության սերտիֆիկատ, որակի և անվտանգության կառավարման համակարգի սերտիֆիկատ, բուսասանիտարական հավաստագիր, համապատասխանության հայտարարագիր, պետական գրանցման վկայական․
21) սանիտարահիգիենիկ հետազոտություն (փորձարկում)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված և Կառավարության նշանակած լաբորատորիաներում վերահսկողության ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի սանիտարահամաճարակային և հիգիենիկ գնահատում (փորձաքննություն)` մեկ կամ մի քանի բնութագրերի քանակական կամ որակական որոշմամբ.
22) վերահսկվող ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման թույլատվական փաստաթղթեր՝ անասնաբուժական սերտիֆիկատ, բուսասանիտարական հավաստագիր, անվտանգության սերտիֆիկատ, առողջության սերտիֆիկատ, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ, համապատասխանության տեղեկանք, բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ակտ, պեստիցիդների ու ագրոքիմիկատների ներմուծման եզրակացություն.
23) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիա` ազգային հավատարմագրում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռեֆերենսային գործառույթներ իրականացնելու համար լիազորված փորձարկման լաբորատորիա:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ծառայության մատուցումը ներառում է լիազոր մարմնի կողմից`
1) Կառավարության որոշմամբ սահմանված ապրանքների պետական գրանցումը և ռեեստրի վարումը.
2) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութեր արտադրողների և մատակարարների ռեեստրի վարումը.
3) Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անասնաբուժական վերահսկման (հսկողության) ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրների վարումը.
4) Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի սննդի շղթայում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների գրանցումը.
5) կենդանական ծագման սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների գործունեության համապատասխանության եզրակացության տրամադրումը.
6) Հայաստանի Հանրապետությունում կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող կերի շղթայի օպերատորների գրանցումը.
7) կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գործունեության համապատասխանության եզրակացության տրամադրումը.
8) անասնաբուժական դեղամիջոցների գրանցումը.
9) պեստիցիդների, ագրոքիմիկատների պետական գրանցումը.
10) պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացության տրամադրումը:
3. Սույն հոդվածով սահմանված հասկացությունները կիրառվում են սույն օրենքի և դրա կիրառման ոլորտները կարգավորող այլ իրավական ակտերի իմաստով:
(2-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-237-Ն, խմբ., փոփ. 23.03.18 ՀՕ-284-Ն, փոփ., լրաց. 06.07.22 ՀՕ-324-Ն, խմբ., լրաց., փոփ. 12.04.24 ՀՕ-210-Ն)
(06.07.22 ՀՕ-324-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 3. |
Սննդամթերքի անվտանգության օրենսդրությունը |
1. Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, «Սննդամթերքի անվտանգության մասին», «Անասնաբուժության մասին», «Բուսասանիտարիայի մասին» և «Կերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, այլ իրավական ակտերից և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 4. |
Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության հիմնական սկզբունքները |
1. Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության հիմնական սկզբունքներն են`
1) սպառողների շահերի պաշտպանության սկզբունք` սպառողների առողջության համար սննդամթերքի հնարավոր վնասակար ազդեցությունից պաշտպանության նպատակով սննդի շղթան (արտադրությունից մինչև սպառումը) որպես մեկ միասնական ամբողջություն դիտարկելն է: Միաժամանակ սպառողների շահերի պաշտպանությունը պետք է սննդամթերքի նկատմամբ սպառողներին տա լիարժեք ընտրության հնարավորություն: Ընդ որում, այդ ընթացքում կանխարգելվում են խաբեության պրակտիկան և թյուրիմացության մեջ դնելը, սննդամթերքի կեղծումը և այլ դեպքեր, երբ սպառողը կարող է թյուրիմացության մեջ ընկնել.
2) թափանցիկության սկզբունք` սննդամթերքի անվտանգության համակարգի գործունեության վերաբերյալ սպառողին հստակ, ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը, ներառյալ` սպառողին խորհրդատվության տրամադրումը.
3) հետագծելիության սկզբունք` սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողության ապահովումը հետագծելիության կիրառմամբ.
4) ռիսկերի վերլուծության սկզբունք` սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատման, խորհրդատվության տրամադրման, ռիսկերի կառավարման ընթացքում դրանց գիտականորեն հիմնավորված գնահատականների հիման վրա որոշումների ընդունումը.
5) տնտեսավարող սուբյեկտների պատասխանատվության սկզբունք` սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում գործառնություններ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ (ներառյալ` անասնակեր և առաջնային գյուղատնտեսական մթերք արտադրողները, վերամշակողները, իրացնողները) օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցների կիրառումը.
6) նախազգուշացման սկզբունք` սպառողների առողջությանն սպառնացող վտանգի հավանականության առկայության դեպքում, երբ վտանգի լիարժեք գնահատման համար գիտական հիմքերը բավարար չեն կամ անորոշ են, ռիսկերի կառավարման նախազգուշական միջոցների կիրառումը.
7) արդիականացման և առաջընթացի սկզբունք` սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողության իրականացման միջազգային լավագույն փորձի, գիտական նվաճումների և նոր տեխնոլոգիաների ներդրման ապահովումը, նյութատեխնիկական բազայի ամրապնդումը.
8) գնահատման և կանխորոշման սկզբունք` պետական վերահսկողության ապահովումը կենդանիների անասնահամաճարակային, սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարական իրավիճակի, սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների արտադրության, դրանց վերամշակման, պահպանման, տեղափոխման և իրացման գործընթացների գնահատման և կանխորոշման հիման վրա.
9) արձագանքման սկզբունք` սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետությանը և հանրությանը սպառնացող վտանգների հայտնաբերում, դրանց ներթափանցման և տարածման կանխում ու վերացում:
Հոդված 5. |
Սննդամթերքի անվտանգության ոլորտի պետական մարմինների և գիտական կազմակերպությունների համագործակցությունը |
1. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի արտադրության և շրջանառության փուլերում դրանց անվտանգությանն առնչվող գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմինները և գիտական կազմակերպությունները (կենտրոնները) իրենց լիազորությունների շրջանակներում կատարած ուսումնասիրությունների, վերլուծությունների, բացահայտած խախտումների ու թերությունների, հայտնաբերած վտանգավոր սննդամթերքի, վտանգավոր սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մասին տեղեկատվությունը փոխանցում են միմյանց: Տեղեկատվության ցանկը և փոխանցման կարգը սահմանվում են սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի արտադրության և շրջանառության փուլերում դրանց անվտանգությանն առնչվող գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմինների կողմից համատեղ:
2. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի արտադրության և շրջանառության փուլերում դրանց անվտանգությանն առնչվող գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմինները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կամ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքերում համատեղ մշակում և իրականացնում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
(վերնագիրը լրաց. 23.03.18 ՀՕ-284-Ն)
Հոդված 5.1. | Սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում քաղաքականությունը մշակող լիազոր մարմինը |
1. Սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է համապատասխան նախարարությունը:
2. Համապատասխան նախարարությունը՝
1) իրականացնում է կերային հավելումների գրանցումը, մերժումը, կասեցումը և դադարեցումը.
2) իրականացնում է կերային հավելումների ռեեստրի վարումը։
(5.1-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-284-Ն, 12.04.24 ՀՕ-210-Ն)
Հոդված 5.2. | Սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող լիազոր մարմինը |
1. Սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն իրականացնող և (կամ) ծառայություններ մատուցող լիազոր մարմինը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է (այսուհետ՝ նաև լիազոր մարմին):
2. Լիազոր մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետը:
3. Լիազոր մարմինը՝
1) իրականացնում է սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության ու բուսասանիտարիայի բնագավառներում վերահսկողություն.
2) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում համագործակցում է Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, նրանց հետ իր իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ կնքում է հուշագրեր, համագործակցության մասին այլ համաձայնագրեր.
3) մշակում և իրականացնում է ծրագրեր սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում.
4) օտարերկրյա պետությունների լիազոր մարմինների հետ համաձայնեցնում և փոխճանաչում է սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներին առնչվող սերտիֆիկատները և հավաստագրերը.
5) օրենքով սահմանված դեպքերում տրամադրում է վկայականներ, տեղեկանքներ, սերտիֆիկատներ, հավաստագրեր, ինչպես նաև պարզաբանումներ և խորհրդատվություններ.
6) տրամադրում է վերահսկվող ապրանքների ներմուծման (արտահանման) և տարանցիկ փոխադրման թույլտվություն, վերահսկվող ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման թույլատվական փաստաթղթեր.
7) իրականացնում է սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառների ռիսկերի կառավարում և ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում.
8) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանցից օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իրականացնում է համապատասխան տեղեկատվության, հաշվետվությունների ստացում, վերլուծում և էլեկտրոնային տեղեկատվական բազաների վարում.
9) սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության ու բուսասանիտարիայի բնագավառներում իրականացվող ուսումնասիրությունների միջոցով կատարում է իրավիճակի վերլուծություն.
10) կատարում է սննդամթերքի և կերի անվտանգության անասնաբուժության, բուսասանիտարիայի բնագավառներում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշվառում, արդյունքների հիման վրա տեղեկատվական բազայի վարում.
11) կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների, սննդային թունավորումների հայտնաբերման դեպքում պետական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն իրականացնող մարմնի հետ համատեղ կազմակերպում և իրականացնում է միջոցառումներ.
12) կազմակերպում և իրականացնում է օտարերկրյա պետություններից կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր ու պարտադիր ծանուցման ինֆեկցիոն հիվանդությունների` Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցումը կանխարգելող միջոցառումներ, այդ ուղղությամբ համագործակցում է պետական և շահագրգիռ մյուս մարմինների հետ.
13) խորհրդատվություն է տրամադրում կենդանիների պահվածքի, անասնապահական շինությունների շահագործման վերաբերյալ.
14) անասնաբուժական կարանտին սահմանելու դեպքում ներկայացնում է առաջարկություններ կարանտին միջոցառումների վերաբերյալ.
15) ներկայացնում է առաջարկություններ կենդանիների հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների կասկածի կամ հայտնաբերման դեպքում հիվանդությունների վերացմանն ու կանխմանն ուղղված համապատասխան միջոցառումների իրականացման վերաբերյալ.
16) ուսումնական, գիտահետազոտական, արդյունաբերական կազմակերպություններին տրամադրում է փորձարկումների նպատակով կենդանիների օգտագործման թույլտվություն.
17) իրականացնում է հաշվառված գյուղատնտեսական կենդանիների վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի մշակում և տեղեկատվական բազայի վարում.
18) ստեղծում և վարում է սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում ուղեկցող փաստաթղթերի, այդ թվում՝ անվտանգության սերտիֆիկատների, հավաստագրերի և համապատասխանության տեղեկանքի տրամադրման էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը, այդ համակարգում գրանցվելու նպատակով տրամադրում է մուտքի ծածկագիր.
19) տրամադրում է սանիտարական անձնագիր՝ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար.
20) համապատասխանության գնահատման փաստաթղթերի անհամապատասխանության կամ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման դեպքում գնահատող մարմիններին ներկայացնում է առաջարկություններ համապատասխանության հայտարարագրի գործողությունը դադարեցնելու կամ կասեցնելու վերաբերյալ.
21) Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի վնասակար օրգանիզմներ հայտնաբերելու և դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով պարբերաբար իրականացվող մոնիթորինգի (մշտադիտարկման) միջոցով իրականացնում է բուսասանիտարական վտանգի վերլուծություն, կարանտին վնասակար օրգանիզմներից ազատ (զերծ) գոտիների սահմանում.
22) արտահանող երկրի սննդամթերքի անվտանգության կամ անասնաբուժության կամ բուսասանիտարիայի բնագավառի պետական մարմնին, ինչպես նաև միջազգային համապատասխան կազմակերպություններին ծանուցում է ներմուծվող բեռներում հայտնաբերված կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչների կամ կարանտին վնասակար օրգանիզմների մասին.
23) բուսասանիտարական մոնիթորինգի իրականացման և բուսասանիտարական իրավիճակի գնահատման միջոցով սահմանում է վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ.
24) տրամադրում է բուսասանիտարական անձնագիր.
25) իրականացնում է Կառավարության որոշմամբ սահմանված ապրանքների պետական գրանցումը և ռեեստրի վարումը.
26) վարում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութեր արտադրողների և մատակարարների ռեեստրը.
27) վարում է Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող անասնաբուժական վերահսկման (հսկողության) ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրները.
28) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի սննդի շղթայում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների գրանցումը.
29) տրամադրում է կենդանական ծագման սննդամթերք արտադրող տնտեսավարող սուբյեկտների գործունեության համապատասխանության եզրակացություն.
30) իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող կերի շղթայի օպերատորների գրանցում.
31) տրամադրում է կերային հավելումների, պրեմիքսների, համակցված կերերի արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված կերի շղթայի օպերատորների գործունեության համապատասխանության եզրակացություն.
32) իրականացնում է անասնաբուժական դեղամիջոցների, պեստիցիդների, ագրոքիմիկատների պետական գրանցումը.
33) (կետն ուժը կորցրել է 12.04.24 ՀՕ-210-Ն)
34) իրականացնում է ԳՁՕ-ների գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մեկուսացված համակարգի և լիցենզավորման պահանջների նկատմամբ վերահսկողություն։
(5.2-րդ հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-284-Ն, 17.01.23 ՀՕ-18-Ն, լրաց., փոփ. 12.04.24 ՀՕ-210-Ն)
Հոդված 6. |
Լիազոր մարմնի և պետական սահմանի անցման կետերում սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի կողմից իրականացվող սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողությունը |
(վերնագիրը լրաց. 06.07.22 ՀՕ-324-Ն)
1. Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` իր կազմում գործող ստորաբաժանումների և տարածքային մարմինների միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և դեպքերում:
2. Պետական վերահսկողության ձևերն են`
1) ստուգումը.
2) դիտարկումը.
3) աուդիտը.
4) բուսասանիտարական մշտադիտարկումը (մոնիթորինգը).
5) անասնահամաճարակային մշտադիտարկումը.
6) սահմանային պետական վերահսկողությունը:
3. Պետական վերահսկողությունն իրականացվում է`
1) սննդամթերքի անվտանգության ոլորտում` սննդամթերքի արտադրության, մշակման, վերամշակման, ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, տեղափոխման, պահման, պահպանման, իրացման (վաճառքի), ոչնչացման և օգտահանման փուլերին, ինչպես նաև ծառայությունների մատուցմանը, օգտագործվող տրանսպորտային միջոցներին, արտադրամասերին, պահեստային և այլ տարածքներին, սննդամթերքի հիգիենայի պայմաններին, այդ թվում` պատշաճ հիգիենայի գործելակերպին իրավական ակտերով ներկայացվող պահանջների և կանոնների պահպանման նկատմամբ.
2) անասնաբուժության ոլորտում` անասնաբուժական ծառայության գործունեության, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման, հակաանասնահամաճարակային միջոցառումների կազմակերպման, իրականացման, Հայաստանի Հանրապետության տարածքը կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումից պաշտպանելու միջոցառումների հսկողության իրականացման նպատակներով, ինչպես նաև կենդանական ծագման մթերքի և հումքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերերի և լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, պահպանման, տեղափոխման, իրացման և վերամշակման ընթացքում, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում երկրի տարածք ներմուծվող և երկրից արտահանվող կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերի, լրացակերերի, մանրէական տարատեսակների, անասնաբուժական միջոցների և անասնաբուժական դեղամիջոցների, կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրող նյութերի ու առարկաների, կենդանիների կենսագործունեության համար նախատեսված ջրի անասնաբուժասանիտարական անվտանգության նկատմամբ.
3) բուսասանիտարիայի ոլորտում` բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման, արտահանման, վերաարտահանման նկատմամբ, ինչպես նաև կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցումը և հետագա տարածումը կանխելու, դրանցից սպասվող տնտեսական վնասը սահմանափակելու կամ պետական գրանցում չստացած, օգտագործման համար ոչ պիտանի, ժամկետանց և արգելված պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծումը, արտահանումը, իրացումն ու օգտագործումը բացառելու նպատակով: Բուսասանիտարիայի ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող անձինք կրում են համազգեստ, որի կրման կարգը և ձևը հաստատում է Կառավարությունը:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական վերահսկողության ձևերի հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:
5. Ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5.1. Պետական սահմանի անցման կետերում սույն հոդվածով նախատեսված պետական վերահսկողության գործառույթներն իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում:
6. (մասն ուժը կորցրել է 06.07.22 ՀՕ-324-Ն)
7. (մասն ուժը կորցրել է 06.07.22 ՀՕ-324-Ն)
8. (մասն ուժը կորցրել է 06.07.22 ՀՕ-324-Ն)
9. (մասն ուժը կորցրել է 06.07.22 ՀՕ-324-Ն)
(6-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-237-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-284-Ն, լրաց., փոփ. 06.07.22 ՀՕ-324-Ն)
(06.07.22 ՀՕ-324-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 7. |
Ռիսկը և ռիսկի վերլուծությունը |
1. Մարդու կյանքի և առողջության, կենդանիների առողջության և բարեկեցության, բույսերի առողջության պաշտպանության նպատակով սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողությունն իրականացվում է ռիսկի վերլուծության հիման վրա, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
2. Ռիսկի վերլուծությունը կազմված է ռիսկի գնահատման, ռիսկի կառավարման և ռիսկի հաղորդակցության երեք առանձին փոխկապակցված փուլից:
3. Ռիսկի գնահատումն իրականացնում է գիտական կազմակերպությունը (կենտրոնը), որին լիազորություններ տրվում, դրանք կասեցվում կամ դադարեցվում են Կառավարության սահմանած կարգով: Ռիսկի գնահատումը գիտականորեն հիմնավորված գործընթաց է, որը կազմված է վտանգի նույնականացման, վտանգի բնութագրման, վտանգին ենթակա լինելու կամ վտանգի հանդեպ անպաշտպանվածության աստիճանի գնահատման և ռիսկի բնութագրման փուլերից: Ռիսկի գնահատումը հիմնվում է առկա գիտական տվյալների վրա և իրականացվում է անկախ, օբյեկտիվ և թափանցիկ եղանակով:
5. Ռիսկի կառավարումն իրականացնում է լիազոր մարմինը, որի ընթացքում քննության են առնվում ռիսկի կառավարմանն ուղղված քաղաքականության հնարավոր միջոցները, դիտարկվում են ռիսկի գնահատման արդյունքները և այլ հիմնավոր գործոններ, և անհրաժեշտության դեպքում ընտրվում և կիրառվում են ռիսկի կանխմանը, վերացմանը կամ նվազեցմանն ուղղված համապատասխան գործողություններ, այդ թվում` վերահսկողության միջոցառումներ:
6. Ռիսկի մասին տեղեկատվության փոխանակումը ռիսկի վերլուծության գործընթացում ռիսկը գնահատողների, ռիսկը կառավարողների, սպառողների, տնտեսավարող սուբյեկտների, գիտական (ակադեմիական) շրջանակների ներկայացուցիչների և շահագրգիռ այլ կողմերի միջև վտանգի, ռիսկի, ռիսկին առնչվող գործոնների և ռիսկի վերաբերյալ ընկալումների մասին տեղեկությունների և կարծիքների փոխանակումն է, ներառյալ` ռիսկի գնահատման արդյունքների և ռիսկի կառավարման առնչությամբ ընդունված որոշումների վերաբերյալ բացատրությունները:
7. Այն դեպքերում, երբ առկա տեղեկատվության գնահատման հիման վրա հաստատվում է առողջության վրա վնասակար ազդեցության հնարավորությունը, բայց գիտական տվյալներով դա դեռևս ապացուցված չէ, ապա անվտանգության ապահովման նպատակով կարող են ձեռնարկվել ռիսկի կառավարման նախնական քայլեր` մինչև ավելի լայնածավալ ռիսկի գնահատման համար գիտական տեղեկատվության հետագա ստացումը:
8. Ռիսկերի նկարագրությունը և վերահսկողությունն ապահովելու նպատակով լիազոր մարմինը հավաքում և վերլուծում է տվյալներ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում են սննդամթերքի և կերի անվտանգության վրա:
(7-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-284-Ն, 12.04.24 ՀՕ-210-Ն)
Հոդված 8. |
Դիտարկումների իրականացումը |
1. Դիտարկումն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը) և հասցեն, դիտարկման նպատակը, ժամանակահատվածը և դիտարկվող հարցերի շրջանակը:
2. Դիտարկումն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Դիտարկման իրականացման հրամանը նախքան դիտարկումն սկսելը ծանոթացման նպատակով ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
3. Դիտարկումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մշակված, հաստատված և հրապարակված ստուգաթերթով (այսուհետ` դիտարկման ստուգաթերթ):
4. Դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) լրացնում է (են) դիտարկման ստուգաթերթը 2 օրինակից, որի մեկ օրինակը դիտարկումն ավարտվելուց հետո տրվում է տնտեսավարող սուբյեկտին:
5. Լրացված դիտարկման ստուգաթերթը ստորագրում են դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը:
6. Դիտարկման ընթացքում իրականացվում են`
1) դիտարկման ստուգաթերթով սահմանված տվյալների հավաքում.
2) սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշմանը և պիտանիության ժամկետին ներկայացվող պահանջներին անհամապատասխանության դեպքում` իրացման (վաճառքի) կասեցում և ցուցումներ հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու վերաբերյալ.
3) կենդանական ծագման մթերքի պահման պայմանների անհամապատասխանության դեպքում` իրացման (վաճառքի) կասեցում և նմուշառում` լաբորատոր փորձաքննության համար.
4) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված, պիտանիության ժամկետն անցած, մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներով, ինչպես նաև նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքով սահմանված պահանջներին ազդող նյութի պարունակության անհամապատասխանության դեպքում՝ պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացման (վաճառքի) կասեցում.
5) անասնաբուժությունում օգտագործվող նյութերի կենդանական ծագման մթերքում մնացորդային քանակների հսկողության շրջանակներում` որոշակի կենդանական ծագման մթերքի տեսակներում որոշակի նյութերի առկայությունը, դրանց մնացորդային քանակները բացահայտելու նպատակով նմուշառում և լաբորատոր հետազոտության իրականացում:
7. Օրենքով սահմանված վտանգավոր համարվող, ինչպես նաև ըստ անհրաժեշտության լաբորատոր փորձաքննության արդյունքով վտանգավոր համարված սննդամթերքը շուկայից հետ է կանչվում և ոչնչացվում կամ օգտահանվում է Կառավարության սահմանած կարգով:
8. Կասեցման դեպքում դիտարկումն իրականացնող անձը կազմում է կասեցման վերաբերյալ վարչական ակտ, որտեղ նշվում են կասեցման հանգամանքները, պատճառը և ժամկետը: Կասեցման ժամկետը չի կարող գերազանցել լաբորատոր փորձաքննության համար նախատեսված առավելագույն ժամկետը:
9. Յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ դիտարկման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 2 անընդմեջ աշխատանքային օր: Դիտարկման ընթացքում վերցված նմուշների փորձաքննության անցկացման դեպքում դիտարկման տևողությունը կասեցվում է այդ փորձաքննության ժամկետով:
10. Լիազոր մարմինը դիտարկման ընթացքում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելու նպատակով կարող է իրականացնել նաև հսկիչ գնում, որի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
11. Դիտարկման ընթացքում սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անհամապատասխանությունները հայտնաբերելու դեպքում լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կամ տարածքային մարմնի ղեկավարը նախազգուշացնում է դիտարկվող սուբյեկտին սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության կամ բուսասանիտարիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան պահանջների խախտման մասին, տալիս հանձնարարականներ բացահայտված խախտումները վերացնելու վերաբերյալ` դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ:
12. Դիտարկվող սուբյեկտը տրված հանձնարարականի կատարման մասին պարտավոր է հանձնարարականի կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` 2 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին:
13. Դիտարկվող սուբյեկտի կողմից լիազոր մարմնի տրված հանձնարարականները սահմանված ժամկետում չկատարելը և (կամ) կատարման վերաբերյալ լիազոր մարմնին չտեղեկացնելը հիմք են տվյալ տնտեսավարող սուբյեկտում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգով ստուգում իրականացնելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու համար:
14. Դիտարկման արդյունքները տեղադրվում են լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:
15. Սույն հոդվածով սահմանված` դիտարկման ընթացքում հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների համար վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում:
(8-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-284-Ն, խմբ. 12.04.24 ՀՕ-210-Ն)
Հոդված 9. |
Աուդիտի իրականացումը |
1. Աուդիտն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են աուդիտ իրականացնող մարմնի անվանումը, աուդիտ իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը) և հասցեն, աուդիտի նպատակը, ժամանակահատվածը:
2. Աուդիտն իրականացվում է նախնական ծանուցմամբ:
3. Աուդիտն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված այն ստուգաթերթերի հիման վրա, որտեղ ներառված են հարցեր բացառապես ՎՎՀԿԿ համակարգի վերաբերյալ:
4. Աուդիտի հաճախականությունը հիմնվում է ռիսկերի գնահատման վրա` հաշվի առնելով պարբերական հսկողական միջոցառումների արդյունքները:
5. Աուդիտն իրականացվում է առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում:
6. Լիազոր մարմինը նախանշում է աուդիտի նպատակներն ու խնդիրները և կազմում աուդիտի տարեկան ծրագիրը, ինչպես նաև այն հաստատում և հրապարակում է իր պաշտոնական էլեկտրոնային կայքում: Աուդիտի տարեկան ծրագրում նշվում են նաև այն կազմակերպությունների անվանումները, որոնք տարվա ընթացքում ենթակա են աուդիտի:
7. Աուդիտ իրականացնելիս պետական վերահսկողություն իրականացնող անձը նախապես ուսումնասիրում է նախադրյալային ծրագրերը, նախկին աուդիտի ստուգաթերթի արդյունքները (եթե առկա են), տվյալ սննդամթերքի արտադրական տեխնոլոգիական գործընթացը, ներդրված ՎՎՀԿԿ ծրագիրը, ինչպես նաև ծանոթանում է նախկինում կատարված փորձաքննությունների արդյունքներին և նմուշառման մեթոդներին:
Հոդված 10. |
Աուդիտի իրականացման փուլերը |
1. Աուդիտի գործընթացը բաղկացած է հետևյալ փուլերից`
1) նախնական քննարկում.
2) ՎՎՀԿԿ ծրագրի գնահատում.
3) արձանագրության կազմում:
2. Նախնական քննարկման ժամանակ պետական վերահսկողություն իրականացնող անձը հավաքում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ՎՎՀԿԿ ծրագրի գնահատման նպատակով և կազմում է աուդիտի օրակարգը, պարզում տվյալ օրը թողարկվող արտադրանքի տեսակը:
3. ՎՎՀԿԿ ծրագրի գնահատման ընթացքում պետական վերահսկողություն իրականացնող անձը`
1) համեմատում է ՎՎՀԿԿ ծրագրի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին.
2) ուսումնասիրում է տեխնոլոգիական գործընթացի և հոսքայնության գծապատկերը և արտադրությունում կատարում է գծապատկերի վավերացում.
3) կատարում է արտադրական պայմաններում ՎՎՀԿԿ ծրագրի ստուգում և նույնականացում.
4) կատարում է գրանցամատյանների ուսումնասիրություն.
5) արձանագրում է հայտնաբերված անհամապատասխանությունները և թերությունները:
4. ՎՎՀԿԿ ծրագրի գնահատումը կատարվում է հետևյալ հերթականությամբ`
1) փաստաթղթային պլանի գնահատում.
2) նախադրյալային ծրագրերի գնահատում.
3) պլանը մշակած թիմի հետ քննարկում.
4) պլանի տեխնիկական հարցերի (այդ թվում` կրիտիկական սահմանների, դիտանցման ընթացակարգերի և գործիքների ստուգաչափման, վավերացման (վերիֆիկացիայի) ընթացակարգերի նպատակահարմարության և պատշաճ գրանցումների) գնահատում:
5. Փաստաթղթային պլանի գնահատման ընթացքում պետական վերահսկողություն իրականացնող անձն ուսումնասիրում է`
1) տնտեսավարող սուբյեկտի բոլոր ստորաբաժանումներում իրականացված ներքին աուդիտի արձանագրությունները.
2) մթերքի նկարագիրը և հիմնավորված նպատակային սպառողների խումբը.
3) տեխնոլոգիական գործընթացի և հոսքայնության գծապատկերը.
4) ՎՎՀԿԿ սկզբունքների ապահովման վերլուծությունը:
6. ՎՎՀԿԿ սկզբունքների ապահովման վերլուծությունը ներառում է`
1) վտանգի վերլուծությունը, որի ընթացքում քննության են առնվում կենսաբանական, ֆիզիկական, քիմիական և սննդի ալերգենների վտանգի վերլուծությունները.
2) հսկման կրիտիկական կետերի վերլուծությունը, որի միջոցով ուսումնասիրվում են տվյալ մթերքի համար նախատեսված հսկման կրիտիկական կետերի առկայությունը հավաստող փաստաթղթերը.
3) կրիտիկական սահմանաչափի ստուգում, որի ընթացքում ստուգվում են յուրաքանչյուր հսկման կրիտիկական կետի սահմանի պահանջվող հիմնավորումները.
4) դիտանցման ընթացակարգի և գրանցամատյանի ստուգում, որտեղ նշվում են`
ա. դիտանցվող ապրանքի անվանումը և տեսակը,
բ. սննդամթերքի արտադրման օրը (ամսաթիվը, ժամը),
գ. դիտանցման աշխատանքները հսկող աշխատակցի տվյալները,
դ. դիտանցման աշխատանքներ կատարելու օրը, ժամը,
ե. դիտանցման արդյունքների նշումները (նշվում են դիտանցման ենթարկվող կրիտիկական սահմանաչափը և տվյալ պահին դիտանցման կոնկրետ արդյունքը),
զ. պատասխանատուի ստորագրությունը.
5) ուղղիչ գործողությունների ստուգում, որի ընթացքում քննության է առնվում ձեռնարկված գործողությունների համապատասխանությունը փաստաթղթային ուղղիչ գործողություններին, ուղղիչ գործողությունների գրառումները, որտեղ նշվում են`
ա. յուրաքանչյուր արտադրանքի համար որոշված հսկման կրիտիկական կետերը,
բ. գործողությունն իրականացրած պատասխանատուի անունը, ազգանունը,
գ. ուղղիչ գործողության կատարման օրը, ժամը,
դ. կրիտիկական սահմանաչափի խախտման (շեղման) բնույթը,
ե. ձեռնարկված գործողության նկարագրությունը,
զ. պատասխանատուի ստորագրությունը.
6) վավերացման (ճշգրտման, վերիֆիկացիայի) ստուգում` ՎՎՀԿԿ համակարգի արդյունավետության ապահովման նպատակով վավերացման իրականացման հաճախականության ուսումնասիրում.
7) ներքին փաստաթղթերի և գրանցումների վարման ստուգում` հետագծելիության լիարժեք ապահովման նպատակով հետևյալ փաստաթղթերի ուսումնասիրում`
ա. ՎՎՀԿԿ-ին առնչվող փաստաթղթեր,
բ. մատակարարվող ապրանքների դիտանցման արձանագրություններ, հումքի և շփվող նյութերի ծագումը և անվտանգությունը հավաստող փաստաթղթեր,
գ. նախադրյալային ծրագրերի հաստատման արդյունքներ,
դ. վնասատուների դեմ պայքարի պլան,
ե. աշխատողների բժշկական հսկողությունը վկայող փաստաթուղթ,
զ. աշխատողների ուսուցման վկայականներ,
է. շենքերի ու սարքավորումների պահպանումը հավաստող արձանագրություն,
ը. փաստաթղթային և փաստացի իրականացված ընթացակարգերի համապատասխանություն,
թ. պատրաստի արտադրանքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթեր,
ժ. կեղծարարության, արտադրանքի հետկանչման դեպքերի արձանագրություններ:
7. Փաստաթղթային պլանի գնահատման ընթացքում պետական վերահսկողություն իրականացնող անձն ուսումնասիրում է նախադրյալային ծրագրերի իրականացման ստուգման արձանագրությունները, որոնցում կարևորվում են հետևյալ գործողությունների և գույքի առկայության արձանագրությունները.
1) թողարկվող արտադրանքի անվանումը.
2) դիտարկված փաստացի տվյալների գրանցումը.
3) դիտանցման աշխատանքների օրն ու ժամը.
4) օպերատորի անվան, ազգանվան սկզբնատառերը.
5) ուսումնասիրությունը կատարած անձի ստորագրությունը.
6) պատշաճ արտադրական պրակտիկայի (արտադրական գործընթացի կազմակերպման, կառավարման, վարման և հսկողության համակարգ) և պատշաճ հիգիենիկ պրակտիկայի (սննդի շղթայի բոլոր փուլերում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգության և որակի ապահովման համար անհրաժեշտ պայմաններին և միջոցներին առնչվող ընթացակարգ) համապատասխանության գրառումները.
7) շենքի (շենքերի) ընդհանուր տեղակայվածությունը.
8) ձեռնարկությանն անմիջապես հարող տարածքների համապատասխանությունը.
9) հոսքայնության պահպանումը.
10) մաքուր և աղտոտված հատվածների սահմանազատում (առանձնացում).
11) խաչվող, հատվող ուղիների նկարագրություն.
12) տաք և սառը արտադրական տարածքների սահմանազատում (առանձնացում).
13) պատերի արտաքին ծածկույթի բնութագրում.
14) հատակի ծածկույթ, հատակային ցանցեր և կեղտաջրի հավաքման համար նախատեսված թեքության ապահովում.
15) սարքավորումներ, գործիքներ, կահույք.
16) սարքավորումների համար գործածվող նյութերով ապահովում և մակնշում (փափուկ, լվացվող, դիմակայուն, հեշտ մաքրվող պայմաններ).
17) աշխատանքային սեղանների մակերեսներ.
18) ջրամատակարարման հսկողություն.
19) ջերմաստիճանի կարգավորում.
20) աշխատողների նկատմամբ բժշկական հսկողության իրականացում.
21) հագուստի հիգիենա (լվացում և երկարաճիտ կոշիկների, կոշիկների, գոգնոցների, ձեռնոցների տրամադրում).
22) վնասատուների դեմ պայքար.
23) ախտահանություն`
ա. ձեռքերի լվացման հարմարություններ և կիրառվող նորմեր,
բ. շենքերի, սարքավորումների, գործիքների մաքրման պլան,
գ. հիգիենայի նորմերի պահպանում գործունեության ընթացքում,
դ. մաքրման աշխատանքների արդյունավետության ստուգում,
ե. վերընթաց և վարընթաց հետագծելիության համակարգ,
զ. լվացող, մաքրող նյութերի մակնշում,
է. ներքին աուդիտի իրականացման գրառումներ:
8. Պետական վերահսկողություն իրականացնող անձը` տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի հետ քննարկելով հայտնաբերված` ՎՎՀԿԿ համակարգին ներկայացվող պահանջների խախտումները, արդյունքների վերաբերյալ կազմում է արձանագրություն և մեկ օրինակը հանձնում տնտեսավարող սուբյեկտին:
9. Պետական վերահսկողություն իրականացնող անձը հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ տալիս է հանձնարարականներ և ցուցումներ` սահմանելով կատարման համար ժամկետներ` համաձայնեցված տնտեսավորող սուբյեկտի հետ:
10. Աուդիտի արդյունքների հիման վրա տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում:
Հոդված 11. |
Բուսասանիտարական մշտադիտարկումը (մոնիթորինգը) |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին բուսասանիտարական մշտադիտարկումը (մոնիթորինգը) իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են մշտադիտարկում իրականացնող մարմնի անվանումը, մշտադիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, մշտադիտարկման նպատակը, ժամանակահատվածը, դիտարկվող հարցերի շրջանակը և մշտադիտարկման ենթակա տարածքի անվանումը և (կամ) հասցեն:
2. Բուսասանիտարական մշտադիտարկում իրականացվում է յուրաքանչյուր կարանտին վնասակար օրգանիզմի նկատմամբ, որի նպատակն է`
1) բացահայտել կարանտին վնասակար օրգանիզմի` Հայաստանի Հանրապետության տարածք թափանցելու և Հայաստանի Հանրապետության տարածքում տարածվելու ուղիները.
2) անընդհատ վերահսկել կարանտին վնասակար օրգանիզմի` Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնվելը, զարգացումը և տարածումը.
3) մշտադիտարկման արդյունքներով ստացված տեղեկատվության միջոցով բացահայտել և գնահատել կարանտին վնասակար օրգանիզմի զանգվածային զարգացմանն ու տարածմանը նպաստող գործոնները.
4) որոշել կարանտին վնասակար օրգանիզմի տարածման տարածքը.
5) նախապատրաստել առաջարկություններ կարանտին վնասակար օրգանիզմի դեմ պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկման վերաբերյալ.
6) բուսասանիտարական վիճակի զարգացման կանխատեսումը.
7) հավաքել բուսասանիտարական ռիսկերի կառավարման համար անհրաժեշտ տեղեկատվություն:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին բուսասանիտարական մշտադիտարկումն իրականացվում է` հիմնվելով`
1) կարանտին բուսասանիտարական հետազոտությունների արդյունքում ստացված տեղեկատվության վրա.
2) կարանտին հսկողության ենթակա արտադրանքում կարանտին վնասակար օրգանիզմի հայտնաբերման, կարանտին հսկողության ենթակա օբյեկտների` կարանտին վնասակար օրգանիզմով վարակվելու մասին բույսերի կարանտինի բնագավառում ծառայություններ մատուցող կազմակերպություններից ստացված տեղեկատվության վրա.
3) Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող կարանտին հսկողության ենթակա արտադրանքում կարանտին վնասակար օրգանիզմի հայտնաբերման մասին օտարերկրյա պետությունների բույսերի պաշտպանության և կարանտինի վերաբերյալ ստացված ծանուցման հիման վրա:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին բուսասանիտարական մշտադիտարկման տվյալների հիման վրա լիազոր մարմնի կողմից ամեն տարի պատրաստվում է հաշվետվություն Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին բուսասանիտարական վիճակի մասին:
5. Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին բուսասանիտարական մշտադիտարկման տարեկան ծրագիրը հաստատում է լիազոր մարմինը և հրապարակում պաշտոնական էլեկտրոնային կայքում:
6. Եթե բուսասանիտարական մշտադիտարկման արդյունքում պարզվում է, որ սահմանված բուսասանիտարական պահանջները չեն բավարարվել, ապա արտադրանքի փոխադրումը, իրացումը կամ այլ եղանակով տարածումը կասեցվում է, և համապատասխան բույսերի, բուսական արտադրանքի կամ կարգավորվող այլ առարկաների նկատմամբ կիրառվում են հետևյալ միջոցառումները`
1) ենթարկվում են համապատասխան մշակման.
2) լիազոր մարմնի հսկողությամբ փոխադրվում են արդյունաբերական վերամշակման վայրեր կամ այնպիսի գոտիներ, որոնց համար դրանք ռիսկ չեն ներկայացնում.
3) ոչնչացվում են այն դեպքում, եթե այլ միջոցներով հնարավոր չէ բավարարել սահմանված պահանջները:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կասեցումը վերանում է, եթե հաստատվում է, որ վնասակար օրգանիզմների տարածման ռիսկը բացառվել է:
(11-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-237-Ն)
Հոդված 12. |
Անասնահամաճարակային մշտադիտարկումը |
1. Անասնահամաճարակային մշտադիտարկումը կատարվում է կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառների հայտնաբերման, անասնահամաճարակային նշանակության տարածքների և օբյեկտների անասնահամաճարակային իրավիճակի, անասնահամաճարակային միջոցառումների գնահատման նպատակներով հիվանդությունների բռնկման կամ բռնկման սպառնալիքի առկայության, հանրապետությունում կամ նրա առանձին տարածքներում տիրող անասնահամաճարակային իրավիճակի գնահատման և վերլուծության անհրաժեշտության դեպքերում:
2. Անասնահամաճարակային մշտադիտարկումները կատարվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են մշտադիտարկում իրականացնող լիազոր մարմնի անվանումը, մշտադիտարկման ենթակա անասնահամաճարակային նշանակության տարածքը կամ օբյեկտը, մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, մշտադիտարկման առարկան և հարցերի շրջանակը, մշտադիտարկման կատարման ժամկետը և անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները:
3. Մշտադիտարկման արդյունքներով հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որի օրինակը հանձվում է անասնահամաճարակային նշանակության տարածքի կամ օբյեկտի պատասխանատուին: Արձանագրությանը կից ներկայացվում է նաև անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումների և գործողությունների պարտադիր կատարման ենթակա առաջադրանք:
Գ Լ ՈՒ Խ 3
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
Սահմանային պետական վերահսկողությունը |
1. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման կամ արտահանման կամ վերաարտահանման կամ տարանցիկ փոխադրման գործընթացներում պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը իր կազմում գործող տարածքային ստորաբաժանումների միջոցով:
1.1. Պետական սահմանի անցման կետերում սույն հոդվածով նախատեսված սահմանային պետական վերահսկողության գործառույթներն իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում:
2. Սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը և անասնաբուժական պետական հսկման ենթակա ապրանքները ներմուծվում կամ արտահանվում կամ տարանցիկ փոխադրվում են համապատասխան երկրի լիազոր մարմնի կողմից տրված ապրանքի տվյալ խմբաքանակի անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում: Անվտանգությունը հավաստող փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը:
3. Ներմուծվող ապրանքի, բացառությամբ կենդանիների և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, փաստաթղթային ստուգումը, զննումը և (կամ) նմուշառումն իրականացվում են Կառավարության սահմանած` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությամբ սահմանված դեպքերում և կարգով:
4. Բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ներմուծումը թույլատրվում է բուսասանիտարական կանոնների պահանջներին դրանց համապատասխանությունը հավաստող՝ արտահանող երկրի լիազոր մարմնի տված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում:
5. Արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերը տրամադրվում են լիազոր մարմնի կողմից հաստատված բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ցանկին համապատասխան:
6. (մասն ուժը կորցրել է 07.07.22 ՀՕ-308-Ն)
7. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծմանը, արտահանմանը, վերաարտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը:
8. Կառավարությունը հաստատում է նաև՝
1) անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված ուղեկցող այլ փաստաթղթերի տրման կարգը.
2) սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական միջոցառումների համարժեքության ճանաչման և ռիսկի գնահատման կարգը.
3) Կառավարությանը ենթակա Պետական եկամուտների կոմիտեի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական պետական մարմնին Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարիայի բնագավառի հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը.
4) (կետն ուժը կորցրել է 25.10.23 ՀՕ-330-Ն)
5) արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը և ձևերը:
(13-րդ հոդվածը խմբ., փոփ. 17.12.14 ՀՕ-237-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-284-Ն, փոփ., լրաց. 06.07.22 ՀՕ-324-Ն, 07.07.22 ՀՕ-308-Ն, փոփ. 25.10.23 ՀՕ-330-Ն)
(06.07.22 ՀՕ-324-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(25.10.23 ՀՕ-330-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները |
1. Ներմուծվող սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները պետք է բավարարեն սննդամթերքի անվտանգությունը կարգավորող իրավական ակտերի պահանջները, որոնք միջազգայնորեն ճանաչված են առնվազն որպես համարժեք կամ համապատասխանում են ներմուծող և արտահանող երկրների փոխհամաձայնեցված պահանջներին:
2. Արտահանվող սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները պետք է բավարարեն արտադրող և միջազգայնորեն ընդունված պահանջները, ինչպես նաև ներմուծող երկրի պահանջները, եթե դրանք ներկայացվել են:
3. Վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը, անասնաբուժական (բացառությամբ կենդանիների) և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները կարող են արտահանվել կամ վերաարտահանվել միայն ներմուծող երկրի լիազոր մարմնի թույլտվությամբ, եթե նախապես իրազեկվել է շուկայահանման հնարավորությունը բացառող պատճառների և հանգամանքների մասին:
4. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման գործընթացներն իրականացվում են սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:
5. Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման կարգը սահմանում է Կառավարությունը:
6. Ներմուծող կամ արտահանող կամ տարանցիկ փոխադրող իրավաբանական և ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կարող են մինչև տասը օր պիտանիության ժամկետ ունեցող ապրանքի ժամանման (բեռնման) և տեսակի մասին նախապես` ժամանման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ, տեղեկացնել լիազոր մարմնին և մաքսային մարմնին:
7. Եթե սահմանային պետական վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել է, որ ներմուծվող խմբաքանակը վտանգավոր կամ վնասակար է մարդու և կենդանիների առողջության համար, ապա տվյալ խմբաքանակի ներմուծումը կասեցվում է մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված միջոցների ձեռնարկումը:
8. Եթե արգելվում է ապրանքի ներմուծումը, ապա այդ մասին ծանուցվում է արտահանող երկրի իրավասու մարմնին, ինչպես նաև մաքսային մարմիններին:
9. Ներմուծման և արտահանման գործընթացներում սահմանային պետական վերահսկողության շրջանակներում կատարվում է ապրանքի խմբաքանակի փաստաթղթային և (կամ) լաբորատոր նույնականացում:
(14-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-284-Ն, լրաց. 06.07.22 ՀՕ-324-Ն)
(06.07.22 ՀՕ-324-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 15. |
Ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման կարգը |
(վերնագիրը փոփ. 24.10.24 ՀՕ-388-Ն)
1. Մաքսային մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով պետական սահմանի անցման կետում զննում է ներմուծվող սննդամթերքը և կենդանական ծագման մթերքը և որոշում ուղեկցող փաստաթղթերին համապատասխանությունը: Զննման ընթացքում ուսումնասիրվում են միայն փաստաթղթեր:
2. (մասն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-388-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-388-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-388-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-388-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 24.10.24 ՀՕ-388-Ն)
7. (մասն ուժը կորցրել է 14.11.19 ՀՕ-237-Ն)
(15-րդ հոդվածը խմբ. 20.12.17 ՀՕ-29-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-284-Ն, 14.11.19 ՀՕ-237-Ն, խմբ., փոփ. 06.07.22 ՀՕ-324-Ն, փոփ. 24.10.24 ՀՕ-388-Ն)
(06.07.22 ՀՕ-324-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(24.10.24 ՀՕ-388-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 16. |
Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառման և լաբորատոր փորձարկումների կատարման կարգը |
(վերնագիրը խմբ. 25.10.23 ՀՕ-330-Ն)
1. Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառումը կատարվում է Կառավարության որոշմամբ հաստատված դեպքերում և կարգով:
2. Սննդամթերքի նմուշառումը և լաբորատոր փորձարկումները կատարում են ապրանքը տնօրինողի ընտրած՝ Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինները և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նշանակված՝ Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմինը (այսուհետ՝ Գնահատման մարմին):
3. Գնահատման մարմինը նմուշառումը կատարում է սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի ներկայությամբ և փորձարկման է ներկայացնում լիազոր մարմնի ուղեկցող նամակով:
4. Նմուշառման միջոցով խմբաքանակից առանձնացվում է պահեստային նմուշ, որը կապարակնքվում կամ դրոշմակնքվում և ի պահ է հանձնվում լիազոր մարմնին: Պահեստային նմուշը պահվում է տվյալ ապրանքի համար նախատեսված համապատասխան պահման պայմաններում:
5. Պահեստային նմուշը ուղեկցող նամակով փորձարկման է ներկայացնում լիազոր մարմինը:
6. Նմուշի տեղափոխման և փորձարկման ծախսերը կատարվում են ապրանքը տնօրինողի հաշվին:
7. Մինչև Հայաստանի Հանրապետությունում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակումը լաբորատոր փորձարկումների արդյունքներին համաձայն չլինելու դեպքում ապրանքը տնօրինողը իր միջոցների հաշվին պահեստային նմուշն ուղարկում է այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա՝ Կառավարության որոշմամբ հաստատված ցանկի համաձայն: Լաբորատոր փորձարկումների արդյունքների պատասխանը համարվում է վերջնական:
8. Մինչև Հայաստանի Հանրապետությունում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակումը Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով լիազոր մարմինը պետական բյուջեի միջոցների հաշվին պահեստային նմուշը կարող է ուղարկել այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա:
9. Ռեֆերենս լաբորատորիայում իրականացված փորձարկման արդյունքների հիման վրա մեկ տարվա ընթացքում անհամապատասխանության երկու դեպք արձանագրվելու դեպքում կասեցվում է Գնահատման մարմնի հավատարմագրումը, և, օրենսդրության համաձայն, իրականացվում են ստուգումներ:
10. Երկու տարի անընդմեջ անհամապատասխանությունների կրկնության դեպքում, օրենսդրության համաձայն, Գնահատման մարմնի հավատարմագրումը դադարեցվում է:
11. Ռեֆերենս լաբորատորիայի կատարած փորձարկման արդյունքների հիման վրա անհամապատասխանությունների արձանագրման դեպքում Գնահատման մարմինը հատուցում է ռեֆերենս լաբորատորիայի փորձարկման հետ կապված ծախսերը:
(16-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-284-Ն, խմբ. 25.10.23 ՀՕ-330-Ն)
(25.10.23 ՀՕ-330-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 17. |
Բուսասանիտարական կարանտին հսկման ենթակա ապրանքների սահմանային պետական վերահսկողությունը |
1. Հայաստանի Հանրապետությունում բուսասանիտարական կարանտին սահմանային պետական վերահսկողությունն իրականացվում է բուսասանիտարական պահանջներին բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքի համապատասխանությունը ստուգելու համար:
2. Բուսասանիտարական կարանտին սահմանային պետական վերահսկողությունն իրականացվում է հետևյալ հիմնական միջոցներով`
1) փաստաթղթային ստուգում.
2) տրանսպորտային միջոցների զննում.
3) բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների զննում.
4) բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ստուգազննում:
3. Բուսասանիտարական կարանտին սահմանային պետական վերահսկողության ենթակա է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող և այդ տարածքից արտահանվող բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակ:
4. Բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների արտահանմանն ու ներմուծմանը ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը:
5. Պետական սահմանի անցման կետերում սույն հոդվածով նախատեսված սահմանային պետական վերահսկողության գործառույթներն իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում:
(17-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-284-Ն, լրաց. 06.07.22 ՀՕ-324-Ն)
(06.07.22 ՀՕ-324-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 18. |
Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացություն տալու կարգը |
1. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման նպատակով լիազոր մարմինը հայտատուի դիմումում նշված պեստիցիդների և ագրոքիմիկատների յուրաքանչյուր տեսակի համար պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տալիս է եզրակացություն:
2. Պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննությունն իրականացվում է ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների հաշվին:
3. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է միայն Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկված պեստիցիդների և ագրոքիմիկատների մասին, բացառությամբ 3.1-ին մասով սահմանված դեպքի:
3.1. «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման եզրակացությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է, երբ առկա են տեղեկություններ պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև նրանց կողմից ներմուծվող ապրանքի խմբաքանակի, այդ թվում՝ առևտրային անվանման, ազդող նյութի, ազդող նյութի պարունակության, պատրաստուկային ձևի վերաբերյալ՝ պահպանելով սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգը:
4. Եզրակացություն ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք ներկայացնում են`
1) դիմում (իրավաբանական և անհատ ձեռնարկատեր հաշվառված անձինք դիմումում տեղեկությունների շարքում ներկայացնում են նաև պետական գրանցման կամ հաշվառման համարը).
2) ֆիզիկական անձինք` անձնագրի պատճենը.
3) ներմուծվող պեստիցիդների և ագրոքիմիկատների նկարագրությունը (անվանումը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը, քանակը, թողարկման տարեթիվը, ձեռք բերելու վայրը).
4) պեստիցիդներ և ագրոքիմիկատներ ներմուծողները ներկայացնում են բուսասանիտարական հաշվառման վկայականը կամ դրա պատճենը:
5. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացությունը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը մնում է լիազոր մարմնում, իսկ երկրորդ օրինակը տրվում է հայտատուին:
6. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացություն ստանալու համար դիմողն իր ներկայացրած սխալ տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
7. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացություն տալու մերժումը հայտատուն կարող է բողոքարկել դատական կարգով:
8. Պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման մասին եզրակացություն տալու մերժման հիմք են սույն օրենքով նախատեսված փաստաթղթերի բացակայությունը կամ պեստիցիդների և ագրոքիմիկատների փորձաքննության բացասական արդյունքները:
(18-րդ հոդվածը լրաց. 15.06.23 ՀՕ-219-Ն)
(հոդվածը 15.06.23 ՀՕ-219-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխության մասով գործում է եռամսյա ժամկետով մինչև 12.10.2023)
(հոդվածը 15.11.24 ՀՕ-462-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո)
Գ Լ ՈՒ Խ 4
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՆԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 19. |
Սահմանափակումների կիրառումը և հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցները |
1. Պետական վերահսկողության ընթացքում սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումներ հայտնաբերվելու դեպքում լիազոր մարմինը կիրառում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումներ, հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ տալիս է հանձնարարականներ (կարգադրագրեր) և (կամ) առաջադրանքներ` սահմանելով կատարման ժամկետներ:
2. Լիազոր մարմինը`
1) փոխադրման, պահպանման կամ իրացման փուլերում վտանգավոր սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութեր հայտնաբերելու դեպքերում որոշում է ընդունում դրանց իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ այլ կերպ այն չեզոքացնելու (օգտահանելու) մասին.
2) սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով և դեպքերում որոշում է ընդունում արտադրությունը կամ արտադրության առանձին գործառույթները կասեցնելու մասին.
3) օրենքով սահմանված դեպքերում և կարգով կասեցնում կամ արգելում է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող, անասնաբուժական և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների շուկայահանումը, ներմուծումը, արտահանումը կամ տարանցիկ փոխադրումը.
4) արգելում է առանց լաբորատոր փորձաքննությունների տվյալների կամ փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա տրված եզրակացության նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրված կամ օգտագործվող սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծումը, կիրառումը, սննդամթերքի մշակումը և արտադրությունը.
5) արձակում է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ոչնչացման կամ օգտահանման կարգադրագրեր, եթե վերջիններս վտանգավոր են կամ վնասակար են առողջությանը կամ պիտանի չեն ըստ նշանակության օգտագործման համար, և ներմուծվող ապրանքը հնարավոր չէ վերադարձնել.
6) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված, բացառությամբ «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծվածների, ժամկետանց, արգելված պեստիցիդների և ագրոքիմիկատների հայտնաբերման դեպքում որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետությունում չգրանցված, բացառությամբ «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծվածների, ժամկետանց, արգելված պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ այլ կերպ չեզոքացնելու մասին, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում այդ աշխատանքների կատարման նկատմամբ.
7) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն չանցնելու կամ այդ անձանց սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության կամ սահմանված կարգով լրացված չլինելու դեպքում լիազոր մարմինը որոշում է ընդունում տվյալ անձանց աշխատանքի չթույլատրելու մասին` մինչև խախտումը վերացնելը:
2.1. Պետական սահմանի անցման կետերում սույն հոդվածով նախատեսված պետական վերահսկողության գործառույթներն իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում:
3. Կենդանիների առողջության պաշտպանության նպատակով լիազոր մարմինը կիրառում է սահմանափակման և ոչնչացման հետևյալ միջոցները`
1) կենդանիների մեկուսացում.
2) կարանտին.
3) կենդանիների և բեղմնավորիչ նյութերի, կենդանական ծագման հումքի և մթերքի, կերատեսակների, համակցված կերերի և չվարակազերծվող թափոնների ոչնչացում.
4) կենդանական ծագման կողմնակի արտադրանքի տնօրինում և պահեստավորում կամ ոչնչացում.
5) ախտորոշման նպատակով կենդանիների սպանդ.
6) կենդանիների սանիտարական սպանդ.
7) վարակի տարածման և վերացման գործընթացում անհրաժեշտ թափառող շների, կատուների և վայրի այլ կենդանիների անասնաբուժասանիտարական անվտանգության պայմանների ապահովմամբ հեռացում, մեկուսացում կամ ոչնչացում:
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումների վերաբերյալ որոշումներ լիազոր մարմնի անունից ընդունում է լիազոր մարմնի ղեկավարը, նրա համապատասխան տեղակալը(ները), պետական վերահսկողություն իրականացնող համապատասխան ստորաբաժանման կամ տարածքային մարմնի ղեկավարները, իսկ սույն հոդվածի 2.1-ին կետով նախատեսված դեպքում՝ նաև մաքսային մարմնի ղեկավարը, նրա համապատասխան տեղակալը, մաքսային հսկողության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները ստուգման վերաբերյալ վարույթի շրջանակներում կիրառվում են օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքներով կազմված ակտի հիման վրա:
6. Սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը, անասնաբուժական (բացառությամբ կենդանիների) և բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքները, պեստիցիդները և ագրոքիմիկատները պիտանիության ժամկետի, մակնշման, պահպանման պայմանների, ինչպես նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հայտնաբերված տեխնիկական կանոնակարգերով նախատեսված պահանջներին չհամապատասխանելու դեպքերում օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում` ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (տեսուչի) գրավոր եզրակացության հիման վրա ընդունվում են ապրանքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագրեր, որոնք գործում են մինչև հայտնաբերված խախտման վերացումը:
7. Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները կարող են կիրառվել սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների հետ զուգահեռ:
(19-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-237-Ն, 06.07.22 ՀՕ-324-Ն, 15.06.23 ՀՕ-219-Ն, փոփ. 12.04.24 ՀՕ-210-Ն)
(06.07.22 ՀՕ-324-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 20. |
Լիազոր մարմնի կողմից պատասխանատվության միջոցների կիրառման կարգը |
1. Պետական վերահսկողության արդյունքում սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտների օրենսդրության պահանջների խախտման դեպքում լիազոր մարմնի ղեկավարը, նրա համապատասխան տեղակալները, ինչպես նաև լիազոր մարմնի պետական վերահսկողություն իրականացնող համապատասխան ստորաբաժանման կամ տարածքային մարմինների ղեկավարները պետք է կիրառեն պատասխանատվության միջոց կամ նախազգուշացում:
2. Պատասխանատվության միջոց կիրառելիս հաշվի են առնվում տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը սպառողների շահերի վրա, տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտների օրենսդրության պահանջների խախտումների կրկնակիությունը, տնտեսավարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսավարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը:
3. Նախազգուշացումը տրվում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտների օրենսդրության պահանջների հնարավոր խախտումները կանխելու նպատակով:
Գ Լ ՈՒ Խ 5
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ (ԱՆՁԱՆՑ), ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԱՄ ՆՐԱՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ (ԱՆՁԱՆՑ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները |
1. Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք, իսկ պետական սահմանի անցման կետերում սույն օրենքով նախատեսված սահմանային պետական վերահսկողություն իրականացնող մաքսային մարմիններն իրավունք ունեն`
1) իրենց իրավասության սահմաններում ընդունելու որոշումներ, այդ թվում` արգելելու սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական կամ բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, ինչպես նաև պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծումը, արտահանումը և տարանցիկ փոխադրումը.
2) ծառայողական պարտականությունները կատարելիս ստանալու անհրաժեշտ տեղեկություններ, բացատրություններ, փաստաթղթեր, պատճեններ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և գործին վերաբերող այլ նյութեր: Փաստաթղթերը տնտեսավարող սուբյեկտից վերցվում են հանձնման-ընդունման ակտով: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին հանձնվում է փաստաթղթի պատճենի` լիազոր մարմնի կամ մաքսային մարմնի կնիքով կամ էլեկտրոնային եղանակով հաստատված օրինակը.
3) հանձնարարություններ և առաջադրանքներ տալու տնտեսավարող սուբյեկտներին` պետական վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ, դրանց կատարման համար սահմանելով ժամկետներ` համաձայնեցված տնտեսավարող սուբյեկտի հետ.
4) ծառայողական պարտականությունների կատարման նպատակով մուտք գործելու տնտեսավարող սուբյեկտների համապատասխան շենքը (արտադրամաս, պահեստ և այլ շինություններ), այնտեղ կատարելու ստուգում, դիտարկում, մշտադիտարկում` սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտները կարգավորող օրենսդրության պահանջների կատարումը և պահպանումը պարզելու նպատակով, ինչպես նաև կենդանիների առողջության պաշտպանության նպատակով մուտք գործելու անասնապահական ֆերմաներ, կենդանիների պահման վայրեր և շինություններ, սպանդանոցներ, տեղանքներ, որտեղ աճեցվում են վայրի կենդանիներ, կենդանիների հիվանդությունների կանխարգելման, բուժման, ախտորոշման, փորձարկման, գիտահետազոտական աշխատանքի կատարման վայրեր, արոտավայրեր և ջրելատեղեր, շուկաներ և վայրեր, որտեղ անցկացվում են կենդանիների մրցույթներ կամ ցուցահանդեսներ կամ վաճառք.
5) պետական վերահսկողության ընթացքում սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումների հայտնաբերման, ինչպես նաև սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, անասնաբուժական կամ բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների վտանգավոր լինելու վերաբերյալ փաստացի հիմնավորված կասկածների դեպքում իրենց իրավասությունների շրջանակներում կիրառելու սահմանափակումներ.
6) պետական վերահսկողության ընթացքում ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար ներգրավելու փորձագետների.
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարելու նմուշների ընտրություն և նմուշառում` փորձաքննություն կամ գործերի քննություն իրականացնելու նպատակով.
8) իրենց իրավասությունների շրջանակներում իրականացնելու տրանսպորտային միջոցների, դրանցով տեղափոխվող ապրանքների զննություն` սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտները կարգավորող իրավական ակտերին դրանց համապատասխանությունը պարզելու նպատակով.
9) նախաձեռնելու կենդանիների հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումներ` իմունականխարգելումներ և քիմիականխարգելումներ, քիմիաթերապիա և իմունաթերապիա, ախտահանություն, միջատազերծում և կրծողների դեմ պայքար, ինչպես նաև հիվանդությունների տարածման վերահսկման նպատակով հիմնելու կենդանիների պաշտպանված գոտիներ.
10) սահմանային վերահսկողության ընթացքում լրացնելու և տրամադրելու անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր.
11) կազմակերպելու սպառման համար ոչ պիտանի կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման միջոցառումներ.
12) սահմանելու և վերահսկելու կենդանական ծագման կողմնակի արտադրանքի տնօրինման, պայմանական պիտանի կենդանական ծագման հումքի և մթերքի օգտագործման կամ ոչնչացման գործընթացները.
13) անասնահամաճարակային մշտադիտարկման, դիտարկման և ստուգումների ընթացքում իրականացնելու կենդանիների նախասպանդային զննում, սպանդից ստացված մսեղիքի և սպանդային այլ մթերքի հետսպանդային զննում, անասնահամաճարակային ուսումնասիրություններ և վերլուծություն, կենդանիների կլինիկական ախտորոշիչ հետազոտություններ` հիվանդության առաջացման պատճառների հայտնաբերման նպատակով.
14) իրականացնելու անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքների ստուգազննումներ` ակնադիտային զննում և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանություն.
14.1) պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցնել ամբողջ խմբաքանակի իրացումը՝ միաժամանակ կայացնելով առգրավման և ոչնչացման որոշում: Առգրավված ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին, իսկ վերջինիս կողմից ծախսերը կատարելուց հրաժարվելու պարագայում՝ լիազոր մարմնի կողմից հետագայում գանձումը դատական կարգով իրականացվելու միջոցով: Ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման կարգը սահմանում է Կառավարությունը.
15) սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
2. Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք, իսկ պետական սահմանի անցման կետերում սույն օրենքով նախատեսված սահմանային պետական վերահսկողություն իրականացնող մաքսային մարմինները պարտավոր են`
1) կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և իրավական այլ ակտերի պահանջները.
2) ապահովել մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ.
3) կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված պարտականությունները լրիվ, ճշգրիտ և ժամանակին.
4) կատարել վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով ընդունած հրամաններն ու որոշումները, տրված կարգադրություններն ու ցուցումները.
5) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկությունները, դիմումները և բողոքները քննության առնել և դրանց ընթացք տալ.
6) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները` պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու ընթացքում, այդ թվում` ծառայությունը դադարեցնելուց հետո.
7) ծառայողական պարտականությունները կատարելիս չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտների բնականոն գործունեությանը.
8) պահպանել տնտեսավարող սուբյեկտի` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներն ու շահերը.
9) տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնել իրենց իրավունքներին և պարտականություններին.
10) անասնաբուժական վերահսկողություն իրականացնելիս ունենալ նմուշային անձնական կնիք կամ էլեկտրոնային եղանակով հավաստման հնարավորություն.
11) վարակիչ հիվանդության առկայության կասկածի մասին անմիջապես ծանուցել լիազոր մարմնին.
12) անասնաբուժական վերահսկողություն իրականացնելիս աշխատանքային պարտականություններն իրականացնել համազգեստով.
13) մասնակցել որակավորման և վերապատրաստման ուսուցումներին.
14) առողջապահության մարմիններին տրամադրել պետական վերահսկողության ընթացքում մարդկանց առողջությանը վերաբերող բացահայտված խախտումների մասին համապատասխան տեղեկատվություն և աջակցել նրանց աշխատանքներին:
3. Պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի պաշտոնատար անձի անօրինական գործողությունների հետևանքով տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասը հատուցում է պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմինը` օրենքով սահմանված կարգով:
4. Պետական վերահսկողություն իրականացնող անձի (անձանց) համար սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ իրավունքներ և պարտականություններ:
(21-րդ հոդվածը լրաց., փոփ. 06.07.22 ՀՕ-324-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-86-Ն, լրաց. 12.09.23 ՀՕ-282-Ն)
(06.07.22 ՀՕ-324-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 22. |
Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց իրավունքները և պարտականությունները |
1. Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձն իրավունք ունի`
1) արգելելու պետական վերահսկողությունը (փաստաթղթեր տրամադրելը), եթե վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք խախտել են սույն օրենքի պահանջները` այդ մասին նույն օրը գրավոր ծանուցելով լիազոր մարմնին.
2) ծանոթանալու ստուգումների ակտերին.
3) ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ, հարուցելու միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու պետական վերահսկողություն իրականացնող անձանց գործողությունները.
4) պահանջելու պետական վերահսկողություն իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում.
5) չկատարելու պետական վերահսկողություն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաև ստուգման նպատակներից և ծրագրերից չբխող պահանջներ.
6) տնտեսավարող սուբյեկտի շահերի պաշտպանության նպատակով` պետական վերահսկողության ցանկացած փուլում պետական վերահսկողությանը մասնակից դարձնելու մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների:
2. Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձը պարտավոր է`
1) չխոչընդոտել պետական վերահսկողության ընթացքին, կատարել պետական վերահսկողություն իրականացնող անձանց օրինական պահանջները.
2) պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են պետական վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից), կրկնօրինակները և այլ տեղեկություններ: Պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ երեք տարուց, փաստաթղթերը վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին.
3) անհրաժեշտ պայմաններ ստեղծել պետական վերահսկողություն իրականացնող անձանց գործունեության համար.
4) սահմանված ժամկետում կատարել պետական վերահսկողության արդյունքներով հայտնաբերված խախտումների և անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ տրված հանձնարարականներն ու առաջադրանքները` այդ մասին գրավոր տեղեկացնելով պետական վերահսկողություն իրականացնող մարմնին.
5) ապահովել օրենսդրությամբ սահմանված բուսասանիտարական կանոնների և նորմերի կատարումը.
6) չխոչընդոտել լիազոր մարմնի կողմից ուսումնասիրությունների և բուսասանիտարական այլ միջոցառումների իրականացմանը.
7) բուսասանիտարական ստուգման անցկացման համար օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել փորձանմուշներ.
8) ապահովել բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վնասակար օրգանիզմների կանխարգելմանն ու վարակի օջախների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.
9) բույսեր, բուսական արտադրանք և այլ կարգավորվող առարկաներ ներմուծել, արտահանել, վերաարտահանել կամ տարանցիկ փոխադրումն իրականացնել սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան.
10) ներմուծել բուսասանիտարական հսկողության ենթակա բույսեր, բուսական արտադրանք և այլ կարգավորվող առարկաներ, արտահանող երկրի բուսասանիտարական հավաստագրի, ներմուծող սուբյեկտի բուսասանիտարական հաշվառման վկայականի կամ դրա պատճենի առկայությամբ.
11) սերմնանյութը և տնկանյութը ներմուծել նաև որակի վկայականի առկայության դեպքում.
12) ներմուծել, արտահանել, արտադրել, վերամշակել, իրացնել և տեղափոխել միայն բուսասանիտարական զննման, ստուգման կամ փորձաքննության ենթարկված բույսեր, բուսական արտադրանք և կարգավորվող առարկաներ.
13) ներմուծել, արտահանել և իրացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված, օգտագործման համար թույլատրված և պահանջվող բնութագրին համապատասխանող պեստիցիդներ և ագրոքիմիկատներ, բացառությամբ «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների և ագրոքիմիկատների.
14) պահպանել արտադրության ներմուծման և շրջանառության փուլերում պեստիցիդներին և ագրոքիմիկատներին ներկայացվող պահանջները.
15) ախտահանության, միջատազերծման և կրծողազերծման իրականացման ընթացքում օգտագործել Հայաստանի Հանրապետությունում գրանցված, օգտագործման համար թույլատրված պեստիցիդներ և ագրոքիմիկատներ, բացառությամբ «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների և ագրոքիմիկատների.
16) մարդկանց և կենդանիների առողջությանը սպառնացող վտանգի մասին անհապաղ տեղեկացնել անասնաբուժական ծառայությանը և առողջապահության ոլորտի լիազոր մարմնին:
(22-րդ հոդվածը լրաց. 15.06.23 ՀՕ-219-Ն)
Հոդված 23. |
Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) բողոքարկումը |
1. Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով` օրենքով սահմանված ժամկետում:
2. Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկումը չի հանգեցնում բողոքարկվող գործողությունների կասեցմանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
Հոդված 24. |
Սննդի օպերատորի պատասխանատվությունը վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի համար |
1. Եթե սննդի օպերատորը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված սննդամթերքը կարող է վնաս պատճառել մարդու առողջությանը, ապա նա պետք է անհապաղ տեղեկացնի լիազոր մարմնին իր ձեռնարկած միջոցառումների մասին` վերջնական սպառողի համար ռիսկը կանխարգելելու նպատակով:
2. Սննդամթերքի արտադրության և դրանք շրջանառող սննդի օպերատորը լիազոր մարմնի և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ կազմակերպում է միջոցառումներ իր առաքած սննդամթերքի հետ կապված ռիսկի կանխարգելման կամ նվազեցման ուղղությամբ:
3. Մանրածախ առևտրի կամ իրացման ոլորտներում գործունեություն իրականացնող սննդի օպերատորը կազմակերպում և իրականացնում է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների հետկանչման գործընթացը և սննդամթերքի անվտանգությունն ապահովելու նպատակով համագործակցում է արտադրողների, վերամշակողների և լիազոր մարմնի ու շահագրգիռ այլ մարմինների հետ, ինչպես նաև տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն սննդամթերքի հետագծելիության վերաբերյալ:
4. Եթե սննդի օպերատորը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ ներմուծված, արտադրված, վերամշակված, պատրաստված կամ իր վաճառած ապրանքը չի համապատասխանում անվտանգության պահանջներին, ապա նա անմիջապես սկսում է այդ սննդամթերքի` շուկայից հետկանչման գործընթացը` կատարելով հետևյալը`
1) տվյալ խմբաքանակի սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը ենթարկել առանձին հաշվառման ու պահման.
2) այդ մասին տեղեկացնել լիազոր մարմնին, տվյալ սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մատակարարին, ձեռք բերողին:
5. Եթե վտանգավոր սննդամթերքը հասել է սպառողին, ապա սննդի օպերատորը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատշաճ և արդյունավետ տեղեկացնում է սպառողներին հետկանչման պատճառների մասին` նախազգուշացնելով սպառողներին վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի ներկայացրած ռիսկերի մասին և, անհրաժեշտության դեպքում, հետ է կանչում արդեն առաքված ապրանքը, եթե անվտանգության բարձր մակարդակի ապահովման համար այլ միջոցները բավարար ազդեցություն չունեն:
6. Եթե վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերը իրացվել են սպառողներին, ապա սննդի օպերատորը պարտավոր է հետ վերցնել այդ սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բավարարել նրանց պահանջները:
7. Վտանգավոր սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութեր տնօրինողը պարտավոր է սկսել հետկանչման գործընթացն ինքնուրույն կամ լիազոր մարմնի պահանջով: Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր նյութերի հետկանչումը, փորձաքննությունը, փոխադրումը, պահումը, օգտահանումը կամ ոչնչացումը կատարվում են տվյալ ապրանքը տնօրինողի միջոցների հաշվին:
8. Լիազոր մարմինն իրականացնում է հայտնաբերված վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր ամբողջ խմբաքանակի` շուկայից հետկանչման գործընթացի վերահսկողությունը և դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի և աստիճանի վերլուծությունը, ինչպես նաև այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է ազգաբնակչությանը:
8. Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի խմբաքանակը ենթակա է առանձին հաշվառման ու պահման` հետագայում Կառավարության սահմանած կարգով օգտահանելու կամ ոչնչացնելու համար:
9. Տնտեսավարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում արտադրության և վերամշակման փուլերում վտանգավոր սննդամթերք թողարկելու համար: Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի հետկանչումը, փորձաքննությունը, փոխադրումը, վերաարտահանումը, պահումը, օգտահանումը կամ ոչնչացումը, վտանգի աղբյուրի վերացումը կատարվում են Կառավարության սահմանած կարգով:
(24-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-284-Ն)
Հոդված 25. |
Արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կասեցումը |
1. Արտադրության կամ վերամշակման փուլերում սննդամթերքի հիգիենային ներկայացվող առանձնակի և (կամ) արտադրության սանիտարահիգիենիկ պահանջների խախտում կամ անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում անմիջապես կասեցվում են արտադրական գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները, և տնտեսավարող սուբյեկտին տրվում են հանձնարարականներ ու ցուցումներ` խախտումը, անհամապատասխանությունը կամ վտանգի աղբյուրը վերացնելու համար:
2. Արտադրության կամ վերամշակման փուլերում վտանգավոր սննդամթերքի թողարկում հայտնաբերելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կասեցվում են խախտումը հայտնաբերած տեսչի եզրակացության և լաբորատոր հետազոտության արդյունքների հիման վրա:
3. Արտադրական գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կասեցվում են լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ` պետական վերահսկողությունն իրականացնող պաշտոնատար անձի եզրակացության հիման վրա:
4. Կասեցումը վերացնելու հարցը լուծվում է լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքներով:
Գ Լ ՈՒ Խ 6
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 26. |
Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի նմուշառման և լաբորատոր փորձարկման մեթոդները |
1. Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի պետական վերահսկողության շրջանակում իրականացվող նմուշառման և լաբորատոր փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային ստանդարտներին և ուղեցույցներին:
2. Նմուշառման և լաբորատոր փորձարկման մեթոդները բնութագրվում են հետևյալ չափանիշներով`
1) ճշգրտություն.
2) կիրառելիություն.
3) բացահայտման սահմանի առկայություն.
4) հատկորոշման սահմանի առկայություն.
5) հստակություն.
6) կրկնելիություն.
7) վերարտադրողականություն.
8) վերականգնում.
9) ընտրողականություն.
10) զգայունություն.
11) գծայնություն.
12) չափագրումների անճշտություն.
13) այլ չափանիշներ (պահանջ առաջանալու դեպքում` ընտրված չափանիշներ):
3. Նմուշառման և լաբորատոր փորձարկման մեթոդները, դրանց կատարողականի չափանիշները, չափումների ճշգրտությունը և միասնականությունը կարող են օգտագործվել վեճերի լուծման համար:
4. Նմուշառումն իրականացվում է համաձայն Կառավարության հաստատած կարգի:
(26-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-284-Ն)
Հոդված 27. |
Փորձարկման արձանագրությունը |
1. Լաբորատոր փորձաքննությունները և դրանց արդյունքների վերաբերյալ եզրակացության տրամադրումն իրականացվում են լիազոր մարմնի միջոցով: Եզրակացությունը պետք է ներառի անհամապատասխանությունը նորմատիվ փաստաթղթերին, ինչպես նաև օգտահանման հնարավորությունը կամ ոչնչացումը:
2. Լաբորատոր փորձաքննության արդյունքների վիճարկման դեպքում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի տված արձանագրությունը համարվում է վերջնական:
Ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիաները |
1. Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիան նշանակվում է պետական լաբորատորիա՝ Կառավարության սահմանած կարգով:
2. Ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիան պետք է`
1) իր լիազորությունների սահմաններում` համարգործակցի փորձարկման այլ լաբորատորիայի կամ լաբորատորիաների հետ.
2) իր լիազորությունների սահմաններում` նմուշների փորձարկման և արդյունքների վերլուծության համար համակարգի փորձարկման այլ լաբորատորիայի գործունեությունը.
3) ըստ պահանջի, իրականացնի նմուշների համեմատական փորձարկումների կազմակերպում փորձարկում իրականացնող լաբորատորիաների միջև և համեմատական փորձարկումների կատարման ժամկետների հսկողություն.
4) իրականացնի գործունեության արդյունքում ստացվող տեղեկատվության դասակարգում և գործունեության էլեկտրոնային համակարգի ստեղծում և վարում.
5) իրականացնի լիազոր մարմնին և փորձարկման այլ լաբորատորիաներին տեղեկատվության տրամադրում.
6) իրականացնի լիազոր մարմնին գիտական և տեխնիկական աջակցության ապահովում:
3. Ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիան`
1) համակարգում է ախտորոշման և անվտանգության բացահայտմանն ուղղված փորձաքննությունների իրականացման գիտահետազոտական նոր մեթոդները.
2) կիրառում է միջազգային ընդունված չափորոշիչներ և մեթոդներ, ապահովում դրանց ներդրման գործընթացը.
3) կատարում է լաբորատոր հետազոտությունների վիճարկելի արդյունքների պաշտոնական հաստատումը կամ հերքումը.
4) իրականացնում է լաբորատորիաների մեթոդական ղեկավարում և հսկողություն`
ա. ստանդարտների և հետազոտման մեթոդների կիրառման համակարգում,
բ. հետազոտությունների որակի հավաստման համար,
գ. ստանդարտ մեթոդների կիրառման հավաստմամբ` կենդանիների հիվանդությունների ախտորոշման, կենդանական ծագման հումքի և մթերքի, կերատեսակների, անասնաբուժական դեղամիջոցների անվտանգության ապահովման նպատակով,
դ. ստանդարտ հետազոտական նյութերի և ստանդարտ նմուշների ապահովման գործում,
ե. տեխնիկական աջակցության հարցում,
զ. այլ լաբորատորիաների կողմից ստացված արդյունքների վերաբերյալ ընտրողական հետազոտությունների միջոցով,
է. երկրի լաբորատորիաների համար միջլաբորատոր ուսումնասիրությունների նախապատրաստում և կազմակերպում, միջազգային և միջպետական համագործակցության շրջանակներում հետազոտական լաբորատոր հետազոտություններին և ուսումնասիրություններին մասնակցություն,
ը. անասնաբուժական լաբորատորիաների աշխատակազմի որակավորման և որակավորման բարելավման դասընթացների հարցերում.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
4. Ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիան համագործակցում է միջազգային և տարածաշրջանային փորձարկման այլ ռեֆերենս լաբորատորիաների հետ:
(28-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-284-Ն, լրաց. 25.10.23 ՀՕ-330-Ն)
(25.10.23 ՀՕ-330-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 7
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 29. |
Օրենքի խախտման համար պատասխանատվությունը |
1. Սույն օրենքի պահանջները խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:
Հոդված 30. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում Կառավարության կողմից սահմանված կարգով ազգային ռեֆերենս լաբորատորիայի նշանակման պահից։
(30-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-284-Ն, լրաց. 07.07.22 ՀՕ-308-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. հուլիսի 22 Երևան ՀՕ-143-Ն |
Հավելված 1 «Սննդամթերքի անվտանգության պետական |
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐԻ ՏԱՐԱԾՔԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՄԲ, ՓՈԽԱԴՐՄԱՄԲ ԵՎ/ԿԱՄ ՊԱՀՊԱՆՄԱՄԲ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՄԲ, ՓՈԽԱԴՐՄԱՄԲ ԵՎ/ԿԱՄ ՊԱՀՊԱՆՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 06.07.22 ՀՕ-324-Ն)
Հավելված 2 «Սննդամթերքի անվտանգության պետական |
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 06.07.22 ՀՕ-324-Ն)
Հավելված 3 «Սննդամթերքի անվտանգության պետական |
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԱՆՏԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ)
(հավելվածն ուժը կորցրել է 06.07.22 ՀՕ-324-Ն)
Հավելված 4 «Սննդամթերքի անվտանգության պետական |
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԿԱՐԱՆՏԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ)
(հավելվածն ուժը կորցրել է 06.07.22 ՀՕ-324-Ն)