ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2023 թվականի N 2118-Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 338-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մաքսային փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2118-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԱՔՍԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային փորձաքննություններ իրականացնելու նպատակով կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) կողմից հավատարմագրման հետ կապված հարաբերությունները։
2. Կոմիտեն մաքսային փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների հավատարմագրումն իրականացնում է յուրաքանչյուր տարվա համար։
3. Մաքսային փորձաքննությունների հավատարմագրման նպատակով կոմիտեում գործում է հայտերի ուսումնասիրության հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով), որի կազմը հաստատվում է կոմիտեի ղեկավարի հրամանով։
4. Մաքսային փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման նպատակով հանձնաժողովը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 15-ը կոմիտեի կայքում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am) տեղադրում է հավատարմագրման նպատակով համապատասխան հայտարարություն։
5. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված հայտարարության հետ մեկտեղ՝ հանձնաժողովի կողմից ներկայացվում են նաև հավատարմագրման չափանիշները, կազմակերպությունների կողմից ներկայացման ենթակա փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, ինչպես նաև կոմիտեի կողմից գնային առաջարկի վերաբերյալ տեղեկությունները։
6. Հավատարմագրման նպատակով կազմակերպությունները կոմիտե են ներկայացնում համապատասխան հայտ՝ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված հայտարարության տեղադրումից հետո մեկամսյա ժամկետում։
7. Հավատարմագրման նպատակով կազմակերպությունների կողմից հայտերը ստանալուց հետո հանձնաժողովն այն ուսումնասիրում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։
8. Մաքսային փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունները կոմիտեի կողմից հավատարմագրման նպատակով փորձաքննության համապատասխան տեսակի իրականացման համար օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներից բացի պետք է բավարարեն նաև հետևյալ չափանիշներին՝
1) փորձաքննության՝ տվյալ տեսակի իրականացման ծառայությունների մատուցման գործունեության իրականացում՝ համապատասխան հայտի ներկայացման օրվան նախորդող երկու օրացուցային տարվա ընթացքում․
2) փորձաքննություն իրականացնող կազմակերպության աշխատակից հանդիսացող և մաքսային մարմինների կողմից սահմանված նպատակներով փորձաքննություն իրականացնող փորձագետները՝ համապատասխան հայտի ներկայացման օրվան նախորդող երկու օրացուցային տարվա ընթացքում չեն ենթարկվել վարչական կամ քրեական պատասխանատվության փորձաքննության՝ տվյալ տեսակի համար օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման կամ կեղծ փորձագիտական եզրակացությունների տրամադրման համար․
3) մաքսային փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական կամ տեխնոլոգիական համապատասխան հագեցվածության առկայություն.
4) շարժական գույքի վնասներ գնահատող փորձագետները պետք է բավարարեն Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի կողմից սահմանված կանոններին։
9. Փորձաքննության ծառայություններ իրականացնող և կոմիտեի կողմից հայտարարված հավատարմագրման գործընթացի մասնակից կազմակերպությունները, հայտի հետ մեկտեղ, կոմիտե են ներկայացնում նաև սույն կարգով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ փաստաթղթերն ու տեղեկությունները, ինչպես նաև իրենց կողմից մատուցվող փորձագիտական ծառայությունների ցանկն ու սակագները, մաքսային մարմինների սահմանած նպատակներով փորձաքննություններ իրականացնող կազմակերպության փորձագետների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝ անուն, ազգանուն, հայրանուն, զբաղեցրած պաշտոն, անձը հաստատող փաստաթղթի համարը, փորձագետների մասնագիտական որակավորումը հաստատող վկայականներ կամ դրանց փոխարինող այլ փաստաթղթեր։
10. Հանձնաժողովի կողմից սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշի ստուգման նպատակով հարցում է ուղարկվում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն՝ սույն կարգի 9-րդ ենթակետով նախատեսված անձանց՝ պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքի ստուգման նպատակով։
11. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը սույն կարգի 10-րդ կետով նախատեսված հարցումը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովին է տրամադրում հարցման վերաբերյալ պատասխանը։
12. Հանձնաժողովի կողմից սույն կարգի 7-րդ կետին համապատասխան իրականացվող ուսումնասիրության արդյունքներով գնահատվում են հայտ ներկայացրած կազմակերպությունների համապատասխանությունը սույն կարգի 8-րդ կետով նախատեսված չափանիշներին, և հայտի մերժման համար՝ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում համապատասխան չափանիշներին բավարարող կազմակերպությունների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի կողմից կազմվող արձանագրությամբ։
13. Հանձնաժողովը մերժում է կազմակերպությունների կողմից ներկայացված հայտը, եթե՝
1) կազմակերպությունների կողմից չեն ներկայացվել սույն կարգով նախատեսված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները․
2) կազմակերպությունները չեն բավարարում սույն կարգի 8-րդ կետով նախատեսված չափանիշներին։
14. Հանձնաժողովը սույն կարգի 13-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում հայտի մերժման վերաբերյալ տեղեկատվությունը սույն կարգի 7-րդ կետով նախատեսված ժամկետում տրամադրում է հայտ ներկայացրած կազմակերպությանը։
15. Հանձնաժողովի կողմից սույն կարգի 12-րդ կետով նախատեսված արձանագրության կազմումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է կազմակերպությունների հավատարմագրումը կոմիտեի կողմից՝ կոմիտեի ղեկավարի հրամանով։
16. Կոմիտեի կողմից հավատարմագրված՝ մաքսային փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների ցանկը հրապարակվում է կոմիտեի պաշտոնական կայքում՝ հավատարմագրումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։
17. Սույն կարգին համապատասխան հավատարմագրված՝ մաքսային փորձաքննությունների իրականացման ծառայություններ մատուցող կազմակերպությունների փորձագետների կողմից իրականացված փորձաքննության արդյունքները պետք է արտացոլեն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի առաջին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունները։
18. Կոմիտեի կողմից հավատարմագրված մաքսային փորձաքննություններ իրականացնող կազմակերպությունների կողմից սույն կարգով հավատարմագրման համար հիմք հանդիսացած պահանջների չպահպանման կամ փաստերի կեղծման հանգամանքների բացահայտման դեպքում, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» օրենքով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում կազմակերպության հավատարմագրումը դադարում է՝ հանձնաժողովի կողմից տրամադրված եզրակացության հիման վրա՝ կոմիտեի ղեկավարի հրամանով։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
07.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական: