Գլխավոր տեղեկություն
Номер
հ. 3131-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.08.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
30.08.2022
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
30.08.2022
Дата вступления в силу
31.08.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

30 օգոստոսի 2022 թ.

հ. 3131-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի Հ.1704-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ, 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի Հ.2593-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ կետերով, 3-րդ մասով.

1. Երևանի քաղաքապետի 2015 թվականի հունիսի 4-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունները հաստատելու, Երևանի քաղաքապետի 2013 թվականի դեկտեմբերի 3-ի հ.6133-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և Երևանի քաղաքապետի 2011 թվականի հունիսի 29-ի հ.2808-Ա, 2012 թվականի մայիսի 24-ի հ.4141-Ա, 2013 թվականի օգոստոսի 5-ի հ.3949-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» հ.1704-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 15-րդ և 26-րդ ենթակետերը.

2) որոշման 1-ին կետը լրացնել 7.1 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.

«7.1 Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչություն» (հավելված 7.1):

2. Երևանի քաղաքապետի 2020 թվականի օգոստոսի 25-ի «Երևանի քաղաքապետի 2009 թվականի հուլիսի 29-ի հ.7149-Ա, 2013 թվականի դեկտեմբերի 3-ի հ.6133-Ա, 2017 թվականի հուլիսի 11-ի հ.2359-Ա և 2019 թվականի սեպտեմբերի 20-ի հ.3405-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» հ.2593-Ա որոշման 2-րդ կետից հանել «և վարչության կանոնադրությունը» բառերը և ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կանոնադրությունը:

3. Հաստատել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

 

Հր. ՍարգսՅԱՆ

 

 

Հավելված N

Երևանի քաղաքապետի

2022թ. օգոստոսի 30-ի

հ. 3131-Ա որոշման

 

 

Հավելված հ. 7.1

Երևանի քաղաքապետի

2015 թվականի հունիսի 4-ի

Հ. 1704-Ա որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ քաղաքապետարան) աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանում է և ենթարկվում է Երևանի քաղաքապետին։

2. Վարչության աշխատանքների համակարգումը Երևանի քաղաքապետի կողմից կարող է հանձնարարվել քաղաքապետի տեղակալներից մեկին։

3. Վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Երևանի ավագանու որոշումներով և Երևանի քաղաքապետի իրավական ակտերով, քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով։

4. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Երևան քաղաքի բյուջեից։

5. Վարչությունը կարող է ունենալ Երևանի զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր։

6. Վարչության կազմում գործում է 2 բաժին.

1) Երեխաների պաշտպանության,

2) Սոցիալական պաշտպանության։

 

2. Վարչության նպատակը, խնդիրները և հիմնական գործառույթները

 

7. Վարչության նպատակը երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։

8. Վարչությունն օրենքով սահմանված կարգով լուծում է իր առջև դրված հետևյալ խնդիրները՝

1) Երևան քաղաքում իրականացնում է երեխաների և սոցիալական պաշտպանությանն ուղղված քաղաքականության իրականացման ապահովումը,

2) աջակցում է Երևան քաղաքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների պաշտպանության ապահովմանը,

3) Երևան քաղաքում ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների իրացման համար օրենքներով սահմանված սկզբունքների կիրառման արդյունավետությունը,

4) երեխայի և սոցիալական պաշտպանության նպատակով ներգրավում է միջազգային, հասարակական և բարեգործական կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական անձանց՝ համագործակցության և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության համար։

9. Վարչության գործառույթները բխում են երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում օրենսգրքերով, օրենքներով և այլ իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և ուղղված են դրանց արդյունավետ իրականացմանը։ Վարչությունը Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության քաղաքականությունն իրականացնելիս համագործակցում է պետական մարմինների, միջազգային, հասարակական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ։

10. Վարչությունը, համայնքի իրավասությունների շրջանակներում իր նպատակին ու խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) ապահովում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության քաղաքականության իրականացումը, Երևանի քաղաքապետին է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման ուղղությամբ,

2) աջակցում է Երևան քաղաքում երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանությանը,

3) մշակում և իրականացնում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնությանն ուղղված ծրագրեր,

4) երեխայի նկատմամբ բռնության, մարդու կամ երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման, ընտանիքում բռնության դեպքերի հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ համագործակցում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է ուղղորդում,

5) համագործակցում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում ծրագրեր իրականացնող, ինչպես նաև ծառայություններ մատուցող հաստատությունների և կազմակերպությունների հետ և աջակցում դրանց գործունեությանը,

6) իրականացնում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառում ծրագրերի մշտադիտարկումը, գնահատումը, հավաքագրում, ինչպես նաև վերլուծում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառի խնդիրները, որոնց հիման վրա մշակում և իրականացնում է տեղական սոցիալական ծրագրեր,

7) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով՝ մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը,

8) քաղաքապետարանի, ինչպես նաև քաղաքապետարանի համագործակցությամբ այլ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող սոցիալական ծրագրերի նկատմամբ իրականացնում է մշտադիտարկում, գնահատում սոցիալական ծրագրերի արդյունավետությունը և դրա հիման վրա առաջարկություն ներկայացնում այդ ծրագրերի շարունակելիության, փոփոխման, լրացման կամ դադարեցման վերաբերյալ,

9) իր իրավասության սահմաններում մասնակցում է Երևան քաղաքի երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառի բյուջեի մշակմանը,

10) Երևանի քաղաքապետի կամ համապատասխան տեղակալի հանձնարարությամբ մասնակցում է քաղաքապետարանի աշխատակազմի ռազմավարական, կազմակերպական և մասնագիտական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը, ինչպես նաև առկա խնդիրներին տալիս համապատասխան լուծումներ,

11) աջակցում է Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժինների (այսուհետ՝ վարչական շրջանի բաժիններ), ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների մեթոդական և մասնագիտական գործունեությանը,

12) ապահովում է սոցիալական պաշտպանության բնագավառում պետության կողմից պատվիրակված ծառայությունները և իրականացնում հսկողություն ու մշտադիտարկում օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով,

13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ վերապահված այլ լիազորություններ։

11. Երեխաների պաշտպանության բաժինը, Վարչության նպատակին ու խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) աջակցում է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը,

2) երեխայի նկատմամբ բռնության դեպքերի հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ համագործակցում է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում բռնության ենթարկված երեխային կամ դեպքը,

3) վարում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների տեղեկատվական համակարգը, համագործակցում է նմանատիպ այլ համակարգեր սպասարկող կազմակերպությունների հետ,

4) իրականացնում է որդեգրման ենթակա երեխաների հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,

5) Երևան քաղաքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից երեխայի որդեգրման գործընթացում իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորությունները,

6) Երևան քաղաքում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնելու դեպքում իրականացնում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված լիազորությունները,

7) ոստիկանության անչափահասների գործերով զբաղվող ծառայությունների հետ համատեղ քննարկում է մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, հանցագործություն կատարած, ինչպես նաև հանցագործությունից տուժած երեխաների տեղավորման խնդիրները,

8) աջակցում է Երևան քաղաքում թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխաների պաշտպանության և կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխային կամ դեպքը,

9) երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովին է ներկայացնում բաժնի գործունեության մասին տարեկան հաշվետվություն,

10) իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառում, խնամքի տրամադրման վերաբերյալ կատարում ուսումնասիրություն և տրամադրում համապատասխան եզրակացություն, ինչպես նաև իրականացնում է օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ,

11) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջնորդության հիման վրա կազմակերպում է առանց ուղեկցողի և ընտանիքից անջատված անչափահաս ապաստան հայցողների տեղավորումն ու խնամքը,

12) վարչական շրջանի բաժինների միջոցով իրականացնում է խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում բնակվող երեխայի խնամքի և դաստիարակության նկատմամբ վերահսկողություն,

13) վարչական շրջանի բաժինների միջոցով աջակցում է երեխաների ծննդյան վկայականների ձեռքբերմանը՝ դրանց բացակայության դեպքերում,

14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ։

12. Սոցիալական պաշտպանության բաժինը, Վարչության նպատակին ու խնդիրներին համապատասխան, իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը,

2) հայտնաբերում է սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին,

3) սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց և ընտանիքներին՝ դժվարություններ հաղթահարելու իրենց կարողությունները զարգացնելու, ինչպես նաև կարիքների բավարարման նպատակով՝ մշակում և իրականացնում է սոցիալական ծրագիր,

4) աջակցում է համայնքում ծնելիության և բազմազավակության խթանմանը,

5) մշակում և իրականացնում է պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի կամ նրա ընտանիքի, ինչպես նաև մեծ Հայրենական մեծ պատերազմի մասնակցի և նրան հավասարեցված անձանց համար սոցիալական աջակցության ծրագրեր,

6) աջակցում է Երևան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակական կյանքին մասնակցության խթանմանը, ինչպես նաև իրականացնում է համապատասխան ծրագրեր հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովելու ուղղությամբ,

7) միջոցառումներ է ձեռնարկում Երևան քաղաքում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման պետական քաղաքականության իրագործման ուղղությամբ,

8) աջակցում է Երևան քաղաքում ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում բռնության կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում ընտանիքում բռնության ենթարկված անձին կամ դեպքը,

9) աջակցում է Երևան քաղաքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց պաշտպանության և մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման կանխարգելման նպատակով իրականացվող ծրագրերին, ըստ անհրաժեշտության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում ուղղորդում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձին կամ դեպքը,

10) աջակցում է Երևան քաղաքում փախստականների ինտեգրմանը,

11) կազմակերպում է քաղաքային սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը,

12) ապահովում է Երևան քաղաքում բարեգործական ծրագրեր իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հետ սոցիալական գործընկերությունը,

13) Երևանի ավագանու հաստատված կարգի համաձայն իրականացնում է կամավոր խնդիրների լուծման նպատակով սոցիալական աջակցության ծրագրեր,

14) հավաքագրում և վերլուծում է Երևան քաղաքում սոցիալական պաշտպանության բնագավառի խնդիրները, որոնց հիման վրա մշակում և իրականացնում է տեղական սոցիալական ծրագրեր,

15) կազմակերպում է սոցիալական պաշտպանության բնագավառում Երևանի քաղաքապետին կից ստեղծված հանձնաժողովների և խորհուրդների աշխատանքները՝ օրենքով սահմանված կարգով,

16) համայնքի սոցիալական աշխատողի միջոցով իրականացնում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորություններ,

17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ։

 

3. Վարչության աշխատանքների կազմակերպումը

 

13. Վարչության կառուցվածքը և հաստիքները Երևանի քաղաքապետի ներկայացմամբ հաստատում է Երևան քաղաքի ավագանին։

14. Վարչության պետին և ծառայողներին աշխատանքի նշանակում և ազատում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով լիազորված պաշտոնատար անձը։

15. Վարչության գործունեությունը ղեկավարում է Վարչության պետը և կրում պատասխանատվություն Վարչության գործունեության համար։

16. Վարչության պետի, Վարչության բաժնի պետերի, Վարչության բաժնի մասնագետների իրավունքները և պարտականությունները «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով սահմանվում են տվյալ համայնքային ծառայողի պաշտոնի անձնագրով։

17. Վարչության պետի բացակայության ժամանակ նրա պարտականությունների ստանձնման հարցը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

18. Վարչության պետը.

1) ապահովում է Վարչության իրավասությանը վերաբերող օրենքների և այլ իրավական ակտերի, երեխաների և սոցիալական պաշտպանության բնագավառի կառավարման պետական լիազոր մարմինների, Երևանի քաղաքապետի և Վարչության աշխատանքները համակարգող քաղաքապետարանի պաշտոնատար անձի հանձնարարությունների և ցուցումների կատարումը,

2) հսկողություն է իրականացնում Վարչության իրավասությանը վերաբերող որոշումների ու կարգադրությունների կատարման նկատմամբ,

3) Վարչության բաժինների պետերի և Վարչության մյուս ծառայողների միջև կատարում է գործառույթների և պարտականությունների բաշխում, ծառայողներին տալիս է պարտադիր կատարման ծառայողական ցուցումներ և հանձնարարություններ,

4) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում Վարչության ծառայողներին խրախուսելու, ինչպես նաև առաջխաղացման կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ,

5) ներկայացնում է Վարչությունն այլ մարմինների և կազմակերպությունների, քաղաքապետարանի ստորաբաժանումների հետ փոխհարաբերություններում,

6) ստորագրում է Վարչության անունից տրվող փաստաթղթերը, ըստ անհրաժեշտության նշագրում է Երևանի քաղաքապետի որոշումների և կարգադրությունների նախագծերը,

7) Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,

8) համակարգում և ղեկավարում է Վարչության աշխատանքները,

9) մասնակցում է Երևան քաղաքում երեխաների և սոցիալական պաշտպանության հարցերի քննարկմանը և քաղաքականության ձևավորմանը,

10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժ/պ

 Ս. Մեջլումյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան