ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2023 թվականի N 98-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1667-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգը հաստատելու մասին» N 1667-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման հավելվածի 18-րդ կետը տարածվում է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների վրա։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
26.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի հունվարի 26-ի N 98-Ն որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն)՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից, հերթական ատեստավորման (այսուհետ` ատեստավորում) ենթակա ուսուցչի վերապատրաստման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Ուսուցչի վերապատրաստումը (այսուհետ՝ վերապատրաստում) երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունում (այսուհետ՝ վերապատրաստող կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին, ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատման (այսուհետ՝ կարիքի գնահատում) արդյունքներին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների և ունակությունների՝ ուսուցչի կողմից յուրացման և կատարելագործման գործընթաց է:
3. Մասնագիտական զարգացման կարիքն ուսուցչի փաստացի մասնագիտական գիտելիքների և ունակությունների ու նրա կողմից գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական կարողությունների ու հմտությունների միջև գնահատման արդյունքում բացահայտված տարբերությունն է:
4. Ուսուցչի մասնագիտական զարգացման շրջափուլը տևում է հինգ տարի:
5. Յուրաքանչյուր տարի ուսուցիչը, ըստ իր մոտ բացահայտված մասնագիտական զարգացման կարիքի, մասնակցում է վերապատրաստումների: Վերապատրաստումների արդյունքում անհրաժեշտ չափով կրեդիտներ հավաքելուց հետո ուսուցիչն ատեստավորվում է:
6. Ուսուցիչն ատեստավորման համար պահանջվող կրեդիտները, նախարարության սահմանած ընթացակարգին համապատասխան, կարող է հավաքել առավելագույնը մեկ շրջափուլի ընթացքում։ Եթե ուսուցիչն ատեստավորման համար պահանջվող կրեդիտները հավաքում է մինչև ատեստավորման շրջափուլի ավարտը, ապա կարող է ատեստավորվել նույն տարվա ընթացքում։
7. Հնգամյա շրջափուլի ընթացքում տվյալ տարվա, բացառությամբ շրջափուլի 5-րդ տարվա, վերապատրաստումներից կրեդիտներ չհավաքելու և սույն կարգի 31-րդ կետով սահմանված դեպքերում ուսուցչին տրվում է հնարավորություն լրացնել դրանք հաջորդ տարի: Հաջորդ տարի սույն կետում նշված կրեդիտները չհավաքելու դեպքում ուսուցիչը համարվում է չատեստավորված։
8. Վերապատրաստումը երաշխավորված վերապատրաստող կազմակերպության կողմից մշակվող և իրականացվող, ուսուցիչների մասնագիտական զարգացմանը նպատակաուղղված, վերապատրաստումների ծրագրին և մասնագիտական զարգացման բացահայտված կարիքներին համապատասխան՝ ուսումնական պարապմունքների ձևով իրականացվող դասընթաց է (այսուհետ՝ կազմակերպության դասընթաց): Վերապատրաստումն իրականացվում է նաև որպես նախարարության կողմից երաշխավորված դասընթաց (այսուհետ՝ դասընթաց):
9. Կազմակերպության դասընթացը մշակվում է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպության կողմից և իրականացվում է նախարարության սահմանած ժամկետում՝ առկա, հեռավար կամ համակցված եղանակով՝ ուսումնական հաստատության միջոցների հաշվին։ Վերապատրաստող կազմակերպությունն ընտրում է ուսուցիչը:
10. Առկա եղանակով վերապատրաստումն իրականացվում է կազմակերպության կողմից ընտրված, վերապատրաստման համար կահավորված տարածքում՝ նախարարության սահմանած վերապատրաստման ժամանակացույցին համապատասխան։ Առկա եղանակով վերապատրաստման ծրագրի յուրաքանչյուր բաժնի ավարտին իրականացվում է վերապատրաստվողների գիտելիքների և հմտությունների գնահատում՝ դրա համար կահավորված լսարանում։
11. Հեռավար եղանակով վերապատրաստումն իրականացվում է նախարարության կողմից երաշխավորված ուսուցման կառավարման համակարգերից (LMS) մեկում` ուսուցման համաժամանակյա և տարաժամանակյա մեթոդների համադրմամբ, վերապատրաստման ժամանակացույցին համապատասխան։ Հեռավար եղանակով վերապատրաստման ծրագրի յուրաքանչյուր բաժնի ավարտին իրականացվում է վերապատրաստվողների գիտելիքների և հմտությունների գնահատում, որի արդյունքներն արխիվացվում են, և ապահովվում է հասանելիություն դրանց մշտադիտարկման համար։
12. Համակցված եղանակով վերապատրաստումն իրականացվում է առկա և հեռավար եղանակների համադրմամբ։
13. Դասընթացը տեղական կամ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող և նախարարության կողմից երաշխավորված գործընթաց է, որն իրականացվում է առկա կամ հեռավար եղանակով, վճարովի կամ անվճար ձևով:
14. Ուսումնական հաստատության ուսուցչի վերապատրաստման գործընթացի նախապատրաստման պատասխանատուն տվյալ հաստատության տնօրենն է (այսուհետ` տնօրեն):
15. Ուսուցչի վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն վերապատրաստող կազմակերպությունն է, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանով հաստատված` ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգով սահմանված չափանիշներին:
16. Եթե վերապատրաստման դասընթացը համընկնում է ուսուցչի պաշտոնական պարտականությունների կատարման հետ, և վերապատրաստման իրականացման ձևաչափը պահանջում է ուսուցչի ֆիզիկական կամ հեռավար ներկայություն, ապա վերջինս ազատվում է իր պաշտոնական պարտականությունների կատարումից (այդ թվում՝ այլ ուսումնական հաստատությունում համատեղությամբ աշխատելու դեպքում)՝ վարձատրության պահպանմամբ:
2. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
17. Յուրաքանչյուր տարի սեպտեմբերին մեկնարկում է ուսուցիչների մասնագիտական զարգացման կարիքների գնահատման գործընթացը, որը պարունակում է երեք բաղադրիչ՝
1) ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի ինքնագնահատում.
2) մասնագիտական զարգացման կարիքի գնահատում ուսումնական հաստատության առարկայական մեթոդական միավորման և մանկավարժական խորհրդի կողմից.
3) ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի արտաքին գնահատում և առկա տվյալներ (օրինակ՝ կամավոր ատեստավորման, տեսչական ստուգման արդյունքներով):
18. Կամավոր ատեստավորումը հանդիսանում է ուսուցչի առարկայական գիտելիքի իմացության զարգացման կարիքի գնահատման ձև:
19. Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատումը կարող է վերանայվել յուրաքանչյուր տարի՝ ուսուցչի նախաձեռնությամբ կամ կրթական քաղաքականության փոփոխության, լրացման արդյունքում:
20. Եթե արտաքին գնահատման ժամանակ արձանագրվել է ուսուցչի մասնագիտական զարգացման կարիք, ապա տվյալ ուսուցչի վերապատրաստումն առաջնահերթ իրականացվում է այդ ուղղությամբ: Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացնում է տվյալ առարկայի գծով մանկավարժի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատությունը:
21. Եթե արտաքին գնահատման արդյունքում ուսուցչի մասնագիտական զարգացման հստակ կարիք արձանագրված չէ, կամ արտաքին գնահատում չի իրականացվել, տվյալ ուսուցչի վերապատրաստման ուղղությունները սահմանելիս դիտարկվում են միայն սույն հավելվածի 17-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված կարիքները:
22. Սույն հավելվածի 17-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված՝ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատման արդյունքում բացահայտված կարիքի միջև առկա հակասությունների դեպքում տվյալ ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը կարող է որոշվել արտաքին գնահատման գործառույթ ունեցող կառույցի կողմից՝ դասալսման արդյունքում:
23. Սույն հավելվածի 17-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատմանը մասնակցում է ուսումնական հաստատության տնօրենը, տնօրենի տեղակալը, մեթոդմիավորման նախագահը (առկայության դեպքում), որոնք կարիքը պարտադիր գնահատողներն են, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառության ուղղությամբ կարիքի գնահատմանը կարող է մասնակցել հաստատության օպերատորը կամ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի մարզային համակարգողը, իսկ ներառականության ապահովման ուղղությամբ կարիքի գնահատմանը՝ Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի ներկայացուցիչը (հաստատությունում համապատասխան մասնագետի բացակայության դեպքում): Կարիքի գնահատման մասնակիցների ստորագրությամբ կազմվում է եզրակացություն՝ նշելով բացահայտված կարիքը, որով ուսուցիչը ենթակա է վերապատրաստման:
24. Տնօրենը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ ատեստավորման ենթակա ուսուցիչների անձնական գործերում, մինչև փետրվարի 1-ը կատարում է համապատասխան նշում՝ «ենթակա է ատեստավորման»։
25. Նույն առարկան այլ հաստատությունում համատեղությամբ կնքված աշխատանքային պայմանագրով դասավանդող ուսուցիչն ատեստավորման է ներկայացվում հիմնական աշխատավայրից:
26. Եթե ուսուցիչն այլ հաստատությունում համատեղությամբ կնքված պայմանագրով դասավանդում է հիմնական աշխատավայրում դասավանդվող առարկայից տարբերվող առարկա, ապա ատեստավորման է ներկայացվում ինչպես հիմնական աշխատավայրից, այնպես էլ այն հաստատությունից, որտեղ հանդիսանում է համատեղությամբ աշխատող։
27. Ուսուցիչների առկա և հեռավար վերապատրաստման դասընթացների մոդուլները մշակում են վերապատրաստող կազմակերպությունները` նախարարության սահմանած մոդուլի կառուցվածքին համապատասխան, վերապատրաստման չափորոշչի և ծրագրի հիման վրա և ներկայացնում են նախարարի հաստատմանը:
28. Կազմակերպության դասընթացներն սկսվում են կազմակերպության վերապատրաստման մոդուլը նախարարի կողմից հաստատվելուց և վերապատրաստող կազմակերպությունների ցանկի հրապարակումից ոչ շուտ, քան 10 աշխատանքային օր հետո:
29. Դասընթացները կարող են իրականացվել ինչպես ցանկի հրապարակումից հետո, այնպես էլ հերթական ատեստավորման համար սահմանված ժամկետից առաջ՝ մեկ տարվա ընթացքում:
30. Յուրաքանչյուր կազմակերպություն կազմում է վերապատրաստում իրականացնելու ժամանակացույց՝ կախված հայտերի թվից: Վերապատրաստումն ավարտվում է ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը:
31. Անհաղթահարելի ուժի առկայության իրավիճակներում վերապատրաստումները կարող են իրականացվել սույն կարգի 7-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան:
32. Յուրաքանչյուր վերապատրաստվող ուսուցչի դպրոցի տնօրենի հետ կազմակերպությունը կնքում է պայմանագիր։
33. Յուրաքանչյուր կազմակերպություն վերապատրաստվող ուսուցիչներից կազմավորում է վերապատրաստման խմբեր՝ առավելագույնը 30 հոգուց բաղկացած։ Խմբերը ձևավորվում են կազմակերպության ղեկավարի հրամանով։
34. Վերապատրաստվողների յուրաքանչյուր խմբի համար կազմակերպությունը վարում է առանձին մատյան (թղթային)։
35. Վերապատրաստման ավարտից հետո վերապատրաստվող ուսուցիչներին կրեդիտներ շնորհվում են կազմակերպության ղեկավարի հրամանով։
36. Վերապատրաստող կազմակերպությունը վարում է վերապատրաստված ուսուցիչներին տրված վկայականների բաշխման մատյան (թղթային)։
37. Ուսուցիչը կազմակերպվող վերապատրաստումներին մասնակցելու նպատակով վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների՝ նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված ցանկից, ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված ծրագրի բաժինների և մասնագիտական զարգացման բացահայտված կարիքի, ընտրում է վերապատրաստող կազմակերպությունը կամ դասընթացը:
38. Ուսուցիչն իր հիմնական աշխատավայրի վերապատրաստող կազմակերպությունը կարող է ընտրել միայն այն դեպքում, երբ վերջինս տվյալ առարկայի և տվյալ մասնագիտական զարգացման կարիքի ուղղությամբ վերապատրաստող միակ կազմակերպությունն է կամ տարածաշրջանում վերապատրաստող միակ կազմակերպությունն է:
39. Վերջին ատեստավորումից հետո մինչև հաջորդ ատեստավորումն ընկած ժամանակահատվածում ուսուցիչը կարող է մասնակցել կազմակերպությունների կողմից ներկայացված և նախարարության երաշխավորած դասընթացներին՝ դրա մասին գրավոր տեղեկացնելով ուսումնական հաստատության տնօրենին:
40. Մասնակցելով դասընթացին՝ ուսուցիչը կարող է կուտակել օրենսդրությամբ հաստատված չափով կրեդիտներ և հերթական վերապատրաստումների ժամանակ կրեդիտները հավաստող ավարտական փաստաթուղթը ներկայացնել դպրոցի տնօրենին: Այդ դեպքում ուսուցիչն իրավունք ունի չմասնակցելու վերապատրաստման ծրագրով նախատեսված համապատասխան բաժնին, եթե այն ամբողջությամբ համապատասխանում է վերապատրաստումների չափորոշչով և ծրագրով տվյալ բաժնի համար սահմանված պահանջներին և ուսուցչի համար բացահայտված մասնագիտական զարգացման կարիքներին:
41. Ուսուցչին ներկայացնող հիմնական աշխատավայր հանդիսացող ուսումնական հաստատությունն ուսուցչի դիմումի հիման վրա վերապատրաստող կազմակերպության հետ կնքում է վերապատրաստման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)՝ համաձայն N 2 ձևի: Պայմանագրում նշվում են վերապատրաստող կազմակերպության վերապատրաստման ծրագրի այն բաժինները, որոնց մասնակցելու է ուսուցիչը, և որոնց համար վճարելու է ուսումնական հաստատությունը:
42. Սույն կարգի 40-րդ կետում նշված կրեդիտները հավաստող ավարտական փաստաթղթի հիման վրա պետական լիազորված մարմիններն ապահովում են իրենց ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը՝ այդ նպատակով պետական բյուջեով հատկացված միջոցներից՝ հաշվի առնելով հանրակրթության բնագավառում նախարարության կողմից հաստատված ֆինանսավորման նորմատիվները։
43. Սույն կարգի 40-րդ և 41-րդ կետերով ամրագրված դրույթները չեն տարածվում ոչ պետական ուսումնական հաստատությունների վրա։
44. Եթե ուսուցիչը սեփական նախաձեռնությամբ, իր միջոցների հաշվին մասնակցել և ավարտել է նախարարության կողմից երաշխավորված վերապատրաստման որևէ դասընթաց, վճարել է դրա համար և հավաքել անհրաժեշտ կրեդիտներ, ապա ուսումնական հաստատությունը ներկայացված անդորրագրի հիման վրա փոխհատուցում է նրա վճարած գումարը, բայց ոչ ավելի, քան վերապատրաստման այդ բաժնի համար սահմանել է պետությունը:
45. Տնօրենը վերապատրաստումն սկսվելուց առնվազն 10 աշխատանքային օր առաջ ուսուցչին գրավոր տեղեկացնում է վերապատրաստող կազմակերպության դասընթացի, վերապատրաստման ժամկետի, վերապատրաստման ձևի (հեռավարի դեպքում՝ հարթակի) և վայրի մասին:
46. Վերապատրաստման դասընթացին մասնակցած, վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված չափով կրեդիտներ հավաքած ուսուցչին վերապատրաստման դասընթացի ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, վերապատրաստող կազմակերպության կողմից տրվում է վերապատրաստման դասընթացի մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայական՝ համաձայն N 1 ձևի:
47. Տնօրենն ուսուցչի ներկայացրած` վերապատրաստման դասընթացի մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայականը ներբեռնում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ «ուսուցչի բնութագիր» բաժնում:
48. Տնօրենը պարտավոր է ուսուցչի վերապատրաստումների ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում առնվազն չորս անգամ տվյալ ուսուցչի մոտ իրականացնել դասալսումներ և արձանագրել վերջինիս կողմից վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքների, հմտությունների և կարողությունների կիրառումն ուսումնական գործընթացում՝
1) ուսուցչի վերապատրաստման ընթացքում տնօրենը կարող է այցելել վերապատրաստող կազմակերպություն և դիտարկել վերապատրաստման ընթացքը: Ուսուցչի կողմից վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքների, հմտությունների և կարողությունների կիրառության բացակայության, ուսուցչի մասնակցության վերաբերյալ հիմնավոր կասկածների կամ կազմակերպության կողմից իրականացվող վերապատրաստման որակի վերաբերյալ խնդիրներ արձանագրելու դեպքում տնօրենը պարտավոր է նշված հանգամանքը բացահայտելուց հետո եռօրյա ժամկետում դիմել Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն (այսուհետ՝ ԿԶՆԱԿ):
49. ԿԶՆԱԿ-ը սույն հավելվածի 48-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերում իրականացնում է մշտադիտարկում և դրա արդյունքներով կարող է դիմել նախարարություն՝ երաշխավորված ցանկից կազմակերպությունը հանելու նպատակահարմարության հարցով:
50. ԿԶՆԱԿ-ը կազմակերպության կողմից վերապատրաստումներն սկսելու պահից, իր կողմից հաստատված ժամանակացույցով, ինչպես նաև սույն հավելվածի 48-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերում, մշտադիտարկում է վերապատրաստող կազմակերպություններում վերապատրաստումների իրականացման և վերապատրաստվողների գիտելիքների ու հմտությունների առկա և հեռավար եղանակով գնահատման համապատասխանությունը սույն կարգին և վերապատրաստման չափորոշչի և ծրագրի պահանջներին։
51. ԿԶՆԱԿ-ը կազմակերպությունների վերապատրաստումների ընթացքում, վերապատրաստումներն ավարտելուց և վերապատրաստված ուսուցիչներին վերապատրաստման վկայականների շնորհումից հետո իր կողմից հաստատված ժամանակացույցով իրականացնում է վերապատրաստվող և վերապատրաստված ուսուցիչների աշխատանքի մշտադիտարկում՝ հետևյալ նպատակներով՝
1) գնահատել վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքների և հմտությունների կիրառումն ուսումնական գործընթացում.
2) գնահատել ուսուցչի կարիքին համապատասխան ընտրված վերապատրաստման ծրագրի համապատասխանությունը.
3) գնահատել վերապատրաստման ընթացքում տվյալ բաժնի համար ուսուցչին տրված կրեդիտների համապատասխանությունը.
4) գնահատել վերապատրաստող կազմակերպության իրականացրած վերապատրաստման արդյունավետությունը.
5) մշակել արձանագրված խնդիրների հիման վրա վերապատրաստումների ծրագրում փոփոխությունների առաջարկություն և ներկայացնել նախարարություն։
52. Մշտադիտարկումների ընթացքում արդյունքները վերլուծելու և եզրակացությունների մասին հիմքերն ապահովելու նպատակով ԿԶՆԱԿ-ը կարող է իրականացնել վերապատրաստումների, ուսուցիչների կողմից իրականացվող դասերի, վերապատրաստող կազմակերպության ներկայացուցիչների, վերապատրաստողների, ուսուցիչների, դպրոցի տնօրենի և տնօրենի տեղակալի հետ հարցազրույցների տեսագրություն, ձայնագրություն (կողմերի համաձայնությամբ), վերապատրաստող կազմակերպությունից պահանջել վերապատրաստման գործընթացի կազմակերպման և իրականացման համար նախարարության սահմանած փաստաթղթերը։
53. Վերապատրաստող կազմակերպությունը յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, իր պաշտոնական կայքում կամ Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում տեղադրում է մասնակիցների՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանի պահանջներին համապատասխան վերապատրաստման ավարտական հետազոտական աշխատանքները:
Ձև N 1
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԱՔԱԾ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N _____________
Տրվում է _______________________________________________________ -ին, որ նա 20_____ թ.
(անունը, հայրանունը, ազգանունը)
____________________________ -ից մինչև _______________________________ ը մասնակցել է
___________________________________________________________________________ կողմից
(ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպության անվանումը)
հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացված վերապատրաստման դասընթացին
_____________________________ -ից և ստացել ______ (_________________) կրեդիտ, ըստ
(առարկայի անվանումը)
հետևյալ բաժինների՝
- հանրակրթության բնագավառի օրենսդրություն______ (_________________) կրեդիտ,
-ՏՀՏ______ (_________________) կրեդիտ,
- տարիքային հոգեբանություն ______ (_________________) կրեդիտ,
- դիրքորոշում և արժեք ______ (_________________) կրեդիտ,
- համընդհանուր ներառում ______ (_________________) կրեդիտ,
- գնահատում ______ (_________________) կրեդիտ,
- առարկայի դասավանդման մեթոդիկա ______ (_________________) կրեդիտ,
- հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները ______ (_______________) կրեդիտ:
Վերապատրաստող երաշխավորված կազմակերպության ղեկավար |
________________________________ (անունը, ազգանունը) |
____________________ (ստորագրությունը) |
Կ.Տ.
Վկայականը տրվել է ____ __________________20 ___ թ.
Պայմանագրի ձև1
Ձև N 2
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N ______
քաղ. _____ |
______ ____________ 20 _ թ. |
«______________________________________________» ՊՈԱԿ-ը՝ ի դեմս կազմակերպության տնօրեն --------------------------------------ի, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա ու ՀՀ գործող օրենսդրության և այլ կիրառելի իրավական ակտերի պահանջների համաձայն, (այսուհետ՝ Պատվիրատու կամ Կողմ 1),
« ______________________________________________»-ը՝ ի դեմս կազմակերպության տնօրեն --------------------------------------ի, որը գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա ու ՀՀ գործող օրենսդրության և այլ կիրառելի իրավական ակտերի պահանջների համաձայն (այսուհետ՝ Կատարող կամ Կողմ 2), միասին հիշատակման դեպքում՝ Կողմեր, կնքեցին սույն հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր)՝ հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Սույն Պայմանագրի համաձայն՝ Պատվիրատուի առաջադրանքով՝ Կատարողն ստանձնում է հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման վճարովի ծառայությունների մատուցման պարտավորությունը (այսուհետ` Վերապատրաստման ծառայություն)` համաձայն սույն Պայմանագրով սահմանված ժամկետների, պայմանների և պահանջների, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել Պայմանագրի պահանջներին համապատասխան պատշաճ, լրիվ և ժամանակին մատուցված Ծառայությունների համար՝ սույն Պայմանագրով սահմանված չափով, կարգով և ժամկետում՝ բացառությամբ սույն Պայմանագրով սահմանված դեպքերի:
1.2. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14.1-ին կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման Հավելվածի (Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգի (այսուհետ՝ Կարգ 1) 2-րդ և 3-րդ կետերի ու սույն
1.3. Կողմերը սույնով փոխադարձ համաձայնությամբ սահմանում են, որ Կատարողի կողմից տրամադրվող Երաշխավորված կազմակերպության դասընթացին ներկայացվող պարտադիր պահանջներից են, այդ թվում՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպության կողմից մշակված լինելը և Նախարարության սահմանված ժամկետում իրականացման ենթակա լինելը՝ առկա կամ հեռավար եղանակով՝ Պատվիրատու ուսումնական հաստատության միջոցների հաշվին և ուսուցչի կողմից ընտրվելը (իր ընտրությամբ իրականացվելը)։
1.4. Սույն Պայմանագրի 1.2-րդ կետին համապատասխան՝ Վերապատրաստման ծառայությունը մատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ հաստատված՝ Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետին համապատասխան և կիրառելի օրենսդրական, ենթաօրենսդրական նորմատիվ և այլ իրավական ակտերով սահմանված պայմաններով ու պահանջների համաձայն։
1.5. Վերապատրաստման ծրագրի այն բաղադրիչը (բաղադրիչները)2, որին մասնակցելու է ուսուցիչը, և որի (որոնց) համար համամասնորեն վճարելու է Պատվիրատու ուսումնական հաստատությունը, հետևյալն է՝ :
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Պատվիրատուն իրավունք ունի`
2.1.1. ցանկացած ժամանակ ստուգել Կատարողի կողմից մատուցվող Վերապատրաստման ծառայության ընթացքը, ժամկետները, որակը, ծավալը, համապատասխանությունը կիրառելի կարգավորող նորմատիվ և անհատական իրավական ակտերի պահանջներին` առանց միջամտելու Կատարողի գործունեությանը.
2.1.2. եթե մատուցվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին չհամապատասխանող Վերապատրաստման ծառայություն, ապա՝
ա. չընդունել ծառայությունը՝ իր հայեցողությամբ սահմանելով անպատշաճ Վերապատրաստման ծառայությունը Պայմանագրին համապատասխանող պատշաճ Վերապատրաստման ծառայությամբ անհատույց փոխարինելու ողջամիտ ժամկետ և պահանջել Կատարողից վճարելու Պայմանագրի 5.2-րդ կետով նախատեսված տուգանքը, ինչպես նաև Պայմանագրի 5.3-րդ կետով նախատեսված տույժը,
բ. հրաժարվել Պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու Վերապատրաստման ծառայության համար վճարված գումարը.
2.1.3. Պատվիրատուն իրավասու է միակողմանի լուծել Պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է Պայմանագիրը։ Կատարողի կողմից Պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝
ա. մատուցված Վերապատրաստման ծառայությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշման հավելվածով սահմանված պահանջներին,
բ. խախտվել է Վերապատրաստման ծառայության մատուցման ժամկետը,
գ. Կատարողն իրավասու չէ տրամադրելու Վերապատրաստման ծառայություններ կամ նա Նախարարության կողմից վաղաժամկետ հանվել է սույն Պայմանագրի 2.4.1-ին կետով սահմանված Ցանկից կամ Պատվիրատուին հիմնավոր կերպով հայտնի է դարձել, որ Կատարողը համապատասխան Ցանկում ներառվել է ՀՀ գործող օրենսդրության և կիրառելի այլ իրավական ակտերի պահանջների խախտմամբ:
2.2. Պատվիրատուն պարտավոր է`
2.2.1. քննարկել և ընդունել սույն պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան մատուցված Վերապատրաստման ծառայության արդյունքը, իսկ այդ ծառայության արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքերում դրա մասին երկօրյա ժամկետում գրավոր և հիմնավորված առարկություններով հայտնել Կատարողին.
2.2.2. Ծառայության արդյունքն առանց առարկությունների ընդունելու դեպքում Կատարողին վճարել վերջինիս վճարման ենթակա գումարները, իսկ Պայմանագրով սահմանված ժամկետի խախտման դեպքում` նաև սույն Պայմանագրով սահմանված տուժանքը.
2.2.3. ապահովել իր՝ որպես ուսումնական հաստատության ուսուցչի վերապատրաստման գործընթացի պատասխանատուի կողմից անհրաժեշտ և բավարար նախապատրաստական աշխատանքների պատշաճ իրականացումը.
2.2.4. ապահովել կազմակերպվող վերապատրաստումներին մասնակցելու նպատակով վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների հրապարակված ցանկից Վերապատրաստող կազմակերպությունը և (կամ) Դասընթացը՝ ուսուցիչների (ներառյալ՝ Կողմ 1-ի) կարծիքների ու առաջարկությունների հիման վրա և ըստ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանած ծրագրի բաղադրիչների ընտրված լինելը.
2.2.5. ի դեմս տնօրենի՝ վերապատրաստումն սկսվելուց առնվազն 10 (տասը) օրացուցային օր առաջ գրավոր ձևով ուսուցչին տեղեկացնել վերապատրաստող կազմակերպության, վերապատրաստման ժամկետի, վերապատրաստման ձևի և վայրի (հեռավարի դեպքում՝ հարթակի) մասին.
2.2.6. ի դեմս տնօրենի՝ ուսուցչի ներկայացրած` վերապատրաստման դասընթացին մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ փաստաթուղթը ներբեռնել կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ ուսուցչի բնութագրի բաժնում.
2.2.7. վերապատրաստման ընթացքում ուսուցչին ազատել իր պաշտոնական պարտականությունների կատարումից՝ վարձատրության պահպանմամբ, եթե վերապատրաստման իրականացման ձևաչափը պահանջում է ուսուցչի ֆիզիկական կամ հեռավար ներկայություն ուսուցչի պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում.
2.2.8. ուսուցչին ազատել վերապատրաստման ծրագրով նախատեսված համապատասխան բաղադրիչին (բաղադրիչներին) մասնակցությունից, եթե հերթական ատեստավորման համար սահմանված ժամկետից առաջ՝ 1 (մեկ) տարվա ընթացքում ուսուցիչը, դասընթացների մասնակցելով, կուտակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանված չափով անհրաժեշտ կրեդիտներ և դրանք ստացված (կուտակված) լինելը հավաստող վկայականը հերթական վերապատրաստումից առաջ ներկայացրել է դպրոցի տնօրենին:
2.3. Կատարողն իրավունք ունի`
2.3.1. Պատվիրատուից պահանջել վճարելու իրեն վճարման ենթակա գումարները, իսկ Պատվիրատուի կողմից Պայմանագրի 4.4-րդ կետում նշված ժամկետի խախտման դեպքում նաև Պայմանագրի 5.7-րդ կետով նախատեսված կետանցի տույժը.
2.3.2. ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան՝ Վերապատրաստման ծառայությունների մատուցումն իրականացնել լրամշակված դասընթացների միջոցով:
2.4. Կատարողը պարտավոր է`
2.4.1. որպես վերապատրաստման ոլորտում ընդգրկված (երաշխավորված) կազմակերպություն՝ վերապատրաստման ամբողջական ծրագրի կամ դրա որևէ բաղադրիչի մասով համապատասխանել Նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանով հաստատված՝ Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգի (այսուհետ՝ Կարգ 2) պահանջներին: Ընդ որում, սույնով Կատարողը հաստատում է տվյալ ցանկում հիշյալ կարգի և ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան ընդգրկված լինելը, հակառակ դեպքում տվյալ ցանկից (այսուհետ՝ Ցանկ) հանված լինելու կամ դրանում ներառված չլինելու և (կամ) դրանցից բխող կամ դրանց հետ կապված՝ Կատարողի կողմից թույլ տրված խախտումները Պատվիրատուի կողմից հայտնաբերվելու պահից կրում է այդօրինակ խախտումների հետևանքով պատճառված վնասը լրիվ ծավալով հատուցելու պարտականությունը, եթե Կատարողի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու այլ միջոց և եղանակ Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ չի սահմանվել.
2.4.2. պատշաճ, ժամանակին և ամբողջ ծավալով և անձամբ (ներառյալ իր վերապատրաստող մասնագետների միջոցով) ապահովել Վերապատրաստման ծառայությունների մատուցման ընթացքում Հաստատության` ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և երաշխավորված դասընթացների ու դրանք իրականացնող կազմակերպությունների Ցանկում ընդգրկված լինելը, իսկ Նախարարության կողմից ցանկից ժամկետից շուտ հանվելու դեպքում անհապաղ այդ մասին գրավոր (ներառյալ առձեռն և էլեկտրոնային ծանուցման եղանակով) տեղեկացնել Պատվիրատուին.
2.4.3. Պայմանագրով սահմանված ժամկետներում, Պայմանագրով և կիրառելի օրենսդրական, ենթաօրենսդրական նորմատիվ և այլ իրավական ակտերով սահմանված պայմաններով ու պահանջներին համապատասխան ապահովել ծառայության պատշաճ, որակյալ և սահմանված լրիվ ծավալով (ներառյալ վերապատրաստման ծրագրի ուսումնաթեմատիկ պլանին համապատասխան) մատուցումը` ղեկավարվելով ՀՀ գործող օրենսդրությամբ.
2.4.4. Պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել Պայմանագրի 5.2-րդ և 5.3-րդ կետերով նախատեսված տույժը և տուգանքը.
2.4.5. Պայմանագրի գործողության, ինչպես նաև Պայմանագրի կատարումն ապահովելու ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել Պատվիրատուին.
2.4.6. պատշաճ, որակյալ, ժամանակին, բարեխղճորեն և ամբողջ ծավալով կատարել Պայմանագրով ստանձնած պարտավորությունը՝ ներառյալ ապահովել ուսուցչի վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատու լինելը, և այդ գործընթացի՝ համապատասխանությունը սույն Պայմանագրում նշված Կարգերով սահմանված չափանիշներին.
2.4.7. ապահովել ուսուցիչների վերապատրաստման մոդուլների՝ Նախարարության սահմանած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա իր՝ որպես վերապատրաստող կազմակերպության կողմից մշակված լինելը, ինչպես նաև սահմանված կարգով և ժամկետներում Նախարարի կողմից հաստատված լինելը.
2.4.8. ըստ առանձին բաղադրիչների Վերապատրաստմանն ուսուցչի մասնակցու-թյան առանձնահատկությունները՝ ներառյալ հերթականությունը, նախապես համաձայնացնել Կողմ 1-ի հետ.
2.4.9. Վերապատրաստման դասընթացին մասնակցած, վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված չափով կրեդիտներ հավաքած ուսուցչին վերապատրաստման դասընթացի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել վերապատրաստման դասընթացին մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայականը.
2.4.10. յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, իր պաշտոնական կայքում կամ Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում տեղադրել վերապատրաստման մասնակիցների՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանված ավարտական հետազոտական աշխատանքները.
2.4.11. յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո՝ 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում, Նախարարություն ներկայացնել վերապատրաստման դասընթացի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ սահմանված հաշվետվություն՝ համաձայն N 2 ձևի.
2.4.12. իր գործունեությունն իրականացնել Նախարարության սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին և Կազմակերպության կողմից մշակված վերապատրաստման ծրագրերին համապատասխան.
2.4.13. գործելով որպես երաշխավորված և Ցանկում ընդգրկված կազմակերպություն՝ իր կողմից ձևավորված խմբերում ներգրավված հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստումն ապահովել ուսուցիչների մասնագիտական զարգացման և վերապատրաստումների ծրագրի բովանդակությանը համապատասխան և ՀՀ գործող օրենսդրության ու կիրառելի այլ կարգավորող իրավական ակտերի պահանջների համաձայն.
2.4.14. ապահովել լիարժեք համապատասխանություն մանկավարժական աշխատողների վերապատրաստման բովանդակությանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված վերապատրաստման ակնկալվող արդյունքների և նպատակների իրագործումը, դրանցով սահմանված խնդիրների արդյունավետ լուծմանը վերապատրաստման դասընթացների միջոցով նպաստելը, Վերապատրաստման ծառայությունները վերապատրաստման օրինակելի ծրագրի թեմատիկ պլանավորմանը համապատասխան իրականացվելը.
2.4.15. մշտադիտարկման նպատակով «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամին տրամադրել վերապատրաստման գործընթացի կազմակերպման և իրականացման համար նախարարության սահմանած փաստաթղթերը:
3. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. Մատուցված Վերապատրաստման ծառայությունն ընդունվում է Կողմերի միջև կազմված և ստորագրված երկկողմ հանձնման-ընդունման փաստաթղթով (արձանագրությամբ)՝ նշելով նաև փաստաթղթի կազմման ամսաթիվը:
3.1.1. Մինչև պայմանագրով ծառայության մատուցման համար նախատեսված օրը ներառյալ՝ Կատարողը Պատվիրատուին է տրամադրում իր կողմից ստորագրված` ծառայությունը Պատվիրատուին հանձնելու փաստը հավաստող փաստաթուղթը (հանձնման-ընդունման ակտ) և հանձնման-ընդունման արձանագրության 2 (երկու) օրինակ (արձանագրություն):
3.2. Հանձնման-ընդունման արձանագրությունն ստորագրվում է, եթե մատուցված Վերապատրաստման ծառայությունը համապատասխանում է Պայմանագրի պայմաններին։ Հակառակ դեպքում Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքները չեն ընդունվում, հանձնման-ընդունման արձանագրությունը չի ստորագրվում և Պատվիրատուն`
ա. հարցի կարգավորման համար ձեռնարկում է նման իրավիճակի համար Պայմանագրով և ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված միջոցները և (կամ)
բ. Կատարողի նկատմամբ կիրառում է Պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ։
3.3. Եթե Պայմանագրի 3.1.1-ին կետով սահմանված ժամկետում Պատվիրատուն չի ընդունում մատուցված ծառայությունը կամ չի մերժում դրա ընդունումը, ապա մատուցված Վերապատրաստման ծառայությունը համարվում է ընդունված, և Պատվիրատուն հանձնման-ընդունման արձանագրությունն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից հաշված մինչև 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Կատարողին է ներկայացնում իր կողմից ստորագրված հանձնման-ընդունման արձանագրության մեկ օրինակը:
3.3.1. անպատշաճ Վերապատրաստման ծառայության դեպքում Պատվիրատուն Պայմանագրի 3.1.1-ին կետով սահմանված ժամկետում Կատարողին է ներկայացնում համապատասխան ծառայությունը (արդյունքները) չընդունելու վերաբերյալ պատճառաբանված մերժումը (առարկությունը)։
4. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ
4.1. Սույն Պայմանագրով Կատարողի կողմից (բոլոր բաղադրիչները ներառող ամբողջական վերապատրաստման ծրագրով) մատուցման ենթակա Վերապատրաստման ծառայության ընդհանուր գինը կազմում է _____________ ( տառերով ) դրամ, որը հաշվարկվում է ըստ վերապատրաստման ժամաքանակի՝ հետևյալ բանաձևով՝
«ՎԾԸԱ / ԴԺՔ * ԺՔ», որտեղ
ՎԾԸԱ-ն՝ Վերապատրաստման դասընթացի ընդհանուր արժեքն է (24.000 (քսանչորս հազար) դրամ),
ԴԺՔ-ն՝ Վերապատրաստման դասընթացի համար նախատեսված առավելագույն ժամաքանակն է (110 ժամ),
ԺՔ-ն՝ մատուցված ՝վերապատրաստման ծառայության՝ ամբողջ ծրագրի կամ դրա բաղադրիչի ժամաքանակն է: Ընդ որում, ամբողջ դասընթացի ԺՔ-ն պետք է կազմի ոչ պակաս, քան 90 ժամ:
4.1.1. Գինը ներառում է Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը, ինչպես նաև հարկերը, տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարները, որոնք Պատվիրատուի կողմից լրացուցիչ կամ առանձին փոխհատուցման, հատուցման կամ վճարման ենթակա չեն.
4.1.2. Ծառայության մատուցման գինը կայուն է և Կատարողն իրավունք չունի պահանջել ավելացնելու, իսկ Պատվիրատուն նվազեցնելու այդ գինը՝ բացառությամբ ՀՀ գործող օրենսդրությամբ և սույն Պայմանագրի 4.2-րդ կետով սահմանված դեպքերի:
4.2. Սույն Պայմանագրով Կատարողի կողմից Վերապատրաստման ծառայությունները վերապատրաստման ծրագրի առանձին բաղադրիչի մասով մատուցվելու դեպքում, սույն Պայմանագրի 1.2-րդ կետին համապատասխան, պատշաճ մատուցված Ծառայության համար վճարումը ենթակա է կատարման համամասնորեն՝ միայն տվյալ բաղադրիչի կամ բաղադրիչների մասով՝ չգերազանցելով պետության կողմից սահմանված (առավելագույն) արժեքը:
4.3. Պայմանագրի գնից` մինչև ----------(-------------------) դրամը, Պատվիրատուն փոխանցում է Կատարողի բանկային հաշվին` որպես կանխավճար։ Կանխավճարի մարումն իրականացվում է հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով։ Ընդ որում, մինչև կանխավճարի ամբողջական մարումը, Կատարողին նոր վճարումներ չեն կատարվում:
4.4. Պատվիրատուն իրեն մատուցած Վերապատրաստման ծառայության դիմաց վճարում է դրամով՝ անկանխիկ` դրամական միջոցները Կատարողի հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով։ Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա` Պայմանագրով3 սահմանված վճարման ժամանակացույցով նախատեսված չափերով և ամիսներին: Եթե արձանագրությունը կազմվում է տվյալ ամսվա 20-ից հետո և այդ ամսում վճարման ժամանակացույցով նախատեսված են ֆինանսական միջոցներ, ապա վճարումն իրականացվում է մինչև 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը:
4.5. Կատարողի կողմից մատուցված լրացուցիչ ծառայությունների կամ կատարված լրացուցիչ աշխատանքի արժեքը կամ դրանց հետ կապված լրացուցիչ ծախսերը սույն պայմանագրով Պատվիրատուի և (կամ) Կողմ 1-ի կողմից վճարման, հատուցման ենթակա չեն: Կատարողի կողմից Պատվիրատուի միջոցների հաշվին Վերապատրաստման ծառայությունների մատուցման կապակցությամբ սույն Պայմանագրով Կողմ 1-ի համար որևէ վճարման պարտավորություն սահմանվել չի կարող:
5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
5.1. Կատարողը պատասխանատվություն է կրում Վերապատրաստման ծառայության մատուցման ընթացքում Պայմանագրի պահանջների պահպանման համար։
5.2. Պայմանագրին չհամապատասխանող Վերապատրաստման ծառայություն մատուցելու յուրաքանչյուր դեպքում Կատարողից գանձվում է տուգանք` պայմանագրի 4.1-ին կետում նախատեսված գումարի ____________(տառերով) տոկոսի չափով:4 Ընդ որում, տուգանքը հաշվարկվում է նաև Վերապատրաստման ծառայությունը Պայմանագրով սահմանված ժամկետում մատուցելու, սակայն անպատշաճ լինելու պատճառով Պատվիրատուի կողմից այն չընդունվելու դեպքում:
5.3. Պայմանագրով նախատեսված Վերապատրաստման ծառայության մատուցման ժամկետը խախտելու դեպքում Կատարողից յուրաքանչյուր կետանցված օրվա համար գանձվում է տույժ` մատուցման ենթակա, սակայն չմատուցված կամ անպատշաճ մատուցված ծառայության գնի ____________ (տառերով) տոկոսի չափով։
5.4. Նախարարության կողմից Կատարողին Ցանկից հանելու դեպքում, ինչպես նաև այդ մասին Կատարողի կողմից Պատվիրատուին գրավոր չտեղեկացնելու և վճարովի ծառայությունների մատուցումը շարունակելու դեպքում Կատարողը տալիս է իր համաձայնությունը՝ սույն Պայմանագիրը Պատվիրատուի կողմից միակողմանի և առանց ծանուցման լուծելու մասին, ինչպես նաև պարտավորվում է վերապատրաստման համապատասխան ժամանակահատվածի համար՝ սկսած այն օրվանից, երբ իրավասու չի եղել մատուցելու Վերապատրաստման ծառայությունները, Պատվիրատուին վերադարձնել վերապատրաստման (համապատասխան բաղադրիչի) արժեքը:
5.5. Պայմանագրով Կատարողին վճարման ենթակա տուժանքը հաշվարկվում և հաշվանցվում են Վերապատրաստման ծառայություն մատուցելու արդյունքում Կատարողին վճարման ենթակա գումարների հետ։
5.6. Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը Կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորությունները լրիվ կատարելուց։
5.7. Պատվիրատուի կողմից Պայմանագրի 4.4-րդ կետով նախատեսված ժամկետի խախտման դեպքում Պատվիրատուի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա և կետանցված գումարի _____________ (տառերով) տոկոսի չափով։ Ընդ որում, կանխավճարի նկատմամբ տույժ կիրառելի չէ:
5.8. Պայմանագրով չնախատեսված դեպքերում Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում։
5.9. Կատարողի կողմից ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կատարումից հրաժարվելու դեպքում Կատարողը կրում է ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված բացասական իրավական, ֆինանսանյութական և այլ հետևանքները՝ ներառյալ Պատվիրատուի վնասները լրիվ հատուցելու պարտավորությունը:
6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Սույն Պայմանագրով և դրա հիման վրա կնքված համաձայնագրերով (հավելվածներով) պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։
7. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
7.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև Կողմերի կողմից Պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարումը։
7.2. Պայմանագրից ծագած Կողմի վճարային պարտավորությունը չի կարող դադարել այլ պայմանագրից ծագած՝ հակընդդեմ պարտավորության հաշվանցով, առանց Կողմերի գրավոր և կնիքով հաստատված համաձայնության։
7.3. Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև Պայմանագրի կնքումը, Կատարողը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին կամ նրա հետ պայմանագիր կնքելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության պահանջներին կամ ընդունվել է ՀՀ գործող օրենսդրության պահանջների խախտմամբ, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո Պատվիրատուն միակողմանիորեն լուծում է Պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև Պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության գործող (ներառյալ գնումների մասին) օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային Պայմանագիրը չկնքելու համար։ Ընդ որում, Պատվիրատուն չի կրում սույն Պայմանագրով սահմանված դեպքերում և հիմքերով Պայմանագիրը միակողմանի լուծելու հետևանքով Կատարողի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ Կատարողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով Պատվիրատուի կրած վնասները՝ այն ծավալով, որի մասով Պայմանագիրը լուծվել է։
7.4. Պայմանագրի հետ կապված վեճերը ենթակա են կարգավորման բանակցությունների միջոցով՝ արտադատական կարգով` առավելագույնը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում: Սահմանված ժամկետում համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճը կարող է լուծվել դատական կարգով՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում։
7.5. Պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայնագիր կնքելու միջոցով, որը հանդիսանում է Պայմանագրի անբաժանելի մասը։
Արգելվում է Պայմանագրում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հանգեցնում են Վերապատրաստման ծառայության ծավալների կամ ձեռք բերվող ծառայության միավորի գնի կամ Պայմանագրի գնի արհեստական փոփոխման։ Պայմանագրի կողմերից անկախ գործոնների ազդեցությամբ Պայմանագրի փոփոխման յուրաքանչյուր դեպք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ՀՀ կառավարության սահմանած կարգավորումները կիրառելի չլինելու դեպքում փոփոխությունները կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ այնքանով, որքանով դա չի խախտում ՀՀ գործող օրենսդրության պահանջները և չի հակասում դրանց։
7.6. Ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև Պայմանագրով այդ ժամկետը լրանալը` Կատարողի առաջարկության առկայության դեպքում` պայմանով, որ Պատվիրատուի մոտ չի վերացել Վերապատրաստման ծառայության օգտագործման պահանջը, իսկ Կատարողի առաջարկությունը ներկայացվել է ոչ ուշ, քան Պայմանագրով ի սկզբանե ծառայությունների մատուցման համար սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ: Ընդ որում, սույն կետով սահմանված դեպքում ծառայության մատուցման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ մինչև 30 (երեսուն) օրացուցային օրով, բայց ոչ ավելի, քան Պայմանագրով սահմանված ժամկետն է:
7.7. Պայմանագրի պատշաճ կատարման պայմաններում Կողմերի (Կատարող կամ Պատվիրատու) օգուտները (խնայողություններ) կամ կրած վնասները տվյալ կողմի օգուտը կամ կրած վնասն են։
7.7.1. Պայմանագրի կողմերի` երրորդ անձանց նկատմամբ պարտավորությունները՝ ներառյալ պայմանագրի կատարման շրջանակում Կատարողի կնքած այլ գործարքները և դրանցից բխող պարտավորությունները, դուրս են սույն Պայմանագրի կարգավորման դաշտից և չեն կարող ազդել Պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու վրա։ Այդ գործարքների և դրանցից բխող պարտավորությունների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերով, և դրանց համար պատասխանատու է Կատարողը։
7.8. Պայմանագիրը չի կարող փոփոխվել Կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման հետևանքով՝ բացառությամբ սույն Պայմանագրով սահմանված Պայմանագրի միակողմանի լուծման համար հիմք հանդիսացող էական խախտման դեպքերի, ինչպես նաև չի կարող ամբողջությամբ լուծվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայության մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի: Ընդ որում, պայմանագրի Կողմերի` պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել նախքան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայության մատուցման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը:
7.9. Կատարողի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը Պատվիրատուն հրապարակում է www.procurement.am հասցեով գործող ինտերնետային կայքի «Պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումներ» բաժնում` նշելով հրապարակման ամսաթիվը: Կատարողը, Պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ, համարվում է պատշաճ ծանուցված` ծանուցումը, սույն կետով սահմանված հրապարակվելուն հաջորդող օրվանից: Պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը տեղեկագրում հրապարակվելու օրը Պատվիրատուն այն ուղարկվում է նաև Կատարողի էլեկտրոնային փոստին:
7.10. Սույն պայմանագրի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։
7.11. Սույն Պայմանագիրը կնքվում է հայերենով, հասարակ գրավոր ձևով, Կողմերի ստորագրությամբ մեկ միասնական փաստաթուղթ կազմելու և ստորագրելու միջոցով՝ հավասար իրավաբանական ուժ ունեցող 2 օրինակից: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է Պայմանագրի մեկական օրինակ:
8. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պ Ա Տ Վ Ի Ր Ա Տ ՈՒ
------------------------------------------- (ստորագրությունը)
Կ.Տ. |
Կ Ա Տ Ա Ր Ո Ղ
--------------------------------------- (ստորագրությունը
Կ.Տ. »։ |
_________________________
1 Սույն Պայմանագրի հղումներում ներկայացված ուղեցույցի համաձայն՝ Պայմանագրի համապատասխան դրույթներում անհրաժեշտ է կատարել առաջարկվող փոփոխությունները՝ փոխարինելով նշված ձևակերպումներով, բաց թողնված տեղերն անհրաժեշտ է լրացնել: Պայմանագրի համաձայն՝ երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունում ուսուցչի վերապատրաստումը սույն Պայմանագրով Կատարողի կողմից այնպիսի ծառայության տրամադրումն է, որը ներառում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) սահմանած` ուսուցչի վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների և ունակությունների յուրացման և կատարելագործման գործընթաց, որն իրականացվում է վերապատրաստման դասընթացների միջոցով:
2 Լրացվում է այն դեպքում, երբ վերապատրաստման ամբողջական ծրագրի փոխարեն իրականացվում է (են) դրա առանձին բաղադրիչը (բաղադրիչները): Պայմանագիրն ամբողջ ծավալով վերապատրաստման ծրագրով ծառայությունների մատուցման համար կնքվելու դեպքում տվյալ պայմանագրային դրույթում անհրաժեշտ է նշել միայն «վերապատրաստման ծրագիրը՝ այն ներառող բոլոր բաղադրիչներով», իսկ «համամասնորեն» բառը հանել: Ընդ որում, համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 07.09.2020 թ. N1162-Ա/2 հրամանի՝ Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչն ու օրինակելի ծրագիրն ամրագրող հավելվածի՝ Վերապատրաստման ծրագիրը կազմված է 8 բաժնից: Պայմանագիրը վերապատրաստման ծրագրի առանձին բաղադրիչով ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքվելու դեպքում անհրաժեշտ է նշել կոնկրետ բաղադրիչը (բաղադրիչները):
3 Հավելվածի տեսքով ժամանակացույցի փոխարեն վճարման ենթակա գումարը մաս-մաս վճարելու ժամկետները և չափերը կարող են սահմանվել նաև Պայմանագրով:
4 Կատարողը կարող է հրաժարվել առաջարկված կանխավճարից կամ դրա մի մասից: Ընդ որում կնքվելիք պայմանագրում կանխավճարը սահմանվում է Պատվիրատուի և Կատարողի միջև համաձայնեցված չափով: Եթե պայմանագրով չի նախատեսվում կանխավճարի հատկացում, ապա սույն կետը հանվում է Պայմանագրի տեքստից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
26.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունվարի 2023 թվական: