ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունվարի 2023 թվականի N 37-Ն
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածին և «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի 5-րդ և 9-րդ պարբերություններին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ հոդվածներին, 16-րդ հոդվածի 2-րդ կետին, 17-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորին (այսուհետ` ազգային օպերատոր) ներկայացվող հիմնական պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի ընտրության ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի 5-րդ պարբերությամբ սահմանված վերահսկող մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է ազգային օպերատորի ընտրության միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), որն ընտրում է ազգային օպերատորին և հրապարակում ազգային օպերատորի կողմից մշակվող՝ էլեկտրոնային կառավարման համակարգին ներկայացվող պահանջները։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
12.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 37-Ն որոշման |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Ազգային օպերատորը պետք է բավարարի հետևյալ հիմնական պահանջներին՝
1) ապահովի «Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) 5-րդ հոդվածով սահմանված՝ ազգային օպերատորներին վերապահված գործառույթների իրականացումը.
2) հանդիսանա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ: Ազգային օպերատորի ընտրության համար անցկացվող մրցույթին (այսուհետ` մրցույթ) իրավաբանական անձանց կոնսորցիումի մասնակցության դեպքում անդամներից առնվազն մեկը պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ.
3) ունենա համապատասխան որակավորմամբ աշխատանքային ռեսուրսներ, էլեկտրոնային կառավարման համակարգի մշակման, տեղայնացման և տեխնիկական աջակցության (սպասարկման) ապահովման համար` հետևյալ համամասնությամբ և մասնագիտական աշխատանքային փորձով՝
ա. 1 նախագծի ղեկավար՝ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով,
բ. 1 բիզնես վերլուծաբան՝ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով,
գ. 1 ծրագրավորող՝ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով,
դ. 2 ծրագրավորող՝ առնվազն 2 տարվա աշխատանքային փորձով,
ե. 2 ծրագրավորող՝ առնվազն 1 տարվա աշխատանքային փորձով,
զ. 1 որակի ապահովման մասնագետ՝ առնվազն 1 տարվա աշխատանքային փորձով.
4) ապահովի համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող պահանջներին համապատասխանող տեղորոշման էլեկտրոնային կապարակնիքների կիրառությունը.
5) ապահովի համաձայնագրի 9-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներով նախատեսված անհրաժեշտ գործողությունների իրականացումը.
6) ապահովի համաձայնագրի 17-րդ հոդվածով և 18-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ժամանակավոր ինտեգրացիոն լուծումների իրականացումը.
7) հավաստի Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների ազգային օպերատորի (օպերատորների) հետ համագործակցության հնարավորությունը` հանձնաժողով ներկայացնելով ազգային օպերատորի (օպերատորների) հետ կնքված նախնական պայմանագրի կամ մտադրությունների համաձայնագրի կամ պայմանագիր կնքելու հավաստման պատճենը.
8) իրականացնի ուսուցում վերահսկող մարմնի աշխատակիցների համար:
2. Հայաստանի Հանրապետության վերահսկող մարմնի հասանելիությունը ազգային օպերատորի տեղեկատվական համակարգին պետք է ապահովվի անվճար:
3. Ազգային օպերատորի լիազորությունների դադարեցման որոշման դեպքում ազգային օպերատորը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին պետք է տեղեկացնի այդպիսի որոշման մասին՝ լիազորությունների դադարեցման նախատեսվող ամսաթվից առնվազն 6 ամիս առաջ։ Նշված ժամկետի ընթացքում չտեղեկացնելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
12.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականի հունվարի 12-ի N 37-Ն որոշման |
Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
1. Սույն ընթացակարգով կարգավորվում են համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ ազգային օպերատորի ընտրության հետ կապված հարաբերությունները։
2. Մրցույթը կազմակերպում և անցկացնում է հանձնաժողովը, որը սահմանում է մրցութային փաստաթղթերը, իրականացնում է մրցույթի արդյունքների գնահատումը և ամփոփումը։
3. Մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությունը մրցույթի անցկացման օրվանից առնվազն 10 աշխատանքային օր առաջ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ http://www.azdarar.am։
4. Մրցույթի մասնակիցները ներկայացնում են մրցութային հայտեր՝ հանձնաժողովի սահմանած և մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությամբ նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերին համապատասխան։
5. Մրցույթն անցկացվում է մասնակիցների կողմից ներկայացված հայտերի՝ մրցույթին մասնակցության համար սահմանված փաստաթղթերի ուսումնասիրության և ազգային օպերատորին ներկայացվող պահանջներին համապատասխանության գնահատման միջոցով։
6. Մրցութային հայտերն ստանալու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում դրանք հանձնաժողովի քարտուղարի կողմից ներկայացվում են հանձնաժողով՝ ուսումնասիրության և գնահատման համար։
7. Հանձնաժողովը հայտերն ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է մասնակիցների կողմից ներկայացված հայտերի ուսումնասիրություն և ազգային օպերատորին ներկայացված պահանջներին համապատասխանության գնահատում։
8. Հանձնաժողովը ներկայացված հայտերի ուսումնասիրությունից և ազգային օպերատորին ներկայացված պահանջներին համապատասխանության գնահատումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում և հրապարակում է մրցույթի արդյունքները։ Վերահսկող մարմինը մրցույթի արդյունքների հրապարակմանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում ազգային օպերատոր սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
12.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2023 թվական: