Գլխավոր տեղեկություն
Номер
N 1910-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.2022-27.02.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.02.07/9(533) Հոդ.185
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.11.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.01.2007
Дата вступления в силу
17.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2006 թվականի N 1910-Ն

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՐԳԵՐԸ, ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության, 2-րդ մասի, 3-րդ մասի, 9-րդ հոդվածի, 10-րդ հոդվածի 2-րդ մասի չորրորդ պարբերության, 6-րդ մասի, 12-րդ հոդվածի, 20-րդ հոդվածի 3-րդ մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 24-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության և 25-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 31.03.22 N 425-Ն)

1. Սահմանել`

ա) թաղման և դիակիզման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) գերեզմանատներում գերեզմանատեղերի հաշվառման և հուղարկավորությունների գրանցման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

գ) գերեզմանի վկայականի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.

դ) գերեզմանատների շահագործման ընդհանուր կանոնները՝ համաձայն N 4 հավելվածի.

ե) գերեզմանատներից և դիակիզարաններից օգտվելու կանոնները՝ համաձայն N 5 հավելվածի.

զ) հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպման կարգը՝ համաձայն N 6 հավելվածի.

է) (ենթակետն ուժը կորցրել է 31.03.22 N 425-Ն)

ը) վերահուղարկավորման կարգը՝ համաձայն N 8 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 11.02.16 N  244-Ն, փոփ. 31.03.22 N 425-Ն)

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` վեցամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել`

ա) սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման կարգը,

բ) վերահուղարկավորման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 16
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԹԱՂՄԱՆ ԵՎ ԴԻԱԿԻԶՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են մարդու մահից հետո նրա մարմինը (աճյունը) կամ աճյունասափորը գերեզմանատան սահմաններում տրամադրված գերեզմանատեղում հողին հանձնելու (թաղելու), հուշապատի մեջ տեղադրելու կամ դիակիզելու հետ կապված գործողությունները:

(1-ին կետը լրաց. 11.02.16 N  244-Ն)

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

գերեզմանատան տնօրինություն` համայնքի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի, կամ համայնքի ղեկավարի (Երևանում` Երևանի քաղաքապետի) կողմից ստեղծված հուղարկավորության կազմակերպման համար օրենքով նախատեսված ոչ առևտրային կազմակերպություն, իսկ պետական գերեզմանատների դեպքում` լիազորված պետական մարմինը, իսկ մասնավոր գերեզմանատների դեպքում` գերեզմանատունը շահագործողը կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ անձը.

դիակիզարան` մահացածի մարմինը դիակիզելու համար հատուկ վառարաններով, հանգուցյալի հետ հրաժեշտի ծիսակատարման սրահով, դիակների ժամանակավոր պահման սառնարանային համալիրով կահավորված հատուկ կառույց.

աճյունասափոր` չքայքայվող նյութից (մետաղյա կամ պլաստիկ) պատրաստված կափարիչի հերմետիկությունն ապահովող սրվակ (տրամագիծը` 0,15 մ, երկարությունը` 0,20 մ), որտեղ տեղադրվում է մահացածի մարմնի դիակիզումից հետո ստացված մոխիրը.

հուշապատ` աճյունասափորների տեղադրման համար հատուկ կառուցված պատ:

(2-րդ կետը լրաց. 11.02.16 N  244-Ն)

3. Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորությունն իրականացվում է մահվան վկայականի հիման վրա:

4. (կետն ուժը կորցրել է 11.02.16 N  244-Ն)

5. Մահացածի հուղարկավորման համար գերեզմանատան, տեղի և տեսակի ընտրության, գերեզմանատեղի տրամադրման հարցերը կարգավորվում են օրենքով և սույն որոշմամբ սահմանված կարգով՝ հաշվի առնելով անձի կենդանության օրոք իր հուղարկավորության պայմանների վերաբերյալ նոտարական կարգով վավերացված նրա կամքի գրավոր արտահայտությունը:

(5-րդ կետը լրաց. 11.02.16 N  244-Ն, խմբ. 31.03.22 N 425-Ն)

6. Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով դիմողին (հետագայում՝ գերեզման օգտագործողին) մեկ գերեզմանատեղի համար տրամադրվում է 2.5 քառ. մետր հողատարածք (2.5 x 1.0 մետր չափսերով), իսկ ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար` առավելագույնը 12,5 քառ. մետր հողատարածք (2.5x5 մետր չափերով):

Աճյունասափորը (մահացածի մարմնի դիակիզումից հետո) հողին հանձնելու դեպքում համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով մեկ գերեզմանատեղի համար տրամադրվում է 1.0 քառ. մետր հողատարածք (1.0 x 1.0 մետր չափսերով), կամ աճյունասափորը տեղադրվում է հուշապատի մեջ:

(6-րդ կետը խմբ. 11.02.16 N  244-Ն, փոփ., լրաց. 31.03.22 N 425-Ն)

7. Մահացածի հուղարկավորության կազմակերպումն ստանձնողը գերեզմանատան տնօրինությանը ներկայացնում է մահվան վկայականը և առաջարկություն հուղարկավորության տեղի ու տեսակի (հողին հանձնում կամ դիակիզում) վերաբերյալ:

8. Գերեզմանատան տնօրինությունը հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի կամ գերեզման օգտագործողի հետ համատեղ որոշում է հուղարկավորության տեղը, ինչպես նաև օրը և ժամը: Հանգուցյալի թաղումը կատարվում է մահվան պահից ոչ շուտ, քան 24 ժամ հետո:

(8-րդ կետը լրաց. 31.03.22 N 425-Ն)

9. Գերեզմանատան տնօրինությունը մահվան վկայականի հիման վրա համապատասխան գրանցում է կատարում թաղումների և գերեզմանատեղերի գրանցման մատյանում և գերեզման օգտագործողին տալիս է գերեզմանի վկայական:

(9-րդ կետը փոփ. 31.03.22 N 425-Ն)

10. Ընտանեկան գերեզմանի առկայության դեպքում գերեզմանատեղը հատկացվում է այդ գերեզմանի տարածքում նախկինում տրված գերեզմանի վկայականի հիման վրա, որում կատարվում են համապատասխան գրանցումներ: Նշված գերեզմանի վկայականի բացակայության դեպքում գերեզման օգտագործողին տրվում է գերեզմանի նոր վկայական:

(10-րդ կետը փոփ. 31.03.22 N 425-Ն)

11. Նոր գերեզմանը հատկացվում է օրենքով սահմանված կարգով և չափերով` գերեզմանատան հողերի օգտագործման հաստատված հատակագծով (սխեմայով) նախատեսված հերթականությամբ: Գերեզմանատան տնօրինության ներկայացուցիչը հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի կամ գերեզման օգտագործողի հետ համատեղ տեղում սահմանասյուներով նշում է գերեզմանի սահմանները:

(11-րդ կետը լրաց., փոփ. 31.03.22 N 425-Ն)

12. Գերեզմանատան տնօրինությունը հուղարկավորության կազմակերպումն ստանձնողին ներկայացնում է իր կողմից կատարվող` մահացածին հողին հանձնելու, դիակիզման նախապատրաստական աշխատանքների (գերեզմանի փորում, թաղման կազմակերպում, գերեզմանի կարգավորում, դիատար և այլ ավտոմեքենաների տրամադրում, դիակիզում) և մատուցվող այլ վճարովի ծառայությունների ցանկը: Նշված ծառայություններից օգտվելը կամավոր է:

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված` մատուցվող վճարովի ծառայությունների ցանկը հաստատում է համայնքի ղեկավարը (Երևանում` Երևանի քաղաքապետը), իսկ մասնավոր գերեզմանատան դեպքում` այդ գերեզմանատունը շահագործող անձը:

(13-րդ կետը լրաց. 11.02.16 N  244-Ն)

14. Աճյունասափորը հանձնվում է հողին կամ տեղադրվում է հուշապատի մեջ` դիակիզարանի կողմից տրված տեղեկանքի հիման վրա:

(14-րդ կետը լրաց., փոփ. 11.02.16 N  244-Ն)

15. Մահացածի հետ հրաժեշտի և հուղարկավորության ծիսակատարությունը կարող է իրականացվել ազգային և կրոնական ավանդույթի համաձայն:

(15-րդ կետը փոփ. 11.02.16 N  244-Ն)

16. Հուղարկավորության ավարտից հետո գերեզմանատան տնօրինությունը գերեզմանի վրա տեղադրում է մետաղյա ցուցանակ, իսկ աճյունասափորը հուշապատի մեջ տեղադրելու դեպքում փակվում է սալաքարով, որոնց վրա նշվում են հանգուցյալի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ու մահվան տարեթվերը և գերեզմանատեղի (աճյունասափորի) հաշվառման համարը: Մետաղյա ցուցատախտակը և աճյունասափորի սալաքարը պատրաստվում և տեղադրվում են գերեզմանատան տնօրինության միջոցների հաշվին:

17. Հուղարկավորությունը դիակիզման միջոցով կամավոր է: Այն իրականացնելու համար հուղարկավորության կազմակերպումն ստանձնողը գրավոր դիմում է դիակիզարանի տնօրինությանը` ներկայացնելով մահվան վկայականը:

18. Դիակիզարանի պատասխանատու անձը դիակիզման մատյանում կատարում է դիակիզման օրվա ու ժամի վերաբերյալ գրանցում և հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի պատվերով կազմակերպում է մահացածի մարմնի ընդունումը, հրաժեշտի ծիսակատարությունն ու դիակիզումը: Աճյունասափորը հանձնվում է հուղարկավորության կազմակերպումն ստանձնողին կամ, նրա բացակայության դեպքում, հարազատներից որևէ մեկին` դիակիզումից հետո մեկ օրվա ընթացքում:

18.1. Մասնավոր գերեզմանատներում գերեզմանատան շահագործողն ինքնուրույն է կազմակերպում հուղարկավորության ծառայությունների մատուցումը` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա: Հուղարկավորության հետ կապված ծառայությունների ամբողջական ծավալը, այդ թվում՝ նաև հուղարկավորությունը դիակիզման միջոցով իրականացնելը որոշվում է պայմանագրով` կողմերի նախնական համաձայնությամբ:

(18.1-ին կետը լրաց. 11.02.16 N  244-Ն)

19. Մահացածի հարազատների, ազգականների և այլ անձանց կողմից հուղարկավորության կազմակերպումից հրաժարվելու կամ, նրանց բացակայության դեպքում, մահացածի հուղարկավորությունն ստանձնում է քաղաքացու վերջին մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը:

20. Ազատազրկման վայրերում, բուժհաստատություններում, ծերանոցներում և մանկատներում մահացած անձանց հուղարկավորությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

21. Ինքնությունը չպարզված անձի հուղարկավորությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնությամբ` քաղաքացիական գերեզմանատներում հատուկ հատկացված տեղերում: Ինքնությունը չպարզված անձի դիակիզումն արգելվում է` բացառությամբ սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքերի:

(21-րդ կետը փոփ. 31.03.22 N 425-Ն)

22. Գերեզման օգտագործողի պահանջով գերեզմանատան տնօրինությունն անվճար տալիս է տեղեկանք մահացածին Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու մասին, որտեղ նշվում է՝

1) մահացածի անունը, հայրանունը, ազգանունը.

2) մահացածի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և մահվան օրը, ամիսը, տարեթիվը.

3) մահվան վկայականի համարը.

4) տվյալ գերեզմանատան թաղումների և գերեզմանատեղերի գրանցման մատյանում գրանցման հերթական համարը, օրը, ամիսը, տարեթիվը.

5) տեղեկանքի հերթական համարը, տեղեկանքը տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը:

Տեղեկանքը տրվում է այդպիսի պահանջ (դիմում) ներկայացնելուց հետո՝ անմիջապես:

(22-րդ կետը լրաց. 15.11.12 N 1445-Ն, փոփ. 31.03.22 N 425-Ն)

(հավելվածը լրաց. 15.11.12 N 1445-Ն, լրաց., փոփ., խմբ. 11.02.16 N  244-Ն, 31.03.22 N 425-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԵՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

(վերնագիրը խմբ. 11.02.16 N  244-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում են գերեզման օգտագործողի անվամբ գերեզմանատներում գերեզմանատեղերի (գերեզմանների) հաշվառման և հուղարկավորությունների կարգը:

(1-ին կետը փոփ. 11.02.16 N 244-Ն, 31.03.22 N 425-Ն)

2. Գերեզմանատներում գերեզմանատեղերի հաշվառումը և հուղարկավորությունների գրանցումն իրականացվում է գերեզմանատներում թաղումների և գերեզմանատեղերի հաշվառման ու հուղարկավորությունների գրանցման` յուրաքանչյուրը իր մասով, դրա համար նախատեսված մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:

Յուրաքանչյուր գերեզմանատան համար համապատասխան մատյանները վարում են գերեզմանատների կառավարիչները կամ նրանց կողմից լիազորված պատասխանատու անձը (կազմակերպությունը):

(2-րդ կետը խմբ. 11.02.16 N  244-Ն)

2.1. Գերեզմանատներում գերեզմանատեղերի հաշվառման և հուղարկավորությունների գրանցման մատյանների տիպային ձևերը հաստատվում են պետական լիազորված մարմնի կողմից:

(2.1-ին կետը լրաց. 11.02.16 N  244-Ն)

3. Մատյանի թերթերը համարակալվում են, կարվում և կնքվում սույն կարգի 2-րդ կետում նշված մարմինների կողմից:

4. Մատյանում գրանցվում են`

ա) գրանցման հերթական համարը, տարեթիվը, ամսաթիվը, ամիսը,

բ) մահացածի անունը, հայրանունը, ազգանունը,

գ) մահացածի ծննդյան և մահվան տարեթվերը, ամսաթվերը և ամիսները,

դ) մահվան վկայականի համարը, մահը գրանցող մարմնի անվանումը, գրանցման տարեթիվը, ամսաթիվը, ամիսը,

ե) մահացածի վերջին բնակության վայրը,

զ) գերեզմանի վկայականի համարը, գերեզմանի տեղը (ծառուղի, հատված, շարք), իսկ եթե հուղարկավորությունն իրականացվելու է աճյունասափորը հուշապատի մեջ տեղադրելու արարողությամբ, ապա նշվում է հուշապատի գտնվելու տեղը և աճյունասափորը տեղադրելու մոտավոր տեղը, իսկ այդ տեղերի համարակալված լինելու դեպքում` նաև համապատասխան համարը,

է) գերեզմանի մակերեսը (քառ. մետր)` ընդամենը,

ը) գերեզման օգտագործողի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի համարը և մահացածի հետ ազգակցական կապը,

թ) տվյալ գերեզմանում թաղվածների թիվը,

ժ) այլ նշումներ (հուղարկավորության կազմակերպումն ստանձնած անձի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի համարը, մահացածի հետ կապը և այլն):

(4-րդ կետը լրաց. 11.02.16 N  244-Ն, փոփ., լրաց. 31.03.22 N 425-Ն)

5. Մատյանի համապատասխան սյունակներում ստորագրում են գերեզմանի վկայականն ստացողը և գրանցում կատարող պատասխանատու անձը:

6. Մատյանում ուղղումներ և ջնջումներ կատարելն արգելվում է: Անհրաժեշտության դեպքում` կատարված ուղղումները կամ ջնջումները վավերացվում են գրանցման մատյանը վարող պատասխանատու անձի ստորագրությամբ:

7. Մատյանները պահվում են անժամկետ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Ձև

Մ Ա Տ Յ Ա Ն

ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐՈՒՄ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԵՂԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԹԱՂՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
(ձևն ուժը կորցրել է 31.03.22 N 425-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 11.02.16 N  244-Ն, փոփ., լրաց. 31.03.22 N 425-Ն)


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման


Ձև

էջ 1

Գ Ե Ր Ե Զ Մ Ա Ն Ի  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N _ _ _ _ _ _

Գերեզմանատուն __________________________________ ,
ծառուղի __________, հատված ___________, շարք _______ ,
Հողատարածքի չափերը` _____________________________ մ,
Հողատարածքի մակերեսը` ընդամենը` _________________ քառ. մ,
Հուշապատ ________________________________________
Գերեզման օգտագործող ________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

_________________________________________________
________________________________________________ ,
Ազգակցական կապը ____________________________________

_____ __________________ 200 թ.




էջ 2

ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ

NN
ը/կ
Թաղումների և
գերեզմանա-
տեղերի
գրանցման
մատյանում
գրանցման
համարը
տարեթիվը,
ամսաթիվը,
ամիսը
Հանգուցյալի
անունը,
հայրանունը,
ազգանունը
Ծննդյան տարե-
թիվը, ամսա-
թիվը,
ամիսը
Մահվան
տարե-
թիվը, ամսա-
թիվը,
ամիսը
Մահվան
վկայա-
կանի
համարը
Հուղարկա-
վորության
տեսակը
(հողին
հանձնում,
դիակիզում)
Գրանցում
կատարող
պատասխա-նատու անձի
ստորագրու-թյունը
               
               
               
               
               
               

 

Գերեզմանատան տնօրեն ______________

(ստորագրությունը)

_________________

(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

(ձևը փոփ. 31.03.22 N 425-Ն)

(հավելվածը փոփ. 31.03.22 N 425-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 4
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման

Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր  Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

1. Սույն ընդհանուր կանոններով սահմանվում են գերեզմանատների բարեկարգման, պահպանման ու շահագործման (այսուհետ` շահագործում) ընդհանուր կանոնները:

2. Գերեզմանատները շահագործվում են համապատասխան գերեզմանատան կառավարիչների միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 11.02.16 N  244-Ն)

3. Գերեզմանատների շահագործումն ապահովում է համայնքային գերեզմանատների դեպքում` համայնքի ղեկավարը, (Երևանում` Երևանի քաղաքապետը) կամ նրա կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպությունը, իսկ մասնավոր գերեզմանատների դեպքում` համապատասխան գերեզմանատան կառավարիչը:

(3-րդ կետը լրաց. 11.02.16 N  244-Ն)

4. Պետական լիազոր մարմինը գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման և հուղարկավորությունների կազմակերպման բնագավառում իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունները:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` հասարակական նշանակություն ունեցող գերեզմանատները (Եռաբլուր, Կոմիտասի անվան պանթեոն) և դիակիզարանները պահպանվում են բյուջետային հատկացումների հաշվին` հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան:

6. Գերեզմանատները (դիակիզարանները) կազմավորվում են տեղական ինքնակառավարման մարմինների (Երևանում՝ Երևանի քաղաքապետարանի) որոշմամբ` ըստ գտնվելու բնակավայրի հաստատված գլխավոր հատակագծերի, հողերի գոտևորման և օգտագործման սխեմաների հիման վրա` քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերին համապատասխան:

6.1. Մասնավոր գերեզմանատները կազմավորվում են հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների հիման վրա` կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի վրա՝ միաժամանակ պահպանելով քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերի պահանջները:

(6.1-ին կետը լրաց. 11.02.16 N  244-Ն)

6.2. Մասնավոր գերեզմանատները կազմակերպվում են իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից` սեփականության կամ կառուցապատման իրավունքով իրենց տրամադրված նվազագույնը 3 հեկտար տարածքով հողամասերում` մասնավոր գերեզմանատների շահագործման գործունեություն իրականացնելու համար համայնքի ղեկավարի կողմից տրված թույլտվության հիման վրա:

(6.2-րդ կետը լրաց. 11.02.16 N  244-Ն)

7. Գերեզմանատներն ու դիակիզարանները տեղադրվում են բնակելի տներից, դպրոցներից, նախադպրոցական, առողջապահական և հասարակական այլ շենքերից ու հանգստի գոտիներից առնվազն 300 մետր հեռավորության վրա:

8. Համայնքներում նոր գերեզմանատների կազմակերպման, գործող գերեզմանատների ընդլայնման համար հողատարածքները տրամադրվում և նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9. Գերեզմանատները և դիակիզարանները նախագծվում են դրանց համար հատկացված տարածքների ինժեներաերկրաբանական հետազոտությունների նյութերի փորձաքննության դրական եզրակացության հիման վրա:

10. Յուրաքանչյուր գործող գերեզմանատան համար համայնքի ղեկավարը (Երևանում՝ Երևանի քաղաքապետը) հաստատում է գերեզմանատների հողերի օգտագործման հատակագիծը (սխեման), որում նախատեսվում են`

ա) գերեզմանատան զբաղեցրած հողատարածքի սահմանները,

բ) գերեզմանատան սանիտարապաշտպանիչ գոտին` պարսպից (ցանկապատից) առնվազն 10 մետր հեռավորությամբ,

գ) օրենքով սահմանված չափերով գերեզմանների հատկացման համար տեղամասերը (ծառուղիները, հատվածները, շարքերը) և դրանց օգտագործման հերթականությունը` առանձնացնելով ընտանեկան գերեզմանների, անհատական գերեզմանատեղերի (մեկ անձի) և պատմամշակութային տեղամասերը,

դ) աճյունասափորների տեղադրման համար հուշապատերը,

ե) ճանապարհների ու շավիղների տեղադրությունը, որոնց ընդհանուր մակերեսը չպետք է գերազանցի գերեզմանատան ընդհանուր տարածքի 15 տոկոսը,

զ) կանաչապատման տեղամասերը չպետք է գերազանցեն գերեզմանատան ընդհանուր տարածքի առնվազն 20 տոկոսը,

է) գերեզմանատան շահագործման և գերեզմանատնից օգտվելու համար անհրաժեշտ շինությունները, ենթակառուցվածքները` ելնելով տեղական պայմաններից (ավտոկայանատեղ, սգո արարողությունների սրահ, գրասենյակ, սգո պարագաների ու ծաղիկների վաճառքի կետ, գործիքների վարձույթի կետ, ոռոգման համակարգ, խմելու ջրի ծորակ, հասարակական զուգարան, պարիսպ (ցանկապատ):

10.1. Համայնքի ղեկավարը պետական կամ մասնավոր գերեզմանատների հողերի օգտագործման հատակագծերը հաստատելիս սույն հավելվածի 10-րդ կետով նախատեսված «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով սահմանված պահանջների նախատեսման մասով համաձայնեցնում է համապատասխան գերեզմանատները տնօրինող կառավարիչների հետ:

(10.1-ին կետը լրաց. 11.02.16 N  244-Ն)

11. Ընտանեկան գերեզմանների սահմանների միջև տարածությունը պետք է լինի առնվազն 0,5 մետր: Ընտանեկան գերեզմաններում գերեզմանատեղերի և անհատական գերեզմանատեղերի միջև տարածությունը պետք է լինի մեկ մետր երկարությամբ ու առնվազն 0.5 մետր լայնությամբ:

12. Գերեզմանահորի խորությունը պետք է լինի առնվազն 1,5 մետր: Գերեզմանահորի հատակն ստորգետնյա ջրերի մակարդակից պետք է առնվազն 2,5 մետր բարձր լինի:

13. Մահացածի աճյունը գերեզմանահորում տեղադրելուց հետո գերեզմանը ծածկվում է 0.5 մետր բարձրությամբ հողաթմբով, որի եզրերը պետք է լինեն գերեզմանահորի չափերից ավելին` գերեզմանահորը մակերևութային ջրերի թափանցումից պաշտպանելու նպատակով:

14. Աճյունասափորների հուշապատի բարձրությունը պետք է լինի ոչ ավելի, քան 2.5 մետր, իսկ երկարությունը՝ գերեզմանատան հողերի օգտագործման հատակագծին (սխեմային) համապատասխան: Աճյունասափորները տեղադրվում են հուշապատի խորշերում (տրամագիծը` 0,2 մետր, խորությունը` 0,25 մետր) երեք հորիզոնական շարքով: Խորշերի միջև տարածությունն ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով պետք է լինի առնվազն 1,0 մետր: Յուրաքանչյուր աճյունասափորի համար տեղադրվում է սալաքար` 0,5 մ x 0,5 մ չափերով: Հուշապատի համար կարող է օգտագործվել գերեզմանատան պարիսպը:

15. Գերեզմանատան մուտքի մոտ տեղադրվում են գերեզմանատան հատակագիծը և գերեզմանատնից օգտվելու կանոնները:

16. Գերեզմանատան տնօրինությունն ապահովում է գերեզմանատան տարածքի մաքրությունը և կազմակերպում աղբահանությունը:

17. Գերեզմանատան տարածքը պետք է ապահովված լինի մակերևութային ջրերի հեռացման համակարգով:

18. Գերեզմանատան հողատարածքներում, այդ թվում` սանիտարապաշտպանիչ գոտում արգելվում են դրանց նպատակային և գործառնական նշանակությանը հակասող ցանկացած գործունեություն, ինչպես նաև պտղատու ծառերի ու թփերի տնկումը:

19. Գերեզմանատանը հարակից տարածքներում գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող հողատարածքները պետք է լինեն գերեզմաններից առնվազն 40 մետր հեռավորության վրա:

20. Գերեզմանատան տարածքում արգելվում է բնակավայրերի խմելու և տնտեսական ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցերի տեղադրումը` բացառությամբ գերեզմանատան կարիքների համար տեղադրվողների:

21. Գերեզմանատների տեղափոխման դեպքում չի թույլատրվում դրանց զբաղեցրած հողատարածքներն օգտագործել գյուղատնտեսական նպատակների համար:

(հավելվածը փոփ., լրաց. 11.02.16 N  244-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան



Հավելված N 5
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման


Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻՑ ԵՎ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ

 

1. Սույն կանոններով սահմանվում են գերեզմանատներից և դիակիզարաններից օգտվելու կանոնները:

2. Հուղարկավորությունը գերեզմանատներում և դիակիզումը կատարվում են ամեն օր, ժամը 10.00-18.00-ն: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տոնական ոչ աշխատանքային օրերին, որպես կանոն, հուղարկավորություն և դիակիզում չեն իրականացվում:

3. Գերեզմանատներն այցելուների համար բաց են ամեն օր, ժամը 9.00-20.00-ն:

4. Գերեզմանատան տնօրինությանը հուղարկավորություն կատարելու մասին տեղեկացվում է մեկ օր առաջ:

5. Գերեզման օգտագործողն իրավունք ունի իրեն հատկացված գերեզմանի սահմաններում կատարելու գերեզմանների, գերեզմանատեղերի բարեկարգման և տապանաքարերի, մահարձանների տեղադրման աշխատանքներ` համաձայնեցնելով գերեզմանատան տնօրինության հետ: Նշված աշխատանքների կատարումը չպետք է վնաս պատճառի այլ գերեզմանների, գերեզմանատան կառույցների: Պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:

Նոր գերեզմանատների և գերեզմանների կառուցապատումը և բարեկարգումն իրականացվում է միայն պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած գերեզմանատների և գերեզմանների կառուցապատման և բարեկարգման տիպային ձևերին համապատասխան:

(5-րդ կետը խմբ. 31.03.22 N 425-Ն)

6. Սույն կանոնների 5-րդ կետում նշված շինարարական աշխատանքները կատարելու համար գերեզմանատան տարածք մեքենաների (մեխանիզմների) մուտքը չի արգելվում:

7. Այցելուները գերեզմանների խնամքի և պահպանման համար անհրաժեշտ պարագաներից ու գործիքներից կարող են օգտվել գերեզմանատանը կից վարձույթի կետից:

8. Այցելուները պարտավոր են չաղտոտել գերեզմանատան տարածքը և պահպանել մաքրություն: Այցելուները պարտավոր են ծիսակատարությունների և գերեզմանների խնամքի արդյունքում առաջացած աղբը տեղադրել գերեզմանատան տնօրինության կողմից հատուկ հատկացված տեղերում: Շինարարական աշխատանքների հետևանքով առաջացած թափոնները հավաքվում և տեղափոխվում են շինարարություն իրականացնող պատասխանատու անձի կողմից:

9. Դիակիզարանից օգտվելու դեպքում մահացածին դիակիզում և աճյունասափորը պատրաստում են ըստ պատվերի ընդունման հերթականության:

10. Գերեզմանների ոչնչացման, պղծման, դրանցում ամրակայված կառույցներին վնաս պատճառելու դեպքում մեղավորները ենթակա են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

(հավելվածը խմբ. 31.03.22 N 425-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 6
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՐԱԺԵՇՏԻ ԾԻՍԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹԱՂՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպման կարգը:

2. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվում է հանձնաժողով (կազմված՝ հանձնաժողովի նախագահից և հանձնաժողովի անդամներից), որում պարտադիր ընդգրկվում են`

ա. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչը,

բ. մարզերում` մարզպետը կամ նրա տեղակալը, Երևանում` Երևանի քաղաքապետը կամ նրա տեղակալներից մեկը,

գ. մահացածի հարազատներից որևէ մեկը:

(2-րդ կետը լրաց., փոփ. 11.02.16 N  244-Ն, փոփ. 04.08.16 N  806-Ն, խմբ. 08.11.18 N 1251-Ն)

2.1. Սույն կարգի 2-րդ կետում նշված հանձնաժողովում անհրաժեշտության դեպքում կարող են ընդգրկվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները և այն բնագավառի (մարմնի, կազմակերպության) ներկայացուցիչը, որտեղ աշխատել (գործել) է հանգուցյալը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները (համաձայնությամբ) և այլ անձինք:

(2.1-ին կետը խմբ. 08.11.18 N 1251-Ն, փոփ. 31.03.22 N 425-Ն)

3. Հանձնաժողովը, մահացածի հարազատների կամ նրանց կողմից լիազորված անձի մասնակցությամբ, որոշում է թաղման տեղը, քաղաքացիական հոգեհանգստի արարողության տեղը, օրը, ժամը, թաղման թափորի շարժման երթուղին, անհրաժեշտ ավտոբուսների և ավտոմեքենաների թիվը, ինչպես նաև ընդունում է որոշում հանգուցյալի հիշատակը հավերժացնելու նպատակով մահարձանի, հուշաքարի, տապանաքարի (այսուհետ` մահարձան) տեղադրման և գերեզմանի բարեկարգման վերաբերյալ:

(3-րդ կետը խմբ. 04.09.08 N 999-Ն)

3.1. Մահացածի տան պատին հուշատախտակի տեղադրման հետ կապված գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշմամբ սահմանված կարգով:

(3.1-ին  կետը լրաց. 04.09.08 N 999-Ն)

3.2. Հանձնաժողովը մահացածի հարազատների կամ նրանց կողմից լիազորված անձի նախաձեռնությամբ որոշում է կայացնում հուղարկավորությունը մասնավոր գերեզմանատանն իրականացնելու համար` ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր կնքելու միջոցով: Այս դեպքում պայմանագիրը կնքվում է մահացածի հարազատի կամ նրա կողմից լիազորված անձի և մասնավոր գերեզմանատան տնօրինության հետ, իսկ հուղարկավորության ծախսերը, բացառությամբ հուղարկավորության ավարտից հետո առաջացած բոլոր այլ ծախսերի, իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակների համար նախատեսված միջոցների հաշվին, սակայն ոչ ավելի, քան սույն կարգի 5-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված ծախսերը և 6-րդ կետում նշված չափաքանակները:

(3.2-րդ կետը լրաց. 11.02.16 N  244-Ն)

4. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներից որևէ մեկին նշանակում է հուղարկավորության կազմակերպման պատասխանատու անձ (այսուհետ` պատասխանատու անձ) և համապատասխան հանձնարարականներ է տալիս հանձնաժողովի անդամներին:

5. Պատասխանատու անձը`

ա) կազմակերպում է թաղման և դիակիզման կարգով նախատեսված համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը,

բ) պատվիրում է դագաղը և սգո արարողության համար անհրաժեշտ պարագաները,

գ) ապահովում է դիատար ավտոմեքենան, ավտոբուսներ ու ավտոմեքենաներ,

դ) նախապատրաստում և ձևավորում է քաղաքացիական հոգեհանգստի արարողության դահլիճը (սրահը),

ե) կազմակերպում է մահացածի աճյունի տեղափոխումը քաղաքացիական հոգեհանգստի արարողության դահլիճ (սրահ), հոգեհանգստի մասնակիցների երթը, պատվո պահակությունը,

զ) թաղումից առնվազն երկու ժամ առաջ ապահովում է գերեզմանահորի պատրաստումը և ձևավորումը, գերեզմանի ու հարակից տարածքի բարեկարգումը,

է) որոշում է մահացածի աճյունը, թաղման թափորի առջևից հանգուցյալի նկարը, շքանշանների ու մեդալների բարձիկները, ծաղկեպսակները տեղափոխող և գերեզմանում մահացածի աճյունը հողին հանձնող անձանց:

Հանձնաժողովի պատասխանատու անձը սույն կետում նշված աշխատանքների իրականացումը կարող է պատվիրել հուղարկավորության ծառայություններ մատուցող ոչ առևտրային կազմակերպությանը:

Մահացածի հարազատների կամ նրանց կողմից լիազորված անձի նախաձեռնությամբ հուղարկավորությունը մասնավոր գերեզմանատանն իրականացնելու համար հանձնաժողովի պատասխանատու անձը մահացածի հարազատների կամ նրանց կողմից լիազորված անձի մասնակցությամբ բանակցություններ է վարում գերեզմանատան տնօրինության հետ և անհրաժեշտ այլ միջոցներ է ձեռնարկում կողմերի միջև պայմանագրի կնքման համար:

(5-րդ կետը լրաց. 11.02.16 N  244-Ն)

6. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների թաղման, գերեզմանի բարեկարգման, մահարձանի պատրաստման և տեղադրման ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով այդ նպատակների համար նախատեսված միջոցների հաշվին` մասնավորապես`

ա. հուղարկավորության և թաղման հետ կապված ծախսերը կատարելու համար տրամադրվում է հանձնաժողովի ներկայացրած ծախսերի նախահաշվի հիման վրա հաշվարկված` 1700,0 հազ. դրամից ոչ ավելի գումար,

բ. մահարձանի պատրաստման և տեղադրման, ինչպես նաև գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման համար տրամադրվում է առաջարկվող էսքիզային տարբերակի (N 1 ձև) հիման վրա հաշվարկված 2277.41 հազ. դրամ հաստատագրված գումար,

գ. (ենթակետն ուժը կորցրել է  04.08.16 N  806-Ն)

(6-րդ կետը խմբ. 04.09.08 N 999-Ն, 15.01.15 N 4-Ն, փոփ. 04.08.16 N  806-Ն)

6.1. Գերեզմանի բարեկարգման, մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար սույն կարգի 6-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված գումարները, ինչպես նաև սույն կարգի 3.2-րդ կետով նախատեսված դեպքում առաջացած ծախսերի գումարները, հանձնաժողովի կողմից որոշման ընդունման պահից 6-ամսյա ժամկետում տրամադրվում են հանգուցյալի հարազատներին (առաջին հերթի ժառանգներին, իսկ նրանց բացակայության դեպքում երկրորդ հերթի ժառանգներին) կամ նրանց կողմից լիազորված անձանց (անձին) կամ հանձնաժողովի կողմից լիազորված կազմակերպությանը` որպես աջակցություն:

(6.1-ին  կետը լրաց. 04.09.08 N 999-Ն, խմբ. 15.01.15 N 4-Ն, լրաց. 11.02.16 N  244-Ն, փոփ. 04.08.16 N  806-Ն)

6.2. Գերեզմանի բարեկարգման, մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար հաստատագրված գումարը տվյալ պահին գործող գներին համապատասխանեցնելու համար կիրառվում է լիազոր մարմնի կողմից սահմանված կապիտալ ներդրումների միջինացված ինդեքսը:

(6.2-րդ  կետը լրաց. 04.09.08 N 999-Ն, փոփ. 04.08.16 N  806-Ն)

7. Մահացածի հարազատների ցանկությամբ` սեփական միջոցներով կարող են կատարվել թաղման և դիակիզման կարգին չհակասող լրացուցիչ արարողություններ` համաձայնեցնելով հանձնաժողովի պատասխանատու անձի հետ:

8. Հոգեհանգստի դահլիճում (սրահում) պատվո պահակները կանգնում են մահացածի աճյունի չորս անկյունում` դեմքով դեպի դագաղը:

9. Քաղաքացիական հոգեհանգստի ավարտից հետո դուրս է բերվում մահացածի նկարը, շքանշանների ու մեդալների բարձիկները, դագաղի կափարիչը, դագաղը և դրվում դիատարի վրա, ու թաղման թափորը շարժվում է դեպի գերեզմանատուն` հետևյալ հերթականությամբ`

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ավտոմեքենան,

մահացածի նկարը, շքանշանների ու մեդալների բարձիկները և ծաղկեպսակները տանող ավտոմեքենան,

դիատար ավտոմեքենան,

մահացածի հարազատների ավտոմեքենաները,

նվագախմբի ավտոմեքենան,

շտապօգնության մեքենան,

թաղման մասնակիցներին տեղափոխող (այդ թվում` անձնական օգտագործման) ավտոմեքենաները:

(9-րդ կետը փոփ. 31.03.22 N 425-Ն)

10. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչը կազմակերպում է թաղման թափորի երթը և ապահովում հրաժեշտի արարողության ու գերեզմանատեղի անվտանգությունը:

(10-րդ կետը փոփ. 31.03.22 N 425-Ն)

11. Հանձնաժողովի պատասխանատու անձը գերեզմանատանը կազմակերպում է թաղման միտինգը:

12. Մահացածի աճյունը հողին հանձնելու արարողությունը, հարազատների ցանկությամբ, կարող է կազմակերպվել ըստ ազգային և կրոնական ավանդույթների:

13. Պատասխանատու անձի կողմից որոշված անձինք ապահովում են գերեզմանահորում մահացածի աճյունի տեղադրումը, գերեզմանաթմբի ձևավորումը, մահացածի նկարի տեղադրումը և գերեզմանի հաշվառման ցուցանակի ամրացումը:

14. Թաղման արարողությունն ավարտվում է` ցավակցություն արտահայտելով մահացածի հարազատներին ու մտերիմներին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

 

ՄԱՀԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԷՍՔԻԶԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ
(ձևը լրաց. 04.09.08 N 999-Ն)

 

Ձև N 2

 

ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿՆԵՐԻ ԷՍՔԻԶԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ
(ձևը հանվել է  04.08.16 N  806-Ն)

 

(հավելվածը խմբ., լրաց. 04.09.08 N 999-Ն, խմբ. 15.01.15 N 4-Ն, լրաց., փոփ. 11.02.16 N  244-Ն, փոփ. 04.08.16 N  806-Ն, խմբ., լրաց. 08.11.18 N 1251-Ն, փոփ. 31.03.22 N 425-Ն)


Հավելված N 7
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐՈՒՄ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է
 31.03.22 N 425-Ն)



Հավելված N 8
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎԵՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են վերահուղարկավորման հետ կապված գործընթացները:

2. Հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի ցանկությամբ և գերեզման օգտագործողի համաձայնությամբ` մահացածի վերահուղարկավորումը (գերեզմանից այլ գերեզման տեղափոխելը) իրականացվում է թաղումից առնվազն երեք տարի հետո` բացառությամբ սույն հավելվածի 2.1-ին կետով նախատեսված դեպքի մահացածի հարազատների միջոցների հաշվին:

(2-րդ կետը լրաց. 10.08.21 N 1302-Ն, փոփ. 31.03.22 N 425-Ն)

2.1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով մահացած և հուղարկավորված, ինչպես նաև գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորված անձանց միայն առաջին անգամ վերահուղարկավորում իրականացնելու դեպքում ժամկետային սահմանափակումներ չեն գործում:

(2.1-ին կետը լրաց. 10.08.21 N 1302-Ն, 31.03.22 N 425-Ն)

3. Վերահուղարկավորումը թույլատրում է գերեզմանատան տնօրինությունը` հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի դիմումի և գերեզման օգտագործողի գրավոր համաձայնության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության վերաբերյալ եզրակացության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության հիման վրա:

Մահացածի հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձն այլ բնակավայրի գերեզմանատուն տեղափոխելու դեպքում ներկայացնում է նաև տվյալ բնակավայրի գերեզմանատան տնօրինության թույլտվությունը:

(3-րդ կետը փոփ. 30.11.17 N 1514-Ն, խմբ. 31.03.22 N 425-Ն)

4. Մահացածի աճյունը (աճյունի մնացորդները) գերեզմանից հանվում է ցերեկային ժամերին, գերեզմանատան տնօրինության ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչների պարտադիր ներկայությամբ, ինչպես նաև ոստիկանության ներկայացուցչի մասնակցությամբ:

(4-րդ կետը փոփ. 30.11.17 N 1514-Ն, 31.03.22 N 425-Ն)

5. Մահացածի աճյունը (աճյունի մնացորդները) գերեզմանից հանելուց հետո գերեզմանատան տնօրինության կողմից գերեզմանահորն անմիջապես ախտահանվում է, լցվում հողով, և տեղը հարթեցվում է:

6. Հանված աճյունը (աճյունի մնացորդները) փաթաթվում է բամբակյա կտորով և տեղադրվում պոլիէթիլենային պարկի մեջ, որից հետո տեղադրվում է փայտյա արկղի կամ դագաղի մեջ և տեղափոխվում նոր գերեզման: Նոր գերեզմանում թաղելուց առաջ աճյունը (աճյունի մնացորդները) հանվում է պոլիէթիլենային պարկից:

7. Նախկին և նոր գերեզմանների գերեզմանատների տնօրինությունները վերահուղարկավորման մասին գրանցումներ են կատարում թաղումների և գերեզմանատեղերի գրանցման մատյաններում ու գերեզմանների վկայականներում:

8. Գերեզմանատների տեղափոխման դեպքում վերահուղարկավորումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով և այդ դեպքերի համար նախատեսված միջոցների հաշվին:

(հավելվածը փոփ. 30.11.17 N 1514-Ն, լրաց. 10.08.21 N 1302-Ն, փոփ., լրաց., խմբ. 31.03.22 N 425-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան