ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/1488/07/19 |
Գործ թիվ ԵԴ/1488/07/19 |
Նախագահող դատավոր՝ | Ա. Ազարյան |
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ՝ |
Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատախազներ` |
Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ | |
Ն. ԱՇՐԱՖՅԱՆԻ |
2020 թվականի հոկտեմբերի 28-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 12-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2019 թվականի ապրիլի 25-ին հարուցվել է թիվ 58209519 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Ա.Միրզոյանի` 2019 թվականի մայիսի 6-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ:
2. Նախաքննության մարմնի` 2019 թվականի հունիսի 19-ի որոշմամբ միջնորդություն է հարուցվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում` Երևան քաղաքի Ստեփանյան 1 հասցեի առաջին հարկի` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին վարձակալությամբ չտրամադրված հատվածում և դրա օժանդակ շինություններում (այդպիսիք առկա լինելու դեպքում) խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ:
Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունիսի 19-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:
3. Դատախազ Ա.Մարգարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունիսի 19-ի որոշումը` բեկանել, նախաքննության մարմնի միջնորդությունը` բավարարել` թույլատրելով խուզարկություն կատարել «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում` Երևան քաղաքի Ստեփանյան թիվ 1 հասցեի առաջին հարկի` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին վարձակալությամբ չտրամադրված հատվածում և դրա օժանդակ շինություններում:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 15-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու մասին:
Դատավարության մյուս մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմինը 2019 թվականի հունիսի 19-ին միջնորդություն է հարուցել Առաջին ատյանի դատարան «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ1:
6. Առաջին ատյանի դատարանի` նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշման համաձայն` «(...) [Քննիչը] միջնորդություն է հարուցել դատարան` խնդրելով թույլատրել (...) խուզարկություն կատարել Ռուբեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Ստեփանյան 1 հասցեի շենքի առաջին հարկի` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին վարձակալությամբ չտրամադրված հատվածում և դրա օժանդակ շինություններում (այդպիսիք առկա լինելու դեպքում) (...)»2:
7. Ռուբեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում խուզարկություն կատարելու թույլտվություն չտրամադրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ դատախազ Ա.Մարգարյանի վերաքննիչ բողոքի3 քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը բավարարել է այն` թույլատրելով խուզարկություն կատարել «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում` Երևան քաղաքի Ստեփանյան թիվ 1 հասցեի առաջին հարկի` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին վարձակալությամբ չտրամադրված հատվածում և դրա օժանդակ շինություններում4:
8. Նախաքննության մարմինը նույն քրեական գործով 2019 թվականի հունիսի 19-ի մեկ այլ որոշմամբ միջնորդություն է հարուցել Առաջին ատյանի դատարան նաև նույն հասցեում գտնվող, սակայն մեկ այլ անձի՝ Ռուբեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ: Նախաքննության մարմնի վերոնշյալ միջնորդության առնչությամբ Առաջին ատյանի դատարանում կազմված թիվ ԵԴ/1487/07/19 գործում առկա են Տիգրան Աթոյանին պատկանող «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում խուզարկություն կատարելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը և այդ որոշման դեմ դատախազ Ա.Մարգարյանի վերաքննիչ բողոքը5:
9. Նախաքննության մարմնի` 2020 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ թիվ 58209519 քրեական գործի վարույթը կարճվել է և քրեական հետապնդում չի իրականացվել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` արարքում հանցակազմի բացակայության հիմքով6:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 12-րդ և 398-րդ հոդվածներով սահմանված պահանջները` թույլ տալով դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:
Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը 2019 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ թույլատրել է խուզարկություն կատարել Տ.Աթոյանին պատկանող «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում այն պարագայում, երբ Առաջին ատյանի դատարանի բողոքարկվող որոշումը և դրա դեմ բերված վերաքննիչ բողոքը վերաբերել են Ռ.Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում խուզարկություն կատարելուն:
11. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունիսի 19-ի և Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հուլիսի 12-ի որոշումները և կայացնել գործն ըստ էության չլուծող նոր դատական ակտ՝ բավարարելով քննիչի միջնորդությունը և թույլատրելով խուզարկություն կատարել Երևան քաղաքի Ստեփանյան 1 հասցեի շենքի առաջին հարկի՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին վարձակալությամբ չտրամադրված հատվածում՝ Ռուբեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող գրասենյակային տարածքում և դրա օժանդակ շինություններում:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի կողմից «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում խուզարկության կատարումը թույլատրելն այն դեպքում, երբ Առաջին ատյանի դատարանի որոշումը և դրա դեմ բերված վերաքննիչ բողոքը վերաբերել են Ռուբեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում խուզարկություն կատարելու թույլտվությունը մերժելուն:
13. ՀՀ Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են»:
Դատական վերանայման իրավունքի համատեքստում դատարանների գործառութային տարանջատվածության մասին Սահմանադրական դատարանը նշել է, որ տարբեր ատյանների դատարանները միմյանցից տարբերվում են իրենց իրավասությունների շրջանակով։ Տվյալ դատական ատյանի իրավասությունների շրջանակով են պայմանավորված այդ դատարանի կողմից ընդունվող դատական ակտերի բնույթն ու բովանդակությունը. յուրաքանչյուր դատական ատյանի կողմից ընդունվող ակտը հանդիսանում է տվյալ դատական ատյանի իրավասությունների և գործառույթների կրողը։ Հետևաբար, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր դատական ատյանի գործառույթի իրացման արդյունքում անձի իրավունքների դատական պաշտպանությունը նոր որակ է ստանում, յուրաքանչյուր դատական ատյանի կողմից իր գործառույթների իրականացման արդյունքում ընդունված դատական ակտն իր ինքնուրույն դերակատարությունն ունի դատական պաշտպանության իրավունքի իրացման ողջ գործընթացում7։
⚖13.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննիչ դատարանն ստուգում է գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման ճշտությունը, ինչպես նաև գործը քննելիս և լուծելիս քրեական դատավարական օրենքի նորմերի պահպանումը»:
Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերաքննիչ դատարանում դատական վերանայման առարկան սահմանափակվում է միայն առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգմամբ։
Վերոնշյալ դիրքորոշումը բխում է դատարանների միջև գործառութային կապն ապահովելու տրամաբանական պահանջից։ Մասնավորապես, դատարանակազմական խնդիրներով պայմանավորված` առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները իրականացնում են տարբեր դատավարական գործառույթներ և համապատասխանաբար օժտված են դրանց կատարումն ապահովող տարբեր լիազորություններով8:
Վճռաբեկ դատարանը Հրայր Հովսեփյանի գործով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(...) «վերաքննությունը», որը ծագում է լատիներեն «appelarel» բառից և թարգմանաբար նշանակում է բողոքարկում, իրենից ենթադրում է ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգում։ Այսինքն՝ վերաքննիչ դատարանը, սահմանափակ վերաքննության մոդելի պայմաններում, կաշկանդված լինելով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններով, վերանայում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը։ Նշվածը՝ որպես վերաքննիչ դատարանի հիմնական գործառույթ, ամրագրվեց նաև 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով՝ հստակեցնելով վերաքննիչ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակը։
Նման պայմաններում, պետք է փաստել, որ եթե առաջին ատյանի դատարանը լրիվ ծավալով քննության է առնում բողոքը և կայացված որոշմամբ լուծում ներկայացված պահանջի հիմնավորվածության ու իրավաչափության հարցը, ապա վերաքննիչ դատարանը, որպես կանոն, վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանի կողմից բողոքի առնչությամբ տրված լուծման հիմնավորվածությունը և իրավաչափությունը։ Այդ համատեքստում վերաքննիչ դատարանի մատչելիությունն անձի համար երաշխավորվում է հենց այդ նպատակով՝ ստուգման ենթարկելու իր իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական ակտը։ Հարկ է նկատել, որ այս սահմանով են տարանջատվում առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների գործառույթները, այդ դատարանների առջև դրված խնդիրները և հետապնդվող նպատակները։ Հակառակ պարագայում, երբ վերաքննիչ դատարանն իր կարգավիճակով ստանձնի առաջին ատյանի դատարանի դերը, ոչ միայն կխախտվի այդ դատարանների միջև ձևավորված գործառութային կապը, այլ նաև անհամաչափորեն կսահմանափակվի անձի՝ վերաքննության մատչելիության իրավունքը, և վերջինս կզրկվի իր վերաբերյալ կայացված դատական ակտը ստուգման ենթարկելու հնարավորությունից (...)»9։
13.2. Միևնույն ժամանակ, անդրադառնալով քրեական հետապնդման մարմինների կողմից բնակարանի խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալուն, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ բնակարանի խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը հանդիսանալով դատարանում վարույթ սկսելու հիմք, դատարանի որոշման համար առիթ, կանխորոշում է դատարանի կողմից գործի քննության սահմաններն առաջին ատյանի դատարանում, ինչպես նաև վերադաս դատական ատյաններում` հաշվի առնելով նաև դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքը: Վերոնշյալը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտել է, որ բնակարանի խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի միջնորդությունը քննելիս դատարանները կաշկանդված են դրանում նշված քննչական գործողության կատարման տեղով (վայրով) և այն սուբյեկտների շրջանակով, ում իրավունքների սահմանափակման թույլտվություն է հայցվում10:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Նախաքննության մարմինը միջնորդություն է հարուցել Առաջին ատյանի դատարան «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ11,
- Նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ արձանագրված է, որ քննիչը միջնորդություն է հարուցել` խնդրելով թույլատրել խուզարկություն կատարել Ռուբեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող տարածում12,
- Դատախազ Ա.Մարգարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ռուբեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում խուզարկություն կատարելու միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ13,
- Վերաքննիչ դատարանը դատախազ Ա.Մարգարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում բավարարել է այն` թույլատրելով խուզարկություն կատարել «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում14:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով մի կողմից՝ նախաքննության մարմնի միջնորդության, մյուս կողմից՝ Առաջին ատյանի դատարանի որոշման և այդ որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքի միջև առկա է անհամապատասխանություն, ինչը պայմանավորված է նրանով, որ միևնույն հասցեում խուզարկություններ կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ Առաջին ատյանի դատարան 2019 թվականի հունիսի 19-ին նախաքննության մարմնի կողմից ներկայացված երկու միջնորդություններից մեկը վերաբերում էր Տիգրան Աթոյանին պատկանող «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրին, իսկ մյուսը՝ Ռուբեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքին։ Սակայն Տիգրան Աթոյանին պատկանող «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում խուզարկություն կատարելու վերաբերյալ միջնորդության առնչությամբ Առաջին ատյանի դատարանում կազմված գործում առկա է Ռուբեն Սահակյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը և այդ որոշման դեմ բերված դատախազի վերաքննիչ բողոքը (թիվ ԵԴ/1488/07/19 գործ), իսկ Ռուբեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում խուզարկության վերաբերյալ միջնորդության առնչությամբ Առաջին ատյանի դատարանում կազմված գործում` Տիգրան Աթոյանին պատկանող «Տիգվակո» ՍՊ ընկերության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը և այդ որոշման դեմ բերված դատախազի վերաքննիչ բողոքը (ԵԴ/1487/07/19 գործ)15: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, բավարարելով նախաքննության մարմնի միջնորդությունը և թույլատրելով խուզարկություն կատարել «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում, հաշվի չի առել այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը և դրա դեմ բերված վերաքննիչ բողոքն ամբողջությամբ վերաբերել են մեկ այլ անձի` Ռուբեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում, այլ ոչ թե քննիչի միջնորդության մեջ նշված՝ «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն տրամադրելու հարցին:
16. Սույն որոշման 14-15-րդ կետերում շարադրված փաստական հանգամանքները վերլուծելով սույն որոշման 13-13.2-րդ կետերում ներկայացված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարելով նախաքննության մարմնի միջնորդությունը, ոչ թե ստուգել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը, այլ փաստացի հանդես է եկել որպես առաջին ատյանի դատարան՝ դուրս գալով վերաքննիչ վերանայման սահմաններից և խախտելով դատարանների միջև գործառութային կապը:
17. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից «Տիգվակո» ՍՊ ընկերության գործունեության վայրում խուզարկության կատարումը թույլատրելն այն դեպքում, երբ Առաջին ատյանի դատարանի որոշումը և դրա դեմ բերված վերաքննիչ բողոքը վերաբերում էին Ռուբեն Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքում խուզարկություն կատարելու թույլտվություն չտրամադրելուն, իրավաչափ չէր:
18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Սակայն հաշվի առնելով, որ թիվ 58209519 քրեական գործի վարույթը կարճվել է16, ուստի բողոքարկված դատական ակտերը չեն կարող բեկանվել, քանի որ սույն որոշումը կայացնելու պահին կորցրել են իրենց իրավական նշանակությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 12-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
___________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 3-4:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 44-45:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 47-53:
4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 65-79:
5 Տե՛ս թիվ ԵԴ/1487/07/19 գործի նյութերը:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի դատական նիստի արձանագրությունը, Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ԵԴ/1487/07/19 որոշման 9-րդ կետը:
7 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2007 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-719 որոշման 5-րդ կետը։
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Դուրյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14 որոշման 19-րդ կետը։
9 Առավել մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը։
10 Առավել մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ԵԴ/1487/07/19 որոշումը։
11 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
12 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
13 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
14 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
15 Տե՛ս սույն որոշման 5-8-րդ կետերը:
16 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2021 թվական: