ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2014 թվականի N 517-Ն
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԵԿՏՐԻՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԵԿՏՐԻՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 16.09.21 N 1515-Ն)
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «գ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 16.09.21 N 1515-Ն)
1. Հաստատել`
1) կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի․
2) կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների հատկացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
(1-ին կետը խմբ. 16.09.21 N 1515-Ն)
2. Սույն որոշման N 1 հավելվածում չներառված Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուրն իր մասով մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրել տեղեկատվություն հատկացված ռադիոհաճախականությունների մասին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տրամադրել քաղաքացիական և համատեղ օգտագործման նշանակության ռադիոհաճախականություններ օգտագործող պետական մարմինների ցանկը, որոնք ներառված չեն սույն որոշման N 1 հավելվածում, նշելով հատկացված ռադիոհաճախականությունները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. մայիսի 19 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի N 517-Ն որոշման |
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԵԿՏՐԻՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿ
(վերնագիրը խմբ. 16.09.21 N 1515-Ն)
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Ազգային անվտանգության ծառայություն
Ոստիկանություն
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ բացի վերգետնյա տեխնոլոգիական ռադիոկապ ապահովող սարքավորումներից
(հավելվածը փոփ. 14.11.19 N 1589-Ն, 02.04.20 N 447-Ն, լրաց. 25.06.20 N 1044-Ն, խմբ. 16.09.21 N 1515-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի N 517-Ն որոշման |
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԵԿՏՐԻՑ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ
(վերնագիրը խմբ. 16.09.21 N 1515-Ն)
1. Կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթները հատկացվում են կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների կողմից (այսուհետ՝ հայտատու)՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) ներկայացված հայտի հիման վրա, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով։
(1-ին կետը փոփ. 14.11.19 N 1589-Ն, խմբ. 16.09.21 N 1515-Ն)
2. Հայտատուի ներկայացրած հայտը ներառում է՝
1) հայտատուի անվանումը, գտնվելու վայրը.
2) հատկացման ենթակա ռադիոհաճախականությունների տիրույթները։
(2-րդ կետը փոփ. 16.09.21 N 1515-Ն)
3. Հայտը նախարարությունում մուտքագրվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից ստուգվում է դրա համապատասխանությունը սույն կարգի 2-րդ կետի պահանջներին, և, եթե առկա չեն սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հանգամանքները, ապա նույն ժամկետում հայտն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայություն, Ոստիկանություն և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ կարծիքի, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտով պահանջվող ռադիոհաճախականությունների տիրույթներն ընդգրկված են քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման համար նախատեսված ռադիոհաճախականությունների ցանկում: Եթե հայտով պահանջվող ռադիոհաճախականությունների տիրույթներն ընդգրկված են քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների շահագործման համար նախատեսված ռադիոհաճախականությունների ցանկում, ապա նախարարության համապատասխան ստորաբաժանումը 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտը փոխանցում է Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1258-Ն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով քննարկելու համար:
(3-րդ կետը փոփ. 14.11.19 N 1589-Ն, 16.09.21 N 1515-Ն)
4. Սույն կարգի 3-րդ կետում նշված պետական կառավարման մարմինները հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ռադիոհաճախականությունների տրամադրման մասին հայտը և իրենց կարծիքը գրավոր ներկայացնում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Բացասական կարծիքի դեպքում այն պետք է լինի հիմնավորված:
(4-րդ կետը փոփ. 14.11.19 N 1589-Ն)
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված ժամկետում նախարարություն կարծիք չներկայացվելու դեպքում համարվում է, որ հայտի վերաբերյալ առարկություններ չկան:
6. Եթե հայտում ներառված տվյալները թերի են և չեն համապատասխանում սույն կարգի 2-րդ կետով սահմանված պահանջներին, ապա հայտատուն հայտը նախարարությունում մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է հայտում առկա կոնկրետ թերությունների մասին։
7. Հայտում առկա թերությունների մասին գրավոր տեղեկացվելուց հետո հայտատուն 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնում է նշված թերությունները և հայտը կրկին ներկայացնում է նախարարություն։
8. Հայտը մերժվում է, եթե՝
1) սույն կարգի 3-րդ կետում նշված պետական կառավարման որևէ մարմնի կողմից ներկայացվել է հայտի մերժման վերաբերյալ հիմնավորված առաջարկություն.
2) հայտը չի համապատասխանում սույն կարգի 2-րդ կետի պահանջներին, և սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում թերությունները չեն վերացվել։
9. Նախարարության համապատասխան ստորաբաժանումը սույն կարգով սահմանված ժամկետներում հայտի համապատասխանությունն ստուգելուց և սույն կարգի 3-րդ կետում նշված մարմինների կողմից կարծիքներն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում և հայտը կից փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին:
(9-րդ կետը փոփ. 14.11.19 N 1589-Ն)
10. Ռադիոհաճախականությունների տիրույթների հատկացման կամ մերժման մասին նախարարի հրամանն ընդունվում է սույն կարգի 9-րդ կետով սահմանված կարգով հայտը կից փաստաթղթերի հետ միասին ներկայացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան հայտը նախարարությունում մուտքագրվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:
(10-րդ կետը փոփ. 16.09.21 N 1515-Ն)
11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով նախարարի հրամանն ընդունվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն, սույն կարգի 3-րդ կետում նշված պետական կառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գրավոր տեղեկացվում են դրա մասին:
(հավելվածը փոփ. 14.11.19 N 1589-Ն, խմբ., փոփ. 16.09.21 N 1515-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |