ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԵԳՆՈՒԿՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 69596/17)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
10 դեկտեմբերի 2020թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
Եգնուկյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Աննա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
և Լիվ Տիգերշտետ [Liv Tigerstedt]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2020 թվականի նոյեմբերի 19-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2017 թվականի օգոստոսի 25-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Տ. Հայրապետյանը։
3. Հայաստանի կառավարությունը (Կառավարություն) ծանուցվել է գանգատի մասին:
ՓԱՍՏԵՐԸ
4. Դիմումատուի տվյալներն ու գանգատին վերաբերող տեղեկությունները ներկայացված են կից աղյուսակում:
5. Գործով հաղորդակցությունն իրականացվել է Կարո Եղնուկյան գործի անվանմամբ: 2020 թվականի հուլիսի 2-ի գրությամբ դիմումատուի իրավաբանը տեղեկացրել է Դատարանին, որ դիմումատուի իրական անունը Գարո Եգնուկյան է: 2020 թվականի հուլիսի 7-ին Դատարանը տեղեկացրել է կողմերին, որ գանգատին ընթացք կտա Գարո Եգնուկյան գործի անվանմամբ:
6. Դիմումատուն բողոք է ներկայացրել քրեական գործով վարույթի չափազանց երկար տևողության առնչությամբ:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 37-րդ ՀՈԴՎԱԾԻ 1-ին ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԳԱՆԳԱՏԸ ԳՈՐԾԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ
7. Կառավարությունը ներկայացրել է միակողմանի հայտարարություն, որտեղ չեն ներկայացվում բավարար հիմքեր՝ գտնելու, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանք դրսևորելու պարտավորությունը, ինչպես սահմանված է Կոնվենցիայով, չի պահանջում շարունակել գործի քննությունը (37-րդ հոդվածի 1-ին կետ՝ վերջում): Դատարանը մերժում է գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Կառավարության պահանջը և համապատասխանաբար անցնում է գործի ըստ էության քննությանը (տե՛ս Թահսին Աքարն ընդդեմ Թուրքիայի (նախնական առարկություններ) [ՄՊ] [Tahsin Acar v. Turkey (preliminary objections) [GC]], թիվ 26307/95, §75, ՄԻԵԴ 2003-VI):
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
8. Դիմումատուն բողոքել է, որ տվյալ քրեական գործով վարույթի տևողությունը չի համապատասխանել «ողջամիտ ժամկետի» պահանջին: Նա հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վրա, համաձայն որի՝
6-րդ հոդվածի 1-ին կետ
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են ... իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի ... տրիբունալի կողմից ողջամիտ ժամկետում ... լսումների իրավունք»։
9. Դատարանը կրկին նշում է, որ վարույթի տևողության ողջամտությունը պետք է գնահատվի՝ ելնելով գործի կոնկրետ հանգամանքներից և հաշվի առնելով հետևյալ չափորոշիչները՝ գործի բարդությունը, դիմումատուի և համապատասխան մարմինների վարքագիծը, և այն, թե վեճի մեջ դիմումատուի համար որն է եղել խնդրո առարկան (տե՛ս, ի թիվս մի շարք այլ վճիռների, Պելիսիեն և Սասին ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Pélissier and Sassi v. France [GC]], թիվ 25444/94, § 67, ՄԻԵԴ 1999-II և Ֆրիդլենդերն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Frydlender v. France [GC]], թիվ 30979/96, § 43, ՄԻԵԴ 2000‑VII)։
10. Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի [Grigoryan v. Armenia] գերակա նախադիպային գործով (թիվ 3627/06, 2012 թվականի հուլիսի 10) Դատարանն արդեն հայտնաբերել է խախտում այն հարցերի առնչությամբ, որոնք համանման են սույն գործում բարձրացված հարցերին։
11. Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, այս բողոքների ընդունելիության և ըստ էության քննության վերաբերյալ այլ եզրահանգման գալու համար հիմնավորող որևէ փաստ կամ փաստարկ չի գտել: Հաշվի առնելով քննվող հարցի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը` Դատարանը համարում է, որ տվյալ գործում վարույթի տևողությունը չափազանց երկար է եղել և չի բավարարել «ողջամիտ ժամկետի» պահանջը:
12. Հետևաբար այս բողոքներն ընդունելի են և բացահայտում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
13. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
14. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես վերևում հիշատակված՝ Գրիգորյանի գործը, § 139)՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։
15. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Մերժում է Դատարանի գործերի ցուցակից գանգատը հանելու մասին Կառավարության պահանջը.
2. Հայտարարում է գանգատն ընդունելի.
3. Վճռում է, որ սույն գանգատով բացահայտվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ քրեական գործով վարույթի տևողության չափազանց երկար լինելու առնչությամբ.
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի կից աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2020 թվականի դեկտեմբերի 10-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Լիվ Տիգերշտետ Յոլիեն Շուկինգ Քարտուղարի տեղակալի Նախագահ
պաշտոնակատար
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատ
(քրեական գործով վարույթի չափազանց երկար տևողություն)
Գանգատ թիվ Ներկայացման ամսաթիվը |
Դիմումատուի անունը Ծննդյան տարին |
Ներկայացուցչի անունն ու գտնվելու վայրը |
Վարույթն սկսելու ամսաթիվը |
Վարույթն ավարտելու ամսաթիվը |
Ընդհանուր տևողությունը Ատյանների մակարդակը |
Ոչ նյութական վնասի համար շնորհվող գումարը (եվրոյով)1 |
Ծախսերի և ծախքերի համար շնորհվող գումարը (եվրոյով)2 |
69596/17 25.08.2017թ. |
ԳԱՐՈ ԵԳՆՈՒԿՅԱՆ 1959թ. |
Հայրապետյան Տիգրան Երևան |
22.07.2016թ. |
Ընթացքի մեջ է |
Ավելի քան 4 տարի, 2 ամիս և 23 օր 1 ատյանի մակարդակ |
1 200 |
250 |
__________________________
1 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
2 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
