ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունվարի 2022 թվականի N 9-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն, 2007 թվականի փետրվարի 15-ի N 346-Ն, 2007 թվականի ապրիլի 5-ի N 401-Ն ու 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1565-Ն որոշման հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 7.1-ին և 7.2-րդ կետերով՝
«7.1. Տեխնիկական զննություն իրականացնողն էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգում է հարկադիր կատարողի որոշմամբ տրանսպորտային միջոցի հետախուզման բացակայության հանգամանքը:
7.2. Տեխնիկական զննություն իրականացնողի կողմից տրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն չի իրականացվում, եթե տրանսպորտային միջոցի տիրապետողի կամ սեփականատիրոջ կողմից`
1) չի ներկայացվել սույն կարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկը, կամ
2) տեխնիկական զննություն իրականացնողի կողմից էլեկտրոնային համակարգի միջոցով տրանսպորտային միջոցի հետախուզման բացակայության ստուգման հիման վրա հաստատվել է հարկադիր կատարողի որոշմամբ տրանսպորտային միջոցի հետախուզման առկայությունը:»:
2. Առաջարկել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը` մեկամսյա ժամկետում տեխնիկական զննության կայանների համար ապահովել սույն որոշման կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման և փոխանակման նպատակով ստեղծված էլեկտրոնային ծրագրին հասանելիությունը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 2-րդ կետով սահմանված` էլեկտրոնային ծրագրին հասանելիության ապահովման պահից, բացառությամբ 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
05.01.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2022 թվական: