Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24382/15
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 02.11.2023
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
05.10.2023
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2024

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Գանգատ թիվ 24382/15

 

Ֆիրուզե ԱՍԳԱՐՈՎԱՆ և Ալբինա ՎԵՍԵԼՈՎԱՆ

 

ընդդեմ Հայաստանի

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2023 թվականի սեպտեմբերի 12-ին հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer]՝ Նախագահ,

Թիմ Այքը [Tim Eicke],

Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović],

Բրանկո Լուբարդա [Branko Lubarda],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr],

Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,

և Անդրեա Տամիետտի [Andrea Tamietti]՝ Բաժանմունքի քարտուղար,

հաշվի առնելով 2015 թվականի մայիսի 15-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,

հաշվի առնելով պատասխանող Կառավարության կողմից ներկայացված դիտարկումները և դիմումատուների կողմից ի պատասխան ներկայացված դիտարկումները,

հաշվի առնելով Ադրբեջանի կառավարության կողմից ներկայացված մեկնաբանությունները, որն օգտագործել էր գործին ներգրավվելու իր իրավունքը (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 1-ին կետ և Դատարանի կանոնակարգի 44-րդ կանոնի 1-ին կետի «բ» ենթակետ),

հաշվի առնելով Ռուսաստանի կառավարության՝ սույն գործում իր իրավունքը չիրացնելու մասին որոշումը, որին ծանուցվել էր վարույթին ներգրավվելու իր իրավունքի մասին,

անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.

 

ՓԱՍՏԵՐԸ

 

1. Դիմումատուները` տիկին Ֆիրուզե Ասգարովան (առաջին դիմումատու) և տիկին Ալբինա Վեսելովան (երկրորդ դիմումատու), համապատասխանաբար Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիներ են։ Առաջին դիմումատուն ծնվել է 1967 թվականին և ապրում է Ադրբեջանի Շամքիրի շրջանի Չինարլի բնակավայրում։ Երկրորդ դիմումատուն ծնվել է 1982 թվականին և ապրում է Ադրբեջանի Թարթառի շրջանի Գարագաջի գյուղում։ Դատարանում նրանց ներկայացրել է Բաքվում գործող իրավաբան պրն Ա. Բաղիրովը։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ պրն Ե. Կիրակոսյանը:

3. Գործով փաստերն այնպես, ինչպես ներկայացրել են կողմերը, կարելի է ամփոփել հետևյալ կերպ.

 

Ա. Գործի հանգամանքները

4. Առաջին դիմումատուի վաղեմի զուգընկեր պրն Դիլգամ Ասգարովը և երկրորդ դիմումատուի ամուսինը՝ պրն Շահբազ Գուլիևը, ծնված համապատասխանաբար 1960 և 1968 թվականներին, Ադրբեջանի քաղաքացիներ են։ Պրն Ասգարովն ու պրն Գուլիևն այսուհետ կհիշատակվեն որպես «դիմումատուների զուգընկերներ»։

5. Ըստ դիմումատուների՝ նրանց զուգընկերները երկուսն էլ ծագումով Ադրբեջանի Քելբաջար շրջանից էին։ 1993 թվականից 2020 թվականն ընկած ժամանակահատվածում Քելբաջարի շրջանը, որը վերանվանվել էր Շահումյանի շրջան, գտնվում էր Հայաստանի Հանրապետության անմիջական վերահսկողության տակ. այն չճանաչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» («ԼՂՀ») հարակից տարածքների մասն էր կազմում (տե՛ս Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի [ՄՊ] [Chiragov and Others v. Armenia [GC]] գործը, թիվ 13216/05, § 186, ՄԻԵԴ 2015թ.)։

6. 2014 թվականի հունիսի 29-ին պրն Ասգարովն ու պրն Գուլիևը ճամփորդել են Քելբաջարի շրջան՝ հավանաբար իրենց հայրենիք այցելելու և իրենց հարազատների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով։

 

Բ. Պրն Ասգարովի և պրն Գուլիևի դեմ հարուցված քրեական վարույթը

7. Անվտանգության ծառայության 2014 թվականի հուլիսի 8-ի զեկույցից և «ԼՂՀ» Ազգային անվտանգության ծառայության քննիչի կողմից 2014 թվականի հուլիսի 9-ին կայացված որոշումից երևում է, որ պրն Գուլիևը 2014 թվականի հուլիսի 8-ին Շահումյանի շրջանի անասնաբուծական ֆերմայում ձերբակալվել է։ Նա իր մոտ ուներ ինքնաձիգ՝ խլացուցիչով, ատրճանակ՝ խլացուցիչով, և զինամթերք։

8. «ԼՂՀ» անվտանգության ծառայության 2014 թվականի հուլիսի 14-ի զեկույցից երևում է, որ պրն Ասգարովը ձերբակալվել է նույն օրը Քարվաճառ քաղաքի մերձակայքում գտնվող մայրուղու վրա։ Նա զենք և զինամթերք է կրելիս եղել։

9. Ըստ դիմումատուների՝ պրն Ասգարովն ու պրն Գուլիևը ձերբակալության ժամանակ վատ վերաբերմունքի են արժանացել ինչպես Հայաստանի, այնպես էլ «ԼՂՀ» պաշտոնյաների կողմից:

10. 2014 թվականի հուլիսի 9-ին պրն Գուլիևի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել՝ նրա կողմից սահմանն ապօրինի հատելու կասկածանքով։

11. Նույն օրը պրն Գուլիևը քննիչին ձեռագիր պահանջ է ներկայացրել այն մասին, որ իրեն տրամադրեն ռուսալեզու թարգմանչի ծառայություններ և գործում առկա բոլոր փաստաթղթերը թարգմանվեն ռուսերեն: Ռուսերեն շարադրված պահանջում ասվում էր, որ պրն Գուլիևը վարժ տիրապետում էր այդ լեզվին:

12. Քննիչն այդ գործի համար ռուսալեզու թարգմանիչ է նշանակել և պրն Գուլիևին անվճար իրավաբանական օգնություն է տրամադրել: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը Ի.-ին նշանակել է որպես պրն Գուլիևի փաստաբան։

13. Նույն օրը քննիչը կարգադրել է ձերբակալել պրն Գուլիևին։ Այնուհետև նա հարցաքննել է պրն Գուլիևին, որը քննիչին, inter alia (ի թիվս այլնի), հայտնել է, որ 1988 թվականից մշտապես բնակվել և աշխատել է Ռուսաստանում:

14. 2014 թվականի հուլիսի 12-ին «ԼՂՀ» ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը պրն Գուլիևին երկու ամսով կալանքի տակ պահելու որոշում է կայացրել։ Պրն Գուլիևի փաստաբան Ի.-ն հայտնել է, որ ինքը կալանքի որոշման վերաբերյալ առարկություն չունի։

15. 2014 թվականի հուլիսի 15-ին «ԼՂՀ» Ազգային անվտանգության ծառայության քննիչը կարգադրել է ձերբակալել պրն Ասգարովին։

16. Նույն օրը պրն Ասգարովը քննիչին ձեռագիր պահանջ է ներկայացրել այն մասին, որ իրեն տրամադրեն ռուսալեզու թարգմանչի ծառայություններ և գործում առկա բոլոր փաստաթղթերը թարգմանվեն ռուսերեն: Ռուսերեն շարադրված պահանջում ասվում էր, որ պրն Ասգարովը վարժ տիրապետում էր այդ լեզվին: Դատարան ներկայացված գործի նյութերում պրն Ասգարովի պահանջի լուծման վերաբերյալ որևէ նշում չի պարունակվում։

17. Նույն օրը քննիչը պրն Ասգարովին անվճար իրավաբանական օգնություն է տրամադրել։ Բ.-ն նշանակվել է որպես պրն Ասգարովի փաստաբան։

18. 2014 թվականի հուլիսի 18-ին դատարանը որոշել է կալանքի տակ պահել պրն Ասգարովին։

19. 2014 թվականի հուլիսի 18-ին և 21-ին պրն Գուլիևին և պրն Ասգարովին մեղադրանք է առաջադրվել սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, ապօրինի զենք պահելու, գողության, առևանգման և մի շարք սպանությունների համար:

20. 2014 թվականի սեպտեմբերի 6-ին պրն Գուլիևին և պրն Ասգարովին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է: Ըստ դիմումատուների՝ երկու տղամարդիկ պահվել են անմարդկային պայմաններում։

21. Դատավարության ընթացքում պրն Ասգարովի պաշտպան Բ.-ն մամուլին ասել է, որ պրն Ասգարովի ցուցմունքներում հակասություններ են եղել, և որ դատաբժշկական փորձաքննությամբ ապացուցվել է, որ սպանության զոհերից մեկին կրակել են պրն Ասգարովի գնդացրից։

22. Դիմումատուները տեսագրություններ են ներկայացրել՝ մտադրություն ունենալով ցույց տալու, որ դատավարության ընթացքում պաշտպանները ո՛չ ակտիվորեն մասնակցել են լսումներին, ո՛չ էլ խորհրդատվություն են տրամադրել մեղադրյալներին։

23. 2014 թվականի դեկտեմբերի 29-ին «ԼՂՀ» ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը պրն Գուլիևին և պրն Ասգարովին դատապարտել է համաձայն առաջադրված մեղադրանքի։ Պրն Ասգարովը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ պրն Գուլիևը՝ քսաներկու տարի ժամկետով ազատազրկման։

24. Երկու տղամարդիկ էլ վերաքննիչ բողոք են ներկայացրել. 2015 թվականի մարտի 10-ին «ԼՂՀ» վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի վճիռը թողել է անփոփոխ։

25. Երկու տղամարդիկ էլ վճռաբեկ բողոք են ներկայացրել. 2015 թվականի մայիսի 27-ին «ԼՂՀ» Գերագույն դատարանը դատավճիռները թողել է անփոփոխ։

26. 2018 թվականի հունվարի 19-ին պրն Ասգարովը խնդրել է Բ.-ին վերանշանակել որպես իրեն իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբան։

 

Գ. Կապն արտաքին աշխարհի հետ

 

1. Դիմումատուների վարկածը

27. Ըստ դիմումատուների՝ իրենց զուգընկերներին պահել են խիստ մեկուսացման մեջ՝ թույլ չտալով շփվել այլ բանտարկյալների հետ կամ դրսից լուրեր ստանալ։ Պրն Ասգարովին և պրն Գուլիևին թույլ չեն տվել էլեկտրոնային նամակ ուղարկել կամ ստանալ՝ բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից կազմակեպվող այցելությունների ժամանակահատվածի, ինչպես նաև թույլ չեն տվել, որ նրանց ընտանիքի անդամներն այցելեն իրենց, կամ որ նրանք կապ հաստատեն անկախ փաստաբանների հետ: Նրանք նաև պնդել են, որ կալանավորներին տեսակցելը գործնականում անհնար է եղել։ «ԼՂՀ»-ում նրանց կյանքին սպառնացող «իրական, փաստաթղթերով հիմնավոր ձևակերպված վտանգներ» են եղել։ Այդ տարածքներում հայտնաբերվող ցանկացած անձի կձերբակալեին և նրա նկատմամբ մեղադրանք կառաջադրեին։

28. Պրն Ասգարովը 2021 թվականի մարտի 23-ի իր գրավոր ցուցմունքում նշել է, որ ինքը ԿԽՄԿ-ի ներկայացուցչին հայտնել է Դատարան գանգատ ներկայացնելու իր ցանկության մասին։ Մասնավորապես նա այդ ցանկությունը հայտնել էր ԿԽՄԿ-ի հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լ.Ա.-ն։ Վերջինս փորձել էր իրեն հետ պահել Դատարան դիմելուց՝ պնդելով, որ իր իրավունքները չեն խախտվել։ Այնուամենայնիվ, նա լրացրել էր գանգատի ձևը։ Հետևելով բանտի աշխատակիցների ցուցումներին՝ նա գանգատը տվել էր իրեն իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբան Բ.-ին: Ապա նա հարցուփորձ էր արել, թե ինչ էր եղել այդ ձևը: Բանտի աշխատակիցները նրան հայտնել էին, որ Բ.-ն իր գանգատն ուղարկել է Լ.Ա.-ին, որը, սակայն, հրաժարվել է այն ուղարկել Դատարան: Պրն Գուլիևը 2021 թվականի մարտի 23-ի իր գրավոր ցուցմունքում նշել է, որ ինքը բանտի աշխատակիցներին հայտնել է իր՝ Դատարան գանգատ ներկայացնելու ցանկության մասին, սակայն իրեն թույլ չեն տվել դա անել։ Պրն Ասգարովն ու պրն Գուլիևը նաև պնդել են, որ ԿԽՄԿ-ին և իրենց ընտանիքներին ուղղված իրենց բոլոր նամակները գրաքննության են ենթարկվել, և որ դրանցից մի քանիսը չեն ուղարկվել:

 

2. Կառավարության վարկածը

29. Կառավարությունն ընդունել է, որ երկու տղամարդիկ, որպես անվտանգության միջոց, մեկուսացվել են մյուս բանտարկյալներից և միմյանցից: Սակայն նրանք կանոնավոր տեսակցություններ են ունեցել իրենց փաստաբանների և անհրաժեշտության դեպքում՝ բժիշկների հետ:

30. Կառավարությունն ի սկզբանե նշել է, որ կալանավորների՝ նամակներ գրելու և ստանալու իրավունքի սահմանափակում չի եղել։ Սակայն նրանց համար անհնար է եղել փոստով, էլեկտրոնային փոստով կամ հեռախոսով կապ հաստատելը, քանի որ Ադրբեջանը կտրել էր «ԼՂՀ»-ի հետ կապի բոլոր միջոցները։ Ավելի ուշ նրանք հայտարարել են, որ պրն Գուլիևին և պրն Ասգարովին թույլ չեն տվել նամակներ գրել կամ ստանալ՝ վախենալով, որ նրանք կարող են փորձել օգտվել նման հաղորդակցությունից՝ ադրբեջանական գաղտնի ծառայությունների հետ իրենց կապերը վերականգնելու նպատակով:

31. Պրն Ասգարովն ու պրն Գուլիևը կարողացել են նամակագրություն հաստատել իրենց ընտանիքների հետ ԿԽՄԿ-ի կողմից ուղարկված նամակների միջոցով: Այդ նամակները գրաքննության չեն ենթարկվել։ ԿԽՄԿ-ի կողմից ուղարկված (և դիմումատուների կողմից Դատարան ներկայացված) իր նամակներից մեկում պրն Ասգարովն իր հարազատներին խնդրել էր «դիմում ներկայացնել ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակ՝ հանդիպման համար»:

32. Ըստ «ԼՂՀ» արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված տեղեկությունների՝ դիմումատուները երբևէ չեն փորձել այցելել «ԼՂՀ» կամ օգնություն չեն խնդրել իրենց հարազատների հետ հանդիպումներ կազմակերպելու հարցում։ Կառավարությունն ընդգծել է այն փաստը, որ երկրորդ դիմումատուն Ռուսաստանի քաղաքացի էր և հետևաբար կարող էր «ԼՂՀ» այցելել առանց վիզայի կամ անձնագրի (պարզապես օգտագործելով իր ներքին ռուսական նույնականացման քարտը) և հանդիպել իր ամուսնուն, եթե ցանկանար դա անել։

33. Ավելին, պրն Ասգարովին և պրն Գուլիևին մի քանի առիթներով այցելել են իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացի այդ, 2017 թվականի հուլիսի 18-ին նրանց այցելել են «Անհայտ կորածների որոնման և պատանդների ու գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի» անդամները և կարողացել են գաղտնի պայմաններում զրուցել նրանց հետ։

34. Եվ վերջապես, Կառավարությունը պնդել է, որ նշված ժամանակ Լ.Ա.-ն (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը) եղել է ոչ թե Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, այլ իրավապաշտպան ՀԿ-ի ղեկավար։

 

Դ. Պրն Գուլիևի և պրն Ասգարովի ազատ արձակումը և հետագա իրադարձությունները

35. 2020 թվականի դեկտեմբերի 14-ին դիմումատուների զուգընկերներն ազատ են արձակվել և վերադարձվել Ադրբեջան։

36. 2021 թվականի մարտի 23-ին պրն Ասգարովն ու պրն Գուլիևը գրավոր ցուցմունքներ են ուղարկել Դատարան, որոնցում նշել են, որ սատարում են իրենց զուգընկերների կողմից իրենց անունից ներկայացված բողոքը։

 

ԲՈՂՈՔՆԵՐԸ

 

37. Դիմումատուները բողոքել են համաձայն Կոնվենցիայի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների և Թիվ 4 արձանագրության 2-րդ հոդվածի՝ պատասխանող պետությունում իրենց զուգընկերներին կալանավորելու և նրանց դեմ քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ։ Մասնավորապես նրանք բողոքել են համաձայն 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» և «ե» ենթակետերի, որ դատարանի կողմից իրենց զուգընկերների համար նշանակված փաստաբանները դատավարության ընթացքում բացարձակապես պասիվ են եղել և իրենց պաշտպանյալներին արդյունավետ իրավաբանական օգնություն չեն ցուցաբերել. նրանք նաև բողոքել են, որ իրենց զուգընկերներին տրամադրվել են թարգմանչի ծառայություններ, որը վարույթը թարգմանել է ռուսերեն, որին իրենց զուգընկերները բավարար չափով չեն տիրապետել։ Նրանք նաև բողոքել են, որ պատասխանող պետությունը խոչընդոտել է իրենց զուգընկերների՝ Կոնվենցիայի 34-րդ հոդվածով ամրագրված անհատական գանգատ ներկայացնելու իրավունքի իրացումը։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

Ա. Կողմերի փաստարկները դիմումատուների՝ locus standi (դատարան դիմելու իրավունքի) և դիմումատուների՝ տուժողի կարգավիճակի վերաբերյալ

 

1. Կառավարությունը

38. Նախ և առաջ, Կառավարությունը նշել է, որ դիմումատուները չեն պնդել, որ իրենց զուգընկերների իրավունքների ենթադրյալ խախտումներն ուղղակիորեն ազդել են իրենց վրա։ Ինչպես նաև նրանք չէին կարող պնդել, որ անուղղակի տուժող կողմ էին։ Պրն Ասգարովն ու պրն Գուլիևը ողջ էին։ Նրանք անհայտ կորած անձինք չէին, քանի որ դիմումատուները մշտապես իմացել են նրանց գտնվելու վայրը և նրանց հետ կապ են հաստատել ԿԽՄԿ-ի միջոցով։ Հետևաբար «անուղղակի տուժողների» մասով Դատարանի նախադեպային իրավունքը նրանց պարագայում կիրառելի չէր։

39. Այնուհետև Կառավարությունը պնդել է, որ դիմումատուներն իրավունք չունեին Դատարան ներկայացված վարույթում իրենց զուգընկերների անունից հանդես գալու։ Կառավարությունը նշել է, որ եթե դիմումատուները որոշեին ներկայացված լինել (ինչպես թույլատրվում է Դատարանի Կանոնակարգի 36-րդ կանոնի 1-ին կետով), ապա 45-րդ կանոնի 3-րդ կետով նրանցից պահանջվում էր պատշաճ կերպով ստորագրված գրավոր լիազորություն ներկայացնել, որպեսզի իրենց առաջադրած ներկայացուցիչները կարողանային հանդես գալ իրենց անունից: Սույն գործով այդպիսի գրավոր լիազորություն չի ներկայացվել: Հղում կատարելով Վալենտին Կամպենուի անվան իրավաբանական ռեսուրսների կենտրոնն ընդդեմ Ռումինիայի [Centre for Legal Resources on behalf of Valentin Câmpeanu v. Romania] գործում ([ՄՊ], թիվ 47848/08, ՄԻԵԴ 2014թ.) նշված սկզբունքներին՝ Կառավարությունն ընդունել է, որ հատուկ նկատառումներ կարող են առաջանալ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ կամ 8-րդ հոդվածների ենթադրյալ խախտումներից տուժած անձանց դեպքում։

40. Ըստ Կառավարության՝ դիմումատուներին չի հաջողվել ներկայացնել որևէ փաստարկ՝ հաստատելու համար իրենց զուգընկերների անունից գործելու իրենց իրավունքը: Կառավարության կարծիքով՝ դիմումատուների զուգընկերները հայտնվել էին ստանդարտ իրավիճակում, երբ անձը դատապարտվել էր և իր պատիժը կրում էր օտար երկրում։ Այն փաստը, որ «ԼՂՀ»-ն չէր ճանաչվել Ադրբեջանի կողմից, և որ առկա էր պատերազմական իրավիճակ, չէր բացառում դիմումատուների կողմից իրենց զուգընկերներին այցելելու հնարավորությունը։ Մասնավորապես երկրորդ դիմումատուն ռուս էր (տե՛ս վերևում՝ 1-ին պարբերությունը), ինչն է՛լ ավելի էր հեշտացնում «ԼՂՀ» այցելելը (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը): «ԼՂՀ» իշխանությունները չպետք է պատասխանատվություն կրեին դիմումատուների կողմից իրենց հարազատներին այցելելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու (կամ առնվազն այդպիսի փորձ չանելու) համար։ Հետևաբար դիմումատուների և նրանց կալանավորված զուգընկերների միջև հանդիպումների բացակայությունը չի կարող վերագրվել «ԼՂՀ» իշխանություններին:

41. Ավելին, տղամարդիկ առանձնապես խոցելի իրավիճակում չեն եղել. նրանք ավելի խոցելի չեն եղել, քան ցանկացած այլ անձ, որը դատապարտվել և պատիժ էր կրում քրեական իրավախախտումների համար: Նրանք օգտվել են փաստաբանների և թարգմանիչների օգնությունից (տե՛ս վերևում՝ 12-րդ և 17-րդ պարբերությունները) և պարբերաբար նամակներ են ստացել և ուղարկել ԿԽՄԿ-ի միջոցով (տե՛ս վերևում՝ 27-րդ և 31-րդ պարբերությունները): Հետևաբար Կառավարությունը պնդել է, որ երկու տղամարդիկ կարող էին ցանկացած պահի գանգատներ ներկայացնել Դատարան կամ իրենց անունից դա անելու ցուցումներ տալ իրենց հարազատներին:

42. Ի վերջո, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուների և նրանց զուգընկերների շահերի միջև առկա էր բախում: Այն վկայակոչել է պրն Ասգարովի կողմից իր հարազատներին ուղղված նամակը, որում նրանց խնդրում էր «դիմում ներկայացնել ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակ՝ հանդիպման համար» (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունը): Տղամարդկանցից ոչ մեկն իր հարազատներին չի հանձնարարել դիմել Դատարան: Կառավարությունն ընդգծել է այն փաստը, որ դիմումատուներն իրենց զուգընկերների մասին տեղեկություն ստանալու ոչ մի փորձ չեն արել:

 

2. Դիմումատուները

43. Դիմումատուները հաստատել են, որ դիմել են իրենց զուգընկերների անունից և նշել են, որ, գործի բացառիկ հանգամանքներով պայմանավորված, նրանք ունեին պահանջվող իրավունքը: Նրանք ընդունել են, որ այն դեպքում, երբ անձամբ տուժողի կողմից գանգատ չի ներկայացվել, Դատարանն ընդհանուր առմամբ պահանջել է, որ այդ տուժողի անունից գործելու համար գրավոր լիազորություն ներկայացվի: Այնուամենայնիվ, դիմումատուները պնդել են, որ սույն գործում առկա են հատուկ հանգամանքներ: Ի հակադրություն Կառավարության առաջարկած վարկածի՝ տղամարդիկ դատավարությանը չէին ներգրավվել սովորական քրեական վարույթի շրջանակներում։ Ավելի շուտ տուժողները բռնի կերպով պատանդ էին վերցվել և պահվել մեկուսացված կալանքի տակ՝ անօրինական, չճանաչված և որևէ լեգիտիմություն չունեցող զինված սուբյեկտի կողմից: Նրանց առողջական վիճակը գնալով վատանում էր։ Դա վկայում էր նրանց զգայուն ու խոցելի վիճակի մասին։

44. Դիմումատուները պնդել են, որ իրենց զուգընկերներին պահել են խիստ մեկուսացման մեջ՝ թույլ չտալով շփվել արտաքին աշխարհի հետ, նրանց թույլ չեն տվել նամակ ուղարկել կամ ստանալ (բացառությամբ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների այցելությունների ժամանակահատվածի), և որ նրանք իրավունք չեն ունեցել կապ հաստատելու անկախ փաստաբանների հետ կամ տեսակցություններ ունենալու իրենց ընտանիքների հետ։ Հետևաբար նրանք չեն կարողացել անձամբ գանգատ ներկայացնել Դատարան կամ լիազորել իրենց հարազատներին դա անել իրենց անունից:

45. Դիմումատուների կարծիքով՝ սույն գործում հստակորեն առկա էին Լամբերտը և այլք ընդդեմ Ֆրանսիայի [Lambert and Others v. France] ([ՄՊ], թիվ 46043/14, ՄԻԵԴ 2015թ. (քաղվածքներ)) գործում նշված չափորոշիչները: Ոչնչից չէր կարելի ենթադրել, որ անմիջական տուժողների և դիմումատուների միջև շահերի որևէ բախում կար: Հակառակը, տուժողները ցանկանում էին օգտագործել բոլոր հնարավորությունները՝ ազատ արձակվելու և իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու համար։

 

3. Ներգրավված երրորդ կողմը

46. Ադրբեջանի կառավարությունը պնդել է, որ դիմումատուների համար անհնար է եղել այցելել «ԼՂՀ»-ում գտնվող իրենց զուգընկերներին։ Ադրբեջանն ու Հայաստանը de facto (փաստացի) գտնվում էին պատերազմական իրավիճակում։ Դիմումատուների զուգընկերները կալանավորվել էին Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում։ Այնտեղ ճանապարհորդելը դիմումատուների կյանքի և առողջության համար մեծ վտանգ կառաջացներ: Հայաստանի կառավարությունը Դատարանին ուղղված իր փաստարկներում անձամբ է նշել, որ ադրբեջանցիների և հայերի միջև գոյություն է ունեցել «էթնիկական անհանդուրժողականության և բացասական վերաբերմունքի ընդհանուր մթնոլորտ»:

 

Բ. Դատարանի գնահատականը

47. Կողմերը չեն վիճարկում, որ դիմումատուները չեն պնդել, որ հենց իրենք էին Կոնվենցիայի ենթադրյալ խախտումներից տուժողները: Նրանք սույն գանգատը ներկայացրել են իրենց զուգընկերների՝ պրն Ասգարովի և պրն Գուլիևի անունից, որոնք ենթադրյալ խախտումներից անմիջական տուժողներն էին: Նրանք որևէ գրավոր լիազորություն չեն տրամադրել, որպեսզի իրենք գործեն տուժողների անունից, սակայն պնդել են, որ բացառիկ հանգամանքներն արդարացնում էին իրենց զուգընկերների անունից գանգատ ներկայացնելու իրենց իրավունքը:

48. Դատարանը կրկնում է, որ եթե անձամբ տուժողի կողմից գանգատ չի ներկայացվում, ապա Դատարանի Կանոնակարգի 45-րդ կանոնի 3-րդ կետով պահանջվում է պատշաճ կերպով ստորագրված գրավոր լիազորություն՝ գործելու համար: Շատ կարևոր է, որ ներկայացուցիչները ցույց տան, որ իրենք ստացել են կոնկրետ և հստակ հրահանգներ ենթադրյալ այն տուժողից, որի անունից նրանք մտադիր են հանդես գալ Դատարանում: Այնուամենայնիվ, Դատարանը որոշել է, որ ազգային իշխանությունների կողմից Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածների ենթադրյալ խախտումից տուժածների դեպքում անհատների կողմից այդ տուժողների անունից ներկայացված գանգատները, նույնիսկ եթե լիազորության ոչ մի վավեր ձև չի ներկայացվել, կարող են հայտարարվել ընդունելի: Այսպիսի իրավիճակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել տուժողների խոցելիությանը վերաբերող գործոններին, որոնց պատճառով նրանք չեն կարողացել բողոք ներկայացնել Դատարան. պատշաճ ուշադրություն է դարձվել նաև գանգատը ներկայացնող անձի և տուժողի միջև առկա կապերին (տե՛ս Հ.Ֆ.-ն և այլք ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [H.F. and Others v. France [GC]], թիվ 24384/19 և 44234/20, § 149, 2022 թվականի սեպտեմբերի 14, և դրանում հիշատակված վճիռները):

49. Ընդհանուր առմամբ երրորդ կողմը կարող է բացառիկ հանգամանքներում հանդես գալ խոցելի անձի անունից և նրա հանձնարարականով՝ առանց նրա անունից հանդես գալու համար պատշաճ կերպով ստորագրված գրավոր լիազորության, եթե բավարարված են հետևյալ երկու հիմնական չափորոշիչները. առկա է վտանգ, որ անմիջական տուժողը կզրկվի իր իրավունքների արդյունավետ պաշտպանությունից, և տուժողի և դիմումատուի միջև շահերի բախումը բացակայում է (տե՛ս վերևում հիշատակված՝ Լամբերտը և այլք գործը, §102):

50. Դատարանը որոշել է, որ Լամբերտը և այլք գործում (վերևում հիշատակված, § 92) շարադրված այն գործոնների ցանկը, որոնք կարող են անձին խոցելի դարձնել՝ պայմանավորված «նրա տարիքով, սեռով կամ հաշմանդամությամբ», սպառիչ չէ: Անհատները կարող են խոցելի համարվել բազմաթիվ այլ գործոնների պատճառով, ինչպես օրինակ՝ նրանց անունից Դատարան ներկայացված բողոքի բուն բնույթը (տե՛ս Ն.-ն և Մ.-ն ընդդեմ Ռուսաստանի (որոշում) [N. and M. v. Russia (dec.)] գործը, թիվ 39496/14 և 39727/14, § 60, 2016 թվականի ապրիլի 26): Դիմումատուները պնդել են, որ իրենց զուգընկերները խոցելի էին, քանի որ նրանք պահվում էին լիակատար մեկուսացման մեջ (տե՛ս վերևում՝ 43-րդ և 44-րդ պարբերությունները): Դատարանն ընդունում է, որ նամակագրությունից և շփումից զերծ պահվող կալանավորը կարող է համարվել որպես խոցելի անձ, որը գտնվում է Կոնվենցիայով նախատեսված իր իրավունքների արդյունավետ պաշտպանությունից զրկվելու վտանգի տակ։

51. Այնուամենայնիվ, չնայած արտաքին աշխարհի հետ պրն Ասգարովի և պրն Գուլիևի շփման սահմանափակումներին (որոնք պատասխանող Կառավարությունն ընդունել է. տե՛ս վերևում՝ 29-րդ և 30-րդ պարբերությունները), Դատարանը համոզված չէ, որ երկու տղամարդիկ պահվել են լիակատար մեկուսացման մեջ: Դիմումատուների կողմից չի վիճարկվում, որ ԿԽՄԿ-ն մի քանի անգամ այցելել է իրենց զուգընկերներին և նրանց կողմից նամակներ է ուղարկել իրենց ընտանիքներին (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը): Կարևոր է նշել, որ ԿԽՄԿ-ի միջոցով ուղարկված իր նամակներից մեկում, որը Դատարան է ներկայացվել դիմումատուների կողմից (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունը), պրն Ասգարովն իր ընտանիքին խնդրել էր «դիմում ներկայացնել ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակ՝ հանդիպման համար»։ Այնուամենայնիվ, դիմումատուները չեն բացատրել, թե ինչու իրենց զուգընկերները երբևէ իրենց չեն խնդրել Դատարան դիմել իրենց անունից:

52. Ավելին, ըստ Կառավարության պնդումների, որոնք այս կետով չեն վիճարկվում դիմումատուների կողմից (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը), 2017 թվականի հուլիսի 18-ին երկու տղամարդկանց այցելել են Անհայտ կորածների որոնման և պատանդների ու գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի ներկայացուցիչները, որը բաղկացած է մի շարք երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։ Այնուամենայնիվ, դիմումատուները չեն կարողացել հիմնավորել, թե ինչու պրն Ասգարովն ու պրն Գուլիևն այդ կազմակերպությանը չեն լիազորել Դատարան դիմել կամ ինչու նրանց չեն խնդրել նման լիազորագիր փոխանցել իրենց ընտանիքներին կամ իրենց ընտրած փաստաբաններին:

53. Հաշվի առնելով այդ հանգամանքները՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուները համոզիչ կերպով ցույց չեն տվել, որ պրն Ասգարովն ու պրն Գուլիևը ներկայացուցիչ նշանակելու իրական հնարավորություն չեն ունեցել՝ կա՛մ դիմումատուներին դիմելու միջոցով (ԿԽՄԿ-ի կողմից ուղարկված նամակներից մեկի միջոցով), որ նրանք Դատարան դիմեն իրենց անունից, կա՛մ 2017 թվականի հուլիսի 18-ին այդ կազմակերպության հետ հանդիպման ժամանակ լիազորագրի ձևը ստորագրելու միջոցով, որը հնարավորություն կտար նրանց հարազատներին կամ վերը նշված կազմակերպությանը գանգատ ներկայացնելու Դատարան։

54. Հաշվի առնելով վերը նշվածը՝ Դատարանը սույն գործում որևէ բացառիկ հանգամանք չի նկատում, որը դիմումատուներին թույլ կտար գործել պրն Ասգարովի և պրն Գուլիևի անունից և նրանց շահերից ելնելով՝ առանց պատշաճ կերպով ստորագրված գրավոր լիազորության: Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուներն իրավունք չունեն գանգատ ներկայացնելու իրենց զուգընկերների անունից և նրանց շահերից ելնելով:

55. Այդտեղից հետևում է, որ գանգատը ratione personae (անձանց մասով իրավազորության առումով) անհամատեղելի է Կոնվենցիայի դրույթների հետ՝ 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով և պետք է մերժվի՝ 35-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն։

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

Հայտարարում է գանգատն անընդունելի։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2023 թվականի հոկտեմբերի 5-ին։

 

Անդրեա Տամիետտի՝

 

Քարտուղար

Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր՝

 

Նախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան