Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.02.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2010.05.05/18(752)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.02.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Վերաքննիչ դատարանի որոշում

ՎԲ-12/07

ՎԲ-12/07

Նախագահող դատավոր՝

Ա. Պողոսյան

 

   

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան)

               

նախագահությամբ`

Տ. Սահակյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. ասատրյանի

Հ. Ղուկասյանի

Մ. Սիմոնյանի

   

քարտուղար`

    

Ք. Մարտիրոսյան

 

դիմող`

Վ. սարգսյան

     

2007 թվականի փետրվարի 27-ին

ք. Երևանում

     

դռնբաց դատական նիստում, քննելով Վալերիկ Վազգենի Սարգսյանի վճռաբեկ բողոքը` վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Պողոսյանի 2006 թվականի նոյեմբերի 21-ի որոշման դեմ,

   

ՊԱՐԶԵՑ

    

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը 2006 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ մերժել է Վալերիկ Վազգենի Սարգսյանի բողոքը` բերված թիվ 18200606 քրեական գործի վարույթը կարճելու մասին Շիրակի մարզի դատախազության 2006 թվականի ապրիլի 21-ի որոշման դեմ։ Վ.Սարգսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել` խնդրելով վերացնել Շիրակի մարզի դատախազության 2006 թվականի ապրիլի 21-ի որոշումը և գործն ուղարկել նախաքննության։ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Պողոսյանը 2006 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ Վ.Սարգսյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության։

   

2. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Գյումրու թիվ 32 միջնակարգ դպրոցի տնօրեն Հ.Հակոբյանի կողմից չարաշահումներ, այն է` ավելորդ հաստիքներ պահելու միջոցով հափշտակություն կատարելու, աշակերտներից գումարներ հավաքելու և յուրացնելու վերաբերյալ Վալերիկ Սարգսյանի դիմումների հիման վրա Շիրակի մարզի դատախազության կողմից 2006 թվականի հունվարի 24-ին հարուցվել է թիվ 18200606 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նույն թվականի ապրիլի 21-ին քրեական գործի վարույթը կարճվել է Հ.Հակոբյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը 2006 թվականի հոկտեմբերի 13-ի որոշմամբ մերժել է քրեական գործի վարույթը կարճելու մասին Շիրակի մարզի դատախազության 2006 թվականի ապրիլի 21-ի որոշման դեմ Վ.Սարգսյանի ներկայացրած բողոքը։ Վ.Սարգսյանը դատարանի վերոհիշյալ որոշումը բողոքարկել է վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Պողոսյանն իր որոշմամբ վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության, պատճառաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն վերաքննիչ դատարանն իրավասու չէ դատական ստուգման ենթարկել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին նախաքննության մարմնի որոշման, ինչպես նաև այդ որոշումը դատական ստուգման ենթարկելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը։

    

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Համարելով, որ իր վերաքննիչ բողոքն «առանց քննության թողնելն անօրինական է», չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի պահանջներից, բողոք բերած անձը խնդրել է վերացնել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Պողոսյանի 2006 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը և իր «բողոքը ուղարկել քրեական գործերով վերաքննիչ դատարան` ըստ էության քննելու համար»։

      

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.

1) Քրեական գործով վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը վերացնելու վերաբերյալ պահանջը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարան բողոքարկելու իրավունքը։ Դիմող Վալերիկ Սարգսյանը, բողոքարկելով քրեական գործով վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը, հիմնվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի վրա։ Համաձայն այդ հոդվածի 1-ին մասի` «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների՝ սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»։ Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը չի ամրագրում առաջին ատյանի դատարանի որոշումը վերադաս դատարան բողոքարկելու հնարավորություն։ Այնուհանդերձ, քրեական գործով վարույթը կարճելու մասին նախնական քննություն իրականացնող մարմնի որոշումների դատական բողոքարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով, այլ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածով, 384-րդ հոդվածով և այլն։ Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության համաձայն` «Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները՝ վերադաս դատախազին, դատարանինը՝ վերադաս դատարան»։ Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 384-րդ հոդվածի` «Սույն գլխի կանոններով («Գլուխ 46. Վերաքննիչ բողոք») բողոքարկման ենթակա են միայն դատարանի վերջնական որոշումները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ»։ Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10-րդ կետը «վերջնական որոշում» հասկացությունը սահմանում է որպես «քրեական վարույթ իրականացնող մարմնի յուրաքանչյուր որոշում, որը բացառում է գործով վարույթը սկսելը կամ շարունակելը, ինչպես նաև լուծում է գործն ըստ էության»։ Այսպիսով, վերաքննիչ բողոքարկման կանոններով վերանայման ենթակա որոշումը առնվազն պետք է համապատասխանի հետևյալ երկու չափանիշներին` կայացված լինի առաջին ատյանի դատարանի կողմից, բացառի գործով վարույթը շարունակելը կամ գործը լուծելն ըստ էության։ Ներկայացված նյութերից երևում է, որ Վալերիկ Սարգսյանը վերաքննիչ դատարան է բողոքարկել քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Բողոքարկված որոշումը բավարարում է վերը նշված երկու չափանիշներին էլ. այն կայացվել է առաջին ատյանի դատարանի կողմից և բացառում է գործով վարույթը շարունակելը։ Վ.Սարգսյանի բողոքը համապատասխանում էր վերաքննիչ բողոքին ներկայացվող այլ օրենսդրական պահանջներին ևս։ Մասնավորապես, այն ներկայացվել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարան (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 378-րդ հոդված), բողոքի բովանդակությունը համապատասխանել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին։ Հետևաբար Վ.Սարգսյանն իրավունք ուներ քննիչի` գործով վարույթը կարճելու մասին որոշման դեմ բերված բողոքը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերելու վերաքննիչ բողոք, իսկ վերաքննիչ դատարանը որևէ իրավական հիմք չուներ այդ վերաքննիչ բողոքը քննության չընդունելու և դրա նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 46-րդ գլխի կանոնները, ինչպես նաև այդ գլխի հետ օրգանապես կապված 47-րդ գլխի որոշ կանոններ չկիրառելու համար։ 2) Բողոքն առանց քննության թողնելը. Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 6-րդ մասի` «Բողոքը կարող է թողնվել առանց քննության և վերադարձվել դատավարության մասնակցին, եթե այն ստորագրված չէ նրա կամ նրա ներկայացուցչի կողմից կամ չի պարունակում նշում բողոքարկվող գործողության կամ որոշման մասին»։ Իսկ ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի` «Ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության»։ Ուստի, բացի նշված երկու դեպքից վերաքննիչ դատարանը լիազորված չէ բողոքը թողնել առանց քննության։ Վալերիկ Սարգսյանի վերաքննիչ բողոքը ժամկետանց չէր, ստորագրված էր, պարունակում էր նշում բողոքարկվող որոշման մասին։ Հետևաբար, վերաքննիչ դատարանը լիազորված չէր որոշում կայացնել Վալերիկ Սարգսյանի բողոքն առանց քննության թողնելու մասին։ Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

     

Ո Ր Ո Շ Ե Ց

    

Վալերիկ Վազգենի Սարգսյանի վերաբերյալ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` քննության առնելու համար։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման։

     

Նախագահող`

Տ. Սահակյան

Դատավորներ`

Հ. ասատրյան

Հ. Ղուկասյան

Մ. Սիմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան