ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ԵՇԴ/0188/04/17 2022 թ. | ||
Սնանկության գործ թիվ ԵՇԴ/0188/04/17 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. Դրմեյան | |
զեկուցող |
Ս. անտոնյան | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի սեպտեմբերի 26-ին
գրավոր ընթացակարգով քննելով Սմբատ Փիլիպոսյանի սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի (այսուհետ՝ Կառավարիչ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03․10․2019 թվականի սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և սնանկության գործով կառավարիչ նշանակելու մասին դիմումը քննության առնելու վերաբերյալ որոշման դեմ՝ սնանկության գործով` ըստ դիմումի` Սուսաննա Կարապետյանի ընդդեմ Սմբատ Փիլիպոսյանի` սնանկ ճանաչելու պահանջով,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Սուսաննա Կարապետյանը պահանջել է Սմբատ Փիլիպոսյանին ճանաչել սնանկ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա․ Կուբանյան) 27.02.2018 թվականի վճռով Սմբատ Փիլիպոսյանը ճանաչվել է սնանկ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա․ Կուբանյան) 05.03.2018 թվականի որոշմամբ Սմբատ Փիլիպոսյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արամ Խաչատրյանը:
02.08.2019 թվականին պարտատեր Սուսաննա Կարապետյանը դատարան է ներկայացրել սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և Հենրիկ Սարիբեկի Մարտիկյանին սնանկության կառավարիչ նշանակելու մասին միջնորդություն:
ՀՀ սնանկության դատարանը (դատավոր Ա․ Կուբանյան) (այսուհետ՝ Դատարան) 07.08.2019 թվականին որոշում է կայացրել թիվ ԵՇԴ/0188/04/17 սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին, Հենրիկ Մարտիկյանին սնանկության գործով կառավարիչ նշանակելու մասով միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03․10․2019 թվականի որոշմամբ Սմբատ Փիլիպոսյանի սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07․08․2019 թվականի «Սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և սնանկության գործով կառավարիչ նշանակելու մասին դիմումը քննության առնելու վերաբերյալ» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սուսաննա Կարապետյանը (ներկայացուցիչ Գարիկ Հախնազարյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է 17.06.1998 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 105-րդ, 130-րդ, 131-րդ և 132-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 11-րդ, 13-րդ, 57-րդ, 58-րդ, 59-րդ, 60-րդ, 62-րդ, 66-րդ, 177-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, 56-րդ հոդվածի 1-ին մասը, 75-րդ հոդվածի 1-ին մասը, սխալ է կիրառվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 22-րդ, 32-րդ, 56-րդ, 75-րդ, 76-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս յուրաքանչյուր ապացույց չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված, այսինքն` չի կատարել գործում եղած և ձեռք բերված ապացույցների օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ դատաքննություն, մասնավորապես` չի կիրառել այն իրավական նորմերի պահանջները, որոնք պետք է կիրառեր, այն է` թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ։
Դատարանը, խախտելով վերը նշված նորմերի պահանջները, առանց դատական նիստ հրավիրելու, իր աշխատասենյակում, առանց իր կարծիքը լսելու և այսպիսով միջնորդության դեմ առարկություն ներկայացնելու հնարավորություն չընձեռելով, որոշում է կայացրել կառավարիչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին, ավելին մինչև օրս ծանոթ չէ տվյալ միջնորդության բովանդակության հետ, իսկ Վերաքննիչ դատարանը, կրկնելով նույն սխալը կայացրել է անօրինական որոշում:
Վկայակոչելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասության իրավակարգավորումը, նշել է որ սույն սնանկության գործով պահանջատիրոջ և նրա ներկայացուցչի կողմից չեն պահպանվել տվյալ ժամկետները, մասնավորապես 25.06.2019 թվականին ժամը 15:00-ին հրավիրված ժողովի արդյունքում սնանկության կառավարիչի գործողությունների դեմ բողոքը դատարան է ներկայացվել 02.08.2019 թվականին այսինքն՝ գրեթե 1 ամիս 7 օր հետո, իսկ Դատարանն անտեսելով տվյալ խախտումը, որոշում է կայացրել սնանկության գործով կառավարիչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին, այնինչ միայն սույն հիմքը բավական էր միջնորդությունը մերժելու համար, որը նույնպես անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Սնանկության գործով կառավարիչը տեղեկացված չի եղել իր դեմ բերված միջնորդության առկայության մասին, Դատարանի կողմից սնանկության կառավարչին հնարավորություն չի տրվել հայտնել իր դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ և սնանկության կառավարիչը եռօրյա ժամկետում չի տեղեկացվել կայացված որոշման մասին, մասնավորապես, այն ստացվել է փոստի միջոցով 2019 թվականի օգոստոսի 10-ին:
Ի կատարումն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների իր կողմից 31.07.2019 թվականին (պարտատիրոջ) Դատարան էր ներկայացվել ժողովի նիստի անցկացման անհնարինության հիմքերը՝ անշարժ գույքի վաճառքի ծրագրի և դրանց իրացման կարգի որոշման հարցերի քննարկման վերաբերյալ կազմված ժողովի արձանագրությունը, տվյալ արձանագրությունը վկայում է հրավիրված ժողովի անցկացման անհնարինության մասին, միջնորդությանը կցված էր նաև, պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին պարտատիրոջը և պարտապանին ուղարկելու վերաբերյալ ապացույցներ՝ ծանուցում, որն ուղարկվել էր «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների պահպանմամբ, մասնավորապես 18.06.2019 թվականին փոստի միջոցով ուղարկված գույքի վաճառքի ծրագրի և դրա իրացման կարգի ծանուցագրում նշված էր միջնորդություն ներկայացնելու մտադրության վերաբերյալ, ինչպես նաև աճուրդի անցկացման հավանական օրվա մասին:
Այսպիսով, պարտատերը և պարտապանը պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մտադրության մասին տեղեկացվել էին միջնորդություն ներկայացնելուն նախորդող ամսում՝ 18.06.2019 թվականին, այսինքն՝ գրեթե 1 ամիս 13 օր առաջ: Հետևաբար, անհիմն և անօրինական է Դատարանի և Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ «կառավարչի կողմից չի ներկայացվել սույն միջնորդությունը երեք օր առաջ պարտատերերին դրա մասին տեղեկացնելու հանգամանքը հիմնավորող համապատասխան ապացույց...»:
Ավելին, Դատարանը 12.08.2019 թվականին որոշում է կայացրել սույն գործով գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվություն տալու մասին միջնորդությունն առանց քննարկման թողնելու վերաբերյալ, որի հիմքում որպես փաստական հիմք դրվել է Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հանգամանքը, իսկ որպես իրավական հիմնավորում նշվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներն առ այն, որ պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով, իսկ սույն հոդվածի վերլուծությունից հետևում է, որ Դատարանը որոշում կայացնելիս սխալ է կիրառել տվյալ հոդվածը, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասում բացակայում են իրավակարգավորումներ՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվություն տալու մասին միջնորդությունն առանց քննարկման թողնելու վերաբերյալ դատարանի իրավասության մասին, հետևաբար տվյալ հիմքով նույնպես 07.08.2019 թվականի սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումը հանդիսանում է անհիմն և անօրինական:
Դատարանը պետք է քննարկեր 31.07.2019 թվականին իր կողմից դատարան ներկայացված միջնորդությունը` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը և դրա քննարկման արդյունքում կայացներ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից բխող որոշումներից որևէ մեկը, այնուհետև քննարկեր սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Սուսաննա Կարապետյանի բողոքը, սակայն Դատարանը իրար խառնելով տվյալ ընթացակարգերը, մեկը մյուսի հետևից կայացրել է անհիմն և անօրինական որոշումներ, իսկ Վերաքննիչ դատարանը անտեսելով տվյալ խախտումները, հաստատել է ստորադաս դատարանի խախտումները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03․10․2019 թվականի որոշումը՝ անհրաժեշտության դեպքում կայացնելով նոր դատական ակտ։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները․
Վճռաբեկ բողոքն անհիմն է, և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ․
Վերաքննիչ դատարանի որոշման մեջ հստակ նշված են այն փաստական հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել որոշման կայացման համար, հստակ նշված են այն իրավական նորմերը, որոնցով ղեկավարվել է Դատարանը, ինչպես նաև որոշման մեջ հստակ երևում է իրավական նորմերի և փաստերի համադրման արդյունքում Դատարանի եզրահանգումը: Վերաքննիչ դատարանի, դատական ակտն օրինական է, քանի, որ այն կայացվել է գործը քննելիս և լուծելիս կիրառելի իրավական ակտերի պահպանմամբ, հիմնավորված է, քանի որ դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը: Դատական ակտը պատճառաբանված է, քանի որ դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները: Բողոք բերողը չի նշել, թե որ ապացույցները Դատարանը չի գնահատել, որը չի համադրել այլ ապացույցների հետ, որի արդյունքում եկել է սխալ եզրահանգման: Բողոք բերողը պետք է հիմնավորի յուրաքանչյուր փաստարկ և ոչ թե վերացական կարգով դատական ակտին վերագրի խախտումներ: Ընդ որում խախտումները պետք է լինեն այնպիսիք, որ ազդած լինեն գործի ելքի վրա:
Խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2018 թվականի վճռով Սմբատ Փիլիպոսյանը ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի 05.03.2018 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արամ Խաչատրյանը (հավելված գ.թ. 1-4)։
2) Սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանը 02.08.2019 թվականին դատարան է ներկայացրել պարտապան Սմբատ Փիլիպոսյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, ԳԿՏ-ի 0.6 հա մակերեսով հողամասը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվություն տալու մասին միջնորդություն` կից ներկայացնելով «Վի Էմ-Ար Փի» ՍՊԸ կողմից տրված գույքի գնահատման եզրակացությունը, «Սմբատ Փիլիպոսյանի պարտավորությունների համար անշարժ գույքի վաճառքի ծրագիր և դրա իրացման կարգը» վերտառությամբ փաստաթուղթ` ստորագրված և կնքված Արամ Խաչատրյանի կողմից, 25.06.2019 թվականին հրավիրված պարտատերերի ժողովի արձանագրությունը, Սմբատ Փիլիպոսյանին և Սուսաննա Կարապետյանին հասցեագրված ծանուցումը և դրանք հասցեատերերին ուղարկելու վերաբերյալ փոստային անդորրագրերի պատճենները (հավելված գ.թ. 17-34)։
3) Պարտատեր Սուսաննա Կարապետյանը 02.08.2019 թվականին դատարան է ներկայացրել սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և Հենրիկ Սարիբեկի Մարտիկյանին սնանկության կառավարիչ նշանակելու մասին միջնորդություն (հավելված գ.թ. 6-8)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Կառավարչի գործողությունները բողոքարկելու վերաբերյալ միջնորդության մասին Կառավարչի տեղեկացված լինելու հարցին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներն իրավունքի գերակայության սկզբունքի լույսի ներքո պահանջում են, որ անձն ունենա դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրան թույլ կտան պաշտպանել իր իրավունքները։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի` արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ 6-րդ հոդվածի պահանջները տարածվում են նաև սնանկության գործընթացի վրա (Ismeta Bacic v. Croatia, no.43595/06, 19.06.2008, § 19; Capital Bank AD v. Bulgaria, no.49429/99, 24.11.2005, § 86 և այլն)։
Դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների տեսանկյունից վիճարկվող հարցը հարկ է դիտարկել սնանկության վարույթին վերաբերող դատավարական երաշխիքների շրջանակներում, որոնք պետք է ուղղված լինեն սնանկության վարույթում ներգրավված բոլոր մասնակիցների իրավունքների և շահերի համակողմանի և հավասարակշռված պաշտպանությանը։ Ընդ որում սնանկության հարաբերությունների հիմնական սուբյեկտներն են պարտապանը, պարտատերերը և սնանկության գործով կառավարիչը: Սնանկության վարույթի տարբեր փուլերում նշված սուբյեկտներն օժտված են տարբեր իրավունքներով և պարտականություններով:
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության գործերի վրա: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված սնանկության գործերը վարվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով:
Տվյալ դեպքում, սույն սնանկության գործը հարուցվել է մինչև ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը, ուստի սույն սնանկության վարույթի նկատմամբ կիրառելի են մինչև վերը նշված օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) նորմերը:
Կառավարչի գործողությունները կամ անգործությունը բողոքարկելու կարգը և կառավարչի պատասխանատվությունը կարգավորվում են Օրենքի 31-32-րդ հոդվածներով:
Օրենքի՝ «Կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելը» վերտառությամբ 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը և պարտատերը (պարտատերերը) կարող են սնանկության գործը վարող դատավորին բողոքարկել կառավարչի գործողությունները կամ անգործությունը: Բողոքը կարող է դատարան ներկայացվել այն օրվանից սկսած 10 օրվա ընթացքում, երբ բողոքարկողը իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոքարկողը բողոքը դատարան ներկայացնելիս ներկայացնում է նաև բողոքի պատճենը կառավարչին ուղարկած լինելու փաստը հավաստող ապացույցը: Կառավարիչը բողոքի պատճենն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է բողոքի կապակցությամբ առարկություններ ներկայացնել դատարան: Բողոքն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, դատարանը քննում է այն և կայացնում որոշում բողոքը մերժելու կամ բողոքը լրիվ կամ մասնակի բավարարելու և կառավարչի գործողությունը (անգործությունը) լրիվ կամ մասնակի ոչ իրավաչափ ճանաչելու մասին: Դատարանը կայացրած որոշման մասին տեղեկացնում է բողոքարկողին և կառավարչին: Դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման բողոքարկողի կամ կառավարչի կողմից: Իսկ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորն իր նախաձեռնությամբ, պարտատերերի խորհրդի կամ ժողովի կամ պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ պետք է վաղաժամկետ դադարեցնի կառավարչի լիազորությունները, եթե վերջինս չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում նույն օրենքով սահմանված իր լիազորությունները կամ նույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի կատարում իր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը:
Վերոնշյալ իրավական կարգավորումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցի քննարկումը պետք է բաժանել երկու ինքնուրույն խմբի՝
1. դատարանի նախաձեռնությամբ
2. սնանկության վարույթին մասնակցող անձանց, պարտատերերի խորհրդի կամ ժողովի միջնորդության հիման վրա:
Վճռաբեկ դատարանի համոզմամբ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի կիրառման իրավական ռեժիմը պետք է համապատասխանի նույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված բողոքի քննարկման ռեժիմին, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ սնանկության կառավարիչն ըստ էության զրկվում է տվյալ գործով իր լիազորությունների իրականացման իրավունքից:
Սույն գործի փաստերի համաձայն՝ պարտատեր Սուսաննա Կարապետյանի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու միջնորդություն այն հիմնավորումներով, որ «Սնանկության կառավարիչը չի պատասխանում Պարտատիրոջ դիմումներին, սնանկության գործի վերաբերյալ տեղեկություններ չի տալիս, նշանակում է հանդիպումներ և չի ներկայանում, վիրավորում է վստահորդին, վստահորդին տրամադրում է ապրանքագիտական փորձաքննության եզրակացություն, որը ստորագրված և կնքված չէ, ուստի պատշաճ ապացույց չի կարող հանդիսանալ։ Բացի այդ, Կառավարիչը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի շրջանակներում համապատասխան հայցադիմում է ներկայացրել դատարան, որի հիմքում դրել է սխալ փաստական հանգամանքներ, ինչը հանգեցնելու է հայցի մերժման»:
Դատարանը միջնորդությունը՝ Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասով բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «(...) սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի կողմից պատշաճ կարգով չեն կատարվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 56-րդ, 75-րդ, 76-րդ հոդվածներով նախատեսված լիազորությունները, ուստի վերջինիս լիազորությունները պետք է վաղաժամկետ դադարեցվեն (…)»:
Կառավարիչը Դատարանի վերը նշված որոշման դեմ՝ սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասով վերաքննիչ բողոք է ներկայացրել, որում ի թիվս այլնի փաստարկել է, որ Դատարանը խախտել է Կառավարչի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես Կառավարիչը տեղեկացված չի եղել իր դեմ բերված միջնորդության առկայության մասին, Դատարանի կողմից սնանկության կառավարչին հնարավորություն չի տրվել հայտնել իր դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ, Դատարանը դատական նիստ չի հրավիրել:
Վերաքննիչ դատարանը, Կառավարչի վերաքննիչ բողոքը մերժելով, արձանագրել է, որ «(...) դատարանի համար սնանկության կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը լուծելիս դատական նիստ հրավիրելու պարտականություն Օրենսդիրը չի սահմանել, հետևաբար՝ Դատարանը իրավաչափորեն Սնանկության կառավարչի լիազորությունները դադարեցնելու միջնորդությունը քննել է և որոշում է կայացրել առանց դատական նիստ հրավիրելու։ (...)»։
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման իրավաչափությանը, արձանագրում է հետևյալը.
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` վերը նշված դրույթների համադրված վերլուծությունից հետևում է, որ սնանկության գործի քննության ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ վճռաբեկ դատարանը, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19 (ՎԴ) քաղաքացիական գործով 01.02.2008 թվականի որոշմամբ անդրադառնալով դատավարությունում կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներին, ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավասարության» սկզբունքը` կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով պահանջում է, որ յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում: Մրցակցային դատաքննության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38): Թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ուղղակիորեն նշված չէ, սակայն Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում (Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով 12.02.1985 թվականի վճռի 28-րդ կետ) արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից Կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելու վերաբերյալ բողոքը Կառավարչին ուղարկելու պարտադիր պահանջի սահմանումն ինքնանպատակ չէ, այլ նպատակ է հետապնդում ապահովելու Կառավարչի կողմից իր դեմ ներկայացված բողոքի բովանդակության վերաբերյալ տեղեկացված լինելու և դիրքորոշում հայտնելու հնարավորությունը՝ դրանով իսկ երաշխավորելով նաև սնանկության կառավարչի դատական պաշտպանության իրավունքների լիարժեք իրականացումը (օրինակ՝ հերքելու իր դեմ ներկայացված բողոքի փաստարկները, ներկայացնելու անհրաժեշտ ապացույցներ և այլն): Նման անհրաժեշտությունը բխում է նաև դատավարությունում, այդ թվում՝ սնանկության վարույթի ողջ ընթացքում կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքները պահպանելու սահմանադրաիրավական և կոնվենցիոն դրույթներից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած Օրենքի 32-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ դատարանի համար սնանկության կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը լուծելիս դատական նիստ հրավիրելու պարտականություն Օրենսդիրը չի սահմանել, սակայն դա չի զրկում Կառավարչին իր դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ տեղեկանալու և դիրքորոշում ներկայացնելու իրավունքից, ավելին՝ բոլոր դեպքերում, թե՛ բանավոր և թե՛ գրավոր ընթացակարգով գործերի դատաքննությունը պետք է անհրաժեշտ երաշխիքներ ապահովի մասնակիցների իրավունքների ապահովման և իրացման համար:
Տվյալ դեպքում Կառավարչի գործողությունները բողոքարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Դատարան և Կառավարիչը զրկված է եղել որևէ կերպ դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանը Կառավարչի՝ բողոքում բարձրացված այս հարցին չի անդրադարձել՝ պայմանավորված դատարանի համար սնանկության կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը լուծելիս դատական նիստ հրավիրելու պարտականության բացակայությամբ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կառավարիչը զրկված է եղել իր վերաբերյալ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու իրավական հնարավորությունից:
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, չապահովելով Կառավարչի՝ իր դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ իրապես տեղեկացված լինելու իրավունքը, սահմանափակել են վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս ատյան նոր քննության ուղարկելու լիազորությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ միջանկյալ դատական ակտերը բողոքարկելու համար պետական տուրքի վճարման կանոնակարգում, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03․10․2019 թվականի որոշումը և հարցն ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Մ. Դրմեյան | |
Զեկուցող |
Ս. անտոնյան | |
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատի կողմից թիվ ԵՇԴ/0188/04/17 սնանկության գործով 26.09.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
26.09.2022 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի սեպտեմբերի 26-ին գրավոր ընթացակարգով քննելով «Սմբատ Փիլիպոսյանի սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի (այսուհետ՝ Կառավարիչ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03․10․2019 թվականի սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և սնանկության գործով կառավարիչ նշանակելու մասին դիմումը քննության առնելու վերաբերյալ որոշման դեմ՝ սնանկության գործով` ըստ դիմումի` Սուսաննա Կարապետյանի ընդդեմ Սմբատ Փիլիպոսյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին», Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03․10․2019 թվականի որոշումը և հարցն ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Սուսաննա Կարապետյանը պահանջել է Սմբատ Փիլիպոսյանին ճանաչել սնանկ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա․ Կուբանյան) 27.02.2018 թվականի վճռով Սմբատ Փիլիպոսյանը ճանաչվել է սնանկ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա․ Կուբանյան) 05.03.2018 թվականի որոշմամբ Սմբատ Փիլիպոսյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արամ Խաչատրյանը:
02.08.2019 թվականին պարտատեր Սուսաննա Կարապետյանը դատարան է ներկայացրել սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և Հենրիկ Սարիբեկի Մարտիկյանին սնանկության կառավարիչ նշանակելու մասին միջնորդություն:
ՀՀ սնանկության դատարանը (դատավոր Ա․ Կուբանյան) (այսուհետ՝ Դատարան) 07.08.2019 թվականին որոշում է կայացրել թիվ ԵՇԴ/0188/04/17 սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին, Հենրիկ Մարտիկյանին սնանկության գործով կառավարիչ նշանակելու մասով միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03․10․2019 թվականի որոշմամբ Սմբատ Փիլիպոսյանի սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07․08․2019 թվականի «Սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և սնանկության գործով կառավարիչ նշանակելու մասին դիմումը քննության առնելու վերաբերյալ» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սուսաննա Կարապետյանը (ներկայացուցիչ Գարիկ Հախնազարյան)»։
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է 17.06.1998 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 105-րդ, 130-րդ, 131-րդ և 132-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 11-րդ, 13-րդ, 57-րդ, 58-րդ, 59-րդ, 60-րդ, 62-րդ, 66-րդ, 177-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, 56-րդ հոդվածի 1-ին մասը, 75-րդ հոդվածի 1-ին մասը, սխալ է կիրառվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 22-րդ, 32-րդ, 56-րդ 75-րդ, 76-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս յուրաքանչյուր ապացույց չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված, այսինքն` չի կատարել գործում եղած և ձեռք բերված ապացույցների օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ դատաքննություն, մասնավորապես` չի կիրառել այն իրավական նորմերի պահանջները, որոնք պետք է կիրառեր, այն է` թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ։
Դատարանը, խախտելով վերը նշված նորմերի պահանջները, առանց դատական նիստ հրավիրելու, իր աշխատասենյակում, առանց իր կարծիքը լսելու և այսպիսով միջնորդության դեմ առարկություն ներկայացնելու հնարավորություն չընձեռելով, որոշում է կայացրել կառավարիչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին, ավելին մինչև օրս ծանոթ չէ տվյալ միջնորդության բովանդակության հետ, իսկ Վերաքննիչ դատարանը կրկնելով նույն սխալը կայացրել է անօրինական որոշում:
Վկայակոչելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասության իրավակարգավորումը, նշել է որ սույն սնանկության գործով պահանջատիրոջ և նրա ներկայացուցչի կողմից չեն պահպանվել տվյալ ժամկետները, մասնավորապես 25.06.2019 թվականին ժամը 15:00-ին հրավիրված ժողովի արդյունքում սնանկության կառավարիչի գործողությունների դեմ բողոքը դատարան է ներկայացվել 02.08.2019 թվականին այսինքն՝ գրեթե 1 ամիս 7 օր հետո, իսկ Դատարանն անտեսելով տվյալ խախտումը, որոշում է կայացրել սնանկության գործով կառավարիչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին, այնինչ միայն սույն հիմքը բավական էր միջնորդությունը մերժելու համար, որը նույնպես անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Սնանկության գործով կառավարիչը տեղեկացված չի եղել իր դեմ բերված միջնորդության առկայության մասին, Դատարանի կողմից սնանկության կառավարչին հնարավորություն չի տրվել հայտնել իր դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ և սնանկության կառավարիչը եռօրյա ժամկետում չի տեղեկացվել կայացված որոշման մասին, մասնավորապես, այն ստացվել է փոստի միջոցով 2019 թվականի օգոստոսի 10-ին:
Ի կատարումն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների իր կողմից 31.07.2019 թվականին (պարտատիրոջ) Դատարան էր ներկայացվել ժողովի նիստի անցկացման անհնարինության հիմքերը՝ անշարժ գույքի վաճառքի ծրագրի և դրանց իրացման կարգի որոշման հարցերի քննարկման վերաբերյալ կազմված ժողովի արձանագրություն, տվյալ արձանագրությունը վկայում է հրավիրված ժողովի անցկացման անհնարինության մասին, միջնորդությանը կցված էր նաև, պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին պարտատիրոջը և պարտապանին ուղարկելու վերաբերյալ ապացույցներ՝ ծանուցում, որն ուղարկվել էր «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների պահպանմամբ, մասնավորապես 18.06.2019 թվականին փոստի միջոցով ուղարկված գույքի վաճառքի ծրագրի և դրա իրացման կարգի ծանուցագրում նշված էր միջնորդություն ներկայացնելու մտադրության վերաբերյալ, ինչպես նաև աճուրդի անցկացման հավանական օրվա մասին:
Այսպիսով, պարտատերը և պարտապանը պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մտադրության մասին տեղեկացվել էին միջնորդություն ներկայացնելուն նախորդող ամսում՝ 18.06.2019 թվականին այսինքն գրեթե 1 ամիս 13 օր առաջ: Հետևաբար, անհիմն և անօրինական է Դատարանի և Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ «կառավարչի կողմից չի ներկայացվել սույն միջնորդությունը երեք օր առաջ պարտատերերին դրա մասին տեղեկացնելու հանգամանքը հիմնավորող համապատասխան ապացույց...»:
Ավելին, Դատարանը 12.08.2019 թվականին որոշում է կայացրել սույն գործով գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվություն տալու մասին միջնորդությունն առանց քննարկման թողնելու վերաբերյալ, որի հիմքում որպես փաստական հիմք դրվել է Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հանգամանքը, իսկ որպես իրավական հիմնավորում նշվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներն առ այն, որ պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով, իսկ սույն հոդվածի վերլուծությունից հետևում է, որ Դատարանը որոշում կայացնելիս սխալ է կիրառել տվյալ հոդվածը, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասում բացակայում են իրավակարգավորումներ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվություն տալու մասին միջնորդությունն առանց քննարկման թողնելու վերաբերյալ դատարանի իրավասության մասին, հետևաբար տվյալ հիմքով նույնպես 07.08.2019 թվականի սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումը հանդիսանում է անհիմն և անօրինական:
Դատարանը պետք է քննարկեր 31.07.2019 թվականին իր կողմից դատարան ներկայացված միջնորդությունը` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը և դրա քննարկման արդյունքում կայացներ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից բխող որոշումներից որևէ մեկը, այնուհետև քննարկեր սնանկության գործով կառավարիչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին Սուսաննա Կարապետյանի բողոքը, սակայն Դատարանն իրար խառնելով տվյալ ընթացակարգերը, մեկը մյուսի հետևից կայացրել է անհիմն և անօրինական որոշումներ, իսկ Վերաքննիչ դատարանն անտեսելով տվյալ խախտումները՝ հաստատել է ստորադաս դատարանի խախտումները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03․10․2019 թվականի որոշումը՝ անհրաժեշտության դեպքում կայացնելով նոր դատական ակտ»:
2.1 Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքն անհիմն է, և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ․
Վերաքննիչ դատարանի որոշման մեջ հստակ նշված են այն փաստական հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել որոշման կայացման համար, հստակ նշված են այն իրավական նորմերը, որոնցով ղեկավարվել է Դատարանը, ինչպես նաև որոշման մեջ հստակ երևում է իրավական նորմերի և փաստերի համադրման արդյունքում Դատարանի եզրահանգումը: Վերաքննիչ դատարանի, դատական ակտն օրինական է, քանի, որ այն կայացվել է գործը քննելիս և լուծելիս կիրառելի իրավական ակտերի պահպանմամբ, հիմնավորված է, քանի որ դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական և իրավական հիմքերը: Դատական ակտը պատճառաբանված է, քանի որ դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները: Բողոք բերողը չի նշել, թե որ ապացույցները Դատարանը չի գնահատել, որը չի համադրել այլ ապացույցների հետ, որի արդյունքում եկել է սխալ եզրահանգման: Բողոք բերողը պետք է հիմնավորի յուրաքանչյուր փաստարկ և ոչ թե վերացական կարգով դատական ակտին վերագրի խախտումներ: Ընդ որում խախտումները պետք է լինեն այնպիսիք, որ ազդած լինեն գործի ելքի վրա:
Խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2018 թվականի վճռով Սմբատ Փիլիպոսյանը ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի 05.03.2018 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արամ Խաչատրյանը (հավելված գ.թ. 1-4)։
2) Սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանը 02.08.2019 թվականին դատարան է ներկայացրել պարտապան Սմբատ Փիլիպոսյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, ԳԿՏ-ի 0.6 հա մակերեսով հողամասը հրապարակային սակարկություններով վաճառելու թույլտվություն տալու մասին միջնորդություն` կից ներկայացնելով «Վի Էմ-Ար Փի» ՍՊԸ կողմից տրված գույքի գնահատման եզրակացությունը, «Սմբատ Փիլիպոսյանի պարտավորությունների համար անշարժ գույքի վաճառքի ծրագիր և դրա իրացման կարգը» վերտառությամբ փաստաթուղթ` ստորագրված և կնքված Արամ Խաչատրյանի կողմից, 25.06.2019 թվականին հրավիրված պարտատերերի ժողովի արձանագրությունը, Սմբատ Փիլիպոսյանին և Սուսաննա Կարապետյանին հասցեագրված ծանուցումը և դրանք հասցեատերերին ուղարկելու վերաբերյալ փոստային անդորրագրերի պատճենները (հավելված գ.թ. 17-34)։
3) Պարտատեր Սուսաննա Կարապետյանը 02.08.2019 թվականին դատարան է ներկայացրել սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և Հենրիկ Սարիբեկի Մարտիկյանին սնանկության կառավարիչ նշանակելու մասին միջնորդություն (հավելված գ.թ. 6-8)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Կառավարչի գործողությունները բողոքարկելու վերաբերյալ միջնորդության մասին Կառավարչի տեղեկացված լինելու հարցին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներն իրավունքի գերակայության սկզբունքի լույսի ներքո պահանջում են, որ անձն ունենա դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրան թույլ կտան պաշտպանել իր իրավունքները։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի` արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ 6-րդ հոդվածի պահանջները տարածվում են նաև սնանկության գործընթացի վրա (Ismeta Bacic v. Croatia, no.43595/06, 19.06.2008, § 19; Capital Bank AD v. Bulgaria, no.49429/99, 24.11.2005, § 86 և այլն)։
Դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների տեսանկյունից վիճարկվող հարցը հարկ է դիտարկել սնանկության վարույթին վերաբերող դատավարական երաշխիքների շրջանակներում, որոնք պետք է ուղղված լինեն սնանկության վարույթում ներգրավված բոլոր մասնակիցների իրավունքների և շահերի համակողմանի և հավասարակշռված պաշտպանությանը։ Ընդ որում սնանկության հարաբերությունների հիմնական սուբյեկտներն են պարտապանը, պարտատերերը և սնանկության գործով կառավարիչը: Սնանկության վարույթի տարբեր փուլերում նշված սուբյեկտներն օժտված են տարբեր իրավունքներով և պարտականություններով:
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված սնանկության գործերի վրա: Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված սնանկության գործերը վարվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի նորմերով:
Տվյալ դեպքում, սույն սնանկության գործը հարուցվել է մինչև ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը, ուստի սույն սնանկության վարույթի նկատմամբ կիրառելի են մինչև վերը նշված օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) նորմերը:
Կառավարչի գործողությունները կամ անգործությունը բողոքարկելու կարգը և կառավարչի պատասխանատվությունը կարգավորվում են Օրենքի 31-32-րդ հոդվածներով:
Օրենքի՝ «Կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելը» վերտառությամբ 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը և պարտատերը (պարտատերերը) կարող են սնանկության գործը վարող դատավորին բողոքարկել կառավարչի գործողությունները կամ անգործությունը: Բողոքը կարող է դատարան ներկայացվել այն օրվանից սկսած 10 օրվա ընթացքում, երբ բողոքարկողը իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոքարկողը բողոքը դատարան ներկայացնելիս ներկայացնում է նաև բողոքի պատճենը կառավարչին ուղարկած լինելու փաստը հավաստող ապացույցը: Կառավարիչը բողոքի պատճենն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կարող է բողոքի կապակցությամբ առարկություններ ներկայացնել դատարան: Բողոքն ստանալուց հետո` յոթնօրյա ժամկետում, դատարանը քննում է այն և կայացնում որոշում բողոքը մերժելու կամ բողոքը լրիվ կամ մասնակի բավարարելու և կառավարչի գործողությունը (անգործությունը) լրիվ կամ մասնակի ոչ իրավաչափ ճանաչելու մասին: Դատարանը կայացրած որոշման մասին տեղեկացնում է բողոքարկողին և կառավարչին: Դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման բողոքարկողի կամ կառավարչի կողմից: Իսկ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորն իր նախաձեռնությամբ, պարտատերերի խորհրդի կամ ժողովի կամ պարտատիրոջ կամ պարտապանի միջնորդությամբ պետք է վաղաժամկետ դադարեցնի կառավարչի լիազորությունները, եթե վերջինս չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում նույն օրենքով սահմանված իր լիազորությունները կամ նույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի կատարում իր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը:
Վերոնշյալ իրավական կարգավորումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցի քննարկումը պետք է բաժանել երկու ինքնուրույն խմբի՝
1. դատարանի նախաձեռնությամբ
2. սնանկության վարույթին մասնակցող անձանց, պարտատերերի խորհրդի կամ ժողովի միջնորդության հիման վրա:
Վճռաբեկ դատարանի համոզմամբ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի կիրառման իրավական ռեժիմը պետք է համապատասխանի նույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված բողոքի քննարկման ռեժիմին, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ սնանկության կառավարիչը ըստ էության զրկվում է տվյալ գործով զբաղվելու իրավունքից:
Սույն գործի փաստերի համաձայն՝ պարտատեր Սուսաննա Կարապետյանի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու միջնորդություն այն հիմնավորումներով, որ «Սնանկության կառավարիչը չի պատասխանում Պարտատիրոջ դիմումներին, սնանկության գործի վերաբերյալ տեղեկություններ չի տալիս, նշանակում է հանդիպումներ և չի ներկայանում, վիրավորում է վստահորդին, վստահորդին տրամադրում է ապրանքագիտական փորձաքննության եզրակացության, որը ստորագրված և կնքված չէ, ուստի պատշաճ ապացույց չի կարող հանդիսանալ։ Բացի այդ, Կառավարիչը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի շրջանակներում համապատասխան հայցադիմում է ներկայացրել դատարան, որի հիմքում դրել է սխալ փաստական հանգամանքներ, ինչը հանգեցնելու է հայցի մերժման»:
Դատարանը միջնորդությունը՝ Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասով բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «(...) սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի կողմից պատշաճ կարգով չեն կատարվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 56-րդ, 75-րդ, 76-րդ հոդվածներով նախատեսված լիազորությունները, ուստի վերջինիս լիազորությունները պետք է վաղաժամկետ դադարեցվեն (…)»:
Կառավարիչը Դատարանի վերը նշված որոշման դեմ՝ սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասով վերաքննիչ բողոք է ներկայացրել, որում ի թիվս այլնի փաստարկել է, որ Դատարանը խախտել է Կառավարչի՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես Կառավարիչը տեղեկացված չի եղել իր դեմ բերված միջնորդության առկայության մասին, Դատարանի կողմից սնանկության կառավարչին հնարավորություն չի տրվել հայտնել իր դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ, Դատարանը դատական նիստ չի հրավիրել:
Վերաքննիչ դատարանը Կառավարչի վերաքննիչ բողոքը մերժելով, արձանագրել է, որ «(...) դատարանի համար սնանկության կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը լուծելիս դատական նիստ հրավիրելու պարտականություն Օրենսդիրը չի սահմանել, հետևաբար՝ Դատարանը իրավաչափորեն Սնանկության կառավարչի լիազորությունները դադարեցնելու միջնորդությունը քննել է և որոշում է կայացրել առանց դատական նիստ հրավիրելու։ (...)»։
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման իրավաչափությանը, արձանագրում է հետևյալը.
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` այլ օրենքներում (բացառությամբ սնանկության վարույթը կարգավորող օրենքների) պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` վերը նշված դրույթների համադրված վերլուծությունից հետևում է, որ սնանկության գործի քննության ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ վճռաբեկ դատարանը, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19 (ՎԴ) քաղաքացիական գործով 01.02.2008 թվականի որոշմամբ անդրադառնալով դատավարությունում կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներին, ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավասարության» սկզբունքը` կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով պահանջում է, որ յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում: Մրցակցային դատաքննության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38): Թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ուղղակիորեն նշված չէ, սակայն Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում (Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով 12.02.1985 թվականի վճռի 28-րդ կետ) արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրի կողմից Կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելու վերաբերյալ բողոքը Կառավարչին ուղարկելու պարտադիր պահանջի սահմանումն ինքնանպատակ չէ, այլ նպատակ է հետապնդում ապահովելու Կառավարչի կողմից իր դեմ ներկայացված բողոքի բովանդակության վերաբերյալ տեղեկացված լինելու և դիրքորոշում հայտնելու հնարավորությունը՝ դրանով իսկ երաշխավորելով նաև սնանկության կառավարչի դատական պաշտպանության իրավունքների լիարժեք իրականացումը (օրինակ՝ հերքելու իր դեմ ներկայացված բողոքի փաստարկները, ներկայացնելու անհրաժեշտ ապացույցներ և այլն): Նման անհրաժեշտությունը բխում է նաև դատավարությունում, այդ թվում՝ սնանկության վարույթի ողջ ընթացքում կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքները պահպանելու սահմանադրաիրավական և կոնվենցիոն դրույթներից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած Օրենքի 32-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ դատարանի համար սնանկության կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը լուծելիս դատական նիստ հրավիրելու պարտականություն Օրենսդիրը չի սահմանել, սակայն դա չի զրկում Կառավարչին իր դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ տեղեկանալու և դիրքորոշում ներկայացնելու իրավունքից, ավելին՝ բոլոր դեպքերում, թե՛ բանավոր և թե՛ գրավոր ընթացակարգով գործերի դատաքննությունը պետք է անհրաժեշտ երաշխիքներ ապահովի մասնակիցների իրավունքների ապահովման և իրացման համար:
Տվյալ դեպքում Կառավարչի գործողությունները բողոքարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Դատարան և Կառավարիչը զրկված է եղել որևէ կերպ դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանը Կառավարչի՝ բողոքում բարձրացված այս հարցին չի անդրադարձել՝ պայմանավորված դատարանի համար սնանկության կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը լուծելիս դատական նիստ հրավիրելու պարտականության բացակայությամբ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կառավարիչը զրկված է եղել իր վերաբերյալ միջնորդության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու իրավական հնարավորությունից:
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, չապահովելով Կառավարչի՝ իր դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ իրապես տեղեկացված լինելու իրավունքը, սահմանափակել են վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս ատյան նոր քննության ուղարկելու լիազորությունը»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:
Այսպես`
Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Ցանկանում եմ կարծիք հայտնել այն մասին, որ Վճռաբեկ դատարանը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, որևէ դեպքում չէր կարող նշել, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առկայությունը պայմանավորված է նրանով, որ իբրև բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից պարզեցինք, որ բողոք բերած անձը, վճռաբեկ բողոքում ըստ էության վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունը, որից հետո՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի բովանդակությունը, որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք և հիմնավորում նշել է, որ «Բողոքում նշված փաստարկների վերլուծությունը ցույց է տալիս, որ Դատարանի կողմից թույլ տրված դատավարական և նյութական իրավունքի (մեր կարծիքով կոպիտ) խախտումներն էական ազդեցություն են ունեցել գործի ելքի վրա, քանի որ դատարանի որոշմամբ վերը նշված հիմնավորումների ուժով անհիմն կարգով ազատվել եմ Ա/Ձ Տարոն Ֆամանյանի սնանկության գործով կառավարչի լիազորությունների կատարումից, և իմ փոխարեն նշանակել է այլ կառավարիչ: Տվյալ դեպքում առկա են նյութական և դատավարական իրավունքի նորմերի, մասնավորապես՝ բողոքում նշված նորմերի առերևույթ էական խախտումներ, մասնավորապես` համադրելով, հաշվառելով գործով ձեռք բերված փաստերը, փաստական հանգամանքները, դրանք հիմնավորող ապացույցներն իրենց համակցության մեջ, գտնում եմ, որ ներկայացված փաստարկները հիմնավորված են, իսկ դատարանի կողմից չեն պահպանվել բողոքում նշված իրավական նորմերով սահմանված պահանջները, կամ դրանք կիրառվել են խախտումներով, որպիսի պարագայում գտնում եմ, որ բողոքը ենթակա է վարույթ ընդունման և քննության վճռաբեկ դատարանում»,
և վճռաբեկ բողոքում չի նշել, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Նման պայմաններում կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը դրա հետևանքով խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը, որի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Բացի այդ, միևնույն ժամանակ ցանկանում եմ կարծիք հայտնել նաև այն մասին, որ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ վերջինիս կողմից, որպես օրենքներ, որոնցով ղեկավարվել է Վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս, նշվել են նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը և նույն հոդվածի 2-րդ մասը, մինչդեռ կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանը որոշումը կայացնելիս չէր կարող ղեկավարվել նշված օրենքի համապատասխան նորմերով կամ հիմք ընդունելով այդ նորմերով տրված համապատասխան իրավակարգավորումները՝ դրանք կիրառելի համարեր նաև սույն գործով, քանի որ հիմք ընդունելով սույն գործի փաստերը՝ կարծում եմ, որ դրանք կիրառելի չէին սույն գործով այնքանով, որքանով հարցը վերաբերում է ոչ թե սնանկության գործով կառավարչի գործողությունները կամ անգործությունը վիճարկելուն, այլ՝ սնանկության գործով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուն:
Ավելին՝ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված հարցադրումը ևս, կարծում եմ, վերաբերելի չէ այս գործի փաստերին նույն պատճառաբանությամբ, ինչ նշեցի վերը:
Բացի այդ, միևնույն ժամանակ ցանկանում եմ կարծիք հայտնել նաև հետևյալի մասին.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի կարգավորումը, և այն, թե տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն ինչով է պայմանավորել սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, կարծում եմ, որ Վճռաբեկ դատարանն իրավունք ուներ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածով իրեն վերապահված՝ վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու լիազորությունն իրացնել բացառապես այն դեպքում, երբ իր որոշման մեջ նշեր այն շարժառիթները, որոնցով չի համաձայնվել դատական ակտը կայացրած Վերաքննիչ դատարանի հետևությունների հետ՝ պատճառաբանելով վերջինիս կողմից համապատասխան նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում թույլ տալը, որի արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, բավարարվելով միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունը, որպիսի իրավակարգավորում մեզ հայտնի խմբագրության մեջ գոյություն չունի, նույն հոդվածի 13-րդ հոդվածի 1-ին մասը վկայակոչելով, առանց այդ նորմերը վերլուծելու և բացահայտելու, թե ինչու է ղեկավարվում նաև դրանցով՝ որպես Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու շարժառիթ նշել է, որ «ստորադաս դատարանները, չապահովելով Կառավարչի՝ իր դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ իրապես տեղեկացված լինելու իրավունքը, սահմանափակել են վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը»:
Կարծում եմ, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը չէր կարող բեկանվել Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված պատճառաբանությամբ, և եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի կարգով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում ևս պետք է ապահովվի սնանկության կառավարչի՝ իր դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ տեղեկանալու և դիրքորոշում ներկայացնելու իրավունքը, ապա նման հետևությունը պետք է հիմնավորեր կիրառելի նորմատիվ ակտերի վկայակոչմամբ և դրանց պատշաճ մեկնաբանությամբ, որը տվյալ դեպքում, կարծում եմ, բացակայում է:
Դրանից ելնելով՝ գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանը չէր կարող նման պատճառաբանությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի դատական ակտը:
Դատավոր` |
Գ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|