ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/1893/05/20 2023 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/1893/05/20 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Հ. Բեդևյան | |
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ | ||
Ք. Մկոյան |
2023 թվականի հունիսի 15-ին,
գրավոր ընթացակարգով քննելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.12.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հոռոմսիմա Մղդեսյանի ընդդեմ Ծառայության, երրորդ անձինք՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտե, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ, «Վեոն Արմենիա» (ԱրմենՏել) ՓԲԸ՝ 10.03.2020 թվականի «Իրավահաջորդ ճանաչելու մասին» թիվ 04849714, թիվ 04144797, թիվ 03330174, թիվ 01836328 որոշումներն անվավեր ճանաչելու և բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու, այն է՝ Ծառայության կողմից 06.03.2020 թվականին և 10.03.2020 թվականին վերսկսված թիվ 04849714, թիվ 04144797, թիվ 01836328, թիվ 03330174 կատարողական վարույթները կարճելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հոռոմսիմա Մղդեսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 10.03.2020 թվականի «Իրավահաջորդ ճանաչելու մասին» թիվ 04849714, թիվ 04144797, թիվ 03330174, թիվ 01836328 որոշումները և պարտավորեցնել Ծառայությանը ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ կարճել 06.03.2020 թվականին և 10.03.2020 թվականին վերսկսված թիվ 04849714, թիվ 04144797, թիվ 01836328, թիվ 03330174 կատարողական վարույթները։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 24.02.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.12.2021 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.02.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ՝ Ռաֆայել Նահապետյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով․
Վերաքննիչ դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/2190/02/15 քաղաքացիական գործով 07․04․2017 թվականի որոշումը, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Պարտատերերի կողմից ժառանգության բացման օրվանից հետո 6 ամսվա ընթացքում պահանջները ներկայացնելու կամ չներկայացնելու հանգամանքով պայմանավորված՝ ժառանգության զանգվածը, այդ թվում՝ պարտավորությունները չեն փոփոխվում։ Այլ կերպ ասած՝ այն ձևավորված է արդեն ժառանգատուի մահվան օրը, և օրենսդիրն այդ հարցը կախվածության մեջ չի դրել պարտատերերի կողմից ժառանգության բացման օրվանից հետո 6 ամսվա ընթացքում պահանջները ներկայացնելու կամ չներկայացնելու հանգամանքից։
Սույն դեպքում պարտապան Արշակ (Առնակ) Մղդեսյանի մահից հետո 05.04.2019 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ ժառանգությունն ընդունել է ժառանգատուի մայրը՝ Հոռոմսիմա Մղդեսյանը: Պարտապան Արշակ (Առնակ) Մղդեսյանի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցած պարտավորություններն իր մահվան օրվա դրությամբ ներառված են եղել ժառանգության զանգվածում՝ անկախ այն հանգամանքից, թե հիշյալ պահանջատերերը իրենց պահանջները ներկայացրել են, թե ոչ, և ինչը պակաս կարևոր չէ, անկախ այն հանգամանքից, թե ժառանգն ընդունել է ժառանգությունը, թե ոչ։
Անդրադառնալով, Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/2190/02/15 քաղաքացիական գործով 07․04․2017 թվականի որոշմանը տրված մեկնաբանությանը, բողոք բերած անձը նշել է, որ ժառանգությունն ընդունած ժառանգի համար ժառանգատուի պարտավորությունների վերաբերյալ հստակ պատկերացում ունենալու հնարավորության ապահովման նպատակը, որը դրվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը որպես իրավադադարեցնող ժամկետ դիտելու համար, վերանում է, քանի որ վերոհիշյալ նպատակին առավելապես կարելի է հասնել մինչև ժառանգության ընդունումը, սակայն այն պահպանվում է՝ այն հաշվարկով, որ պահանջները ներկայացնելուց հետո ժառանգությունն ընդունած ժառանգը կարող է հրաժարվել ժառանգությունից։ ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշմամբ խոսքը ժառանգության զանգվածի մեջ մտնող պարտավորությունների մասին է, և ոչ թե՝ առհասարակ ժառանգատուի ունեցած պարտավորությունների։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.12.2021 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Թիվ 04144797, 04849714, 03330174, 01836328 կատարողական վարույթներով պարտապան է հանդիսացել Արշակ (Առնակ) Անդրանիկի Մղդեսյանը, ով մահացել է 23.06.2018 թվականին։ Վերջինիս ժառանգությունն ընդունել է Հոռոմսիմա Մղդեսյանը, ում 05.04.2019 թվականին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր (անվիճելի փաստ)։
2) ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի 23.12.2020 թվականի թիվ 11-2/80566-2020 գրության համաձայն՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ժառանգությունը բացվելու օրվանից հետո վեցամսյա ժամկետում Առնակ Մղդեսյանի ժառանգ Հոռոմսիմա Մղդեսյանին կամ նոտարին պահանջ չի ներկայացվել (հատոր 2-րդ, գ.թ. 51):
3) «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 22.09.2020 թվականի թիվ ԻՏ/467 գրության համաձայն՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի («ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ) կողմից Հոռոմսիմա Մղդեսյանին կամ նոտարին ժառանգության բացման պահից վեցամսյա ժամկետում պահանջ չի ներկայացվել (հատոր 1-ին, գ.թ. 109)։
4) «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 24.09.2020 թվականի թիվ Մ-23584/20 գրության համաձայն՝ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն իր պահանջը չի ներկայացրել Հոռոմսիմա Մղդեսյանին կամ նոտարին՝ ժառանգության բացման պահից, քանի որ բանկում առկա չի եղել վերջինիս մահվան փաստի վերաբերյալ տեղեկություն (հատոր 1-ին, գ.թ. 113):
5) Ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի ավագ հարկադիր կատարողի 10.03.2020 թվականի «Իրավահաջորդ ճանաչելու մասին» որոշումներով պարտապան Արշակ (Առնակ) Անդրանիկի Մղդեսյանը փոխարինվել է իրավահաջորդով, և թիվ 04849714, թիվ 04144797, թիվ 03330174 և թիվ 01836328 կատարողական վարույթներով որպես պարտապան է ճանաչել Հոռոմսիմա Աշոտի Մղդեսյանը (հատոր 1-ին, գ.թ. 18-21):
6) Ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի 13.03.2020 թվականի թիվ ԵՄ 4438/03 գրությամբ հայտնվել է, որ պարտապան Արշակ (Առնակ) Անդրանիկի Մղդեսյանի վերաբերյալ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնում հարուցված թիվ 04144797, թիվ 04849714, թիվ 03330174 և թիվ 01836328 կատարողական վարույթներով կայացվել են որոշումներ՝ իրավահաջորդ ճանաչելու մասին, որոնց համաձայն՝ վերը նշված կատարողական վարույթներով որպես պարտապան է ճանաչվել Հոռոմսիմա Աշոտի Մղդեսյանը: Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարտապան Արշակ (Առնակ) Անդրանիկի Մղդեսյանի վերաբերյալ հարուցված թիվ 04144797, թիվ 04849714, թիվ 0333017 և թիվ 01836328 կատարողական վարույթներով պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել նրա իրավահաջորդին, ուստի նշված կատարողական վարույթները «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ենթակա չեն կարճման (հատոր 1-ին, գ.թ. 16-17):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած նյութական նորմի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք դատական ակտերի հարկադիր կատարման փուլում պարտապան ֆիզիկական անձի մահվան դեպքում վերջինիս պարտատերերի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վեցամսյա ժամկետում պահանջներ չներկայացնելը հանգեցնում է իրավահաջորդության բացառման և համապատասխանաբար հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթի կարճման:
Անդրադառնալով դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում նշել է, որ դատական ակտի հարկադիր կատարման կառուցակարգն ամբողջական է դարձնում դատավարությունը և ապահովում է շահագրգիռ անձի պահանջների բավարարումը, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլորի համար և ենթակա է կատարման դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կանոններին համապատասխան (տե´ս, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժինն ընդդեմ Անուշ Իսպիրյանի թիվ ՎԴ6/0076/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը՝ որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար (տե´ս, «Յունիբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ «Հրաշք Ապագա» ՍՊԸ-ի թիվ ԼԴ/0039/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը վերջին հաշվով խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքներից, որպիսի պայմաններում այդ իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի բաղադրատարր և «իր գործի հրապարակային քննության»` որպես դատավարական գործընթացի փուլ:
Նշված մոտեցումը համահունչ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) ձևավորած նախադեպային իրավունքի հետ, որի համաձայն՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ Եվրոպական դատարանի՝ դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ 6-րդ հոդվածի գործողության բացառումը կհանգեցներ իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի, ցանկացած դատարանի կողմից կայացված որոշման կատարում պետք է դիտվի որպես «դատաքննության» բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս, Hornsby v. Greece գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, Mostacciuolo v. Italy (No. 2) գործով Եվրոպական դատարանի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, Raylyan v. Russia գործով Եվրոպական դատարանի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):
Վերը վկայակոչված դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ արդարադատության իրականացման վերջնական փուլը դատավարության մասնակիցների համար արդեն հստակ սահմանված իրավունքների և պարտականությունների ծավալը սահմանող դատական ակտի կատարումն է, ինչի հիմքը օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է:
Օրենսդիրը դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով:
Այսպես. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածով սահմանվում է այն ակտերի շրջանակը, որոնք ենթակա են հարկադիր կատարման:
Օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է կատարողական վարույթի մասնակիցների շրջանակը, որոնք են կողմերը և (կամ) նրանց ներկայացուցիչները: Իսկ նույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական վարույթի կողմերն են` պահանջատերը և պարտապանը:
Վերոգրյալ նորմերից հետևում է, որ դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի մասնակիցները կողմերն են` պահանջատերը և պարտապանը, և (կամ) նրանց ներկայացուցիչները, որոնց վերաբերյալ էլ նշումը կատարվում է հենց կատարողական թերթում:
Օրենսդիրը, հաշվի առնելով դատական ակտի պարտադիր կատարման սկզբունքի կարևորությունը և բացառելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթի պահանջն անկատար թողնելու հնարավորությունը, սահմանել է կատարողական վարույթի կողմին իրավահաջորդով փոխարինելու իրավական գործիքակազմ այն դեպքերի համար, երբ կատարողական վարույթի կողմերից մեկը դուրս է եկել կատարողական վարույթից։ Այսպես.
Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական վարույթի կողմերից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում) հարկադիր կատարողը պարտավոր է կատարել նրա փոխարինում` օրենքով, դատարանի վճռով կամ պայմանագրով որոշված իրավահաջորդով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչև իրավահաջորդի գործի մեջ մտնելը կատարողական վարույթի ընթացքում կատարված գործողությունները պարտադիր են իրավահաջորդի համար այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին իրավահաջորդի կողմից փոխարինված անձի համար:
Օրենքի 37-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը, եթե` մահացել է պահանջատեր կամ պարտապան ֆիզիկական անձը, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել նրա իրավահաջորդին:
Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե մահացել է պահանջատեր կամ պարտապան քաղաքացին, և դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտականությունները չեն կարող փոխանցվել նրա իրավահաջորդին:
Վերոգրյալ նորմերից հետևում է, որ կատարողական վարույթի կողմերից մեկի դուրս գալու դեպքում կատարողական վարույթում վերջինիս փոխարեն իրավահաջորդին ներգրավելը հարկադիր կատարողի պարտականությունն է, որի նպատակը, ըստ էության, կատարողական թերթի պահանջի կատարումն է: Սահմանելով կատարողական վարույթի կողմի իրավահաջորդին կատարողական վարույթում ներգրավելու պարտավորություն՝ օրենսդիրը միաժամանակ այդ գործընթացի իրականացումը պայմանավորել է նաև դատական ակտով սահմանված պահանջների կամ պարտավորությունների՝ կատարողական վարույթի կողմի իրավահաջորդներին փոխանցվելու հնարավորությամբ: Մասնավորապես՝ օրենսդիրը հարկադիր կատարողի համար սահմանել է վարքագծի հետևյալ հնարավոր տարբերակները.
- կատարողական վարույթի կասեցում այն դեպքում, երբ դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտավորությունները կարող են փոխանցվել մահացած պահանջատեր կամ պարտապան ֆիզիկական անձի իրավահաջորդին,
- կատարողական վարույթի կարճում այն դեպքում, երբ դատական ակտով սահմանված պահանջները կամ պարտականությունները չեն կարող փոխանցվել վերջիններիս իրավահաջորդին:
Անդրադառնալով պարտավորությունների՝ իրավահաջորդության կարգով փոխանցման առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարողական վարույթի կասեցումը, ըստ էության, նպատակ է հետապնդում կատարողական վարույթին մասնակից դարձնելու մահացած, կատարողական վարույթից դուրս եկած պարտապանի իրավահաջորդին, հետևաբար քաղաքացու մահվան դեպքում կատարողական վարույթը ենթակա է կասեցման մինչև կատարողական վարույթից դուրս եկած կողմի ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելու ժամկետի լրանալը, քանի որ միայն մահացած կողմի ժառանգների՝ իրենց հասանելիք ժառանգությունն ընդունելու դեպքում է հնարավոր հաստատված համարել դատական ակտով սահմանված պահանջների կամ պարտավորությունների՝ իրավահաջորդներին փոխանցվելու հնարավորությունը:
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ժառանգման իրավահարաբերություններում պարտատերերի կողմից իրենց պահանջների ներկայացման՝ օրենքով սահմանված ժամկետային սահմանափակումներին։
Այսպես. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պահանջները, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո, իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են նույն օրենսգրքի 1242 հոդվածում նշված ծախսերը:
Վերոգրյալ նորմերից հետևում է, որ պարտատերերն իրավունք ունեն իրենց պահանջները ներկայացնել պարտապանի ժառանգության բացման օրվանից, այսինքն՝ անձի մահվան օրվանից վեցամսյա ժամկետում, որպիսի ժամկետը համընկնում է ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելու ժամկետի հետ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մաս):
ՀՀ սահմանադրական դատարանը 06.12.2019 թվականի թիվ ՍԴՈ-1495 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտատիրոջ սեփականության իրավունքի պաշտպանության ժամկետային սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ կանխել անորոշությունն ու անարդարությունը, ինչը կարող է առաջանալ ժառանգության ընդունումից հետո ժառանգներին պահանջներ ներկայացվելու դեպքում։ Ժառանգատուի պարտատերերի կողմից ժառանգներին պահանջներ ներկայացնելու համար սահմանված վեցամսյա իրավադադարեցնող ժամկետը ոչ միայն նպատակ ունի կանոնակարգել քաղաքացիական շրջանառությունը, այլև ժառանգին հնարավորություն է տալիս ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի և ժառանգատուի պարտավորությունների հաշվառմամբ որոշելու իր ժառանգման իրավունքի իրացման հարցը:
Սահմանադրական դատարանը գտել է, որ դիտարկվող «պարտապան-պարտատեր» իրավահարաբերություններում պարտապանի ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելու արդյունքում վնաս կրելու ռիսկը վերաբերում է պարտատերերին, ուստի վերջիններս՝ որպես շահագրգիռ անձինք, պետք է համապատասխան վարքագիծ դրսևորեն: Օրենքը չի արգելում պարտատիրոջը որոշակի պարբերականությամբ ինքնուրույն տեղեկանալու պարտապանի մասին, և վերջինիս կողմից պարտավորություն չկատարելը պետք է դրդի պարտատիրոջն ակտիվ գործողություններ կատարելուն, ընդ որում՝ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել և բավարար միջոցների առկայության և սահմանված ժամկետը բաց չթողնելու պայմաններում հատուցվել ինչպես ժառանգների կողմից ժառանգությունն ընդունելու, այնպես էլ ժառանգությունը չընդունելու պարագայում, նույնիսկ ժառանգների բացակայության դեպքում պարտատերերը կարող են հավակնել իրենց հասանելիք պարտքերը ստանալուն:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ժառանգության հետ կապված ծախսերի, մասնավորապես՝ ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները բավարարելու ժառանգների պարտականությանը` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետի այն կարգավորման լույսի ներքո՝ արձանագրել է, որ «ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո» արտահայտությամբ օրենսդիրը նպատակ է ունեցել ընդգծելու, որ քննարկվող ծախսերը հատուցվում են ժառանգության ընդունման համար օրենքով սահմանված վեցամսյա ժամկետն անցնելուց և ժառանգների կազմը հայտնի դառնալուց հետո: Ուստի, նախքան նշված ժամկետի ավարտը (բացառությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1246-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքի) չի կարող պահանջ ներկայացվել ծախսերը նշված ժամկետից ավելի վաղ հատուցելու մասին՝ նկատի ունենալով այն, որ մինչ այդ պարզված չի լինում ժառանգությունն ընդունած ժառանգների կազմը: Բանն այն է, որ թե՛ ժառանգությունն ընդունելու, թե՛ դրանից հրաժարվելու համար օրենսդիրը սահմանել է վեցամսյա ժամկետ, և միայն այդ ժամկետն անցնելուց հետո է պարզ դառնում, թե ժառանգներից ով կամ ովքեր են ընդունել ժառանգությունը, ով կամ ովքեր են հրաժարվել դրանից և ում պետք է տրվի ժառանգության իրավունքի վկայագիր: Բացառությամբ այն պարտավորությունների, որոնք չեն կարող կատարվել առանց ժառանգատուի անձնական մասնակցության, ժառանգատուի մյուս բոլոր պարտավորությունները նրա մահվամբ չեն դադարում, և դրանք, օրենքով սահմանված ժամկետում և կարգով պահանջ ներկայացված լինելու դեպքում, պարտավոր են կատարել ժառանգությունն ընդունած ժառանգները՝ իրենց անցած գույքի արժեքի սահմաններում (տե՛ս, «Յունիբանկ» ԲԲԸ-ն ընդդեմ Անիկ Ստեփանյանի իրավահաջորդ Սիմոն Արզումանյանի թիվ ԵԱՔԴ/2190/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը շարադրված իրավական դիրքորոշումը, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին կետով օրենսդրի կողմից ժառանգատուի պարտատերերի համար պահանջներ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանելն ինքնանպատակ չէ. այն կոչված է ապահովելու քաղաքացիաիրավական հարաբերությունների կայունությունը և որոշակիությունը` պայմանավորված ժառանգման իրավահարաբերությունների առանձնահատկություններով: Ընդունելով ժառանգությունը` ժառանգը ոչ միայն ձեռք է բերում համապատասխան իրավունքներ, այլ նաև պարտավորություն է ստանձնում իրեն անցած գույքի արժեքի սահմաններում պատասխանատվություն կրելու ժառանգատուի պարտավորությունների համար: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում իր ժառանգման իրավունքն իրացնելիս ժառանգը պետք է հստակ պատկերացում ունենա ինչպես ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի կազմի, այնպես էլ ժառանգատուի պարտավորությունների վերաբերյալ: Եթե ժառանգության զանգվածի կազմը, որպես կանոն, պարզ է լինում ժառանգի համար, այլ է իրավիճակը ժառանգատուի պարտավորությունների պարագայում: Վերջիններիս վերաբերյալ որոշակի պատկերացում ժառանգը կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված ժամկետում պարտատերերի կողմից ներկայացվեն համապատասխան պահանջներ: Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը, ժառանգատուի պարտատերերի համար սահմանելով պահանջների ներկայացման վերջնաժամկետ, ըստ էության, նախադրյալներ է ապահովել ժառանգի համար ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի և ժառանգատուի պարտավորությունների հաշվառմամբ որոշելու իր՝ ժառանգման իրավունքի իրացման հարցը:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով սահմանված ժամկետը դասվում է իրավադադարեցնող ժամկետների շարքին, ինչը նշանակում է, որ այդ ժամկետի բացթողումը հանգեցնում է պարտատիրոջ իրավունքի կորստի: Այսպես` գործնականում չի բացառվում, որ ժառանգությունը բացվելուց հետո ժառանգատուի պարտատերը կարող է որոշակի տևական ժամանակ օբյեկտիվորեն չիմանալ պարտապանի մահվան մասին: Մինչդեռ ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածը, այնպես էլ ժառանգության հետ կապված ծախսերը հատուցելուն վերաբերող մյուս իրավանորմերն այդ կապակցությամբ որևէ բացառություն չեն նախատեսում: Ավելին, ՀՀ օրենսդրությունը, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող որոշակի իրավահարաբերությունների, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Հայցային վաղեմության ժամկետը վերականգնելը) և 1228-րդ հոդվածի 2-րդ կետի (Ժառանգությունն ընդունելը սահմանված ժամկետի ավարտից հետո) կարգավորումների, չի նախատեսում նաև համապատասխան անձի մահվան մասին տեղյակ չլինելու հիմքով պահանջատիրոջ կողմից ժառանգներին պահանջ ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և (կամ) այդ ժամկետը վերականգնելու հնարավորություն: Ելնելով վերոգրյալից` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում պարտատերերի կողմից պահանջները չներկայացնելու դեպքում նրանք զրկվում են հետագայում պարտապանի ժառանգների դեմ իրենց պահանջները ներկայացնելու իրավունքի իրացման հնարավորությունից (տե՛ս, Գյուլփերի Ստեփանյանն ընդդեմ Անահիտ Սմբատյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0416/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Վերոգրյալ դիրքորոշումների համատեքստում հաշվի առնելով, որ ժառանգներին պահանջներ ներկայացնելու՝ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետն իրավադադարեցնող ժամկետ է, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դա դեռևս հիմք չէ կատարողական վարույթում կողմի իրավահաջորդներին պարտատերերի կողմից պահանջ չներկայացնելու դեպքում կատարողական վարույթը կարճելու համար:
Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանի ժառանգի՝ կատարողական վարույթում որպես վերջինիս իրավահաջորդ ներգրավվելու հնարավորությունը պայմանավորված է դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթի պահանջի կատարմամբ, ուստի իրավահաջորդը կատարողական վարույթում ներգրավվելիս փաստացի ստանձնում է կատարողական վարույթում պարտապանի իրավունքները և պարտականությունները: Բացի այդ, կատարողական թերթի հիման վրա իրականացվող կատարողական գործողությունների նկատմամբ վերահսկողությունը, այդ թվում՝ դատական ակտի կատարման ապահովման պարտականությունը, վերապահված է հարկադիր կատարողին, որպիսի փաստով էլ պայմանավորված է իրավահաջորդության դեպքում հարկադիր կատարողի կողմից համապատասխան որոշում կայացնելու պարտականությունը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգներին պահանջներ ներկայացնելու՝ օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը, լինելով իրավադադարեցնող ժամկետ, ըստ էության, դադարեցնում է պարտատերերի կողմից սահմանված ժամկետում պահանջ չներկայացնելու դեպքում հետագայում դրանք ներկայացնելու հնարավորությունը, սակայն հարկ է նշել, որ այն դեպքում, երբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ապա նման պայմաններում ժառանգների կողմից տվյալ դատական ակտով սահմանված պարտավորությունները ենթակա են կատարման ոչ թե պարտատիրոջ կողմից համապատասխան պահանջ ներկայացնելու, այլ դատական ակտի՝ պարտադիր կատարման ենթակա լինելու ուժով: Ուստի այն դեպքում, երբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որի հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ, մյուս կողմի՝ կատարողական վարույթում պահանջատիրոջ վրա չի կարող դրվել լրացուցիչ պարտավորություն՝ կրկին ներկայացնելու ժառանգին իր պարտավորությունը կատարելու պահանջ:
Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է նաև այն հանգամանքից, որ դատական ակտը հարկադիր կատարման է ուղարկվում այն դեպքում, երբ այն կամովին չի կատարվում դրա հասցեատերերի կողմից: Հետևաբար այն դեպքում, երբ պարտապանի կողմից դատական ակտի պահանջը կամովին չկատարվելու հիմքով պահանջատիրոջ դիմումով դատական ակտը կայացրած դատարանը տալիս է կատարողական թերթ, ապա դրա պահանջը ենթակա է կատարման ոչ թե պահանջատիրոջ կողմից պարտապան կողմում հանդես եկող անձին պահանջ ներկայացնելու, այլ հարկադիր կատարողի կողմից կիրառման ենթակա գործողությունների արդյունքում:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ պարտատերը իր իրավունքների պաշտպանությունն իրացրել է դատական պաշտպանության դիմելու միջոցով՝ ստանալով իր համար բարենպաստ դատական ակտ, որն օրենքով սահմանված ժամկետում մտել է օրինական ուժի մեջ, ապա տվյալ դեպքում վերջինիս համար ծագում է օրինական ակնկալիք, որ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է կատարման, անկախ իր կողմից կատարվող գործողություններից, հետևաբար նման պայմաններում պարտապան ֆիզիկական անձի մահվան փաստը չի հանգեցնի իր համար վեցամսյա ժամկետում պահանջ ներկայացնելու պարտավորության առաջացման, իսկ պահանջ չներկայացնելու դեպքում՝ կատարողական վարույթի կարճման։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Հոռոմսիմա Մղդեսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության՝ 10.03.2020 թվականի «Իրավահաջորդ ճանաչելու մասին» թիվ 04849714, թիվ 04144797, թիվ 03330174, թիվ 01836328 որոշումները և պարտավորեցնել Ծառայությանը ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է՝ կարճել 06.03.2020 թվականին և 10.03.2020 թվականին վերսկսված թիվ 04849714, թիվ 04144797, թիվ 01836328, թիվ 03330174 կատարողական վարույթները։
Դատարանը, բավարարելով հայցը, արձանագրել է, որ «(…) Առնակ Մղդեսյանի՝ քննարկվող վարույթներով պարտատերերից որևէ մեկը ժառանգության բացման պահից վեցամսյա ժամկետում պահանջ չի ներկայացրել ո՛չ Առնակ Մղդեսյանի ժառանգ Հոռոմսիմա Մղդեսյանին, ո՛չ ժառանգության բացման վայրի նոտարին, ինչը նշանակում է, որ նշված պարտատերերը կորցրել են Հոռոմսիմա Մղդեսյանին Առնակ Մղդեսյանի գույքի հաշվին վերջինիս պարտավորությունները կատարելու պահանջ ներկայացնելու իրավունքը:
Ընդ որում, պահանջատերերի՝ Առնակ Մղդեսյանի մահվան մասին տեղյակ չլինելու հանգամանքը որևէ նշանակություն չունի, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը իրավադադարեցնող ժամկետ է, և առկա չէ այդ ժամկետը վերականգնելու իրավական հնարավորություն։
Նման պայմաններում, հաշվի առնելով, որ Առնակ Մղդեսյանի մահվանից հետո վեցամսյա ժամկետում, այն է՝ մինչև 23.12.2018 թվականը, քննարկվող կատարողական վարույթներով վերջինիս պարտատերերը որևէ պահանջ ո՛չ Հոռոմսիմա Մղդեսյանին, ո՛չ ժառանգության բացման նոտարին օրենքով սահմանված կարգով պահանջ չեն ներկայացրել, վերջիններս կորցրել են Հոռոմսիմա Մղդեսյանից Առնակ Մղդեսյանի գույքի հաշվին վերջինիս պարտավորություններով հատուցում պահանջելու իրավունքը:
Բացի այդ, (…) Ծառայությունը, կատարողական վարույթներով պարտապան ճանաչելով Հոռոմսիմա Մղդեսյանին, հաշվի չի առել, որ նույնիսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով սահմանված ժամկետներում պարտատերերի կողմից պահանջ ներկայացված լինելու դեպքում Հոռոմսիմա Մղդեսյանը Առնակ Մղդեսյանի պարտավորությունների համար պատասխանատվություն կարող էր կրել բացառապես Առնակ Մղդեսյանի գույքի արժեքի չափով և սահմաններում, և այդ հանգամանքը իր որոշումներում չի արձանագրել»։
Վերաքննիչ դատարանը մերժել է Ծառայության վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ «(…) օրենսդիրը չի սահմանել որևէ բացառություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով նախատեսված՝ պարտատերերի սեփականության իրավունքի պաշտպանության ժամկետային սահմանափակումից, այդ թվում՝ նաև այն դեպքի համար, երբ պահանջատերերի պահանջներն ամրագրված են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, և այդ պահանջների կատարումն ապահովվում է կատարողական վարույթի շրջանակներում:
(…)
հայցվորի իրավանախորդի պարտատերերից որևէ մեկը ժառանգության բացման պահից վեցամսյա ժամկետում պահանջ չի ներկայացրել ո՛չ Արշակ /Առնակ/ Մղդեսյանի ժառանգ Հոռոմսիմա Մղդեսյանին, ո՛չ ժառանգության բացման վայրի նոտարին, ինչը նշանակում է, որ նշված պարտատերերը կորցրել են Հոռոմսիմա Մղդեսյանին Արշակ /Առնակ/ Մղդեսյանի գույքի հաշվին վերջինիս պարտավորությունները կատարելու պահանջ ներկայացնելու իրավունքը:
Պարտատերերի համար ապահովված է եղել օրենքով սահմանված ժամկետում կա՛մ ժառանգին, կա՛մ նոտարական գրասենյակ դիմելու միջոցով, օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ամրագրված իրենց պահանջների բավարարման հասնելու իրավական հնարավորություն, որպիսի հնարավորությունը չի իրացվել նշված ժամկետում նրանց կողմից համապատասխան պահանջ չներկայացնելու հետևանքով, այսինքն՝ պարտատերերի վարքագծի /անգործության/ պատճառով:
(…) կատարողական վարույթներով պարտապան Արշակ /Առնակ/ Մղդեսյանի մահվանից հետո վերջինիս պարտականություններն այլևս չէին կարող փոխանցվել Հոռոմսիմա Մղդեսյանին, հետևաբար, ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի 10.03.2020թ. «Իրավահաջորդ ճանաչելու մասին» որոշումները կայացվել են ոչ իրավաչափորեն, և առկա է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված՝ կատարողական վարույթները կարճելու հիմք»:
Տվյալ դեպքում սույն գործի փաստերի համաձայն՝ Ծառայության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի ավագ հարկադիր կատարողի 10.03.2020 թվականի «Իրավահաջորդ ճանաչելու մասին» որոշումներով պարտապան Արշակ (Առնակ) Անդրանիկի Մղդեսյանը փոխարինվել է իրավահաջորդով, և թիվ 04849714, թիվ 04144797, թիվ 03330174 և թիվ 01836328 կատարողական վարույթներով որպես պարտապան է ճանաչվել Հոռոմսիմա Աշոտի Մղդեսյանը։
«Իրավահաջորդ ճանաչելու մասին» վերոգրյալ որոշումներով նշվել է, որ կատարողական գործողությունների ընթացքում պարզվել է, որ պարտապան Արշակ (Առնակ) Անդրանիկի Մղդեսյանը 23.06.2018 թվականին մահացել է, և մահից հետո 05.04.2019 թվականին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ ժառանգությունն ընդունել է ժառանգատուի մայրը՝ Հոռոմսիմա Աշոտի Մղդեսյանը։
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քննարկվող կատարողական վարույթներով պարտատերերը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վեցամսյա ժամկետում պահանջ ներկայացնելու պարտավորություն չեն կրել՝ հաշվի առնելով կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի առկայությունը, և Հոռոմսիմա Մղդեսյանի կողմից ժառանգության ընդունման փաստը, որպիսի պայմաններում կատարողական վարույթը կարճվել չէր կարող։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես արդեն իսկ նշվեց, կատարողական վարույթի առկայության պայմաններում դատական ակտի հարկադիր կատարման փուլում դատական ակտի կատարման վերահսկողությունը դրված է հարկադիր կատարողի վրա, ուստի անկախ պարտատերերի կողմից պարտապանի իրավահաջորդին պահանջ ներկայացնելու հանգամանքից, վերջինս, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում ընդունելով ժառանգությունը, ընդունել է նաև իրավանախորդի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ամրագրված պարտավորությունները։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարողական վարույթի կարճման հիմք է մահացած պարտապան ֆիզիկական անձի՝ դատական ակտով սահմանված պարտավորություններն իրավահաջորդին փոխանցվելու անհնարինությունը, իսկ քննարկվող պարագայում պարտավորությունները հնարավոր է եղել փոխանցել իրավահաջորդին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք պարտապանի անձի հետ անմիջականորեն չկապված պարտավորություններ են և կարող են կատարվել նաև իրավահաջորդի կողմից: Ինչ վերաբերում է պարտատերերի կողմից Հոռոմսիմա Մղդեսյանին օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում պահանջներ ներկայացնելու պարտավորությանը, ապա սույն որոշման դիրքորոշումների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ պարտավորությունների չկատարումը հիմք չի կարող լինել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու համար։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 4-րդ պարբերության համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` հարկադիր կատարողների գործողությունները բողոքարկելու վերաբերյալ դիմումներով. (...)։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության կողմից վճարված` վերաքննիչ բողոքի համար սահմանված 10.000 ՀՀ դրամի չափով և վճռաբեկ բողոքի համար սահմանված 160.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված՝ հաշվի առնելով, որ Հոռոմսիմա Մղդեսյանը, հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 4-րդ պարբերության ուժով ազատված է սույն գործով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի վճարման պարտավորությունից, և սույն գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու համար Ծառայության կողմից վճարված օրենքով սահմանված չափով պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը չի կարող դրվել Հոռոմսիմա Մղդեսյանի վրա:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.12.2021 թվականի որոշումը և այն փոփոխել. Հոռոմսիմա Մղդեսյանի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձինք՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտե, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ, «Վեոն Արմենիա» (ԱրմենՏել) ՓԲԸ՝ 10.03.2020 թվականի «Իրավահաջորդ ճանաչելու մասին» թիվ 04849714, թիվ 04144797, թիվ 03330174, թիվ 01836328 որոշումներն անվավեր ճանաչելու և բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու, այն է՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 06.03.2020 թվականին և 10.03.2020 թվականին վերսկսված թիվ 04849714, թիվ 04144797, թիվ 01836328, թիվ 03330174 կատարողական վարույթները կարճելուն պարտավորեցնելու պահանջների մասին, մերժել:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող
Հ. Բեդևյան Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ք. Մկոյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:
