ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2021 թվականի N 600-Ն
ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 757-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածի 14-րդ մասի պահանջները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների և 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում շենքերի, շինությունների դասակարգումը բնակելի, հասարակական և արտադրական նպատակային նշանակության՝
1) բնակելի նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) հասարակական նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) արտադրական նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի։
2. Մեկից ավելի տարբեր նպատակային նշանակությամբ օգտագործվող շենքերը, շինություններն ընդգրկվում են սույն որոշմամբ սահմանված այն նպատակային նշանակության շենքերի, շինությունների դասակարգման կազմում, որն ունի ավելի մեծ մակերես՝ բացառությամբ բազմաբնակարան բնակելի ու բազմաֆունկցիոնալ շենքերի և բնակելի տների։
3. Բազմաբնակարան բնակելի և բազմաֆունկցիոնալ շենքերում գտնվող հասարակական կամ արտադրական նշանակության շինությունները, ըստ նպատակային նշանակության, դասակարգվում են հասարակական կամ արտադրական նշանակության։
4. Բնակելի կառուցապատման հողամասում գտնվող կամ կառուցման համար նախատեսված տնտեսական և օժանդակ շինությունները, ըստ նպատակային նշանակության, դասակարգվում են բնակելի նշանակության։
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի «Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին» N 757-Ն որոշումը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 600-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԲՆԱԿԵԼԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
1. Բնակելի` մարդկանց բնակության համար նախատեսված շինություններ, բաղկացած բնակելի ու օժանդակ և տնտեսական մասերից՝ օժտված կոմունալ հարմարություններով:
2. Անհատական բնակելի տուն, առանձնատուն, այգետնակ (ամառանոց)՝ հողամասի վրա կառուցված, իր օժանդակ և տնտեսական շինություններով կառույցը:
3. Հիմնական շինություն՝ հիմնական է կոչվում այն շինությունը, որը նույն հողատարածքի վրա գտնվող այլ շինությունների շարքում հանդիսանում է իշխողը (գլխավորը) շինվածքի հիմնականության, ճարտարապետական հորինվածքի և նպատակային նշանակության հատկանիշներից ելնելով։ Նույն հողատարածքի վրա կարող են տեղադրված լինել մեկից ավելի հիմնական շինություններ։
4. Օժանդակ և տնտեսական շինություն՝ նույն հողատարածքի վրա գտնվող հիմնական շինության նկատմամբ երկրորդական նշանակություն ունեցող շինությունը։ Օժանդակ և տնտեսական շինությունների թվին են պատկանում անասնաշենքերը, հացատները, խորդանոցները, մարագները, ցախատները, անհատական օգտագործման ավտոտնակները, շվաքարանները, ջերմոցները, մառանները, բակային լողավազանները, ջրավազանները և այլ կառույցներ։
5. Բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքի բնակարան՝ բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը։
6. Բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենք՝ մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող կառույցը։
7. Բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքի ոչ բնակելի տարածք՝ բազմաբնակարան բնակելի կամ բազմաֆունկցիոնալ շենքում բնակարան կամ ավտոտնակ (ավտոկայանատեղի, ավտոհանգրվան) կամ հասարակական, արտադրական նշանակության շինություն չհամարվող, իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված և համարակալված տարածքը։
8. Ավտոտնակ (ավտոկայանատեղի, ավտոհանգրվան)՝ տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված կառույցը։
9. Հանրակացարան՝ ժամանակավոր բնակության համար նախատեսված տարածքը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
19.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 600-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
1. Հասարակական՝ բնակչության սոցիալական սպասարկման, վարչական նպատակներով օգտագործման կամ հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շենքերը և շինությունները:
2. Գիտական, կրթական և ուսումնական նշանակության շենքեր և շինություններ, այդ թվում՝ գիտական, գիտահետազոտական գործունեություն ծավալող կազմակերպությունների շենքեր և շինություններ, կրթական և ուսումնական նշանակության շինություններ, որոնք նախատեսված են նախադպրոցական (մսուր և մանկապարտեզ), հանրակրթական (տարրական, հիմնական, միջնակարգ, ավագ, վարժարան, կրթահամալիր, հատուկ), նախնական մասնագիտական ուսումնարանների, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, լրացուցիչ կրթության (այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության) ուսումնական հաստատությունների համար և այլն:
3. Առողջապահության, սոցիալական ապահովության շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են հիվանդանոցների, պոլիկլինիկաների, հոսպիտալների, ամբուլատորիաների, շտապ բժշկական օգնության կայանների, ծննդատների, կաթնային խոհանոցների, դեղատների, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունների, առողջապահական գործակալությունների, վերականգնողական և դիագնոստիկ կենտրոնների, առողջարանների, առողջարանային դպրոցական ճամբարների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և համայնքային փոքր տների, պրոֆիլակտորիաների և այլնի համար։
(3-րդ կետը փոփ. 03.08.23 N 1304-Ն)
4. Սպորտի, հանգստի և ժամանցի շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են մարմնակրթական և սպորտային կենտրոնների, մարզադաշտերի, ձիարշավարանների, կենդանաբանական այգիների, բուսաբանական այգիների, թենիսի կորտերի, լողավազանների, ավտոդրոմների, հրաձգարանների, սպորտային դահլիճների, հանգստյան տների, հանգստի բազաների, երիտասարդական ճամբարների, հյուրանոցների, զբոսաշրջային բազաների, մոթելների, քեմփինգների գիշերային ակումբների, ատրակցիոնների և ավտոմատ խաղերի դահլիճների, խաղատների և այլնի համար:
5. Մշակույթի, արվեստի շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են գրադարանների, թանգարանների, ցուցասրահների, պատկերասրահների, ակումբների, մշակույթի տների, թատրոնների, հանգստի կենտրոնների, կինոթատրոնների, համերգային և մարզահամերգային համալիրների, կրկեսների, արվեստանոցների և այլնի համար:
6. Առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են խանութների, կրպակների, շուկաների, տոնավաճառների, ռեստորանների, բարերի, ճաշարանների, սրճարանների, ավտոլցավորման և գազալցման կայանների, ավտոտեխսպասարկման կայանների, հանրային ավտոկայանատեղերի, վերանորոգման կետերի, լուսանկարչատների, քիմիական մաքրման կետերի, կոշիկի և կարի անհատական պատվերների սրահների, վարսավիրանոցների, լվացքատների, երկրորդական հումքի ընդունման կետերի, ներկատների և այլնի համար:
7. Կոմունալ տնտեսության շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են հարսանյաց տների, սգո սրահների, գերեզմանատների, բաղնիքների, սաունաների, հասարակական զուգարանների և այլնի համար:
8. Վարչակառավարչական, ֆինանսական, կապի և տրանսպորտի շենքեր և շինություններ, որոնք նախատեսված են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, վարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, դրամատների, բանկերի, տարբեր տիպի գրասենյակների, իրավաբանական խորհրդատվության, նոտարական գրասենյակների, տարբեր տիպի գործակալությունների, կապի բաժանմունքների, տրանսպորտի բոլոր տիպի կայանների (ավտոկայաններ, օդանավակայաններ, երկաթուղային կայարաններ և այլն), ուղևորների սպասարկման գրասենյակների, տրանսպորտային գործակալությունների, տոմսերի իրացման կետերի, հրշեջ կայանների, լրատվական կենտրոնների, արխիվների, ապահովագրության հիմնարկների, դեսպանությունների, հյուպատոսությունների, միջազգային կազմակերպությունների, հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների, ավտոմատ հեռախոսակայանների, քրեակատարողական հիմնարկների, զորամասերի և այլնի համար:
9. Կրոնական, պաշտամունքային շենքեր և շինություններ:
10. Բնակչության պաշտպանության համար նախատեսված քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ, այդ թվում՝
1) ապաստարան քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց, որը նախատեսված է զենքի խոցման միջոցների ազդեցության հետևանքով (առանց ուղիղ խոցման հաշվարկի), ռադիոակտիվ և թունավոր նյութերից, մանրէաբանական և կենսաբանական միջոցներից, հրդեհներից առաջացող բարձր ջերմաստիճանից մարդկանց պատսպարման ու այնտեղ գտնվելու ընթացքում նրանց կենսագործունեության ապահովման համար.
2) հակաճառագայթային թաքստոց քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույց, որը նախատեսված է պատսպարվողներին իոնիզացնող ճառագայթման ներգործությունից պաշտպանելու համար:
(հավելվածը փոփ. 03.08.23 N 1304-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
19.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 600-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ
1. Արտադրական՝ արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման և դրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններ ապահովող շենքերը, շինությունները:
2. Արդյունաբերական, որոնք զբաղեցված են գործարաններով, ֆաբրիկաներով, տարբեր տիպի էլեկտրակայաններով և ենթակայաններով, թափոնների վերամշակման և վերջնական տեղադրման կառույցներով, ձկնաբուծարաններով և ձկնաբուծական լճերով, արհեստանոցներով, տարբեր տիպի արտադրամասերով, կոմբինատներով, լեռնահանքային արտադրություններով, շինարարական կազմակերպություններով, մեծածախ բազաներով, սառնարանային տնտեսություններով, հրատարակչություններով, տպարաններով, պահեստներով, գիտաարտադրական կազմակերպություններով, նախագծային և կոնստրուկտորական կազմակերպություններով, հանքարդյունաբերական կազմակերպություններով, պոմպակայաններով, ջրամբարներով, մաքրման կայաններով, հիդրոտեխնիկական կառույցներով, կաթսայատներով, տրանսպորտային կազմակերպություններով (ավտոպարկ, դեպո), ինժեներական և կոմունալ ենթակառուցվածքների կառույցներով և այլնով:
3. Գյուղատնտեսական արտադրական, որոնք զբաղեցված են անասնաշենքերով, սպանդանոցներով, թռչնանոցներով, ջերմոցներով, դեզանոցներով, չորանոցներով, սիլոսահորերով, պահեստներով, անասնաբուժական կայաններով, արհեստական սերմնավորման կայաններով, սառնարանային տնտեսություններով, կերախոհանոցներով, սերմնաբուծական, թռչնաբուծական և անասնաբուծական կայաններով, տնկարկային տնտեսություններով, գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկերով, գյուղատնտեսական մթերքների մթերման կետերով և այլնով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
19.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 ապրիլի 2021 թվական: