ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2023 թվականի N 1771-Ն
«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ԵՎ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ԱՅԼ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասին և 338-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի՝ առանց այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու գործողությունն ավարտելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիհոկտեմբերի 19-ի N 1771-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ԵՎ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ԱՅԼ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ միություն) մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 207-րդ հոդվածի 10-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով, նույն հոդվածի 12-րդ և 13-րդ կետերով, 215-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետի համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու հետ կապված հարաբերությունները:
2. «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի հայտարարատուի կողմից մաքսային մարմին է ներկայացվում դիմում՝ սույն կարգի N 1 ձևին համապատասխան:
3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումի հետ մեկտեղ մաքսային մարմին են ներկայացվում դիմումի մեջ պարունակվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը:
4. Մաքսային մարմինը կարող է սույն կարգով նախատեսված դիմումի ուսումնասիրության արդյունքներով հայտարարատուից պահանջել լրացուցիչ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ներկայացում, որի դեպքում սույն կարգով նախատեսված դիմումի ուսումնասիրության ժամկետը կասեցվում է և վերսկսվում է այդպիսի փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների կամ դրանց բացակայության վերաբերյալ տեղեկությունների ներկայացման օրվանից:
2. ՕՐԵՆՍԳՐՔԻ 207-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ԿԵՏԻ 1-ԻՆ ԵՆԹԱԿԵՏՈՎ ԿԱՄ 215-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ԿԵՏԻ 1-ԻՆ ԵՆԹԱԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ
5. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 1-ին ենթակետով կամ 215-րդ հոդվածի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու համար «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների՝ իրենց սպառողական հատկությունները կորցնելու և այն նպատակով օգտագործման համար ոչ պիտանի դառնալու արդյունքում, որի համար նախատեսված են, ազատ տնտեսական գոտու կամ ազատ պահեստի տարածքից՝ թաղման, վնասազերծման, ուտիլիզացման կամ այլ եղանակով ոչնչացման համար արտահանման նպատակներով, այդպիսի ապրանքների քանակությունը որոշվում է հայտարարատուի կողմից ապրանքների արտադրության տեխնոլոգիական գործընթացները սահմանող փաստաթղթերի հիման վրա, որոնց վերաբերյալ տեղեկությունները ներառվում են սույն կարգի 2-րդ կետով ներկայացվող դիմումի մեջ:
6. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 1-ին ենթակետով կամ օրենսգրքի 215-րդ հոդվածի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում հայտարարատուի կողմից սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումի հետ միասին ներկայացվում են «Թափոնների մասին» օրենքին համապատասխան՝ թափոնների հեռացման վայրերը շահագործողների հետ հայտարարատուի կողմից կնքված համապատասխան պայմանագրերի օրինակները, որոնց համաձայն դրանք ենթակա են թաղման, վնասազերծման, ուտիլիզացման կամ այլ եղանակով ոչնչացման, և որոնց համաձայն բացառվում է այդպիսի թափոնների հետագա օգտագործումը։
7. Մաքսային մարմինը սույն կարգի 6-րդ կետում նշված պայմանագրերի հիման վրա հայտարարատուին տրամադրում է դրանց հանձնման վերաբերյալ սույն կարգի N 2 ձևին համապատասխան թույլտվություն՝ սահմանելով թափոնների հանձնման համար ժամկետ՝ 10 աշխատանքային օր:
8. Սույն կարգի 7-րդ կետում նշված թույլտվությունը տրամադրվում է մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով, իսկ մինչև համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային այլ եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքերում՝ թղթային եղանակով։
9. Սույն կարգի 6-րդ կետում նշված պայմանագրերում պարտադիր պետք է պարունակվեն հետևյալ տեղեկությունները՝
1) թափոնների անվանումները, քանակները, ԱՏԳ ԱԱ ծածկագրերը.
2) այն մաքսային հայտարարագրերի գրանցման համարներն ու այդպիսի հայտարարագրերում ապրանքների հերթական համարները, որոնց նկատմամբ ազատ տնտեսական գոտում կամ ազատ պահեստում իրականացված գործողություններից հետո առաջացել են թափոնները.
3) թափոնների նկատմամբ իրականացվող գործողությունների նկարագիրը.
4) թափոնների հեռացման վայրերը շահագործողների՝ համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ (լիցենզիայի համարը, տրամադրման ամսաթիվը, գործողության ժամկետի դեպքում՝ ժամկետի վերաբերյալ տեղեկատվություն).
5) թափոնների հեռացման վայրերը շահագործողներին թափոնների հանձնման և թափոնների նկատմամբ իրականացվող գործողությունների ժամկետները։
10. Սույն կարգի 7-րդ կետում նշված թույլտվությունը մաքսային մարմինների կողմից տրամադրվում է կամ թույլտվության տրամադրումը մերժվում է սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումի և համապատասխան փաստաթղթերի ներկայացումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում։
11. Մաքսային մարմինը նախքան սույն կարգի 7-րդ կետում նշված թույլտվության տրամադրումը հայտարարատուի կողմից ներկայացված տեղեկություններին համապատասխան՝ սույն կարգի 5-րդ կետով նախատեսված հանգամանքների ստուգման նպատակով կարող է նշանակել փորձաքննություն, որի դեպքում սույն կարգի 10-րդ կետով նախատեսված ժամկետը կասեցվում է և վերսկսվում է փորձաքննության արդյունքների ստացման օրվանից։
12. Սույն կարգի 11-րդ կետին համապատասխան փորձաքննության արդյունքներով հայտարարատուի կողմից ներկայացված տեղեկատվության հաստատման դեպքում մաքսային մարմնի կողմից տրամադրվում է սույն կարգի 7-րդ կետով նախատեսված թույլտվությունը, իսկ հայտարարատուի կողմից ներկայացված տեղեկատվության չհաստատման դեպքում՝ թույլտվության տրամադրումը մերժվում է։
13. Համակարգի միջոցով տրամադրված թույլտվությունը կցվում է ապրանքների մասին հայտարարագրին, իսկ այլ եղանակով տրամադրված թույլտվության վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում ապրանքների մասին հայտարարագրի «D» սյունակում։
14. Մաքսային մարմնի կողմից սույն կարգի 7-րդ կետին համապատասխան տրամադրված թույլտվությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
1) հայտարարատուի վերաբերյալ տեղեկություններ.
2) թափոնների հեռացման վայրը շահագործողի վերաբերյալ տեղեկություններ.
3) թափոնների վերաբերյալ տեղեկություններ.
4) «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների մաքսային հայտարարագրերի գրանցման համարներն ու այդպիսի հայտարարագրերում ապրանքների հերթական համարները, որոնց նկատմամբ ազատ տնտեսական գոտում կամ ազատ պահեստում իրականացված գործողություններից առաջացել են թափոնները.
5) թափոնների հեռացման վայրերը.
6) թափոնների հեռացման վայրերը շահագործողներին թափոնների հանձնման ժամկետը.
7) թափոնների նկատմամբ նախատեսված գործողությունների իրականացման ժամկետները.
8) այլ տեղեկություններ (առկայության դեպքում)։
15. Հայտարարատուն սույն կարգի 7-րդ կետում նշված թույլտվության հիման վրա թափոնները հանձնում է «Թափոնների մասին» օրենքով նախատեսված թափոնների հեռացման վայրերը շահագործողներին՝ դրանց նկատմամբ հետագա գործողությունների իրականացման նպատակով՝ երկկողմանի ստորագրված հանձնման և ընդունման ակտի հիման վրա, որը պետք է պարունակի սույն կարգի 14-րդ կետով նախատեսված տեղեկությունները:
16. Հայտարարատուի կողմից թափոնների հանձնումից հետո դրանց հանձնման վերաբերյալ՝ սույն կարգով նախատեսված երկկողմանի ստորագրված հանձնման և ընդունման ակտը ներկայացվում է մաքսային մարմին։
17. Թափոնների հանձնման նպատակով դրանց փոխադրումը մինչև սույն կարգով նախատեսված գործողությունների իրականացման վայրեր իրականացվում է մաքսային մարմինների կողմից օրենսգրքով նախատեսված մաքսային հսկողության ձևերի և մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոցների կիրառմամբ։
18. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 1-ին ենթակետով կամ օրենսգրքի 215-րդ հոդվածի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում սույն կարգով նախատեսված գործողությունների իրականացումից և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հայտարարատուի կողմից մաքսային մարմին՝ «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար հաշվետվությունների ներկայացումից և մաքսային մարմինների կողմից հաստատումից հետո 1 աշխատան քային օրվա ընթացքում «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է՝ համակարգում կամ մաքսային հայտարարագիրը թղթային եղանակով ներկայացված լինելու դեպքում՝ այդպիսի հայտարարագրի «D» սյունակում մաքսային մարմնի կողմից մաքսային ընթացակարգի ավարտի վերաբերյալ համապատասխան գրառում կատարելով՝ նշելով նաև հաշվետվության համարը։
19. Հայտարարատուն սույն կարգով նախատեսված տեղեկությունների հավաստիության համար կրում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։
3. ՕՐԵՆՍԳՐՔԻ 207-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ԿԵՏԻ 2-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՎ ԿԱՄ ՕՐԵՆՍԳՐՔԻ 215-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ԿԵՏԻ 2-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ
20. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 2-րդ ենթակետով կամ օրենսգրքի 215-րդ հոդվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերում «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով հայտարարատուի կողմից սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումի հետ մեկտեղ ներկայացվում է վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով դրանց կորստի վերաբերյալ ճանապարհային անվտանգության ոլորտում կամ արտակարգ իրավիճակների ոլորտում պետական լիազոր մարմնի կողմից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված այլ պետական լիազոր մարմինների կողմից տրամադրված փաստաթուղթը, իսկ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդպիսի ապրանքների կորստի դեպքում՝ մաքսային մարմնի կողմից հավատարմագրված փորձագիտական կազմակերպության կողմից տրամադրված փորձագիտական եզրակացությունը, որի բացակայության դեպքում բնական կորստի վերաբերյալ տվյալները պետք է արտացոլվեն հայտարարատուի հաշվապահական հաշվառման տվյալներում, որոնց նկատմամբ մաքսային մարմինները կարող են իրականացնել փաստաթղթային ստուգում:
21. Սույն կարգի 20-րդ կետում նշված փաստաթղթերի ներկայացումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմինն ավարտում է «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողությունը՝ համակարգում կամ մաքսային հայտարարագիրը թղթային եղանակով ներկայացված լինելու դեպքում՝ այդպիսի հայտարարագրի «D» սյունակում մաքսային մարմնի կողմից մաքսային ընթացակարգի ավարտի վերաբերյալ համապատասխան գրառում կատարելով՝ նշելով նաև դիմումի համարը:
4. ՕՐԵՆՍԳՐՔԻ 207-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10-ՐԴ ԿԵՏԻ 4-ՐԴ ԵՆԹԱԿԵՏՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ
22. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով հայտարարատուի կողմից սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումի հետ մեկտեղ ներկայացվում են ապրանքների անփոփոխ վիճակի պահպանվածության վերաբերյալ տեղեկություններ, որոնց ուսումնասիրության արդյունքներով մաքսային մարմնի կողմից երկու աշխատանքային օրվա ընթացքում թույլատրվում է դրանց դուրսբերումը միության մաքսային տարածքից:
23. Սույն կարգի 22-րդ կետով նախատեսված թույլտվության տրամադրման հետ մեկտեղ մաքսային մարմինն ավարտում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունը՝ համակարգում կամ մաքսային հայտարարագիրը թղթային եղանակով ներկայացված լինելու դեպքում՝ այդպիսի հայտարարագրի «D» սյունակում մաքսային մարմնի կողմից մաքսային ընթացակարգի ավարտի վերաբերյալ համապատասխան գրառում կատարելով՝ նշելով նաև դիմումի համարը:
5. ՕՐԵՆՍԳՐՔԻ 207-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 12-ՐԴ ԵՎ 13-ՐԴ ԿԵՏԵՐՈՎ ԿԱՄ ՕՐԵՆՍԳՐՔԻ 215-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ԿԵՏՈՎ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 88 ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ
24. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ կետերով կամ օրենսգրքի 215-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերում «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողությունն ավարտելու նպատակով հայտարարատուի կողմից սույն կարգի 2-րդ կետով նախատեսված դիմումի հետ մեկտեղ մաքսային մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը՝
1) ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի (կազմակերպչի, շահագործողի) կամ ազատ պահեստի տիրապետողի կողմից շահագործման հանձնված և վերջիններիս կողմից օգտագործվող սարքավորումների՝ շահագործման հանձնման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, որը պետք է արտացոլվի նաև հայտարարատուի հաշվապահական հաշվառման տվյալներում, և որը վերջինիս կողմից շահագործվում է ազատ տնտեսական գոտում գործարար (ներդրումային) ծրագրին համապատասխան կամ ազատ պահեստի տիրապետողի գործունեությանը համապատասխան՝ առնվազն երկու տարի.
2) ազատ տնտեսական գոտում կամ ազատ պահեստում անշարժ գույքի կառուցման (ստեղծման) համար նախատեսված և այդպիսի անշարժ գույքի բաղկացուցիչ և անբաժան մաս համարվող օբյեկտների համար՝ անշարժ գույքի կառուցման ավարտական վկայական՝ տրամադրված պետական կամ համայնքային լիազոր մարմնի կողմից, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի (կազմակերպչի, շահագործողի) կամ ազատ պահեստի տիրապետողի անվամբ սեփականության գրանցված վկայական, որը վերջինիս կողմից շահագործվում է ազատ տնտեսական գոտում գործարար (ներդրումային) ծրագրին կամ ազատ պահեստի գործունեությանը համապատասխան՝ առնվազն երկու տարի.
3) ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի (կազմակերպչի, շահագործողի) կամ ազատ պահեստի տիրապետողի հաշվապահական հաշվառման տվյալներում վերջիններիս կողմից կառուցված (ստեղծված) անշարժ գույքի օբյեկտների և այդպիսի օբյեկտների ստեղծման համար «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների հաշվառումն արտացոլող փաստաթղթերը.
4) ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի (կազմակերպչի, շահագործողի) կամ ազատ պահեստի տիրապետողի գործունեության դադարեցման կամ ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի (կազմակերպչի, շահագործողի) կարգավիճակը կորցնելու հանգամանքները հաստատող փաստաթղթերը.
5) օրենսգրքի 207-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված դեպքում՝ ազատ տնտեսական գոտում ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի (կազմակերպչի, շահագործողի) կողմից իրականացվող գործարար (ներդրումային) ծրագրի ամբողջական իրագործման վերաբերյալ եզրակացություն՝ տրամադրված տնտեսական քաղաքականության մշակման համար պատասխանատու պետական լիազոր մարմնի կողմից.
6) սույն կետի 1-ին ենթակետով և 3-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերի հետ մեկտեղ ներկայացվում են նաև ազատ տնտեսական գոտում ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի (կազմակերպչի, շահագործողի) կողմից իրականացվող ծրագրին, ինչպես նաև ազատ պահեստի տիրապետողի գործունեությանը համապատասխան՝ սարքավորումների շահագործման և անշարժ գույքի կառուցման (ստեղծման) համար ապրանքների օգտագործման և հայտարարատուի կողմից վարվող հաշվապահական հաշվառման տվյալներում ճշգրիտ և հիմնավորված փաստաթղթերի հիման վրա արտացոլման հանգամանքը հաստատող՝ աուդիտորական կազմակերպության կողմից տրամադրված հաշվետվություն (եզրակացություն).
7) ազատ տնտեսական գոտում կամ ազատ պահեստում անշարժ գույքի կառուցման (ստեղծման) համար հիմք հանդիսացած նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ հաստատված լիցենզավորված անձանց կողմից.
8) «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների վերաբերյալ հաշվետվություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
9) հայտարարատուի կողմից գրավոր հավաստում՝ օրենսգրքով և սույն կարգով սահմանված պայմանների պահպանման վերաբերյալ.
10) այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության:
25. Սույն կարգի 24-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակներով:
26. Օրենսգրքի 207-րդ հոդվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշման 1-ին հավելվածով նախատեսված դեպքերում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով հայտարարատուի կողմից նույն որոշմամբ նախատեսված փաստաթղթերի հետ մեկտեղ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշման 1-ին հավելվածի 1-ին կետով նախատեսված դեպքում ազատ տնտեսական գոտում անշարժ գույքի կառուցման (ստեղծման) համար նախատեսված և այդպիսի անշարժ գույքի բաղկացուցիչ և անբաժան մաս համարվող օբյեկտների համար՝ անշարժ գույքի կառուցման ավարտական վկայական՝ տրամադրված պետական կամ համայնքային լիազոր մարմնի կողմից, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի (կազմակերպչի, շահագործողի) անվամբ սեփականության գրանցված վկայական, որը վերջինիս կողմից շահագործվում է ազատ տնտեսական գոտում գործարար (ներդրումային) ծրագրին համապատասխան առնվազն երկու տարի.
2) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշման 1-ին հավելվածի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի (կազմակերպչի, շահագործողի) հաշվապահական հաշվառման տվյալներում վերջինիս կողմից կառուցված (ստեղծված) անշարժ գույքի օբյեկտների և այդպիսի օբյեկտների ստեղծման և ազատ տնտեսական գոտում ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի (կազմակերպչի, շահագործողի) կողմից իրականացվող գործարար (ներդրումային) ծրագրին համապատասխան օգտագործվող՝ «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հաշվառումն արտացոլող փաստաթղթերը.
3) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում՝ անշարժ գույքի օբյեկտների հետ կապված նույն կետով նախատեսված գործողությունների իրականացումը հիմնավորող և հայտարարատուի հաշվապահական հաշվառման տվյալներում դրանց արտացոլումը հաստատող փաստաթղթեր.
4) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ ազատ տնտեսական գոտում «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված մեքենաների, սարքավորումների և ագրեգատների տեխնիկական սպասարկման և շահագործման համար սպառված ապրանքների դեպքում՝ այդպիսի սպառման գործողությունները հիմնավորող և հայտարարատուի հաշվապահական հաշվառման տվյալներում դրանց արտացոլումը հաստատող փաստաթղթեր.
5) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշման 1-ին հավելվածի 4-րդ կետով նախատեսված դեպքում՝ ազատ տնտեսական գոտում ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի (կազմակերպչի, շահագործողի) կողմից իրականացվող գործարար (ներդրումային) ծրագրին համապատասխան, փորձարկումների, փորձերի, հետազոտությունների, ստուգումների, թեստավորումների իրականացման ընթացքում սպառված ապրանքների դեպքում՝ այդպիսի սպառման գործողությունները հիմնավորող և հայտարարատուի հաշվապահական հաշվառման տվյալներում դրանց արտացոլումը հաստատող փաստաթղթեր.
6) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշման 1-ին հավելվածի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ ազատ տնտեսական գոտում անշարժ գույքի կառուցման (ստեղծման) համար հիմք հանդիսացած նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ հաստատված լիցենզավորված անձանց կողմից.
7) սույն կետի 1-5-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի հետ մեկտեղ ներկայացվում է նաև ազատ տնտեսական գոտում ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի (կազմակերպչի, շահագործողի) կողմից իրականացվող գործարար (ներդրումային) ծրագրին համապատասխան՝ գործողությունների իրակա- նացման և հայտարարատուի կողմից վարվող հաշվապահական հաշվառման տվյալներում ճշգրիտ և հիմնավորված փաստաթղթերի հիման վրա արտացոլման հանգամանքը հաստատող՝ աուդիտորական կազմակերպության կողմից տրամադրված հաշվետվություն (եզրակացություն).
8) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների վերաբերյալ հաշվետվություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
9) հայտարարատուի կողմից գրավոր հավաստում՝ օրենսգրքով և սույն կարգով սահմանված պայմանների պահպանման վերաբերյալ.
10) այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության:
27. Սույն կարգի 26-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացվում են փաստաթղթերի բնօրինակների տեսքով:
28. Մաքսային մարմինը, օրենսգրքի 207-րդ հոդվածի 12-րդ և 13-րդ կետերով, 10-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 88 որոշմամբ նախատեսված դեպքերում, ինչպես նաև օրենսգրքի 215-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքում, ուսումնասիրում է դիմումը և սույն կարգի 24-րդ և 26-րդ կետերով ներկայացված փաստաթղթերը՝ դրանք ներկայացվելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում և օրենսգրքով սահմանված պայմանների ապահովման պարագայում այդպիսի ուսումնասիրության արդյունքներով ավարտում է «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողությունը՝ համակարգում կամ մաքսային հայտարարագիրը թղթային եղանակով ներկայացված լինելու դեպքում՝ այդպիսի հայտարարագրի «D» սյունակում մաքսային մարմնի կողմից մաքսային ընթացակարգի ավարտի վերաբերյալ համապատասխան գրառում կատարելով՝ նշելով նաև դիմումի համարը:
29. Սույն կարգի 28-րդ կետով նախատեսված ժամկետներում օրենսգրքով սահմանված պայմանների չապահովման կամ հայտարարատուի կողմից սույն կարգով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկությունները չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքում մաքսային մարմինը մերժում է դիմումը՝ համակարգով մերժման վերաբերյալ տեղեկատվության և մերժման վերաբերյալ հիմնավորման՝ հայտարարատուին ներկայացման եղանակով, իսկ համակարգով այդպիսի հնարավորության բացակայության դեպքում՝ էլեկտրոնային այլ եղանակով ներկայացնելով մերժման հիմնավորումը կամ թղթային եղանակով հայտարարատուի կողմից ներկայացված դիմումի վրա մերժման վերաբերյալ գրառում կատարելով և նշելով մերժման հիմնավորումը:
Ձև N 1
ԴԻՄՈՒՄ N_______
1. Հայտարարատուի վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, անհատ ձեռնարկատերերի պարագայում՝ անունը, ազգանունը, հայրանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը)
_________________________________________________________________________
2. Ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի (կազմակերպչի, շահագործողի) պայմանագրի, վկայականի կամ ազատ պահեստի տիրապետողի վկայականի համարն ու ամսաթիվը
_________________________________________________________________________
3. «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը՝ առանց այլ մաքսային ընթացակարգով ձևակերպման ավարտելու համար օրենսգրքով կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված հիմքի նկարագրությունը, իրավական հիմքը՝ հոդված, մաս, կետ
_________________________________________________________________________
4. «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը՝ առանց այլ մաքսային ընթացակարգով ձևակերպման ավարտելու համար օրենսգրքով կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված հիմքին համապատասխան հայտարարատուի կողմից իրականացված գործողությունների մանրամասն նկարագիրը
_________________________________________________________________________
5. Ազատ տնտեսական գոտում գործարար (ներդրումային) ծրագրին համապատասխան իրականացվող գործունեության նկարագիրը կամ ազատ պահեստի տիրապետողի հիմնական արտադրական գործունեության նկարագիրը
_________________________________________________________________________
6. Կից ներկայացվող փաստաթղթերի անվանումներն ու համարները
_________________________________________________________________________
Հայտարարատու (լիազորված անձ)՝
________________________ (անուն, ազգանուն) |
______________________ (ստորագրություն) |
Ձև N 2
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N
«_____________________________»/ |
«_________________________»/ |
«__________________________» |
(մաքսային մարմնի ծածկագիր) |
(ամսաթիվ) |
(գրանցման համար) |
ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԿԱՄ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հայտարարատուի վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, անհատ ձեռնարկատերերի պարագայում՝ անունը, ազգանունը, հայրանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը)
___________________________________________________________________________
2. Թափոնների հեռացման վայրերը շահագործողների վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձի պարագայում՝ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, իսկ անհատ ձեռնարկատերերի պարագայում՝ անունը, ազգանունը, հայրանունը, հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրի հասցեն)
___________________________________________________________________________
3. Թափոնների հեռացման վայրերը շահագործողների համապատասխան լիցենզիայի տրամադրման ամսաթիվը, համարը, առկայության դեպքում՝ գործողության ժամկետը
___________________________________________________________________________
4. Փոխանցվող թափոնների վերաբերյալ տեղեկություններ
NN ը/կ |
Թափոնի անվանումը |
Չափման միավորը (հիմնական/ լրացուցիչ) |
Քանակը (հիմնական/ լրացուցիչ չափման միավորներով) |
Մաքսային հայտարարագրի համարը և հայտարարագրում ապրանքի հերթական համարը |
ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
1. |
|||||
2. |
|||||
… |
5․ Թափոնների հեռացման վայրերի վերաբերյալ տեղեկություն
___________________________________________________________________________
6․ Թափոնների հեռացման վայրերը շահագործողներին թափոնների հանձնման ժամկետը
___________________________________________________________________________
7․ Թափոնների թաղման, վնասազերծման, ուտիլիզացման կամ այլ եղանակով ոչնչացման գործողությունների իրականացման ժամկետները
___________________________________________________________________________
8․ Այլ տեղեկություններ (առկայության դեպքում)
___________________________________________________________________________
Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ՝
________________________ (անուն, ազգանուն) |
______________________ (ստորագրություն) |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
19.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հոկտեմբերի 2023 թվական: