Գլխավոր տեղեկություն
Համար
N 685-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.08.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.06.12/38(1491) Հոդ.479
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.05.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2019 թվականի N 685-Ն

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ, ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ, ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԸ, ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԿԱՄ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՄ ԴԱՏԱՎՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1184-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 15.08.24 N 1274-Ն)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը և 112-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին փաստաթղթի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) դատավորի թեկնածուի հավակնորդի կամ դատավորի թեկնածուի կամ դատավորի բժշկական զննության իրականացման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 15.08.24 N 1274-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանելու մասին» N 1184-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 5

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 30-ի N 685-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ, ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ

(վերնագիրը խմբ. 15.08.24 N 1274-Ն)

 

1. Հոգեկան և վարքային խանգարումներ (F00-F09, F10.1-F10.9, F11.1-F11.9, F12.1-F12.9, F13.1-F13.9, F14.1-F14.9, F15.1-F15.9, F16.1-F16.9, F18.1-F18.9, F19.1-F19.9, F20-F29, F30-F39, F44.1, F44.2, F44.3, F44.6, F44.8, F60, F61, F63, F70-F79, F80-F89):

2. Կենտրոնական նյարդային համակարգի քրոնիկ պրոգրեսիվող և կայուն նյարդաբանական դեֆիցիտով նեյրոդեգեներատիվ հիվանդություններ, գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների հետևանքներ, տետրապլեգիա, դեմենցիա (G10, G23.1, G30, G31):

3. Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ` շարժողական ֆունկցիայի արտահայտված խանգարումով (G35):

4. Էպիլեպսիա՝ դեղորայքակայուն ձև չհսկված նոպաների առկայությամբ (G40):

5. Հիպերսոմնիաներ, նարկոլեպսիա (կատապլեքսիայով և առանց կատապլեքսիայի), Կլեյն-Լևինի համախտանիշ` արտահայտված ցերեկային քնկոտության բարձր և չշտկվող մակարդակի պարագայում (G47.1, G47.4, G47.8):

6. Նյարդային համակարգի բնածին (զարգացման) արատներ (Q00-Q04, Q06, Q07):

7. Զարկերակային գերճնշում` բարդացված նյարդային կենտրոնական համակարգի, սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով, խիստ արտահայտված ֆունկցիաների խանգարումով, դեկոմպենսացված փուլում (I10):

8. Սրտային անբավարարություն` դիստրոֆիկ փուլում, բարդացված ասցիտով, անասարկայով (I50):

9. Շաքարային դիաբետ երիկամների ախտահարումով, երիկամային քրոնիկ հիվանդություն, փուլ 5 (E10-E14.2† (N08.3*):

10. Չարորակ նորագոյացություններ 4-րդ փուլում՝ մետաստատիկ քայքայումով (C00):

11. Արյան չարորակ հիվանդություններ` 4-րդ փուլում, բուժման ոչ ենթակա ձևերով (C81-C96):

12. Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն, շնչառական օրգանների տուբերկուլյոզ՝ չհաստատված մանրէաբանորեն, նյարդային համակարգի տուբերկուլյոզ, այլ օրգանների տուբերկուլյոզ, միլիար (կորեկանման) տուբերկուլյոզ (A15-A19):

13. Երիկամային քրոնիկ հիվանդություն, փուլ 5 (N18.5):

14. Վեստիբուլյար (նախադռնային) ֆունկցիայի խանգարման ծանր աստիճան (H81):

15. Երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն (H91):

16. Երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն (H54.0):

(հավելվածը խմբ. 16.04.20 N 580-Ն, 15.08.24 N 1274-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 30-ի N 685-Ն որոշման

 

ՁԵՎ

 

ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆԸ, ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

____________________________________________________________________________

(առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպության անվանումը)

 

1. Տրվում է քաղաքացի

______________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)

 

2. Հաշվառման վայրը

_______________________________________________________________________________

3. Բնակության վայրը

_______________________________________________________________________________

4. Կատարված հետազոտությունները (թվարկել) և դրանց արդյունքները

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

 

5. Բժշկական հանձնաժողովի եզրակացությունը

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

 

Բժշկական կազմակերպության տնօրեն

 

______________________

(ստորագրությունը)

__________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

________ __________20   թ.

 

 

(հավելվածը խմբ. 15.08.24 N 1274-Ն)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 30-ի N 685-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ԿԱՄ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՄ ԴԱՏԱՎՈՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

(վերնագիրը խմբ. 15.08.24 N 1274-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են դատավորի թեկնածուի հավակնորդի կամ դատավորի թեկնածուի կամ դատավորի բժշկական զննության իրականացման և դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին փաստաթղթի (այսուհետ` փաստաթուղթ) տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Բժշկական զննությունն իրականացնում են`

1) քաղաքային բնակչության համար` առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող այն կազմակերպությունը (այսուհետ` ԱԱՊ հաստատություն), որտեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի N 48-Ն հրամանով սահմանված կարգով գրանցված է դատավորի թեկնածուի հավակնորդը կամ դատավորի թեկնածուն կամ դատավորը.

2) գյուղական բնակչության համար` այն ԱԱՊ հաստատությունը, որտեղ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով իրականացվում են տվյալ տարածաշրջանի գյուղական բնակավայրերի բնակչության նեղ մասնագիտական խորհրդատվությունները և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները:

3. Դատավորի թեկնածուի հավակնորդը կամ դատավորի թեկնածուն կամ դատավորը ԱԱՊ հաստատությունում բժշկական զննություն անցնելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, սույն կարգի 5-րդ կետով նախատեսված թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանքը, իսկ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դեպքում` նաև հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանքը:

4. Այն դեպքում, երբ ԱԱՊ հաստատությունը չի իրականացնում հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում, հոգեկան հիվանդությունների բացակայությունը հավաստող տեղեկանքը տրամադրվում է տվյալ տարածքը սպասարկող հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից:

5. Թմրաբանական հիվանդությունների բացակայությունը հավաստող տեղեկանքը տրամադրվում է թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից` բժիշկ-թմրաբանի զննության և դատավորի թեկնածուի հավակնորդի կամ դատավորի թեկնածուի կամ դատավորի կենսամիջավայրում հոգեներգործուն նյութերի հայտնաբերման նպատակով իրականացված թունաքիմիական հետազոտության արդյունքների հիման վրա:

6. Դատավորի թեկնածուի հավակնորդին կամ դատավորի թեկնածուին կամ դատավորին սույն կարգի 2-րդ կետով նախատեսված բժշկական զննության իրականացման և փաստաթղթի տրամադրման նպատակով ԱԱՊ հաստատության տնօրենի, իսկ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դեպքում` նաև հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենի հրամաններով ստեղծվում են մշտապես գործող բժշկական հանձնաժողովներ:

7. ԱԱՊ հաստատության մշտապես գործող բժշկական հանձնաժողովի (այսուհետ` բժշկական հանձնաժողով) կազմում ընդգրկվում են թերապևտը կամ ընտանեկան բժիշկը, նյարդաբանը, սրտաբանը, քիթ-կոկորդ-ականջաբանը, ակնաբույժը, ուռուցքաբանը (առկայության դեպքում), ներզատաբանը, հոգեբույժը (առկայության դեպքում): Առանձին դեպքերում, ելնելով կոնկրետ հիվանդությունից կամ վիճակից, բժշկական հանձնաժողովը, ԱԱՊ հաստատության տնօրենի հրամանով, կարող է համալրվել նաև տվյալ բժշկական կազմակերպության այլ բժիշկ-մասնագետներով:

8. Հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված տեղեկանքը դատավորի թեկնածուի հավակնորդին կամ դատավորի թեկնածուին կամ դատավորին տրամադրում է դիմելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ արտահիվանդանոցային պայմաններում հնարավոր չէ գալ եզրահանգման հոգեկան հիվանդությունների առկայության կամ բացակայության վերաբերյալ, ապա իրականացվում է հետազոտում ցերեկային ստացիոնարի կամ հիվանդանոցային պայմաններում: Հետազոտության արդյունքների հիման վրա հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենը սույն կարգի 4-րդ կետով սահմանված տեղեկանքը դատավորի թեկնածուի հավակնորդին կամ դատավորի թեկնածուին կամ դատավորին է տրամադրում դիմելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

9. Թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենը սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տեղեկանքը դատավորի թեկնածուի հավակնորդին կամ դատավորի թեկնածուին կամ դատավորին է տրամադրում ոչ հանձնաժողովային կարգով, համապատասխան հետազոտությունների արդյունքների հիման վրա` դիմելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

10. ԱԱՊ հաստատության տնօրենը սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկանքները ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դատավորի թեկնածուի հավակնորդին կամ դատավորի թեկնածուին կամ դատավորին է տրամադրում փաստաթուղթը` հիմք ընդունելով բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը, սույն կարգի 5-րդ կետով նախատեսված թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանքը, իսկ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դեպքում` նաև հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանքը:

11. Բժշկական զննության արդյունքում բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության վերաբերյալ տվյալները մուտքագրվում են էլեկտրոնային առողջապահության համակարգ, ինչպես նաև գրանցվում են ամբուլատոր բժշկական քարտում և վավերացվում հանձնաժողովի անդամների ստորագրություններով:

12. Փաստաթուղթը վավեր է տալու պահից մեկ ամիս ժամկետով:

13. Փաստաթուղթը կորցնելու կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում դատավորի թեկնածուի հավակնորդը կամ դատավորի թեկնածուն կամ դատավորը դիմում է ԱԱՊ հաստատություն` փաստաթղթի կրկնօրինակը ստանալու համար:

14. Փաստաթղթի կրկնօրինակը դատավորի թեկնածուի հավակնորդին կամ դատավորի թեկնածուին կամ դատավորին տրամադրվում է սկզբնական փաստաթղթում ամրագրված ժամկետով, դիմելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ փաստաթղթի կրկնօրինակի վերևի աջ անկյունում նշելով «Կրկնօրինակ» բառը, որի վրա դրվում է ԱԱՊ հաստատության կնիքը (առկայության դեպքում):

15. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 4-րդ մասով և 159-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում դատավորի թեկնածուի հավակնորդի կամ դատավորի թեկնածուի կամ դատավորի բժշկական զննությունը կազմակերպվում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից սույն կարգի 2-րդ կետով նախատեսված ԱԱՊ հաստատություն գրավոր դիմում ներկայացնելու դեպքում:

16. ԱԱՊ հաստատության տնօրենը սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դեպքերում բժշկական զննությունն ավարտելուց և փաստաթուղթը դա- տավորի թեկնածուի հավակնորդին կամ դատավորի թեկնածուին կամ դատավորին տրամադրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդին:

(հավելվածը փոփ., լրաց. 16.04.20 N 580-Ն, խմբ. 15.08.24 N 1274-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.08.2024, N 1274-Ն 25.08.2024, N 685-Ն
16.04.2020, N 580-Ն 02.05.2020, N 685-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան