Գլխավոր տեղեկություն
Համար
N 899-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.06.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունիսի 2024 թվականի N 899-Լ

 

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-842-08.05.2024-ԱռՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-842-08.05.2024-ԱռՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ հայտնում է հետևյալը․

 

I. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետով լրացվող` Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1) անհատույց տրամադրել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությանը` հետևյալ անձանց անհատույց տրամադրելու նպատակով՝

ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը (ամուսնուն),

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կնոջը,

գ. ազգությամբ հայ` Հայաստանի Հանրապետությունում գտնվող կամ բնակվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ գտնվող օտարերկրացի զույգին,

դ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված (վավեր ճանաչված) ամուսնության մեջ չգտնվող օտարերկրացի կնոջը»:

Նույն առաջարկը վերաբերում է Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետով լրացվող Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 3-ին կետի «ա» ենթակետին:

2. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետով լրացվող` Օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասում առաջարկվում է հանել «արտահանման» բառը, նկատի ունենալով, որ Օրենքի նախագծի 4-րդ հոդվածով լրացվող 7-րդ հոդվածի 4-րդ մասով արդեն իսկ նախատեսված է համապատասխան դրույթ, իսկ սաղմի անհատույց տրամադրման, պահպանման, ոչնչացման կարգն ու պայմանները, որոնք արդեն իսկ սահմանված են, առնչություն չունեն սեռաբջիջների սաղմերի արտահանման և ներմուծման գործընթացի հետ:

Միաժամանակ, նույն կետում անհրաժեշտ է հստակեցնել, արդյոք համաձայնությունը տրվում մեկ թե երկու կենսաբանական ծնողի կողմից:

3. Առաջարկում ենք նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդվածով՝

«Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Դոնոր ընտրվելու համար նախատեսված բժշկական զննումները և հետազոտությունները, դոնորի նկատմամբ ներկայացվող լրացուցիչ պահանջները, դոնորական սերմի կամ ձվաբջջի տրամադրման և դրանց պահպանման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:», նկատի ունենալով, որ առավել նպատակահարմար է սահմանել այն զննումները և հետազոտությունները, որոնց դրական արդյունքի դեպքում անձը կարող է ընտրվել որպես դոնոր, քան դոնոր ընտրվելու հակացուցումների ցանկի սահմանումը, որը, կարող է սպառիչ չլինել:

4. Նախագծի 7-րդ հոդվածով փոփոխվող Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «մինչև 11 շաբաթ 7 օր» բառերն առաջարկում ենք փոխարինել «մինչև 11 շաբաթ 6 օր» բառերով:

5. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, սակայն 1-ին մասից հետո լրացվում է նաև 2-րդ մաս: Այս առումով հարկ է նշել, որ Օրենքի 12-րդ հոդվածի 12-րդ հոդվածում առկա է 2-րդ մաս, որն ուժը կորցրած է ճանաչվել, ուստի լրացվող մասի համարակալումն անհրաժեշտ է խմբագրել և նախագծում համապատասխան նշում կատարել նոր մաս լրացնելու վերաբերյալ:

Բացի այդ, նշված 2-րդ մասի «գ» ենթակետն անհրաժեշտ է վերանայել՝ խուսափելով կրկնություններից, մասնավորապես խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող փոխնակ մոր միջոցով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու մասով`» ձևակերպմանը:

6. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասով խմբագրվող 1-ին մասի համաձայն՝ փոխնակ մայր լինելու իրավունք ունեն 20-38 տարեկան այն կանայք, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկական հետազոտության, ունեն առնվազն մեկ երեխա, նախկինում ոչ ավել, քան 3 անգամ ծննդաբերել են, ոչ ավել, քան 1 անգամ կեսարյան հատման վիրահատության միջոցով ծննդալուծվել են, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ: Առաջարկվում է հիմնավորել թե ինչով է պայմանավորված 3 անգամ ծննդաբերած անձի վերաբերյալ նախատեսված սահմանափակումը:

7. Հոդված 13-ով նախատեսված՝ ենթաօրենսդրական ակտերի սահմանման ժամկետն առաջարկում ենք սահմանել 6 ամիս:

 

II. «Գովազդի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

Նախագծի 1-ին հոդվածով փոփոխվող` Օրենքի 7.6 մասում «Սեռաբջիջների դոնորության» բառերը փոխարինել «Սերմնաբջիջների դոնորությանն» բառերով, նկատի ունենալով, որ գինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպությունը կարող է իրականացնել միայն ներարգանդային սերմնավորում, և հետևաբար, գովազդել միայն սերմնաբջիջների դոնորությանն առնչվող տեղեկատվություն:

 

III. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ.

1. Նախագծով «Բուժտեխնիկայի, բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը, արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության կամ մարդու օրգանների և հյուսվածքների կամ սերմնաբջիջների, ձվաբջիջների դոնորության, փոխնակ մոր միջոցով տրամադրվող ծառայություններին առնչվող առևտրային (կոմերցիոն) բնույթ կրող գովազդը» վերտառությամբ լրացվող 47.4-րդ հոդվածում ներառվել է կենսաբանական ծնողի (ծնողների) սեռաբջիջների կամ կենսաբանական ծնողների կամ կենսաբանական ծնողի և դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանման և ներմուծման կարգի և պայմանների խախտման հետևանքով առաջացող իրավական կարգավորումը: Կարծում ենք, որ լրացվող կարգավորումը որևէ առնչություն չունի գովազդի հետ և չի համապատասխանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 47.4-րդ հոդվածի կարգավորման բովանդակությանը: Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 47.4-րդ հոդվածի վերնագիրը համապատասխանեցնել հոդվածի կարգավորման բովանդակությանը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը` հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը:

Միաժամանակ առաջարկում ենք վերոհիշյալ կարգավորումը նախատեսել առանձին հոդվածի տեսքով և հետևյալ ձևակերպմամբ՝

«Հոդված 47.35 Կենսաբանական ծնողի (ծնողների) սեռաբջիջների կամ կենսաբանական ծնողների կամ կենսաբանական ծնողի և դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանման և ներմուծման կարգի և պայմանների խախտումը

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով՝ կենսաբանական ծնողի (ծնողների) սեռաբջիջների կամ կենսաբանական ծնողների կամ կենսաբանական ծնողի և դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանման և ներմուծման կարգի և պայմանների խախտումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով»:

2. Նախագծով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին (այսուհետ՝ տեսչական մարմին) վերապահվում է նաև կենսաբանական ծնողի և դոնորի սեռաբջիջների կամ կենսաբանական ծնողների կամ կենսաբանական ծնողի և դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանման և ներմուծման կարգի և պայմանների խախտման համար պատասխանատվության միջոցներ կիրառելու լիազորություն: Վերոգրյալի դրույթի վերաբերյալ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի հուլիսի 6-ին ընդունվել են «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները, որոնցով պետական սահմանի անցման կետերում մշտական վերահսկողությունը և հսկողությունը վերապահվել են միայն սահմանային վերահսկողություն իրականացնող սահմանապահ զորքերի զինծառայողներին և մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմիններին և ամրագրվել է, որ առանձին դեպքերում միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական սահմանի անցման կետերում ժամանակավորապես կարող են տեղակայվել օրենքով վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու գործառույթ իրականացնող այլ պետական մարմիններ:

Միաժամանակ, վերոգրյալի հիման վրա ընդունվել է Կառավարության 13.10.2022 թ. «Օրենքով նախատեսված սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու նպատակով պետական սահմանի անցման կետերում օրենքով վերահսկողություն կամ հսկողություն իրականացնելու գործառույթ իրականացնող այլ պետական մարմինների ժամանակավորապես տեղակայման կարգը, ժամկետները և առանձին դեպքերը սահմանելու մասին» N 1584-Ն որոշումը, որով որպես պետական սահմանի անցման կետերում տեղակայման առանձին դեպքեր սահմանվել են՝ ռազմական դրություն, արտակարգ դրություն հայտարարվելը, արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելը, արտակարգ իրավիճակները, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակի ներուժ ունեցող վտանգների մասին հաղորդումը:

Հաշվի առնելով առկա կարգավորումները՝ հայտնում ենք, որ տեսչական մարմինը, չհանդիսանալով պետական սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնող մարմին, փաստացի չի կարողանալու իրականացնել քննարկվող վարչական իրավախախտման բացահայտումն ու գործերի քննությունը: Ուստի առաջարկում ենք դիտարկել վերոգրյալ լիազորությունն այլ մարմնի վերապահելու հարցը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան