Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերի վրա։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 102-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.
«9.1. Եթե «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված հայցապահանջն իր բնույթով այնպիսին է, որ հայցադիմում ներկայացնելու պահին անհնար է որոշել պետական տուրքի չափը, ապա հայցվորը պարտավոր է վճարել ոչ դրամական պահանջներով հայցադիմումների ներկայացման համար օրենքով սահմանված պետական տուրքի չափը: Այս դեպքում, եթե համապատասխան պահանջի բավարարումը հանգեցնում է պայմանագրի անվավերության կամ ազդում է պայմանագրի գնի վրա, ապա դատարանը դատական ակտով անդրադառնում է պայմանագրի գնին համապատասխան լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին:».
2) 12-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով.
«6) հայցադիմումում ձևակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (հայցն ակնհայտորեն ենթակա է լինելու մերժման՝ անկախ դրա հիմքում դրված փաստերից).
7) հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերի վրա։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 8 Երևան ՀՕ-391-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2024 թվական: