ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 12-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 47․28. |
Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը խախտելը |
1. Անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնող հանձնաժողովի անդամի (մասնագետի) կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման՝ օրենսդրությամբ սահմանված կարգը, այդ թվում՝ չափորոշիչները խախտելը՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով՝ անձի ֆունկցիոնալության գնահատման յուրաքանչյուր դեպքի համար:
2. Անձի ֆունկցիոնալության գնահատման ամփոփագիր մշակողի կողմից ամփոփագիր կազմելու կամ գնահատող հանձնաժողովի անդամների թիվը որոշելու՝ օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ անձի ֆունկցիոնալության գնահատման յուրաքանչյուր դեպքի համար:
3. Բուժաշխատողի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման համար ուղեգրման՝ օրենսդրությամբ սահմանված ներկայացնելու կարգը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով՝ ուղեգրման յուրաքանչյուր դեպքի համար:
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-106-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2025 թվական:
