ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
ՀԱՏՎԱԾ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 1. | Հայաստանի Հանրապետության ուղղիչ աշխատանքային օրենսդրության խնդիրները |
Հայաստանի Հանրապետության ուղղիչ աշխատանքային օրենսդրության խնդիրն է` ապահովել քրեական պատժի կատարումը այն հաշվով, որ դա լինի ոչ միայն պատիժ կատարված հանցագործության համար, այլև ուղղի ու վերադաստիարակի դատապարտվածներին աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի, օրենքները ճիշտ կատարելու և սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով, կանխի նոր հանցագործությունների կատարումը ինչպես դատապարտվածների, այնպես էլ այլ անձանց կողմից, ինչպես նաև նպաստի հանցագործությունը արմատախիլ անելուն:
Պատժի կատարումը նպատակ չունի ֆիզիկական տանջանքներ պատճառել կամ ստորացնել մարդկային արժանապատվությունը:
Հոդված 2. | ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության ուղղիչ աշխատանքային օրենսդրությունը |
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության ուղղիչ աշխատանքային օրենսդրությունը բաղկացած է` ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքներից, որոնք որոշում են դատարանի նշանակած քրեական պատիժն ի կատար ածելու և պատիժը կրելու սկզբունքներն ու սահմանում ընդհանուր դրույթներ, ԽՍՀ Միության մյուս օրենքներից, ինչպես նաև սույն օրենսգրքից և Հայաստանի Հանրապետության մյուս օրենքներից:
Պատիժը կրելու և ազատազրկման, աքսորի, արտաքսման ու առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց նկատմամբ ուղղիչ աշխատանքային ներգործության միջոցներ կիրառելու կարգն ու պայմանները, ինչպես նաև այդ պատժատեսակների վերաբերյալ դատավճիռները կատարող հիմնարկների ու մարմինների գործունեության, դատապարտյալների ուղղմանն ու վերադաստիարակմանը հասարակայնության մասնակցության կարգը սահմանվում է ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքներով, ԽՍՀ Միության մյուս օրենքներով, ինչպես նաև սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության մյուս օրենքներով:
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 2-րդ հոդվածի համաձայն կարգապահական գումարտակ ուղարկելու դատապարտված անձանց կողմից պատիժը կրելու կարգն ու պայմանները սահմանվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ:
Քրեական պատժի մյուս տեսակներն ի կատար ածելու և կրելու կարգն ու պայմանները սահմանվում են ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Հոդված 3. | ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության ուղղիչ աշխատանքային օրենսդրության կիրառումը |
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 3-րդ հոդվածին համապատասխան ազատազրկման, աքսորի և առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժը կրում են Հայաստանի Հանրապետության տերիտորիայում, կիրառվում է ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության ուղղիչ աշխատանքային օրենսդրությունը, իսկ պատժի մյուս տեսակներին դատապարտված անձանց նկատմամբ կիրառվում է ԽՍՀ Միության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ դատապարտման վայրի այլ միութենական հանրապետության ուղղիչ աշխատանքային օրենսդրությունը:
Հոդված 4. | Պատիժը կրելու հիմքը |
Քրեական պատիժը կրելու և դատապարտյալների նկատմամբ ուղղիչ աշխատանքային ներգործության միջոցներ կիրառելու հիմքը միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռն է:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ, ԱՔՍՈՐԻ, ԱՐՏԱՔՍՄԱՆ ԵՎ ԱՌԱՆՑ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 5. | Ազատազրկման, աքսորի, արտաքսման և առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների վերաբերյալ դատարանների դատավճիռները կատարող հիմնարկներն ու մարմինները |
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության 5-րդ հոդվածին համապատասխան, ազատազրկման, աքսորի, արտաքսման և առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների վերաբերյալ դատարանների դատավճիռները Հայաստանի Հանրապետության տերիտորիայում կատարում են ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ուղղիչ աշխատանքային հիմնարկներն ու մարմինները:
Հայաստանի Հանրապետության տերիտորիայում ուղղիչ աշխատանքային հիմնարկները կազմակերպվում և վերացվում են ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից:
Հոդված 6. | Պատիժը կրելու վայրերը |
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 6 հոդվածին համապատասխան`
առաջին անգամ ազատազրկման դատապարտված անձինք, որպես կանոն, պատիժը կրում են Հայաստանի Հանրապետության տերիտորիայում, որտեղ նրանք բնակվել են մինչև կալանավորվելը կամ դատապարտվել են: Դատապարտյալներին առավել հաջողությամբ ուղղելու և վերադաստիարակելու նպատակով նրանք կարող են պատիժը կրելու համար ուղարկվել այլ միութենական հանրապետության համապատասխան ուղղիչ աշխատանքային հիմնարկներ` ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության կողմից սահմանվող և ԽՍՀ Միության դատախազության հետ համաձայնեցված կարգով.
նախկինում ազատազրկման ձևով պատիժ կրած անձինք, այն դատապարտյալները, որոնց նկատմամբ նշանակված մահապատիժը ազատազրկմամբ է փոխարինվել ներման կամ ամնիստիայի կարգով, առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների համար դատապարտվածները, ինչպես նաև դատապարտված օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք պատիժը կրելու համար ուղարկվում են դատապարտյալների այդ կատեգորիաներին պահելու համար որոշված ուղղիչ աշխատանքային հիմնարկներ, անկախ այն բանից, թե նրանք նախքան կալանավորվելը որ միութենական հանրապետությունում են բնակվել կամ դատապարտվել.
ազատազրկման դատապարտված կանայք, մասնագիտական բուժման կարիք ունեցող անձինք և անչափահասները, Հայաստանի Հանրապետությունում համապատասխան ուղղիչ աշխատանքային հիմնարկ չլինելու դեպքում, պատիժը կրելու համար կարող են ուղարկվել այլ միութենական հանրապետության ուղղիչ աշխատանքային հիմնարկ.
Հայաստանի Հանրապետության այն վայրերի ցանկը, որտեղ պատիժ են կրում աքսորի դատապարտված անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այն վայրերի ցանկը, որտեղ արգելվում է ապրել արտաքսման դատապարտված անձանց, սահմանում են ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը. առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտվածները պատիժը կրում են աշխատանքի վայրում կամ իրենց բնակության շրջանի այլ վայրերում:
(12.12.86, 25.12.87 խմբագրությամբ)
Հոդված 7. | Դատապարտյալների ուղղման և վերադաստիարակման հիմնական միջոցները |
Դատապարտյալների ուղղման և վերադաստիարակման հիմնական միջոցներն են` պատիժը կրելու ռեժիմը, հանրօգուտ աշխատանքը, քաղաքական-դաստիարակչական աշխատանքը, հանրակրթական և պրոֆեսիոնալ պատրաստականությունը:
Դատապարտյալների ուղղման և վերադաստիարակման միջոցները պետք է կիրառվեն, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթն ու նրա հասարակական վտանգավորության աստիճանը, դատապարտյալի անձնավորությունը, ինչպես նաև վարքագիծը և վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ:
(12.12.86 թ. խմբագրությամբ)
Հոդված 8. | Ազատազրկման, աքսորի, արտաքսման և առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների ձևով պատիժ կրող անձանց իրավական դրությունը |
Ազատազրկման, աքսորի, արտաքսման և առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների ձևով պատիժ կրող անձինք ունեն այն պարտականությունները և օգտվում են այն իրավունքներից, որ օրենսդրությամբ սահմանված են ԽՍՀՄ քաղաքացիների համար, այն սահմանափակումներով, որոնք օրենսդրությամբ նախատեսված են դատապարտյալների համար, ինչպես նաև բխում են դատարանի դատավճռից և այն ռեժիմից, որ տվյալ տեսակի պատիժը կրելու համար սահմանված է ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքներով ու սույն օրենսգրքով:
Ազատազրկման, աքսորի, արտաքսման և առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների ձևով պատիժ կրող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական դրությունը որոշվում է ԽՍՀ Միության օրենսդրությամբ, որը սահմանում է այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները ԽՍՀՄ տերիտորիայում նրանց գտնվելու ժամանակ, այն սահմանափակումներով, որոնք օրենսդրությամբ նախատեսված են դատապարտյալների համար, ինչպես նաև բխում են դատարանի դատավճռից և այն ռեժիմից, որ տվյալ տեսակի պատիժը կրելու համար սահմանված է ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքներով ու սույն օրենսգրքով:
(28.07.82 խմբագրությամբ)
Հոդված 81. | Դատապարտյալների խղճի ազատության ապահովումը |
Դատապարտյալներին երաշխավորվում է խղճի և հավատքի ազատություն:
Գաղութ-բնակավայրերում պատիժը կրող անձանց խնդրանքով նրանց թույլատրվում է հաճախել տվյալ վարչական տարածքի սահմաններում գտնվող հոգևոր հիմնարկները:
Ազատազրկման ձևով պատիժը կրող անձանց խնդրանքով նրանց մոտ (բացի տուգանային և կարգապահական մեկուսարաններում, պատժախցերում պահվող դատապարտյալներից) հրավիրվում են հոգևորականներ:
Դատապարտյալներին թույլատրվում է ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում մասնակցել կրոնական արարողություններին, օգտագործել հավատքի առարկաներ և հոգևոր գրականություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոգևորականների խնդրանքով և դատապարտյալների համաձայնությամբ թույլատրվում է այցելություններ ուղղիչ-աշխատանքային հիմնարկներ` կրոնական արարողություններ անցկացնելու համար: Կրոնական արարողությունների անցկացումը կամավոր է, չպետք է խախտվեն ներքին կարգապահության կանոնները, և չպետք է սահմանափակվեն պատիժը կրող մյուս անձանց իրավունքները:
(81 հոդ. լրաց. 19.04.00 ՀՕ-55 օրենք)
Հոդված 82. | Դատապարտյալների անձնական անվտանգության իրավունքը |
Այլ դատապարտյալների կողմից դատապարտյալի կյանքի, առողջության կամ նրա անձի դեմ ուղղված յուրաքանչյուր հանցագործության կատարման վտանգ առաջանալու դեպքում նա իրավունք ունի հայտարարությամբ դիմել ուղղիչ-աշխատանքային հիմնարկի յուրաքանչյուր պաշտոնատար անձի` իրեն այդպիսի վտանգը բացառող մեկ այլ տարածք տեղափոխելու խնդրանքով: Այդ դեպքում պաշտոնատար անձը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել` դատապարտյալին ապահով տարածք տեղափոխելու համար:
Ուղղիչ-աշխատանքային հիմնարկի ղեկավարը ձեռնարկում է միջոցներ` այդ վտանգները վերացնելու ուղղությամբ կամ միջնորդում է վերադաս մարմիններին` դատապարտյալների հետագա պատիժն այլ ուղղիչ-աշխատանքային հիմնարկում կրելու վերաբերյալ:
(82 հոդ. լրաց. 19.04.00 ՀՕ-55 օրենք)
Հոդված 9. | Հասարակայնության մասնակցությունը դատապարտյալների ուղղմանն ու վերադաստիարակմանը |
Դատապարտյալների ուղղմանն ու վերադաստիարակմանը, ինչպես նաև ազատազրկման, աքսորի, արտաքսման և առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների վերաբերյալ գանգատների դատավճիռները կատարող հիմնարկների ու մարմինների գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելուն մասնակցում է հասարակայնությունը:
Դատապարտյալների ուղղմանն ու վերադաստիարակմանը հասարակայնության մասնակցության ձևերն ու կարգը սահմանվում են սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրությամբ:
Հոդված 10. | Օրենքների պահպանումը պատիժն ի կատար ածելիս |
Պատիժն ի կատար ածող ուղղիչ աշխատանքային հիմնարկների և մարմինների ողջ գործունեությունը հիմնվում է օրենքների խստիվ պահպանման վրա: Այդ հիմնարկների և մարմինների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում նրանց գործունեության օրինականության ապահովման համար:
Պատիժ կրող անձինք պարտավոր են անշեղորեն պահպանել դատարանի դատավճռով իրենց նկատմամբ նշանակված պատիժը կրելու կարգն ու պայմանները սահմանող օրենքների պահանջները:
Հոդված 11. | Դատախազական հսկողությունը պատիժներն ի կատար ածելու նկատմամբ |
Ազատազրկման, աքսորի, արտաքսման և առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների վերաբերյալ դատավճիռները ի կատար ածելիս օրենքների ճիշտ կիրառման հսկողությունը իրականացնում են ԽՍՀՄ գլխավոր դատախազը և նրան ենթակա Հայաստանի Հանրապետության դատախազն ու ստորադաս դատախազները` «ԽՍՀՄ դատախազության մասին» ԽՍՀՄ օրենքին համապատասխան: Պետության անունից բարձրագույն հսկողություն իրականացնելով օրենքների կատարման նկատմամբ, դատախազը պարտավոր է միջոցներ ձեռնարկել օրենքի ամեն մի խախտում բացահայտելու և ժամանակին վերացնելու համար, ումից էլ ելնեն այդ խախտումները, խախտված իրավունքները վերականգնելու և մեղավորներին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար:
Ուղղիչ աշխատանքային հիմնարկների ադմինիստրացիան և աքսորի, արտաքսման ու առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների վերաբերյալ դատարանների դատավճիռները ի կատար ածող մարմինները պարտավոր են կատարել ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության ուղղիչ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պատիժը կրելու կանոնների պահպանման վերաբերյալ դատախազի որոշումներն ու առաջարկությունները:
(28.07.82 խմբագրությամբ)
ՀԱՏՎԱԾ II
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 3
ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ԱՅՆՏԵՂ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 12. | Ուղղիչ աշխատանքային հիմնարկների տեսակները |
Ազատազրկման ձևով պատիժն ի կատար ածող ուղղիչ աշխատանքային հիմնարկներն են` ուղղիչ աշխատանքային գաղութները, բանտերը և դաստիարակչական աշխատանքային գաղութները:
Ազատազրկման դատապարտված չափահաս անձինք պատիժը կրում են ուղղիչ աշխատանքային գաղութում կամ բանտում, իսկ մինչև 18 տարեկան անչափահասները` դաստիարակչական աշխատանքային գաղութում:
Ուղղիչ աշխատանքային գաղութները ազատազրկման դատապարտված չափահասներին պահելու համար ուղղիչ աշխատանքային հիմնարկների հիմնական տեսակներն են:
Հոդված 13. | Դատապարտյալի համար ուղղիչ աշխատանքային հիմնարկի տեսակը որոշելը |
Համապատասխան ռեժիմ ունեցող ուղղիչ աշխատանքային հիմնարկի տեսակը, որտեղ դատապարտյալները կրում են պատիժը, որոշում է դատարանը` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 23 հոդվածի հիման վրա:
Հոդված 14. | Ազատազրկման դատապարտվածներին պատիժը կրելու ուղարկելը |
Ազատազրկման դատապարտված անձինք պատիժը կրելու են ուղարկվում ոչ ուշ, քան դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելու կամ այն կատարման հանձնելու օրվանից տասնօրյա ժամկետում:
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 12 հոդվածին համապատասխան, դատապարտվածներին ուղղիչ աշխատանքային հիմնարկներ ուղարկելու կարգը որոշում է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարությունը:
Դատապարտյալի վերաբերյալ դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո նախնական կալանքի վայրի ադմինիստրացիան, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 358 հոդվածին համապատասխան, պարտավոր է նրա ընտանիքին հայտնել, թե պատիժը կրելու համար ուր է ուղարկվում դատապարտյալը:
Ազատազրկում կրող յուրաքանչյուր դատապարտյալի համար տարվում է անձնական գործ:
Հոդված 15. | Քննչական գործողություններ կատարելու կապակցությամբ դատապարտյալներին քննչական մեկուսարանում կամ բանտում ժամանակավորապես թողնելը |
Մեկ այլ անձի կողմից կատարված հանցագործության վերաբերյալ գործով քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտության դեպքում պատիժը ուղղիչ աշխատանքային կամ դաստիարակչական աշխատանքային գաղութում կրող ազատազրկման դատապարտվածը կարող է թողնվել քննչական մեկուսարանում կամ բանտում` ԽՍՀՄ զինված ուժերի տեսակի, օկրուգի, զորախմբի, նավատորմի զինվորական դատախազների սանկցիայով` մինչև երկու ամիս ժամանակով, Հայաստանի Հանրապետության դատախազի և գլխավոր զինվորական դատախազի սանկցիայով` մինչև չորս ամիս, իսկ ԽՍՀՄ գլխավոր դատախազի սանկցիայով` մինչև վեց ամիս ժամանակով:
Այն դեպքում, երբ դատապարտյալը քրեական պատասխանատվության է ենթարկվում մեկ այլ գործով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է կալանքը, նրան քննչական մեկուսարանում պահելու ժամկետները որոշվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 83 հոդվածին համապատասխան:
(28.07.82 խմբագրությամբ)
Հոդված 16. | Տնտեսական սպասարկման աշխատանքի համար դատապարտյալին բանտում կամ քննչական մեկուսարանում թողնելը |
Բացառիկ դեպքերում, ոչ ծանր հանցագործությունների համար առաջին անգամ ազատազրկման դատապարտված անձինք, ովքեր պատիժը կրելու են ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում, ինչպես նաև ծանր հանցագործությունների համար երեք տարուց ոչ ավելի ժամանակով առաջին անգամ դատապարտված անձինք կարող են իրենց համաձայնությամբ թողնվել բանտում կամ քննչական մեկուսարանում` տնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար:
Տնտեսական սպասարկման աշխատանքի համար այդ անձանց թողնելը կատարվում է բանտի կամ քննչական մեկուսարանի պետի որոշմամբ:
(28.07.82, 15.12.87 խմբագրությամբ)
Հոդված 17. | Դատապարտյալներին ուղղիչ աշխատանքային հիմնարկում ընդունելու կարգը |
Դատապարտյալին ուղղիչ աշխատանքային հիմնարկում ընդունում է ադմինիստրացիան` ուղղիչ աշխատանքային հիմնարկների ներքին կարգապահության կանոններով սահմանվող կարգով:
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 357 հոդվածի համաձայն ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիան դատավճիռ կայացնող դատարանին անհապաղ իրազեկ է դարձնում դատավճիռը ի կատար ածելու, ինչպես նաև դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի մասին:
Հոդված 18. | Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում դատապարտյալներին անջատ պահելը |
Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում տղամարդիկ և կանայք, անչափահասները և չափահասները պահվում են անջատ:
Առաջին անգամ ազատազրկման դատապարտված տղամարդիկ առանձին են պահվում նախկինում ազատազրկում կրած դատապարտյալներից, ոչ ծանր համարվող հանցագործությունների համար առաջին անգամ դատապարտվածները` ծանր հանցագործությունների համար առաջին անգամ դատապարտվածներից. ազատազրկման դատապարտված կանայք և անչափահասներն անջատ են պահվում սույն օրենսգրքի 23, 25, 37 և 38 հոդվածներով նախատեսված կանոններին համապատասխան:
Մյուս դատապարտյալներից մեկուսացված, ինչպես նաև անջատ են պահվում` առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների համար դատապարտվածները. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 49 հոդվածի վեցերորդ մասում, 491 հոդվածի 2 և 3 կետերում թվարկված հանցագործությունների համար դատապարտված առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստները, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում կատարած հանցագործությունների համար դատապարտված առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստները. այլ հանցագործությունների համար դատապարտված առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստները. այն դատապարտյալները, որոնց մահապատիժը փոխարինվել է ազատազրկմամբ` ներման կամ ամնիստիայի կարգով: Դատապարտված օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որպես կանոն, պահվում են անջատ` դատապարտված ԽՍՀՄ քաղաքացիներից:
Տարբեր գաղութ-բնակավայրերում են պահվում` այն դատապարտյալները, որոնք դատարանի դատավճռին համապատասխան ուղարկվել են անզգուշությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրեր. այն դատապարտյալները, որոնք դատարանի դատավճռին համապատասխան ուղարկվել են դիտավորյալ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրեր. այն դատապարտյալները, որոնք սույն օրենսգրքի 65 հոդվածով նախատեսված կարգով փոխադրվել են հաստատապես ուղղման ճանապարհը բռնած անձանց գաղութ-բնակավայրեր:
Անջատ են պահվում նաև այն անչափահասները, որոնք պատիժը կրելու ընթացքում դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտվել են ազատազրկման, ինչպես և պատիժը կրելու ռեժիմը սիստեմատիկաբար կամ չարամտորեն խախտողները` ուժեղացված ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութներում պահվող մյուս դատապարտյալներից. առաջին անգամ ազատազրկման դատապարտված կանայք` նախկինում ազատազրկում կրած կանանցից, բացառությամբ այն կանանց, որոնք պահվում են այնպիսի ուղղիչ աշխատանքային գաղութներում, որոնց առընթեր կան սույն օրենսգրքի 73 հոդվածի համաձայն կազմակերպված մանկատներ:
Դատապարտյալներին անջատ պահելու` սույն հոդվածով սահմանված պահանջները չեն տարածվում ազատազրկման վայրերում դատապարտված վարակիչ հիվանդներին պահելու և բուժելու համար նախատեսված բուժհիմնարկների և ուղղիչ աշխատանքային գաղութների վրա: Նշված գաղութներն ուղարկվող անձինք պահվում են այն տեսակի գաղութի ռեժիմի պայմաններում, որը նրանց համար նշանակել է դատարանը: ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 13 հոդվածին համապատասխան, դրանցում, ինչպես նաև բուժհիմնարկներում դատապարտյալներին պահելու կարգը որոշում է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարությունը` համաձայնեցնելով ԽՍՀ Միության դատախազության հետ:
(05.12.85, 25.12.87 խմբագրությամբ)
Հոդված 19. | Դատապարտյալների կողմից պատժի ամբողջ ժամկետը մեկ ուղղիչ աշխատանքային հիմնարկում կրելը |
Ազատազրկման դատապարտվածը պատժի ամբողջ ժամկետը, որպես կանոն, պետք է կրի մեկ ուղղիչ աշխատանքային գաղութում, բանտում կամ դաստիարակչական աշխատանքային գաղութում:
Պատժի կրումը շարունակելու համար դատապարտյալին մի գաղութից նույն ռեժիմի մի այլ գաղութ կամ մի բանտից մյուսը տեղափոխել թույլատրվում է նրա հիվանդության դեպքում կամ երբ էապես փոխվում է դատապարտյալների կողմից կատարվող աշխատանքի ծավալը կամ բնույթը, ինչպես նաև` երբ առկա են այլ բացառիկ հանգամանքներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում տվյալ գաղութում կամ բանտում դատապարտյալների հետագա պահելուն: ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 17 հոդվածին համապատասխան, դատապարտյալների տեղափոխման կարգը որոշում է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարությունը` համաձայնեցնելով ԽՍՀ Միության դատախազության հետ:
Դատապարտյալների տեղափոխումը մի գաղութից մի այլ ռեժիմի գաղութ, գաղութից բանտ, ինչպես նաև բանտից գաղութ կարող է կատարել դատարանը, սույն օրենսգրքի 39, 65 և 67 հոդվածներով նախատեսված հիմքերով:
Հոդված 20. | Դատապարտյալների տեղափոխումն ուղղիչ աշխատանքային հիմնարկից քննչական մեկուսարան կամ բանտ |
Դատապարտյալին ուղղիչ աշխատանքային հիմնարկից քննչական մեկուսարան կամ բանտ տեղափոխել թույլատրվում է`
գործը դատարանում քննվելու կապակցությամբ` դատարանի որոշմամբ, գործի քննության ընթացքում.
մեկ այլ անձի կողմից կատարված հանցագործության վերաբերյալ գործող քննչական գործողություններ կատարելու կապակցությամբ` ԽՍՀՄ զինված ուժերի տեսակի, օկրուգի, զորախմբի, նավատորմի զինվորական դատախազների սանկցիայով` մինչև երկու ամիս ժամանակով, Հայաստանի Հանրապետության դատախազի և գլխավոր զինվորական դատախազի սանկցիայով` մինչև չորս ամիս, իսկ ԽՍՀՄ գլխավոր դատախազի սանկցիայով` մինչև վեց ամիս ժամանակով:
Դատապարտյալին ուղղիչ աշխատանքային հիմնարկից քննչական մեկուսարան կամ բանտ տեղափոխելու վերաբերյալ դատարանի որոշումը կամ հետաքննության մարմնի կամ քննիչի` դատախազի կողմից թույլատրված որոշումը ենթակա է անհապաղ կատարման:
(28.07.82 խմբագրությամբ)
Հոդված 21. | Ազատազրկման դատապարտված անձանց պահելու պայմանների փոփոխումը պատիժը կրելու ժամանակ |
Ելնելով դատապարտյալների վարքից և աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, նրանց պահելու պայմանները կարող են փոփոխվել ինչպես մեկ ուղղիչ աշխատանքային հիմնարկի շրջանակներում, այնպես էլ այլ ուղղիչ աշխատանքային հիմնարկներ տեղափոխելու միջոցով:
Դատապարտյալներին պահելու պայմանների փոփոխումը մեկ ուղղիչ աշխատանքային հիմնարկի շրջանակներում կատարվում է ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետի որոշմամբ:
Մեկ ուղղիչ աշխատանքային հիմնարկի սահմաններում դատապարտյալներին պահելու պայմանների փոփոխումը առաջացնում է այն հետևանքը, որ միաժամանակ բարելավվում են սույն օրենսգրքի 23-26, 30, 37 և 38 հոդվածներով նախատեսված նրանց պահելու պայմանները, ինչպես նաև, սույն օրենսգրքի 67 հոդվածում նախատեսված դեպքերում, միաժամանակ վերացվում են նրանց պահելու բոլոր բարելավված պայմանները:
Դատապարտյալներին պահելու պայմանների փոփոխումը մեկ ուղղիչ աշխատանքային գաղութից այլ ռեժիմի մեկ ուրիշ գաղութ, գաղութից բանտ կամ բանտից գաղութ, ինչպես նաև ընդհանուր ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութից ուժեղացված ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութ տեղափոխելու միջոցով, կատարում է դատարանը` սույն օրենսգրքի 65 և 67 հոդվածներով սահմանված հիմքերով:
Գ Լ ՈՒ Խ 4
ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԱՂՈՒԹՆԵՐ
Հոդված 22. | Ուղղիչ աշխատանքային գաղութների տեսակները |
Ուղղիչ աշխատանքային գաղութները բաժանվում են` անզգուշությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրերի, դիտավորյալ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրերի, հաստատապես ուղղման ճանապարհը բռնած անձանց գաղութ-բնակավայրերի, ընդհանուր ռեժիմի, ուժեղացված ռեժիմի, խիստ ռեժիմի, հատուկ ռեժիմի գաղութներ:
(05.12.85 խմբագրությամբ)
Հոդված 23. | Ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներ |
Ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում ազատազրկման ձևով պատիժ են կրում ոչ ծանր հանցագործությունների համար առաջին անգամ դատապարտված տղամարդիկ, բացի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 23 հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունում նշված հանցագործությունների համար դատապարտվածներից, ինչպես նաև ազատազրկման դատապարտված կանայք, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչված կանանց և այն կանանց, որոնց նկատմամբ նշանակված մահապատիժը ներման կամ ամնիստիայի կարգով փոխարինվել է ազատազրկմամբ:
Սույն օրենսգրքի 39 հոդվածի և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 23 հոդվածի համաձայն ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում կարող են պատիժ կրել նաև ազատազրկման դատապարտված այլ անձինք, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչվածների և այն դատապարտյալների, որոնց նկատմամբ նշանակված մահապատիժը ներման կամ ամնիստիայի կարգով փոխարինվել է ազատազրկմամբ:
Ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում դատապարտյալները տեղավորվում են սովորական բնակելի շենքերում, կրում են միասնական ձևի հագուստ, ուղղիչ աշխատանքային հիմնարկների ներքին կարգապահության կանոններին համապատասխան կարող են տեղաշարժվել գաղութի տերիտորիայի սահմաններում:
Ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում պատիժը կրող դատապարտյալները իրավունք ունեն`
- սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար ամսական ծախսել մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար.
- ունենալու մինչև երեք օր տևողությամբ երկարատև տեսակցություններ այն հաշվարկով, որպեսզի յուրաքանչյուր դատապարտյալի տարվա ընթացքում տեսակցություն տրվի ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ և ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև ամսվա ընթացքում ունենալ մեկ կարճատև տեսակցություն.
- մեկ ամսում ստանալ ոչ ավելի, քան մեկ փաթեթ.
- ամսվա ընթացքում ստանալ հանձնուք և մեկ ծանրոց:
Լավ վարքի և աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի դեպքում, պատժի ժամկետի ոչ պակաս, քան մեկ քառորդը կրելուց հետո, դատապարտյալներին պահելու պայմանները կարող են բարելավվել: Այդ դեպքում դատապարտյալներին լրացուցիչ թույլատրվում է`
- սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար ամսական ծախսել մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար.
- տարվա ընթացքում ունենալ հինգ երկարատև և վեց կարճատև տեսակցություն: Եթե դատապարտյալները մերձավոր ազգականներ չունեն, ապա երկարատև տեսակցությունները կարող են փոխարինվել կարճատև տեսակցությամբ.
- տարվա ընթացքում ստանալ տասներկու ծանրոց կամ հանձնուք:
(04.07.73, 05.12.85, 01.07.98 ՀՕ-244, 19.04.00 ՀՕ-55 օրենքներ)
Հոդված 24. | Ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներ |
Ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում պատիժ են կրում ծանր հանցագործությունների համար առաջին անգամ երեք տարուց ավելի ժամանակով ազատազրկման դատապարտված տղամարդիկ:
Սույն օրենսգրքի 39 հոդվածի և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 23 հոդվածի համաձայն ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում կարող են պատիժ կրել նաև ազատազրկման դատապարտված այլ տղամարդիկ, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստ ճանաչվածների և այն դատապարտյալների, որոնց նկատմամբ նշանակված մահապատիժը ներման կամ ամնիստիայի կարգով փոխարինվել է ազատազրկմամբ:
Ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում դատապարտյալները պահվում են սովորական բնակելի շենքերում, կրում են միասնական ձևի հագուստ, ուղղիչ աշխատանքային հիմնարկների ներքին կարգապահության կանոններին համապատասխան կարող են տեղաշարժվել գաղութի տերիտորիայի սահմաններում:
Ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում պատիժը կրող դատապարտյալներն իրավունք ունեն`
- սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար ամսական ծախսել մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար.
- ունենալ մինչև երեք օր տևողությամբ երկարատև տեսակցություններ այն հաշվարկով, որպեսզի յուրաքանչյուր դատապարտյալի տարվա ընթացքում տեսակցություն տրվի ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ և ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև ամսվա ընթացքում ունենալ մեկ կարճատև տեսակցություն.
- մեկ ամսում ստանալ ոչ ավելի, քան մեկ փաթեթ.
- ամսվա ընթացքում ստանալ հանձնուք և մեկ ծանրոց:
Լավ վարքի և աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի դեպքում, պատժի ժամկետի ոչ պակաս, քան մեկ քառորդը կրելուց հետո, դատապարտյալներին պահելու պայմանները կարող են բարելավվել: Այդ դեպքում դատապարտյալներին լրացուցիչ թույլատրվում է`
- սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար ամսական ծախսել մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար.
- տարվա ընթացքում ունենալ վեց կարճատև և երեք երկարատև տեսակցություն: Եթե դատապարտյալները մերձավոր ազգականներ չունեն, ապա երկարատև տեսակցությունները կարող են փոխարինվել կարճատև տեսակցությամբ.
- տարվա ընթացքում ստանալ տասներկու ծանրոց կամ հանձնուք:
(05.12.85, 01.07.98 ՀՕ-244, 19.04.00 ՀՕ-55 օրենքներ)
Հոդված 25. | Խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներ |
Խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում ազատազրկման ձևով պատիժ են կրում առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների համար դատապարտված կամ նախկինում ազատազրկման ձևով պատիժ կրած տղամարդիկ, ինչպես նաև առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների համար ազատազրկման դատապարտված կամ առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներ ճանաչված կանայք, և այն կանայք, որոնց նկատմամբ նշանակված մահապատիժը ներման կամ ամնիստիայի կարգով փոխարինվել է ազատազրկմամբ:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 23 հոդվածի համաձայն խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում կարող են պատիժ կրել նաև ազատազրկման դատապարտված այլ անձինք:
Խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում չեն կարող պահվել դատապարտված այն տղամարդիկ, որոնք առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներ են ճանաչվել կամ որոնց նկատմամբ նշանակված մահապատիժը ներման կամ ամնիստիայի կարգով փոխարինվել է ազատազրկմամբ, բացի սույն օրենսգրքի 65 հոդվածով սահմանված կարգով հատուկ ռեժիմի գաղութից տեղափոխված դատապարտյալներից:
Խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում դատապարտյալները պահվում են սովորական բնակելի շենքերում, կրում են միասնական ձևի հագուստ, ուղղիչ աշխատանքային հիմնարկների ներքին կարգապահության կանոններին համապատասխան կարող են տեղաշարժվել գաղութի տերիտորիայի սահմաններում:
Խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում պատիժը կրող դատապարտյալները իրավունք ունեն`
- սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար ամսական ծախսել մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով գումար.
- ունենալ մինչև երեք օր տևողությամբ երկարատև տեսակցություններ այն հաշվարկով, որպեսզի յուրաքանչյուր դատապարտյալի տարվա ընթացքում տեսակցություն տրվի ոչ հաճախ, քան երկու ամիսը մեկ անգամ և ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև ամսվա ընթացքում ունենալ մեկ կարճատև տեսակցություն.
- եռամսյակի ընթացքում ստանալ ոչ ավելի, քան մեկ փաթեթ.
- ամսվա ընթացքում ստանալ հանձնուք և մեկ ծանրոց:
Լավ վարքի և աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի դեպքում, պատժի ժամկետի ոչ պակաս, քան մեկ քառորդը կրելուց հետո, դատապարտյալներին պահելու պայմանները կարող են բարելավվել: Այդ դեպքում դատապարտյալներին լրացուցիչ թույլատրվում է`
- սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար ամսական ծախսել մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով գումար.
- տարվա ընթացքում ունենալ չորս կարճատև և երեք երկարատև տեսակցություն: Եթե դատապարտյալները մերձավոր ազգականներ չունեն, ապա երկարատև տեսակցությունները կարող են փոխարինվել կարճատև տեսակցությամբ.
- տարվա ընթացքում ստանալ ութ ծանրոց կամ հանձնուք:
(05.12.85, 01.07.98 ՀՕ-244, 19.04.00 ՀՕ-55 օրենքներ)
Հոդված 26. | Հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներ |
Հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում պատիժ են կրում ազատազրկման դատապարտված այն տղամարդիկ, որոնք ճանաչվել են առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներ, ինչպես նաև այն տղամարդիկ, որոնց նկատմամբ նշանակված մահապատիժը ներման կամ ամնիստիայի կարգով փոխարինվել է ազատազրկմամբ:
Հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում դատապարտյալները պահվում են խիստ մեկուսացման պայմաններում` խցային տիպի կամ սովորական բնակելի շենքերում, որպես կանոն, օգտագործվում են ծանր աշխատանքներում և կրում են հատուկ ձևի հագուստ:
Հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում պատիժը կրող դատապարտյալները իրավունք ունեն`
- սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար ամսական ծախսել մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով գումար.
- ամսվա ընթացքում ունենալ մեկ կարճատև և եռամսյակի ընթացքում` մեկ երկարատև տեսակցություն.
- եռամսյակի ընթացքում ստանալ ոչ ավելի, քան մեկ փաթեթ.
- ամսվա ընթացքում ստանալ հանձնուք և մեկ ծանրոց:
Լավ վարքի և աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի դեպքում, պատժի ժամկետի ոչ պակաս, քան մեկ երրորդ կրելուց հետո, դատապարտյալներին պահելու պայմանները կարող են բարելավվել: Այդ դեպքում դատապարտյալներին լրացուցիչ թույլատրվում է`
- սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար ամսական ծախսել մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով գումար.
- տարվա ընթացքում ունենալ չորս կարճատև և երեք երկարատև տեսակցություն: Եթե դատապարտյալները մերձավոր ազգականներ չունեն, ապա երկարատև տեսակցությունները կարող են փոխարինվել կարճատև տեսակցությամբ.
- տարվա ընթացքում ստանալ վեց ծանրոց կամ հանձնուք:
(05.12.85, 01.07.98 ՀՕ-244, 19.04.00 ՀՕ-55 օրենքներ)
Հոդված 27. | Ուղղիչ աշխատանքային գաղութ-բնակավայրեր |
Անզգուշությամբ հանցագործություններ կատարած անձանց ուղղիչ աշխատանքային գաղութ-բնակավայրերում պատիժը կրում են անզգուշությամբ կատարած հանցագործությունների համար առաջին անգամ ազատազրկման դատապարտվածները. դիտավորյալ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրերում պատիժը կրում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 23 հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունում նշված հանցագործությունների համար առաջին անգամ ազատազրկման դատապարտվածները, իսկ հաստատապես ուղղման ճանապարհը բռնած անձանց գաղութ-բնակավայրերում պատիժը կրում են այն անձինք, ովքեր ընդհանուր, ուժեղացված և խիստ ռեժիմների գաղութներից այդ գաղութներն են փոխադրվել սույն օրենսգրքի 65 հոդվածով նախատեսված կարգով:
Բարեխիղճ աշխատանքի և օրինակելի վարքի դեպքում, «բոլոր տեսակի գաղութ-բնակավայրերում» պատիժը կրած դատապարտյալների նկատմամբ դատարանը, պատժի կատարումը տնօրինող մարմնի միջնորդությամբ, կարող է գաղութ-բնակավայրում նրանց կատարած աշխատանքի ժամանակը մտցնել ընդհանուր աշխատանքային ստաժի մեջ:
Միևնույն գաղութ-բնակավայրում կարող են պահվել դատապարտված տղամարդիկ և կանայք, անկախ այն բանից, թե նախկինում ինչ ռեժիմի գաղութներում են պահվել նրանք:
Բոլոր տեսակի ուղղիչ աշխատանքային գաղութ-բնակավայրերում դատապարտյալները`
- պահվում են առանց պահակախմբի, բայց հսկողության տակ.
- արթնացումից մինչև քնելու ժամը գաղութի ողջ տերիտորիայի սահմաններում օգտվում են ազատ շրջելու իրավունքից.
- գաղութի ադմինիստրացիայի թույլտվությամբ առանց հսկողության կարող են տեղաշարժվել գաղութի տերիտորիայից դուրս, սակայն Հայաստանի Հանրապետության սահմաններում, եթե դա անհրաժեշտ է ըստ նրանց կողմից կատարվող աշխատանքի բնույթի կամ նրանց ուսուցման կապակցությամբ.
- կարող են կրել քաղաքացիական առօրյայում ընդունված հագուստ. իրենց մոտ ունենալ փող և արժեքավոր իրեր, փողից օգտվել առանց սահմանափակման.
- կարող են առանց սահմանափակման ստանալ և ուղարկել նամակներ ու դրամական առաքումներ, ստանալ ծանրոցներ, հանձնուքներ, փաթեթներ ու տեսակցություններ ունենալ ազգականների և այլ անձանց հետ.
- գաղութի ադմինիստրացիայի թույլտվությամբ, բնակարանային պայմանների առկայության դեպքում գաղութի տերիտորիայում կարող են ապրել իրենց ընտանիքների հետ միասին, գործող օրենսդրության համաձայն ձեռք բերել բնակելի տուն և գաղութի տերիտորիայում ստեղծել անձնական տնտեսություն:
(28.04.77, 05.12.85 խմբագրությամբ)
Գ Լ ՈՒ Խ 5
ԲԱՆՏԵՐ
Հոդված 28. | Պատիժը բանտերում կրող անձինք |
Բանտերում պատիժը կրում են`
բանտարկության ձևով ազատազրկման դատապարտված առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստները, առանձնապես վտանգավոր պետական հանցագործություններ կատարած տասնութ տարին լրացած անձինք, այլ ծանր հանցագործություններ կատարած տասնութ տարին լրացած անձինք, որոնք դրանց համար ազատազրկման են դատապարտվել հինգ տարուց ավելի ժամանակով.
ուղղիչ աշխատանքային գաղութներից սույն օրենսգրքի 67 հոդվածով նախատեսված հիմքերով փոխադրված անձինք:
Բանտերում պատիժը կրում են նաև այն անձինք, ովքեր սույն օրենսգրքի 16 հոդվածով սահմանված կարգով թողնվել են բանտում տնտեսական սպասարկման աշխատանքի համար:
Թույլատրվում է ժամանակավորապես բանտում (քննչական մեկուսարանում) պահել` այն անձանց, ովքեր ազատազրկման են դատապարտվել ուղղիչ աշխատանքային կամ դաստիարակչական աշխատանքային գաղութում, բայց թողնվել են բանտում (քննչական մեկուսարանում) կամ այնտեղ տեղափոխվել սույն օրենսգրքի 15 և 20 հոդվածներին համապատասխան. տասն օրից ոչ ավելի ժամանակով այն դատապարտյալներին, ովքեր ազատազրկման մեկ վայրից տեղափոխվում են մեկ ուրիշ վայր, ինչպես նաև աքսորի դատապարտվածներին, որոնք պահակախմբի հսկողությամբ ուղարկվում են պատիժը կրելու վայրը:
(28.04.77 խմբագրությամբ)
Հոդված 29. | Բանտային ռեժիմի տեսակները |
Բանտերում սահմանված է երկու տեսակի ռեժիմ` ընդհանուր և խիստ:
Հոդված 30. | Բանտային ընդհանուր ռեժիմը |
Բանտերում ընդհանուր ռեժիմով պահվում են այն անձինք, ովքեր առաջին անգամ են դատապարտվում բանտարկության և ովքեր տեղափոխվել են խիստ ռեժիմից:
Բանտերում ընդհանուր ռեժիմով պահվող դատապարտյալները իրավունք ունեն`
- սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար ամսական ծախսել մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով գումար.
- եռամսյակի ընթացքում ունենալ մեկ կարճատև տեսակցություն.
- եռամսյակը մեկ ստանալ մեկ փաթեթ.
- օգտվել մեկ ժամ տևողությամբ ամենօրյա զբոսանքից.
- շաբաթական ստանալ տասը կիլոգրամ հանձնուք և ծանրոց:
Լավ վարքի և աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի դեպքում պատժի մեկ երրորդը կրելուց հետո, դատապարտյալներին թույլատրվում է սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար ամսական լրացուցիչ ծախսել մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով գումար և տարվա ընթացքում ունենալ երեք կարճատև և մեկ երկարատև տեսակցություն, ինչպես նաև տարվա ընթացքում ստանալ վեց ծանրոց կամ հանձնուք:
(05.12.85, 01.07.98 ՀՕ-244, 19.04.00 ՀՕ-55 օրենքներ)
Հոդված 31. | Բանտային խիստ ռեժիմը |
Բանտերում խիստ ռեժիմով պահվում են` նախկինում բանտարկության ձևով պատիժ կրած անձինք. ազատազրկման վայրերում կատարած հանցագործությունների համար բանտարկության դատապարտված անձինք. պատիժը բանտում կրելու համար գաղութից տեղափոխված անձինք. որպես տույժի միջոց սահմանված կարգով խիստ ռեժիմի տեղափոխված անձինք:
Խիստ ռեժիմով պահելու ժամկետ սահմանվում է երկուսից մինչև վեց ամսվա սահմաններում:
Խիստ ռեժիմով չեն կարող պահվել հղի կանայք, ինչպես նաև իրենց հետ ծծկեր երեխաներ ունեցող կանայք:
Բանտերում խիստ ռեժիմով պահվող դատապարտյալները իրավունք ունեն`
- սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար ամսական ծախսել մինչև նվազագույն աշխատավարձի չափով գումար.
- եռամսյակի ընթացքում ստանալ մեկ փաթեթ.
- օգտվել երեսուն րոպե տևողությամբ ամենօրյա զբոսանքից.
- շաբաթական ստանալ տասը կիլոգրամ հանձնուք և ծանրոց:
Բանտերում խիստ ռեժիմով պահվող դատապարտյալներին տեսակցություններ չի թույլատրվում:
(05.12.85, 01.07.98 ՀՕ-244 օրենքներ)
Հոդված 32. | Բանտային ռեժիմի առանձնահատկությունները |
Դատապարտյալները բանտերում պահվում են ընդհանուր խցերում: Անհրաժեշտ դեպքում բանտի պետի պատճառաբանված որոշմամբ և դատախազի համաձայնությամբ դատապարտյալները կարող են պահվել մենախցերում:
Դատապարտյալների տեղավորումը խցերում կատարվում է սույն օրենսգրքի 18 հոդվածով նախատեսված պահանջների պահպանմամբ:
Բացի դրանից, անջատ են պահվում ընդհանուր ռեժիմով և խիստ ռեժիմով պահվող անձինք: Մյուս դատապարտյալներից մեկուսացված և անջատ են պահվում նաև` ազատազրկման մեկ վայրից մեկ այլ վայր տեղափոխվող անձինք. աքսորի դատապարտվածները, որոնք պատիժը կրելու վայր են ուղարկվում պահակախմբի հսկողությամբ. այն դատապարտյալները, որոնք թողնվել են բանտում տնտեսական սպասարկման աշխատանքի համար:
Բանտում պահվող դատապարտյալները զբոսանքի են հանվում ցերեկ ժամանակ, բաց օդում, բանտի տերիտորիայի հատկապես հարմարեցված մասում: Դատապարտյալի զբոսանքը կարող է դադարեցվել ժամկետից շուտ, սահմանված կանոնները նրա կողմից խախտելու դեպքում:
Հոդված 33. | Բանտում դատապարտյալներին խիստ ռեժիմով պահելու ժամկետ սահմանելու կարգը |
Բանտում դատապարտյալներին խիստ ռեժիմով պահելու ժամկետի սահմանումը կատարվում է բանտի պետի որոշմամբ:
Որոշման մեջ ցույց են տրվում խիստ ռեժիմով պահելու հիմքերն ու ժամկետը: Որոշումը դատապարտյալին հայտարարվում է ստորագրությամբ:
Դատապարտյալին ժամկետից շուտ խիստ ռեժիմից ընդհանուր ռեժիմի տեղափոխել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա բժշկական եզրակացության համաձայն անհրաժեշտ է ըստ նրա առողջական վիճակի:
(08.12.91 խմբագրությամբ)
Հոդված 34. | Տնտեսական սպասարկման աշխատանքի համար բանտում կամ քննչական մեկուսարանում թողնված դատապարտյալներին պահելու ռեժիմը |
Տնտեսական սպասարկման աշխատանքի համար բանտում կամ քննչական մեկուսարանում սույն օրենսգրքի 16 հոդվածի համաձայն թողնված դատապարտյալները բնակվում են բանտի առանձին շենքում, մյուս դատապարտյալներից մեկուսացված, ապահովվում է նաև տղամարդկանց մեկուսացումը կանանցից:
Այն դատապարտյալները, որոնք սույն օրենսգրքի 16 հոդվածին համապատասխան թողնվել են բանտերի և քննչական մեկուսարանների տնտեսական սպասարկման աշխատանքի համար օգտվում են փողից, ստանում են տեսակցություններ, ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ` ընդհանուր կամ ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում պահվող դատապարտյալների համար սահմանված նորմաներով: Երկու տևական տեսակցությունը փոխարինվում է վեց կարճատև տեսակցությամբ: Եթե այդ անձինք աշխատում են փակ շենքերում, նրանց ամեն օր տրվում է երկու ժամ տևողությամբ զբոսանք:
(28.04.77, 25.12.87 խմբագրությամբ)
Հոդված 35. | Բանտում կամ քննչական մեկուսարանում ժամանակավորապես թողնված կամ այնտեղ տեղափոխված դատապարտյալներին պահելու ռեժիմը |
Սույն օրենսգրքի 15 և 20 հոդվածներին համապատասխան, բանտում կամ քննչական մեկուսարանում ժամանակավորապես թողնված կամ այդ հիմնարկները տեղափոխված դատապարտյալները կրում են Հայաստանի Հանրապետությունում նախնական կալանքի վերցնելու կանոնադրության 10 հոդվածով նախատեսված պարտականությունները, նրանց տրվում է սահմանված նորմաներով անվճար սնունդ, ստանում են կարճատև տեսակցություններ, նամակներ, ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ, ուղարկում են նամակներ և անկանխիկ հաշվով ձեռք են բերում սննդամթերք ու առաջին անհրաժեշտության առարկաներ այն նորմաներով, որոնք սույն օրենսգրքով սահմանված են համապատասխան ռեժիմի ուղղիչ աշխատանքային հիմնարկներում պահվող դատապարտյալների համար: Այդ անձինք օգտվում են երկու ժամ տևողությամբ ամենօրյա զբոսանքից:
Գ Լ ՈՒ Խ 6
ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳԱՂՈՒԹՆԵՐ
Հոդված 36. | Դաստիարակչական աշխատանքային գաղութների տեսակները |
Դաստիարակչական աշխատանքային գաղութները բաժանվում են ընդհանուր ռեժիմի և ուժեղացված ռեժիմի գաղութների:
Հոդված 37. | Ընդհանուր ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութներ |
Ընդհանուր ռեժիմի դաստիարակչական-աշխատանքային գաղութներում պատիժը կրում են առաջին անգամ ազատազրկման դատապարտված արական սեռի անչափահասները, ընդ որում, ոչ ծանր համարվող հանցագործությունների համար դատապարտվածները առանձին են պահվում ծանր հանցագործությունների համար դատապարտվածներից, ինչպես նաև իգական սեռի դատապարտված բոլոր անչափահասները:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 23 հոդվածի համաձայն ընդհանուր ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութներում կարող են պատիժ կրել նաև ազատազրկման դատապարտված արական սեռի այլ անչափահասները, ինչպես նաև այն դատապարտյալները, որոնք սույն օրենսգրքի 40 հոդվածի համաձայն թողնվել են դաստիարակչական աշխատանքային գաղութներում:
Ընդհանուր ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութներում դատապարտյալները պահվում են սովորական բնակելի շենքերում, կրում են միասնական ձևի հագուստ, ուղղիչ աշխատանքային հիմնարկների ներքին կարգապահության կանոններին համապատասխան կարող են տեղաշարժվել գաղութի տերիտորիայի սահմաններում:
Ընդհանուր ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութներում պատիժ կրող դատապարտյալները իրավունք ունեն`
- սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար ամսական ծախսել մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով գումար.
- տարվա ընթացքում ունենալ տասներկու կարճատև և հինգ երկարատև տեսակցություն.
- ամսվա ընթացքում ստանալ հանձնուք և մեկ ծանրոց.
- նամակներ ստանալ և ուղարկել անսահմանափակ քանակությամբ և ամսական ստանալ ոչ ավելի, քան մեկ փաթեթ:
Լավ վարքի ու աշխատանքի և ուսման նկատմամբ ազնիվ վերաբերմունքի դեպքում, պատժի ժամկետի մեկ քառորդը կրելուց հետո, դատապարտյալներին պահելու պայմանները կարող են բարելավվել: Այդ դեպքում դատապարտյալներին լրացուցիչ թույլատրվում է`
- սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար ամսական ծախսել մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով գումար.
- տարվա ընթացքում ունենալ տասներկու կարճատև և հինգ երկարատև տեսակցություն: Դաստիարակչական աշխատանքային գաղութի պետի որոշմամբ տեսակցությունները կարող են անցկացվել գաղութի սահմաններից դուրս.
- տարվա ընթացքում ստանալ տասներկու ծանրոց կամ հանձնուք:
(05.12.85, 01.07.98 ՀՕ-244, 19.04.00 ՀՕ-55 օրենքներ)
Հոդված 38. | Ուժեղացված ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութներ |
Ուժեղացված ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութներում պատիժը կրում են նախկինում ազատազրկման ձևով պատիժ կրած արական սեռի անչափահասները, ինչպես նաև սույն օրենսգրքի 67 հոդվածով նախատեսված հիմքերով ընդհանուր ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութներից տեղափոխվածները:
Ուժեղացված ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութներում դատապարտյալները տեղավորվում են սովորական բնակելի շենքերում, կրում են միասնական ձևի հագուստ, ուղղիչ աշխատանքային հիմնարկների ներքին կարգապահության կանոններին համապատասխան կարող են տեղաշարժվել գաղութի տերիտորիայի սահմաններում:
Ուժեղացված ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութներում պատիժը կրող դատապարտյալները իրավունք ունեն`
- սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար ամսական ծախսել մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով գումար.
- տարվա ընթացքում ունենալ տասներկու կարճատև և երեք երկարատև տեսակցություն.
- ամսվա ընթացքում ստանալ հանձնուք և մեկ ծանրոց.
- ամսական ստանալ ոչ ավելի, քան մեկ փաթեթ:
Լավ վարքի, աշխատանքի և ուսման նկատմամբ ազնիվ վերաբերմունքի դեպքում, պատժի մեկ քառորդը կրելուց հետո, դատապարտյալներին պահելու պայմանները կարող են բարելավվել: Այդ դեպքում դատապարտյալներին լրացուցիչ թույլատրվում է`
- սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար ամսական ծախսել մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով գումար.
- տարվա ընթացքում ունենալ տասներկու կարճատև և երեք երկարատև տեսակցություն: Դաստիարակչական աշխատանքային գաղութի պետի որոշմամբ տեսակցությունները կարող են անցկացվել գաղութի սահմաններից դուրս.
- տարվա ընթացքում ստանալ տասներկու ծանրոց կամ հանձնուք:
(04.07.73, 05.12.85, 01.07.98 ՀՕ-244, 19.04.00 ՀՕ-55 օրենքներ)
Հոդված 39. | Դատապարտյալների տեղափոխումը դաստիարակչական աշխատանքային գաղութներից ուղղիչ աշխատանքային գաղութներ |
Տասնութ տարեկան դարձած դատապարտյալները դաստիարակչական աշխատանքային գաղութից, պատժի հետագա կրումը շարունակելու համար, տեղափոխվում են ընդհանուր կամ ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութ` ելնելով դատապարտյալի կատարած հանցագործության հասարակական վտանգավորության աստիճանից, դատվածությունների թվից, նրա անձից ու վարքից:
Տասնութ տարեկան դարձած իգական սեռի դատապարտյալները ընդհանուր ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութից, պատժի հետագա կրումը շարունակելու համար, տեղափոխվում են ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութ:
Տասնութ տարեկան դարձած դատապարտյալին ուղղիչ աշխատանքային գաղութ տեղափոխելու հարցը լուծում է դատարանը` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 362 հոդվածով սահմանված կարգով:
(25.12.87 խմբագրությամբ)
Հոդված 40. | Չափահաս դարձած դատապարտյալներին դաստիարակչական աշխատանքային գաղութներում թողնելը |
Ուղղման և վերադաստիարակման արդյունքներն ամրապնդելու, ընդհանուր կրթությունը կամ պրոֆեսիոնալ պատրաստականությունն ավարտելու նպատակով տասնութ տարեկան դարձած դատապարտյալները թողնվում են դաստիարակչական աշխատանքային գաղութում մինչև պատժի ժամկետը լրանալը:
Տասնութ տարեկան դարձած և դաստիարակչական աշխատանքային գաղութում թողնված դատապարտյալների նկատմամբ տարածվում են այն ռեժիմը, աշխատանքային պայմանները, սննդի և նյութական ապահովման նորմաները, որոնք սահմանված են անչափահաս դատապարտյալների համար:
(05.12.85, 12.12.86, 25.12.87, 01.07.98 ՀՕ-244 օրենքներ)
Հոդված 401. | Կանանց և անչափահասների համար նախատեսվող արտոնությունները |
Սույն օրենսգրքում կանանց և անչափահասների համար սահմանված տեսակցությունների, փաթեթների, ծանրոցների, հանձնուքների թիվը, անկախ ուղղիչ աշխատանքային հիմնարկի տեսակից, ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիայի թույլտվությամբ, առանձին դեպքերում կարող է ավելացնել, բայց ոչ ավելի, քան երկու անգամ:
(01.07.98 ՀՕ-244 օրենք)
Գ Լ ՈՒ Խ 7
ՌԵԺԻՄԸ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ
Հոդված 41. | Ազատազրկման վայրերի ռեժիմի հիմնական պահանջները |
Ազատազրկման վայրերի ռեժիմի հիմնական պահանջներն են` դատապարտյալների պարտադիր մեկուսացումը և նրանց նկատմամբ մշտական հսկողությունը այն հաշվով, որպեսզի բացառվի նրանց կողմից նոր հանցագործություններ կամ այլ հակահասարակական արարքներ կատարելու հնարավորությունը. նրանց կողմից իրենց պարտականությունների ճիշտ և անշեղ կատարումը. պահելու տարբեր պայմանները, ելնելով կատարված հանցագործության հասարակական վտանգավորության բնույթից ու աստիճանից, դատապարտյալի անձնավորությունից և նրա վարքից:
Դատապարտյալները կրում են միասնական ձևի հագուստ, ուղղիչ աշխատանքային կարգապահության կանոններին համապատասխան կարող են տեղաշարժվել գաղութի տերիտորիայի սահմաններում, ենթարկվում են խուզարկության: Դատապարտյալների անձնական խուզարկությունը կատարում են խուզարկվողի սեռին պատկանող անձինք: Դատապարտյալների նամակագրությունը ենթակա է գրաքննության, իսկ ծանրոցները, հանձնուքները և փաթեթները` զննության:
Հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում պատիժը կրող դատապարտյալները պահվում են խցային տիպի կամ սովորական բնակելի շենքերում և կրում են հատուկ ձևի հագուստ: Խցային տիպի շենքերում պահվում են առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներ ճանաչված այն անձինք, որոնք դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 49 հոդվածի վեցերորդ մասում և 491 հոդվածի 2 և 3 կետերում թվարկված հանցագործությունների և ազատազրկման ձևով պատիժը կրելու ընթացքում կատարած հանցագործությունների համար, ինչպես նաև այն դատապարտյալները, որոնց մահապատիժը փոխարինվել է ազատազրկմամբ` ներման կամ ամնիստիայի կարգով:
Դատապարտյալներին չի թույլատրվում իրենց մոտ պահել փող և արժեքավոր իրեր, ինչպես նաև ուղղիչ աշխատանքային հիմնարկներում օգտագործումն արգելված առարկաներ: Դատապարտյալների մոտ հայտնաբերված փողն ու արժեքավոր իրերը վերցվում են և, որպես կանոն, պետականացվում են` ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ, որը պետք է հաստատված լինի դատախազի կողմից:
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքներով ու սույն օրենսգրքով սահմանված կարգով դատապարտյալներին թույլատրվում է անկանխիկ հաշվով ձեռք բերել սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ, ունենալ տեսակցություններ, ստանալ ծանրոցներ, հանձնուքներ ու փաթեթներ, դրամական փոխադրումներ, նամակագրություն վարել, ազգականներին դրամական փոխադրումներ ուղարկել:
Անհրաժեշտ դեպքերում ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիան իրավունք ունի զննելու ուղղիչ աշխատանքային հիմնարկ մտնող և դրանից դուրս եկող անձանց իրերն ու հագուստը:
(28.04.77, 25.12.87 խմբագրությամբ)
Հոդված 42. | Ուղղիչ աշխատանքային հիմնարկների ներքին կարգապահությունը |
Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում սահմանվում է խիստ կանոնակարգված ներքին կարգապահություն, որը նախատեսում է` դատապարտյալներին ուղղիչ աշխատանքային հիմնարկներում ընդունելու կարգը, դատապարտյալների վարքի կանոնները աշխատանքի և հանգստի ժամանակ, այն աշխատանքների և պաշտոնների ցանկը, ուր արգելվում է դատապարտյալների օգտագործումը, այն առարկաների և իրերի ցանկն ու քանակը, որ կարող են իրենց մոտ ունենալ դատապարտյալները, օգտագործումն արգելված առարկաները վերցնելու կարգը, ստուգումներ կատարելու, տեսակցությունների, ծանրոցներ, հանձնուքներ, փաթեթներ և նամակագրություն ընդունելու ու դատապարտյալներին հանձնելու կանոնները, ինչպես նաև դատապարտյալներին վաճառելու թույլատրվող սննդամթերքի և առաջին անհրաժեշտության առարկաների ցանկն ու քանակը:
Ներքին կարգապահության կանոնները հայտարարվում են բոլոր դատապարտյալներին:
Հոդված 43. | Դատապարտյալների կողմից սննդամթերք, առաջին անհրաժեշտության առարկաներ, գրականությունն և գրենական պիտույքներ ձեռք բերելը |
Դատապարտյալներին թույլատրում է ազատազրկման վայրերում վաստակած փողով ձեռք բերելու սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ, իսկ անաշխատունակ դատապարտյալներին, հղի կանանց, կրծքով կերակրող մայրերին և անչափահասներին` նաև դրամական առաքումների միջոցով ստացվող փողով: Դատապարտյալներին ծախսելու թույլատրվող փողի գումարը որոշվում է սույն օրենսգրքի 23-26, 30, 31, 37 և 38 հոդվածներով:
Արտադրական նորմաները գերակատարող կամ սահմանված առաջադրանքներն օրինակելիորեն կատարող դատապարտյալներին կարող են լրացուցիչ թույլատրվել ամսական ծախսեր` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, իսկ ծանր աշխատանքներում, աշխատանքի վնասակար պայմաններ ունեցող աշխատանքներում կամ բարձր լեռնային և ջրազուրկ շրջաններում տեղակայված ուղղիչ աշխատանքային հիմնարկներում արտադրանքի նորմաները գերակատարողներին կամ սահմանված առաջադրանքներն օրինակելիորեն կատարողներին` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Ծախսելու թույլատրված փողի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկը:
Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում դատապարտյալներին վաճառելու թույլատրվող սննդամթերքի և առաջին անհրաժեշտության առարկաների ցանկն ու քանակը սահմանվում են ուղղիչ աշխատանքային հիմնարկների ներքին կարգապահության կանոններով:
Դատապարտյալներին, անկախ նրանց նկատմամբ սահմանված ռեժիմի տեսակից սույն օրենսգրքի 23-26, 30, 31, 37 և 38 հոդվածներով նախատեսված գումարից բացի իրենց անձնական հաշիվներում ունեցած միջոցների հաշվին թույլատրվում է առանց սահմանափակման ձեռք բերել գրականություն, գրենական պիտույքներ, թերթեր և ամսագրեր:
(05.12.85, 01.07.98 ՀՕ-244 օրենքներ)
Հոդված 44. | Ազատազրկման դատապարտվածների կողմից ծանրոցներ, հանձնուքներ, փաթեթներ և դրամական առաքումներ ստանալը |
Ուղղիչ աշխատանքային գաղութում, դաստիարակչական աշխատանքային գաղութում պատիժ կրող անձանց, անկախ ռեժիմի տեսակից, ամսական թույլատրվում է ստանալ մինչև հիսուն կիլոգրամի չափով հանձնուք` միանգամից կամ մաս-մաս, իսկ բանտի ընդհանուր և ռեժիմներում պատիժ կրող անձանց` շաբաթական տասը կիլոգրամ հանձնուք, բայց ոչ ավելի, քան ամիսը քառասուն կիլոգրամ:
Գաղութի ստացիոնար բուժական հիմնարկներում բուժվող դատապարտյալները ծանրոցներ և հանձնուքներ են ստանում դատարանի կողմից նրանց նկատմամբ նշանակված ռեժիմի տեսակի նորմաներով:
Ուղղիչ աշխատանքային գաղութ-բնակավայրերում դատապարտյալների կողմից ստացվող ծանրոցների, հանձնուքների և փաթեթների քանակը չի սահմանափակվում:
Ծանրոցների, հանձնուքների և փաթեթների ընդունման ու դատապարտյալներին հանձնելու կարգը, ինչպես նաև այն առարկաների ցանկը, որ արգելվում է դատապարտյալներին ստանալու, սահմանվում են ուղղիչ աշխատանքային հիմնարկների ներքին կարգապահության կանոններով:
Ազատազրկման դատապարտվածներին թույլատրվում է առանց սահմանափակման ստանալ և ուղարկել դրամական առաքումներ բարեկամներին, իսկ ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիայի թույլտվությամբ` նաև այլ անձանց: Դատապարտյալի հասցեով ստացվող դրամական միջոցները հաշվեգրվում են նրա անձնական հաշվում, իսկ ուղղիչ աշխատանքային գաղութ-բնակավայրերում` հանձնվում են դատապարտյալին:
(25.12.87, 01.07.98 ՀՕ-244 օրենքներ)
Հոդված 45. | Ազատազրկման դատապարտվածների տեսակցությունները ազգականների և այլ անձանց հետ |
Դատապարտյալներին տեսակցություններ են տրվում` կարճատև, մինչև չորս ժամ տևողությամբ, և երկարատև` մինչև երեք օր տևողությամբ: Կարճատև տեսակցությունները տրվում են ազգականների կամ այլ անձանց հետ` ուղղիչ աշխատանքային հիմնարկի ներկայացուցչի ներկայությամբ: Երկարատև տեսակցություններ տրվում են համատեղ բնակվելու իրավունքով և միայն մերձավոր ազգականների` ամուսնու, ծնողների, երեխաների, որդեգրողների, որդեգրվածների, հարազատ եղբայրների ու քույրերի, պապի, տատի ու թոռների հետ:
Տարբեր ուղղիչ աշխատանքային հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալներին իրար հետ տեսակցություններ հատկացնելն արգելվում է:
Տեսակցությունների թիվն ու տեսակները սահմանվում են սույն օրենսգրքի 23-26, 30, 37 և 38 հոդվածներով:
Տեսակցություններ տալու կարգը սահմանվում է ուղղիչ աշխատանքային հիմնարկների ներքին կարգապահության կանոններով:
(լրաց. 01.07.98 ՀՕ-244 օրենք)
Հոդված 451. | Կարճատև մեկնումներ ազատազրկման վայրերի սահմաններից դուրս |
Ընդհանուր ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում, բոլոր տեսակի գաղութ-բնակավայրերում և դաստիարակչական աշխատանքային գաղութներում պահվող դատապարտյալներին կարող են թույլատրվել կարճատև մեկնումներ ազատազրկման վայրերի սահմաններից դուրս յոթ օրից ոչ ավելի ժամանակով, չհաշված մեկնման ու վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը (հինգ օրից ոչ ավելի), անձնական բացառիկ հանգամանքների կապակցությամբ` մերձավոր ազգականի մահ կամ ծանր հիվանդություն, որը սպառնում է հիվանդի կյանքին. տարերային աղետ, որը նյութական զգալի վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին:
Կարճատև մեկնումը թույլատրում է ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետը` համաձայնեցնելով դատախազի հետ, հաշվի առնելով դատապարտյալի անձն ու վարքը: Ուղղիչ աշխատանքային հիմնարկի սահմաններից դուրս դատապարտյալի գտնվելու ժամանակը հաշվվում է պատիժը կրելու ժամկետի մեջ: Դատապարտյալի ուղևորության արժեքը վճարում են անձամբ ինքը կամ նրա ազգականները: Ուղղիչ աշխատանքային հիմնարկի սահմաններից դուրս դատապարտյալի գտնվելու ժամանակի համար նրան վաստակ չի հաշվարկվում:
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 241 հոդվածին համապատասխան, անձնական բացառիկ հանգամանքների կապակցությամբ, ազատազրկման վայրերի սահմաններից դուրս դատապարտյալներին կարճատև մեկնում տրամադրելու կարգը սահմանում է ԽՍՀՄ ներքին գործերի մինիստրությունը` համաձայնեցնելով ԽՍՀՄ դատախազության հետ:
(ընդունվել է 28.04.77 թ., 05.12.85 թ. խմբագրությամբ)
Հոդված 46. | Ազատազրկման դատապարտված անձանց նամակագրությունը |
Դատապարտյալներին թույլատրվում է նամակներ ստանալ և ուղարկել անսահմանափակ քանակությամբ:
Դատապարտյալների անունով ստացվող նամակների հանձնումը, ինչպես նաև դատապարտյալների նամակների առաքումը հասցեատերերին կատարում է ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիան ոչ ուշ, քան երեք օրում նամակն ստացվելու կամ դատապարտյալի կողմից նամակը հանձնելու օրից:
(փոփ. 01.07.98 ՀՕ-244 օրենք)
Հոդված 47. | Ազատազրկված անձանց իրավաբանական օգնություն ցույց տալը |
Ազատազրկում կրող դատապարտյալներին իրավաբանական օգնություն ցույց տալու համար, իրենց` դատապարտյալների կամ նրանց մերձավոր ազգականների կամ հասարակական կազմակերպությունների գրավոր դիմումի հիման վրա, դատապարտյալներին տեսակցություն է թույլատրվում փաստաբանների հետ:
Տեսակցությունը տալիս է ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիան փաստաբանի կողմից իրավաբանական կոնսուլտացիայի օրդերը և իր ինքնությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:
Դատապարտյալի կամ փաստաբանի ցանկությամբ նրանց տեսակցությունները կարող են տեղի ունենալ մեկուսի:
Հոդված 48. | Ազատազրկում կրող դատապարտյալների առաջարկությունները, դիմումները և գանգատները |
Դատապարտյալները իրավունք ունեն առաջարկություններով, դիմումներով և գանգատներով դիմելու պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին և պաշտոնատար անձանց: Դատապարտյալների առաջարկությունները, դիմումները և գանգատները ուղղիչ աշխատանքային հիմնարկների ներքին կարգապահության կանոններին համապատասխան ուղարկվում են ըստ պատկանելույն ու լուծում են ստանում օրենքով սահմանված կարգով:
Դատախազին հասցեագրված գանգատները, դիմումները և նամակները ստուգման ենթակա չեն և ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում ուղարկվում են ըստ պատկանելույն:
Առաջարկությունների, դիմումների և գանգատների քննարկման արդյունքների մասին դատապարտյալներին հայտնվում է ստորագրությամբ:
(28.07.82, 28.04.83 խմբագրությամբ)
Գ Լ ՈՒ Խ 8
ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Հոդված 49. | Ազատազրկված անձանց ներգրավումը հանրօգուտ աշխատանքի |
Յուրաքանչյուր դատապարտյալ պարտավոր է աշխատել: Ուղղիչ աշխատանքային հիմնարկների ադմինիստրացիաները պարտավոր են ապահովել դատապարտյալների ներգրավումը հանրօգուտ աշխատանքի, հաշվի առնելով նրանց աշխատունակությունը և, ըստ հնարավորին, մասնագիտությունը: Հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում պատիժ կրողները, որպես կանոն, օգտագործվում են ծանր աշխատանքներում:
Դատապարտյալները, որպես կանոն, աշխատանքի են ներգրավվում ուղղիչ աշխատանքային հիմնարկների ձեռնարկություններում: Բանտում պահվող դատապարտյալները աշխատանքի են ներգրավվում միայն բանտի տերիտորիայում:
Դատապարտյալների աշխատանքը կազմակերպվում է սույն օրենսգրքի 18 հոդվածով նախատեսված պահանջների պահպանմամբ:
Մյուս նախարարությունների և գերատեսչությունների արտադրական օբյեկտներում աշխատանքի ներգրավվող դատապարտյալների աշխատանքը կազմակերպվում է մեկուսացման և պահակության պահանջների պահպանմամբ:
Այն աշխատանքների և պաշտոնների ցանկը, ուր արգելվում է ազատազրկման դատապարտվածների օգտագործումը, սահմանում է ուղղիչ աշխատանքային հիմնարկների ներքին կարգապահության կանոններով:
Ուղղիչ աշխատանքային հիմնարկների արտադրական-տնտեսական գործունեությունը պետք է ենթարկված լինի նրանց հիմնական խնդրին` դատապարտյալների ուղղմանը և վերադաստիարակմանը:
Հոդված 50. | Ազատազրկված անձանց աշխատանքի պայմանները |
Ուղղիչ աշխատանքային գաղութներում և բանտերում պատիժը կրող անձանց համար սահմանվում է ութժամյա աշխատանքային օր: Աշխատանքի (հերթափոխի) սկիզբն ու ավարտը սահմանվում են ուղղիչ աշխատանքային հիմնարկների ներքին կարգապահության կանոններով: Դատապարտյալներին շաբաթական տրվում է մեկ հանգստյան օր: Աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգով նրանք տոնական օրերին ազատվում են աշխատանքից:
Որոշ տեսակի աշխատանքներում, որտեղ ըստ արտադրության պայմանների չի կարող պահպանվել դատապարտյալների համար սահմանված աշխատաժամանակի ամենօրյա կամ ամենշաբաթյա տևողությունը, աշխատանքային օրենսդրությանը համապատասխան թույլատրվում է աշխատաժամանակի հանրագումարային հաշվարկ, որպեսզի հաշվարկվող ժամանակամիջոցում աշխատաժամանակի միջին տևողությունը չգերազանցի օրական ութ ժամից:
Դաստիարակչական աշխատանքային գաղութներում պատիժ կրող դատապարտյալների աշխատանքային օրվա տևողությամբ, ինչպես նաև ամեն շաբաթ նրանց հանգստի օրեր տրամադրելը սահմանվում է ընդհանուր հիմունքներով` աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:
Ազատազրկված անձինք պատիժը կրելու ժամանակամիջոցում արձակուրդի իրավունք չունեն:
Ազատազրկման ձևով պատիժը կրելու ժամանակաշրջանում դատապարտյալների աշխատած ժամանակը աշխատանքային ստաժի մեջ չի հաշվվում բացի այն դեպքերից, որոնք հատկապես նախատեսված են օրենքով:
Դատապարտյալների աշխատանքը կազմակերպվում է աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի այն կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են աշխատանքային օրենսդրությամբ:
(28.04.77, 05.12.85, 25.12.87 խմբագրությամբ)
Հոդված 51. | Ազատազրկված անձանց աշխատանքի վարձատրությունը |
Ազատազրկված անձանց աշխատանքը վարձատրվում է նրա քանակին և որակին համապատասխան` ժողովրդական տնտեսության մեջ գործող նորմաներով և գնահատումներով: Դատապարտյալների վաստակի հաշվեգրումը կատարվում է` հաշվի առնելով ուղղիչ աշխատանքային հիմնարկների պահպանության ծախսերի մասնակի հատուցումը նրանց կողմից:
Ուղղիչ աշխատանքային գաղութներում ու բանտերում ռեժիմի խախտումներ թույլ չտվող և արտադրանքի նորմաները կամ սահմանված առաջադրանքները կատարող դատապարտյալների անձնական հաշվում, անկախ բոլոր պահումներից, պետք է գրանցվի նրանց հաշվեգրված ամսական վաստակի ոչ պակաս, քան տասը տոկոսը, իսկ ռեժիմի խախտումներ թույլ չտվող առաջին և երկրորդ խմբի հաշմանդամների անձնական հաշվում` ոչ պակաս, քան քսանհինգ տոկոսը: Դաստիարակչական աշխատանքային գաղութներում ռեժիմի խախտումներ թույլ չտվող դատապարտյալների անձնական հաշվում, անկախ բոլոր պահումներից, պետք է գրանցվի նրանց հաշվեգրված ամսական վաստակի ոչ պակաս, քան քառասունհինգ տոկոսը:
Բոլոր տեսակի ուղղիչ աշխատանքային գաղութ-բնակավայրերում պատիժը կրող անձանց, ինչպես նաև այն դատապարտված կանանց, որոնց թույլատրված է սույն օրենսգրքի 78 հոդվածին համապատասխան բնակվել գաղութից դուրս, անկախ բոլոր պահումներից, պետք է վճարվի վաստակի ընդհանուր գումարի ոչ պակաս, քան հիսուն տոկոսը:
Ազատազրկված անձանց աշխատանքի վարձատրության պայմաններն ու կարգը, ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 29 հոդվածին համապատասխան, որոշում է ԽՍՀՄ Նախարարների խորհուրդը:
(28.04.77, 05.12.85, 29.04.87, 10.03.90 խմբագրությամբ)
Հոդված 52. | Ազատազրկված անձանց վաստակից պահումներ կատարելը |
Ուղղիչ աշխատանքային գաղութներում և բանտերում պատիժ կրող անձինք իրենց հաշվեգրված վաստակից հատուցում են սննդի, հագուստի, սպիտակեղենի և կոշկեղենի արժեքը, բացի հատուկ հագուստի և հատուկ սննդի արժեքից: Այդ ծախսերը հատուցելուց հետո հաշվեգրված վաստակից պահումներ են կատարվում ըստ կատարողական թերթիկների և այլ կատարողական փաստաթղթերի, ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417 հոդվածով սահմանված կարգով: Որպես այդ կանոնից բացառություն, անչափահաս երեխաների համար ալիմենտը հաշվարկվում է դատապարտյալի վաստակած ամբողջ գումարից, ներառյալ նաև այն մասը, որը հատկացվում է ուղղիչ աշխատանքային հիմնարկները պահելու ծախսերի հատուցման համար, և պահվում է մինչև այդ ծախսերի հատուցումը:
Անչափահասներին, ինչպես նաև առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներին սնունդը, հագուստը, սպիտակեղենը և կոշկեղենը տրվում են անվճար:
Հիվանդության պատճառով աշխատանքից ազատված դատապարտյալներին, հղի կանանց և կրծքով կերակրող մայրերին աշխատանքից ազատելու ժամանակամիջոցում սնունդը տրվում է անվճար:
Աշխատանքից չարամտորեն խուսափող դատապարտյալներից սննդի, հագուստի, սպիտակեղենի և կոշկեղենի արժեքը բռնագանձվում է նրանց անձնական հաշիվներում եղած միջոցներից:
(28.01.78, 28.07.82 խմբագրությամբ)
Հոդված 53. | Ազատազրկված անձանց առանց աշխատանքի վարձատրման աշխատանքներում ներգրավելը |
Դատապարտյալները առանց աշխատանքի վարձատրման կարող են ներգրավվել միայն ազատազրկման վայրերի և դրանց հարող տերիտորիաների բարեկարգման, ինչպես նաև դատապարտյալների կուլտուր-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքներում:
Այդ աշխատանքներում դատապարտյալները, որպես կանոն, ներգրավվում են հերթականությամբ, աշխատանքային ժամերից դուրս և օրական երկու ժամից ոչ ավելի:
Հոդված 54. | Պատիժը կրելու ժամանակ աշխատունակությունը կորցրած անձանց կենսաթոշակային ապահովությունը |
Ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու ժամանակ աշխատունակությունը կորցրած անձինք պատժից ազատվելուց հետո կենսաթոշակի և վնասի հատուցում ստանալու իրավունք ունեն այն դեպքում ու կարգով, որ սահմանված է ԽՍՀ Միության օրենսդրությամբ:
Գ Լ ՈՒ Խ 9
ՔԱՂԱՔԱԿԱՆ-ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ
Հոդված 55. | Քաղաքական-դաստիարակչական աշխատանքի խնդիրները |
Ազատազրկված անձանց հետ տարվում է քաղաքական-դաստիարակչական աշխատանք, որի նպատակն է դաստիարակել նրանց աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի, օրենքները ճշտորեն կատարելու, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու և սոցիալիստական սեփականության նկատմամբ հոգատար վերաբերմունք ունենալու ոգով, բարձրացնել դատապարտյալների գիտակցականությունը և կուլտուրական մակարդակը, զարգացնել նրանց օգտակար նախաձեռնությունը:
Ազատազրկված անձանց հետ քաղաքական-դաստիարակչական աշխատանքը կազմակերպում են ուղղիչ աշխատանքային հիմնարկների քաղաքական մարմինները և անց են կացնում գաղութների ու բանտերի բոլոր աշխատողները:
Դատապարտյալների մասնակցությունը քաղաքական-դաստիարակչական միջոցառումներին խրախուսվում և հաշվի է առնվում նրանց ուղղման ու վերադաստիարակման աստիճանը որոշելիս:
Հոդված 56. | Քաղաքական-դաստիարակչական աշխատանքի կազմակերպումն ու նրա ձևերը |
Ազատազրկված անձանց հետ տարվող քաղաքական-դաստիարակչական աշխատանքի հիմնական ձևերն են`
- անհատական աշխատանքը, որ տարվում է յուրաքանչյուր դատապարտյալի անձնավորությունը ուսումնասիրելու հիման վրա, հաշվի առնելով նրա կատարած հանցագործությունը, տարիքը, կրթությունը, մասնագիտությունը և մյուս առանձնահատկությունները.
- ագիտացիոն, պրոպագանդիստական, կուլտուր-մասսայական և ֆիզկուլտ-սպորտային աշխատանքը.
- աշխատանքային մրցությունը.
- խորհրդային օրենսդրության պարզաբանումը:
Ազատազրկված անձանց հետ քաղաքական-դաստիարակչական աշխատանքը տարվում է տարբերակված, հաշվի առնելով ուղղիչ աշխատանքային հիմնարկի տեսակը և նրանում սահմանված ռեժիմը:
Բանտերում և խցային տիպի շենքերում քաղաքական-դաստիարակչական աշխատանքը անց է կացվում գլխավորապես ըստ խցերի:
Հոդված 57. | Ինքնագործ կազմակերպությունները ազատազրկման վայրերում |
Ազատազրկման վայրերում պատիժ կրող դատապարտյալների մեջ կոլեկտիվիզմի հմտություններ զարգացնելու և նրանց օգտակար նախաձեռնությունը խրախուսելու, այլև դատապարտյալների ուղղման ու վերադաստիարակման վրա կոլեկտիվի ազդեցությունն օգտագործելու նպատակով, ուղղիչ աշխատանքային հիմնարկներում ստեղծվում են դատապարտյալների ինքնագործ կազմակերպություններ, որոնք աշխատում են այդ հիմնարկների ադմինիստրացիաների ղեկավարությամբ:
Ինքնագործ կազմակերպությունների կազմի մեջ մտնող դատապարտյալները չեն ազատվում արտադրության մեջ իրենց հիմնական աշխատանքից:
Հոդված 58. | Դատապարտյալների ինքնագործ կազմակերպությունների տեսակները և նրանց աշխատանքի ղեկավարումը |
Ընդհանուր, ուժեղացված և խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում, գաղութ-բնակավայրերում և դաստիարակչական աշխատանքային գաղութներում, սույն օրենսգրքի 16 հոդվածի համաձայն տնտեսական սպասարկման աշխատանքի համար քննչական մեկուսարաններում և բանտերում թողնված դատապարտյալների, ինչպես նաև խցային տիպի շենքերից հատուկ ռեժիմի գաղութների սովորական բնակելի շենքերը տեղափոխված դատապարտյալների շրջանում, իրենց օրինակելի վարքով և աշխատանքի ու ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքով աչքի ընկած անձանց թվից ստեղծվում են դատապարտյալների կոլեկտիվների խորհուրդներ:
Կոլեկտիվների խորհուրդներն ընտրվում են դատապարտյալների ընդհանուր ժողովներում` կամ նրանց ներկայացուցիչների ժողովներում` բաց քվեարկությամբ: Կոլեկտիվների խորհուրդների կազմը հաստատում է ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետը:
Կոլեկտիվների խորհուրդները իրենց աշխատանքի մասին կանոնավոր կերպով հաշվետվություններ են տալիս դատապարտյալների ժողովներում: Կոլեկտիվների խորհուրդների ընդունած որոշումները հաստատում է ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիան:
Բանտերում և հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութների խցային տիպի շենքերում պահվող դատապարտյալների շրջանում կարող են ստեղծվել բրիգադավարների խորհուրդներ, որոնք նշանակվում են ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիայի կողմից:
Ինքնագործ կազմակերպությունները կանոնավոր կերպով անց են կացնում միջոցառումներ, որոնց նպատակն է օգնել ուղղիչ աշխատանքային հիմնարկների ադմինիստրացիաներին` դատապարտյալներին ուղղելու և վերադաստիարակելու գործում:
Գ Լ ՈՒ Խ 10
ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
Հոդված 59. | Ազատազրկված անձանց ընդհանուր միջնակարգ կրթությունը, պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթությունը, արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցումը |
Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում իրականացվում են` դատապարտված երիտասարդների ընդհանուր միջնակարգ կրթությունը. մասնագիտություն չունեցող դատապարտյալների պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթությունը կամ պրոֆեսիոնալ ուսուցումը արտադրության մեջ:
Քառասունից բարձր տարիքի դատապարտյալները հանրակրթական ուսուցման, իսկ առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամները` նաև պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության կամ արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցման են ներգրավվում իրենց ցանկությամբ:
(12.12.86 խմբագրությամբ)
Հոդված 60. | Դաստիարակչական աշխատանքային գաղութներում դատապարտյալների ուսուցումը աշխատանքային օրվա տևողության սահմաններում |
Դաստիարակչական աշխատանքային գաղութներում պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթությունը և պրոֆեսիոնալ ուսուցումը արտադրության մեջ իրականացվում է դատապարտյալների աշխատանքային օրվա տևողության սահմաններում:
(12.12.86 խմբագրությամբ)
Հոդված 61. | Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում դատապարտյալներին աշխատանքից ազատելը քննությունների կապակցությամբ |
Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում դատապարտյալները քննություններ հանձնելու համար աշխատանքից ազատվում են ԽՍՀ Միության աշխատանքային օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված ժամկետով: Այդ ժամանակամիջոցի համար նրանց աշխատավարձ չի հաշվարկվում, սնունդ տրվում է անվճար:
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 31 հոդվածին համապատասխան, բոլոր տեսակների գաղութ-բնակավայրերում պատիժ կրող դատապարտյալների նյութական ապահովումը քննությունները հանձնելու ժամանակ իրականացվում է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից որոշվող կարգով ու պայմաններով:
Դաստիարակչական աշխատանքային գաղութներում պահվող դատապարտյալների կողմից դպրոցական, ինչպես նաև պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության կամ արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցման որակավորման քննություններին նախապատրաստվելու և հանձնելու ժամանակ գաղութի պետը սովորողներին ազատում է աշխատանքից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից սահմանվող կարգով:
(12.12.86 խմբագրությամբ)
Հոդված 62. | Ազատազրկված անձանց արտադրական որակավորման բարձրացումը |
Ուղղիչ աշխատանքային հիմնարկներում կարող է կազմակերպվել ազատազրկված անձանց արտադրական որակավորման բարձրացում, ինչպես նաև տվյալ ուղղիչ աշխատանքային հիմնարկի արտադրության համար անհրաժեշտ նոր մասնագիտությունների ուսուցում:
(12.12.86 խմբագրությամբ)
Հոդված 63. | Դատապարտյալների ուսուցումը հաշվի առնելը նրանց ուղղման ու վերադաստիարակման աստիճանը որոշելիս |
Ազատազրկված անձանց ընդհանուր միջնակարգ կրթությունը, պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթությունը և արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցումը խրախուսվում և հաշվի է առնվում նրանց ուղղման ու վերադաստիարակման աստիճանը որոշելիս:
(12.12.86 թ. խմբագրությամբ)
Հոդված 64. | Ազատազրկված անձանց ընդհանուր միջնակարգ կրթության, պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության և արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցման կազմակերպումը |
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 31 հոդվածին համապատասխան, ազատազրկված անձանց ընդհանուր միջնակարգ կրթության, պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության և արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցման կազմակերպումն իրականացվում է ԽՍՀ Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով:
(12.12.86 խմբագրությամբ)
Գ Լ ՈՒ Խ 11
ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ԵՎ ՏՈՒՅԺԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 65. | Ազատազրկված անձանց նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները |
Լավ վարքի ու աշխատանքի և ուսման նկատմամբ ազնիվ վերաբերմունքի համար դատապարտյալների նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները`
- շնորհակալություն հայտնել.
- արժանացնել արտադրության առաջավորների տախտակին.
- պարգևատրել գովասանագրով.
- պարգևատրել աշխատանքի լավագույն ցուցանիշների համար.
- թույլատրել տարեկան լրացուցիչ ստանալու մեկ ծանրոց կամ հանձնուք.
- տարեկան տալ լրացուցիչ մեկ կարճատև կամ երկարատև տեսակցություն.
- թույլատրել տոնական օրերին սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար լրացուցիչ ծախսելու մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի չափով գումար.
- ժամկետից շուտ հանել նախկինում տրված տույժը.
- սույն օրենսգրքի 41 հոդվածի երրորդ մասում նշված հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութում պահվող դատապարտյալներին պատժի ժամկետի ոչ պակաս, քան մեկ երրորդը կրելուց հետո խցային տիպի շենքերից տեղափոխում սովորական բնակելի շենքեր նույն գաղութում.
- բանտում ընդհանուր ռեժիմով պահվող դատապարտյալների զբոսանքի ժամանակի ավելացում` մինչև երկու ժամ, իսկ խիստ ռեժիմով պահվողներինը` մինչև մեկ ժամ:
Ուղղման ճանապարհը հաստատապես բռնած դատապարտյալները ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատժի կրումը շարունակելու համար կարող են ներկայացվել տեղափոխման.
- բանտից ուղղիչ աշխատանքային գաղութ` դատարանի դատավճռով նշանակված բանտարկության ժամկետի ոչ պակաս, քան մեկ երրորդը կրելուց հետո.
- հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութից խիստ ռեժիմի գաղութ` պատժի ժամկետի ոչ պակաս, քան կեսը հատուկ ռեժիմի գաղութում կրելուց հետո.
- ընդհանուր, ուժեղացված և խիստ ռեժիմների ուղղիչ-աշխատանքային գաղութներից հաստատապես ուղղման ճանապարհը բռնած անձանց գաղութ-բնակավայր` պատժի ժամկետի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 49 հոդվածի վեցերորդ մասում և 491 հոդվածի 3, 5 և 6 կետերում թվարկված դատապարտյալները` նշանակված պատժի ժամկետի առնվազն երկու երրորդը կրելուց հետո:
Հաստատապես ուղղման ճանապարհը բռնած անձանց գաղութ-բնակավայրեր փոխադրման ենթակա չեն`
1) առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստները.
2) առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների համար դատապարտված անձինք.
3) այն անձինք, որոնց մահապատիժը փոխարինվել է ազատազրկմամբ` ներման կամ ամնիստիայի կարգով.
4) այն անձինք, որոնց կատարած հանցագործության համար պատժի հետ միաժամանակ նշանակվել են հարբեցողության կամ թմրամոլության դեմ հարկադրական բուժման միջոցներ, ինչպես նաև այն անձինք, որոնք վեներական հիվանդության բուժման լրիվ կուրս չեն անցել:
Օրինակելի վարքով և աշխատանքի ու ուսման նկատմամբ ազնիվ վերաբերմունքով իրենց ուղղվելն ապացուցած դատապարտյալները կարող են օրենքով սահմանված կերպով ներկայացվել պայմանական վաղակետ ազատման կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինման:
(05.12.85, 19.03.98 ՀՕ-202, 01.07.98 ՀՕ-244 օրենքներ խմբ.)
Հոդված 66. | Ազատազրկված անձանց նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու կարգը |
Դրամական պարգևը հաշվեգրում է դատապարտյալի անձնական հաշվում:
Լրացուցիչ ծանրոցներ կամ հանձնուքներ ստանալու թույլտվության ձևով խրախուսանքը կարող է կիրառվել միայն այն դատապարտյալների նկատմամբ, ովքեր սույն օրենսգրքի համաձայն իրավունք ունեն ծանրոցներ և հանձնուքներ ստանալու:
Բանտում խիստ ռեժիմով պահվող դատապարտյալների նկատմամբ տեսակցություն տալու ձևով խրախուսանքի միջոցներ չեն կիրառվում:
Բանտում ընդհանուր ռեժիմով պահվող դատապարտյալներին խրախուսանքի կարգով կարող է տրվել միայն կարճատև տեսակցություն:
Բանտում պահվող դատապարտյալների զբոսանքի ժամանակի երկարացումը խրախուսանքի կարգով` կատարվում է մեկ ամսից ոչ ավելի ժամանակով:
Դատապարտյալի վրայից խրախուսանքի կարգով ժամկետից շուտ կարող է հանվել նախկինում տրված տույժերից միայն մեկը:
Հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում պահվող դատապարտյալների տեղափոխումը խցային տիպի շենքերից նույն գաղութի սովորական բնակելի շենքերը կատարվում է գաղութի պետի որոշմամբ:
Շնորհակալության ձևով խրախուսանքը հայտնվում է բանավոր կամ գրավոր` ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետի հրամանով:
Տարեկան լրացուցիչ մեկ ծանրոց կամ հանձնուք ստանալու, տարեկան լրացուցիչ մեկ կարճատև կամ երկարատև տեսակցություն տալու, նախկինում տրված տույժը ժամկետից շուտ հանելու, զբոսանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ թույլտվության ձևով խրախուսանքը կիրառվում է ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետի որոշմամբ: Մյուս խրախուսանքները կիրառվում են ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետի հրամանով:
(08.12.91 խմբագրությամբ)
Հոդված 67. | Ազատազրկված անձանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցները |
Պատիժը կրելու ռեժիմի պահանջները խախտելու համար դատապարտյալների նկատմամբ կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները`
- նախազգուշացում կամ նկատողություն.
- արտահերթ հերթապահություն` ազատազրկման վայրի շենքերն ու տերիտորիան մաքրելու համար.
- դաստիարակչական աշխատանքային գաղութներում պահվող դատապարտյալներին մեկ անգամ զրկել կինո, համերգ հաճախելուց, սպորտային խաղերին մասնակցելուց.
- զրկում հերթական տեսակցությունից.
- զրկում հերթական ծանրոցը կամ հանձնուքը ստանալու իրավունքից և մինչև մեկ ամիս ժամանակով արգելում գնելու սննդամթերք.
- սույն օրենսգրքի 23-26, 30, 37 և 38 հոդվածներով նախատեսված պահելու բարելավված պայմանների վերացում.
- ուղղիչ աշխատանքային գաղութներում պահվող դատապարտյալներին տեղավորել տուգանային մեկուսարանում մինչև տասնհինգ օր ժամանակով` աշխատանքի կամ ուսուցման դուրս բերելով կամ չբերելով, իսկ դաստիարակչական աշխատանքային գաղութներում պահվողներին` տեղավորել կարգապահական մեկուսարանում մինչև տասն օր ժամանակով.
- բանտերում պահվող դատապարտյալներին պատժախուց դնելը` առանց աշխատանքի կամ ուսուցման դուրս բերելու, մինչև տասնհինգ օր ժամանակով.
- ընդհանուր, ուժեղացված և խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում պահվող դատապարտյալներին, ինչպես նաև հատուկ ռեժիմի գաղութների սովորական բնակելի շենքերում պահվող դատապարտյալներին խցային տիպի շենքեր տեղափոխելը մինչև վեց ամիս ժամանակով. հատուկ ռեժիմի գաղութների խցային տիպի շենքերում պահվող դատապարտյալներին մենախցեր տեղափոխելը մինչև մեկ տարի ժամանակով, իսկ բանտերում պահվողներին` խիստ ռեժիմի տեղափոխելը երկուսից մինչև վեց ամիս ժամանակով. սույն օրենսգրքի 65 հոդվածի առաջին մասի տասներորդ պարբերությանը համապատասխան` հատուկ ռեժիմի գաղութի սովորական բնակելի շենքեր տեղափոխված դատապարտյալներին նույն գաղութի խցային տիպի շենքեր վերադարձնելը:
Ընդհանուր, ուժեղացված և խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութների խցային տիպի շենքերում և հատուկ ռեժիմի գաղութների մենախցերում սահմանվում է այն ռեժիմը, որը նախատեսված է բանտում խիստ ռեժիմի դատապարտվածներին պահելու համար:
Հղի կանայք, ինչպես նաև իրենց հետ կրծքի երեխաներ ունեցող կանայք տուգանային մեկուսարան, խցային տիպի շենքեր, իսկ բանտում` պատժախուց չեն դրվում և խիստ ռեժիմի չեն փոխադրվում:
Ռեժիմի պահանջները չարամտորեն խախտող դատապարտյալները ԽՍՀ Միության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 362 հոդվածով սահմանված կարգով պատիժը կրելու համար կարող են ներկայացվել տեղափոխման գաղութ-բնակավայրերից այնպիսի ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութ, որը նախկինում նրանց համար որոշել էր դատարանը, իսկ անզգուշությամբ կատարած հանցագործությունների համար դատապարտված և անզգուշությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրեր և դիտավորությամբ հանցագործություններ կատարած ու դիտավորությամբ հանցագործություններ կատարած անձանց գաղութ-բնակավայրեր ուղարկված անձինք` ընդհանուր ռեժիմի գաղութներ. հատուկ ռեժիմի գաղութից խիստ ռեժիմի գաղութ փոխադրված դատապարտյալները` հատուկ ռեժիմի գաղութ. ուղղիչ աշխատանքային գաղութից` բանտ, ոչ ավելի, քան երեք տարի ժամանակով, պատժի մնացած ժամկետը կրելով գաղութում. ընդհանուր ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութից` ուժեղացված ռեժիմի դաստիարակչական աշխատանքային գաղութ:
(28.04.77, 05.12.85, 25.12.87 խմբագրությամբ)
Հոդված 68. | Ազատազրկված անձանց նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու կարգը |
Տույժի միջոցներ կիրառելիս հաշվի են առնվում խախտումը կատարելու հանգամանքները և դատապարտյալի վարքը նախքան զանցանքը կատարելը: Նշանակվող տույժը պետք է համապատասխանի դատապարտյալի կատարած զանցանքի ծանրությանը և բնույթին: Տույժը նշանակվում է զանցանքը հայտնաբերելուց հետո ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում, իսկ եթե զանցանքի կապակցությամբ կատարվել է ստուգում` ապա նրա ավարտվելու օրից, բայց ոչ ուշ վեց ամսից զանցանքը կատարելու օրից: Տույժը, որպես կանոն, ի կատար է ածվում անհապաղ, իսկ բացառիկ դեպքերում` ոչ ուշ, քան մեկ ամսում` այն նշանակելու օրից:
Ընդհանուր, ուժեղացված, խիստ և հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում պահվող դատապարտյալների տեղափոխումը խցային տիպի շենքեր, իսկ հատուկ ռեժիմի գաղութներում պահվողների տեղափոխումը մենախցեր կատարվում է այն դեպքում, երբ ապարդյուն է մյուս ներգործության միջոցների կիրառումը, այլև այն դեպքերում, երբ չարամիտ կերպով խախտվում են պատիժը կրելու ռեժիմի պահանջները: Պատիժը կրելու ռեժիմի պահանջները չարամտորեն խախտելու դեպքում խցային տիպի շենքեր և մենախցեր տեղափոխելը միաժամանակ առաջ է բերում պահելու բարելավված պայմանների վերացումը:
Պահելու բարելավված պայմանների կրկին տեղափոխումը, իսկ հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում սույն օրենսգրքի 41 հոդվածի 3-րդ մասում նշված դատապարտյալների կրկին անգամ տեղափոխումը խցային տիպի շենքերից սովորական բնակելի շենքեր կարող է կատարվել ոչ շուտ, քան տույժը կրելու օրից մեկ տարի հետո, կամ մեկ տարուց շուտ, եթե պահելու պայմանների բարելավումը վերացնելու կամ խցային տիպի շենքեր կամ մենախուց տեղափոխելու ձևով նշանակված տույժը ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիան հանել է մինչև տարին լրանալը:
Խցային տիպի շենքերից և մենախցերից ժամկետից շուտ տեղափոխում չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկական եզրակացության համաձայն այդ անհրաժեշտ է` ելնելով դատապարտյալի առողջական վիճակից:
Նախազգուշացման կամ նկատողության, ազատազրկման վայրի շենքերն ու տերիտորիան մաքրելու արտահերթ հերթապահության, մեկ անգամ կինո, համերգ հաճախելուց և սպորտային խաղերին մասնակցելուց զրկելու ձևով տույժերը նշանակվում են բանավոր կամ գրավոր:
Ընդհանուր, ուժեղացված և խիստ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում պահվող դատապարտյալների կամ հատուկ ռեժիմի գաղութի սովորական բնակելի շենքերում պահվող դատապարտյալների տեղափոխումը խցային տիպի շենքեր և հատուկ ռեժիմի գաղութում պահվող դատապարտյալների տեղափոխումը նույն գաղութի մենախցեր կատարվում է գաղութի պետի պատճառաբանված որոշմամբ, նշելով այնտեղ պահելու ժամկետը:
Սույն օրենսգրքի 67 հոդվածի առաջին մասով նախատեսված մյուս տույժերը նշանակվում են ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետի որոշմամբ:
Ընդհանուր, ուժեղացված, խիստ և հատուկ ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութներում խցային տիպի շենքեր կամ հատուկ ռեժիմի գաղութներում մենախցեր տեղափոխված` պատիժ կրող դատապարտյալները, ինչպես նաև տուգանային մեկուսարանում տեղավորված` աշխատանքի դուրս բերվող դատապարտյալները աշխատում են մյուս դատապարտյալներից անջատ:
Պատժախցում, տուգանային կամ կարգապահական մեկուսարանում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալներին արգելվում է` տեսակցություններ ունենալ, նամակներ ուղարկել, սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերել, ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ստանալ, օգտվել սեղանախաղերից և ծխել: Պատժախցում և տուգանային մեկուսարանում պահվող դատապարտյալներին, բացի դրանից, անկողնու պարագաներ չեն տրվում և նրանք զբոսանքի չեն հանվում:
Կարգապահական մեկուսարաններում պահվող դատապարտյալներին ամենօրյա զբոսանք է տրվում մեկ ժամ տևողությամբ:
Պատժախցերում դատապարտյալները պահվում են միայնակ:
Դատապարտյալը կարող է իր վրա դրված տույժը գանգատարկել վերադաս պետին, սակայն գանգատ տալը չի կասեցնում տույժի գործադրումը:
Եթե տույժը կրելու օրից մեկ տարվա ընթացքում դատապարտյալը նոր տույժի չենթարկվի, նա համարվում է տույժ չունեցող:
(25.12.87, 08.11.91 խմբագրությամբ)
Հոդված 69. | Խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառող պաշտոնատար անձինք |
Սույն օրենսգրքի 65 և 67 հոդվածներում թվարկված խրախուսանքի և տույժի միջոցների կիրառման իրավունքից լիովին օգտվում են ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետը, ինչպես նաև բոլոր վերադաս պետերը:
Ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետի տեղակալները օգտվում են նույն իրավունքներից, բացառությամբ դատապարտյալներին խցային տիպի շենքեր և մենախցեր տեղափոխելու, ինչպես նաև տուգանային կամ կարգապահական մեկուսարան և պատժախուց տեղավորելու իրավունքից:
Գաղութների ջոկատների պետերը (ավագ դաստիարակները) իրավունք ունեն կիրառելու խրախուսանքի հետևյալ միջոցները`
- շնորհակալություն հայտնել (բանավոր).
- ժամկետից շուտ հանել ջոկատի պետի (ավագ դաստիարակի) նախկինում նշանակած տույժը:
Գաղութների ջոկատների պետերը (ավագ դաստիարակները) իրավունք ունեն նշանակելու տույժի հետևյալ միջոցները`
- նախազգուշացում անել կամ հայտարարել նկատողություն (բանավոր).
- նշանակել արտահերթ հերթապահություն` ազատազրկման վայրի շենքերը և տերիտորիան մաքրելու համար.
- դաստիարակչական աշխատանքային գաղութներում պահվող դատապարտյալներին մեկ անգամ զրկել կինո, համերգ հաճախելուց, սպորտային խաղերին մասնակցելուց:
Դաստիարակչական աշխատանքային գաղութների ջոկերի դաստիարակները իրավունք ունեն խրախուսանքի միջոցներ կիրառել` շնորհակալություն հայտնելու ձևով (բանավոր), ինչպես նաև տույժեր նշանակել նախազգուշացման կամ նկատողության ձևով (բանավոր):
Գ Լ ՈՒ Խ 12
ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 70. | Ազատազրկված անձանց նյութական պատասխանատվությունը |
Ազատազրկված անձինք պատիժը կրելու ժամանակ պետությանը պատճառած նյութական վնասի համար նյութական պատասխանատվություն են կրում`
ա) եթե նրանք վնասը պատճառել են աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում` ԽՍՀ Միության աշխատանքային օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չափերով.
բ) եթե վնասը պատճառվել է այլ գործողություններով` ԽՍՀ Միության քաղաքացիական օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված չափերով:
Եթե նյութական վնասը պատճառվել է պատիժը կրելու ժամանակ կատարված հանցագործությամբ, վնասը բռնագանձվում է ընդհանուր հիմունքներով:
Հոդված 71. | Ազատազրկված անձերից նյութական վնասը բռնագանձելու կարգը |
Ազատազրկման վայրերում պատիժը կրելու ժամանակ դատապարտյալի պատճառած նյութական վնասը բռնագանձվում է ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետի որոշմամբ, որը հայտարարվում է դատապարտյալին` ստորագրությամբ:
Դատապարտյալը կարող է ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետի որոշումը գանգատարկել վերադաս պաշտոնատար անձին: Գանգատ տալը չի կասեցնում վնասը բռնագանձելու վերաբերյալ որոշման կատարումը:
Վերադաս պաշտոնատար անձը, հիմքեր ունենալու դեպքում, կարող է վերացնել վնասի բռնագանձման վերաբերյալ որոշումը կամ փոխել բռնագանձման ենթակա գումարի չափը:
Սխալ կերպով բռնագանձված գումարը վերադարձվում է դատապարտյալին և հաշվեգրվում նրա անձնական հաշվում:
Պատժի կրումից ազատվելուց հետո դատապարտյալի կողմից պատիժը կրելու ժամանակ չհատուցված վնասը կարող է բռնագանձվել դատարանի վճռով` օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 13
ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ԲՈՒԺՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
(25.12.87 խմբագրությամբ)
Հոդված 72. | Ազատազրկված անձանց նյութական-կենցաղային ապահովումը |
Ազատազրկման վայրերում պատիժը կրող անձինք ապահովվում են սանիտարիայի և հիգիենայի կանոններին համապատասխանող անհրաժեշտ բնակարանակենցաղային պայմաններով: Ուղղիչ աշխատանքային գաղութներում մեկ դատապարտյալին ընկնող բնակելի տարածության նորման չի կարող պակաս լինել 2 քառակուսի մետրից, իսկ դաստիարակչական աշխատանքային գաղութներում և բանտերում` 2,5 քառակուսի մետրից:
Դատապարտյալներին տրամադրվում են անհատական քնելու տեղ և անկողնու պարագաներ: Նրանք ապահովվում են հագուստով, սպիտակեղենով և կոշիկով` ըստ սեզոնի ու հաշվի առնելով կլիմայական պայմանները: Աշխատանքի պաշտպանության օրենսդրությանը համապատասխան` ազատազրկված անձանց տրվում են արտահագուստ և պաշտպանական հարմարանքներ: Դատապարտյալները ստանում են օրգանիզմի նորմալ կենսունակությունն ապահովող սնունդ: Սննդի նորմաները տարբերակվում են` նայած ուղղիչ աշխատանքային հիմնարկի գտնվելու վայրի կլիմայական պայմաններին, դատապարտյալների կողմից կատարվող աշխատանքի բնույթին և աշխատանքի նկատմամբ նրանց վերաբերմունքին:
Հղի կանանց, կրծքով կերակրող մայրերի, անչափահասների, ինչպես նաև հիվանդների համար ստեղծվում են բարելավված բնակարանակենցաղային պայմաններ և սահմանվում են սննդի բարձր նորմաներ: Բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ այդ անձանց կարող է թույլատրվել ստանալու լրացուցիչ մթերային ծանրոցներ և հանձնուքներ:
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 36 հոդվածին համապատասխան ազատազրկված անձանց սննդի և նյութական-կենցաղային ապահովման նորմաները սահմանվում են ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից:
(28.04.77, 21.04.89 խմբագրությամբ)
Հոդված 73. | Ազատազրկված անձանց բուժսանիտարական ապահովումը |
Ազատազրկման վայրերում կազմակերպվում են անհրաժեշտ բուժպրոֆիլակտիկ հիմնարկներ, իսկ դատապարտված վարակիչ հիվանդներին բուժելու և պահելու համար` ուղղիչ աշխատանքային հիմնարկներ բուժհիմնարկների իրավունքներով:
Ազատազրկման վայրերում բուժպրոֆիլակտիկ և սանիտարահակահամաճարակային աշխատանքը կազմակերպվում և անց է կացվում առողջապահության վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան:
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 37 հոդվածին համապատասխան ազատազրկված անձանց բուժօգնություն ցույց տալու, սանիտարական հսկողությունը կազմակերպելու և իրականացնելու, առողջապահության մարմինների բուժպրոֆիլակտիկ և սանիտարապրոֆիլակտիկ հիմնարկներն օգտագործելու և այդ նպատակով դրանց բուժանձնակազմը ներգրավելու կարգը որոշվում է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության և ԽՍՀՄ առողջապահության նախարարության կողմից:
Անհրաժեշտության դեպքում ուղղիչ աշխատանքային գաղութներին կից կազմակերպվում են մանկատներ: Դատապարտյալները կարող են իրենց մինչև երկու տարեկան երեխաներին տեղավորել մանկատներում: Դատապարտյալների երկու տարին լրացած երեխաներն ուղարկվում են համապատասխան մանկական հիմնարկներ կամ հանձնվում են դատապարտյալի ազգականներին կամ այլ անձանց` Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքով սահմանված կարգով:
(25.12.87 խմբագրությամբ)
Հոդված 74. | Ազատազրկման դատապարտված ալկոհոլամոլների և թմրադեղամոլների հարկադրական բուժումը |
Ազատազրկման դատապարտվածները, որոնց նկատմամբ դատարանը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 12 և 57 հոդվածներին համապատասխան հարկադրական բուժում է կիրառել ալկոհոլամոլությունից և թմրադեղամոլությունից, պատիժը կրելու ժամանակ ենթարկվում են այդպիսի բուժման:
Եթե ազատազրկումը կրելու ժամանակ պարզվի, որ դատարանի դատավճռով հարկադրական բուժման չենթարկված դատապարտյալը ալկոհոլամոլ է կամ թմրադեղամոլ, ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիան միջնորդագիր է ներկայացնում ուղղիչ աշխատանքային հիմնարկի գտնվելու վայրի դատարանին` դատապարտյալի նկատմամբ հարկադրական բուժում կիրառելու մասին:
Եթե ազատազրկման վայրից ազատելու պահին դատապարտյալի բուժումը ավարտված չի լինի, հատուկ բուժական և աշխատանքային ռեժիմ ունեցող բժշկական հիմնարկներում այդ անձանց հարկադրական բուժումը երկարացվում է դատարանի կողմից, ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիայի միջնորդագրի հիման վրա` բժշկական եզրակացության առկայության դեպքում:
Գ Լ ՈՒ Խ 14
ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՆՑ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՈՒՂԵԿՑՄԱՆ
Հոդված 75. | Ազատազրկված անձանց երթևեկությունը առանց պահակախմբի կամ առանց ուղեկցման |
Ուղղիչ աշխատանքային գաղութներում ուղղման ճանապարհը հաստատապես բռնած դատապարտյալներին` պատժի ժամկետի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո, իսկ այն դատապարտյալներին, որոնց նկատմամբ օրենքին համապատասխան պայմանական վաղակետ ազատում չի կիրառվում` պատժի ժամկետի առնվազն երկու երրորդը կրելուց հետո, բացառիկ դեպքերում, կարող է թույլատրվել երթևեկության գաղութի սահմաններից դուրս` առանց պահակախմբի, եթե դա անհրաժեշտ է ըստ դատապարտյալների կողմից կատարվող աշխատանքի բնույթի:
Դաստիարակչական աշխատանքային գաղութներում պահվող այն դատապարտյալներին, որոնք հաստատապես բռնել են ուղղման ճանապարհը և կրել են առնվազն վեց ամիս ազատազրկում, կարող է առանց ուղեկցման երթևեկություն թույլատրվել գաղութի սահմաններից դուրս, եթե դա անհրաժեշտ է ըստ դատապարտյալների կողմից կատարվող աշխատանքի բնույթի:
Հոդված 76. | Ազատազրկված անձանց առանց պահակախմբի կամ առանց ուղեկցման երթևեկության իրավունքի սահմանափակումը |
Առանց պահակախմբի կամ համապատասխանաբար առանց ուղեկցման գաղութի սահմաններից դուրս երթևեկել չի թույլատրվում` առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստներին. առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների համար դատապարտվածներին. այն դատապարտյալներին, որոնց նկատմամբ նշանակված մահապատիժը ներման կամ ամնիստիայի կարգով փոխարինվել է ազատազրկմամբ. դատապարտված օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց. բանդիտիզմի համար դատապարտվածներին. ծանրացուցիչ հանգամանքներում հետևյալ հանցագործությունների համար դատապարտվածներին` կեղծ փող կամ արժեթղթեր պատրաստելը կամ իրացնելը, վալյուտային գործառնությունների կանոնների խախտումը, պետական կամ հանրային գույքի խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող հափշտակումը, կողոպուտը, ավազակությունը, կաշառակերությունը, դիտավորյալ սպանությունը, դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, բռնաբարությունը, միլիցիայի աշխատողի կամ ժողովրդական դրուժիննիկի կյանքի նկատմամբ կատարած ոտնձգության, առանձնապես չարամիտ խուլիգանության, ավազակային հարձակման միջոցով հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր հափշտակելու համար դատապարտվածներին. ազատազրկման վայրերում պատիժը կրելու ժամանակ դիտավորյալ հանցագործություններ կատարելու համար դատապարտվածներին, այն դատապարտյալներին, որոնք օգտվել են առանց պահակախմբի երթևեկելու իրավունքից, բայց դրանից զրկվել են խախտումներ թույլ տալու պատճառով, մշտական բնակավայր չունեցող դատապարտյալներին, ինչպես նաև այն դատապարտյալներին, որոնց նկատմամբ դատարանի կողմից հարկադրական բուժում է կիրառված ալկոհոլամոլությունից կամ թմրադեղամոլությունից:
Առանց պահակախմբի կամ առանց ուղեկցման դատապարտյալների երթևեկություն չի թույլատրվում Երևան քաղաքում, կուրորտային վայրերում և սահմանամերձ գոտում, ինչպես նաև այն բնակավայրերում, որ ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 38 հոդվածի համաձայն որոշում է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարությունը:
(28.07.82, 28.04.83 խմբագրությամբ)
Հոդված 77. | Ազատազրկված անձանց առանց պահակախմբի կամ առանց ուղեկցման երթևեկության իրավունք տալու կարգը |
Դատապարտյալին առանց պահակախմբի կամ առանց ուղեկցման գաղութի սահմաններից դուրս երթևեկելու իրավունք է տրվում գաղութի պետի պատճառաբանված որոշմամբ, որը պետք է հաստատվի վերադաս պետի կողմից:
Առանց պահակախմբի կամ առանց ուղեկցման երթևեկության իրավունքից օգտվող դատապարտյալները պետք է տեղավորվեն գաղութի առանձին բնակելի շենքում: Գաղութից դուրս նրանց բնակվել չի թույլատրվում:
Առանց պահակախմբի կամ առանց ուղեկցման գաղութի սահմաններից դուրս երթևեկելու թույլտվություն ստացած դատապարտյալների վարքի կանոնները սահմանվում են ուղղիչ աշխատանքային հիմնարկների ներքին կարգապահության կանոններով:
Եթե դատապարտյալը խախտում է ռեժիմը, վարքի կանոնները, կամ եթե փոխվում է աշխատանքի բնույթը, առանց պահակախմբի կամ առանց ուղեկցման երթևեկությունը վերացվում է գաղութի պետի որոշմամբ:
Հոդված 78. | Դատապարտված կանանց բնակվելը գաղութից դուրս |
Աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերվող և ռեժիմի պահանջները պահպանող դատապարտված կանանց, ուղղիչ աշխատանքային գաղութի պետի պատճառաբանված որոշմամբ կարող է թույլատրվել բնակվելու գաղութից դուրս` հղիության և ծննդաբերության հետևանքով աշխատանքից ազատման ժամանակամիջոցում, ինչպես նաև մինչև երեխայի երկու տարեկան դառնալը:
Գաղութից դուրս բնակվելու թույլտվություն ստացած դատապարտյալ կանայք`
- բնակեցվում են գաղութի տերիտորիայի մոտակայքում այդ գաղութին պատկանող բնակելի շենքերում և գտնվում են գաղութի ադմինիստրացիայի մշտական հսկողության տակ.
- կարող են կրել քաղաքացիական առօրյայում ընդունված հագուստ, իրենց մոտ փող ունենալ և դրանից օգտվել առանց սահմանափակման.
- կարող են առանց սահմանափակման ուղարկել և ստանալ նամակներ, դրամական փոխադրումներ ստանալ, տեսակցություններ ունենալ, ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ստանալ.
- արթնացումից մինչև քնելու ժամը օգտվում են ազատ երթևեկելու իրավունքից այն տերիտորիայում, որի սահմանները որոշում է գաղութի պետը.
- աշխատանքից ազատման հետծննդաբերական ժամանակաշրջանն անցնելուց հետո աշխատում են գաղութի ադմինիստրացիայի ցուցումի համաձայն և ընդհանուր հիմունքներով աշխատավարձ են ստանում տվյալ տեսակի ուղղիչ աշխատանքային հիմնարկներում պատիժը կրող մյուս դատապարտյալների հետ:
Ռեժիմի կամ վարքի կանոնների սիստեմատիկ կամ չարամիտ խախտման դեպքում գաղութի պետի պատճառաբանված որոշմամբ գաղութից դուրս բերվելու իրավունքը վերացվում է, իսկ դատապարտված կինը տեղափոխվում է գաղութ` հետագա պատիժը կրելու համար:
(28.08.74, 08.12.91 խմբագրությամբ)
Հոդված 79. | Ռեժիմի պահանջները ուղղիչ աշխատանքային հիմնարկների ձեռնարկություններում և մյուս նախարարությունների ու գերատեսչությունների արտադրական օբյեկտներում |
Ուղղիչ աշխատանքային հիմնարկների ձեռնարկություններում և մյուս նախարարությունների ու գերատեսչությունների արտադրական օբյեկտներում թույլատրվում է դատապարտյալների աշխատանքն անմիջականորեն ղեկավարող վարչական և ինժեներատեխնիկական ազատավարձու անձնակազմի, ինչպես նաև ազատավարձու որակյալ բանվորների աշխատանքի օգտագործումը, բայց ոչ ավելի աշխատող դատապարտյալների թվի 15 տոկոսից:
Դատապարտյալների հետ համատեղ աշխատող անձինք պարտավոր են պահպանել նրանց հետ ուղղիչ աշխատանքային հիմնարկների ադմինիստրացիայի սահմանած փոխհարաբերությունների կարգը: Այդ կարգը խախտելու դեպքում ուղղիչ աշխատանքային հիմնարկների ադմինիստրացիան իրավունք ունի արգելել այդ անձանց մուտքը այն արտադրական օբյեկտները, որտեղ աշխատում են դատապարտյալները:
Չի թույլատրվում դատապարտյալներին հանձնել իրեր, սննդամթերք, փող, ինչպես նաև ուղղիչ աշխատանքային հիմնարկներում օգտագործելու համար արգելված առարկաներ: Դրանում մեղավոր անձինք պատասխանատվության են ենթարկվում օրենքով սահմանված կարգով:
Անհրաժեշտ դեպքերում ադմինիստրացիան իրավունք ունի զննելու արտադրական օբյեկտները, ինչպես նաև արտադրական օբյեկտները մտնող և դրանցից դուրս եկող անձանց իրերն ու հագուստը, որտեղ աշխատում են դատապարտյալները:
(25.12.87 խմբագրությամբ)
Գ Լ ՈՒ Խ 15
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
Հոդված 80. | Ազատազրկված անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցները |
Ազատազրկված անձանց նկատմամբ, եթե նրանք ֆիզիկական դիմադրություն են ցույց տալիս ուղղիչ աշխատանքային հիմնարկների աշխատողներին, դրսևորում են սանձարձակություն կամ այլ բռնի գործողություններ կատարում, շրջապատին կամ հենց իրենց վնաս պատճառելը կանխելու նպատակով թույլատրվում է գործադրել ձեռնաշղթա կամ զսպաշապիկ:
Դատապարտված անչափահասների, ինչպես նաև կանանց նկատմամբ զսպաշապիկ չի գործադրվում:
Հոդված 81. | Զենք գործադրելու հիմքերը |
Ազատազրկված անձի կողմից հարձակում կամ այլ այնպիսի դիտավորյալ գործողություն կատարելու դեպքում, որն անմիջականորեն սպառնում է ուղղիչ աշխատանքային հիմնարկի աշխատողների կամ այլ անձանց կյանքին, ինչպես նաև կալանքից փախչելու դեպքում, եթե այլ միջոցներով անհնարին է կանխել նշված գործողությունները, որպես բացառիկ միջոց, թույլատրվում է զենք գործադրել:
Կանանց և անչափահասների փախուստի դեպքում զենք գործադրել չի թույլատրվում:
Զենք գործադրելու յուրաքանչյուր դեպքի մասին ազատազրկման վայրի ադմինիստրացիան պարտավոր է անհապաղ իրազեկ պահել դատախազին:
ՀԱՏՎԱԾ II-Ա-1
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄՈՎ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄՈՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ԱԶԱՏՈՒՄՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(ընդունվել է 28.04.77 թ.)
(վերացվել է 03.12.96)
Գ Լ ՈՒ Խ 15-Ա
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄՈՎ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄՈՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ԱԶԱՏՈՒՄՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(վերացվել է 03.12.96)
Հոդված 811. | Դատապարտյալներին պարտադիր կարգով աշխատանքի ներգրավման վայր ուղարկելը |
(վերացվել է 03.12.96)
Հոդված 812. | Պայմանականորեն դատապարտված և պայմանականորեն ազատված անձանց պարտականություններն ու իրավունքները |
(վերացվել է 03.12.96)
Հոդված 813. | Պայմանականորեն դատապարտված և պայմանականորեն ազատված անձանց վարչական շրջանի սահմաններից ժամանակավորապես դուրս գալու դեպքերը |
(վերացվել է 03.12.96)
Հոդված 814. | Պայմանականորեն դատապարտված և պայմանականորեն ազատված անձանց պատասխանատվությունը աշխատանքային կարգապահության, հասարակական կարգի և գրանցման կանոնների խախտման համար |
(վերացվել է 03.12.96)
Հոդված 815. | Պայմանականորեն դատապարտված և պայմանականորեն ազատված անձանց նկատմամբ կիրառվող խրախուսանքի և պատժի միջոցները |
(վերացվել է 03.12.96)
Հոդված 816. | Հսկողությունը պայմանականորեն դատապարտված և պայմանականորեն ազատված անձանց նկատմամբ |
(վերացվել է 03.12.96)
Հոդված 817. | Պայմանականորեն դատապարտված և պայմանականորեն ազատված անձանց աշխատանքը, այդ անձանց ազատումը աշխատանքից և փոխադրումը այդ վայրում աշխատելու |
(վերացվել է 03.12.96)
Հոդված 818. | Պայմանականորեն դատապարտված և պայմանականորեն ազատված անձանց հետ կատարվող քաղդաստիարակչական աշխատանքը |
(վերացվել է 03.12.96)
(ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-60-Ն օրենք)
ՀԱՏՎԱԾ III
ԱՔՍՈՐԻ, ԱՐՏԱՔՍՄԱՆ ԵՎ ԱՌԱՆՑ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 16
ԱՔՍՈՐԻ ՁԵՎՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՏԻԺՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 82. | Աքսորը կրելու վայրերը |
Աքսորի դատապարտվածները պատիժը կրում են այդ նպատակի համար որոշված վայրերում:
Բնակության համար որոշված վարչական շրջանի սահմաններում աքսորյալը բնակավայր է ընտրում ըստ իր հայեցողության, բացառությամբ սույն օրենսգրքի 90 հոդվածում նախատեսված դեպքերի:
Հիվանդության, ինչպես նաև այնպիսի այլ բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք խոչընդոտ են հանդիսանում աքսորի հետագա կրմանը տվյալ վայրում, դատապարտյալը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի կամ նրա տեղակալի պատճառաբանված որոշմամբ կարող է տեղափոխվել մի այլ աքսորավայր:
Հոդված 83. | Աքսոր ուղարկելը |
Աքսորի դատապարտվածները դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ այն կատարման հանձնելու օրվանից ամենաուշը տասնօրյա ժամկետում պետության հաշվին ուղարկվում են պատիժը կրելու վայրը առանց պահակախմբի կամ պահակախմբի ուղեկցությամբ:
Աքսորի դատապարտվածին առանց պահակախմբի կամ պահակախմբի ուղեկցությամբ աքսոր ուղարկելու հարցը որոշում է դատարանը, հաշվի առնելով կատարված հանցագործության բնույթը, հասարակական վտանգավորության աստիճանը և դատապարտյալի անձնավորությունը`
-աքսորը որպես հիմնական պատիժ նշանակելիս.
-ազատազրկման ձևով սահմանված պատժից պայմանական վաղակետ ազատելու հարցը լուծելիս այն դեպքում, երբ աքսորը նշանակված է որպես լրացուցիչ պատիժ.
-ազատազրկումը ավելի մեղմ պատժով` աքսորով փոխարինելիս:
Հիմնական պատիժն ազատազրկման ձևով կրած դատապարտյալները, եթե դատարանը նրանց նկատմամբ որպես լրացուցիչ պատիժ աքսոր է նշանակել, աքսորավայր են ուղարկվում պահակախմբի ուղեկցությամբ:
Առանց պահակախմբի դատապարտյալին աքսորավայր ուղարկելիս այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմինները դատապարտյալին կարգադրագիր են տալիս` մատնանշելով երթուղին և նրա` պատժի կրման վայրը ներկայանալու ժամկետը, նրան ապահովում են մեկնելու միջոցներով և սննդով` ճանապարհին գտնվելու ընթացքում, դատապարտյալին պարզաբանում են նրա պարտականություններն ու իրավունքները, նախազգուշացնում են աքսորավայրից կամ աքսորի ճանապարհից փախչելու համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 202 հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին, որի առթիվ նրանից ստորագրություն է վերցվում:
Եթե դատապարտյալը խուսափում է աքսորավայր մեկնելուց, այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմինները դատապարտյալին ձերբակալում և նյութերն ուղարկում են շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարան, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 365 հոդվածի կարգով` ոչ ավելի, քան երեք օրվա ընթացքում, քննելու դատապարտյալին պահակախմբի ուղեկցությամբ աքսորավայր ուղարկելու հարցը:
Ուղղիչ աշխատանքային հիմնարկից ազատված անձին աքսորավայր ուղարկելիս այդ ուղղիչ աշխատանքային հիմնարկը պարտավոր է տվյալ անձին ապահովել հագուստով ու կոշիկով` ըստ սեզոնի, և սննդով` ճանապարհին գտնվելու ընթացքում:
Դատավճռի կայացումից հետո կալանքի տակ գտնվելու և պահակախմբի ուղեկցությամբ աքսորավայր ուղարկելու ժամանակը պետք է մտնի պատժի ժամկետի մեջ` կալանքի կամ պահակախմբի հսկողության տակ գտնվելու մեկ օրը հաշվելով աքսորի երեք օրվա դիմաց. առանց պահակախմբի աքսորավայր մեկնելու ժամանակը` ճանապարհին գտնվելու մեկ օրը հաշվելով աքսորի մեկ օրվա դիմաց:
Հոդված 84. | Աքսոր կրելու պայմանները |
Աքսորի դատապարտվածները գտնվում են այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմինների հսկողության տակ:
Աքսորը կրելու համար նշանակված շրջանը ժամանելուց հետո դատապարտյալը պարտավոր է մեկ օրվա ընթացքում գրանցվել պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի ներքին գործերի տեղական մարմնում, ամիսը մեկ անգամ սահմանված ժամկետին գրանցման ներկայանալ այնտեղ, իսկ այն դեպքում, երբ այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմնի ղեկավարի որոշմամբ անհրաժեշտ է համարվում ուժեղացնել վերահսկողությունը աքսորյալի նկատմամբ` գրանցման ներկայանալ ամիսը մինչև չորս անգամ, երկօրյա ժամկետում այդ մարմնին հայտնել իր բնակության և աշխատանքի վայրը փոխելու մասին:
Պատիժը կրելու ժամանակաշրջանում աքսորյալն ապրում է առանց անձնագրի, որի փոխարեն այդ պատժատեսակի կատարումն տնօրինող մարմինը նրան տալիս է ինքնությունը հաստատող վկայական:
Վարչական շրջանի սահմաններից դուրս դատապարտյալի մեկնումը կարող է թույլատրվել միայն սույն օրենսգրքի 88 հոդվածով սահմանված դեպքերում և կարգով:
Այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմնի աշխատողները սիստեմատիկաբար ստուգում են աքսորյալի գտնվելը նրա բնակության համար սահմանված տեղում, նրա վարքը աշխատանքի ու բնակության վայրում և, անհրաժեշտ դեպքում, նրան բացատրության են կանչում: Եթե աքսորյալը առանց հարգելի պատճառի չի ներկայանում այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմին, նա կարող է բերման ենթարկվել:
(05.12.85 խմբագրությամբ)
Հոդված 85. | Աքսոր կրող անձանց աշխատանքը |
Աքսոր կրող անձանց ուղղումն ու վերադաստիարակումն իրականացվում է նրանց պարտադիր կարգով հանրօգուտ աշխատանքի ներգրավելու միջոցով` հաշվի առնելով նրանց աշխատունակությունը, և նրանց քաղաքական-դաստիարակչական աշխատանք տանելով:
Աշխատանքի տեղն ու տեսակը աքսորյալն ընտրում է իր հայեցողությամբ, բայց այն վայրում, որ նշանակված է աքսորը կրելու համար:
Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները աքսորյալներին` պատիժը կրելու վայրը ժամանելու օրից հաշված ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, ապահովում են աշխատանքով, հաշվի առնելով նրանց աշխատունակությունը և, ըստ հնարավորին, մասնագիտությունը, ինչպես նաև բնակելի տարածությամբ և, անհրաժեշտ դեպքում, նրանց նյութական օգնություն են ցույց տալիս մինչև աշխատանքի ընդունվելը:
Աքսորյալներին աշխատանքի տեղավորելու վերաբերյալ պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կարգադրագրերը պարտադիր են ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների համար:
Հանրօգուտ աշխատանքից խուսափելու համար աքսորյալները պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով:
Աքսորը կրող անձանց աշխատանքը կարգավորվում է աշխատանքային օրենսդրության ընդհանուր հիմունքներով:
(05.12.85 խմբագրությամբ)
Հոդված 86. | Աքսոր կրող անձանց հետ տարվող քաղաքական-դաստիարակչական աշխատանքը |
Աքսոր կրող անձանց հետ տարվում է քաղաքական-դաստիարակչական աշխատանք, որ կազմակերպում են այդ պատժատեսակը կատարող մարմինները և որն ուղղված է աշխատանքի նկատմամբ ազնվորեն վերաբերվելու, օրենքները ճշտորեն կատարելու և սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու, սոցիալիստական սեփականությանը խնամքով վերաբերվելու ոգով նրանց դաստիարակմանը, դատապարտյալների գիտակցականությունը և կուլտուրական մակարդակը բարձրացնելուն:
Աքսոր կրող անձանց հետ քաղաքական-դաստիարակչական աշխատանքը տարվում է այդ պատժատեսակը կատարող մարմինների, աքսորյալների աշխատանքի վայրի աշխատավորական կոլեկտիվների և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև նրանց բնակության վայրի հասարակայնության կողմից:
Քաղաքական-դաստիարակչական միջոցառումներին դատապարտյալների մասնակցությունը խրախուսվում և հաշվի է առնվում նրանց ուղղման ու վերադաստիարակման աստիճանը որոշելիս:
(28.04.83 խմբագրությամբ)
Հոդված 87. | Աքսոր կրող անձանց աշխատանքի վայրի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ադմինիստրացիայի պարտականությունները |
Աքսոր կրող անձանց աշխատանքի վայրի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ադմինիստրացիայի վրա դրվում է`
- արտադրության մեջ դատապարտյալի վարքի նկատմամբ վերահսկողությունը.
- աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերվելու, աշխատանքային և պետական կարգապահությունը պահպանելու, արտադրական որակավորումը բարձրացնելու ոգով դատապարտյալների դաստիարակությունը.
- դատապարտյալի նկատմամբ կիրառված խրախուսանքի ու տույժի միջոցների և աքսորը կրելու ռեժիմը դատապարտյալի կողմից խախտելու մասին իրազեկ պահելը այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմնին:
Հոդված 88. | Աքսորյալի ժամանակավոր մեկնումը նրա բնակության համար որոշված շրջանի սահմաններից դուրս |
Աքսորյալին կարող է թույլատրվել նրա բնակության համար որոշված շրջանի սահմաններից ժամանակավորապես մեկնել հետևյալ դեպքերում`
- որպես խրախուսանք լավ վարքի ու աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերվելու համար` հերթական արձակուրդի ժամկետով.
- երբ ուսումնական հաստատությունը կանչում է ուսումնական սեսիայի, պետական քննություններ հանձնելու և դիպլոմի պաշտպանության համար` կանչի մեջ մատնանշված ժամկետով.
- երբ առաջանում է մասնագիտական բուժման անհրաժեշտություն, եթե անհնարին է համապատասխան բուժօգնություն ստանալ տեղում` բուժական հիմնարկում գտնվելու ժամկետով.
- մերձավոր ազգականի մահվան կամ ծանր հիվանդության կամ այլ բացառիկ հանգամանքների կապակցությամբ` մինչև տասն օր, չհաշված ճանապարհին գտնվելու ժամանակը.
- պաշտոնական գործուղման առթիվ` գործուղման ժամկետի ընթացքում, բայց ոչ ավելի տասն օրից:
Աքսորյալի ժամանակավոր մեկնելու թույլտվությունը տալիս է այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմինը:
Մեկնելու թույլտվություն ստացած աքսորյալը պարտավոր է գրանցվել իր ժամանակավորապես գտնվելու վայրի պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի ներքին գործերի բաժնում, ներկայացնելով մեկնելու թույլտվությունը:
Այդպիսի դեպքերում բնակության համար որոշված վարչական շրջանի սահմաններից դուրս գտնվելու ժամանակը հաշվարկվում է պատժի կրման ժամկետի մեջ:
Առանց հարգելի պատճառների աքսորյալի ուշ ներկայանալը պատժի կրման վայրը առաջ է բերում աքսորյալի պատասխանատվությունը սույն օրենսգրքի 90 հոդվածին համապատասխան:
(05.12.85 խմբագրությամբ)
Հոդված 89. | Աքսոր կրող անձանց նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները |
Աքսորյալների նկատմամբ` նրանց աշխատանքի վայրի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ադմինիստրացիան խրախուսանքի միջոցներ է կիրառում աշխատանքային օրենսդրությանը համապատասխան, ընդհանուր հիմունքներով:
Աքսորի վերաբերյալ դատավճիռների կատարումը տնօրինող մարմինները կարող են լավ վարքի և դեպի աշխատանքն ունեցած ազնիվ վերաբերմունքի համար աքսորյալի նկատմամբ կիրառել խրախուսանքի հետևյալ միջոցները`
- շնորհակալության հայտարարում.
- նախկինում նշանակված տույժի վաղակետ հանում.
- աքսորյալի բնակության համար որոշված վարչական շրջանի սահմաններից նրա մեկնելու թույլտվություն` հերթական արձակուրդի ժամկետով:
Աքսոր կրող այն անձինք, որոնք օրինակելի վարքով և աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքով ապացուցել են իրենց ուղղված լինելը, կարող են օրենքով սահմանված կարգով ներկայացվել պատժից պայմանական վաղակետ ազատման կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինման:
Հոդված 90. | Աքսոր կրող անձանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցները |
Աքսորյալների նկատմամբ` նրանց աշխատանքի վայրի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ադմինիստրացիան տույժի միջոցներ է կիրառում աշխատանքային օրենսդրությանը համապատասխան, ընդհանուր հիմունքներով:
Աքսորի վերաբերյալ դատավճիռների կատարումը տնօրինող մարմինները կարող են աքսորի ռեժիմի խախտման համար աքսորյալի նկատմամբ կիրառել տույժի հետևյալ միջոցները`
- նախազգուշացում.
- նկատողություն.
- վարչական շրջանի սահմանագծի մեջ մտնող որոշակի բնակավայրի շրջանակում բնակության համար վայրի սահմանափակում մինչև վեց ամիս ժամկետով:
Տույժ նշանակելուց առաջ դատապարտյալներից պահանջվում է գրավոր բացատրություն, որը ենթակա է ստուգման: Տույժ նշանակվել չի կարող զանցանքի հայտնաբերման օրից մեկ ամիս անցնելուց հետո: Տույժ նշանակելը (բացառությամբ բանավոր հայտարարվող տույժերի) ձևակերպվում է որոշմամբ, որը հայտարարվում է դատապարտյալին: Տույժը կարող է գանգատարկվել վերադաս պաշտոնատար անձին: Գանգատ տալը տույժի կիրառումը չի կասեցնում:
Եթե տույժի նշանակման օրից մեկ տարվա ընթացքում դատապարտյալը նոր տույժի չենթարկվի, նա համարվում է տույժ չունեցող:
Գ Լ ՈՒ Խ 17
ԱՐՏԱՔՍՄԱՆ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 91. | Դատապարտյալների արտաքսման կարգը |
Արտաքսման դատապարտվածները դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ այն կատարման հանձնելու օրվանից ամենաուշը տասնօրյա ժամկետում հեռացվում են իրենց բնակության վայրից:
Դատապարտյալը կանչվում է արտաքսման ձևով սահմանված պատժի կատարումը տնօրինող մարմին և նրանից ստորագրություն է վերցվում այն մասին, որ նա պարտավորվում է սահմանված ժամկետում հեռանալ բնակության համար իրեն արգելված վայրից: Ընդ որում, արտաքսվողին պարզաբանվում են նրա պարտականություններն ու իրավունքները, նախազգուշացվում է ինքնագլուխ կերպով բնակության համար իրեն արգելված վայրերը վերադառնալու դեպքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 204 հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին:
Եթե արտաքսվողն այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմին չի ներկայանում, նա կարող է բերման ենթարկվել:
Եթե արտաքսման դատապարտվածը խուսափում է մեկնել իր բնակության վայրից, ապա նա հարկադրական կարգով հեռացվում է այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմնի կողմից:
Արտաքսման դատապարտվածները բնակության համար իրենց արգելված վայրից մեկնում են իրենց հաշվին: Բացառիկ դեպքերում այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմինները արտաքսվողին նյութական օգնություն են ցույց տալիս այլ վայր մեկնելու համար:
Հոդված 92. | Արտաքսումը կրելու կարգը |
Արտաքսվածն իր հայեցողությամբ ընտրում է աշխատանքի և բնակության վայր, բացի այն վայրերից, որտեղ նրա բնակվելն արգելված է դատարանի դատավճռով:
Ընտրած բնակավայրը ժամանելուց հետո արտաքսվածը պարտավոր է երեք օրվա ընթացքում իր գալու մասին, իսկ հետագայում` աշխատանքի անցնելու, ինչպես նաև իր աշխատանքի տեղն ու բնակավայրը փոխելու մասին իրազեկ պահել պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի ներքին գործերի բաժնին` արտաքսվածի դատապարտման վայրի ներքին գործերի բաժնին իրազեկ պահելու համար:
Արտաքսվածի մեկնումը բնակության համար նրան արգելված վայրեր կարող է թույլատրվել միայն սույն օրենսգրքի 93 հոդվածով սահմանված դեպքերում ու կարգով:
Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները արտաքսվածներին օգնում են աշխատանքի տեղավորվելու և բնակելի տարածություն ստանալու:
Արտաքսում կրող անձանց աշխատանքը կարգավորվում է աշխատանքային օրենսդրությամբ` ընդհանուր հիմունքներով:
Արտաքսում կրող անձանց հետ տարվում է քաղաքական-դաստիարակչական աշխատանք, որն ուղղված է աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերվելու, օրենքները ճշտորեն կատարելու և սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու, սոցիալիստական սեփականությանը խնամքով վերաբերվելու ոգով նրանց դաստիարակմանը, դատապարտվածների գիտակցականությունը և կուլտուրական մակարդակը բարձրացնելուն:
Արտաքսում կրող անձանց հետ քաղաքական-դաստիարակչական աշխատանք է տարվում նրանց աշխատանքի վայրի աշխատավորական կոլեկտիվների և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև դատապարտվածների բնակության վայրի հասարակայնության կողմից:
(05.12.85 խմբագրությամբ)
Հոդված 93. | Արտաքսվածի ժամանակավոր մեկնումը բնակության համար իրեն արգելված վայրերը |
Արտաքսում կրող անձանց կարող է թույլատրվել ժամանակավորապես մեկնել և ժամանակավորապես գտնվել բնակության համար նրանց արգելված վայրերում հետևյալ դեպքերում`
- որպես խրախուսանք լավ վարքի և աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերվելու համար` հերթական արձակուրդի ժամկետով.
- երբ ուսումնական հաստատությունը կանչում է ուսումնական սեսիայի, ինչպես նաև պետական քննություններ հանձնելու և դիպլոմի պաշտպանության համար` կանչի մեջ մատնանշված ժամկետով.
- մերձավոր ազգականի մահվան կամ ծանր հիվանդության կամ այլ բացառիկ հանգամանքների կապակցությամբ` մինչև տասն օր, չհաշվելով ճանապարհին գտնվելու ժամանակը.
- պաշտոնական գործուղման կապակցությամբ` գործուղման ժամկետի ընթացքում, բայց ոչ ավելի տասն օրից:
Ժամանակավորապես մեկնելու թույլտվություն ստացած արտաքսվածը պարտավոր է գրանցվել ժամանակավորապես գտնվելու վայրի պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի ներքին գործերի բաժնում, ներկայացնելով մեկնելու թույլտվությունը:
Այդպիսի դեպքերում բնակության համար արգելված վայրերում գտնվելու ժամանակը մտնում է պատժի կրման ժամկետի մեջ:
Արտաքսվածին ժամանակավորապես բնակության համար նրան արգելված վայրերը մեկնելու թույլտվությունը տրվում է արտաքսվածի գտնվելու վայրի ներքին գործերի մարմնի պետի պատճառաբանված որոշմամբ, այդ մասին իրազեկ պահելով դատապարտման վայրի` այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմնին:
(05.12.85 խմբագրությամբ)
Հոդված 94. | Արտաքսումը կրող անձանց նկատմամբ կիրառվող խրախուսանքի և տույժի միջոցները |
Արտաքսվածների աշխատանքի վայրի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ադմինիստրացիան նրանց նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ է կիրառում աշխատանքային օրենսդրությանը համապատասխան, ընդհանուր հիմունքներով:
Արտաքսման վերաբերյալ դատավճռի կատարումը տնօրինող մարմինը արտաքսվածին` լավ վարքի և աշխատանքի նկատմամբ ազնվորեն վերաբերվելու համար, կարող է թույլատրել մեկնել բնակության համար նրան արգելված վայրերը` հերթական արձակուրդի ժամկետով:
Արտաքսման դատապարտված անձինք, որոնք օրինակելի վարքով և աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքով ապացուցել են իրենց ուղղված լինելը, կարող են օրենքով սահմանված կարգով ներկայացվել պայմանական վաղակետ ազատման կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինման:
Գ Լ ՈՒ Խ 18
ԱՌԱՆՑ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆ Ի ԿԱՏԱՐ ԱԾԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 95. | Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների տեսակները |
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքները կրում են դատարանի դատավճռին համապատասխան` դատապարտյալի աշխատանքի վայրում կամ այլ վայրերում, որ որոշում են այդ պատժատեսակը կատարող մարմինները, բայց դատապարտյալի բնակության շրջանում, հաշվի առնելով նրա աշխատունակությունը և, ըստ հնարավորին, մասնագիտությունը: Անչափահասի նկատմամբ, բացի այդ, հաշվի է առնվում նրա վարքի և նրա կողմից արտադրական որակավորում ստանալու նկատմամբ պատշաճ հսկողություն ապահովելու անհրաժեշտությունը:
Հոդված 96. | Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրելու կարգը |
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքները կրում են պետական և հասարակական ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում:
Ըստ աշխատանքի վայրի առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձինք մնում են աշխատելու նույն ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում, ուր նրանք աշխատել են մինչև դատապարտվելը` նախկին պաշտոնում կամ աշխատանքում, բացի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 25 հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքերից: Այդ անձանց այլ պաշտոնի կամ աշխատանքի փոխադրումը կարող է տեղի ունենալ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր հիմունքներով:
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների կրումը այլ վայրերում իրագործվում այն բնակավայրի սահմաններում, ուր ապրում է դատապարտյալը, կամ այն վայրերում, որտեղից նա հնարավորություն ունի ամեն օր վերադառնալ մշտական բնակավայրը:
Դատավճռի կայացումից հետո անաշխատունակ ճանաչված դատապարտյալների նկատմամբ այդ պատժատեսակը կատարող մարմինները միջնորդություն են ներկայացնում դատարան` առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքները փոխարինելու այլ, ավելի մեղմ պատժատեսակով:
(28.04.83 խմբագրությամբ)
Հոդված 97. | Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների ձևով նշանակված պատժի կատարման կազմակերպումը |
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրող անձանց ուղղումն ու վերադաստիարակումը իրականացվում է հանրօգուտ աշխատանքին նրանց մասնակցության հիման վրա: Դատապարտյալների վարքի նկատմամբ վերահսկողությունը և նրանց հետ տարվող քաղաքական-դաստիարակչական աշխատանքը կենսագործում են պատժի կրման վայրի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների աշխատավորական կոլեկտիվները:
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների ձևով նշանակված պատժի կատարման կազմակերպումը իրականացնում են այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմինները:
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտվածները պարտավոր են պահպանել պատժի կրման համար սահմանված կարգը, ներկայանալ այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմինների կանչով: Առանց հարգելի պատճառի այդ պահանջը չկատարելու դեպքում դատապարտյալը կարող է բերման ենթարկվել:
(28.07.82 խմբագրությամբ)
Հոդված 98. | Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց վերաբերյալ դատավճիռների կատարումը |
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց վերաբերյալ դատավճիռներն ի կատար են ածվում դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ այն կատարման հանձնելու օրվանից ամենաուշը տասնօրյա ժամկետում:
Ըստ աշխատանքի վայրի առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց նկատմամբ այդ պատժատեսակը կատարող մարմինները, դատապարտյալի վերաբերյալ փաստաթղթերն ստանալուց ոչ ուշ, քան հաջորդ օրը ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիային են ուղարկում դատավճռի պատճենը և սահմանված ձևի ծանուցագիր: Եթե դատապարտյալը թողել է նախկին աշխատանքի վայրը և ոչ մի տեղ չի աշխատում, այդ պատժատեսակը կատարող մարմինները դատապարտյալին առաջարկում են տասնհինգօրյա ժամկետում աշխատանքի ընդունվել և, անհրաժեշտության դեպքում, նրան օգնում են աշխատանքի տեղավորվելու: Եթե նշված ժամկետում դատապարտյալն առանց հարգելի պատճառի աշխատանքի չընդունվի, նրա նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 105 հոդվածով նախատեսված միջոցները:
Այդ վայրերում կրելու համար առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտվածները կանչվում են այդ պատժատեսակը կատարող մարմիններ և ամենաուշը տասնօրյա ժամկետում ուղարկվում են դատապարտյալի բնակության շրջանի համապատասխան ձեռնարկություն, հիմնարկ և կազմակերպություն:
Դատավճիռն ի կատար ածելու մասին այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմինները ծանուցում են դատավճիռ կայացնող դատարանին:
Հոդված 99. | Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրելու ժամկետը հաշվելը |
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրելու ժամկետը հաշվվում է ամիսներով և օրերով, որոնց ընթացքում դատապարտյալն աշխատել է և նրա վաստակից պահումներ են կատարվել:
Դատապարտյալի աշխատած օրերի քանակը պետք է համապատասխանի այն աշխատանքային օրերի քանակին, որոնք ընկնում են դատարանի կողմից սահմանված պատժի օրացուցային ժամկետի մեջ: Եթե դատապարտյալը նշված քանակի աշխատանքային օրեր չի աշխատել և բացակայում են չաշխատած օրերը պատժի ժամկետի մեջ հաշվարկելու համար սույն օրենսգրքով սահմանված հիմքերը, ուղղիչ աշխատանքների կրումը շարունակվում է` մինչև դատապարտյալը լրիվ կաշխատի պահանջվող քանակի աշխատանքային օրեր:
Պատիժը կրելու ժամկետի մեջ հաշվարկվում է այն ժամանակը, որի ընթացքում դատապարտյալը չի աշխատել հարգելի պատճառով և նրան աշխատավարձ է վճարվել օրենքին համապատասխան: Այդ ժամկետի մեջ մտցվում են նաև բժշկական պատշաճ փաստաթղթերով հաստատված հիվանդության ժամանակը, հիվանդներին խնամելու համար տրված ժամանակը, հղիության և ծննդաբերության համար տրված արձակուրդի ժամանակը: Հարբածության կամ դրա հետ կապված գործողությունների հետևանքով առաջացած հիվանդության ժամանակը ուղղիչ աշխատանքներ կրելու ժամկետի մեջ չի մտցվում:
Դատապարտված կոլտնտեսականների պատիժը կրելու ժամկետի մեջ հաշվարկվում է նաև այն ժամանակը, երբ օբյեկտիվ պայմանների հետևանքով նրանց աշխատանք չի տրվել, ընդ որում, եթե աշխատած օրերի ընդհանուր քանակը պակաս չի եղել տնտեսության մեջ կոլտնտեսականների համար սահմանված տարեկան մինիմումից կամ նրա առանձին ժամանակաշրջանի համար սահմանված մինիմումից:
Եթե ուղղիչ աշխատանքներ կրելու ժամանակաշրջանում դատապարտյալը նոր իրավախախտման համար վարչական տույժի ենթարկվի կալանավորման ձևով, ապա կալանավորման ժամանակը առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրելու ժամկետի մեջ չի հաշվարկվում:
Հոդված 100. | Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրելու պայմանները |
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց վաստակից հօգուտ պետության պահումներ են կատարվում պատիժը կրելու ժամկետի ընթացքում` դատարանի դատավճռով սահմանված չափով և սույն օրենսգրքի 101 հոդվածով նախատեսված կարգով:
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրելու ժամկետի ընթացքում արգելվում է առանց այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմինների թույլտվության դատապարտյալներին սեփական ցանկությամբ ազատել աշխատանքից:
Աշխատանքից ազատելու թույլտվության մերժումը կարող է գանգատարկվել վերադաս պաշտոնատար անձին:
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրելու ժամանակը դատապարտյալի ընդհանուր և անընդհատ աշխատանքային ստաժի մեջ չի հաշվարկվում, որի մասին գրանցում է կատարվում նրա աշխատանքային գրքույկում:
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրելու ժամանակաշրջանում բարեխիղճ աշխատանքի և օրինակելի վարքի առկայության դեպքում այդ ժամանակը կարող է պատիժը կրող անձի ընդհանուր աշխատանքային ստաժի մեջ մտցվել դատարանի որոշման հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 365 հոդվածով սահմանված կարգով: Այդ դեպքում համապատասխան գրանցում է կատարվում դատապարտյալի աշխատանքային գրքույկում:
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտվածներին պատիժը կրելու ընթացքում հերթական արձակուրդ չի տրվում:
Պատիժը կրելու ժամկետը հերթական արձակուրդի, արտոնություններ և աշխատավարձի հավելումներ ստանալու իրավունք տվող ստաժի մեջ չի մտցվում:
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրող անձանց ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվում է այն վաստակից, որ մնում է դատարանի դատավճռով նշանակված պահումները կատարելուց հետո:
Հոդված 101. | Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց վաստակից պահումներ կատարելու կարգը |
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց վաստակից պահումներ կատարվում են դատարանի դատավճռով սահմանված չափով` վաստակի ամբողջ գումարից, չբացառելով հարկերն ու մյուս վճարումները, ինչպես նաև անկախ կատարողական փաստաթղթերով դատապարտյալի նկատմամբ եղած պահանջների առկայությունից:
Պահումներ կատարվում են յուրաքանչյուր աշխատած ամիս` ամսվա երկրորդ կեսի աշխատավարձը վճարելիս, իսկ աշխատանքից ազատելու դեպքում` ամսվա աշխատած մասի համար: Համատեղության կարգով աշխատողների վաստակից պահումները կատարվում են նրանց աշխատանքի յուրաքանչյուր տեղի աշխատավարձից:
Պահումներ չեն կատարվում` սոցիալական ապահովության և սոցիալական ապահովագրության կարգով ստացվող կենսաթոշակներից և նպաստներից. միանվագ բնույթի և աշխատավարձի սիստեմով չնախատեսված վճարումներից. գործուղումների հետ կապված ծախսերի փոխհատուցման համար վճարվող գումարներից և այլ փոխհատուցումային վճարումներից:
Դատապարտված կոլտնտեսականների վաստակից պահումներ կատարելիս այդ վաստակի մեջ մտցվում են նրանց եկամուտների ինչպես դրամական, այնպես էլ բնեղեն մասը: Դատապարտյալներից պահված եկամուտների բնեղեն մասը մնում է կոլտնտեսության տնօրինության տակ, իսկ դրա արժեքը, պետական գնումների գնով հաշված, փոխանցվում է որպես պետության եկամուտ: Պահված դրամական գումարները փոխանցվում են որպես պետության եկամուտ յուրաքանչյուր ամիս` երաշխավորված աշխատավարձ վճարելու օրը: Եկամուտների բնեղեն մասից պահումներ կատարվում են այդ մասն ստացվելու համեմատ և գյուղատնտեսական տարվա արդյունքների վերջնական հաշվարկում կատարելիս:
Եթե դատարանի դատավճիռը բեկանվում է գործի կարճումով, դատապարտյալի վաստակից պահված գումարները լրիվ վերադարձվում են նրան:
Հոդված 102. | Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց պատժի կրման վայրի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ադմինիստրացիայի պարտականությունները |
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց պատժի կրման վայրի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ադմինիստրացիայի վրա դրվում է`
- դատարանի դատավճռի մասին աշխատավորական կոլեկտիվի անդամներին իրազեկ դարձնելը.
- հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ վերահսկողության իրականացումը դատապարտյալների վարքի նկատմամբ արտադրությունում ու կենցաղում և մասնակցությունը դատապարտյալների հետ տարվող քաղաքական-դաստիարակչական աշխատանքին.
- դատապարտյալի վաստակից ճիշտ և ժամանակին պահումներ կատարելը հօգուտ պետության եկամտի և պահված գումարների ժամանակին փոխանցումը սահմանված կարգով.
- առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների պատիժը կրելու` սույն օրենսգրքով սահմանված պայմանների պահպանումը.
- դատապարտյալների աշխատանքային դաստիարակությունը` աշխատանքի նկատմամբ ազնիվ վերաբերմունքի, աշխատանքային և պետական կարգապահությունը պահպանելու, արտադրական որակավորումը բարձրացնելու ոգով.
- դատապարտյալների նկատմամբ համապատասխան դեպքերում աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված խրախուսանքի և տույժի միջոցների կիրառում.
- այդ պատժատեսակը կատարող մարմնին տեղեկացնելը` դատապարտյալների նկատմամբ դատավճռի պատճենն ստանալու, նրան աշխատանքի տեղավորելու, դատապարտյալի նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու, պատժի կրումից նրա խուսափելու մասին:
(28.04.83 խմբագրությամբ)
Հոդված 103. | Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների ձևով նշանակված պատժի կատարումը տնօրինող մարմինների պարտականությունները |
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների ձևով նշանակված պատժի կատարումը տնօրինող մարմինների վրա դրվում է`
- այլ վայրերում ուղղիչ աշխատանքներ կրելու դատապարտված անձանց և առանց ազատազրկման աշխատանքի վայրում ուղղիչ աշխատանքներ կրելու դատապարտված այն անձանց աշխատանքի ուղարկելը, որոնք պատիժը կրելու համար դատարանի կողմից ուղարկվել են այլ վայրեր.
- ըստ աշխատանքի վայրի առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված անձանց անհրաժեշտ դեպքում օժանդակություն ցույց տալը աշխատանքի տեղավորելու հարցում.
- վերահսկողության իրականացումը դատապարտյալների վաստակից կատարվող պահումների ճշտության և ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ադմինիստրացիաների կողմից պատժի կրման այն պայմանների պահպանման նկատմամբ, որոնք սահմանված են ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության ուղղիչ աշխատանքային օրենսդրությամբ.
- մասնակցությունը դատապարտյալների հետ տարվող քաղաքական-դաստիարակչական աշխատանքին.
- դատապարտյալների նկատմամբ սույն օրենսգրքի 105 հոդվածով նախատեսված խրախուսանքի և տույժի միջոցների կիրառումը.
- առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված բոլոր անձանց անհատական հաշվառումը.
- առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտված այն անձանց հետախուզման կազմակերպումը սահմանված կարգով, որոնց գտնվելու տեղը հայտնի չէ:
(28.04.83 խմբագրությամբ)
Հոդված 104. | Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրող անձանց նկատմամբ ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ադմինիստրացիայի կողմից կիրառվող խրախուսանքի և տույժի միջոցները |
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրող անձանց նկատմամբ պատժի կրման վայրի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ադմինիստրացիայի կողմից խրախուսանքի և տույժի միջոցներ են կիրառվում աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:
Բացի դրանից, երբ դատապարտյալը օրինակելի վարքով և աշխատանքի ու ուսման նկատմամբ ազնիվ վերաբերմունքով ապացուցել է իր ուղղված լինելը և կրել է պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը, պատժի կրման վայրի ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիան կարող է միջնորդություն ներկայացնել` դատապարտյալին պատժից պայմանական վաղակետ ազատելու կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու մասին: Նշված միջնորդությունն ուղարկվում է այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմնին:
Հոդված 105. | Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների կատարումը տնօրինող մարմինների կողմից դատապարտվածների նկատմամբ կիրառվող խրախուսանքի և տույժի միջոցները |
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտվածին, նրա լավ վարքի և աշխատանքի ու ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի համար, այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմինը կարող է հայտարարել շնորհակալություն կամ հանել նախկինում նշանակված տույժը:
Օրինակելի վարքով ու աշխատանքի և ուսման նկատմամբ ազնիվ վերաբերմունքով իրենց ուղղվելն ապացուցած դատապարտյալները կարող են օրենքով սահմանված կարգով ներկայացվել պատժից պայմանական վաղակետ ազատման կամ պատժի չկրած մասի ավելի մեղմ պատժով փոխարինման:
Խրախուսանքի միջոցները կիրառվում են հաշվի առնվելով դատապարտյալի աշխատանքի վայրի ադմինիստրացիայի և հասարակական կազմակերպությունների կարծիքը:
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտվածների կողմից պատիժը կրելու սահմանված կարգը խախտելու դեպքում այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմինը կարող է դատապարտյալին տույժի ենթարկել` հանդիմանություն անել կամ նկատողություն հայտարարել:
Տույժ նշանակելուց առաջ դատապարտյալից պահանջվում է գրավոր բացատրություն, որն ստուգվում է:
Տույժ չի կարող նշանակվել, եթե զանցանքի հայտնաբերման օրից մեկ ամիս է անցել: Տույժ նշանակելու վերաբերյալ որոշումը կարող է գանգատարկվել վերադաս պաշտոնատար անձին: Գանգատ տալը տույժի կատարումը չի կասեցնում:
Այն դեպքում, երբ առանց ազատազրկման աշխատանքի վայրում ուղղիչ աշխատանքներ կրելու դատապարտված անձինք խուսափում են պատիժը կրելուց, պատժի այդ տեսակն իրականացնող մարմինը կարող է դատարան միջնորդագիր ներկայացնել, իսկ հասարակական կազմակերպությունը կամ աշխատավորական կոլեկտիվը` դատարանի առջև միջնորդություն հարուցել պատիժը կրելու համար այդ անձանց ուղարկելու այլ վայրեր, բայց դատապարտյալի բնակության շրջանում:
Եթե առանց ազատազրկման այլ վայրերում ուղղիչ աշխատանքներ կրելու դատապարտված անձինք խուսափում են պատիժը կրելուց, այդ պատժատեսակն իրականացնող մարմինը կարող է նրանց նախազգուշացում անել:
Այն դեպքում, երբ առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների դատապարտվածները չարամտորեն խուսափում են պատիժը կրելուց, այդ պատժատեսակը իրականացնող մարմինը կարող է դատարան միջնորդագիր ներկայացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 25 հոդվածին համապատասխան առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների չկրած ժամկետը ազատազրկմամբ փոխարինելու մասին:
(28.04.83 խմբագրությամբ)
ՀԱՏՎԱԾ IV
ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ. ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԵՐԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԸ. ՎԵՐԱԴԻՏՈՒՄՆ ՈՒ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ
Գ Լ ՈՒ Խ 19
ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 106. | Պատիժը կրելուց ազատելու հիմքերը |
Դատապարտյալները պատիժը կրելուց ազատվում են հետևյալ հիմքերով`
ա) դատարանի դատավճռով նշանակված պատժի ժամկետը կրելուց հետո.
բ) ամնիստիայի ակտով.
գ) ներման շնորհիվ.
դ) դատավճռի բեկանման հետևանքով` գործի վարույթի կարճումով.
ե) դատավճռի փոփոխման հետևանքով, երբ պատիժն իջեցվում է մինչև դրա կրածի սահմանները կամ պատիժը փոխարինվում է պայմանական դատապարտությամբ.
զ) պատժից պայմանական վաղակետ ազատվելու կամ ազատազրկման պատիժը ազատազրկման հետ չկապված պատժով փոխարինելու պատճառով.
է) սույն օրենսգրքի 108 հոդվածով նախատեսված կարգով պատժից ազատելու մասին դատարանի կայացրած որոշմամբ.
ը) օրենքով նախատեսված այլ հիմքերով:
Հոդված 107. | Պատժից պայմանական-վաղակետ ազատման և պատիժը ավելի մեղմ պատժով փոխարինման ներկայացնելը |
Այն դատապարտյալին, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 49 և 50 հոդվածներին համապատասխան կարող է կիրառվել պատժից պայմանական վաղակետ ազատում կամ պատժի չկրած մասի փոխարինում ավելի մեղմ պատժով, պատժի կատարումը տնօրինող մարմինը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածներում մատնանշված մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ միասին միջնորդագիր է ներկայացնում դատարան` դատապարտյալին պատժից պայմանական վաղակետ ազատելու կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու մասին:
Միջնորդագիրը պետք է բովանդակի պատիժը կրելու ամբողջ ժամանակամիջոցում դատապարտյալի վարքը, աշխատանքի և ուսման նկատմամբ նրա վերաբերմունքը բնութագրող տվյալներ: Միջնորդագրի հետ միաժամանակ դատարան է ուղարկվում դատապարտյալի անձնական գործը:
Պատժից պայմանական-վաղակետ ազատելը կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելը դատարանի կողմից մերժվելու դեպքում այդ հարցերի վերաբերյալ կրկին անգամ միջնորդագիր կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մերժման մասին որոշում կայացնելու օրվանից վեց ամիս հետո:
(28.04.77, 28.04.83, 08.12.91, 03.12.96 խմբագրությամբ)
Հոդված 108. | Պատիժը կրելուց ազատելը հիվանդության պատճառով |
Այն դատապարտյալները, որոնք հիվանդացել են խրոնիկական հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ, որն արգելք է հանդիսանում հետագա պատիժը կրելուն, կարող են դատարանով ազատվել հետագա պատիժը կրելուց:
Հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ միջնորդագիրը դատարան է մտցնում այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմինը:
Միջնորդագրի հետ միաժամանակ դատարան է ուղարկվում բժշկական հանձնաժողովի եզրակացությունը և դատապարտյալի անձնական գործը:
(28.04.77 խմբագրությամբ)
Հոդված 1081. | Պայմանականորեն ազատազրկման դատապարտված և ազատազրկման վայրերից պայմանականորեն ազատված անձանց պատիժը կրելուց ազատելը հաշմանդամության պատճառով |
(վերացվել է 03.12.96 օրենք)
Հոդված 109. | Ազատազրկման վայրերից ազատելու կարգը |
Դատարանի դատավճռով նշանակված պատժի ժամկետը լրանալուց հետո ազատազրկման վայրերից ազատումը տեղի է ունենում պատժի ժամկետի վերջին օրվա առաջին կեսին, իսկ այլ հիմքերով ազատելիս` ուղղիչ աշխատանքային հիմնարկում համապատասխան փաստաթղթերի ստացման օրը:
Մինչև աշխատանքային օրվա վերջը ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիայի կողմից ազատման վերաբերյալ ստացված փաստաթղթերը ի կատար են ածվում անհապաղ, իսկ աշխատանքային օրվա ավարտից հետո ստացված փաստաթղթերը` հետևյալ օրվա առավոտյան: Եթե ազատազրկման ձևով պատժի ժամկետը լրանում է հանգստի կամ տոնական օր, դատապարտյալն ազատվում է նախահանգստյան կամ նախատոնական օրը:
Պատժի ժամկետներն ամիսներով հաշվելիս ժամկետն ավարտվում է վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե տվյալ ամիսը համապատասխան ամսաթիվ չունի` այդ ամսվա վերջին օրը:
Ազատվողի հետ վերջնահաշիվ է կատարվում, նրան հանձնվում են նրա անձնական հաշվում պահվող փողը, նրան պատկանող արժեքներն ու իրերը, վերադարձվում են անձնական փաստաթղթերը: Ազատվողին համապատասխան փաստաթղթեր են տրվում ազատազրկման վայրում ստացած կրթության և արտադրական որակավորման մասին, ինչպես նաև սահմանված ձևի տեղեկանք, որի մեջ մատնանշվում է ազատման հիմքը:
Պատժի ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ ուղղիչ աշխատանքային հիմնարկի ադմինիստրացիան անհրաժեշտ դեպքում պարզում է ազատվողին աշխատանքի տեղավորելու հնարավորությունը և վաղօրոք միջոցներ է ձեռնարկում նրան աշխատանքի տեղավորելու համար:
Դաստիարակչական աշխատանքային գաղութներից ազատվածները, եթե նրանց տասնութ տարին չի լրացել, ուղարկվում են ծնողների կամ նրանց փոխարինող անձանց մոտ: Այն դեպքում, երբ ազատված անչափահասին անհնարին է ուղարկել ծնողների կամ նրանց փոխարինողների մոտ` մատնանշված անձանց բացակայության կամ նրանց ծնողական կամ խնամակալական իրավունքից զրկված լինելու պատճառով, ազատվողի բնակության վայրի անչափահասների գործերի հանձնաժողովը, գաղութի ադմինիստրացիայի միջնորդագրի հիման վրա, միջոցներ է ձեռնարկում ազատվածին նրա ունեցած մասնագիտությանը համապատասխան աշխատանքի տեղավորելու կամ ուսման ուղարկելու, ինչպես նաև նրա համար բնակարանակենցաղային պայմաններ ստեղծելու ուղղությամբ:
Բացառիկ դեպքերում, երբ անչափահասին գաղութից իր նախկին բնակության վայրն ուղարկելը դաստիարակչական նկատառումներով աննպատակահարմար է, գաղութի գտնվելու վայրի անչափահասների գործերի հանձնաժողովը, գաղութի պետի միջնորդագրով, հաշվի առնելով ազատվողի կարծիքը, նրան աշխատանքի է տեղավորում այլ վայրերում:
Եթե ազատվողները իրենց առողջական վիճակով մշտական խնամքի կարիք են զգում, ինչպես նաև տասնվեց տարին չլրացած անչափահասները, իրենց բնակության վայրն են ուղարկվում ուղղիչ աշխատանքային հիմնարկի աշխատողի կամ ազատվողների ազգականների ուղեկցությամբ, եթե նրանք համաձայն են:
Ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետը կամ, նրա հանձնարարությամբ, ադմինիստրացիայի ներկայացուցիչը յուրաքանչյուր ազատվողի հետ զրույց է անցկացնում, բացատրելով նրա, որպես քաղաքացու, իրավունքներն ու պարտականությունները:
Հոդված 110. | Աքսորի և արտաքսման ձևով նշանակված պատժի կրումից ազատելու կարգը |
Դատարանի դատավճռով նշանակված աքսորի կամ արտաքսման ձևով պատժի ժամկետը լրանալու օրը, իսկ պատժից այլ հիմքերով ազատվելիս` ազատման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր ստանալու օրը անհապաղ վերացվում են աքսորի և արտաքսման դատապարտվածի պատիժն ի կատար ածելու հետ կապված սահմանափակումները, որի մասին դատավճիռը կատարող մարմինը պարտավոր է ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում իրազեկ պահել ազատվածին:
Ազատվածին տրվում է սահմանված ձևի տեղեկանք, որի մեջ մատնանշվում է ազատման հիմքը:
Աքսորի կրումից ազատվածին վերադարձվում է անձնագիրը:
Աքսորից և արտաքսումից ազատվածները բնակության համար ընտրած վայրն են վերադառնում իրենց հաշվին: Առանձին դեպքերում ազատվող հիվանդներին, բազմազավակ անձանց, ցածր վաստակ ունեցողներին ներքին գործերի մարմինները կարող են ուղևորության տոմս տալ:
Հոդված 111. | Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրելուց ազատելու կարգը |
Առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ կրելու ժամկետի ավարտման օրը, որ հաշվարկվում է սույն օրենսգրքի 99 հոդվածին համապատասխան, իսկ այլ հիմքերով պատժից ազատելիս` այդ պատժատեսակի կատարումը տնօրինող մարմնի կողմից համապատասխան փաստաթղթերն ստանալու օրը, դատապարտյալի վաստակից պահումները դադարեցվում են, որի մասին այդ պատժատեսակը կատարող մարմինը պարտավոր է մեկ օրից ոչ ուշ իրազեկ պահել ազատվածին և միաժամանակ այն ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության ադմինիստրացիային, որտեղ դատապարտյալը կրել է առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքներ:
Ազատվածին տրվում է սահմանված ձևի տեղեկանք, որի մեջ մատնանշվում է ազատման հիմքը:
Գ Լ ՈՒ Խ 20
ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ԱԶԱՏՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՂԱՎՈՐԵԼԸ
Հոդված 112. | Ազատազրկման վայրերից ազատվող անձանց նյութական օգնություն ցույց տալը |
Ազատազրկման վայրերից ազատվող անձինք ապահովվում են անվճար ուղևորությամբ մինչև իրենց բնակության կամ աշխատանքի վայրը, ինչպես նաև ըստ սահմանված նորմաների, սննդամթերքով կամ փողով` ուղևորության ընթացքում:
Ըստ սեզոնի անհրաժեշտ հագուստ, կոշիկ և դրանք ձեռք բերելու միջոցներ չունեցող ազատվողները անվճար ապահովվում են հագուստով և կոշիկով: Նրանց կարող է միանվագ դրամական նպաստ տրվել հատուկ ֆոնդից:
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների 47 հոդվածին համապատասխան, ուղղիչ աշխատանքային հիմնարկները` ԽՍՀՄ Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով, ազատազրկման վայրերից ազատվող անձանց տալիս են ճանապարհածախս, նրանց ապահովում են սննդով, հագուստով և կոշիկով, ինչպես նաև միանվագ դրամական նպաստ են վճարում:
Հոդված 113. | Պատիժը կրելուց ազատված անձանց աշխատանքի տեղավորումը և նրանց կենցաղի կարգավորումը |
Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները պատիժը կրելուց ազատված անձանց, ըստ հնարավորին հաշվի առնելով նրանց ունեցած մասնագիտությունը, պետք է աշխատանքով ապահովեն ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում` աշխատանքի տեղավորելու մասին դիմելու օրվանից: Անհրաժեշտ դեպքում պատիժը կրելուց ազատված անձանց բնակելի տարածություն է տրվում:
Պատժից ազատված անձանց աշխատանքի տեղավորելու վերաբերյալ պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կարգադրագրերը պարտադիր են ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների համար:
Հաշմանդամները և զառամյալները իրենց խնդրանքով ենթակա են տեղավորման հաշմանդամների և զառամյալների տներում: Ծնողներ չունեցող անչափահասները, անհրաժեշտ դեպքում, անչափահասների գործերի հանձնաժողովների կողմից ուղարկվում են մանկատներ և հանրակրթական գիշերօթիկ դպրոցներ կամ, օրենքով սահմանված կարգով, հանձնվում են հոգաբարձության:
Մինչև տասնութ տարեկան դառնալը կատարած հանցագործությունների համար դատապարտված անձինք ազատազրկման վայրերից ազատվելուց հետո առանց սահմանափակման ենթակա են գրանցման իրենց ծնողների կամ նրանց փոխարինողների բնակավայրում, իսկ եթե նրանք չկան` մերձավոր ազգականների բնակավայրում:
(05.12.85, 12.12.86 խմբագրությամբ)
Գ Լ ՈՒ Խ 21
ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԿԵՏ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 114. | Պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատված անձանց նկատմամբ հսկողության նպատակներն ու ժամկետները |
Պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատված անձանց նկատմամբ պատժի չկրած մասի ընթացքում սահմանվում է հասարակական կազմակերպությունների և աշխատավորական կոլեկտիվների կողմից հսկողություն և այդ անձանց հետ դաստիարակչական աշխատանք է տարվում:
Նշված անձանց նկատմամբ սահմանվում է հսկողություն և նրանց հետ դաստիարակչական աշխատանք է տարվում ազատվածների ուղղման արդյունքները ամրապնդելու և նրանց ազնիվ աշխատանքային կյանքի ներգրավելու նպատակով:
(28.07.82 խմբագրությամբ)
Հոդված 115. | Պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատված անձանց նկատմամբ հսկողության և նրանց հետ դաստիարակչական աշխատանք տանելու կարգը |
Պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատված անձանց նկատմամբ հսկողությունը կազմակերպում են պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները և անմիջականորեն իրականացնում են այդ անձանց աշխատանքի կամ ուսման վայրի, ինչպես նաև նրանց բնակության վայրի հասարակական կազմակերպություններն ու աշխատավորական կոլեկտիվները: Մինչև տասնութ տարեկան դառնալը հանցագործություն կատարած և պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատված անձանց նկատմամբ հսկողությունը աշխատանքի կամ ուսման վայրի հասարակական կազմակերպություններն ու աշխատավորական կոլեկտիվները իրականացնում են անչափահասների գործերի հանձնաժողովների վերահսկողության ներքո:
Հասարակական կազմակերպություններն ու աշխատավորական կոլեկտիվները իրենց ժողովներում կամ նիստերում պարբերաբար լսում են պայմանական վաղակետ ազատվածների հաշվետվությունները իրենց աշխատանքի, ուսման, հասարակական կյանքում ցուցաբերած մասնակցության, կենցաղում դրսևորած վարքի մասին, ինչպես նաև ղեկավարում են հասարակական դաստիարակների աշխատանքը:
Հասարակական դաստիարակները պայմանական վաղակետ ազատվածների հետ կանոնավոր կերպով դաստիարակչական աշխատանք են տանում, վերահսկում են նրանց վերաբերմունքը աշխատանքի, ուսման նկատմամբ և վարքը կենցաղում, անհրաժեշտ օգնություն են ցույց տալիս նրանց:
Անչափահասների գործերի հանձնաժողովները պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատված անձանց նկատմամբ հսկողության ուղղությամբ իրենց աշխատանքը կազմակերպում են սույն օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության մյուս օրենսդրական ակտերին համապատասխան:
(28.07.82, 08.12.91 խմբագրությամբ)
Հոդված 116. | Պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատված անձանց հասարակական հսկողությունից խուսափելու և նրանց ներկայացվող պահանջները խախտելու հետևանքները |
Պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատված այն անձանց նկատմամբ, ովքեր չեն պահպանում սոցիալիստական համակեցության կանոնները և խուսափում են հասարակական հսկողությունից, աշխատավորական կոլեկտիվի ժողովը կամ հասարակական կազմակերպությունը կարող է կիրառել հասարակական նախազգուշացում:
Եթե հասարակական ներգործության միջոցներն ապարդյուն են անցնում պայմանական վաղակետ ազատված այն անձանց նկատմամբ, ովքեր նախկինում ազատազրկում են կրել ծանր հանցագործությունների համար, կամ երկու անգամից ավելի ազատազրկման են դատապարտվել որևէ դիտավորյալ հանցագործության համար, հասարակական կազմակերպությունն ու աշխատավորական կոլեկտիվը կարող են ներքին գործերի մարմինների առաջ միջնորդություն հարուցել` ձեռք առնելու այնպիսի միջոցներ, որոնք նախատեսված են ազատազրկման վայրերից ազատված անձանց նկատմամբ վարչական հսկողություն իրականացնելու վերաբերյալ օրենսդրությամբ:
(28.07.82 խմբագրությամբ)
Գ Լ ՈՒ Խ 22
ՎԱՐՉԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 117. |
(հանված է ՀՀ ԳԽ նախագահության 1983 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով)
Հոդված 118. | Ազատազրկման վայրերից ազատված անձանց նկատմամբ վարչական հսկողություն սահմանելը |
Ազատազրկման վայրերից ազատված առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստների նկատմամբ, այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժ են կրել ծանր հանցագործությունների համար կամ երկու և ավելի անգամ ազատազրկման դատապարտվել որևէ դիտավորյալ հանցագործության համար կամ մինչև դատարանի կողմից նշանակված պատժի ժամկետի լրիվ կրումը ազատազրկման վայրերից նախկինում ազատվել են պայմանական վաղակետ կամ պայմանականորեն պարտադիր կարգով աշխատանքի ներգրավումով և նորից դիտավորյալ հանցագործություն են կատարել պատժի չկրած մասի կամ պարտադիր աշխատանքի ժամկետի ընթացքում, եթե պատիժը կրելու ընթացքում նրանց վարքագիծը վկայում է այն մասին, որ նրանք համառորեն չեն ցանկանում կանգնել ուղղվելու և ազնիվ աշխատանքային կյանքին հաղորդակից դառնալու ճանապարհի վրա, սահմանվում է ներքին գործերի մարմինների վարչական հսկողություն:
ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքներին համապատասխան վարչական հսկողություն սահմանելու այլ դեպքերը, վարչական հսկողություն սահմանելու հիմքերն ու իրականացման կարգը որոշվում են ազատազրկման վայրերից ազատված անձանց նկատմամբ ներքին գործերի մարմինների վարչական հսկողության վերաբերյալ կանոնադրությամբ` հաստատված ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից:
(29.12.83 խմբագրությամբ)
Հոդված 119. |
(հանված է ՀՀ ԳԽ նախագահության 1983 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով)
Հոդված 120. |
(հանված է ՀՀ ԳԽ նախագահության 1983 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով)
Հոդված 121. |
(հանված է ՀՀ ԳԽ նախագահության 1983 թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով)
ՀԱՏՎԱԾ V
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆՆ ՈՒ ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿՄԱՆԸ
Գ Լ ՈՒ Խ 23
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆՆ ՈՒ ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿՄԱՆԸ
Հոդված 122. |
(հանված է 18.12.1991 թ. օրենքով)
Հոդված 123. | Անչափահասների գործերի հանձնաժողովներ |
Դաստիարակչական աշխատանքային գաղութներում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների և առանց ազատազրկման ուղղիչ աշխատանքների ձևով պատիժ կրող անչափահասների ուղղումն ու վերադաստիարակումը, ինչպես նաև այդ պատժատեսակների վերաբերյալ դատարանների դատավճիռները կատարող հիմնարկների ու մարմինների գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունն իրականացվում է անչափահասների գործերի հանձնաժողովների անմիջական մասնակցությամբ, որոնք կազմվում են խորհուրդների պատգամավորներից, արհմիութենական, կոմերիտական և մյուս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև ժողովրդական կրթության, պրոֆեսիոնալ- տեխնիկական կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, ներքին գործերի մարմինների, կուլտուր-լուսավորական և այլ հիմնարկների աշխատողներից:
Անչափահասների գործերի հանձնաժողովների խնդիրներն ու իրավունքները և նրանց աշխատանքի կազմակերպումը կարգավորվում են սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատվող` անչափահասների գործերի հանձնաժողովների կանոնադրությամբ:
Հոդված 124. | Աշխատավորական կոլեկտիվների և հասարակական կազմակերպությունների շեֆությունը ուղղիչ աշխատանքային հիմնարկների նկատմամբ |
Ուղղիչ աշխատանքային հիմնարկների նկատմամբ իրականացվում է արդյունաբերական ձեռնարկությունների, սովխոզների, կոլտնտեսությունների, կուլտուր-լուսավորական հիմնարկների, ուսումնական հաստատությունների, աշխատավորական կոլեկտիվների, ինչպես նաև պետական և հասարակական մյուս կազմակերպությունների շեֆությունը:
Շեֆական աշխատանքի հիմնական խնդիրներն են` ուղղիչ աշխատանքային և դաստիարակչական աշխատանքային գաղութների ադմինիստրացիաներին աջակցել դատապարտյալների ուղղման ու վերադաստիարակման գործում, ինչպես նաև օգնություն ցույց տալ ազատազրկման վայրերից ազատվող անձանց աշխատանքի տեղավորման և կենցաղի կարգավորման գործում: Աշխատավորական կոլեկտիվները և հասարակական կազմակերպությունները օգնություն են ցույց տալիս ուղղիչ աշխատանքային և դաստիարակչական աշխատանքային գաղութների արտադրության զարգացմանը, քաղաքական-դաստիարակչական աշխատանքների անցկացմանը, ընդհանուր միջնակարգ կրթության, պրոֆեսիոնալ-տեխնիկական կրթության և արտադրության մեջ պրոֆեսիոնալ ուսուցման կազմակերպմանը:
(28.07.82, 12.12.86 խմբագրությամբ)
Հոդված 125. | Հասարակայնության խորհուրդը դաստիարակչական աշխատանքային գաղութում |
Շեֆական աշխատանքի կազմակերպման համար յուրաքանչյուր դաստիարակչական աշխատանքային գաղութում ստեղծվում է հասարակայնության խորհուրդ` խորհրդային, կոմերիտական, արհմիութենական և մյուս հասարակական կազմակերպությունների ու աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչներից: Հասարակայնության խորհրդի կազմի մեջ մտնում է գաղութի պետը կամ նրա տեղակալը:
Հասարակայնության խորհրդի կազմակերպումն ու գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից հաստատվող կանոնադրությամբ:
(28.07.82 խմբագրությամբ)
Հոդված 126. | Դատապարտված անչափահասների հասարակական դաստիարակները |
Անչափահասների ուղղման արդյունքներն ամրապնդելու և նրանց կողմից իրավախախտումների կրկնումը կանխելու նպատակով պատիժը կրածների կամ պատժից պայմանական վաղակետ ազատվածների նկատմամբ կարող են նշանակվել հասարակական դաստիարակներ:
Հասարակական դաստիարակների նշանակման և նրանց գործունեության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատվող կանոնադրությամբ:
Հոդված 127. | Դատապարտյալների ուղղմանն ու վերադաստիարակմանը հասարակայնության մասնակցության մյուս ձևերը |
Դատապարտյալների ուղղման ու վերադաստիարակման աշխատանքում կարող են կիրառվել հասարակայնության մասնակցության նաև այլ ձևեր, որոնք նախատեսված չեն սույն օրենսգրքով, բայց համապատասխանում են քրեական պատիժն ի կատար ածելու այն ընդհանուր դրույթներին ու սկզբունքներին, որոնք սահմանված են ԽՍՀ Միության ուղղիչ աշխատանքային օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: