Գլխավոր տեղեկություն
Համար
N 199-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2023-21.02.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2022
Ընդունող մարմին
Կապան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
27.12.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

 

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 թ. N 199-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2023 թվականի բյուջեն`

1) եկամուտների գծով` 3,195,465․5 հազար դրամ,

2) ծախսերի գծով` 3,195,465․5 հազար դրամ:

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` համաձայն N 1 հավելվածի։

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական դասակարգման` համաձայն N 2 հավելվածի։

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 3 հավելվածի։

5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասուրդը/ ` համաձայն N 4 հավելվածի։

6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` համաձայն N 5 հավելվածի։

7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի։

8. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները։

9. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` թույլատրել համայնքի ղեկավարին`

 1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների,

 2) բյուջետային տարվա ընթացքում փոփոխությունները կատարել առանց սահմանափակումների։

10. Համայնքի 2023 թվականի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը առաջնահերթ կարգով ուղղել նախորդ տարում ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված` առկա պարտավորությունների կատարմանը:

11. 2023 թվականի բյուջեի եկամուտների գերակատարումը ուղղել հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված ծրագրերի իրականացմանը:

12. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

 

Կողմ( 22 )`

 

ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ __________________

ԱՆՈՒՇ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ __________________

ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ __________________

ԶՈՐԱՅՐ ԳԱԼՍՏՅԱՆ __________________

ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ __________________

ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ԱՆԺԵԼԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ __________________

ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ԱԼԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________

ՀԱՍՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________

ՏԻԳՐԱՆ ԻՎԱՆՅԱՆ __________________

ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ՍՈՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ __________________

ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ __________________

ՄԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________

ԳԵՎՈՐԳ ԴԻՆՈՒՆՑ __________________

ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ __________________

ԺԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ __________________

ԱՍԱՏՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆ __________________

ԷՐԻԿ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ __________________

ԱՐՄԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ __________________

 

Դեմ ( 0 )

Ձեռնպահ ( 0 )

 

Համայնքի ղեկավար`

Գ. Փարսյան

   

2022 թ. դեկտեմբերի 27

ք. Կապան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ

 

Բյուջեն, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր՝ կազմված է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի դրույթներին համաձայն, ուղղված է Տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է գալիք ֆինանսական տարվա համար՝ Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության յուրաքանչյուր բնագավառում, և հանդիսանում է ֆինանսական կառավարման հիմնառանցքը: Որքան լավ կազմակերպվի բյուջետավարման գործընթացը, այնքան արդյունավետ կլինի համայնքի աշխատանքը:

Հաշվի առնելով Կապան համայնքի հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված գերակայությունները և առկա ռեսուրսները, ընթացիկ տարում իրականացված ծրագրերի արդյունավետությունը ու դրանց զարգացման միտումները, 2023 թվականի համայնքի զարգացման հիմնական ուղղությունները միտված են լինելու բնակչության կենսապայմանների բարելավմանը, բարեկեցիկ ու հարմարավետ միջավայրի ձևավորմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանը ու զարգացմանը:

 Կապան համայնքի զարգացումը 2023 թվականի խարսխվելու է սոցիալական, մշակութային, բարեկարգման, կանաչապատման և համայնքի կայուն ու նպատակային առաջընթացը ապահովող այլ կարևոր ուղղությունների արդյունավետ լուծմանն ուղղված քայլերի հետևողական իրագործման հիմքի վրա:

Ստեղծել բոլոր երաշխիքներ Կապան համայնքի խաղաղության ամրապնդման, սահմանների ապահովման, բնակչության անվտանգության, բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման համար, դառնալ արդյունաբերական, առևտրային և մշակութային զարգացման կենտրոն։ Որդեգրած քաղաքականության և համայնքի զարգացման ծրագրի իրականացման արդյունքում, Կապանի համայնքը ակնկալում է ունենալ առավել բարեկարգ, կանաչապատ, տնտեսապես զարգացած՝ նոր գործարար սուբյեկտներով, հոգևոր, մշակութային, մարզական ակտիվ կյանքով ապրող, սոցիալական մեղմ բևեռվածությամբ և անվտանգ համայնք, ուր բնակիչներն ապրում են առավել բարեկեցիկ և խաղաղ կյանքով:

 

2023 թվականի Կապան համայնքի զարգացման հիմնական ուղղություններն են.

●  Ստեղծել բոլոր երեաշխիքները Կապան համայնքի խաղաղության ամրապնդման, սահմանների ապահովման, բնակչության անվտանգության համար։

 

●  Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները:

 

●  Բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքի աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը։

 

●  Ժամանակի պահանջներին համապատասխան համայնքային միջավայրի ստեղծումը, հասարակական կյանքի ոլորտներում Կապան համայնքի տարածական համաչափ զարգացման և պլանավորման ապահովումը:

 

●  Տեղական ինքնակառավարման արդյունավետության ապահովումը, համայնքի կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների պարզեցումը ու որակի էական բարձրացումը:

 

●  Երթևեկության ինտենսիվության աճի, ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների անվտանգության և արդյունավետության ապահովման նպատակով 2023 թվականին նախատեսվում է իրականացնել համայնքային, միջհամայնքային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ու տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում, այլ ընտրանքային ճանապարհների կառուցում, միջին նորոգում, ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում և շահագործում` ինչը մշտապես կապահովի ճանապարհների և կառույցների պահպանվածությունն այնպիսի վիճակում, որը համապատասխանում է անվտանգ և անխափան երթևեկության ապահովման պահանջներին:

 

●  Բակերի բարեկարգումը:

 

●  Ոռոգման համակարգերի և խմելու ջրի ջրագծերի բարեկարգումը:

 

●  Տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի խթանումը:

 

●  Բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և լանջավոր տանիքների նորոգումը:

 

●  Համայնքում աղբահանության, շրջական միջավայրի պաշտպանության, փողոցների լուսավորության միջոցառումների իրականացումը:

 

●  Մշակութային ժառանգության պահպանությունը և մասսայական սպորտի զարգացման խթանումը:

 

●  Հանրության ներգրավվածության և իրազեկվածության բարձրացումը, տեղական ինքնակառավարմանը նրանց մասնակցության ապահովումը:

 

●  Կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների համայնքային ենթակառուցվածքների պահպանումը, շահագործումը, նորոգումը, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վերազինումն ու կառավարման արդյունավետության բարձրացումը:

 

●  Գյուղատնտեսության և անասնապահության զարգացման խթանումը:

 

Ակնկալում եմ մեր համայնքի գործարար միջավայրի, ձեռնարկատերերի, բնակիչների աջակցությունն ու ակտիվ մասնակցությունը՝ համայնքի առջև դրված ծրագրային խնդիրների իրականացման, շոշափելի արդյունքների հասնելու և տեղական իշխանությունների որդեգրած քաղաքականությունը իրագործելու համար:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՄԱՍ

 

Կապան համայնքի 2023 թվականի բյուջեի նախագիծը մշակվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են հիմնական սկզբունքները՝ ֆինանսական միջոցների պլանավորումը, պահուստային ֆոնդի ստեղծումը, խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, հավաստիությունը և հստակությունը, հրապարակայնությունը։ Կապան համայնքի տարեկան ֆինանսական ծրագիրը հիմնված է 2022-2026թթ հնգամյա զարգացման ծրագրի, 2023թ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի, տարեկան աշխատանքային պլանի, ինչպես նաև համայնքի 2022 թվականի ֆինանսական գործունեության արդյունքների վրա:

Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումներն իրականցվում են յուրաքանչյուր մասի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համայնքի մեջ մտնող բնակավայրերի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը:

Կանխատեսվող ծառայությունների քանակը և որակը հիմնականում կախված են կանխատեսվող եկամուտների ծավալից, առկա տնտեսական պայմաններից, մասնավորապես՝ սղաճից։

Կապան համայնքի 2023թ․ բյուջեն կանխատեսվում է՝

Եկամուտների գծով՝ 3,195,465․5 հազդրամ

Ծախսերի գծով՝ 3,195,4655 հազդրամ

 

ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

Եկամուտների կանխատեսման գործընթացը իրականացվել է բյուջետային գործընթացը կարգավորող օրենսդրության համապատասխան։

Կապան համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 3,195,465․5 հազ․դրամ, համայնքի 2022թ․ բյուջեով հաստատված 3,103,724․6 հազ․դրամի դիմաց:

 Ծրագրված եկամուտները պակաս են 2021թ. փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտներից 986,937․4 հազ․դրամով կամ շուրջ 22․2 տոկոսով։

Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 1,214,637․1հազ․դրամ (ընդամենը եկամուտների տեսակարար կշռի 38․0%), 2022թ․ հաստատված 989,043․1 հազ․դրամի դիմաց կամ 225,594․0 հազ.դրամով ավել, իսկ 2021թ. փաստացի հավաքագրված եկամուտներից 499,667.1 հազ․դրամով կամ 69.9 տոկոսով ավել։

 

Հարկեր և տուրքեր

2023 թվականի հարկային եկամուտները և տուրքերը ցուցանիշների կանխատեսման համար հիմք են ընդունվել նախնական վերլուծությունները, կիրառման առաջարկված մոտեցումները և հաշվարկները, ինչպես նաև ՀՀ հարկային օրենսգիրքը, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները: Պետական տուրքերի գծով բյուջետային մուտքերի կանխատեսումները կատարվել են՝ ըստ նախորդ տարիների փաստացի հավաքագրումների միտումների, հաշվի առնելով ՀՀ օրենսդրության մեջ կատարված առանձին փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև պետական տուրքի յուրաքանչյուր տեսակի առանձնահատկությունները:

Հարկային եկամուտները և տուրքերը 2023 թվականի համար բյուջեի նախագծով ծրագրվել են 329,036.0 հազ․դրամ, որը 8,3%-ով գերազանցում է ընթացիկ տարվա հաստատված նույն ցուցանիշը։ Սակայն 4,6%-ով զիջում է 2021թ. փաստացի ցուցանիշը։

- Գույքահարկը նախագծով նախատեսվել է 225,598.0 հազ.դրամ 2022թ. համար հաստատված 205,391.9 հազար դրամի դիմաց, իսկ 2021 թվականի փաստացի ցուցանիշից 4,906.0 հազ․դրամով կամ շուրջ 2.1 տոկոսով պակաս:

- Անշարժ գույքի հարկը նախագծով նախատեսվել է 43,498.0 հազ.դրամ 2022թ.-ի համար հաստատված նույն ցուցանիշը (2022 թվականի հաշվետու տարվա համար՝ 30 տոկոսի չափով), քանի որ 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի հարկի հաշվարկը չի կատարվել ՀՀ Հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված դրույքաչափերի 35 տոկոսի չափով։

- Տեղական տուրքերը ծրագրվել են 42,640.0 հազ․դրամ՝ 2022 թվականի բյուջեով նախատեսված 42,935․0 հազ․դրամի դիմաց, իսկ 2021 թվականի փաստացի ցուցանիշից 6.2 տոկոսով պակաս: Թերպլանավորումը կապված է որոշ տնտեսվարողների գործունեության դադարեցման հետ (հիմք՝ տնտեսվարողների դիմումը՝ հիմնավորող փաստաթղթերով)

-Պետական տուրքերը 2023 թվականի համար նախագծով ծրագրվել են 17,300.0 հազ․դրամ, որը 47,2 %-ով ավել է 2022 թվականի հաստատված և 0,2%-ով՝ 2021թ․ փաստացի ցուցանիշներից։

Պաշտոնական դրամաշնորհներ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված ցուցանիշերը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան ծրագրվել է 1,801,101․2 հազ․դրամ 1,930,216.5 հազար դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազել է 129,115.3 հազար դրամով կամ 67%-ով:

 Պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների /սուբվենցիաների/ գծով նախատեսվել է 2022թ. չափով՝ 9,151.1 հազ․դրամ:

Այլ եկամուտներ

Այլ եկամուտները 2023թ. նախագծով նախատեսվել է 921,598.1 հազ. դրամ, 2022 թվականի համար հաստատված 854,707.8 հազ.դրամ ցուցանիշի դիմաց․

-համայնքի սեփականություն համարվող հողերի վարձավճարները ծրագրվել են 104,806.0 հազ․դրամ՝ 2022 թվականի բյուջեով նախատեսված 102,300.0 հազ․դրամի դիմաց, իսկ 2021թվականի փաստացի ցուցանիշից 2,543.3 հազ․դրամով կամ շուրջ 2.5 տոկոսով ավել:

-համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքի սեփականությանը պատկանող հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները ծրագրվել են 534,274.0 հազ․դրամ՝ 2021 թվականի բյուջեով նախատեսված 503,900.0 հազ․դրամի դիմաց, իսկ 2021 թվականի փաստացի ցուցանիշից 225,117.8 հազ․դրամով ավել:

-այլ գույքի վարձակալությունից մուտքերը ծրագրվել են 11,000.0 հազ․դրամ՝ 2022 թվականի բյուջեով նախատեսված 6,260.0 հազ․դրամի դիմաց, իսկ 2021թվականի փաստացի ցուցանիշից 990.9 հազ․դրամով պակաս:

Գույքի վարձակալությունից եկամուտները ծրագրվել են հիմք ընդունելով վարձակալության հաշվառման բազայի ճշգրտումները, լուծված և նոր կնքված պայմանագրերը, պայմանագրերի փոփոխությունները, ինչպես նաև նախորդ տարիների մուտքերի հավաքագրման միտումները:

- Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործունեության (ՔԿԱԳ) պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները ծրագրվել են 5,997.0 հազ.դրամ, 2022թ. Ֆինանսավորման չափով:

-վարչական գանձումների գծով ծրագրվել է 219,521.1 հազ. դրամ, 2022 թվականի համար հաստատված 197,750.8 հազ.դրամ ցուցանիշի դիմաց, կամ 21,770.3 հազ․դրամով ավել: Վարչական գանձումները իր մեջ ներառում է տեղական վճարները՝ 209,521․1 հազ․դրամ և համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար վճարները՝ 10,000․0 հազ․դրամ։ Այս վճարների գծով ցուցանիշները ծրագրվել են հիմք ունենալով ավագանու կողմից սահմանված Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը, աղբահանության կազմակերպման համար սահմանված դրույքաչափերը, համայնքային ենթակայության մանկապարտեզների և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայությունից օգտվողների համար սահմանված վճարները, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար, անշարժ գույքի հասցեավորման համար և համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:

 

ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

 

Կապան համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 3,195,465.5 հազ, դրամ։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 95.9 տոկոսը կամ 3,060,886.4 հազ․դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե) և 4.1 տոկոսը կամ 134,579․1 հազ․դրամ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե)։

Նախագծով նախատեսված բյուջետային ծախսերի ծավալներում

-սոցիալական բնագավառի՝ (կրթություն, սոցիալական ապահովություն) ծախսերի տեսակարար կշիռը կազմում է 31.8 տոկոս,

-շրջակա միջավայրի պաշտպանությունը ՝ 23.4 տոկոսը,

-բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայությունները՝ 1.0 տոկոս։

-մշակույթին ուղղված ծախսերի տեսակարար կշիռը կազմում է 9.3 տոկոս,

- կառավարման մարմնի պահպանման ծրագրով նախագծում ծախսերը կազմում է ընդհանուր ծախսերի 15․7 տոկոսը։

-Նախատեսվել է նաև պահուստային ֆոնդ վարչական եկամուտների 19.3 տոկոս։

 

Կապան համայնքի 2023թ. բյուջեի նախագծով ծրագրված ծախսերը՝

 

Համայնքի ղեկավարի աշխատակազմի պահպանում ծրագրով ծրագրվել են 499,161.1 հազ.դրամ:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործունեության կազմակերպում /պատվիրակված լիազորություն/ ծրագրով նախատեսվել է 5,997․0 հազ.դրամ, հիմք ընդունելով 2022թ. ցուցանիշը:

Ընդհանուր բնույթի ծառայություններ ծրագրով ծախսերը նախատեսվել են 66,869.0 հազ.դրամ, որն իր մեջ ներառում է Տեղեկատվական ծրագրերի և հանրային հատվածի հաշվապահության և հանրային այլ ծառայությունների կազմակերպմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորումը:

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ ծրագրով նախատեսվել է 9,000.0 հազ.դրամ գումար, որն իր մեջ ներառում է համայնքային գույքի նկատմամբ իրավունքների գրանցման, գնահատման և տեղեկատվության տրամադրման հետ կապված վճարումները, ինչպես նաև դատարան ներկայացվող դիմումներ, հայցադիմումների համար սահմանված վճարումներ:

Տրանսպորտի ոլորտում ծրագրվել է 40,000.0 հազ.դրամ, նախատեսվել է ներհամայնքային ճանապարհների ու փողոցների, բակերի, մայթերի, կամուրջների բարեկարգման, նորոգման, տրանսպորտային միջոցների և հետիոտնի անվտանգ երթևեկության համար:

Շրջակա միջավայրի ծրագրով նախատեսվել է 742,251.1 հազ.դրամ, որը իր մեջ ներառում է Կապան համայնքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների, կանաչապատ տարածքների պահպանման, պլաստիկ թափոնների վերամշակման համար, ինչպես նաև 2023 թվականի բնապահպանական ծրագիրը՝ Կապան համայնքի Կապանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի հարակից կամրջից մինչև Սյունիքի մարզպետարանին հարակից կամրջի հատվածը ներառյալ՝ Վաչագան գետի հունի մաքրում, բետոնի հարթակների, գետի հենապատերի վերականգնում և վերանորոգում։

Արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքներ ծրագրով նախատեսվել է 30,000․0 հազ.դրամ։

Հանգիստ, մշակույթ և կրոն ոլորտի ծրագրով նախատեսվել է 296,130.2 հազ.դրամ:

Կրթություն ծրագրով նախատեսվել է 973,900.9 հազ.դրամ, որից նախադպրոցական կրթությանը կուղղվի 588,677․3 հազ․դրամ, արտադպրոցական դաստիարակությանը՝ 380,223․6 հազ․դրամ։

Սոցիալական աջակցություն ծրագրով նախատեսվել է 35,015.0 հազ.դրամ, որից համայնքում մասնագիտական աջակցություն մինչև 18 տարեկան՝ կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաներին 24,015.0 հազ․դրամ, աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին՝ 10,000.0 հազ.դրամ։

 

Ապառքները և Տարեսկզբի ազատ մնացորդը կճշգրտվեն 2022թ. բյուջետային տարվա ավարտից հետո։ Համայնքի ավագանու որոշմամբ տարեսկզբի ազատ մնացորդը կօգտագործվի տվյալ տարվա բյուջեով նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ելքերի ֆինանսավորման նպատակով, իսկ ապառքները համայնքի բյուջեում կնախատեսվեն համաձայն կազմված ժամանակացույցի։ Բյուջեի նախագծով չի նախատեսվել սուբվենցիոն ծրագրերը։

 

 

Հավելված թիվ 1

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի

Կապան համայնքի ավագանու

«27» դեկտեմբերի 2022 թ․

N 199-Ն որոշման

 

 

Հավելված թիվ 2

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի

Կապան համայնքի ավագանու

«27» դեկտեմբերի 2022 թ․

N 199-Ն որոշման

 

 

Հավելված թիվ 3

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի

Կապան համայնքի ավագանու

«27» դեկտեմբերի 2022 թ․

N 199-Ն որոշման

 

 

Հավելված թիվ 4

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի

Կապան համայնքի ավագանու

«27» դեկտեմբերի 2022 թ․

N 199-Ն որոշման

 

 

Հավելված թիվ 5

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի

Կապան համայնքի ավագանու

«27» դեկտեմբերի 2022 թ․

N 199-Ն որոշման

 

 

Հավելված թիվ 6

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի

Կապան համայնքի ավագանու

«27» դեկտեմբերի 2022 թ․

N 199-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան