«Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու գործերով էլեկտրոնային համակարգ» համակարգչային ծրագիրը գործարկվել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից` www.e-notary.am ինտերնետային կայքի հասցեով՝ համաձայն 2023 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՀ նոտարական պալատի հայտարարության:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունիսի 26-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 109-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով․
«8. Այն դեպքերում, երբ առկա է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմումը «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82.9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով նոտարի կողմից մերժվելու մասին որոշում, և դատարանն ամբողջությամբ բավարարում է նույն անձի դեմ նույն փաստական հիմքով ներկայացված պահանջը, գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու հետ կապված ծախսը (նոտարական գործողության վճարը)՝ դրա կրկնապատիկի չափով, հատուցելու պարտականությունը կարող է դրվել պատասխանողի վրա։»:
Հոդված 2. Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է արբիտրաժի վճիռ, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում կամ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրություն, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը կամ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելը մերժելու դեպքի.»:
Հոդված 3. Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով.
«14) հայցադիմումը ներկայացվել է այն ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով, որը ենթակա է քննության նոտարի կողմից, և առկա չէ նոտարի կողմից նույն պահանջով գումարի բռնագանձման կարգադրություն արձակվելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշում կամ նոտարի կողմից նույն պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչվելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշում:»:
Հոդված 4. Օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «թերթ տալը մերժելու» բառերից հետո լրացնել «կամ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելը մերժելու» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 8-րդ մասում նշված տեղեկությունները՝ նույն մասում նշված գործերի քննության դեպքում.»:
Հոդված 6. Օրենսգրքի 297-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով, բացառությամբ այն պահանջների, որոնք ենթակա են քննության նոտարի կողմից «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.3-րդ գլխով սահմանված կարգով։»:
Հոդված 7. Օրենսգրքի 307-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Դատարանին ենթակա չէ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82.4-րդ հոդվածով սահմանված՝ նոտարին ենթակա գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումների քննությունը:»:
Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51.2-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 51.2
ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԱՐՁԱԿՎԱԾ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 345.1. | Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը |
1. Նոտարի կողմից կողմերի համար պարտադիր դարձած գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը պարտապանը կարող է վիճարկել դատական կարգով գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
2. Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել այն կողմերի համար պարտադիր դառնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
3. Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է՝
1) պարտապան ֆիզիկական անձի հաշվառման վայրի, հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան, իսկ հաշվառման վայր չունենալու և վերջին բնակության վայրն անհայտ լինելու դեպքում՝ պարտապանի գույքի գտնվելու վայրի դատարան.
2) պարտապան իրավաբանական անձի գտնվելու վայրի ընդհանուր իրավասության դատարան:
Հոդված 345.2. | Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու հիմքերը |
1. Առաջին ատյանի դատարանը չեղյալ է ճանաչում նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը, եթե՝
1) դիմումը ենթակա չէր քննության նոտարի կողմից.
2) նոտարը կարգադրությունն արձակել է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընթացակարգային նորմերի պահանջների էական խախտմամբ.
3) պարտապանը չի ունեցել պահանջի դեմ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետում առարկություն ներկայացնելու հնարավորություն կամ զրկված է եղել գումարի բռնագանձման պահանջով կարգադրության վարույթին մասնակցելու հնարավորությունից:
Հոդված 345.3. |
Դիմումին ներկայացվող պահանջները |
1. Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում նշվում են՝
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը.
2) կարգադրություն արձակած նոտարի անունը և նոտարական տարածքը.
3) կարգադրության վարույթի մասնակիցների անունները (անվանումները), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի, ֆիզիկական անձի հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի, իսկ բնակության վայրն անհայտ լինելու դեպքում՝ գույքի գտնվելու վայրի հասցեն, ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, առկայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման համարը.
4) գումարի բռնագանձման պահանջով կարգադրության արձակման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը.
5) գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը կողմերի համար պարտադիր դառնալու ամսաթիվը.
6) գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը վիճարկելու հիմքերն ու հիմնավորումները.
7) գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու վերաբերյալ պահանջը:
2. Գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումին կցվում են՝
1) գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրության բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացրած պատճենը.
2) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը.
3) դիմումը և դրան կից փաստաթղթերը մյուս կողմին և նոտարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը:
3. Սույն օրենսգրքի 345.1-ին հոդվածի կամ սույն հոդվածի պահանջների խախտման դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը:
Հոդված 345.4. |
Դիմումի քննությունը |
1. Նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, առանց դատական նիստ հրավիրելու:
2. Դատարանը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Դատական նիստի վայրի և ժամանակի մասին կողմերը ծանուցվում են: Այդ դեպքում նոտարի կողմից արձակված գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննվում, և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:
3. Գործի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ: Դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը կարող են փոփոխվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հրավիրված դատական նիստում՝ դատարանի արձանագրային որոշմամբ:
4. Դատարանը կարող է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակած նոտարից՝ որպես իրավասու անձի, պահանջել այն գործով նյութերը, որով կայացված կարգադրությունը վիճարկվում է դատարանում:
5. Դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու՝ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:
Հոդված 345.5. |
Դատարանի որոշումը |
1. Դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում՝ դիմումն ամբողջությամբ բավարարելու և նոտարի արձակած գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունն ամբողջությամբ չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին:
2. Դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
3. Դատարանի որոշման մեջ նշվում են՝
1) վիճարկվող կարգադրությունն արձակած նոտարի անունն ու նոտարական տարածքը.
2) վիճարկվող կարգադրության արձակման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
3) վիճարկվող կարգադրության կողմերի համար պարտադիր դառնալու տարին, ամիսը, ամսաթիվը.
4) գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).
5) դատարանի եզրահանգումը՝ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունն ամբողջությամբ չեղյալ ճանաչելու կամ դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու վերաբերյալ:
4. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով: Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ:
5. Դատարանի որոշումը կողմերին է ուղարկվում հրապարակումից հետո՝ եռօրյա ժամկետում։»:
Հոդված 9. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից չեղյալ ճանաչել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի օրենքի 19-րդ հոդվածը, 20-րդ հոդվածի 2-րդ կետը, 23-րդ հոդվածը, 29-րդ հոդվածի 5-րդ կետը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-226-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2023 թվական: