ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2022 թվականի N 932-Լ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 723-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը հաստատելու մասին» N 723-Լ որոշման հավելվածի՝
1) 4-րդ կետի՝
ա. 6-րդ ենթակետում «ավտոմատ գանձման սարք (նաև՝ ԱԳՍ)» բառերը փոխարինել «ՊՈՍ-տերմինալ» բառերով, իսկ ամբողջ տեքստում «ԱԳՍ-եր» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «ՊՈՍ-տերմինալների» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
բ. 7-րդ ենթակետը «բանկի բանկոմատներում» բառերից հետո լրացնել «և նույն բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով» բառերով.
2) 11-րդ կետը «բանկի բանկոմատներում» բառերից հետո լրացնել «և նույն բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով» բառերով, իսկ «վճարում կատարած կենսաթոշակառուները» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ այն շահառուների, որոնց կենսաթոշակ ստանալու իրավունքը ծառայության կողմից հետվճարի վճարման ցուցակը ձևավորելու օրվա դրությամբ դադարեցված է մահվան հիմքով» բառերով.
3) 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«12. Սույն միջոցառմամբ նախատեսված՝ անկանխիկ եղանակով կատարված վճարումների հետվճարները հաշվարկվում են բանկերի կողմից յուրաքանչյուր ամիս՝ նախորդ ամսվա ընթացքում ՊՈՍ-տերմինալների միջոցով և տվյալ բանկի բանկոմատներում և նույն բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով կոմունալ ծառայությունների դիմաց կենսաթոշակային քարտերով իրականացված գործարքներից (կատարված վճարումներից)՝ բացառությամբ այն շահառուների, որոնց կենսաթոշակ ստանալու իրավունքը ծառայության կողմից հետվճարի վճարման ցուցակը ձևավորելու օրվա դրությամբ դադարեցված է մահվան հիմքով:»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-Լ որոշմամբ հաստատված միջոցառման իրականացման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը։
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած և «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման» շրջանակներում գործընկերության հայտ ներկայացրած բանկերի հետ լրացուցիչ համաձայնագրի կնքումը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն` «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումից» բխող հետվճարների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
23.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառման իրականացման կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-Լ որոշմամբ սահմանված հետվճարը հաշվարկելուն, վճարելուն և գործընկեր բանկերի հետ փոխհաշվարկներին առնչվող հարաբերությունները:
2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝
1) կենսաթոշակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման 3-րդ կետում նշված գումար՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակներ, պարբերական բնույթ կրող (որոշակի կամ անորոշ ժամկետով տրվող) նպաստներ և դրամական այլ վճարներ․
2) կենսաթոշակառուի (նաև շահառուի) բանկային հաշիվ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով գործընկեր բանկում բացված սոցիալական ապահովության հաշիվ․
3) ծառայություն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն․
4) կենսաթոշակառու (նաև շահառու)` անձ, որի անվամբ բացվել է կենսաթոշակառուի բանկային հաշիվը (որին նշանակվել է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կենսաթոշակ), կամ անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչ` ծնող, որդեգրող, խնամակալ).
5) գործընկեր բանկ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման համաձայն՝ ծառայության հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած և միջոցառման շրջանակներում լրացուցիչ համաձայնագիր կնքած բանկ.
6) միջոցառում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-Լ որոշման 1-ին կետով հաստատված՝ «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառում».
7) անկանխիկ գործարք՝ գործարք, որի գծով, համաձայն միջոցառման, հաշվարկվում է հետվճար.
8) ՊՈՍ-տերմինալ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով գործող մանրածախ առևտուր իրականացնող կամ ծառայություններ մատուցող սուբյեկտի մոտ տեղադրված՝ վճարային քարտերով վճարումներ ընդունող (ավտոմատ գանձող) սարք.
9) հետվճար՝ հաշվետու ժամանակահատվածում կենսաթոշակառուի կողմից կենսաթոշակային քարտով ՊՈՍ-տերմինալների միջոցով ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման դիմաց կատարված անկանխիկ գործարքներից, ինչպես նաև կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատներում և տվյալ բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումներից հաշվարկվող գումար, որը սույն կարգով սահմանված ժամկետում ենթակա է փոխանցման կենսաթոշակառուի սոցիալական ապահովության հաշվին.
10) հետվճարի գումար` ըստ վճարման ցուցակների կենսաթոշակառուին վճարվող հետվճարի գումար.
11) վճարման ցուցակ` հետվճար ստացող անձանց տվյալների և նրանց վճարման ենթակա գումարներին վերաբերող տվյալների ամբողջություն, որի հիման վրա վճարվում են հետվճարները։
2. ՀԵՏՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՒՄԸ
3. Հետվճարները շահառուներին վճարվում են անկանխիկ եղանակով` գործընկեր բանկի միջոցով՝ միջոցառմամբ սահմանված չափով և սույն կարգով սահմանված ժամկետներում։
4. Հետվճարները հաշվարկվում և վճարվում են 2022 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների համար։
5. 2022 թվականի դեկտեմբեր ամսվա հետվճարը հաշվարկվում և վճարվում է 2023 թվականի հունվարին։
6. Հետվճարները գործընկեր բանկերի կողմից հաշվարկվում են նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքներից և փոխանցվում են շահառուների սոցիալական ապահովության հաշվին՝ յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսվա 25-ը։
7. Գործընկեր բանկերը հետվճարները հաշվարկելիս հաշվի են առնում միջոցառմամբ սահմանված առավելագույն սահմանաչափը՝ հաշվարկից բացառելով այն գործարքները, որոնց գծով չի ձևավորվում հետվճար։
8. Հետվճարների հաշվարկն իրականացնելուց հետո գործընկեր բանկը ձևավորում է հետվճարի վճարման նախնական ցուցակ՝ էլեկտրոնային տարբերակով, և մինչև տվյալ ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (Սի-Բի-Էյ-Նեթ ֆինանսական տեղեկատվության փոխանակման համակարգ. այսուհետ՝ Սի-Բի-Էյ-Նեթ համակարգ) ուղարկում է ծառայություն։ Վճարման ցուցակները կազմվում են «Microsoſt Excel» ծրագրի ձևաչափով։
9. Վճարման ցուցակում ներառվում են հետևյալ տվյալները՝
1) կենսաթոշակառուի անունը, ազգանունը (հայրանունը), հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը.
2) նախորդ ամսվա անկանխիկ գործարքներից կենսաթոշակառուին վճարման ենթակա հետվճարի ընդհանուր հասանելի գումարը, գործընկեր բանկի մասնակցության գումարի չափը տրվող հետվճարում, պետության կողմից մասնակցության գումարի չափը և գործընկեր բանկի կողմից տրվող հետվճարի գծով առաջացող եկամտային հարկի գումարի չափը։
10. Ծառայությունը համադրում է ներկայացված վճարման նախնական ցուցակը համապատասխան տեղեկատվական շտեմարաններում առկա տվյալների հետ՝ նախնական ցուցակներից դուրս բերելով համադրման օրվա դրությամբ մահվան հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցված շահառուների տվյալները, և վճարման նախնական ցուցակը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վճարման համար ձևավորված ցուցակները և վճարման նախնական ցուցակից դուրս բերված շահառուների ցանկը Սի-Բի-Էյ-Նեթ համակարգի միջոցով ուղարկում է գործընկեր բանկերին։
11. Գործընկեր բանկերը վճարման համար ձևավորված ցուցակները ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հետվճարի՝ իր կողմից տրամադրման ենթակա գումարը փոխանցում է ծառայության գանձապետական հաշվին։
12. Վճարման ցուցակներն ուղարկելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ծառայությունը գործընկեր բանկերին է փոխանցում վճարման ցուցակին համապատասխան՝ հետվճարի պետության մասնակցության գումարը, գործընկեր բանկի կողմից հետվճարում մասնակցության գումարը և գործընկեր բանկի կողմից տրվող հետվճարի գծով առաջացող եկամտային հարկի գումարը՝ մեկ տրանշով։
13. Շահառուին հասանելի հետվճարի ընդհանուր գումարը գործընկեր բանկի կողմից վճարվում է շահառուի սոցիալական ապահովության հաշվին փոխանցելու միջոցով՝ մեկ տրանշով:
14. Եթե որևէ (հաշվի փակված լինելու, տեխնիկական կամ այլ) պատճառով գործընկեր բանկի կողմից հնարավոր չէ գումարը փոխանցել շահառուի սոցիալական ապահովության հաշվին, ապա պետության կողմից վճարման փոխանցված գումարը 2023 թվականի փետրվարի 5-ից 15-ը ժամանակահատվածում բանկի կողմից վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծառայությանը տրամադրելով այն շահառուների տվյալները, որոնց չի վճարվել հետվճարի գումարը:
15. Հետվճարի վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև սոցիալական ապահովության հաշվի պայմանագրերով, իսկ սոցիալական ապահովության հաշվի սպասարկմանն առնչվող հարաբերությունները` կենսաթոշակառուի ու բանկի միջև կնքված` բանկային հաշվի պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
23.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.12.2023, N 2306-Լ | 01.01.2024, N 932-Լ | |
22.06.2023, N 987-Լ | 23.06.2023, N 932-Լ | |
29.12.2022, N 2092-Լ | 30.12.2022, N 932-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|