ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հուլիսի 12-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ մասերով.
«1.1. Եթե անձի առաջին անգամ կատարած հանցանքը ծանր կամ առանձնապես ծանր հանցանք է, ապա հանցավորի դերի, հանցանքը կատարելիս կամ դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ գործոնների առկայության դեպքում նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:
1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով անձը չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից սույն օրենսգրքի 133-154-րդ, 188-րդ հոդվածներով, 196-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ, 419-րդ, 420-րդ, 425-րդ հոդվածներով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 450-րդ, 522-րդ, 523-րդ հոդվածներով, 549-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 550-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանցանքներ կատարելու, ինչպես նաև այնպիսի հանցանք կատարելու դեպքում, որի համար նախատեսված է նաև ցմահ ազատազրկում:
1.3. Եթե հանցագործությունից տուժողը 14 տարին չլրացած անձ է կամ հոգեկան առողջության խնդիրների կամ մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով լրիվ կամ մասնակիորեն զրկված է իր դեմ ուղղված հանցագործության բնույթն ու հետևանքները գիտակցելու կամ իր վարքագիծը ղեկավարելու հնարավորությունից, ապա նրա դեմ ուղղված հանցանք կատարած անձը սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքով չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից:»:
Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. օգոստոսի 4 Երևան ՀՕ-273-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2023 թվական: