ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/2250/04/19 2022 թ. | ||||||
Սնանկության գործ թիվ ՍնԴ/2250/04/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Մ. ԴՐՄԵՅԱՆ | |
զեկուցող |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
Գ. Հակոբյան | ||
Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան |
2022 թվականի դեկտեմբերի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ՌԵԳԻՈՆԱԼ ԼՈԳԻՍՏԻԿՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16․07․2021 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա․ Հովհաննիսյան) 04․02․2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է։
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա․ Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 09․04․2021 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16․07․2021 թվականի որոշմամբ որոշվել է․ «Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժել: «ՌԵԳԻՈՆԱԼ ԼՈԳԻՍՏԻԿՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ վերաքննիչ բողոքը բավարարել՝ թիվ ՍնԴ/2250/04/19 սնանկության գործով ՀՀ սնանկության դատարանի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» 09.04.2021թ. որոշումը վերացնել մասնակի՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ 89․875․723,00 ՀՀ դրամի չափով պահանջը «ՌԵԳԻՈՆԱԼ ԼՈԳԻՍՏԻԿՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ պարտատերերի պահանջների վերջնական ցուցակում գրանցելու հարցն ուղարկել նույն դատարան նոր քննության՝ Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշած ծավալով: Մնացած մասով ՀՀ սնանկության դատարանի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» 09.04.2021թ. որոշումը թողնել օրինական ուժի մեջ»:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյան) և Կոմիտեն։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Կոմիտեի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ և 66-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ, 30-րդ և 34-րդ հոդվածները, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Պարտապանի վճարային պարտավորությունների առաջացման հիմքերը կարող են լինել տարբեր՝ այդ թվում նաև պետական համապատասխան մարմինների կողմից իրականացված վարչարարության արդյունքում ծագած։ Նման իրավիճակ կարող է ստեղծվել, օրինակ հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում ՀՀ հարկային օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված կարգով չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում, երբ հարկային մարմինն իր նախաձեռնությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ: Այդ վարչական վարույթների արդյունքում իր հերթին կայացվում են համապատասխան «գանձման որոշումներ», որոնց նկատմամբ ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են կիրառվել նաև տույժեր և տուգանքներ։
Կոմիտեի կողմից իրականացվող վարչարարությունը, վարչական վարույթը, դրա արդյունքում կայացվող վարչական ակտը և դրա անբողոքարկելի (անվիճելի) դառնալն իրենց բնույթով վարչական իրավահարաբերություններ են, որոնք նախորդում են սնանկության վարույթին և ոչ մի կերպ չեն կարող հանդիսանալ սնանկության վարույթի բաղկացուցիչ մաս։
Հիմք ընդունելով վերոգրյալն ակնհայտ է, որ Կոմիտեի պահանջի հիմքում դրված և այն ներկայացնելու պահին պարտապանի ունեցած հարկային պարտավորությունները հավաստող՝ «Հարկային պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի վերաբերյալ» տեղեկանքը, որից բխում է պահանջը, դրա կատարման ժամկետը, պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը։ Ինչպես նաև պարտապանի «անձնական հաշվի քարտերի» քաղվածքները՝ համապատասխան հաշվարկներով պահանջը հիմնավորող հանգամանքները, որոնք համապատասխանում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով նախատեսված վավերապայմաններին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի իմաստով թույլատրելի, արժանահավատ և իրենց համակցությամբ բավարար ապացույցներ են Կոմիտեի պահանջն օրինական և հիմնավոր համարելու համար։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 16․07․2021 թվականին կայացված որոշումը և (հարցը) գործն ուղարկել նոր քննության։
2.1 Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ, 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 49-րդ, 66-րդ, 365-րդ և 379-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սույն դեպքում, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի անունից հանդես է եկել Նշան Խաչատրյանը` ներկայացնելով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի կողմից տրված լիազորագիրը, սակայն գործում առկա չէ որևէ վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույց այն մասին, որ Նշան Խաչատրյանը «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի հետ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ կամ հանդիսանում է փաստաբան, այսինքն` պահանջը ստորագրվել է ոչ պատշաճ լիազորված անձի կողմից, այսինքն` բավարար հիմք կա պնդելու, որ պահանջը չի ներկայացվել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի կողմից:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում նշված բազմաթիվ հիմքերին` թույլ տալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, որպիսի պայմաններում խախտվել է ՀՀ Սահմանադրության 6-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության 6-րդ և 7-րդ հոդվածներով երաշխավորված օրինականության սկզբունքը և ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, այսինքն` սույն դեպքում խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Սույն դեպքում բողոք բերող անձը ներկայացրել է Դատարանի 09.04.2021 թվականին կայացված «Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի պահանջները 500․000 ՀՀ դրամի չափով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում` որպես չապահովված պահանջ և 89․875․723 ՀՀ դրամի չափով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում` որպես չապահովված պահանջ գրանցելու մասով վերացնելու և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի պահանջները մերժելու մասին որոշում կայացնելու պահանջ:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, վերոնշյալ որոշումը վերացրել է մասնակի և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի պահանջը` որպես չապահովված պահանջ 89․875․723 ՀՀ դրամի չափով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում` որպես չապահովված պահանջ գրանցելու մասով ուղարկել է նույն դատարան նոր քննության, իսկ մնացած մասով որոշումը թողել է օրինական ուժի մեջ: Բողոքարկվող որոշումը չի պարունակում որևէ պատճառաբանություն այն մասին, թե ինչու է հիմնավոր «Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի պահանջը` 500.000 ՀՀ դրամի չափով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում` որպես չապահովված պահանջ ներառելու մասով` մանավանդ, որ այդ մասով պահանջը ներկայացվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ, ինչի մասին վերաքննիչ բողոքում առկա է նշում, այսինքն` տվյալ պահանջի մասին Վերաքննիչ դատարանի որոշումը չունի պատճառաբանական մաս:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 16․07․2021 թվականին կայացված որոշումը` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի պահանջը` 500.000 ՀՀ դրամի չափով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում` որպես չապահովված պահանջն ուժի մեջ թողնելու մասով վերացնել և այդ մասով կայացնել պահանջի գրանցումը մերժելու մասին որոշում:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1․ 23․12․2019 թվականին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն դիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով Ընկերությանը ճանաչել սնանկ (հավելված, հատոր 1-ին գ.թ. 2-4):
2․ Դատարանի 04․02․2020 թվականի վճռով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի դիմումը բավարարվել է և Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հավելված, հատոր 1-ին գ.թ. 36-39):
3․ 23․03․2020 թվականին Կոմիտեն 1․162․307 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցելու դիմում է ներկայացրել դատարան, դիմումին կից ներկայացնելով հարկային պարտավորությունների առաջացման հիմքերի վերաբերյալ տեղեկանք և գոյացած հարկային պարտավորությունների հաշվարկ պարունակող փաստաթղթեր, որոնց վրա առկա է Կոմիտեի իրավաբանական վարչության կնիքը (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 42-53):
4․ 20․04․2020 թվականին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն պահանջ է ներկայացրել Դատարան հայտնելով, որ Ընկերության պարտավորությունները «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի հանդեպ կազմում են 90․375․723 ՀՀ դրամ, որից 89․875․723 ՀՀ դրամը, որպես հատուցված գումար, 500․000 ՀՀ դրամը, որպես վճարված պետական տուրքի գումար (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 60-61):
5․ Ընկերությունը 21․05․2020 թվականին ներկայացրել է պարտատերերի նախնական ցուցակի վերաբերյալ առարկություն և հայտնել է, որ 28․04․2020 թվականին կատարվել է 507․000 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորությունների մարում, ուստի առարկել է Կոմիտեի պահանջի վերաբերյալ և գտել է, որ այն անհիմն է 1․053․503 ՀՀ դրամի չափով և խնդրել է վերանայել այն (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 90):
6․ Ընկերության ներկայացուցիչը՝ 27․08․2020 թվականի դատական նիստի ընթացքում, ներկայացրել է «Ի լրումն «ՌԵԳԻՈՆԱԼ ԼՈԳԻՍՏԻԿՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված առարկության» վերտառությամբ փաստաթուղթ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 113-121):
7․ Դատարանը 09.04.2021 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշում է կայացրել, որով, ի թիվս այլնի, որոշել է Պարտապանի առարկությունը՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ ներկայացված պահանջի դեմ թողնել առանց քննարկման, Կոմիտեի դիմումը՝ պարտապանի նկատմամբ պահանջը գրանցելու մասին, մերժվել է։ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի պահանջը՝ 500․000 ՀՀ դրամի չափով գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի «դ» հերթում, իսկ 89․875․723 ՀՀ դրամը՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի «է» հերթում՝ որպես չապահովված պահանջներ փաստաթուղթ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 136-142):
8․ Դատարանի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» 09.04.2021 թվականի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում Ընկերությունը նշել է նաև, որ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի անունից հանդես է եկել Նշան Արշակի Խաչատրյանը՝ ներկայացնելով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի կողմից տրված լիազորագիրը, սակայն գործում առկա չէ որևէ վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույց այն մասին, որ Նշան Խաչատրյանը դիմումատուի հետ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ կամ հանդիսանում է փաստաբան, այսինքն պահանջը ստորագրել է ոչ պատշաճ լիազորված անձի կողմից։ Հաշվի առնելով նաև վերոգրյալը Ընկերությունը պահանջել է վերացնել․ «ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ/2250/04/19 սնանկության գործով 09․04․2021 թվականին կայացված «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի պահանջները 500․000 ՀՀ դրամի չափով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի դ/ հերթում՝ որպես չապահովված պահանջ և 89․875․723 ՀՀ դրամի չափով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի է/ հերթում՝ որպես չապահովված պահանջ գրանցելու մասը» (հավելված, հատոր 2-րդ, գ.թ. 83-91):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.
արդյո՞ք «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված պահանջի գրանցումը կարող է մերժվել վարչական ակտի բացակայության հիմնավորմամբ։
Ընկերության բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև` վերաքննության սահմաններին.
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն՝
ա) պահանջը ներկայացնող պարտատիրոջ`
- իրավաբանական անձի համար` անվանումը և գտնվելու վայրը,
- ֆիզիկական անձի համար` անունը և բնակության վայրը.
բ) պարտավորությունը, որից բխում է պահանջը, ինչպես նաև կատարման ժամկետը.
գ) պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.
դ) պահանջը հիմնավորող հանգամանքները:
Պահանջին կից ներկայացվում են այն հիմնավորող փաստաթղթերը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատարանը առարկությունն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում, որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին: Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:
Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սնանկության վարույթում օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու ինչպես պարտատերերի շահերի պաշտպանությունը, այնպես էլ՝ ելնելով սնանկ ճանաչված պարտապանի շահերից, այն է՝ հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնելու իր բնականոն գործունեությունը, հաղթահարելու ֆինանսական դժվարությունները, վերականգնելու նրա կենսունակությունը, սահմանել է պարտատերերի կողմից պահանջների ներկայացման և դրանց հիմնավորվածության ստուգման որոշակի կառուցակարգ: Մասնավորապես՝ օրենսդրորեն ամրագրվել է, որ սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում պարտատերերն իրենց պահանջները դատարան ներկայացնելիս պարտավոր են նշել այն պարտավորության մասին, որից բխում է պահանջը, դրա կատարման ժամկետը, ինչպես նաև պահանջը հիմնավորող հանգամանքները: Միաժամանակ օրենսդիրը պարտավորեցրել է դատարանին անկախ պահանջի (պահանջների) նկատմամբ առարկության ներկայացումից քննության առնել դատարան ներկայացրած յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, որից հետո միայն որոշում կայացնել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:
Նման օրենսդրական կարգավորումն ինքնանպատակ չէ և նպատակ ունի բացառելու սնանկության վարույթում չհիմնավորված պահանջների ընդգրկումը, քանի որ այդպիսի պահանջների ընդգրկումը կհանգեցնի ինչպես այն պարտատերերի իրավունքների և օրինական շահերի խախտմանը, որոնց պահանջները հիմնավորված են, այնպես էլ՝ պարտապանի և նրա հիմնադիրների (մասնակիցների) իրավունքների և օրինական շահերի խախտմանը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացված պահանջների վերջնական ցուցակը հաստատելիս դատարանները պետք է առաջին հերթին հաշվի առնեն այն հանգամանքը, որ հաստատման են ենթակա միայն այն պահանջները, որոնց առկայության և չափի վերաբերյալ ներկայացված են բավարար ապացույցներ, ընդ որում, ապացույցների բավարար լինելը գնահատողական կատեգորիա է և յուրաքանչյուր գործով այն ենթակա է գնահատման՝ ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ սնանկության վարույթում պահանջների վերջնական ցուցակի հաստատումը սնանկության վարույթի առանցքային փուլերից է, որի հիման վրա կատարվում է պարտատերերի գրանցված պահանջների բավարարումը։ Հատկանշական է, որ սնանկության վարույթը ևս պարտավորությունների կատարման և քաղաքացիական շրջանառությունում գույքային պատասխանատվության ապահովման հարկադրական եղանակներից է, որի շրջանակներում կատարվում է պարտատերերի պահանջների բավարարումը, իսկ սնանկության ավարտի վերաբերյալ դատական ակտով առաջանում են կոնկրետ քաղաքացիաիրավական հետևանքներ ինչպես վարույթի մասնակիցների, այնպես էլ` սնանկության վարույթում պահանջ չներկայացրած, հետևաբար մասնակից չդարձած անձանց համար: Հետևաբար առարկությունների քննարկման արդյունքում պահանջի օրինականությունը որոշելիս դատարանները պետք է ուշադրություն դարձնեն պարտատիրոջ կողմից պահանջը հիմնավորող հանգամանքների հիմնավորվածությանը` դրանով իսկ ապահովելով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման իրավական հիմնավորվածությունը (տե՛ս, «Հայաստանի Ամերիկյան համալսարան» հիմնադրամի ընդդեմ «ԻՎՏՐԱՆՍ»-ի թիվ ԵԿԴ/0103/04/11 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն 04․02․2020 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ։ Կոմիտեի կողմից 23․03․2020 թվականին Դատարան է ներկայացվել Ընկերության սնանկության գործով պարտատիրոջ պահանջը գրանցելու մասին դիմում, որով վերջինս խնդրել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ընկերության սնանկության գործով Կոմիտեին պահանջատեր ճանաչել 1.162.307 ՀՀ դրամ գումարի չափով, որից եկամտային հարկ՝ 531.507 ՀՀ դրամ, այդ թվում՝ ապառք՝ 466.401 ՀՀ դրամ, տույժ՝ 65.106 ՀՀ դրամ, շրջանառության հարկ՝ 519.732 ՀՀ դրամ, այդ թվում՝ ապառք՝ 450.975 ՀՀ դրամ, տույժ՝ 68.756 ՀՀ դրամ, ոչ ռեզիդենտի շահութահարկ՝ 50.734 ՀՀ դրամ, այդ թվում՝ ապառք 35.211 ՀՀ դրամ, տույժ՝ 7.415 ՀՀ դրամ, տուգանք՝ 8.107 ՀՀ դրամ, սոցիալական վճար (ամսական)՝ 27.334 ՀՀ դրամ, այդ թվում՝ ապառք՝ 24.093 ՀՀ դրամ, տույժ՝ 3.241 ՀՀ դրամ, դրոշմանիշային վճար՝ 33.000 ՀՀ դրամ ապառք: Նշված գումարից 111․804 ՀՀ դրամն անհրաժեշտ է գրանցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» հերթում, քանի որ այն առաջացել է սնանկ ճանաչելու մասին վճռին նախորդող 6-ամսյա և հաջորդող ժամկետներում աշխատանքային պայմանագրերից բխող պահանջի գումարից, իսկ 1․050․503 ՀՀ դրամ գումարի չափով պահանջն անհրաժեշտ է գրանցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում ընդգրկված պարտատերերի ցուցակում։
Որպես նշված պահանջը հիմնավորող ապացույց Կոմիտեն ներկայացրել է հարկային պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի վերաբերյալ տեղեկանք և գոյացած հարկային պարտավորությունների հաշվարկ պարունակող փաստաթղթեր, որոնց հիման վրա պարտապանը պետք է ինքնուրույն հաշվարկեր և վճարեր առաջացած հարկերը։
Ընկերությունը 21․05․2020 թվականին ներկայացնելով պարտատերերի նախնական ցուցակի վերաբերյալ առարկություն՝ հայտնել է, որ 28․04․2020 թվականին Ընկերության կողմից կատարվել է 507․000 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորությունների մարում, ուստի Կոմիտեի պահանջի վերաբերյալ առարկել է գտնելով, որ այն անհիմն է 1․053․503 ՀՀ դրամի չափով և խնդրել է վերանայել այն։
Դատարանը պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշմամբ քննելով Կոմիտեի կողմից ներկայացված պահանջի գրանցման դիմումը և վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵՄԴ/0013/04/17 սնանկության գործով կայացրած որոշումը՝ արձանագրել է, որ պարտապանի պարտավորությունը պետական բյուջեի նկատմամբ պետք է հիմնավորվի միայն անբողոքարկելի դարձած վարչական ակտով։ Տվյալ դեպքում Կոմիտեի անունից ստացված դիմումին կից չի ներկայացվել պարտապանի նկատմամբ կայացված վարչական ակտերը և դրանց անբողոքարկելի դարձած լինելու մասին ապացույցներ։ Արդյունքում պարտապանի պարտավորությունը պետական բյուջեի հանդեպ հաստատված չէ վարչական ակտով, ուստի պարտապանի ներկայացուցչի առարկությունը ենթակա է բավարարման, իսկ Կոմիտեի դիմումը՝ մերժման։
Վերաքննիչ դատարանը վերահաստատելով Դատարանի դիրքորոշումը՝ Կոմիտեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել է։
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության հարկային պարտավորություններն առաջացել են պարտադիր սոցիալական վճարների, շրջանառության հարկի, ռեզիդենտի շահութահարկի, եկամտային հարկի, դրոշմային վճարների գծով` Ընկերության կողմից հարկային մարմնին ներկայացված հաշվետվությունների և ամփոփ հաշվարկների հիման վրա և Կոմիտեն որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը հիմնավորող ապացույցներ կցել է իր պահանջը հիմնավորող համապատասխան փաստաթղթերը, այն է հարկային պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի վերաբերյալ տեղեկանք և հարկային հաշվարկներ։
Միաժամանակ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերից հետևում է, որ Կոմիտեն Ընկերությունում հարկային օրենսդրության կատարման հետ կապված ստուգումներ չի անցկացրել, ստուգման ակտ չի կազմել և ստուգման ակտով հարկային պարտավորություն չի առաջադրել։ Կոմիտեի կողմից Ընկերության սնանկության գործով պահանջ ներկայացնելը պայմանավորված է եղել Ընկերության հաշվետվությունների հիման վրա ծագած և չվճարված հարկերի գումարի բռնագանձման անհրաժեշտությամբ, և այդ կապակցությամբ հարկատուին չվճարված հարկային պարտավորության կատարման պահանջ և չկատարված հարկային պարտավորության գանձման վերաբերյալ վարչական ակտ չի կայացվել վերջինիս սնանկ ճանաչման պատճառով, քանի որ հարկային պարտավորության գանձման վերաբերյալ վարչական ակտ կարող է կայացվել հարկային մարմնի կողմից ներկայացված համապատասխան պահանջը չկատարելուց հետո միայն։ Հետևաբար Կոմիտեի կողմից հարկային պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի վերաբերյալ տեղեկանքի և հարկային հաշվարկներ ներկայացնելն ինքնին բավարար է հաստատված համարելու Ընկերության հարկային պարտավորությունների առկայության փաստը։
Սույն պարագայում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ Ընկերության կողմից՝ Կոմիտեի պահանջի գրանցման դեմ ներկայացված առարկությունը չի պարունակում որևէ հիմնավորում և ապացույց առ այն, որ Կոմիտեի կողմից ներկայացված պահանջն անհիմն է և վերջինիս կողմից ներկայացված ապացույցները բավարար չեն պահանջն օրինական համարելու համար։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նմանատիպ առարկությունների պայմաններում օրենսդիրը սնանկության դատարանին լիազորել է ներկայացված առարկությունների հիմքերը, հիմնավորումները քննելու և համապատասխան որոշում կայացնելու իրավասությամբ, որը սույն գործով չի կիրառվել առարկություն ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնված լինելու և դատարանի կողմից վերականգնված չլինելու պատճառով։
Վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարում անդրադառնալ նաև ստորադաս դատարանների կողմից պահանջի գրանցումը մերժելու հիմքում դրված թիվ ԵՄԴ/0013/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման կիրառմանը սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ։ Մասնավորապես վկայակոչված գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ երբ սնանկ ճանաչելու դիմումի հիմքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից դրվել են պարտապանի՝ օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտականությունից բխող պարտավորությունները, ապա պարտավորությունների փաստացի կատարված չլինելու հանգամանքի միայն վկայակոչումը չի կարող բավարար լինել պարտավորության անվիճելիությունը հաստատված համարելու համար, քանի որ համապատասխան վարչական մարմինը, հիմք ընդունելով իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի իրավակարգավորումը, պետք է կայացներ չվճարված հարկերը բռնագանձելու մասին որոշում: Նշվածը մի կողմից հնարավորություն կտար որոշակիացնելու պարտավորությունների բնույթը, իսկ մյուս կողմից հնարավորություն կընձեռեր վարչական ակտի հասցեատիրոջը հնարավոր անհամաձայնության դեպքում օրենքով սահմանված կարգով վիճարկելու համապատասխան վարչական ակտը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը սույն գործի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ թիվ ԵՄԴ/0013/04/17 սնանկության գործով որպես դիմումատու հանդես է եկել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն և սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դնելով հարկային պարտավորության առկայությունը, պետք է հիմնավորեր դրա անվիճելիությունը, վաթսունօրյա կետանցը և սնանկ ճանաչելու համար համապատասխան չափը, որպիսի հանգամանքը կարող էր հաստատվել բացառապես վարչական ակտով (հարկային պարտավորություն առաջադրելու վերաբերյալ ստուգման ակտ և/կամ չկատարված հարկային պարտավորության գանձման վերաբերյալ վարչական ակտ)։ Մինչդեռ սույն գործով Ընկերության սնանկ ճանաչված լինելու պայմաններում պարտապանի չկատարված հարկային պարտավորությունների գանձումը չի կարող կատարվել հարկային մարմնի կողմից սնանկության վարույթից դուրս Ընկերությանը պահանջ ներկայացնելու և դրա չկատարման դեպքում հարկի գումարի բռնագանձման վերաբերյալ վարչական ակտ կայացնելով։
Անդրադառնալով Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերին և հիմնավորումներին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածում թվարկվում են դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, որոնց առկայության դեպքում դատական ակտը ենթակա է բեկանման՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ` բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին կարող է չանդրադառնալ այն դեպքում, երբ առկա է դատական ակտի անվերապահ բեկանման օրենքով սահմանված հիմք:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը բացառապես վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու, վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու և յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ իր եզրահանգումն արտահայտելու անհրաժեշտության հարցին (տե՛ս Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով 27.05.2010 թվականի, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով 08.05.2014 թվականի որոշումները):
Վերոգրյալ հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ սույն գործով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի կողմից ներկայացված 89․875․723,00 ՀՀ դրամի չափով պահանջի մասով անհրաժեշտ է իրականացնել հարցի նոր քննություն, իսկ որպես հայցի նոր քննության ծավալ պետք է սահմանել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի կողմից ներկայացված 89․875․723,00 ՀՀ դրամի չափով պահանջի օրինականության և հիմնավորվածության ստուգումը, չի անդրադարձել վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, այն է՝ չի պատճառաբանել, թե ինչու է հիմնավոր «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի՝ որպես պետական տուրք նշված՝ 500․000 ՀՀ դրամի չափով պահանջը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում որպես չապահովված պահանջ գրանցելու հանգամանքը, այն պարագայում, որ 04․02․2020 թվականի վճռով ՀՀ սնանկության դատարանն Ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվելիք 500․000 ՀՀ դրամ պետական տուրքի փոխհատուցման գումարը գրանցել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված դատական ծախսերի խմբում։
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նաև վերաքննիչ բողոքում առկա այն հիմքին, որ Նշան Խաչատրյանը «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի անունից հանդես է եկել որպես ներկայացուցիչ և ստորագրել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի անունից ներկայացված պահանջը, սակայն գործի նյութերում առկա չէ որևէ վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույց այն մասին, որ Նշան Խաչատրյանը «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի հետ գտնվում է աշխատանքային հարաբերութունների մեջ կամ ընկերությանը ներկայացնում է որպես փաստաբան։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանն Ընկերության վերաքննիչ բողոքի քննարկմամբ անդրադարձել է միայն բողոքում բարձրացված 89․875․723,00 ՀՀ դրամի չափով պահանջի օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգված չլինելու հարցին, և չի անդրադարձել բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է հարցը նույն դատարան ուղարկելու անհրաժեշտություն` վերաքննիչ բողոքի մյուս հիմքերն ու հիմնավորումները քննարկման առարկա դարձնելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և հարցը նոր քննության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը բավարարել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16․07․2021 թվականի որոշումը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանել և հարցը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը՝ պարտապանի նկատմամբ պահանջը գրանցելու մասին մերժելու մասով ուղարկել ՀՀ սնանկության դատարան նոր քննության։
«ՌԵԳԻՈՆԱԼ ԼՈԳԻՍՏԻԿՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16․07․2021 թվականի որոշումը և հարցը «ՌԵԳԻՈՆԱԼ ԼՈԳԻՍՏԻԿՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքի մասով ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող |
Մ. ԴՐՄԵՅԱՆ |
Զեկուցող |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ |
Գ. Հակոբյան | |
Ս․ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատի կողմից թիվ ՍնԴ/2250/04/19 սնանկության գործով 16.12.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
16.12.2022 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի դեկտեմբերի 16-ին գրավոր ընթացակարգով քննելով «ՌԵԳԻՈՆԱԼ ԼՈԳԻՍՏԻԿՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.07.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է Կոմիտեի վճռաբեկ բողոքը բավարարել, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16․07․2021 թվականի որոշումը՝ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանել և հարցը՝ Կոմիտեի դիմումը՝ պարտապանի նկատմամբ պահանջը գրանցելու մասին մերժելու մասով ուղարկել ՀՀ սնանկության դատարան նոր քննության, Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16․07․2021 թվականի որոշումը և հարցը Ընկերության վերաքննիչ բողոքի մասով ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա․ Հովհաննիսյան) 04․02․2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է։
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա․ Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 09․04․2021 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16․07․2021 թվականի որոշմամբ որոշվել է․ «Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժել: «ՌԵԳԻՈՆԱԼ ԼՈԳԻՍՏԻԿՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ վերաքննիչ բողոքը բավարարել՝ թիվ ՍնԴ/2250/04/19 սնանկության գործով ՀՀ սնանկության դատարանի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» 09.04.2021թ. որոշումը վերացնել մասնակի՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ 89․875․723,00 ՀՀ դրամի չափով պահանջը «ՌԵԳԻՈՆԱԼ ԼՈԳԻՍՏԻԿՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ պարտատերերի պահանջների վերջնական ցուցակում գրանցելու հարցն ուղարկել նույն դատարան նոր քննության՝ Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշած ծավալով: Մնացած մասով ՀՀ սնանկության դատարանի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» 09.04.2021թ. որոշումը թողնել օրինական ուժի մեջ»:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյան) և Կոմիտեն։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»։
2. Վճռաբեկ դատարանը որպես Կոմիտեի վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ և 66-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ, 30-րդ և 34-րդ հոդվածները, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Պարտապանի վճարային պարտավորությունների առաջացման հիմքերը կարող են լինել տարբեր՝ այդ թվում նաև պետական համապատասխան մարմինների կողմից իրականացված վարչարարության արդյունքում ծագած։ Նման իրավիճակ կարող է ստեղծվել, օրինակ հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում ՀՀ հարկային օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված կարգով չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում, երբ հարկային մարմինն իր նախաձեռնությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ: Այդ վարչական վարույթների արդյունքում իր հերթին կայացվում են համապատասխան «գանձման որոշումներ», որոնց նկատմամբ ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են կիրառվել նաև տույժեր և տուգանքներ։
Կոմիտեի կողմից իրականացվող վարչարարությունը, վարչական վարույթը, դրա արդյունքում կայացվող վարչական ակտը և դրա անբողոքարկելի (անվիճելի) դառնալն իրենց բնույթով վարչական իրավահարաբերություններ են, որոնք նախորդում են սնանկության վարույթին և ոչ մի կերպ չեն կարող հանդիսանալ սնանկության վարույթի բաղկացուցիչ մաս։
Հիմք ընդունելով վերոգրյալն ակնհայտ է, որ Կոմիտեի պահանջի հիմքում դրված և այն ներկայացնելու պահին պարտապանի ունեցած հարկային պարտավորությունները հավաստող՝ «Հարկային պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի վերաբերյալ» տեղեկանքը, որից բխում է պահանջը, դրա կատարման ժամկետը, պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը։ Ինչպես նաև պարտապանի «անձնական հաշվի քարտերի» քաղվածքները՝ համապատասխան հաշվարկներով պահանջը հիմնավորող հանգամանքները, որոնք համապատասխանում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով նախատեսված վավերապայմաններին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի իմաստով թույլատրելի, արժանահավատ և իրենց համակցությամբ բավարար ապացույցներ են Կոմիտեի պահանջն օրինական և հիմնավոր համարելու համար։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 16․07․2021 թվականին կայացված որոշումը և (հարցը) գործն ուղարկել նոր քննության»:
2.1․ Վճռաբեկ դատարանը որպես Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ, 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 49-րդ, 66-րդ, 365-րդ և 379-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սույն դեպքում, «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի անունից հանդես է եկել Նշան Խաչատրյանը` ներկայացնելով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի կողմից տրված լիազորագիրը, սակայն գործում առկա չէ որևէ վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույց այն մասին, որ Նշան Խաչատրյանը «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի հետ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ կամ հանդիսանում է փաստաբան, այսինքն` պահանջը ստորագրվել է ոչ պատշաճ լիազորված անձի կողմից, այսինքն` բավարար հիմք կա պնդելու, որ պահանջը չի ներկայացվել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի կողմից:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում նշված բազմաթիվ հիմքերին` թույլ տալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, որպիսի պայմաններում խախտվել է ՀՀ Սահմանադրության 6-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության 6-րդ և 7-րդ հոդվածներով երաշխավորված օրինականության սկզբունքը և ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, այսինքն` սույն դեպքում խաթարվել է արդարադատության բուն էությունը:
Սույն դեպքում բողոք բերող անձը ներկայացրել է Դատարանի 09.04.2021 թվականին կայացված «Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի պահանջները 500․000 ՀՀ դրամի չափով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում` որպես չապահովված պահանջ և 89․875․723 ՀՀ դրամի չափով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում` որպես չապահովված պահանջ գրանցելու մասով վերացնելու և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի պահանջները մերժելու մասին որոշում կայացնելու պահանջ:
Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, վերոնշյալ որոշումը վերացրել է մասնակի և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի պահանջը` որպես չապահովված պահանջ 89․875․723 ՀՀ դրամի չափով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում` որպես չապահովված պահանջ գրանցելու մասով ուղարկել է նույն դատարան նոր քննության, իսկ մնացած մասով որոշումը թողել է օրինական ուժի մեջ: Բողոքարկվող որոշումը չի պարունակում որևէ պատճառաբանություն այն մասին, թե ինչու է հիմնավոր «Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի պահանջը` 500.000 ՀՀ դրամի չափով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում` որպես չապահովված պահանջ ներառելու մասով` մանավանդ, որ այդ մասով պահանջը ներկայացվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ, ինչի մասին վերաքննիչ բողոքում առկա է նշում, այսինքն` տվյալ պահանջի մասին Վերաքննիչ դատարանի որոշումը չունի պատճառաբանական մաս:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 16․07․2021 թվականին կայացված որոշումը` «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի պահանջը` 500.000 ՀՀ դրամի չափով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում` որպես չապահովված պահանջն ուժի մեջ թողնելու մասով վերացնել և այդ մասով կայացնել պահանջի գրանցումը մերժելու մասին որոշում»։
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1․ 23․12․2019 թվականին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն դիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով Ընկերությանը ճանաչել սնանկ (հավելված, հատոր 1-ին գ.թ. 2-4):
2․ Դատարանի 04․02․2020 թվականի վճռով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի դիմումը բավարարվել է և Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հավելված, հատոր 1-ին գ.թ. 36-39):
3․ 23․03․2020 թվականին Կոմիտեն 1․162․307 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցելու դիմում է ներկայացրել դատարան, դիմումին կից ներկայացնելով հարկային պարտավորությունների առաջացման հիմքերի վերաբերյալ տեղեկանք և գոյացած հարկային պարտավորությունների հաշվարկ պարունակող փաստաթղթեր, որոնց վրա առկա է Կոմիտեի իրավաբանական վարչության կնիքը (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 42-53):
4․ 20․04․2020 թվականին «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ն պահանջ է ներկայացրել Դատարան հայտնելով, որ Ընկերության պարտավորությունները «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի հանդեպ կազմում են 90․375․723 ՀՀ դրամ, որից 89․875․723 ՀՀ դրամը, որպես հատուցված գումար, 500․000 ՀՀ դրամը, որպես վճարված պետական տուրքի գումար (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 60-61):
5․ Ընկերությունը 21․05․2020 թվականին ներկայացրել է պարտատերերի նախնական ցուցակի վերաբերյալ առարկություն և հայտնել է, որ 28․04․2020 թվականին կատարվել է 507․000 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորությունների մարում, ուստի առարկել է Կոմիտեի պահանջի վերաբերյալ և գտել է, որ այն անհիմն է 1․053․503 ՀՀ դրամի չափով և խնդրել է վերանայել այն (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 90):
6․ Ընկերության ներկայացուցիչը՝ 27․08․2020 թվականի դատական նիստի ընթացքում, ներկայացրել է «Ի լրումն «ՌԵԳԻՈՆԱԼ ԼՈԳԻՍՏԻԿՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված առարկության» վերտառությամբ փաստաթուղթ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 113-121):
7․ Դատարանը 09.04.2021 թվականի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշում է կայացրել, որով, ի թիվս այլնի, որոշել է Պարտապանի առարկությունը՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ ներկայացված պահանջի դեմ թողնել առանց քննարկման, Կոմիտեի դիմումը՝ պարտապանի նկատմամբ պահանջը գրանցելու մասին, մերժվել է։ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի պահանջը՝ 500․000 ՀՀ դրամի չափով գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի «դ» հերթում, իսկ 89․875․723 ՀՀ դրամը՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի «է» հերթում՝ որպես չապահովված պահանջներ փաստաթուղթ (հավելված, հատոր 1-ին, գ.թ. 136-142):
8․ Դատարանի «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» 09.04.2021 թվականի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում Ընկերությունը նշել է նաև, որ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի անունից հանդես է եկել Նշան Արշակի Խաչատրյանը՝ ներկայացնելով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի կողմից տրված լիազորագիրը, սակայն գործում առկա չէ որևէ վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույց այն մասին, որ Նշան Խաչատրյանը դիմումատուի հետ գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ կամ հանդիսանում է փաստաբան, այսինքն պահանջը ստորագրել է ոչ պատշաճ լիազորված անձի կողմից։ Հաշվի առնելով նաև վերոգրյալը Ընկերությունը պահանջել է վերացնել․ «ՀՀ սնանկության դատարանի թիվ ՍնԴ/2250/04/19 սնանկության գործով 09․04․2021 թվականին կայացված «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի պահանջները 500․000 ՀՀ դրամի չափով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի դ/ հերթում՝ որպես չապահովված պահանջ և 89․875․723 ՀՀ դրամի չափով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին մասի է/ հերթում՝ որպես չապահովված պահանջ գրանցելու մասը» (հավելված, հատոր 2-րդ, գ.թ. 83-91)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.
արդյո՞ք «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված պահանջի գրանցումը կարող է մերժվել վարչական ակտի բացակայության հիմնավորմամբ։
Ընկերության բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև` վերաքննության սահմաններին.
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն՝
ա) պահանջը ներկայացնող պարտատիրոջ`
- իրավաբանական անձի համար` անվանումը և գտնվելու վայրը,
- ֆիզիկական անձի համար` անունը և բնակության վայրը.
բ) պարտավորությունը, որից բխում է պահանջը, ինչպես նաև կատարման ժամկետը.
գ) պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.
դ) պահանջը հիմնավորող հանգամանքները:
Պահանջին կից ներկայացվում են այն հիմնավորող փաստաթղթերը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատարանը առարկությունն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում, որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին: Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:
Վկայակոչված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ սնանկության վարույթում օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու ինչպես պարտատերերի շահերի պաշտպանությունը, այնպես էլ՝ ելնելով սնանկ ճանաչված պարտապանի շահերից, այն է՝ հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնելու իր բնականոն գործունեությունը, հաղթահարելու ֆինանսական դժվարությունները, վերականգնելու նրա կենսունակությունը, սահմանել է պարտատերերի կողմից պահանջների ներկայացման և դրանց հիմնավորվածության ստուգման որոշակի կառուցակարգ: Մասնավորապես՝ օրենսդրորեն ամրագրվել է, որ սնանկության մասին հայտարարությունից հետո մեկամսյա ժամկետում պարտատերերն իրենց պահանջները դատարան ներկայացնելիս պարտավոր են նշել այն պարտավորության մասին, որից բխում է պահանջը, դրա կատարման ժամկետը, ինչպես նաև պահանջը հիմնավորող հանգամանքները: Միաժամանակ օրենսդիրը պարտավորեցրել է դատարանին անկախ պահանջի (պահանջների) նկատմամբ առարկության ներկայացումից քննության առնել դատարան ներկայացրած յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, որից հետո միայն որոշում կայացնել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:
Նման օրենսդրական կարգավորումն ինքնանպատակ չէ և նպատակ ունի բացառելու սնանկության վարույթում չհիմնավորված պահանջների ընդգրկումը, քանի որ այդպիսի պահանջների ընդգրկումը կհանգեցնի ինչպես այն պարտատերերի իրավունքների և օրինական շահերի խախտմանը, որոնց պահանջները հիմնավորված են, այնպես էլ՝ պարտապանի և նրա հիմնադիրների (մասնակիցների) իրավունքների և օրինական շահերի խախտմանը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացված պահանջների վերջնական ցուցակը հաստատելիս դատարանները պետք է առաջին հերթին հաշվի առնեն այն հանգամանքը, որ հաստատման են ենթակա միայն այն պահանջները, որոնց առկայության և չափի վերաբերյալ ներկայացված են բավարար ապացույցներ, ընդ որում, ապացույցների բավարար լինելը գնահատողական կատեգորիա է և յուրաքանչյուր գործով այն ենթակա է գնահատման՝ ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ սնանկության վարույթում պահանջների վերջնական ցուցակի հաստատումը սնանկության վարույթի առանցքային փուլերից է, որի հիման վրա կատարվում է պարտատերերի գրանցված պահանջների բավարարումը։ Հատկանշական է, որ սնանկության վարույթը ևս պարտավորությունների կատարման և քաղաքացիական շրջանառությունում գույքային պատասխանատվության ապահովման հարկադրական եղանակներից է, որի շրջանակներում կատարվում է պարտատերերի պահանջների բավարարումը, իսկ սնանկության ավարտի վերաբերյալ դատական ակտով առաջանում են կոնկրետ քաղաքացիաիրավական հետևանքներ ինչպես վարույթի մասնակիցների, այնպես էլ` սնանկության վարույթում պահանջ չներկայացրած, հետևաբար մասնակից չդարձած անձանց համար: Հետևաբար առարկությունների քննարկման արդյունքում պահանջի օրինականությունը որոշելիս դատարանները պետք է ուշադրություն դարձնեն պարտատիրոջ կողմից պահանջը հիմնավորող հանգամանքների հիմնավորվածությանը` դրանով իսկ ապահովելով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման իրավական հիմնավորվածությունը (տե՛ս, «Հայաստանի Ամերիկյան համալսարան» հիմնադրամի ընդդեմ «ԻՎՏՐԱՆՍ»-ի թիվ ԵԿԴ/0103/04/11 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն 04․02․2020 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ։ Կոմիտեի կողմից 23․03․2020 թվականին Դատարան է ներկայացվել Ընկերության սնանկության գործով պարտատիրոջ պահանջը գրանցելու մասին դիմում, որով վերջինս խնդրել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ընկերության սնանկության գործով Կոմիտեին պահանջատեր ճանաչել 1.162.307 ՀՀ դրամ գումարի չափով, որից եկամտային հարկ՝ 531.507 ՀՀ դրամ, այդ թվում՝ ապառք՝ 466.401 ՀՀ դրամ, տույժ՝ 65.106 ՀՀ դրամ, շրջանառության հարկ՝ 519.732 ՀՀ դրամ, այդ թվում՝ ապառք՝ 450.975 ՀՀ դրամ, տույժ՝ 68.756 ՀՀ դրամ, ոչ ռեզիդենտի շահութահարկ՝ 50.734 ՀՀ դրամ, այդ թվում՝ ապառք 35.211 ՀՀ դրամ, տույժ՝ 7.415 ՀՀ դրամ, տուգանք՝ 8.107 ՀՀ դրամ, սոցիալական վճար (ամսական)՝ 27.334 ՀՀ դրամ, այդ թվում՝ ապառք՝ 24.093 ՀՀ դրամ, տույժ՝ 3.241 ՀՀ դրամ, դրոշմանիշային վճար՝ 33.000 ՀՀ դրամ ապառք: Նշված գումարից 111․804 ՀՀ դրամն անհրաժեշտ է գրանցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «գ» հերթում, քանի որ այն առաջացել է սնանկ ճանաչելու մասին վճռին նախորդող 6-ամսյա և հաջորդող ժամկետներում աշխատանքային պայմանագրերից բխող պահանջի գումարից, իսկ 1․050․503 ՀՀ դրամ գումարի չափով պահանջն անհրաժեշտ է գրանցել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում ընդգրկված պարտատերերի ցուցակում։
Որպես նշված պահանջը հիմնավորող ապացույց Կոմիտեն ներկայացրել է հարկային պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի վերաբերյալ տեղեկանք և գոյացած հարկային պարտավորությունների հաշվարկ պարունակող փաստաթղթեր, որոնց հիման վրա պարտապանը պետք է ինքնուրույն հաշվարկեր և վճարեր առաջացած հարկերը։
Ընկերությունը 21․05․2020 թվականին ներկայացնելով պարտատերերի նախնական ցուցակի վերաբերյալ առարկություն՝ հայտնել է, որ 28․04․2020 թվականին Ընկերության կողմից կատարվել է 507․000 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորությունների մարում, ուստի Կոմիտեի պահանջի վերաբերյալ առարկել է գտնելով, որ այն անհիմն է 1․053․503 ՀՀ դրամի չափով և խնդրել է վերանայել այն։
Դատարանը պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշմամբ քննելով Կոմիտեի կողմից ներկայացված պահանջի գրանցման դիմումը և վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵՄԴ/0013/04/17 սնանկության գործով կայացրած որոշումը՝ արձանագրել է, որ պարտապանի պարտավորությունը պետական բյուջեի նկատմամբ պետք է հիմնավորվի միայն անբողոքարկելի դարձած վարչական ակտով։ Տվյալ դեպքում Կոմիտեի անունից ստացված դիմումին կից չի ներկայացվել պարտապանի նկատմամբ կայացված վարչական ակտերը և դրանց անբողոքարկելի դարձած լինելու մասին ապացույցներ։ Արդյունքում պարտապանի պարտավորությունը պետական բյուջեի հանդեպ հաստատված չէ վարչական ակտով, ուստի պարտապանի ներկայացուցչի առարկությունը ենթակա է բավարարման, իսկ Կոմիտեի դիմումը՝ մերժման։
Վերաքննիչ դատարանը վերահաստատելով Դատարանի դիրքորոշումը՝ Կոմիտեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել է։
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության հարկային պարտավորություններն առաջացել են պարտադիր սոցիալական վճարների, շրջանառության հարկի, ռեզիդենտի շահութահարկի, եկամտային հարկի, դրոշմային վճարների գծով` Ընկերության կողմից հարկային մարմնին ներկայացված հաշվետվությունների և ամփոփ հաշվարկների հիման վրա և Կոմիտեն որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը հիմնավորող ապացույցներ կցել է իր պահանջը հիմնավորող համապատասխան փաստաթղթերը, այն է հարկային պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի վերաբերյալ տեղեկանք և հարկային հաշվարկներ։
Միաժամանակ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերից հետևում է, որ Կոմիտեն Ընկերությունում հարկային օրենսդրության կատարման հետ կապված ստուգումներ չի անցկացրել, ստուգման ակտ չի կազմել և ստուգման ակտով հարկային պարտավորություն չի առաջադրել։ Կոմիտեի կողմից Ընկերության սնանկության գործով պահանջ ներկայացնելը պայմանավորված է եղել Ընկերության հաշվետվությունների հիման վրա ծագած և չվճարված հարկերի գումարի բռնագանձման անհրաժեշտությամբ, և այդ կապակցությամբ հարկատուին չվճարված հարկային պարտավորության կատարման պահանջ և չկատարված հարկային պարտավորության գանձման վերաբերյալ վարչական ակտ չի կայացվել վերջինիս սնանկ ճանաչման պատճառով, քանի որ հարկային պարտավորության գանձման վերաբերյալ վարչական ակտ կարող է կայացվել հարկային մարմնի կողմից ներկայացված համապատասխան պահանջը չկատարելուց հետո միայն։ Հետևաբար Կոմիտեի կողմից հարկային պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի վերաբերյալ տեղեկանքի և հարկային հաշվարկներ ներկայացնելն ինքնին բավարար է հաստատված համարելու Ընկերության հարկային պարտավորությունների առկայության փաստը։
Սույն պարագայում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև, որ Ընկերության կողմից՝ Կոմիտեի պահանջի գրանցման դեմ ներկայացված առարկությունը չի պարունակում որևէ հիմնավորում և ապացույց առ այն, որ Կոմիտեի կողմից ներկայացված պահանջն անհիմն է և վերջինիս կողմից ներկայացված ապացույցները բավարար չեն պահանջն օրինական համարելու համար։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նմանատիպ առարկությունների պայմաններում օրենսդիրը սնանկության դատարանին լիազորել է ներկայացված առարկությունների հիմքերը, հիմնավորումները քննելու և համապատասխան որոշում կայացնելու իրավասությամբ, որը սույն գործով չի կիրառվել առարկություն ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնված լինելու և դատարանի կողմից վերականգնված չլինելու պատճառով։
Վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարում անդրադառնալ նաև ստորադաս դատարանների կողմից պահանջի գրանցումը մերժելու հիմքում դրված թիվ ԵՄԴ/0013/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման կիրառմանը սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ։ Մասնավորապես վկայակոչված գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ երբ սնանկ ճանաչելու դիմումի հիմքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից դրվել են պարտապանի՝ օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտականությունից բխող պարտավորությունները, ապա պարտավորությունների փաստացի կատարված չլինելու հանգամանքի միայն վկայակոչումը չի կարող բավարար լինել պարտավորության անվիճելիությունը հաստատված համարելու համար, քանի որ համապատասխան վարչական մարմինը, հիմք ընդունելով իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի իրավակարգավորումը, պետք է կայացներ չվճարված հարկերը բռնագանձելու մասին որոշում: Նշվածը մի կողմից հնարավորություն կտար որոշակիացնելու պարտավորությունների բնույթը, իսկ մյուս կողմից հնարավորություն կընձեռեր վարչական ակտի հասցեատիրոջը հնարավոր անհամաձայնության դեպքում օրենքով սահմանված կարգով վիճարկելու համապատասխան վարչական ակտը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը սույն գործի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ թիվ ԵՄԴ/0013/04/17 սնանկության գործով որպես դիմումատու հանդես է եկել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն և սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դնելով հարկային պարտավորության առկայությունը, պետք է հիմնավորեր դրա անվիճելիությունը, վաթսունօրյա կետանցը և սնանկ ճանաչելու համար համապատասխան չափը, որպիսի հանգամանքը կարող էր հաստատվել բացառապես վարչական ակտով (հարկային պարտավորություն առաջադրելու վերաբերյալ ստուգման ակտ և/կամ չկատարված հարկային պարտավորության գանձման վերաբերյալ վարչական ակտ)։ Մինչդեռ սույն գործով Ընկերության սնանկ ճանաչված լինելու պայմաններում պարտապանի չկատարված հարկային պարտավորությունների գանձումը չի կարող կատարվել հարկային մարմնի կողմից սնանկության վարույթից դուրս Ընկերությանը պահանջ ներկայացնելու և դրա չկատարման դեպքում հարկի գումարի բռնագանձման վերաբերյալ վարչական ակտ կայացնելով։
Անդրադառնալով Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերին և հիմնավորումներին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ․
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածում թվարկվում են դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, որոնց առկայության դեպքում դատական ակտը ենթակա է բեկանման՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ` բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին կարող է չանդրադառնալ այն դեպքում, երբ առկա է դատական ակտի անվերապահ բեկանման օրենքով սահմանված հիմք:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը բացառապես վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու, վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու և յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ իր եզրահանգումն արտահայտելու անհրաժեշտության հարցին (տե՛ս Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով 27.05.2010 թվականի, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով 08.05.2014 թվականի որոշումները):
Վերոգրյալ հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ սույն գործով «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի կողմից ներկայացված 89․875․723,00 ՀՀ դրամի չափով պահանջի մասով անհրաժեշտ է իրականացնել հարցի նոր քննություն, իսկ որպես հայցի նոր քննության ծավալ պետք է սահմանել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի կողմից ներկայացված 89․875․723,00 ՀՀ դրամի չափով պահանջի օրինականության և հիմնավորվածության ստուգումը, չի անդրադարձել վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, այն է՝ չի պատճառաբանել, թե ինչու է հիմնավոր «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի՝ որպես պետական տուրք նշված՝ 500․000 ՀՀ դրամի չափով պահանջը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում որպես չապահովված պահանջ գրանցելու հանգամանքը, այն պարագայում, որ 04․02․2020 թվականի վճռով ՀՀ սնանկության դատարանն Ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվելիք 500․000 ՀՀ դրամ պետական տուրքի փոխհատուցման գումարը գրանցել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված դատական ծախսերի խմբում։
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նաև վերաքննիչ բողոքում առկա այն հիմքին, որ Նշան Խաչատրյանը «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի անունից հանդես է եկել որպես ներկայացուցիչ և ստորագրել է «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի անունից ներկայացված պահանջը, սակայն գործի նյութերում առկա չէ որևէ վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույց այն մասին, որ Նշան Խաչատրյանը «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի հետ գտնվում է աշխատանքային հարաբերութունների մեջ կամ ընկերությանը ներկայացնում է որպես փաստաբան։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանն Ընկերության վերաքննիչ բողոքի քննարկմամբ անդրադարձել է միայն բողոքում բարձրացված 89․875․723,00 ՀՀ դրամի չափով պահանջի օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգված չլինելու հարցին, և չի անդրադարձել բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է հարցը նույն դատարան ուղարկելու անհրաժեշտություն` վերաքննիչ բողոքի մյուս հիմքերն ու հիմնավորումները քննարկման առարկա դարձնելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և հարցը նոր քննության ուղարկելու համար»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրանց վերաբերյալ:
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Տվյալ դեպքում վճռաբեկ բողոք բերած անձ Ընկերությունը վճռաբեկ բողոքում որպես այն վարույթ ընդունելու հիմք չի նշել, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչպես նաև Ընկերության վճռաբեկ բողոքում բացակայում է նման հիմքով այն վարույթ ընդունելու հիմնավորումը:
Դրանից ելնելով գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանն ինչպես չէր կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել վճռաբեկ բողոքում որպես այն վարույթ ընդունելու հիմք չնշված՝ իբրև Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի խախտման առկայությամբ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, այնպես էլ չէր կարող եզրահանգում կատարել այն մասին, որ Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի որոշումը նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով բեկանելու համար։
Ավելին՝ Վճռաբեկ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ունենալով գործով կայացված դատական ակտը միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու լիազորություն (տվյալ դեպքում բացակայում են ընդհանուր կանոնից բացառություն կազմող դեպքերը), դուրս է եկել վճռաբեկության սահմաններից և Վերաքննիչ դատարանի որոշման օրինականությունն Ընկերության բողոքի հիման վրա ստուգել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի խախտում թույլ տալու առումով։
Միևնույն ժամանակ ցանկանում եմ նաև կարծիք հայտնել Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ՝ կապված Վերաքննիչ դատարանի որոշումը Կոմիտեի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով բեկանելու մասի հետ։
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի և նույն օրենսգրքի 364-րդ հոդվածի իմաստով՝ նյութական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով՝ նշելով, որ «առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը»։
Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, բավարար համարելով վճռաբեկ բողոքի նաև այդ հիմքի առկայությունը, Վերաքննիչ դատարանի 16․07․2021 թվականի որոշումը՝ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանել է և հարցը՝ Կոմիտեի դիմումը՝ պարտապանի նկատմամբ պահանջը գրանցելու մասին մերժելու մասով ուղարկել է ՀՀ սնանկության դատարան նոր քննության, իսկ Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարել է, բեկանել է Վերաքննիչ դատարանի 16․07․2021 թվականի որոշումը և հարցը Ընկերության վերաքննիչ բողոքի մասով ուղարկել է Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։
Դրանից ելնելով անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանք կարող էին բավարար հիմք հանդիսանալ բողոքի քննության արդյունքներով նման եզրահանգման գալու համար։
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը որպես այդպիսի շարժառիթներ նշել է, որ՝
- «Ընկերության հարկային պարտավորություններն առաջացել են պարտադիր սոցիալական վճարների, շրջանառության հարկի, ռեզիդենտի շահութահարկի, եկամտային հարկի, դրոշմային վճարների գծով` Ընկերության կողմից հարկային մարմնին ներկայացված հաշվետվությունների և ամփոփ հաշվարկների հիման վրա և Կոմիտեն որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը հիմնավորող ապացույցներ կցել է իր պահանջը հիմնավորող համապատասխան փաստաթղթերը, այն է հարկային պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի վերաբերյալ տեղեկանք և հարկային հաշվարկներ»,
- «Կոմիտեի կողմից հարկային պարտավորությունների և դրանց առաջացման հիմքերի վերաբերյալ տեղեկանքի և հարկային հաշվարկներ ներկայացնելն ինքնին բավարար է հաստատված համարելու Ընկերության հարկային պարտավորությունների առկայության փաստը»,
- «Ընկերության կողմից՝ Կոմիտեի պահանջի գրանցման դեմ ներկայացված առարկությունը չի պարունակում որևէ հիմնավորում և ապացույց առ այն, որ Կոմիտեի կողմից ներկայացված պահանջն անհիմն է և վերջինիս կողմից ներկայացված ապացույցները բավարար չեն պահանջն օրինական համարելու համար»։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից պահանջի գրանցումը մերժելու հիմքում դրված թիվ ԵՄԴ/0013/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման կիրառմանը սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ, նշել է, որ այդ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը սույն գործի նկատմամբ կիրառելի չէ։ Նշված եզրահանգումը Վճռաբեկ դատարանը պայմանավորել է, ըստ էության, այն հանգամանքներով, որ`
1․ այդ գործով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն է հանդես եկել որպես «դիմումատու»,
2․ սույն գործով Ընկերության՝ արդեն սնանկ ճանաչված լինելու պայմաններում պարտապանի չկատարված հարկային պարտավորությունների գանձումը չի կարող կատարվել հարկային մարմնի կողմից սնանկության վարույթից դուրս Ընկերությանը պահանջ ներկայացնելու և դրա չկատարման դեպքում հարկի գումարի բռնագանձման վերաբերյալ վարչական ակտ կայացնելով։
Կարծում եմ, որ վերը նշված շարժառիթները չեն կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի խախտում թույլ տալը վերագրելու համար հետևյալ պատճառաբանությամբ․
Վճռաբեկ դատարանը, թիվ ԵՄԴ/0013/04/17 սնանկության գործով ըստ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի դիմումի՝ անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, 07․12․2018 թվականին կայացրած որոշմամբ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում որպես անվիճելի վճարային պարտավորություն կարող է դրվել օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունն այն դեպքում, երբ իրավասու պետական մարմինը նշված գումարները պարտապանից բռնագանձելու վերաբերյալ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված որոշում չի կայացրել և նշված որոշումը չի դարձել անբողոքարկելի, «անվիճելի վճարային պարտավորություն» եզրույթի բովանդակությունը դիտարկելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի համատեքստում, ըստ էության, դիրքորոշումներ է հայտնել այն մասին, որ՝
- երբ օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից բխող պահանջի հիմքում դրված է համապատասխան օրենքից չբխող հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունը, և ապացուցվում է, որ տվյալ պահանջի դեմ պարտապանն ունի առարկելու բավարար հիմքեր, ապա պարտավորությունը դառնում է վիճելի,
- երբ սնանկ ճանաչելու դիմումի հիմքում Կոմիտեի կողմից դրվել են պարտապանի՝ օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտականությունից բխող պարտավորությունները, ապա պարտավորությունների փաստացի կատարված չլինելու հանգամանքի միայն վկայակոչումը չի կարող բավարար լինել պարտավորության անվիճելիությունը հաստատված համարելու համար, քանի որ համապատասխան վարչական մարմինը, հիմք ընդունելով իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի իրավակարգավորումը, պետք է կայացներ չվճարված հարկերը բռնագանձելու մասին որոշում,
- այդպիսի որոշման բացակայության պայմաններում հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գործնականում չեն կարող բռնագանձվել հօգուտ պետության, ինչից բխում է, որ առանց նման որոշման կայացման գումարի բռնագանձման իրավասությունը չի կարող իրացվել, հետևաբար առանց այդ որոշման և դրա՝ անբողոքարկելի դառնալու պայմանների առկայության` համապատասխան պետական մարմինը չի կարող վկայակոչել պարտապանի՝ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտավորության անվիճելիությունը:
Նույն գործով Վճռաբեկ դատարանը, վերոհիշյալ դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը, նշել է, որ «անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանի՝ հարկային պարտավորությունների մասով առաջացած և չվճարված գումարի բռնագանձման վերաբերյալ իրավասու մարմինը որոշում չի կայացրել: Տվյալ պարագայում Կոմիտեն չէր կարող վկայակոչել անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանի մոտ հարկային պարտավորությունների առկայությունը` առանց անբողոքարկելի դարձած վարչական ակտի գոյության։ (…) տվյալ պարագայում բացակայում է անհատ ձեռնարկատեր Արթուր Ալեքսանյանին սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանցը, քանի որ վերը նշված հարկատեսակների գծով չկատարված հարկային պարտավորությունների փաստը հաստատված չէ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված որոշմամբ (անբողոքարկելի վարչական ակտով)»:
Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի կողմից վերը նշված գործով հայտնված իրավական դիրքորոշումները՝ կարծում եմ, որ տվյալ դեպքում սույն գործով Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները՝ կապված թիվ ԵՄԴ/0013/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի չլինելու հետ, չեն կարող բավարար հիմք հանդիսանալ նման եզրահանգում անելու համար, քանի որ հենց ինքը՝ Վճռաբեկ դատարանը, նման որոշում կայացնելիս որևէ սուբյեկտային տարբերակում չի դրել այն փաստական հանգամանքների նկատմամբ, թե Կոմիտեն է ներկայացրել սնանկ ճանաչելու մասին դիմումը, թե՞ մեկ այլ պարտատիրոջ կամ հենց պարտապանի կամավոր սնանկության դիմումի հիման վրա հարուցված սնանկության գործով է Կոմիտեն ներկայացրել համապատասխան պահանջը։ Այսինքն՝ Վճռաբեկ դատարանի կողմից հայտնված դիրքորոշումները հավասարապես կիրառելի են բոլոր երեք դեպքերի համար։
Վերոգրյալի հիման վրա, ինչպես նաև նկատի ունենալով, որ տվյալ դեպքում բացակայում է չվճարված հարկերը բռնագանձելու մասին համապատասխան որոշումը, Կոմիտեի կողմից սահմանված հարկեր և պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից բխող պահանջի հիմքում դրվել է համապատասխան նորմատիվ իրավական ակտերից չբխող հարկեր և պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունը, որի պայմաններում պարտապանի կողմից այդ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքերի առկայությունը պարտավորությունը դարձնում է վիճելի, գտնում եմ, որ տվյալ պարագայում բացակայում է Ընկերության սնանկության գործով Կոմիտեի այդ պահանջը գրանցելու համար անհրաժեշտ՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանցը, քանի որ վերը նշված հարկատեսակների գծով չկատարված հարկային պարտավորությունների առկայության փաստը հաստատված չէ անբողոքարկելի վարչական ակտով:
Վերոգրյալի հիման վրա՝ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ։
Դատավոր` |
Գ. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2023 թվական: