ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 2023 թվականի N 1010-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ՀՐԱԶԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստրի վարման կարգը` համաձայն hավելվածի:
2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիհունիսի 22-ի N 1010-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ՀՐԱԶԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության թույլատրված քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների վերաբերյալ տեղեկությունների պետական կադաստրի (այսուհետ՝ կադաստր) վարման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում մշակութային արժեք ներկայացնող զենքի վրա։
3․ Կադաստր չեն մուտքագրվում Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, ներկրվող և արտահանվող քաղաքացիական զենքի նմուշ օրինակների վերաբերյալ տվյալները։
4. Կադաստրը բաղկացած է հետևյալ բաժիններից՝
1) հայրենական արտադրության քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ.
2) օտարերկրյա արտադրության քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ։
5. Կադաստր են մուտքագրվում քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների մասին (ըստ կադաստրի բաժինների) հետևյալ տեղեկությունները՝
1) հայրենական արտադրության քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ բաժնում՝
ա․ զենքի մոդելը (փամփուշտի տեսակը) և օգտագործվող փամփուշտի անվանումը, նշանակությունը և քանակը,
բ․ զենքի և փամփուշտների հիմնական տեխնիկական ցուցանիշները, տեխնիկական կանոնակարգը, համապատասխանության գնահատման փաստաթղթի համարը, գործողության ժամկետը,
գ․ արտադրողի անվանումները, հասցեները,
դ․ նմուշի գունավոր լուսանկարը.
2) օտարերկրյա արտադրության քաղաքացիական և ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր և փամփուշտներ բաժնում՝
ա․ զենքի մոդելը (փամփուշտի տեսակը) և օգտագործվող փամփուշտի անվանումը, նշանակությունը և քանակը,
բ․ զենքի և փամփուշտների հիմնական տեխնիկական ցուցանիշները, տեխնիկական կանոնակարգը, համապատասխանության գնահատման փաստաթղթի համարը, գործողության ժամկետը,
գ․ երկրի և արտադրողի անվանումները, հասցեները,
դ․ նմուշի գունավոր լուսանկարը։
6․ Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների մասին տեղեկատվությունը կադաստրում մուտքագրումը կատարվում է տեխնիկական կանոնակարգման (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) օբյեկտ հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բոլոր մոդելների (բացառությամբ մշակութային արժեք հանդիսացող) նկատմամբ տեխնիկական կանոնակարգով սահմանված համապատասխանության գնահատման դրական արդյունքների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված և նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրամադրված համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայության դեպքում:
7․ Քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների մասին տվյալների մուտքագրումը կադաստր իրականացվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ հայտատուի (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ, որը հանդիսանում է արտադրող, ներմուծող, արտահանող կամ արտադրողի կողմից լիազորված անձ) կողմից լիազորված մարմնին ուղղված գրության (էլեկտրոնային ուղեկցվող հայտի` կից փաստաթղթերով) հիման վրա։
8. Հայտին կից հայտատուի կողմից լիազորված մարմնին պետք է ներկայացվեն սույն կարգի 5-րդ կետով պահանջվող բոլոր փաստաթղթերը։
9․ Ստանդարտացման և չափագիտության լիազորված մարմինը վարում է և մուտքագրում տվյալները՝ յուրաքանչյուր քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների մոդելի կամ տիպի համար՝ շնորհելով գրանցման հերթական համար։
10․ Յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող 10-րդ աշխատանքային օրը ստանդարտացման և չափագիտության լիազորված մարմնի կողմից հաշվետու ժամանակահատվածում՝ տվյալ ամսվան նախորդած եռամսյակի ընթացքում մուտքագրված տվյալները համապատասխան ուղեկցող գրությամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն։
11․ Սույն կարգի 10-րդ կետով ստանդարտացման և չափագիտության լիազորված մարմնի կողմից ներկայացված տվյալների հիման վրա կադաստրը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և հրապարակվում Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքում։
12․ Կադաստրի տվյալների մուտքագրման հիմք հանդիսացող՝ ներկայացված բոլոր էլեկտրոնային փաստաթղթերը պահվում են ստանդարտացման և չափագիտության լիազոր մարմնում՝ երեք տարի ժամկետով։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2023 թվական: