Գլխավոր տեղեկություն
Համար
N 111-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.05.2024-25.05.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.01.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 111-Ա

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 181-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 5.1-ին կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը վերապահված բաժնի 2-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝

1. Ձևավորել սահմանադրական բարեփոխումների խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):

2. Հաստատել խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել խորհրդի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

4. Սահմանել, որ խորհրդի ձևավորումից հետո՝ երկամսյա ժամկետում ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):

5. Խորհրդին՝

1) մինչև 2022 թվականի դեկտեմբերի 28-ը հաստատել հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.

2) մինչև 2023 թվականի հունիսի 30-ը հաստատել հանձնաժողովի կողմից մշակված՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 181-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

27.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

 ՀՀ վարչապետի

N 111-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (խորհրդի նախագահ)

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

Վ. Քոչարյան - Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Ա. Ջուլհակյան - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ)

Է. Մարուքյան - «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Գ. Առաքելյան - «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Ա. Սաքունց - «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Տ. Եգորյան - «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Դ. Իոաննիսյան - «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 14.10.22 N 1210-Ա, 23.05.24 N 479-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

27.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

 ՀՀ վարչապետի

N 111-Ա որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն գործունեության կարգով սահմանվում են սահմանադրական բարեփոխումների խորհրդի (այսուհետ` խորհուրդ) խնդիրները, գործառույթները, աշխատանքների կազմակերպման, իրականացման և որոշումների ընդունման կարգը, ինչպես նաև խորհրդի և սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) գործունեության հետ կապված այլ հարաբերություններ:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն գործունեության կարգով:

3. Խորհրդի գործունեությունը հիմնված է կոլեգիալության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների վրա:

4. Խորհրդի նախագահը և անդամները խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

5. Խորհուրդն իր աշխատանքների իրականացման ընթացքում կարող է ձևավորել աշխատանքային խմբեր, ինչպես նաև առանձին առաջադրանքների իրականացման նպատակով կարող է ներգրավել մասնագետների, փորձագետների և (կամ) խորհրդատուների:

6. Խորհրդի կազմում որպես լրացուցիչ անդամ՝ առանց քվեարկության իրավունքի, կարող է ընդգրկվել նաև երկու ներկայացուցիչ միջազգային կազմակերպություններից:

7. Խորհուրդը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշում ընդունելու կամ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովի կողմից ընդունվելու օրը:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Խորհրդի հիմնական խնդիրներն են՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացի ընդհանուր համակարգումը, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծերի մշակման նպատակով բարեփոխումների հայեցակարգային ուղղությունների որոշումը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգի և փոփոխությունների նախագծերի հաստատումը և ներկայացումը վարչապետի աշխատակազմ, ինչպես նաև իրեն վերապահված խնդիրների շրջանակում սահմանադրական բարեփոխումների գործընթացին հանրության մասնակցության ապահովումը:

9. Խորհուրդը`

1) հաստատում է խորհրդի նիստերի օրակարգը.

1.1) հաստատում է հանձնաժողովի անհատական կազմը.

1.2) ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել հանձնաժողովի գործունեությունը.

2) հաստատում է հանձնաժողովի աշխատանքային պլանը.

3) քննարկում և հանձնաժողովին է ներկայացնում սահմանադրական բարեփոխումների ուղղությունները, այդ թվում՝ հանձնաժողովի հետ քննարկումների արդյունքում, ըստ անհրաժեշտության վերանայում է սահմանադրական բարեփոխումների ուղղությունները.

4) հանձնաժողովի հետ քննարկումների արդյունքում որոշում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և Սահմանադրության փոփոխությունների նախագծերի մշակման մեթոդաբանությունը.

5) հանձնաժողովի ներկայացմամբ որոշում է սահմանադրական բարեփոխումների գործընթացում հանրային քննարկումների և կարիքների գնահատման ուղղությունները և մեթոդաբանությունը, կազմակերպում է կարիքի գնահատումներ և հանդիպումներ շահագրգիռ մարմինների, կազմակերպությունների և անձանց, այդ թվում` իրավունքի ոլորտի գիտական հաստատությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կամ նրանց մասնակցությամբ.

6) քննարկում և հաստատում է հանձնաժողովի կողմից մշակված (լրամշակված) սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.

7) ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովին է տրամադրում հայեցակարգի լրամշակման ուղղությունները և համակարգում լրամշակման աշխատանքները.

8) քննարկում և հաստատում է հանձնաժողովի կողմից մշակված (լրամշակված)՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.

9) ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովին է տրամադրում Սահմանադրության փոփոխությունների նախագծի լրամշակման ուղղությունները և համակարգում լրամշակման աշխատանքները.

10) համակարգում է հանձնաժողովի, աշխատանքային խմբերի, փորձագետների և խորհրդատուների աշխատանքները.

11) հանձնաժողովի գործունեության համակարգման նպատակով հանձնաժողովի մասնակցությամբ հրավիրում է նիստեր, իր կողմից սահմանված պարբերականությամբ լսում է հանձնաժողովի հաշվետվությունները.

12) պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից կարող է հայցել իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկություններ.

13) իրականացնում է սույն գործունեության կարգից և իր գործունեությունից բխող այլ գործառույթներ:

(9-րդ կետը լրաց. 29.12.22 N 1546-Ա)

 

III. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

11. Խորհրդի առաջին նիստը գումարվում է խորհրդի ձևավորման պահից` քսանօրյա ժամկետում: Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի, խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան 2 ամիսը մեկ անգամ: Խորհրդի նախագահը որոշում է խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը:

(11-րդ կետը փոփ. 26.04.22 N 424-Ա, 29.12.22 N 1546-Ա)

12. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` խորհրդի փոխնախագահը կամ խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը նիստը նախաձեռնողի կողմից խորհրդի անդամներին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև նիստին հրավիրված անձանց ներկայացվում են խորհրդի քարտուղարության միջոցով էլեկտրոնային եղանակով` ոչ ուշ, քան նիստից երեք օր առաջ, եթե, հարցի քննարկման հրատապությունից ելնելով, նիստը նախաձեռնողն այլ ժամկետ չի սահմանել:

13. Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով կատարվող հարցման և պատասխանի (այսուհետ՝ գրավոր հարցում և գրավոր պատասխան), ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության այլ միջոցներով:

14. Գրավոր հարցման միջոցով խորհրդի նիստ անցկացվելու դեպքում խորհրդի անդամները խորհրդի նիստում քննարկվելիք հարցերի վերաբերյալ քվեարկում են գրավոր պատասխան ներկայացնելով՝ խորհրդի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերը ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե խորհրդի նախագահն այլ բան չի սահմանել: Խորհրդի անդամի պատճառաբանված միջնորդության հիման վրա նշված ժամկետը կարող է երկարաձգվել խորհրդի նախագահի կողմից՝ ոչ ավել, քան 10 աշխատանքային օրով: Սահմանված ժամկետում գրավոր պատասխան չներկայացնելու դեպքում խորհրդի անդամը համարվում է խորհրդի նիստին չմասնակցած:

15. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե խորհրդի նիստին մասնակցում է խորհրդի անդամների (չներառելով խորհրդի լրացուցիչ անդամներին) կեսից ավելին:

16. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն գործունեության կարգով: Քվեարկության ընթացքում խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

17. Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծերի հաստատման հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են կոնսենսուսի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նիստին ներկա խորհրդի անդամների ձայների երկու երրորդով:

18. Գրավոր հարցման միջոցով խորհրդի նիստ անցկացվելու դեպքում խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների գրավոր պատասխանների հիման վրա` սահմանված ժամկետում գրավոր պատասխան ներկայացրած խորհրդի անդամների ձայների հաշվարկով: Գրավոր հարցման միջոցով քննարկվող հարցի վերաբերյալ քննարկման ներկայացված հարցերը կարող են քննարկվել նիստի գումարման միջոցով, եթե այդ մասին առկա է խորհրդի անդամի գրավոր պատճառաբանված առաջարկությունը:

19. Քվեարկության արդյունքների հիման վրա խորհուրդն ընդունում է որոշումներ:

20. Եթե խորհրդի որևէ անդամ խորհրդի ընդունած որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք և այն գրավոր տրամադրում է խորհրդին, ապա նրա ցանկությամբ հատուկ կարծիքը կցվում է խորհրդի տվյալ որոշմանը:

21. Խորհրդի նիստերին կարող են ներկա գտնվել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, եթե խորհուրդն այլ բան չի որոշել: Խորհրդի որոշմամբ խորհրդի նիստերին կարող են ներկա գտնվել նաև այլ անձինք:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

22. Խորհուրդն իր կազմից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում է խորհրդի փոխնախագահ, ով խորհրդի նախագահի բացակայության ընթացքում փոխարինում է վերջինիս:

23. Խորհրդի նախագահը`

1) ղեկավարում է խորհրդի աշխատանքները.

2) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.

3) ներկայացնում է խորհուրդն այլ մարմինների և կազմակերպությունների հետ հարաբերություններում.

4) համակարգում է հանձնաժողովի, աշխատանքային խմբերի, ինչպես նաև մասնագետների, փորձագետների և խորհրդատուների աշխատանքները.

5) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում հաղորդումներ խորհրդի և հանձնաժողովի գործունեության վերաբերյալ.

6) կրում է խորհրդի անդամի իրավունքներն ու պարտականություններն այնքանով, որքանով կիրառելի են իր նկատմամբ.

7) իրականացնում է սույն գործունեության կարգից բխող այլ լիազորություններ:

24. Խորհրդի անդամները պարտավոր են՝

1) անձամբ մասնակցել խորհրդի նիստերին.

2) անձամբ մասնակցել խորհրդի աշխատանքներին, այդ թվում՝ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծերի կազմման և լրամշակման աշխատանքների համակարգմանը.

3) մասնակցել որոշումների ընդունման համար անցկացվող քվեարկությանը.

4) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել հանձնաժողովի այն նիստերին, որոնց ընթացքում հանձնաժողովի կողմից քննարկվելու են խորհրդի անդամի առաջարկությամբ խորհրդի կողմից ընդունված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային ուղղությունները.

5) իրականացնել սույն գործունեության կարգից բխող այլ լիազորություններ:

25. Խորհրդի անդամն իրավունք ունի`

1) մասնակցել խորհրդի նիստերին և կարծիք հայտնել քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) ծանոթանալ խորհրդի նիստի օրակարգին և դրանում ընդգրկված հարցերի վերաբերյալ բոլոր փաստաթղթերին.

3) ներկայացնել հարցեր խորհրդի քննարկմանը.

4) պահանջել հայեցակարգային ուղղությունների քննարկումը ներառել խորհրդի նիստի օրակարգում.

5) խորհրդի նախագահի միջոցով պետական, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից հայցել խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն.

6) ներկա գտնվել հանձնաժողովի կողմից գումարվող նիստերին և խորհրդակցություններին.

7) խորհրդի կողմից ընդունված որոշման վերաբերյալ ներկայացնել հատուկ կարծիք.

8) իրականացնել սույն գործունեության կարգից բխող այլ լիազորություններ:

26. Խորհրդի անդամները կարող են դուրս գալ խորհրդի կազմից` այդ մասին առնվազն քսան օր առաջ գրավոր դիմում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետին:

27. Խորհրդի անդամի կողմից (բացառությամբ ի պաշտոնե խորհրդի կազմում ներգրավված անդամների) խորհրդի երեք և ավելի նիստերից անհարգելի պատճառներով բացակայելու դեպքում խորհրդի նախագահը խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության վարչապետին: Խորհրդի անդամի բացակայությունը համարվում է անհարգելի, եթե վերջինս բացակայել է խորհրդի երեք և ավելի նիստերից և այդ կապակցությամբ չի ներկայացրել գրավոր պատճառաբանված բացատրություն: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի «Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթաց սկսելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 1986-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «ե» և «զ» պարբերություններով սահմանված կարգով խորհրդի կազմում ընդգրկված անդամների լիազորությունները դադարեցվելու դեպքում լիազորությունները դադարեցվելուց հետո տասնօրյա ժամկետում վերջիններիս առաջադրող մարմինը ներկայացնում է նոր անդամի թեկնածություն: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի «Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթաց սկսելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 1986-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի «է» և «ը» պարբերություններով սահմանված կարգով խորհրդի կազմում ընդգրկված անդամների լիազորությունները դադարեցվելու դեպքում լիազորությունները դադարեցվելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի «Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթաց սկսելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 1986-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ա որոշմամբ սահմանված կարգով անցկացվում է նոր մրցույթ:

28. Խորհրդի անդամի կողմից (բացառությամբ ի պաշտոնե խորհրդի կազմում ներգրավված անդամների) իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ և (կամ) ոչ ժամանակին կատարելու դեպքում խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ կարող է քվեարկության դրվել խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելու հարցը: Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմելու մասին որոշումն ընդունվում է խորհրդի նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդով: Քվեարկությանը չի մասնակցում խորհրդի այն անդամը, որին վերաբերում է քննարկվող հարցը: Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքում նոր անդամի ներգրավումն իրականացվում է սույն գործունեության կարգի 27-րդ կետով սահմանված կարգով:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

29. Հանձնաժողովը կազմված է առավելագույնը հինգ անդամից, հանձնաժողովի կազմում ընդգրկվում են իրավաբանական գիտությունների դոկտորի, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ օտարերկրյա պետությունում իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան և իրավունքի ոլորտում առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող իրավաբաններ: Խորհրդի որոշմամբ հանձնաժողովի անդամներից երկուսը կարող են հանդիսանալ խորհրդի սահմանած չափանիշները բավարարող այլ ոլորտի մասնագետներ:

(29-րդ կետը լրաց. 29.12.22 N 1546-Ա)

30. Հանձնաժողովի անդամներն ընտրվում են մրցութային բաց ընթացակարգի միջոցով՝ 1 տարի ժամկետով խորհրդի սահմանած կարգով: Հանձնաժողովի անդամների գործունեության ժամկետը խորհրդի որոշմամբ յուրաքանչյուր անգամ կարող է երկարաձգվել մինչև մեկ տարի ժամկետով, եթե հանձնաժողովի անդամների ընտրության նոր մրցույթ չի հայտարարվում:

(30-րդ կետը խմբ. 29.12.22 N 1546-Ա)

31. Հանձնաժողովի անդամների վարձատրությունն ապահովվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

(31-րդ կետը փոփ. 29.12.22 N 1546-Ա)

32. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն գործունեության կարգով, ինչպես նաև հանձնաժողովի աշխատանքային պլանով:

33. Հանձնաժողովի գործունեությունը հիմնված է խորհրդի առջև հաշվետվողականության, ինչպես նաև կոլեգիալության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների վրա:

34. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝ սահմանադրական բարեփոխումների ուղղությունների համաձայնեցումը խորհրդի հետ, խորհրդի համակարգման ներքո սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպումը, խորհրդի կողմից հաստատված ուղղությունների շրջանակներում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և Սահմանադրության փոփոխությունների նախագծերի մշակումը, սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացում խորհրդին մասնագիտական խորհրդատվության տրամադրումը, սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ հաշվետվողականության ապահովումը, սահմանադրական բարեփոխումների ուղղությունների, բարեփոխումների հայեցակարգի և Սահմանադրության փոփոխությունների նախագծերի փոխհամաձայնեցման գործընթացի ապահովումը շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաև իրեն վերապահված խնդիրների շրջանակում սահմանադրական բարեփոխումների գործընթացին հանրության մասնակցության ապահովումը:

35. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են խորհրդի կողմից հաստատված աշխատանքային պլանին համապատասխան՝ նիստերի և խորհրդակցությունների միջոցով:

36. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

(36-րդ կետը փոփ. 26.04.22 N 424-Ա, 29.12.22 N 1546-Ա)

37. Հանձնաժողովը`

1) գործում է սույն գործունեության կարգին և իր աշխատանքային պլանին համապատասխան.

2) մշակում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը և ներկայացնում է խորհրդի հաստատմանը.

3) խորհրդի առաջարկությունների և (կամ) առարկությունների հաշվառմամբ խորհրդին է տրամադրում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի, ինչպես նաև սահմանադրական բարեփոխումների նախագծի լրամշակված տարբերակը.

4) սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հաստատվելուց հետո դրա հիման վրա մշակում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը և ներկայացնում է այն խորհրդին.

5) շահագրգիռ մարմինների, կազմակերպությունների և անձանց հետ քննարկում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծերը.

6) իր աշխատանքային պլանին համապատասխան` սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծերի վերաբերյալ իրականացնում է հանրային քննարկումներ, կարիքի գնահատումներ և անցկացնում է հանդիպումներ շահագրգիռ մարմինների, կազմակերպությունների և անձանց, այդ թվում` իրավունքի ոլորտի գիտական հաստատությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կամ նրանց մասնակցությամբ, ամփոփում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծերի կապակցությամբ ստացված կարծիքները, առաջարկությունները և եզրակացությունները և խորհրդի հետ համաձայնեցմամբ լրամշակում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծերը.

7) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնատար անձանցից խորհրդի գիտությամբ կարող է հայցել իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկություններ.

8) իրականացնում է սույն գործունեության կարգից, իր աշխատանքային պլանից և իր խնդիրներից բխող այլ գործառույթներ:

 

VI. հանձնաժողովի նախագահԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 26.04.22 N 424-Ա, 29.12.22 N 1546-Ա)

 

38. Հանձնաժողովն իր կազմից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ: Եթե հանձնաժողովի նախագահ ընտրելու անհրաժեշտությունը ծագելուց հետո նախագահ չի ընտրվում, ապա հանձնաժողովի նախագահը նշանակվում է խորհրդի կողմից՝ խորհրդի նիստին ներկա անդամների ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի նախագահը՝

1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները.

2) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը և խորհրդակցությունները.

3) ներկայացնում է հանձնաժողովը խորհրդի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ հարաբերություններում.

4) համակարգում է հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված մասնագետների, փորձագետների և խորհրդատուների աշխատանքները.

5) խորհրդին է ներկայացնում հաղորդումներ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ.

6) կրում է հանձնաժողովի անդամի իրավունքներն ու պարտականություններն այնքանով, որքանով կիրառելի են իր նկատմամբ.

7) իրականացնում է սույն գործունեության կարգից բխող այլ լիազորություններ:

(38-րդ կետը խմբ. 26.04.22 N 424-Ա, փոփ., խմբ. 29.12.22 N 1546-Ա)

39. Հանձնաժողովի անդամները պարտավոր են`

1) անձամբ մասնակցել հանձնաժողովի նիստերին և խորհրդակցություններին.

2) անձամբ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ ներառյալ.

ա. աշխատանքային պլանին և խորհրդի որոշումներին համապատասխան՝ մասնակցել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծերի կազմման և լրամշակման աշխատանքներին,

բ. իրեն վերապահված սահմանադրական բարեփոխումների ուղղություններով մշակել համապատասխան փաստաթղթերը և դրանք ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը.

3) ըստ անհրաժեշտության մասնակցել խորհրդի կողմից կազմակերպված քննարկումներին, խորհրդի պահանջով ապահովել մասնակցությունը խորհրդի նիստերին և ներկայացնել խորհրդի կողմից պահանջված տեղեկատվությունը.

4) աշխատանքային պլանում նշված ժամկետներում հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել աշխատանքային պլանով նախատեսված հարցերը.

5) իրականացնել սույն գործունեության կարգից բխող այլ լիազորություններ:

40. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`

1) հանձնաժողովի նախագահի միջոցով հայցել հանձնաժողովի նիստի գումարում` իրեն վերապահված սահմանադրական բարեփոխումների ուղղությունների շրջանակներում ծագած հարցերի առնչությամբ հանձնաժողովի դիրքորոշման բացահայտման նպատակով.

2) հանձնաժողովի նախագահի միջոցով խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր.

3) հանձնաժողովի նախագահի միջոցով պետական, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից հայցել սահմանադրական բարեփոխումների իրականացմանն անհրաժեշտ տեղեկատվություն.

4) իրականացնել սույն գործունեության կարգից բխող այլ լիազորություններ:

(40-րդ կետը փոփ. 26.04.22 N 424-Ա, 29.12.22 N 1546-Ա)

41. Հանձնաժողովի անդամները կարող են դուրս գալ հանձնաժողովի կազմից` այդ մասին առնվազն քսան օր առաջ գրավոր դիմում ներկայացնելով խորհրդի նախագահին:

42. Հանձնաժողովի անդամի կողմից իրեն վերապահված աշխատանքները և գործառույթները չկատարվելու կամ ոչ պատշաճ և ոչ ժամանակին կատարվելու դեպքում խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ կարող է քվեարկության դրվել հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը: Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումն ընդունվում է խորհրդի նիստին ներկա անդամների ձայների երկու երրորդով: Տվյալ նիստին կարող է ներկա գտնվել հանձնաժողովի այն անդամը, ում լիազորությունները դադարեցնելու հարցը քննարկվում է: Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքում հանձնաժողովի կազմը համալրվում է սույն խորհրդի սահմանած կարգով:

43. Հանձնաժողովի նախագահի կողմից հանձնաժողովի նիստին չմասնակցելու դեպքում վերջինս հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է որպես հանձնաժողովի նախագահին փոխարինող:

(43-րդ կետը փոփ. 26.04.22 N 424-Ա, 29.12.22 N 1546-Ա)

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԸ

 

44. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են խորհրդի կողմից հաստատված աշխատանքային պլանին համապատասխան:

45. Աշխատանքային պլանում սահմանվում են սահմանադրական բարեփոխումների հիմնական ուղղությունները և, դրանց հաշվառմամբ, աշխատանքների, այդ թվում՝ քննարկումների իրականացման փուլերը, վերջնաժամկետները, մեթոդաբանությունը և այլ անհրաժեշտ տեղեկություններ:

46. Մինչև աշխատանքային պլանը խորհրդի նիստում հաստատվելը խորհրդի և հանձնաժողովի անդամները կարող են գրավոր առաջարկներ ներկայացնել խորհրդի նախագահին՝ աշխատանքային պլանի կազմման, դրա բովանդակության, ներառյալ՝ սահմանադրական բարեփոխումների հիմնական ուղղությունների, աշխատանքների իրականացման փուլերի և վերջնաժամկետների վերաբերյալ: Ստացված առաջարկներն ամփոփելուց հետո հանձնաժողովի կողմից մշակված աշխատանքային պլանի նախագիծը ներկայացվում է խորհրդի նիստին` հաստատման:

47. Աշխատանքային պլանի նախագիծը կարող է հանձնաժողովի կողմից լրամշակվել խորհրդի նիստում` քննարկումների արդյունքում և քվեարկության դրվել լրամշակված տարբերակով:

48. Խորհուրդն իր գործունեության ընթացքում, ըստ անհրաժեշտության, այդ թվում՝ հանձնաժողովի առաջարկությամբ, կարող է փոփոխություններ կատարել աշխատանքային պլանում:

 

VIII. ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

49. Խորհրդի և հանձնաժողովի նիստերի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում է նիստը նախագահողը՝ նիստի անցկացման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում: Խորհրդի և հանձնաժողովի նիստերը կարող են ձայնագրվել:

(49-րդ կետը լրաց. 26.04.22 N 424-Ա, փոփ. 29.12.22 N 1546-Ա)

50. Խորհրդի և հանձնաժողովի բնականոն գործունեությունը, այդ թվում` կազմակերպական-տեխնիկական աշխատանքների իրականացումն ապահովում է քարտուղարությունը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով:

51. Քարտուղարությունը`

1) կազմակերպում է նիստերի հրավիրման և անցկացման աշխատանքները.

2) նախապատրաստում է խորհրդի (հանձնաժողովի) նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի (հանձնաժողովի) անդամներին, իսկ սույն աշխատակարգով նախատեսված դեպքերում՝ նաև նիստին մասնակցող այլ անձանց.

3) ապահովում է խորհրդի (հանձնաժողովի) որոշումների նախագծերի կազմումը.

4) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրումը.

5) վարում է խորհրդի (հանձնաժողովի) աշխատանքների հետ կապված գործավարությունը.

6) արձանագրում է խորհրդին (հանձնաժողովին) ներկայացված առաջարկությունները, կարծիքները և պահպանում դրանք.

7) ամփոփում է աշխատանքային խմբերի և մասնագետների եզրակացությունները, տեղեկանքները և դրանք ներկայացնում խորհրդին (հանձնաժողովին).

8) կազմակերպում է որոշումների տրամադրումը խորհրդի (հանձնաժողովի) անդամներին, շահագրգիռ մարմիններին, խորհրդի (հանձնաժողովի) նախագահի հանձնարարությամբ` այլ անձանց և կազմակերպություններին.

9) ապահովում է խորհրդի (հանձնաժողովի) գործունեության լուսաբանումը, ինչպես նաև խորհրդի (հանձնաժողովի) գործունեության վերաբերյալ տեղեկություններ է տրամադրում շահագրգիռ անձանց և կազմակերպություններին.

10) խորհրդի (հանձնաժողովի) նախագահի հանձնարարությամբ իրականացնում է խորհրդի (հանձնաժողովի) գործունեության ապահովման համար անհրաժեշտ այլ աշխատանքներ:

(51-րդ կետը փոփ. 26.04.22 N 424-Ա, լրաց., փոփ. 29.12.22 N 1546-Ա)

(հավելվածը փոփ., խմբ., լրաց. 26.04.22 N 424-Ա, 29.12.22 N 1546-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

27.01.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան