ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մայիսի 12-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 14-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 189.29-րդ և 189.30-րդ հոդվածներով.
«Հոդված 189.29. |
Բարձրագույն կրթության բնագավառում օրենսդրության պահանջները խախտելը |
1. Բարձրագույն կրթության համապատասխան մակարդակներում կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման՝ օրենսդրությամբ սահմանված պայմանները խախտելը, ինչպես նաև բարձրագույն կրթության համապատասխան մակարդակի յուրաքանչյուր աստիճանի ու որակավորման համար լիցենզիայի տրման պայմանները խախտելը՝
առաջացնում է նախազգուշացում:
2. Բարձրագույն կրթության համապատասխան մակարդակներում կրթական ծրագրի իրականացման իրավունքից և յուրաքանչյուր աստիճանի ու որակավորման համար լիցենզիայի պայմաններից բխող՝ օրենքով նախատեսված հաշվետվությունների ներկայացման ժամկետը 10 օրից ավելի ժամկետով խախտելը՝
առաջացնում է տուգանք իրավաբանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
3. Բարձրագույն կրթության համապատասխան մակարդակի յուրաքանչյուր աստիճանի ու որակավորման համար տրված լիցենզիայով սահմանված՝ սովորողների սահմանային թիվը գերազանցելը՝
առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
4. Մեկ ուսումնական տարվա ընթացքում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից օրենքով նախատեսված հիմքերով երկրորդ անգամ նախազգուշացվելը՝
առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի չափով:
5. Օրենքով նախատեսված խախտման համար կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կիրառած նախազգուշացմամբ սահմանված ժամկետներում այդ խախտումը չվերացնելը՝
առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
6. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
7. Սույն հոդվածի 2-5-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանք՝ սույն հոդվածով սահմանված տուգանքի չափերի կրկնապատիկի չափով:
Հոդված 189․30. |
Ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների կողմից հաշվետվությունները չներկայացվելը |
1. Ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների կողմից հաշվետվությունները օրենսդրությամբ սահմանված ժամկետում կրթության բնագավառի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմին չներկայացվելը՝
առաջացնում է նախազգուշացում։
2․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.24-րդ հոդվածով.
«Հոդված 244.24. |
Կրթության բնագավառի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը |
1. Կրթության բնագավառի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը քննում է սույն օրենսգրքի 189.29-րդ և 189.30-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տեսչական մարմնի ղեկավարը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է 2026 թվականի հունվարի 31-ից։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-110-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2025 թվական:
