Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 08.10.2021
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2021
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30424/02/18

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/30424/02/18

Նախագահող դատավոր՝   Ա. Սմբատյան

Դատավորներ՝

Մ. Հարթենյան

Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

է. սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հուլիսի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Կարինե Մարկոսյանի հայցի ընդդեմ Մանվել Հարությունյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.11.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Կարինե Մարկոսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կարինե Մարկոսյանը պահանջել է Մանվել Հարությունյանից բռնագանձել 16.320 ԱՄՆ դոլարին համարժեք 7.915.200 ՀՀ դրամ, որից 12.000 ԱՄՆ դոլարին համարժեք 5.820.000 ՀՀ դրամ՝ մայր գումար, 4.320 ԱՄՆ դոլարին համարժեք 2.095.200 ՀՀ դրամ` 30.12.2015-30.12.2018 թվականների համար հաշվարկված տոկոսագումար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Երիցյան) (այսուհետ` Դատարան) 04.10.2019 թվականի որոշմամբ հայցը թողնվել է առանց քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ ԱՍմբատյան, դատավորներ՝ ՄՀարթենյան, ԿՉիլինգարյան) յսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.11.2019 թվականի որոշմամբ Կարինե Մարկոսյանի` վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Մարկոսյանը (ներկայացուցիչ Սուսաննա Սարգսյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ, 119-րդ, 362-րդ, 372-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն և՛ սույն գործով կայացված որոշումը դատարանի կողմից հայտարարված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, և՛ որոշումն օրենքով սահմանված ժամկետում հայցվորի ներկայացուցչին հանձնված կամ ուղարկված լինելու փաստերը, քանի որ թե՛ որոշման հրապարակումը, թե՛ դրա ուղարկումը կամ հանձնումը կողմին նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին ուղղված է բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելուն, առավել ևս, որ դատարանի կողմից կողմերին չի ծանուցվել դատական ակտի հրապարակման օրվա մասին:

Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չի արժանացել այն փաստը, որ Դատարանը չի ծանուցել դատական ակտի հրապարակման օրվա մասին: Բացի այդ, 04.10.2019 թվականի որոշումը փոստային առաքմամբ հայցվորի ներկայացուցչին է ուղարկվել 11.10.2019 թվականին, այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի պահանջի խախտմամբ, որը ներկայացուցչի կողմից ստացվել է 12.10.2019 թվականին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 07.11.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացնելիս թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական խնդրին` արդյո՞ք դատական ակտը դատարանի կողմից դատական իշխանության պաշտոնական կայքում սահմանված ժամկետում հրապարակված լինելը կարող է համարվել դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հասանելի դարձնելու պարտականության պատշաճ կատարում, այն պարագայում, երբ դատական ակտի օրինակը հրապարակման հաջորդ օրը չի ուղարկվել կամ մինչ այդ առձեռն չի հանձնվել գործին մասնակցող անձին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները։

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով արդար դատաքննության իրավունքին, նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լույսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները (տե´ս, Běleš and others v. Czech Republic,գործով Եվրոպական դատարանի 12.11.2002 թվականի վճիռը, կետ § 49):

Եվրոպական դատարանը, անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v. Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):

Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ նաև բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ եթե ներպետական օրենսդրությամբ հստակ սահմանված է դատական ակտի մասին ծանուցելու՝ իրավասու մարմինների պարտականությունը, ապա դիմողի գանգատարկման իրավունքը չի կարող մերժվել, եթե ուշացումների պատճառն իշխանությունների պարտականությունների կատարումն է եղել, նույնիսկ եթե տեսականորեն դիմողն ունեցել է դատական ակտի մասին այլ աղբյուրներից տեղեկանալու հնարավորություն (տե՛ս, Davran v. Turkey գործով Եվրոպական դատարանի 03.11.2009 թվականի վճիռը, կետեր 31-47):

Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվել իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն:

ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված սկզբունքների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածը, 119-րդ հոդվածի 4-րդ մասը և 181-րդ հոդվածը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ եզրափակիչ դատական ակտեր են առաջին ատյանի դատարանի կայացրած (…) հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու (…) որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի` եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները սահմանվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով, իսկ օրենքով սահմանված չլինելու դեպքում` դատարանի կողմից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով և օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից յոթ օր հետո։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող են բողոքարկել վերաքննիչ դատարան՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, նույն օրենսգրքի 181-րդ հոդվածով (…) նախատեսված դեպքում՝ հրապարակման օրվանից յոթնօրյա ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում և 179-րդ հոդվածում նշված նորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն, եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն՝ առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն՝ դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը:

Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի՝ դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերը նշված իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ՝ նկատի ունենալով, որ հայցն առանց քննության թողնելու մասին որոշումը եզրափակիչ դատական ակտ է, հրապարակվում և գործին մասնակցող անձանց է հանձնվում այն նույն ընթացակարգով, ինչ վճիռը։ Հետևաբար տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի պահպանված լինելու համար էական են սույն քաղաքացիական գործով կայացված դատական ակտը (տվյալ դեպքում որոշումը) բողոք բերած անձին ուղարկված լինելու և այն նրա կողմից ստացված լինելու փաստերը, քանի որ և´ որոշման հանձնումը, և´ դրա ուղարկումը կողմին նպատակ է հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին նպատակ է հետապնդում նաև ապահովելու այն բողոքարկելու իրավունքի իրացումը:

Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե′ս, Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի 04.10.2019 թվականի որոշումը (գ.թ.121-123)դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 04.10.2019 թվականին (հիմք` «http://www.court.am» պաշտոնական կայք:

Գործում առկա է Դատարանի 04.10.2019 թվականի ուղեկցական գրությունը` Դատարանի 04.10.2019 թվականի որոշումը Կարինե Մարկոսյանի ներկայացուցչին ուղարկելու մասին (գ.թ. 124), մինչդեռ այդ ուղեկցական գրությունը փոստին հանձնելու մասին ապացույց գործում առկա չէ։ Սակայն համաձայն փոստային հետադարձ ծանուցագրի՝ հայցվորի ներկայացուցչի կողմից առաքանին ստացվել է 12.10.2019 թվականին (գ.թ. 126): 19.10.2019 թվականին փոստային առաքմամբ Կարինե Մարկոսյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք (հիմք` փոստային ծրարի պատճենը, գ.թ. 147)։

Վերաքննիչ դատարանի 07.11.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Կարինե Մարկոսյանի ներկայացուցչի՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ 04.10.2019 թվականի հայցն առանց քննության թողնելու մասին որոշումը փաստացի հրապարակվել է նույն օրը` 04.10.2019 թվականին (հիմք՝ ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային՝ www.datalex.am կայք): Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցն առանց քննության թողնելու մասին որոշումը 04.10.2019 թվականին հրապարակվելու պարագայում դրա դեմ վերաքննիչ բողոքը կարող էր ներկայացվել մինչև 15.10.2019 թվականը ներառյալ, մինչդեռ վերաքննիչ բողոքը պարունակած փոստային ծրարի վրա առկա «Հայփոստ» ՓԲԸ-ի կնիքի համաձայն՝ վերաքննիչ բողոքը փոստային կապի օպերատորին հանձնվել է 19.10.2019 թվականին, որպիսի պայմաններում հայցն առանց քննության թողնելու մասին որոշման բողոքարկման ժամկետը բաց է թողնված նաև 16.10.2019 թվականից մինչև 19.10.2019 թվականն ընկած ժամանակահատվածի մասով, իսկ այդ մասով առկա չեն ժամկետի բացթողման պատճառները հարգելի ճանաչելու և այդ ժամկետը վերականգնելու հիմքեր:

Վերաքննիչ դատարանը, նշել է նաև, որ բողոք ներկայացրած անձը դատական ակտի հրապարակվելու օրվանից՝ 04.10.2019 թվականից ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու բողոքարկվող դատական ակտի հետ, որպիսի պահից սկսած օրենքով սահմանված ժամկետում պարտավոր էր իրացնել իր բողոք ներկայացնելու իրավունքը, ինչը, սակայն, չի արել, ինչպես նաև չի ներկայացրել որևէ հիմնավորում, որ դատական ակտի հրապարակման օրվանից որևէ կերպ զրկված է եղել դրան ծանոթանալու հնարավորությունից:

 

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Նախկինում կայացված իր որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն և´ գործով կայացված վճիռը դատարանի կողմից հայտարարված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, և´ վճիռն օրենքով սահմանված ժամկետում կողմին հանձնված կամ ուղարկված լինելու փաստերը, քանի որ թե´ վճռի հրապարակումը, թե´ դրա ուղարկումը կողմին նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին ուղղված է բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելուն: Դատական ակտերի հրապարակման գործող եղանակը, ուղղված լինելով հրապարակայնության սկզբունքի երաշխավորմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, առաջնահերթ նպատակաուղղված է բողոքարկման իրավունքի իրականացման համար նախադրյալներ ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակվելուց հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց և ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ: Այդուհանդերձ, օրենսդիրը, հաշվի առնելով էլեկտրոնային ռեսուրսի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումները (մասնավորապես՝ միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների անհրաժեշտությունը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայության վճարովի բնույթը և այլն), դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը: Միայն նշված պարտականությունների միաժամանակյա և օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը, արժևորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը՝ որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, անհրաժեշտ է համարել ընդգծել, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նաև դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ հետևյալ պարտականությունները, այն է՝

ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,

բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, սահմանելով դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով դատարանի եզրափակիչ դատական ակտերը հրապարակելու կանոնը, միևնույն ժամանակ սահմանել է այդ դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականություն, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Այսինքն՝ օրենսդիրը կարևորել է դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց կողմից ստանալու հանգամանքը, ինչը նաև ուղղված է վերջիններիս բողոքարկման իրավունքի իրացման իրական հնարավորության երաշխավորմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը վերը նշված հետևությունը պայմանավորել է այն հանգամանքով, որ անձի բողոքարկման իրավունքը պետք է ուղեկցվի բավարար երաշխիքներով, որոնք հնարավորություն կտան դատական ակտը բողոքարկող անձանց արդյունավետ օգտվելու վերադաս ատյանի մատչելիությունից, ներառյալ նրանց կողմից հիմնավոր բողոքներ ներկայացնելու հնարավորության տրամադրումը (տե՛ս, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Դատարանի 04102019 թվականի «Հայցն առանց քննության թողնելու մասին» որոշումը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակել է 04.10.2019 թվականին, իսկ 04.102019 թվականին կազմվել է որոշումը Կարինե Մարկոսյանի ներկայացուցչին ուղարկելու գրությունը, սակայն գործում բացակայում են վերը նշված որոշման օրինակը վերջինիս ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկված լինելու ապացույցները (մինչ այդ այն առձեռն չի հանձնվել Կարինե Մարկոսյանի ներկայացուցչին): Այդուհանդերձ, հայցվորի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված ծրարի պատճենից և Հայփոստի պաշտոնական կայքի քաղվածքից երևում է, որ Կարինե Մարկոսյանի ներկայացուցչի հասցեում որոշումը ստացվել է 12.10.2019 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 19.10.2019 թվականին, այսինքն` դատական ակտն ուշացումով ստանալու օրվանից յոթնօրյա ժամկետում։ Միաժամանակ ներկայացվել է վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն այն պատճառաբանությամբ, որ բողոքարկվող որոշումը բողոքաբերն ստացել է 12.10.2019 թվականին:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Դատարանը պատշաճ կարգով չի իրականացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իր պարտականությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերը չի կարող կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված իրավական նորմերի պահանջները Դատարանի կողմից չպահպանելու բացասական հետևանքը: Օրենսդրի կողմից՝ հրապարակված դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու բավարար երաշխիքներ անձի՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքի լիարժեք իրականացման համար: Ավելին, Վերաքննիչ դատարանի վերոշարադրյալ պատճառաբանությունն իմաստազրկում է դատական ակտը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության առկայությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ վերոշարադրյալ հիմնավորումներով Կարինե Մարկոսյանի ներկայացուցչի միջնորդությունը ենթակա էր բավարարման, և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Կարինե Մարկոսյանի ներկայացուցչի՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է վերջինիս՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով նրան վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 07.11.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.11.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

է. սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան