ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0154/11/19 | ||
Գործ թիվ ԵԴ/0154/11/19 |
|||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
4 մարտ 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով դիմող Ալիկ Աշոտի Գրիգորյանի ներկայացուցիչներ Ս.Սարգսյանի և Ա.Գալստյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Ալիկ Գրիգորյանի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին հասցեագրված՝ 2018 թվականի նոյեմբերի 19-ի դիմումին ՀՀ հատուկ քննչական ծառայության (այսուհետ` նաև ՀՔԾ) պետի տեղակալ Հ.Ենոքյանը 2018 թվականի դեկտեմբերի 3-ին պատասխանել է գրությամբ:
Ա.Գրիգորյանի ներկայացուցիչ Ս.Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ 2019 թվականի հունվարի 17-ի բողոքին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա.Մնացականյանը 2019 թվականի փետրվարի 5-ին պատասխանել է գրությամբ:
2. 2019 թվականի մարտի 7-ին դիմող Ա.Գրիգորյանի ներկայացուցիչներ Ս.Սարգսյանը և Ա.Գալստյանը վերոնշյալ գրությունների դեմ բողոք են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ ներկայացուցիչներ Ս.Սարգսյանի և Ա.Գալստյանի բողոքը բավարարվել է՝ ՀՀ գլխավոր դատախազությանը պարտավորեցվել է վերացնել բողոքաբերի իրավունքների խախտումը, այն է՝ դատապարտյալ Ա.Գրիգորյանի բողոքի վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում:
3. Դատախազ Ա.Մնացականյանի բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 8-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի մարտի 9-ի որոշմամբ վարույթ է ընդունվել:
Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 3-ի գրության համաձայն՝ Ա.Գրիգորյանի՝ ՀՔԾ պետին հասցեագրված դիմումում բարձրացված հարցերը հանցագործության հատկանիշների վերաբերյալ տվյալներ չեն բովանդակում, ուստի այն չի կարող հանդիսանալ քրեական գործ հարուցելու հիմք:
6. Դատախազ Ա.Մնացականյանի՝ 2019 թվականի փետրվարի 5-ի գրության համաձայն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգով դատավարական որոշում կայացնելու, այն է՝ բողոքը վերադաս դատախազի կողմից քննության առնելու համար պարտադիր է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման առկայություն, որպիսին տվյալ դեպքում առկա չէ: Ինչ վերաբերում է ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի կողմից դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգման չենթարկելու հանգամանքին, ապա տվյալ գործողությունն իրավաչափ է1:
7. Դիմող Ա.Գրիգորյանի ներկայացուցիչներ Ս.Սարգսյանը և Ա.Գալստյանն Առաջին ատյանի դատարան ներկայացրած բողոքում արձանագրել են, որ և՛ ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանը, և՛ դատախազ Ա.Մնացականյանը թույլ են տվել անգործություն, որով խախտել են Ա.Գրիգորյանի իրավունքները և օրինական շահերը: Բողոքաբերները Առաջին ատյանի դատարանին խնդրել են պարտավորեցնել դատախազությանը վերացնել Ա.Գրիգորյանի իրավունքների խախտումը, այն է՝ վերջինիս հաղորդումը քննարկել ըստ էության և կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը2:
8. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) [Բ]ողոքաբեր Ալիկ Գրիգորյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ ՀՔԾ պետին՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված, 2003թ. օգոստոսի 01-ի ՆՀ-103-Ա ներման հրամանագրի հիման վրա իրեն ներում շնորհելով և ըստ բողոքաբերի՝ ցմահ ազատազրկման դատապարտելով, ի թիվս այլ խախտումների՝ նրա արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով և 300.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործությունների առկայության մասին։ Հղում կատարելով ՀՀ 1961թ. քրեական օրենսգրքի, ՀՀ 1995թ. Սահմանադրության և ՀՀ 2003թ. քրեական օրենսգրքի դրույթներին՝ բողոքաբերը քրեական հետապնդման մարմնին ներկայացրել է տվյալներ հանցագործությունների մասին, սակայն նրա հաղորդմանն ի պատասխան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշում չի կայացվել, պատասխան է հղվել գրությամբ։
Հաշվի առնելով, որ բողոքաբերը ՀՀ ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի անգործությունը Դատարանին ներկայացված բողոքում չի վիճարկել՝ Դատարանը դրա իրավաչափությանը չի անդրադառնում։
(…) [Գ]նահատելով դատախազի՝ հիշյալ գրությամբ արձանագրված պատճառաբանությունն այն մասին, որ բողոքը վերադաս դատախազի կողմից քննության առնելու համար պարտադիր է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման առկայությունը, որպիսին տվյալ դեպքում գոյություն չունի՝ Դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ մինչդատական վարույթում դատախազական հսկողության առարկա են հանդիսանում ոչ միայն քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, այլև նախաքննության մարմնի այն անգործությունը, գործողությունները և որոշումները, որոնք դատավարության մասնակիցների իրավունքների ենթադրյալ խախտումներ են պարունակում։ Հետևաբար դատախազական հսկողության շրջանակներում նախաքննության մարմնի գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքի քննության արդյունքում դատախազը բավարար հիմքերի առկայության դեպքում պարտավոր է համապատասխան որոշում կայացնել և այդ հանգամանքը չի կարող պայմանավորված լինել միայն քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման առկայությամբ, ինչը տվյալ դեպքում նշել է դատախազը։
Տվյալ դեպքում դատախազը չի պահպանել բողոքաբերի կողմից բողոքում բարձրացրած պահանջի վերաբերյալ պատճառաբանված որոշում ընդունելու օրենսդրական պահանջը և բողոքին պատասխանել է գրությամբ։
Վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ դատախազի կողմից չի իրացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված՝ քննիչի գործողությունների դեմ բերված բողոքը լուծելու լիազորությունը, չի պահպանվել նույն օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ պահանջի վերաբերյալ ընդունված որոշման պատճառաբանված լինելու պահանջը, ինչի արդյունքում խախտվել է բողոքաբեր Ալիկ Գրիգորյանի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված` գործի արդարացի քննության իրավունքը, ինչն էլ հանգեցրել է վերջինիս` ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված իր գործի արդարացի քննության իրավունքի սահմանափակմանը։
Հետևաբար, ՀՀ գլխավոր դատախազությանը պետք է պարտավորեցնել վերացնել բողոքաբերի իրավունքների խախտումները, այն է՝ դատապարտյալ Ալիկ Գրիգորյանի բողոքի վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում (…)»3:
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ դատախազի կողմից չի իրացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված քննիչի գործողությունների դեմ բերված բողոքը լուծելու լիազորությունը, չի պահպանվել նույն օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի վերաբերյալ ընդունված որոշման պատճառաբանված լինելու պահանջը, ինչի արդյունքում խախտվել է դիմող Ալիկ Գրիգորյանի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված՝ գործի արդարացի քննության իրավունքը, ինչն էլ հանգեցրել է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված իր գործի արդարացի քննության իրավունքի սահմանափակմանը: Վերոգրյալը հիմք է հանդիսանում ՀՀ գլխավոր դատախազությանը պարտավորեցնելու` վերացնել դիմողի իրավունքների խախտումները, այն է` դատապարտյալ Ալիկ Գրիգորյանի բողոքի վերաբերյալ կայացնել պատճառաբանված որոշում։
Հիմնավորված չէ նաև վերաքննիչ բողոքի այն պնդումը, թե «… Ս.Սարգսյանի կողմից ՀՀ Գլխավոր դատախազություն ներկայացված «բողոքում» բողոքարկվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի կարգով բողոքը վերադաս դատախազի կողմից քննության առնելու և դատավարական որոշում կայացնելու համար պարտադիր է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման առկայությունը»:
Ճիշտ է, ցմահ դատապարտյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Ս.Սարգսյանի կողմից ՀՀ Գլխավոր դատախազություն ներկայացված բողոքում նշված է, որ բողոքարկվում է Հատուկ քննչական ծառայության քննիչ Հ.Ենոքյանի` 03.12.2018թ. քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, սակայն ակնհայտ է, որ Հ.Ենոքյանի կողմից Ա.Գրիգորյանի հաղորդման կապակցությամբ որոշում չի կայացվել, այլ այդ հաղորդման կապակցությամբ վերջինիս 03.12.2018թ. ուղարկվել է գրություն, որը դատախազի կողմից պետք է դիտարկվեր որպես քրեական գործ հարուցելուց քննիչի հրաժարում և քննության առներ դրա դեմ ներկայացված բողոքը:
(…)
Այսպիսով, Առաջին ատյանի դատարանի որոշման դատական ստուգման արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ա.Մնացականյանի վերաքննիչ բողոքը բավարարելու և Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու հիմքեր չկան, նկատի ունենալով, որ բողոքը բավարարելով` դատարանը թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ (…)»4:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատավարական իրավունքի խախտում, այն է՝ սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ, 102-րդ, 103-րդ հոդվածներով սահմանված իրավադրույթները, դիմողի կողմից ՀՔԾ ներկայացված դիմումի, այնուհետև՝ դրա վերաբերյալ դատախազին ներկայացված բողոքի նկատմամբ կիրառելի իրավակարգավորումների շրջանակը և այդ իրավահարաբերությունների առարկան:
Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը վիճարկվող որոշմամբ պատշաճ չի գնահատել գործի հանգամանքներն իրենց համակցության մեջ՝ այդպիսով թույլ տալով դատական սխալ, որը, խաթարելով արդարադատության բուն էությունը, ազդել է գործի ելքի վրա, այն է՝ քրեական հետապնդման մարմնի համար առաջացրել է կատարման ոչ ենթակա պարտավորություն:
10.1. Բողոքաբերը փաստարկել է, որ ստորադաս դատարանները դատական ակտի պատճառաբանական մասում՝ իբրև խնդրո առարկա իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի քրեադատավարական դրույթներ, մեջբերելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը, 102-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, 103-րդ հոդվածի 1-ին մասը, անտեսել են, որ այդ նորմերը և դրանցով կարգավորվող հարաբերությունների սուբյեկտները դիմումների քննարկման փուլում որպես այդպիսին գոյություն չունեն, քանի որ այդ իրավահարաբերությունները կարող են ծագել առնվազն քրեական գործի հարուցման փուլում, այսինքն՝ քրեադատավարական տիրույթ ներմուծվելու պահից, ինչը սույն դեպքում տեղի չի ունեցել, քանի որ թե՛ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, թե՛ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացված գրություններն իրենցում չեն բովանդակել հանցագործության մասին մատնանշող փաստական տվյալներ:
10.2. Բողոքաբերը հատկանշական է համարել նաև այն, որ ներկայացուցիչ Ս.Սարգսյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացված բողոքի առարկան քրեական գործ հարուցելը մերժելու մասին, ըստ էության, գոյություն չունեցող որոշումն է: Ըստ բողոքաբերի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի կարգով դատավարական որոշում կայացնելու, այն է՝ բողոքը վերադաս դատախազի կողմից քննության առնելու համար պարտադիր է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման առկայությունը, որպիսին տվյալ դեպքում առկա չէ:
10.3. Բացի այդ, անդրադառնալով ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի կողմից դիմումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ստուգման չենթարկելու հանգամանքին, բողոքաբերը նշել է, որ տվյալ գործողությունն իրավաչափ է: Բողոքաբերը փաստել է, որ քրեական հետապնդման մարմնին հասցեագրված, անգամ «Հանցագործության մասին հաղորդում» վերնագրված որևէ դիմում ենթակա չէ ստուգման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգերով, եթե այն չի բովանդակում տեղեկություն կոնկրետ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին:
10.4. Ամփոփելով վերոշարադրյալը՝ բողոքաբերը փաստել է, որ ստորադաս դատարանի կողմից դատախազի համար սահմանվել է պահանջի կատարում, այն է՝ բողոքի կապակցությամբ որոշման կայացում, որն իր հիմքում չունի որևէ դատավարական և փաստական հիմք՝ ուստիև ապօրինի է:
11. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների կողմից Դատախազ Ա.Մնացականյանի՝ դատախազական հսկողության շրջանակներում կայացված գրությունն ինքնին մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկելը:
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատարանի լիազորություններն են, մասնավորապես`
1) (…) օրենքով նախատեսված դեպքերում քննել և լուծել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքները (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ «1.Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:
3. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում:
(…) 5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին (…)»:
14. Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ վերահաստատում է նախկինում արտահայտած իր դիրքորոշումն առ այն, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը նախ և առաջ պետք է պարզի, թե`
ա) բողոքարկված որոշումը կամ գործողությունը (անգործությունը) մտնում են արդյո՞ք մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկայի մեջ,
բ) բողոքաբերի կողմից պահպանվել են արդյո՞ք այդ որոշման կամ գործողության (անգործության) բողոքարկման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ընթացակարգերը,
գ) բողոքաբերի կողմից պահպանվել են արդյո՞ք մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության թույլատրելի ժամանակային սահմանները,
դ) բողոքաբերն արդյո՞ք ուներ բողոք բերելու իրավասություն,
ե) առկա է արդյո՞ք բողոքին կցվող նյութերի ցանկը (դատավարական փաստաթղթերի պատճեններ, փորձագետի եզրակացություն, տեղեկանք և այլն),
զ) ստորագրված է արդյո՞ք բողոքը:
Վերոնշյալ հանգամանքները պարզելուց հետո միայն դատարանը կարող է անդրադառնալ ներկայացված բողոքի հիմքերին5:
14.1. Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արտահայտել է նաև հետևյալ իրավական դիրքորոշումները՝
- Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների (անգործության) դեմ իրավասու անձի կողմից բողոք բերելու դեպքում (եթե այդ որոշումները կամ գործողությունները (անգործությունը) ենթակա են դատական բողոքարկման) դատարանը պարտավոր է ստուգել բողոքարկված որոշումների կամ գործողությունների (անգործության) օրինականությունն ու հիմնավորվածությունը, պարզել, թե արդյոք առկա է անձի իրավունքների և ազատությունների խախտում, արդյունքում` կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում` թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կամ բողոքը մերժելու մասին6:
- Մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումներն ու գործողությունները ենթակա են նաև դատախազական հսկողության: Ընդ որում, ինչպես հետևում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից, անձն իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքն իրացնելուց առաջ պարտավոր է սպառել իրավունքների պաշտպանության արտադատական միջոցը՝ դատախազի առջև հայցել իր բողոքի բավարարում7:
- Դատախազական հսկողության գործիքակազմի սպառումը նախապայման է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգը գործադրելու համար: Որպես իրավական պաշտպանության միջոց` դրա շրջանակներում ստուգվում է անձի իրավունքներին և օրինական շահերին անմիջականորեն միջամտող որոշման (գործողության) օրինականությունը, որի արդյունքում դատախազը կա՛մ արձանագրում է վիճարկվող որոշման (գործողության) իրավաչափության փաստը, կա՛մ հերքում այն: Այսինքն` դատախազական հսկողության կառուցակարգի սպառման արդյունքում կայացվող որոշումը հիմնվում է անձի իրավունքներին և օրինական շահերին անմիջականորեն միջամտող որոշման (գործողության) վրա8:
- Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական բողոքարկման առարկա անմիջականորեն կարող են հանդիսանալ քրեական հետապնդման մարմինների որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները, եթե դրանք չեն բավարարվել դատախազի կողմից՝ անկախ նրանից, թե բողոքարկման արդյունքում դատախազի կողմից քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ակտեր են կայացվել, թե դրսևորվել է անգործություն9։
- Ընդ որում, այս դեպքում դատական վերահսկողության առարկան քրեական հետապնդման մարմնի որոշումն է, այլ ոչ թե դատախազական հսկողության արդյունքում կայացված դատավարական ակտը կամ դրսևորած անգործությունը10։
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Ա.Գրիգորյանի՝ ՀՔԾ պետին հասցեագրված դիմումին ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանը պատասխանել է գրությամբ11,
- Ա.Գրիգորյանի ներկայացուցիչ Ս.Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված, ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի գրության դեմ բողոքին դատախազը պատասխանել է գրությամբ12,
- Դատախազի անգործության դեմ դիմող Ա.Գրիգորյանի ներկայացուցիչներ Ս.Սարգսյանի և Ա.Գալստյանի բողոքը13 Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ բավարարվել է14,
- Առաջին ատյանի դատարանը ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի անգործության իրավաչափությանը չի անդրադարձել՝ հաշվի առնելով այն փաստը, որ բողոքաբերը այն չի վիճարկել:
Առաջին ատյանի դատարանը, ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի անգործության իրավաչափությանը չի անդրադարձել՝ գտնելով, որ բողոքաբերն այն չի վիճարկել: Այնուհետև, գնահատելով գործի փաստական հանգամանքները, գտել է, որ դատախազ Ա.Մնացականյանի կողմից չի իրացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախատեսված՝ քննիչի գործողությունների դեմ բերված բողոքը լուծելու լիազորությունը, չի պահպանվել նույն օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ պահանջի վերաբերյալ ընդունված որոշման պատճառաբանված լինելու պահանջը, ինչի արդյունքում խախտվել է բողոքաբեր Ա.Գրիգորյանի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված` գործի արդարացի քննության իրավունքը:
- Վերաքննիչ դատարանը, դատախազ Ա.Մնացականյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ15:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ դատախազական հսկողության շրջանակներում, նախաքննության մարմնի գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքի քննության արդյունքում, դատախազը բավարար հիմքերի առկայության դեպքում պարտավոր է համապատասխան որոշում կայացնել և այդ հանգամանքը չի կարող պայմանավորված լինել միայն քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման առկայությամբ: Ըստ Վերաքննիչ դատարանի՝ տվյալ դեպքում դատախազը չի պահպանել բողոքաբերի կողմից բողոքում բարձրացված պահանջի վերաբերյալ պատճառաբանված որոշում ընդունելու օրենսդրական պահանջը և բողոքին պատասխանել է գրությամբ: Վերաքննիչ դատարանի համոզմամբ՝ դատախազի կողմից չի իրացվել քննիչի գործողությունների դեմ բերված բողոքը լուծելու լիազորությունը, չի պահպանվել պահանջի վերաբերյալ ընդունված որոշման պատճառաբանված լինելու պահանջը, ինչի արդյունքում խախտվել է Ա.Գրիգորյանի՝ գործի արդարացի քննության իրավունքը:
Արդյունքում, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, ուստի պետք է մերժել դատախազի բողոքը16:
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14.1-րդ կետերում շարադրված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն դեպքում դատական վերահսկողության առարկան ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 3-ի գրությունն է, այլ ոչ թե դատախազ Ա.Մնացականյանի՝ դատախազական հսկողության շրջանակում կազմված 2019 թվականի փետրվարի 5-ի գրությունը: Այս առնչությամբ հարկ է նաև փաստել, որ ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի գրությունը կարող էր վիճարկվել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում՝ անկախ նրանից, թե դատախազական հսկողության շրջանակներում բողոքարկման արդյունքում դատախազի կողմից քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ակտ կայացվել է, թե դրսևորվել է անգործություն17:
Մինչդեռ, ստորադաս դատարանները մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական բողոքարկման առարկա են դիտարկել դատախազ Ա.Մնացականյանի՝ դատախազական հսկողության շրջանակում կազմված գրությունը, արձանագրելով, որ դատախազը չի պահպանել բողոքաբերի կողմից բողոքում բարձրացված պահանջի վերաբերյալ պատճառաբանված որոշում ընդունելու օրենսդրական պահանջը, արդյունքում պարտավորեցրել ՀՀ գլխավոր դատախազությանը ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի գրության դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ դատախազական հսկողության շրջանակներում կայացնել պատճառաբանված որոշում։ Այդպիսով ստորադաս դատարանները չեն քննարկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա հանդիսացող՝ ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի գրության իրավաչափությունը և որևէ հետևության չեն հանգել դրա առնչությամբ, որպիսի մոտեցումը Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ:
17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից դատախազ Ա.Մնացականյանի՝ դատախազական հսկողության շրջանակներում կազմված գրությունն ինքնին մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկելն իրավաչափ չէ:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ դատախազ Ա.Մնացականյանի գրությանը կարող էր իրավական գնահատական տրվել ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի գրության իրավաչափության ստուգման հետ մեկտեղ՝ նույն վարույթի շրջանակներում:
18. Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում նաև Առաջին ատյանի դատարանի այն պնդմանը, համաձայն որի՝ «(...) Դատարանը չի անդրադառնում ՀՀ ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի անգործությանը, քանի որ բողոքաբերը ներկայացված բողոքում չի վիճարկել այն»: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքի ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ բողոքաբերը վիճարկել է նաև ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի գրության իրավաչափությունը, մասնավորապես նշելով, որ «(...) Հարկ է արձանագրել, որ դատախազը օժտված լինելով նախաքննության մարմնի գործողությունների օրինականությունը վերահսկելու լիազորությամբ, հենց ինքն էր պարտավոր ցուցում տալ քննիչին հաղորդման ելքի հետ կապված որոշում կայացնելու վերաբերյալ, որը սակայն ոչ միայն չի կատարել, այլ ընդհակառակը՝ կրկին գրությամբ փորձ է արել օրինականացնել քննիչի անգործությունը:
Դրանով էլ խախտել են (...) Ալիկ Գրիգորյանի արդար դատաքննության իրավունքը:
Այսպիսով՝ հաշվի առնելով վերոգրյալը գտնում ենք, որ Ալիկ Գրիգորյանի կողմից հանցագործության մասին հաղորդումն ըստ էության չքննարկելով, հաղորդմանը գրությամբ պատասխանելով և որոշում չկայացնելով ՀՀ ՀՔԾ քննիչ Հ.Ենոքյանը և Դատախազ Ա.Մնացականյանը դրսևորել են անգործություն, որով խախտվել են դիմողի իրավունքները, Ալիկ Գրիգորյանի համար ըստ էության չի ստեղծվել մրցակցային քրեական դատավարության մասնակից դառնալու իրական հնարավորություն»18:
19. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՔԾ պետի տեղակալի գրության իրավաչափությանն անդրադարձ է կատարվել ինչպես Ա.Գրիգորյանի ներկայացուցիչների՝ Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքում, այնպես էլ Առաջին ատյանի դատարանի որոշման պատճառաբանական մասում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը պետք է քննարկման առարկա դարձներ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա հանդիսացող՝ ՀՔԾ պետի տեղակալ Հ.Ենոքյանի գրության իրավաչափությունը և կայացներ համապատասխան որոշում:
20. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, դատական ակտ կայացնելիս թույլ են տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ, 290-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք են Առաջին ատյանի դատարանի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը բեկանելու և գործը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության ուղարկելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, պետք է քննության առնի դիմող Ա.Գրիգորյանի ներկայացուցիչների բողոքը և հանգի համապատասխան հետևության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Ալիկ Աշոտի Գրիգորյանի ներկայացուցիչների բողոքի հիման վրա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 8-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________________
1 Տե'ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 22-24:
2 Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 2-10:
3 Տե'ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 35-47:
4 Տե'ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 36-51:
5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հայկ Մելքոնյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԱԴԴ/0009/11/10 որոշման 12-րդ կետը, mutatis mutandis, «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԱՔԴ/0031/11/14 որոշումը:
6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08, Վլադիմիր Բաղդասարյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԳԴ4/0002/01/11, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Հեղինե Պետրոսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԵԿԴ/0043/11/14 որոշումները:
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հովհաննես Գինոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԼԴ/0023/11/12 որոշման 13-րդ կետը:
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սամվել Ղազարյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0018/11/17 որոշման 21-րդ կետը:
9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԱՔԴ/0031/11/14 որոշումը, ինչպես նաև Էրիկ Աբգարյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0018/11/17 որոշման 16.4-րդ կետը։
10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Էրիկ Աբգարյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0018/11/17 որոշման 17-րդ կետը:
11 Տե΄ս սույն որոշման 5-րդ կետը:
12 Տե΄ս սույն որոշման 6-րդ կետը:
13 Տե΄ս սույն որոշման 7-րդ կետը:
14 Տե΄ս սույն որոշման 8-րդ կետը:
15 Տե΄ս սույն որոշման 9-րդ կետը:
16 Տե΄ս սույն որոշման 9-րդ կետը:
17 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Տեր-Սահակյանի գործով 2021 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ ԵԴ/0149/11/19 որոշումը:
18 Տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթ 10:
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |