ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
23 սեպտեմբերի 2022 թվականի |
թիվ 158-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բանկերի կողմից արտարժութային ռիսկի կառավարման մոտեցումները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 5-րդ գլուխը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․
1) Կանոնակարգի 11-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) արտարժույթի տնօրինման նորմատիվները.
ա. յուրաքանչյուր արտարժույթի գծով դիրքի նորմատիվ,
բ. բոլոր արտարժույթների գծով դիրքի նորմատիվ:»:
2) Կանոնակարգի 24.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24.2. Արտարժույթի տնօրինման նորմատիվները հաշվարկվում են սույն Կանոնակարգի Գլուխ 6․1-ի համաձայն, և սահմանվում է.
1) առավելագույնը 7%՝ յուրաքանչյուր արտարժույթի գծով դիրքի նորմատիվի համար,
2) առավելագույնը 10%` բոլոր արտարժույթների գծով դիրքի նորմատիվի համար:»:
3) Կանոնակարգի 25-րդ կետի 4-րդ ենթակետում «նորմատիվը» բառը փոխարինել «նորմատիվները» բառով:
4) Կանոնակարգի 56.1-56.4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
5) Կանոնակարգի 57-րդ կետում «այլ արտարժույթները» բառերը փոխարինել «այլ արժույթները» բառերով:
6) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ Գլուխ 6․1-ով.
«ԳԼՈՒԽ 6․1․
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ
79. Յուրաքանչյուր արտարժույթի գծով դիրքի նորմատիվը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
որտեղ՝
ԴԱ = |
Աբ |
* 100% |
Կընդ |
ԴԱ – բանկի յուրաքանչյուր արտարժույթի գծով դիրքի նորմատիվն է՝ հաշվետու օրվա դրությամբ,
Աբ – բանկի արտարժութային բաց դիրքն է՝ բացարձակ մեծությամբ հաշվետու օրվա դրությամբ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով,
Կընդ - բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալն է՝ արտարժույթի դիրքի նորմատիվի հաշվարկման օրվա դրությամբ:
80. Բոլոր արտարժույթների գծով նորմատիվը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Դը = |
max(Եբ, Կբ) |
* 100% |
Կընդ |
որտեղ՝
Դը – բանկի բոլոր արտարժույթների գծով դիրքի նորմատիվն է՝ հաշվետու օրվա դրությամբ,
Եբ – բանկի արտարժութային երկար դիրքերի հանրագումարն է՝ հաշվետու օրվա դրությամբ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով,
Կբ – բանկի արտարժութային կարճ դիրքերի հանրագումարն է՝ բացարձակ մեծությամբ հաշվետու օրվա դրությամբ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով,
Կընդ – բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալն է՝ արտարժութային դիրքի նորմատիվի հաշվարկման օրվա դրությամբ:
81. Սույն Կանոնակարգի 79-րդ և 80-րդ կետերում նշված արտարժույթի բաց, երկար և կարճ դիրքերը սահմանված են սույն Կանոնակարգի Հավելված 4-ի 6.3-րդ կետով:
82. Արտարժութային դիրքի հաշվարկում ներառվում են.
1) տվյալ արտարժույթով ակտիվները և պարտավորությունները,
2) տվյալ արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվները և պարտավորությունները,
3) տվյալ արտարժույթով ածանցյալ գործիքները՝ ապագայում գնվող արտարժույթը ներառվում է ակտիվային հոդվածների հաշվարկում, ապագայում վաճառվող արտարժույթը՝ պարտավորությունների հաշվարկում:
83. Արտարժութային դիրքի հաշվարկում սույն Կանոնակարգի 82-րդ կետով սահմանված ակտիվներն ընդգրկելիս՝
1) ստանդարտ և հսկվող դասակարգված ակտիվները (ոչ ռիսկային և ռիսկային դասակարգված արժեթղթերը) ներառվում են համախառն հաշվեկշռային արժեքով,
2) ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված ակտիվները (միջին ռիսկային և բարձր ռիսկային դասակարգված արժեթղթերը)՝ հաշվեկշռային արժեքով, բացառությամբ սույն կետի 3-րդ կետով սահմանված դեպքերի և հաշվի առնելով սույն կետի 4-րդ ենթակետի պահանջները,
3) բացառապես բանկի դատողությունների և մասնագիտական կարծիքի հիման վրա սուբյեկտիվ չափանիշով դասակարգված (այդ թվում` անհուսալի) ակտիվները արտարժութային դիրքի հաշվարկում ընդգրկվում են այն ակտիվների դասակարգման դասին՝ սույն կետով սահմանված պահանջների համապատասխան, որով կընդգրկվեին օբյեկտիվ չափանիշով դասակարգված լինելու դեպքում,
4) ակտիվների դասակարգման և պահուստավորման կարգի 46-րդ կետի համաձայն՝ բանկի կողմից հնարավոր կորուստների պահուստին կատարված ավելացված հատկացումները, ինչպես նաև ակտիվների գծով լրացուցիչ պահուստին կատարվող հատկացումները հաշվի չեն առնվում:
84. Սույն Կանոնակարգի իմաստով՝ դրամային ակտիվները կամ պարտավորությունները արտարժութային ռիսկ են պարունակում, եթե դրանց գծով ստացվելիք կամ վճարվելիք գումարների մեծությունները հաշվարկվում են արտարժույթի և/կամ արժութային զամբյուղի՝ դրամի նկատմամբ փոխարժեքի միջոցով և, հետևաբար, կարող են տատանվել վերջինիս փոփոխությամբ պայմանավորված:
85. Արտարժույթի տնօրինման նորմատիվների հաշվարկման իմաստով՝ արտարժութային ակտիվ կամ պարտավորություն են համարվում նաև.
1) թանկարժեք մետաղների բանկային կամ ստանդարտացված ձուլակտորները, դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները.
2) անկանխիկ մետաղական հաշիվները:
86. Արտարժույթի տնօրինման նորմատիվների հաշվարկման իմաստով՝ բանկային ոսկին, ոսկու ստանդարտացված ձուլակտորները, որոնց հարգը փոքր չէ 999-ից, դրանցով արտահայտված պահանջներն ու պարտավորությունները և անկանխիկ ոսկու հաշիվները դիտվում են որպես արտարժույթի մեկ տեսակ:
87. Եթե ակտիվը կամ պարտավորությունը կցված է որևէ արժութային զամբյուղի (բացառությամբ՝ ՍԴՌ-ի), ապա տվյալ զամբյուղի մեջ մտնող արտարժույթները մասնակցում են համապատասխան արտարժութային դիրքերի հաշվարկին տվյալ զամբյուղի կառուցվածքում իրենց տեսակարար կշռին համապատասխան:»:
2. Կանոնակարգի Հավելված 4-ի 6.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.4. Արտարժութային առավելագույն դիրքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
ԱԴա = max(Եբ, Կբ),
որտեղ՝
ԱԴա – բանկի արտարժութային առավելագույն դիրքն է,
Եբ – բանկի արտարժութային երկար դիրքերի հանրագումարն է՝ հաշվետու օրվա դրությամբ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով,
Կբ – բանկի արտարժութային կարճ դիրքերի հանրագումարն է՝ բացարձակ մեծությամբ հաշվետու օրվա դրությամբ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երկուշաբթի օրվանից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2022 թ. սեպտեմբերի 26 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 սեպտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|