ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 190-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի մայիսի 4-ի N 472-Լ որոշման N 1 հավելվածի 32-րդ կետով`
1. Հաստատել ներդրումային կոմիտեի աշխատակարգը` համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
18.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 190-Ա որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման, առաջնահերթությունների ցանկի կազմման և սահմանման կարգը, հանրային ներդրումային ծրագրերի գնահատման մեթոդաբանությունը, հանրային ներդրումային ծրագրի նախագծի մշակման և գնահատման օրինակելի ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի մայիսի 4-ի N 472-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) դրույթների համաձայն ստեղծված ներդրումային կոմիտեի գործունեության նպատակը և խնդիրները, աշխատանքների կազմակերպումը, նիստերի անցկացումը, գործառույթները, հանրային ներդրումային ծրագրերի նախնական ընտրության, առաջնահերթությունների ցանկի հաստատման և վերջիններիս վերաբերյալ որոշումների կայացման, ներդրումային կոմիտեի նիստերի արձանագրման և գործավարության կարգը։
2. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
2. Ներդրումային կոմիտեի գործունեության նպատակը գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի նախնական ընտրության, առաջնահերթությունների որոշման, հաստատման և վերջիններիս վերաբերյալ որոշումների կայացման իրականացումն է։
3. Ներդրումային կոմիտեի հիմնական խնդիրներն են՝
1) գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի քննարկման արդյունքում դրանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության գերակայություններից և ոլորտային ռազմավարական ծրագրերից բխող, սոցիալտնտեսական արդյունավետություն ապահովող և անաչառ որոշումների կայացումը.
2) գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի առաջնահերթությունների որոշումը և հաստատումը.
3) որոշված առաջնահերթությունների ցանկի պարբերաբար վերանայումը և համալրումը։
3. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Ներդրումային կոմիտեն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով (այդ թվում՝ հեռավար կարգով)՝ առաջնորդվելով որոշմամբ և սույն աշխատակարգով: Ներդրումային կոմիտեի նիստը նախագահում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի բացակայության դեպքում նիստը նախագահում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը։
5. Ներդրումային կոմիտեի նիստերը ձայնագրվում, արձանագրվում են և հրապարակման ենթակա չեն։
6. Ներդրումային կոմիտեի հերթական նիստերը հրավիրվում են եռամսյակը մեկ անգամ։
7. Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ 3 աշխատանքային օրվա ընթացքում կարող են հրավիրվել ներդրումային կոմիտեի արտահերթ նիստեր, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ։ Արտահերթ նիստերը կարող են հրավիրվել ինչպես հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի լրացուցիչ ցանկի դիտանցման, այնպես էլ ներդրումային կոմիտեի նիստի չկայացման կամ հետաձգման արդյունքում։
8. Ներդրումային կոմիտեի նիստերին ըստ անհրաժեշտության կարող են հրավիրվել նաև անկախ փորձագետ կամ այլ մասնակիցներ (առանց քվեարկության ձայնի իրավունքի) խորհրդակցական ձայնի իրավունքով:
9. Նիստերն իրավազոր են, եթե մասնակցում են ներդրումային կոմիտեի բոլոր անդամները՝ բացառությամբ սույն աշխատակարգի 4-րդ կետով սահմանված դեպքի։ Նիստն իրավազոր չլինելու դեպքում սույն աշխատակարգի 7-րդ կետի համաձայն հրավիրվում է արտահերթ նիստ։
10. Ներդրումային կոմիտեի նիստերն ըստ անհրաժեշտության կարող են հետաձգվել։
11. Ներդրումային կոմիտեն որոշում է կայացնում յուրաքանչյուր ծրագրի նախագծի վերաբերյալ կոմիտեի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Քվեարկության ընթացքում ներդրումային կոմիտեի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ։ Ձայների հավասար բաշխման պարագայում՝ նիստը նախագահողն ունի որոշիչ ձայնի իրավունք։
4. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
12.Ներդրումային կոմիտեի գործունեության քարտուղարությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը։
13. Ներդրումային կոմիտեի նիստի օրակարգը ձևավորում է ներդրումային կոմիտեի քարտուղարը։
14. Ներդրումային կոմիտեի նախագահը որոշում է նիստի անցկացման օրը և ժամը:
15. Ներդրումային կոմիտեի նիստերի օրակարգում նշվում են՝
1) նիստի անցկացման օրը և ժամը.
2) քննարկման ենթակա հարցերը՝ գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի անվանումները և ներկայացնող մարմինը։
16. Ներդրումային կոմիտեի նիստերի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներդրումային կոմիտեի քարտուղարի կողմից ներդրումային կոմիտեի անդամներին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով նիստի անցկացումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:
17. Ներդրումային կոմիտեի քարտուղարը ներդրումային կոմիտեի անդամներին ներկայացնում է օրակարգում ներառված հարցերը։
18. Օրակարգում ներառված քննարկման ենթակա ծրագրերի նախագծերի հերթականությունը նշվում է ըստ վերջիններիս ստացման ամսաթվի։
19. Քննարկման ենթակա ծրագրերի հերթականությունը ներդրումային կոմիտեի նիստի ժամանակ կարող է փոփոխվել ներդրումային կոմիտեի անդամների առաջարկությամբ՝ ներդրումային կոմիտեի նախագահի համաձայնությամբ։
5. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
20. Ներդրումային կոմիտեի անդամները՝
1) մասնակցում են գնահատված հանրային ներդրումային նախագծերի նախնական ընտրությանը և վերջիններիս վերաբերյալ որոշումների կայացման համար անցկացվող քվեարկությանը.
2) ստորագրում են նիստերի արձանագրությունները։
21. Ներդրումային կոմիտեի նախագահը՝
1) հաստատում է ներդրումային կոմիտեի օրակարգը.
2) նախագահում և վարում է ներդրումային կոմիտեի նիստերը.
3) ստորագրում է նիստերի արձանագրությունները.
4) որոշում է ներդրումային կոմիտեի նիստերին մասնակցելու համար հրավիրվող անձանց կազմը:
22. Ներդրումային կոմիտեի քարտուղարությունը՝
1) ապահովում է ներդրումային կոմիտեի նիստերի կազմակերպումը.
2) ապահովում է ներդրումային կոմիտեի քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի և նյութերի պատրաստումն ու տրամադրումը.
3) ապահովում է ներդրումային կոմիտեի նիստի արձանագրության կազմումը.
4) համակարգում է անդամների դիտողությունների ու առաջարկությունների քննարկման և արձանագրությունների լրամշակման գործընթացը.
5) ապահովում է ներդրումային կոմիտեի գործունեության մասին տեղեկատվության պարբերական տեղակայումը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում.
6) ներդրումային կոմիտեի նիստերի հետաձգման դեպքում ապահովում է հերթական նիստի անցկացումը։
6. ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
23. Ներդրումային կոմիտեն, ստանալով խոշոր ծրագրերի նախագծերը, քննարկում է դրանք և կայացնում հետևյալ որոշումներից մեկը՝
1) ուղարկել ծրագրի նախագիծն իրավասու մարմնին՝ լրամշակման, որի դեպքում հստակ նշվում են լրամշակում պահանջող համապատասխան կետերը` անհրաժեշտ փոփոխությունների նկարագրությամբ, կամ
2) ապահովել ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման և տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացումը։
24. Ներդրումային կոմիտեն, ստանալով միջին ծրագրերի նախագծերը, քննարկում է դրանք և կայացնում հետևյալ որոշումներից մեկը՝
1) ուղարկել ծրագրի նախագիծն իրավասու մարմնին՝ լրամշակման, որի դեպքում հստակ նշվում են լրամշակում պահանջող համապատասխան կետերը՝ անհրաժեշտ փոփոխությունների նկարագրությամբ, կամ
2) ապահովել ծրագրի նախագծի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման իրականացումը, կամ
3) ապահովել ծրագրի նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացումը, կամ
4) ներառել ծրագրի նախագիծը հանրային ներդրումային ծրագրերի բանկում՝ դրա մասին տեղեկացնելով համապատասխան իրավասու մարմնին։
7. ՀԱՆՐԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ
25. Ներդրումային կոմիտեն քննարկում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատված հանրային ներդրումային ծրագրերը, հաստատում է վերջիններիս առաջնահերթությունները, որի վերաբերյալ կազմվում է ցանկ։
26. Ներդրումային կոմիտեն քննարկում է յուրաքանչյուր ծրագրի նախագիծը, և վերջինիս վերաբերյալ կայացվում է առանձին որոշում:
27. Ներդրումային կոմիտեն պարբերաբար համալրում է գոյություն ունեցող ցանկը և կայացնում հետևյալ որոշումներից մեկը՝
1) ներկայացված նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը հավանություն ստանալուց հետո ապահովել ծրագրի նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը.
2) նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրության հիման վրա ներառել ծրագրի նախագիծը հանրային ներդրումային ծրագրերի բանկում.
3) ծրագրերը վերադարձնել իրավասու մարմնին լրամշակման։
28. Այն ծրագրերի նախագծերը, որոնք չեն ուղարկվել լրամշակման, հաստատվում են, և ըստ ստացված միավորների կազմվում է առաջնահերթությունների ցանկը։
29. Ցանկից առավելագույն միավորներ հավաքած ծրագրերի նախագծերը ներկայացվում են ֆինանսավորման։
30. Բացառության կարգով ներդրումային կոմիտեն իրավասու է կայացնել ծրագրի նախագիծը հանրային ներդրումային ծրագրերի բանկում ներառելու վերաբերյալ որոշում՝ անկախ տվյալ ծրագրի նախագծի գնահատման անբավարար արդյունքից։
8. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
31. Ներդրումային կոմիտեի նիստի արձանագրությունը կազմվում է կոմիտեի նիստի անցկացման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում։
32. Արձանագրությունը ստորագրում են ներդրումային կոմիտեի նախագահը, անդամները և քարտուղարը։ Յուրաքանչյուր նիստի արձանագրությանը ներդրումային կոմիտեի քարտուղարության կողմից տրվում է հերթական համար։
33. Ներդրումային կոմիտեի նիստի արձանագրության մեջ նշվում են՝
1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, նիստն սկսվելու և ավարտելու ժամերը.
2) նիստի օրակարգը.
3) նիստին մասնակցող անձանց անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը.
4) քննարկվող հարցերը.
5) յուրաքանչյուր ծրագրի նախագծի վերաբերյալ ներդրումային կոմիտեի կողմից կայացված որոշումներն ըստ հերթականության։
34. Ներդրումային կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում, և արխիվացումն իրականացվում է «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
35. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը պետական կառավարման համակարգի մարմիններին է տրամադրում վերջիններիս կողմից ներկայացված և տվյալ ներդրումային կոմիտեի նիստում քննարկված ներդրումային ծրագրերի նախագծերի վերաբերյալ ներդրումային կոմիտեի նիստերի արձանագրությունների քաղվածքները։
36. Ներդրումային կոմիտեի նիստերի արձանագրությունները տրամադրվում են ներդրումային կոմիտեի անդամներին:
9. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
37. Ներդրումային կոմիտեի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Բ. Բադալյան |
18.02.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |