Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.12.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.18/9(812).1 Հոդ.145.19
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
ՎԴ/0434/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/0434/05/10
2010թ.

Դատավոր՝ Ա. Առաքելյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սենիկ Միքայելյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր) վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական դատարանի 13.07.2010 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Սիրանուշ Բաբասյանի և Գայանե Ղամբարյանի ընդդեմ Կադաստրի Ավանի տարածքային ստորաբաժանման՝ իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Սիրանուշ Բաբասյանը և Գայանե Ղամբարյանը պահանջել են պարտավորեցնել Կադաստրի Ավանի տարածքային ստորաբաժանմանը 25.12.2009 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի և սեփականության իրավունքի վկայագրերի հիման վրա կատարել իրավունքների պետական գրանցում Երևանի Աճառյան փողոցի 13-րդ շենքի թիվ 15ա ոչ բնակելի տարածքի նկատմամբ։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 13.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Սենիկ Միքայելյանը և Կադաստրը։

Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել։

 

2. Սենիկ Միքայելյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, քննելով վարչական մարմնին Երևանի Աճառյան փողոցի 13-րդ շենքի թիվ 15ա ոչ բնակելի տարածքի նկատմամբ իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործը, ուղղակիորեն անտեսել է նշված անշարժ գույքի նկատմամբ Սենիկ Միքայելյանի սեփականության իրավունքի առկայության փաստը և փաստորեն, առանց Սենիկ Միքայելյանին գործի քննությանը մասնակից դարձնելու, վճիռ է կայացրել նրա իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։

2) Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 8-րդ, 31-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի պահանջները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ Երևանի Աճառյան փողոցի 13-րդ շենքի թիվ 15ա ոչ բնակելի տարածքի նկատմամբ առուվաճառքի պայմանագիրը կնքվել է Արմեն Ղամբարյանի լիազորված անձ, սույն գործով հայցվոր Սիրանուշ Բաբասյանի և Սենիկ Միքայելյանի միջև 14.05.2008 թվականին, որից հետո օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետում` 13.06.2008 թվականին, Սենիկ Միքայելյանը իրավունքի պետական գրանցման համար դիմել է Կադաստրի Ավանի տարածքային ստորաբաժանում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 13.07.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության։

 

2.1. Կադաստրի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 22-րդ, 24-րդ հոդվածների պահանջները, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Սիրանուշ Բաբասյանի և Գայանե Ղամբարյանի իրավունքների պետական գրանցումը մերժվել է` վիճելի տարածքը փակ լինելու և չափագրում չապահովելու, ինչպես նաև այդ անշարժ գույքի վերաբերյալ ՀՀ վարչական դատարանում քննվող մեկ այլ գործի առկայության պատճառաբանությամբ: Դատարանը, քննելով պարտավորեցման հայց, պետք է պարզեր վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտ ընդունելու համար բավարար հիմքերի առկայությունը, որոնք սույն գործով բացակայել են:

Դատարանը հաշվի չի առել, որ Սիրանուշ Բաբասյանի և Գայանե Ղամբարյանի անվամբ 25.12.2009 թվականին տրված սեփականության իրավունքի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն առ ոչինչ վարչական ակտեր են, քանի որ 14.05.2008 թվականի առուվաճառքի պայմանագրով Արմեն Ղամբարյանին պատկանող Երևանի Աճառյան փողոցի 13-րդ շենքի թիվ 15ա ոչ բնակելի տարածքն օտարվել է: Հետևաբար, վերջինիս ժառանգները չէին կարող ժառանգել նշված անշարժ գույքը, այսինքն` վերոհիշյալ վարչական ակտերով Սիրանուշ Բաբասյանին և Գայանե Ղամբարյանին տրամադրվել են ակնհայտ ոչ իրավաչափ իրավունքներ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 13.07.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության։

 

 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 25.12.2009 թվականի սեփականության իրավունքի վկայագրի համաձայն` Սիրանուշ Բաբասյանը Երևանի Ավանի Աճառյան փողոցի թիվ 13 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի 1/2 բաժնի սեփականատերն է (գ.թ. 12)։

2) 25.12.2009 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արմեն Ղամբարյանի` հավասար բաժիններով ժառանգներ են կինը` Սիրանուշ Բաբասյանը և դուստրը` Գայանե Ղամբարյանը, իսկ ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը, բաղկացած է Երևանի Ավանի Աճառյան փողոցի թիվ 13 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի 1/2 բաժնից (գ.թ. 11)։

3) 29.12.2009 թվականի դիմումով Սիրանուշ Բաբասյանը խնդրել է Երևանի Ավանի Աճառյան փողոցի թիվ 13 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի նկատմամբ կատարել իրավունքի պետական գրանցում (գ.թ. 13)։

4) Կադաստրի Ավանի տարածքային ստորաբաժանման 13.01.2010 թվականի թիվ Ս/Ղ առ ԵԼՔ-2967-ա գրությամբ մերժվել է Երևանի Ավանի Աճառյան փողոցի թիվ 13 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի նկատմամբ իրավունքը գրանցելու վերաբերյալ Սիրանուշ Բաբասյանի դիմումը, քանի որ չեն կատարվել չափագրման /տեղազննման/ աշխատանքներ` տարածքը փակ լինելու պատճառով: Հայտնվել է նաև, որ ՀՀ վարչական դատարանում նշված տարածքի վերաբերյալ առկա է գործ (գ.թ. 20)։

5) Սիրանուշ Բաբասյանին հասցեագրված Կադաստրի նախագահի տեղակալի 27.01.2010 թվականի թիվ ԱՄ-4/260 գրության համաձայն` ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Սենիկ Միքայելյանի ընդդեմ Կադաստրի Ավանի տարածքային ստորաբաժանման` 14.05.2008 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը գրանցելու պահանջի մասին։ Վերը նշված անշարժ գույքը նույն տարածքն է, որի համար 25.12.2009 թվականին տրվել են սեփականության իրավունքի գրանցման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր (գ.թ. 18)։

6) 14.05.2008 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Արմեն Ղամբարյանը, որի անունից հանդես է եկել Սիրանուշ Բաբասյանը, վաճառել է, իսկ Սենիկ Միքայելյանը ձեռք է բերել Երևանի Աճառյան փողոցի թիվ 13 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքը (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից)։

7) ՀՀ վարչական դատարանի 01.02.2010 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Սենիկ Միքայելյանի հայցադիմումն ընդդեմ Կադաստրի Ավանի տարածքային ստորաբաժանման` 14.05.2008 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը գրանցելու պահանջի մասին (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Սենիկ Միքայելյանի վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով անձին երաշխավորվում է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վճռաբեկ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։

Նշված հոդվածից հետևում է, որ օրենսդիրը գործին մասնակից չդարձված անձանց վերապահում է գործին մասնակցող անձանց իրավունքներ և նրանց համար սահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս ըստ հայցի Միքայել, Մադլենա և Մարիետա Բաբալյանների ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության, Կոտայքի մարզպետարանի` որոշակի գործողություն կատարելու և վարչական ակտի հետևանքները վերացնելու պահանջների մասին թիվ ՎԴ/3140/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.09.2009 թվականի որոշումը

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ակտն անխուսափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց վրա, ապա դատարանը պարտավոր է այդ անձանց ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է այն դեպքերին, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե´ս ըստ հայցի Լաուրա Մկրտչյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության՝ պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 11.08.2009 թվականի որոշումը)։

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին։

Սույն գործով Դատարանը պարտավորեցրել է Կադաստրի Ավանի տարածքային ստորաբաժանմանը 25.12.2009 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի և սեփականության իրավունքի վկայագրերի հիման վրա Երևանի Աճառյան փողոցի 13-րդ շենքի թիվ 15ա ոչ բնակելի տարածքի նկատմամբ կատարել Սիրանուշ Բաբասյանի և Գայանե Ղամբարյանի իրավունքների պետական գրանցում։

Մինչդեռ, Կադաստրի Ավանի տարածքային ստորաբաժանման 13.01.2010 թվականի թիվ Ս/Ղ առ ԵԼՔ-2967-ա և Կադաստրի նախագահի տեղակալի 27.01.2010 թվականի թիվ ԱՄ-4/260 գրությունների համաձայն` ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն ըստ հայցի Սենիկ Միքայելյանի ընդդեմ Կադաստրի Ավանի տարածքային ստորաբաժանման` 14.05.2008 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը գրանցելու պահանջի մասին։ Վերը նշված անշարժ գույքը նույն տարածքն է, որի համար 25.12.2009 թվականին տրվել են սեփականության իրավունքի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր։ Ավելին, սույն վճռաբեկ բողոքին կից ներկայացված 14.05.2008 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Արմեն Ղամբարյանը, որի անունից հանդես է եկել Սիրանուշ Բաբասյանը, վաճառել է, իսկ Սենիկ Միքայելյանը ձեռք է բերել Երևանի Աճառյան փողոցի թիվ 13 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքը: ՀՀ վարչական դատարանի 01.02.2010 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Սենիկ Միքայելյանի հայցադիմումն ընդդեմ Կադաստրի Ավանի տարածքային ստորաբաժանման` 14.05.2008 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը գրանցելու պահանջի մասին:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն ուղղակիորեն առնչվում է Սենիկ Միքայելյանի իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ վերջինս գործի քննությանը մասնակից չի դարձվել։

Այսինքն՝ Դատարանը սույն գործով վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ` զրկելով նրան իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը։

Ինչ վերաբերում է Սենիկ Միքայելյանի վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին, ապա նրան գործի քննությանը մասնակից չդարձնելու պայմաններում Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում:

Այսպիսով, Սենիկ Միքայելյանի վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությանը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում նաև Կադաստրի վճռաբեկ բողոքում բերված փաստարկներին:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Սենիկ Միքայելյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 13.07.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ՝

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Վ. Աբելյան

ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան