«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2006 թվականի N 974-Ն
«ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ ԿԻՈՏՈՅԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՔՈՒՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության (Հայաստանի Հանրապետությունը միացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N Ն-323-2 որոշմամբ) 12-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածով սահմանված` Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում լիազորված ազգային մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը`
ա) հաստատում է Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծերի համապատասխանությունը «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության 12-րդ հոդվածի պահանջներին,
բ) հավաստում է Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծի իրականացման մասնակիցների կողմից իրենց մասնակցության կամավորությունը,
գ) ապահովում է Հայաստանում Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծերի մասին տեղեկատվության մատչելիությունը,
դ) անցկացնում է քննարկումներ հավանական ներդրողների հետ և մշակում ռազմավարական ուղղությունները Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծերի իրականացման համար,
ե) ապահովում է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի միջազգային գործընթացներին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցությունը,
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծերի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումը համապատասխան շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
ա) եռամսյա ժամկետում հաստատել Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում նախագծային փաստաթղթերը ներկայացնելու կարգը,
բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ բանակցել միջազգային կազմակերպությունների և (կամ) դոնորների հետ` լիազորված ազգային մարմնին տեխնիկական և ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|