«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007474
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 նոյեմբերի 2007 թ. ք. Երևան |
N 363-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի ԹԻՎ 138-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե», «ժզ» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի ««Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 10) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Կանոնակարգ 10-ի գլուխ 2-ի 3-րդ կետի «գ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել,
2) Կանոնակարգ 10-ի գլուխ 2-ի 3-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«տեղեկանք բանկից (բանկերից)՝ ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում առնվազն մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի առկայության մասին»,
3) Կանոնակարգ 10-ի գլուխ 2-ի 6-րդ կետի վերջին նախադասության «մեկամսյա» բառը փոխարինել «երկամսյա» բառերով,
4) Կանոնակարգ 10-ի գլուխ 2-ի 7-րդ կետի երկրորդ նախադասության մեջ «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «տասնօրյա ժամկետում» բառերով,
5) Կանոնակարգ 10-ի գլուխ 2-ի 11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
6) Կանոնակարգ 10-ի գլուխ 3-ի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Փոխանակման կետի աշխատակիցը պետք է ունենա Կենտրոնական բանկի կողմից տրված մասնագիտական որակավորման վկայական կամ «Ֆինանսաբանկային Քոլեջ» Հիմնադրամում համապատասխան թեմաներով կազմակերպված դասընթացներին մասնակցության վկայական, որոնք ստանալու համար պետք է բավարարի հետևյալ մասնագիտական չափանիշներին՝
ա. Հայաստանի Հանրապետության արժութային օրենքների և այլ իրավական ակտերի իմացություն,
բ. իրենց կողմից իրականացվող արժութային գործառնությունների իմացություն»,
7) Կանոնակարգ 10-ի գլուխ 7-ի 39-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
8) Կանոնակարգ 10-ի գլուխ 8-ի 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«44. Փոխանակման կետերի դրամարկղը պետք է բավարարի հետևյալ պահանջներին. ունենա առանձին մուտք՝ կողպվող դռնով, պայմանով, որ տվյալ տարածք դրսից հնարավոր է մուտք գործել միայն հիշյալ դռնով: Դրամարկղի դիմային մասի պատը պետք է ունենա առնվազն 1 մ բարձրություն, որից հետո սկսվում է ապակե մասը: Ընդ որում, դիմային մասի պատի և ապակու բարձրությունը պետք է ունենա առնվազն 2.5 մ բարձրություն, դրամարկղի դիմային ապակին տեղակայված լինի այնպես, որ բացառի հաճախորդի և փոխանակման կետի աշխատակցի անմիջական շփումը, ինչպես նաև ապահովի կանխիկ փողը (դրամական միջոցները) հաշվելու դիտողական հսկողությունը թե՜ մեկ, թե՜ մյուս կողմից: Դրամարկղի դիմային մասի պատի և ապակու միացման տեղում պետք է տեղադրված լինի փողի (դրամական միջոցների) փոխանցման արկղ, ինչպես նաև սեղանիկ՝ հաճախորդի կողմից գումարի վերահաշվարկման համար: Փոխանակման կետում պետք է տեղադրված լինի աշխատակցի և հաճախորդի խոսակցությունները միմյանց լսելի դարձնող խոսափող:»,
9) Կանոնակարգ 10-ի գլուխ 8-ի 45-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«45. Փոխանակման կետը պետք է սարքավորված լինի տեսագրման և ձայնագրման այնպիսի համակարգով, որն ապահովի փոխանակման կետի աշխատակցի և հաճախորդների միջև արտարժույթի փոխանակման գործընթացի, ինչպես նաև փոխանակման կետի դրամարկղի մուտքի մոտ կատարվող գործողությունների տեսագրում ու ձայնագրում և այդ տեղեկատվության պահպանում համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա, որը հնարավորություն կտա պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը: Փոխանակման կետի դիմային ապակու վրա, տեսանելի տեղում, պետք է նաև փակցված լինի «Փոխանակման կետի տարածքը տեսագրվում և ձայնագրվում է» բովանդակությամբ հայտարարություն»,
10) Կանոնակարգ 10-ի գլուխ 8-ի 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«48. Փոխանակման կետի դրամարկղը (առկայության դեպքում՝ նաև դրամապահոցն ու հաճախորդների սպասարկման տարածքը) պետք է սարքավորված լինի անվտանգության ազդարարման համակարգով, իսկ դրամարկղում գտնվող աշխատակցի աշխատասեղանի տակ պարտադիր պետք է տեղադրված լինի աշխատանքային ժամերին գործող ազդարարման «ոտնակ»: Անվտանգության ազդարարման ողջ համակարգը պետք է միացված լինի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ: Եթե փոխանակման կետն իրականացնում է ամենօրյա ինկասացիա, ապա անվտանգության ազդարարման համակարգի առկայությունը պարտադիր չէ գումարը ինկասացնելուց հետո: Փոխանակման կետը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հաստատած՝ անվտանգության ազդարարման համակարգի և ազդարարման ուղիղ կապի «ոտնակի» սարքին լինելու մասին համապատասխան փաստաթուղթ: Եթե փոխանակման կետը գտնվում է հյուրանոցում, որտեղ անվտանգությունն ապահովում է ներքին անվտանգության ծառայությունը, ապա անվտանգության ազդարարման «ոտնակը» պետք է միացված լինի այդ ծառայությանը: Այն դեպքում, եթե փոխանակման կետի տարածքի անվտանգության ապահովումը շուրջօրյա ռեժիմով իրականացնում է զինված անվտանգության ծառայությունը, և առկա է համապատասխան պայմանագիր, ապա անվտանգության ազդարարման համակարգ (այդ թվում նաև՝ «ոտնակ») չի պահանջվում»,
11) Կանոնակարգ 10-ի գլուխ 9-ի 60-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«60. Փոխանակման կետի դիմային մասի ապակու վրա պետք է փակցված լինեն Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի բնօրինակները կամ պատճենները»,
12) Կանոնակարգ 10-ի գլուխ 9-ի 66-րդ կետով սահմանված «3 տարի» բառերը փոխարինել «1 տարի» բառերով,
13) Կանոնակարգ 10-ի գլուխ 9-ի 67-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«67. Փոխանակման կետում սարքավորված տեսագրման և ձայնագրման համակարգի միջոցով պետք է իրականացվի փոխանակման կետի աշխատակցի և հաճախորդների միջև արտարժույթի փոխանակման գործընթացի, ինչպես նաև փոխանակման կետի դրամարկղի մուտքի մոտ կատարվող գործողությունների տեսագրում և ձայնագրում: Ընդ որում, տեսագրության (տեսագրությունների) մեջ պետք է պարզորոշ երևան հաճախորդը և փողի (դրամական միջոցների) փոխանցման արկղը: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն յուրաքանչյուր օրվա համար առանձին` համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա, որը հնարավորություն կտա պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը` համարակալելով ըստ այդ օրվա ամսաթվի: Տեսագրություններում պետք է նշվի նաև տեսագրման ամսաթիվը և ժամը: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն փոխանակման կետում առնվազն 90 օր»,
14) Կանոնակարգ 10-ի գլուխ 9-ի 84-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
15) Կանոնակարգ 10-ի գլուխ 9-ի 85-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«85. Փոխանակման կետի աշխատակիցը աշխատանքային օրվա ավարտից հետո ծրագրի միջոցով կատարում է դրանում առկա տեղեկատվության կրկնօրինակում այլ արտաքին կրիչների վրա (մագնիսական սկավառակ, լազերային սկավառակ կամ այլ), որը պետք է պահպանվի մինչև հաջորդ կրկնօրինակումը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
2007 թ. նոյեմբերի 22 Երևան |