ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2017 թվականի N 1258-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ԻՐԵՐ ԿԱՄ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի «բ» ենթակետը և 353-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հարկային հսկողությանն առնչվող փաստաթղթեր, իրեր կամ փորձանմուշներ վերցնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հոկտեմբերի 16 Երևան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, ԻՐԵՐ ԿԱՄ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են հարկային հսկողության շրջանակներում այն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձանց ներկայությամբ հարկային հսկողությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթեր (այդ թվում՝ բնօրինակների, կրկնօրինակների կամ լուսապատճենների ձևով), իրեր (այդ թվում՝ համակարգչային ծրագրերի վերծանման նպատակով՝ համակարգչային տեխնիկա), փորձանմուշներ վերցնելու հետ կապված հարաբերությունները:
2. Հարկային հսկողության շրջանակներում այն իրականացնող պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձի ներկայությամբ հարկային հսկողությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի կրկնօրինակներ, իրեր, փորձանմուշներ վերցվում են, եթե`
1) առկա են բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ դրանց միջոցով հնարավոր է հիմնավորել հարկման օբյեկտները կամ հարկման բազաները թաքցնելու հանգամանքը, կամ՝
2) դրանք անհրաժեշտ են հարկային հսկողության միջոցառումներ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) նախատեսված կարգով փորձաքննություն) իրականացնելու համար:
Հարկային հսկողությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակներ վերցվում են օրենսգրքի 353-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում:
3. Սույն կարգի շրջանակներում վերցնելու ենթակա չեն անմիջականորեն հարկային հսկողության նպատակներին ու հարցերին չառնչվող, դրանց շրջանակներից դուրս եկող փաստաթղթերը, իրերը, փորձանմուշները:
4. Հարկային հսկողությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակներ, իրեր, փորձանմուշներ կարող են վերցվել հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի՝ հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ուղղված պատճառաբանված գրավոր պահանջի հիման վրա: Փաստաթղթերի կրկնօրինակներ վերցնելու համար այդպիսի գրավոր պահանջ չի ներկայացվում. կրկնօրինակները հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձի կողմից ստորագրվում են և կնքվում հարկ վճարողի կնիքով (առկայության դեպքում)` կատարելով «Իսկականի հետ ճիշտ է» նշումը:
5. Համակարգչային տեխնիկա կամ հսկիչ-դրամարկղային մեքենա վերցնելու անհրաժեշտության դեպքում, եթե դրա արդյունքում կխոչընդոտվի հարկ վճարողի բնականոն աշխատանքը, հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից սույն կարգի 4-րդ կետով նախատեսված գրավոր պահանջի հիման վրա դրանք կարող են վերցվել միայն հարկային մարմնի կողմից՝ դրանց փոխարեն մինչև վերադարձը հարկ վճարողին համանման իրեր ժամանակավոր օգտագործման տրամադրելու դեպքում: Վերցվելու դեպքում բնականոն աշխատանքը խոչընդոտող իրերի ցանկը հարկային հսկողության ենթարկվող հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձի կողմից պետք է գրավոր ներկայացվի հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձին՝ անհրաժեշտ հիմնավորումներով:
6. Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի բնօրինակները հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից սույն կարգի 4-րդ կետով նախատեսված գրավոր պահանջի հիման վրա կարող են վերցվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
II. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ԻՐԵՐԻ, ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ՎԵՐՑՄԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ վերցվում են հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձի ներկայությամբ՝ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պատճառաբանված գրավոր պահանջը վերջիններիս ներկայացնելուց հետո, ով պարտավոր է ստորագրել գրության՝ հարկային մարմնի օրինակի վրա` հաստատելով ծանուցված լինելու հանգամանքը: Հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձի` փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ վերցնելուն ներկա լինելուց և (կամ) գրության օրինակն ստանալուց և (կամ) հարկային մարմնի օրինակի վրա ստորագրելուց հրաժարվելու դեպքում գործընթացն իրականացվում է առանց նրանց ներկայության կամ առանց գրության օրինակն ստանալու կամ առանց հարկային մարմնի օրինակի վրա ստորագրելու, և դրա մասին նշում է կատարվում սույն կարգի 9-րդ կետում նշված արձանագրության մեջ:
8. Գրության օրինակը սույն կարգի 7-րդ կետում նշված կարգով հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձին ներկայացնելուց հետո հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձն առաջարկում է վերջիններիս կամավոր ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակները, իրերը և ապահովել փորձանմուշներ վերցնելու հնարավորություն, իսկ հրաժարվելու դեպքում կատարում է առգրավում՝ օրենսգրքի 353-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:
9. Փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ վերցնելն ավարտելիս՝ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կազմվում է օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արձանագրություն և ներկայացվում հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձին, ով ծանոթանալուց հետո ստորագրում է արձանագրությունը և առարկություններ ունենալու դեպքում դրա մեջ կատարում է համապատասխան նշում:
10. Սույն կարգի 9-րդ կետում նշված արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձին: Վերջիններիս կողմից արձանագրության պատճենն ստանալուց հրաժարվելու դեպքում հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից դրա մեջ կատարվում է համապատասխան նշում, և այն հարկ վճարողին է ներկայացվում օրենսգրքով սահմանված հարկային հսկողության արդյունքներն ամփոփող փաստաթղթերի՝ (վեր)ստուգման ակտի նախագծի, ուսումնասիրության արձանագրության նախագծի կամ արձանագրության (նախագիծ կազմելու անհրաժեշտության բացակայության դեպքում) հետ միասին:
11. Փաստաթղթերի բնօրինակներ վերցնելու դեպքում օրենսգրքի 353-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներին համապատասխան՝ վերցնելու պահին, փաստաթղթերի կրկնօրինակներ պատրաստելու և հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձին փոխանցելու անհնարինության դեպքում դրանք պատրաստվում և վերջիններիս են փոխանցվում 3 աշխատանքային օրվա ընթացքում:
12. Անհրաժեշտության դեպքում փաստաթղթերի, իրերի, փորձանմուշների վերցման գործում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կարող է ներգրավվել փորձագետ, մասնագետ (այդ թվում՝ հարկ վճարողի գործունեության ոլորտի լիազոր մարմնի ներկայացուցիչ) և (կամ) թարգմանիչ:
III. ՓՈՐՁԱՆՄՈՒՇ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
13. Փորձանմուշների ընտրանքը կատարում են հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը, փորձագետը կամ մասնագետը (այդ թվում՝ հարկ վճարողի գործունեության ոլորտի լիազոր մարմնի ներկայացուցիչը)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով, իսկ հարկ վճարողի գրավոր հայտի դեպքում իրականացվում է փորձանմուշների տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով ևս մեկ ընտրանք, որը տրամադրվում է հարկ վճարողին:
14. Փորձաքննության նպատակով ապրանքներից և (կամ) արտադրանքից փորձանմուշներ վերցնելու ժամանակ նմուշառման վայրում կատարվում է դրանց նույնականացում:
15. Փորձաքննության նպատակով վերցված փորձանմուշներն առանձնացվում և տեղափոխվում են փորձաքննության հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի, մասնագետի (այդ թվում՝ հարկ վճարողի գործունեության ոլորտի լիազոր մարմնի ներկայացուցչի) կամ փորձագետի կողմից:
IV. ՎԵՐՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ԻՐԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ
16. Վերցված փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են հարկ վճարողին՝ հարկային հսկողության անհրաժեշտ միջոցառումների (այդ թվում՝ օրենսգրքով նախատեսված կարգով փորձաքննության) ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև ստուգման ժամկետի ավարտը:
17. Վերցված իրերը վերադարձվում են հարկ վճարողին՝ դրանք վերցվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ բացառությամբ օրենսգրքով նախատեսված կարգով փորձաքննության նշանակման դեպքերի, երբ դրանք վերադարձվում են հարկ վճարողին՝ փորձաքննության ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև ստուգման ժամկետի ավարտը:
18. Փորձանմուշների փորձաքննության ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև ստուգման ժամկետի ավարտը, դրա ընթացքում օգտագործված, ինչպես նաև փորձաքննության չենթարկված փորձանմուշները վերադարձվում են հարկ վճարողին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվում է որոշակի ժամկետով տվյալ ապրանքի հսկիչ նմուշի պահպանումը փորձարկման լաբորատորիայում: Այս դեպքում հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձը կարող է հսկիչ նմուշը հետ վերցնել այդ ժամկետը լրանալուց հետո:
19. Վերցված փաստաթղթերի բնօրինակների, իրերի, փորձանմուշների վերադարձի մասին հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կազմվում է հարկային մարմնի սահմանած ձևով արձանագրություն և ներկայացվում հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձին, ով ծանոթանալուց հետո ստորագրում է արձանագրությունը և առարկություններ ունենալու դեպքում դրա մեջ կատարում համապատասխան նշում: Արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձին:
V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
20. Սույն կարգով սահմանված պահանջների խախտումը, մասնավորապես, օրենսգրքով նախատեսված փաստաթղթերի (այդ թվում՝ բնօրինակների, կրկնօրինակների կամ լուսապատճենների ձևով), իրերի, փորձանմուշների չտրամադրումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |