«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2006 թվականի N 983-Ն
ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 222 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային կենտրոնի, գործազուրկի և գործատուի միջև կնքվող թափուր աշխատատեղը համալրելու մասին եռակողմ պայմանագրի օրինակելի և այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրի ձևերը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 222 որոշման 1-ին կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) զբաղվածության տարածքային կենտրոնի (այսուհետ` տարածքային կենտրոն) առաջարկությամբ այլ վայր (Հայաստանի Հանրապետության տարածքում) աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով այլ վայր աշխատանքի գործուղումը տարածքային կենտրոնի առաջարկությամբ գործազուրկի բնակության վայրից (համայնքից) դուրս աշխատանքի ընդունվելն է:
Սույն կարգի դրույթները չեն տարածվում Երևան քաղաքի տարածքային կենտրոնի առաջարկությամբ մեկ թաղային համայնքից մեկ այլ թաղային համայնք աշխատանքի գործուղված գործազուրկի վրա:
3. Գործազուրկը տարածքային կենտրոնի առաջարկությամբ կարող է գործուղվել այլ վայր աշխատանքի 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ բնակավայրում (համայնքում)` ժամանակավոր (ոչ պակաս մեկ տարի ժամկետով) կամ մշտական բնակության պայմանով:
4. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերը հատուցվում են Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցների հաշվին:
5. Գործազուրկին այլ վայր աշխատանքի գործուղման համար նյութական ծախսերի հատուցում տրվում է մեկ անգամ:
6. Թափուր աշխատատեղը կարող է առաջարկվել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին միայն այն դեպքում, եթե տարածքային կենտրոնում տվյալ աշխատատեղի վերաբերյալ տեղեկատվությունն ստացվելուց հետո այն առնվազն 2 ամիս չի համալրվել:
II. ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
7. Այլ վայր ժամանակավոր կամ մշտական բնակության մեկնող գործազուրկին և նրա հետ մեկնող ընտանիքի անդամներին հատուցվում են`
ա) իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով.
բ) իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` 30-50 կմ ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կմ-ից ավելի յուրաքանչյուր 50 կմ-ի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամ.
գ) 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ վայր աշխատանքի մեկնելու դեպքում` իր և իր ընտանիքի անդամների օրապահիկը` յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված չափով:
8. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին տրվում է միանվագ ֆինանսական աջակցություն` գործազրկության նպաստի չափով:
III. ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
9. Գործակալությունը յուրաքանչյուր ամիս զբաղվածության տարածքային կենտրոններից ստացված տեղեկատվության համաձայն ամփոփում է առնվազն 2 ամիս թափուր մնացած աշխատատեղերի մասին տեղեկատվությունը և տրամադրում տարածքային կենտրոններին:
Տարածքային կենտրոնը, յուրաքանչյուր ամիս, տարածքային կենտրոնի վարչական շենքի տեսանելի վայրում, տեղադրում է առնվազն 2 ամիս թափուր մնացած աշխատատեղերի մասին տեղեկատվությունը` նշելով գործատուի հասցեն, աշխատանքի բնույթը, պահանջվող մասնագիտական որակավորումը, աշխատանքի պայմանները, աշխատաժամանակը և աշխատավարձի չափը:
10. Այլ վայր աշխատանքի գործուղվելու համաձայնություն հայտնած գործազուրկին տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է խորհրդատվություն այլ վայրում առկա թափուր աշխատատեղերի և այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ գործազուրկի նյութական ծախսերի հատուցման ծրագրի վերաբերյալ:
11. Այլ վայր աշխատանքի գործուղվելու ցանկություն ունեցող գործազուրկը գրավոր դիմում է տարածքային կենտրոն` նշելով համայնքի, գործատուի և թափուր աշխատատեղի անվանումները:
12. Եթե գործազուրկին առաջարկվող աշխատանքը գտնվում է այն տարածքային կենտրոնի սպասարկման համայնքում, որտեղ հաշվառված է գործազուրկը, ապա տվյալ տարածքային կենտրոնի տնօրենը գործատուի հետ քննարկում է թափուր աշխատատեղը գործազուրկով համալրելու, գործատուի, գործազուրկի և տարածքային կենտրոնի հետ եռակողմ պայմանագիր կնքելու հետ կապված հարաբերությունները:
13. Եթե գործազուրկի դիմումում նշված գործատուն գործունեություն է իրականացնում տվյալ տարածքային կենտրոնի սպասարկման համայնքից դուրս գտնվող համայնքում, ապա տարածքային կենտրոնը գործազուրկի դիմումի պատճենը և գործազուրկի հաշվառման քարտի քաղվածքը` կից գրությամբ, ուղարկում է տվյալ գործատուին սպասարկող տարածքային կենտրոն: Վերջինս գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղն այլ համայնքի գործազուրկով համալրելու, գործատուի, գործազուրկի և տարածքային կենտրոնի հետ եռակողմ պայմանագիր կնքելու հետ կապված հարցերը քննարկում է գործատուի հետ: Տարածքային կենտրոնը քննարկման արդյունքների մասին եռօրյա ժամկետում տեղեկատվություն է տրամադրում իրեն դիմած տարածքային կենտրոնին:
14. Թափուր աշխատատեղը գործազուրկով համալրելու և առնվազն մեկ տարի անընդմեջ տվյալ գործատուի մոտ աշխատելու հարցում տարածքային կենտրոնի և գործատուի միջև համաձայնություն ձեռք բերվելու դեպքում` գործազուրկի, գործատուի և գործազուրկին հաշվառած տարածքային կենտրոնի միջև կնքվում է թափուր աշխատատեղը համալրելու մասին եռակողմ պայմանագիր:
15. Սույն կարգի 14-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո գործատուն գործազուրկի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
IV. ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
16. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկը սույն կարգի 14-րդ և 15-րդ կետերում նշված պայմանագրերը կնքելուց հետո առևտրային բանկում բացում է բանկային հաշիվ և իրեն հաշվառած տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ տեղեկանքները`
ա) նոր բնակության վայրում մշտական կամ ժամանակավոր բնակության մասին.
բ) իր անվամբ բացված բանկային հաշվի համարի և բանկի ռեկվիզիտների մասին:
17. Տարածքային կենտրոնը սույն կարգի 16-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո կազմում և 3 աշխատանքային օրվա ընթացքում` կից գրությամբ, գործակալություն է ներկայացնում ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիր: Կից գրության մեջ նշվում են տվյալ գործազուրկին ֆինանսական միջոցներ տրամադրելու հիմնավորումը, ինչպես նաև գործազուրկի բանկային հաշվի համարը:
18. Գործակալությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ) է ներկայացնում ըստ տարածքային կենտրոնների կազմված ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը:
19. Հիմնադրամը գործակալությունից ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվին է փոխանցում ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրով նախատեսված գումարը:
20. Աշխատակազմը սույն կարգի 19-րդ կետում նշված գումարն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեղական գանձապետական բաժիններում աշխատակազմի անվամբ բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվներին:
21. Սույն կարգի 20-րդ կետում նշված գումարն ստացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի բանկային հաշվի համարին:
22. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամիս գործակալություն է ներկայացնում հաշվետվություն ֆինանսական միջոցներ ստացած գործազուրկների և ստացված միջոցների մասին:
23. Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված հաշվետվությունները և այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին վճարված գումարների մասին հաշվետվությունը յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հիմնադրամ:
24. Այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ գործազուրկին հատուցված նյութական ծախսերը ենթակա են վերադարձման`
ա) գործատուի կողմից, եթե գործատուի և գործազուրկի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով սահմանված հիմքերով` աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում.
բ) գործազուրկի կողմից, եթե գործատուի և գործազուրկի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործազուրկի նախաձեռնությամբ կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված հիմքերով` աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում.
գ) գործազուրկի և գործատուի կողմից հավասարապես, եթե աշխատանքային պայմանագիրը լուծվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի հիմքերով՝ կողմերի համաձայնությամբ` աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո մեկ տարվա ընթացքում:
25. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |