«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2006 թվականի N 993-Ն
ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների և թռչունների (այսուհետ` սպանդային կենդանիներ) սպանդի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Սպանդային կենդանիներ են համարվում 14 օրականից բարձր հասակի առողջ, այդ թվում` անբավարար բտված, թերզարգացած, ստերջ, ամորձատված, ոչ մթերատու, տարերային աղետի արդյունքում անկման վտանգված, ինչպես նաև խոտանված` աճեցման և բտման համար ոչ պիտանի, մեխանիկական չվերականգնվող վնասվածքներով, արատներով, ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդ և նորմայի սահմաններում մարմնի ջերմաստիճան ունեցող տավարը, գոմեշը, եղջերուն, ուղտը, ոչխարը, այծը, խոզը, ձին, էշը, ջորին, կուղբը, ջրաքիսը, ճագարը, հավը, սագը, բադը, հնդկահավը, ջայլամը, խայտահավը և լորը:
3. Սպանդանոցը կարող է լինել առանձին շինության, շինությունների համալիրի տեսքով կամ մսի կոմբինատների, սառցային կոմբինատների և կենդանական ծագման մթերք արտադրող, վերամշակող կազմակերպությունների կազմում:
4. Սույն կարգի դրույթները տարածվում են միս արտադրող, մթերող և վերամշակող կազմակերպությունների վրա։
5. Սպանդի ենթակա չեն սիբիրախտով, խշխշան պալարով, ժանտախտով, չարորակ կատառային տենդով, սպունգանման էնցեֆալոպաթիայով, կատաղությամբ, կարկամախտով, չարորակ այտուցով, բրադզոտով, էնտերոտոքսեմիայով, ոչխարի սկրեպիով, տուլյարեմիայով, բոտուլիզմով, միասմբակավորների խլնախտով, համաճարակային լիմֆանգոիտով, խոզերի և միասմբակավորների աֆրիկական ժանտախտով, մելիոիդոզով, ձիերի զուգավորման հիվանդությամբ, հպավարակային մետրիտով, վիրուսային հոդաբորբով, ճագարների միքսոմատոզով, վիրուսային արյունահոսային հիվանդությամբ, թռչունների գրիպով, օրնիտոզով, Նյու-Քասլով հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող, մալեինիզացիայի չենթարկված, չախտորոշված հիվանդությամբ հիվանդ, սատկած կամ հոգեվարքի վիճակում գտնվող կենդանիները:
6. Կենսապատրաստուկներ, հակաբիոտիկներ, հորմոններ, հակամակաբուծային դեղամիջոցներ ստացած կամ դրանցով արտաքին մակաբույծների նկատմամբ մշակված սպանդային կենդանիները ենթակա են սպանդի այդ պատրաստուկների օգտագործման հրահանգով սահմանված ժամկետը լրանալուց հետո:
7. Սպանդային կենդանիներն սպանդանոց ուղարկվելուց առաջ անասնաբույժի կողմից ենթարկվում են զննման:
8. Ձկով, խեցգետնով կամ դրանց մնացորդներով, ձկնալյուրով կերակրված գյուղատնտեսական կենդանիներն սպանդի են ենթարկվում վերջին կերակրումից հետո 30 օր, իսկ թռչունները` 10 օր հետո:
9. Սպանդային կենդանիներին խմելու ջուրը տրվում է անսահմանափակ և դադարեցվում է սպանդից 3 ժամ առաջ:
10. Առողջ, հիվանդ կամ խոտանված սպանդային կենդանիները տեղափոխվում են առանձնացված:
11. Սպանդանոցի անասնաբազայում սպանդային կենդանիները բեռնաթափվում են ուղեկցող անասնաբուժական փաստաթղթի առկայության դեպքում` 2 ժամվա ընթացքում: Ընդունված գլխաքանակը ենթարկվում է նախասպանդային զննման և ջերմաչափման, որոնց արդյունքներն սպանդանոցի անասնաբուժական ծառայության կողմից գրանցվում են համապատասխան գրանցամատյանում:
12. Եթե սպանդային կենդանիների խմբում հայտնաբերվում է վարակիչ հիվանդություն, հոգեվարքի վիճակ, հարկադիր սպանդի ենթարկված կամ անկած կենդանիների դիակներ, գլխաքանակի անհամապատասխանություն ուղեկցող անասնաբուժական փաստաթղթում նշված տվյալներին, խումբը 3 օրվանից ոչ ավելի ժամկետով տեղափոխվում է կարանտինային մասնաշենք` մինչև հիվանդության ախտորոշումը կամ անհամապատասխանության բացահայտումը։
13. Սպանդանոցում հայտնաբերված անկած կենդանիները չեն բեռնաթափվում: Սիբիրախտի առկայությունը բացառելուց հետո դիակներն ուղարկվում են ոչնչացման կամ օգտահանման` անասունների թաղման կամ ոչնչացման համար հատկացված վայրում: Դիակների փոխադրումն իրականացնում է սպանդային կենդանիների տերը:
14. Սպանդանոց ընդունված կենդանիներն սպանդանոցի տարածքից դուրս չեն հանվում:
15. Սպանդային կենդանիների մորթն իրականացվում է նախասպանդային պահվածքից հետո 5 ժամվա ընթացքում:
16. Խոտանված, հպավարակային թոքաբորբով, տուբերկուլոզով, բրուցելոզով հիվանդ կամ դրական հակազդած, լեյկոզով, ձիերի վարակիչ սակավարյունությամբ, էնցեֆալոմիելիտով, խոզերի դասական ժանտախտով, թռչունների պաստերելոզով, ծաղիկ-դիֆթերիտով, լարինգոտրախեիտով, մարսողական համակարգի հիվանդություններով, թարախային բորբոքումներով, թարախային մեռուկացած վերքերով, կրծի բորբոքումով, մատղաշի պորտի և հոդերի բորբոքումով հիվանդ սպանդային կենդանիները ենթակա են սանիտարական սպանդի, որոնց սպանդը կազմակերպվում է նախապես սահմանված սանիտարական օրերին: Այդ օրերին սպանդը կազմակերպվում է առողջ կենդանիների սպանդի իրականացումից հետո` սպանդի սրահից հեռացնելով սպանդային ամբողջ մթերքը՝ կատարելով մանրակրկիտ մեխանիկական մաքրում և ախտահանություն:
17. Սպանդանոցի կառուցումը և շահագործումն իրականացվում են զոոհիգիենիկ նորմերի և անասնաբուժասանիտարական պահանջների պահպանմամբ:
II. ՍՊԱՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
18. Սպանդանոցներում սպանդի գործընթացը կազմակերպվում է լիցենզավորված գործունեություն իրականացնող անասնաբուժական ծառայության եզրակացությամբ և հսկողությամբ:
19. Սպանդը կատարվում է սպանդային սրահում կամ մասնաշենքում` ըստ կենդանատեսակների, հերթափոխերով:
20. Սպանդի կազմակերպման գործընթացում պետք է բացառվի`
ա) սպանդային մթերքի շփման հնարավորությունը հումքի և թափոնների, սպանդային կենդանիների հետ,
բ) առողջ կենդանիների շփման հնարավորությունը կարանտինացման ենթակա, մեկուսարան տեղափոխվող կամ սանիտարական սպանդի ենթակա կենդանիների հետ:
21. Սպանդի գործընթացը ներառում է կենդանու շշմեցման, արյունաքամության, ներքին օրգանների հեռացման, մաշկահանման, մսեղիքի առաջնային մասնատման և անասնաբուժասանիտարական փորձաքննության փուլերը:
22. Սպանդից առաջ սպանդային կենդանիները ենթարկվում են շշմեցման` էլեկտրական հոսանքով, որը բացառում է կենդանու մահը: Անհրաժեշտության դեպքում սպանդային կենդանիների շարժողական ակտիվությունը սահմանափակվում է անշարժացման միջոցով:
23. Սպանդային կենդանիների շշմեցումը և մորթը կատարվում է կենդանու տվյալ տեսակի համար նախատեսված միջոցներով:
24. Մորթից հետո կենդանու հետագա մշակումը կատարվում է անասնաբուժական ծառայություն մատուցող անձի կողմից:
25. Մսեղիքից ներքին օրգանների հեռացման աշխատանքները կատարվում են կենդանու շշմեցումից 45 րոպե կամ արյունաքամության ավարտից հետո` 30 րոպեի ընթացքում:
26. Բժշկական, կենսաբանական նպատակներով ներզատիչ և արտազատիչ գեղձերի, արյան հավաքը պետք է կատարվի միայն առողջ կենդանիներից` պահպանելով մանրէազերծության պայմանները:
27. Սույն կարգի 16-րդ կետում նշված հիվանդություններով հիվանդ, ինչպես նաև այդպիսի հիվանդությամբ հիվանդ կենդանիների արյան հետ խառնված առողջ կենդանիների արյունը ենթակա է վարակազերծման 1000 C ջերմաստիճանում` 2 ժամ տևողությամբ:
28. Տուբերկուլոզով, բրուցելոզով, լիստերիոզով, լեյկոզով, խոզերի ժանտախտով, կարմրախտով, Աուեսկիով, ատրոֆիկ ռինիտով հիվանդ կամ այդ հիվանդություններով վարակվածությամբ կասկածվող կենդանիների սպանդից հավաքված արյունը կարելի է եփելու միջոցով վերամշակել անասնակերի` 2 ժամ տևողությամբ զանգվածի խորքում ապահովելով 800 C ջերմաստիճանը:
29. Մորթից հետո մսեղիքի առաջնային մասնատման համար որոճողների, միասմբակավորների մսեղիքը բաժանվում է կիսամսեղիքների և քառանդրիների, որոնք համարակալվում են` միևնույն մսեղիքին պատկանելությունը հաստատելու համար: Միևնույն համարով համարակալվում են նաև տվյալ մսեղիքին պատկանող ներքին պարենքիմատոզ օրգանները, ստամոքսաղիքային համակարգի օրգանները, մաշկը, գլուխը: Մորթից հետո թռչունները բաց են թողնվում փետրազերծված:
30. Սպանդանոցում գործում են անասնաբուժասանիտարական փորձաքննության օրգանոլեպտիկ զննման հոսքագծի տեղեր` ըստ կենդանատեսակի`
ա) տավարի, գոմեշի, եղջերուի, ուղտի համար` 4 տեղ (գլխի, ներքին օրգանների, մսեղիքի և եզրափակիչ զննում).
բ) ոչխարի, այծի համար` 3 տեղ (ներքին օրգանների, մսեղիքի և եզրափակիչ զննում).
գ) խոզի համար` 5 տեղ (ենթածնոտային ավշային հանգույցների (սիբիրախտի նկատմամբ), գլխի, ներքին օրգանների, մսեղիքի և եզրափակիչ զննում).
դ) միասմբակավորների համար` 4 տեղ (գլխի, ներքին օրգանների, մսեղիքի և եզրափակիչ զննում).
ե) թռչունների համար` 2 տեղ (ներքին օրգանների և եզրափակիչ զննում).
զ) ճագարի, կուղբի, ջրաքիսի համար` 2 տեղ (ներքին օրգանների և եզրափակիչ զննում):
Եզրափակիչ տեղն իրենից ներկայացնում է պահեստային կախովի ուղի կամ մսեղիքի մշակման վերջնափուլում գտնվող առանձին տեղ, որտեղ կատարվում է լաբորատոր հետազոտություն, անասնաբուժասանիտարական արդյունքների ամփոփում, որի հիման վրա տրվում է եզրակացություն և կատարվում է մսի անասնաբուժական դրոշմակնքում:
31. Անասնաբուժական զննումը կարելի է կատարել հարմարեցված սեղանների կամ կախարանների վրա՝ սպանդանոցի անասնաբուժական ծառայության կողմից անասնաբուժասանիտարական փորձաքննության հոսքագիծ ապահովելու անհնարինության մասին եզրակացության առկայության դեպքում:
32. Մինչև անասնաբուժական զննման ավարտը, որը ներառում է նաև խոզի մսեղիքի տրիխինելոսկոպիան, սպանդից ստացված մթերքը` բացառությամբ մաշկի, խոշոր եղջերավորների ոտքերի և ականջների, մանր եղջերավորների գլխի և ոտքերի, պետք է մնա սպանդի արտադրամասում կամ սրահում:
33. Անասնաբուժական զննման նախապատրաստումը կատարվում է՝
ա) խոշոր եղջերավորներից, ուղտի գլուխն անջատվում է մսեղիքից և կախվում կախիչից կամ տեղավորվում սեղանին, որից հետո լեզուն կտրվում է բերանի խոռոչի վերնամասից ու կողերից այնպես, որ չվնասվի և ազատ դուրս ընկնի միջծնոտային տարածությունից, պահպանվում են զննման ենթակա բոլոր ավշային հանգույցները,
բ) միասմբակավորների գլուխն անջատվում է մսեղիքից, և լեզուն դուրս բերելուց հետո սղոցվում է քթի միջնապատը` պահպանելով նրա ամբողջականությունը,
գ) խոզի գլուխը մակաճեղքվում է և թողնվում է մսեղիքին կպած` մինչև անասնաբուժական զննման ավարտը,
դ) հորթի, այծի, ոչխարի գլուխներն անջատվում են ծոծրակ-ատլասային հոդի հատվածում, թողնվում են մսեղիքին կպած` մինչև անասնաբուժական զննման ավարտը,
ե) մսեղիքից անջատված սիրտը, թոքերը շնչափողի հետ, լյարդը պետք է լինեն միմյանց միացած բնական կապով: Որոճողների փայծաղը կարող է լինել բնական կապի մեջ կտրիչի հետ կամ առանձնացված, վերջինիս դեպքում այն ներկայացվում է անասնաբուժական զննման ներքին պարենքիմատոզ օրգանների հետ միասին,
զ) ստամոքսաղիքային համակարգը և սեռական օրգանները, կուրծը տեղավորվում են հոսքային գծի կամ սեղանի վրա,
է) մսեղիքը կախվում է աքիլլեսյան ջլից կամ տեղավորվում սեղանին,
ը) մաշկի զննումից առաջ ներքին օրգաններն անջատվում են մսեղիքից:
34. Սպանդային մթերքն սպանդանոցից դուրս է բերվում անասնաբուժական ուղեկցող համապատասխան փաստաթղթի և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացության առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |