011.0182.30.05.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԿԱՊԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի հինգերորդ մասով և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգի 44-րդ հոդվածի առաջին մասով`
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) կապի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն ուսումնասիրելու և Ազգային ժողով եզրակացություն (տեղեկանք) ներկայացնելու համար:
2. Հանձնաժողովի առջև դնել հետևյալ խնդիրները`
- կապի ոլորտում ընդհանուր վիճակի ուսումնասիրությունը.
- կապի ոլորտում կատարված ներդրումների ծավալները, արդյունավետությունը և պայմանագրային պարտավորություններին դրանց համապատասխանության ուսումնասիրությունը:
3. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս իրավասու է ներգրավել համապատասխան մասնագետների, փորձագետների, աուդիտորների:
4. Հանձնաժողովն ստեղծել հետևյալ կազմով` երկուական պատգամավոր «Միասնություն» խմբակցությունից և խմբակցությունների կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թվից, մեկական պատգամավոր` մյուս խմբակցություններից և պատգամավորական խմբերից:
(4-րդ կետը խմբ. 30.05.01 N Ն-183-2)
5. Պատգամավորները հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ:
6. Հանձնաժողովի նախագահին իր կազմից ընտրում է հանձնաժողովը` քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ:
7. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուին առաջադրում են պատգամավորները` Ազգային ժողովի նիստում: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստանում է առավել շատ ձայներ:
8. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
9. Հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանվում է չորս ամիս: Հանձնաժողովն իր գործունեության արդյունքում տեղեկանք է ներկայացնում Ազգային ժողով` վեցերորդ նստաշրջանի առաջին եռօրյա նիստում:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|