ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0376/11/20 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
|
|
Ս. Օհանյանի |
26 մայիսի 2023 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արթուր Նորիկի Գյուլնազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2001 թվականի հոկտեմբերի 7-ին Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունում 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ կետի և 232-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12211801 քրեական գործը։
2001 թվականի հոկտեմբերի 27-ին որոշում է կայացվել Արթուր Նորիկի Գյուլնազարյանին 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ և 210-րդ հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2001 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ մեղադրյալ Ա․Գյուլնազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել է հետախուզում։
2004 թվականի օգոստոսի 10-ին որոշում է կայացվել Ա․Գյուլնազարյանին 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ և 210-րդ հոդվածներով մեղսագրված արարքները 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասին և 317-րդ հոդվածին համապատասխանեցնելու մասին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Ա․Աբրահամյանի՝ 2020 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ մեղադրյալ Ա․Գյուլնազարյանի և պաշտպան Հ․Ապրեսյանի միջնորդությունը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով Ա․Գյուլնազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով, մերժվել է։
Քննիչ Ա․Աբրահամյանի՝ 2020 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ Ա․Գյուլնազարյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ։
Քննիչ Ա․Աբրահամյանի՝ 2020 թվականի մարտի 4-ի որոշմամբ մեղադրյալ Ա․Գյուլնազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը փոփոխվել, լրացվել է և նա ներգրավվել է որպես մեղադրյալ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով։
Երևան քաղաքի դատախազության դատախազ Ա․Վարդանյանի՝ 2020 թվականի մարտի 26-ի որոշմամբ պաշտպան Հ․Ապրեսյանի բողոքը՝ մեղադրյալ Ա․Գյուլնազարյանի և պաշտպան Հ․Ապրեսյանի միջնորդությունը մասնակիորեն մերժելու վերաբերյալ քննիչ Ա․Աբրահամյանի՝ 2020 թվականի փետրվարի 28-ի որոշման դեմ, մերժվել է։
2. Մեղադրյալ Ա․Գյուլնազարյանի և պաշտպան Հ․Ապրեսյանի միջնորդությունը մասնակիորեն մերժելու վերաբերյալ քննիչ Ա․Աբրահամյանի՝ 2020 թվականի փետրվարի 28-ի և դատախազ Ա․Վարդանյանի՝ 2020 թվականի մարտի 26-ի որոշումների դեմ պաշտպան Հ․Ապրեսյանի բողոքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ բավարարել է, վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել Ա․Գյուլնազարյանի իրավունքների խախտումը։
3. Դատախազ Ա․Վարդանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վերաքննիչ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
4. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ վարույթ է ընդունվել(1)1: Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 3-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և չպատճառաբանված, այն կայացնելիս թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Ըստ բողոքաբերի՝ սույն գործով նախաքննություն իրականացնող քննիչի և մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի վիճարկվող որոշումները պատկանում են այն որոշումների թվին, որոնց օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը հնարավոր է միայն գործի ըստ էության քննության ժամանակ, ինչն անհրաժեշտ նախապայման է դատարանի անկողմնակալության և անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանման համար: Ընդ որում՝ դրանց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, չէր կարող հանգեցնել անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման, հետևաբար՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ արձանագրելով դատավարական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտման փաստը:
5․1․ Բողոքաբերն անդրադարձել է նաև մեղադրյալ Ա․Գյուլնազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու առնչությամբ ստորադաս դատարանների եզրահանգումներին։
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ մերժելով մեղադրյալ Ա․Գյուլնազարյանի պաշտպան Հ․Ապրեսյանի բողոքը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) Տվյալ դեպքում բողոքով վիճարկվում է ոչ թե մեղադրյալ Արթուր Գյուլնազարյանի մեղավորության կամ անմեղության հարցը, այլ գործի քննության ներկա փուլում վերջինի նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը:
Այսինքն՝ սույն բողոքով խոսք է գնում, որ հնարավոր է մեղադրյալ Արթուր Գյուլնազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով չդադարեցնելու արդյունքում խախտված լինի վերջինի իրավունքները և օրինական շահերը, ինչն էլ օբյեկտիվորեն պետք է արժանանա դատական պաշտպանության: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է քննարկման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի ընթացակարգով, քանի որ առարկայազուրկ է այդ հարցի քննարկումը վերապահել բացառապես գործի ըստ էության քննության սահմաններում։
Այլ կերպ ասած, երբ խնդիրը վերաբերում է անձի նկատմամբ քրեական հետապնդումն օրենսդրությամբ նախատեսված հիմքերով դադարեցնելու, կոնկրետ այս իրավիճակում՝ վաղեմության ժամկետների հնարավոր անցած լինելու մասին, ապա Դատարանի համար որևէ կերպ ընդունելի չէ նշված հարցի քննարկումը, պարզումը և դատական պաշտպանությունն իրականացնել միայն գործի ըստ էության քննության ժամանակ։ Ավելին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ անկախ քրեական գործի քննության փուլից՝ քրեական գործ չի կարող հարուցվել, քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործով վարույթն էլ ենթակա է կարճման, եթե, ի թիվս այլնի, անցել են վաղեմության ժամկետները։
(…) Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ 2020 թվականի փետրվարի 28-ի ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Ա.Աբրահամյանի որոշմամբ մեղադրյալ Արթուր Գյուլնազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտում է տեղի ունեցել, ուստի Հ.Ապրեսյանի բողոքը ենթակա է բավարարման (…)»(2)2։
8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(…) Առաջին ատյանի դատարանի կողմից կատարվել է ներկայացված նյութերի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, իսկ վարույթն իրականացնող մարմնի թույլ տված խախտումների վերաբերյալ հետևությունները լիարժեք հիմնավորված են և բխում են ներկայացված նյութերի համակցությունից:
(…)
Միևնույն ժամանակ անդրադառնալով դատախազի վերաքննիչ բողոքի այն փաստարկներին, թե բողոքը ենթակա չէր քննության մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում, քանի որ դրանում արծարծվող հարցերը մտնում էին քրեական գործի ըստ էության լուծման հարցերի մեջ, ապա Վերաքննիչ դատարանն այդ եզրահանգումը ևս ընդունելի չի համարում:
Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քննարկման առարկա է եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական գործով վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայությունը: Ընդ որում հատկանշական է, որ դա եղել է այնպիսի հանգամանք, որի հերքման կամ հաստատման համար հարկավոր չէր գործի ըստ էության լուծում (այդպիսիք կարող էին լինել օրինակ քրեական հետապնդումը բացառող ռեաբիլիտացիոն հիմքերը): Միևնույն ժամանակ պետք է նշել, որ այդ հարցի քննարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, անհնար չէր լինի բայց կհանգեցներ անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման, քանի որ մինչև ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, անձը շարունակելու էր կրել քրեական հետապնդման ենթարկվելու սահմանափակումները (…)»(3)3:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ մեղադրյալ Ա․Գյուլնազարյանի կողմից հայցվող իրավական պաշտպանությունը հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա։
10. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 290-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում (…)»։
10.1. Մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության առարկայի շրջանակի հստակեցման նպատակով Վճռաբեկ դատարանը մշակել է հետևյալ սկզբունքը. գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որոշումներից զատ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների այն բոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը), որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման(4)4։
11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Քննիչ Ա․Աբրահամյանի՝ 2020 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ մեղադրյալ Ա․Գյուլնազարյանի և պաշտպան Հ․Ապրեսյանի միջնորդությունը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով Ա․Գյուլնազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասով, մերժվել է:
- Դատախազ Ա․Վարդանյանի՝ 2020 թվականի մարտի 26-ի որոշմամբ պաշտպան Հ․Ապրեսյանի բողոքը՝ քննիչ Ա․Աբրահամյանի՝ 2020 թվականի փետրվարի 28-ի որոշման դեմ, մերժվել է(5)5։
- Առաջին ատյանի դատարանը քննիչ Ա․Աբրահամյանի՝ 2020 թվականի փետրվարի 28-ի և դատախազ Ա․Վարդանյանի՝ 2020 թվականի մարտի 26-ի որոշումների դեմ պաշտպան Հ․Ապրեսյանի բողոքը բավարարել է, վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել Ա․Գյուլնազարյանի իրավունքների խախտումը։
Ըստ Առաջին ատյանի դատարանի՝ վիճարկվել է ոչ թե մեղադրյալ Ա․Գյուլնազարյանի մեղավորության կամ անմեղության հարցը, այլ գործի քննության ներկա փուլում վերջինի նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայությունը կամ բացակայությունը: Այսինքն՝ բողոքը վերաբերում է նրան, որ հնարավոր է մեղադրյալ Ա․Գյուլնազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով չդադարեցնելու արդյունքում խախտված լինեն վերջինի իրավունքները և օրինական շահերը, ինչն էլ օբյեկտիվորեն պետք է արժանանա դատական պաշտպանության: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ բողոքը ենթակա է քննարկման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի ընթացակարգով(6)6։
- Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Անդրադառնալով դատախազի վերաքննիչ բողոքի այն փաստարկներին, թե բողոքը ենթակա չէր քննության մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում, քանի որ դրանում արծարծվող հարցերը մտնում էին քրեական գործի ըստ էության լուծման հարցերի մեջ, Վերաքննիչ դատարանն այդ եզրահանգումն ընդունելի չի համարել: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ քննարկման առարկա է եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված՝ քրեական գործով վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայությունը: Վերաքննիչ դատարանը հատկանշական է համարել, որ այդ հանգամանքի հերքման կամ հաստատման համար հարկավոր չէր գործի ըստ էության լուծում: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ այդ հարցի քննարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, անհնար չէր լինի, բայց կհանգեցներ անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման, քանի որ մինչև ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, անձը շարունակելու էր կրել քրեական հետապնդման ենթարկվելու սահմանափակումները(7)7:
12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-10.1-րդ կետերում վկայակոչված իրավակարգավորման և իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ըստ էության քննության առնելով պաշտպան Հ․Ապրեսյանի բողոքը, դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության շրջանակներից:
Նախ հարկ է նշել, որ Առաջին ատյանի դատարանն ընդհանրական ձևակերպում է տվել առ այն, որ բողոքով խոսք է գնում, որ հնարավոր է մեղադրյալ Արթուր Գյուլնազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով չդադարեցնելու արդյունքում խախտված լինի վերջինի իրավունքները և օրինական շահերը, ինչն էլ օբյեկտիվորեն պետք է արժանանա դատական պաշտպանության, իսկ Վերաքննիչ դատարանը չի մատնանշել, թե վիճարկվող որոշման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, մեղադրյալ Ա․Գյուլնազարյանի կոնկրետ ո՞ր իրավունքների կամ օրինական շահերի անհամարժեք սահմանափակման էր հանգեցնելու, ինչպես նաև քրեական հետապնդման ենթարկվելու ի՞նչ սահմանափակումներ էր մեղադրյալ Ա․Գյուլնազարյանը տվյալ դեպքում շարունակելու կրել։
Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով սույն որոշման 10.1-րդ կետում նշված սկզբունքով, գտնում է, որ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ քննիչի որոշման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, ինքնին չի հանգեցնում անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք այնպիսի սահմանափակման, որ այդ հանգամանքով պայմանավորված վիճարկվող որոշումը դիտարկվի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա։ Այլ հարց է, որ անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումից ածանցվող, նախաքննության մարմնի որոշ վարույթային ակտերի (օրինակ՝ անձի անձնական ազատության, ազատ տեղաշարժվելու իրավունքները սահմանափակող կամ այլ վարույթային ակտերի) բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս կարող է հանգեցնել անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման, ինչը, սակայն, հիմք է նախաքննության մարմնի այդպիսի կոնկրետ վարույթային ակտերը, այլ ոչ թե քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա դիտարկելու համար։
Այսպիսով, քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշման վիճարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, ինքնին չի հանգեցնում անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման։ Իսկ անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումից ածանցվող նախաքննության մարմնի այլ վարույթային ակտերի (որոնք առանձին կարող են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա լինել) միջամտությունը անձի իրավունքներին և օրինական շահերին՝ անկախ միջամտության ինտենսիվությունից, ի հակադրումն սույն որոշման 10.1-րդ կետում նշված սկզբունքի, չի կարող դիտարկվել որպես չափանիշ՝ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ստուգելու համար։
12.1. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քննիչ Ա․Աբրահամյանի վիճարկվող որոշումը գործի նախնական քննության փուլում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում չի կարող բողոքարկվել դատարան, քանի որ նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև դրա բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, հնարավոր է և չի հանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:
12.2. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ քննիչի վիճարկվող որոշումը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա չհանդիսանալու պայմաններում, գնահատման ենթակա չէ նաև դատախազի՝ 2020 թվականի մարտի 26-ի որոշումը(8)8:
13. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ մեղադրյալ Ա․Գյուլնազարյանի կողմից հայցվող իրավական պաշտպանությունը հանդիսանում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, իրավաչափ չէ։
14. Վերոգրյալ պայմաններում, Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում բողոքաբերի` սույն որոշման 5.1-րդ կետում բարձրացված փաստարկներին։
15. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումները բեկանելու և փոփոխելու համար։ Միաժամանակ, վերոշարադրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարան ներկայացված` մեղադրյալ Ա․Գյուլնազարյանի պաշտպան Հ․Ապրեսյանի բողոքը, պետք է մերժել։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 30-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումները բեկանել և փոփոխել: Արթուր Նորիկի Գյուլնազարյանի պաշտպան Հ․Ապրեսյանի բողոքը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով։
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 146-159։
3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 50-63։
4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի`Վարուժան Մանուկյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0060/11/10 որոշման 16-րդ կետը, «Էլիտա էսվե», «Էլիտ էսվե» և «Պրեստիժ լենդ» ՍՊԸ-ների գործով 2021 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ ԵԴ/0957/11/19 որոշման 11.1-րդ կետը, Վանիկ Ասատրյանի գործով 2021 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ԵԴ/0732/11/20 որոշման 10․1-րդ կետը։
5 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
8 Տե՛ս ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ Մասիս Բաղիրյանի գործով 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ԵՄԴ/0004/11/16 որոշման 12-րդ կետը, Սամվել Ղազարյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԵԿԴ/0018/11/17 որոշման 21-րդ կետը։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Ե. Դանիելյանի Ա. Պողոսյան
Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական: