ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԿԴ3/0001/06/17 |
ԿԴ3/0001/06/17 |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
ե. դԱՆԻԵԼյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. Ավագյանի | |
մասնակցությամբ` |
Մ. Թովմասյանի |
2017 թվականի նոյեմբերի 15-ին ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մայիսի 29-ի որոշման դեմ մեղադրյալ Արտակ Վրեժի Մացակյանի պաշտպան Մարինե Թովմասյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի մարտի 13-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է թիվ 46153617 քրեական գործը և ըստ քննչական ենթակայության ուղղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն: Նույն օրը վերոնշյալ վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ս.Քոլայանը քրեական գործն ընդունել է վարույթ:
2017 թվականի մարտի 13-ին Արտակ Վրեժի Մացակյանը ձերբակալվել է:
2017 թվականի մարտի 16-ին որոշում է կայացվել Արտակ Մացակյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
2. 2017 թվականի մարտի 16-ին նախաքննության մարմինը մեղադրյալ Ա.Մացակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի մարտի 16-ի որոշմամբ Ա.Մացակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրյալ Ա.Մացակյանի պաշտպան Մարինե Թովմասյանը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2017 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ պաշտպան Մ.Թովմասյանի բողոքը մերժվել է, իսկ բողոքարկված որոշումը՝ թողնվել օրինական ուժի մեջ:
3. Նախաքննության մարմինը 2017 թվականի մայիսի 3-ին միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` Արտակ Մացակյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 /երկու/ ամսով երկարացնելու մասին:
Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի մայիսի 6-ի որոշմամբ Ա.Մացակյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամսով:
4. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրյալ Ա.Մացակյանի պաշտպան Մ.Թովմասյանը:
Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Մ.Թովմասյանի բողոքը մերժվել է, իսկ բողոքարկված որոշումը՝ թողնվել օրինական ուժի մեջ:
5. Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 13-ի և մայիսի 29-ի որոշումների դեմ պաշտպան Մ.Թովմասյանը բերել է վճռաբեկ բողոքներ:
Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 13-ի որոշման դեմ պաշտպան Մ.Թովմասյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի մայիսի 29-ի որոշման դեմ պաշտպան Մ.Թովմասյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Այդ վճռաբեկ բողոքի կապակցությամբ դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
6. Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 13-ի որոշման դեմ մեղադրյալ Ա.Մացակյանի պաշտպան Մ.Թովմասյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված որոշումը՝ թողնվել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները (տե՛ս Արտակ Վրեժի Մացակյանի վերաբերյալ նույն՝ թիվ ԿԴ3/0001/06/17 գործով Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 13-ի որոշման դեմ բերված բողոքը քննության առնելու արդյունքում Վճռաբեկ դատարանի կողմից 2017 թվականի նոյեմբերի 15-ին կայացված որոշումը):
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
7. Նախաքննության մարմինը Ա.Մացակյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ «(...) նա, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2017թ. մարտի 12-ին` ժամը 14:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արգել գյուղի գերեզմանատան մոտ նկատելով «Միցուբիշի Գոլդ» մակնիշի 34 LZ 430 պ/հ ավտոմեքենան, աննկատ մոտեցել ու բացել է ավտոմեքենայի ձախակողմյան դուռն ու սրահից գաղտնի հափշտակել Հասմիկ Ռուբիկի Սարգսյանին և Կարինե Արտավազդի Բադալյանին պատկանող ընդհանուր, խոշոր չափերի` 2.270.500 ՀՀ դրամ արժողության գույքը` կանացի երկու պայուսակներ ու դրանց մեջ գտնվող տարատեսակ ոսկյա զարդեր, պճնանքի պարագաներ, դրանց համար նախատեսված փոքրիկ պայուսակ, թվով երեք օպտիկական և մեկ արևային ակնոցներ, «Սամսունգ G-120F» մոդելի բջջային հեռախոս` իր սնուցման սարքով ու ականջակալով, կանացի դրամապանակ, ինչպես նաև 49.572 ՀՀ դրամին համարժեք 102 ԱՄՆ դոլար ու 2.600 ՀՀ դրամ կանխիկ գումար» (տե՛ս Նյութեր, թերթ 35):
8. Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի մայիսի 6-ի որոշմամբ գտել է, որ Ա.Մացակյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարացնելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունն իրավաչափ է և ենթակա է բավարարման (տե՛ս Նյութեր, թերթեր 58-65):
9. Ա.Մացակյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարացնելու վերաբերյալ նյութերը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի գրասենյակ են մուտքագրվել 2017 թվականի մայիսի 25-ին (տե՛ս Նյութեր, թերթ 80):
10. Նույն օրը՝ 2017 թվականի մայիսի 25-ին Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և կալանքի նյութերը վերաքննիչ դատարանի դատական նիստում քննության նշանակելու մասին»: Այդ դատական ակտով Վերաքննիչ դատարանը որոշել է՝
«Մեղադրյալ Արտակ Մացակյանի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանի վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:
Դատական ստուգումը նշանակել Վերաքննիչ քրեական դատարանի դռնփակ դատական նիստում քննության 2017 թվականի մայիսի 29-ին, ժամը 11:00-ին, Երևան քաղաքում, վերաքննիչ դատարանի շենքում:
Դատական նիստում լսել պաշտպանի հիմնավորումները բերված վերաքննիչ բողոքի առթիվ, դատախազի պատասխանը, քննիչի բացատրությունները, որից հետո հետազոտել Վերաքննիչ դատարան ներկայացված համապատասխան նյութերը:
Դատական նիստին կանչել պաշտպանին, դատախազին, քննիչին» (տե՛ս Նյութեր, թերթ 81):
11. Գործում առկա են 2017 թվականի մայիսի 25-ով թվագրված գրություններ, համաձայն որոնց՝ դատավորի օգնական Գ.Աբելյանը մեղադրյալ Ա.Մացակյանի պաշտպան Մարինե Թովմասյանին, ինչպես նաև դատախազությանը և նախաքննության մարմնին ծանուցել է պաշտպան Մ.Թովմասյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը 2017 թվականի մայիսի 29-ին, ժամը 11:00-ին նշանակված լինելու մասին՝ խնդրելով ներկայանալ դատական նիստին (տե՛ս Նյութեր, թերթեր 82, 83, 85):
12. Գործում նաև առկա են պաշտպան Մ.Թովմասյանին և նախաքննության մարմնին հասցեագրված վերոնշյալ ծանուցագրերը հանձնելու հանգամանքը հավաստող փաստաթղթեր (հանձնման-ստացման ծանուցագրեր), որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նամակներն հասցեատերերին են հանձնվել 2017 թվականի մայիսի 30-ին (տե՛ս Նյութեր, թերթեր 84, 86):
13. Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի մայիսի 29-ի որոշման մեջ արձանագրված է հետևյալը՝ «(...)Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ պաշտպան Մ.Թովմասյանը, պատշաճ կերպով ծանուցված լինելով Վերաքննիչ բողոքի քննության կապակցությամբ դատական նիստի տեղի և ժամանակի մասին, չի ներկայացել դատական նիստին, որպիսի հանգամանքն էլ չի կարող արգելք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի կողմից ներկայացված բողոքը պաշտպանի բացակայությամբ քննելու համար: Ներկայացվածը հավաստվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից ուղարկված ծանուցումը ստանալու հավաստագրով» (տե՛ս Նյութեր, թերթ 93):
Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի մայիսի 29-ի որոշման մեջ արձանագրված է նաև հետևյալը՝ «(...) Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ սույն գործով առկա են մեղադրյալ Արտակ Մացակյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու բավարար հիմքեր ու պայմաններ, իսկ պաշտպան Մ.Թովմասյանի կողմից չեն ներկայացվել մեղադրյալ Արտակ Մացակյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ բավարար և ռեալ հիմնավորումներ, կամ այնպիսի ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ մեղադրյալը` մնալով ազատության մեջ որևէ ձևով չի խոչընդոտի քննությանը, չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից և չի խուսափի քրեական պատասխանատվությունից և պատժից, և արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ պահպանվել են ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական օրենսդրության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների պահանջները, որի պայմաններում պաշտպանի վերաքննիչ բողոքի փաստարկները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի մայիսի 06-ի որոշումը բեկանելու կամ փոփոխելու համար» (տե՛ս Նյութեր, թերթեր 91-96):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
14. Բողոքաբերի կարծիքով Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի մայիսի 29-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:
Բողոքի հեղինակը գտնում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են Վճռաբեկ դատարանի` Գ.Միքայելյանի վերաբերյալ թիվ ԵԱԴԴ/0085/06/09 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և արդյունքում կայացրել են ոչ իրավաչափ դատական ակտեր:
15. Բողոքաբերը նշել է, որ Ա.Մացակյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին 2017 թվականի մարտի 13-ին՝ ժամը 06:45-ին և ազատ չի արձակվել: Նա նույն օրը ժամը 21:45-ին ձերբակալվել է, այսինքն` փաստացի արգելանքի վերցնելու պահից մինչև ձերբակալվելը 12 ժամ ապօրինի պահվել է բաժնում: Փաստացի արգելանքի վերցնելու պահից մինչև Առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշում կայացնելը` մինչև 2017 թվականի մարտի 16-ի ժամը 16:00-ի սահմանները, ազատ չի արձակվել, այսինքն` անազատության մեջ է պահվել 72 ժամից ավելի:
16. Բողոքի հեղինակը նաև նշել է, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել 2016 թվականի մարտի 16-ին, ժամը 10:00-10:30-ի սահմաններում, այսինքն` սկսած փաստացի արգելանքի վերցնելու պահից 72 ժամվա ընթացքում Ա.Մացակյանին մեղադրանք չի առաջադրվել:
Բողոք բերած անձը նշել է, որ դատարանները չեն ճանաչել Ա.Մացակյանի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը, մեղադրանքը սահմանված ժամկետում չառաջադրելու փաստով չեն կայացրել լրացուցիչ որոշում՝ այն ուղարկելով իրավասու մարմիններին, ինչպես նաև չեն արձանագրել, որ Ա.Մացակյանն ունի ձերբակալման ընթացակարգի խախտման համար քաղաքացիական դատավարության կարգով հատուցում ստանալու իրավունք:
17. Վճռաբեկ բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի մայիսի 29-ի որոշումը կայացվել է դատավարական իրավունքի խախտմամբ նաև այն առումով, որ Վերաքննիչ դատարանը նշանակված դատական նիստի մասին պաշտպանական կողմին պատշաճ չի ծանուցել, դրանով իսկ զրկելով կողմին բողոքի քննարկմանը մասնակցելու և դիրքորոշում հայտնելու հնարավորությունից:
18. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի մայիսի 29-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` մերժելով քննիչի միջնորդությունը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցերն ըստ էության երեքն են. առաջին երկուսը վերաբերում են Ա.Մացակյանին արգելանքի վերցնելու և մեղադրանք առաջադրելու իրավաչափությանը, իսկ երրորդը՝ մեղադրյալ Ա.Մացակյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության տեղի և ժամանակի մասին պաշտպանության կողմին պատշաճ չծանուցելու, դրանով իսկ կողմին բողոքի քննարկմանը մասնակցելու և դիրքորոշում հայտնելու հնարավորությունից զրկելու հանգամանքին:
20. Ա.Մացակյանին արգելանքի վերցնելու և մեղադրանք առաջադրելու իրավաչափությանը Վճռաբեկ դատարանն արդեն անդրադարձել է սույն որոշման կայացման օրը նույն գործով կայացված մեկ այլ որոշմամբ, արձանագրելով, որ ազատությունից զրկվելուց հետո դատարանի առջև կանգնելու և ազատությունից զրկվելու իրավաչափությունը վիճարկելու երաշխիքը կրում է բացառիկ նշանակություն անձի ազատության իրավունքի պաշտպանության համակարգում` ապահովելով ազատությունից զրկված անձի լսված լինելու իրավունքն անկախության երաշխիքով օժտված այնպիսի մարմնի առջև, որն ունի վերջինիս անհապաղ ազատ արձակելու կարգադրություն տալու իրավասություն: Վճռաբեկ դատարանը հիշյալ որոշմամբ փաստել է, որ ազատությունից զրկվելուց հետո դատարանի առջև կանգնելու և ազատությունից զրկվելու իրավաչափությունը վիճարկելու իրավունքն օժտված է անհետաձգելի բնույթով,ենթակա է կենսագործման անհապաղ` ազատությունից զրկվելու սկզբնական փուլում ձերբակալվածի կողմից հայցվող իրավական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու նպատակով: Վերոնշյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանն արձանագրել է,որ մեղադրյալ Ա.Մացակյանի ձերբակալման օրինականության վերաբերյալ պաշտպանական կողմի փաստարկները դուրս են մնացել դատական վերահսկողության շրջանակից,ինչը հանգեցրել է Ա.Մացակյանի` ազատությունից զրկվելու իրավաչափությունը վիճարկելու կապակցությամբ արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքի խախտման: Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Ա.Մացակյանը շուրջ 8 ժամ ապօրինի գտնվել է անազատության մեջ: Միևնույն ժամանակ, անդրադառնալով փաստացի արգելանքի վերցվելու պահից 72 ժամից ուշ Ա.Մացակյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկին` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մեղադրանքի առաջադրման գործողությունն ունի ինքնավար բնույթ և ինքնուրույնաբար է կատարվում, ուստի անազատության մեջ 72 ժամից ավելի պահվելու հանգամանքն ինքնին չի կարող փոխպայմանավորվել մեղադրանքի առաջադրման գործողության հետ: Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերի բացակայության մասին բողոքաբերի փաստարկին՝ Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ արձանագրել է,որ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում գնահատման ենթարկելով նախաքննական մարմնի կողմից միջնորդությանը կից ներկայացված նյութերը` ստորադաս դատարանները հանգել են իրավաչափ հետևության Ա.Մացակյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի առկայության վերաբերյալ (տե՛ս Արտակ Վրեժի Մացակյանի վերաբերյալ նույն՝ թիվ ԿԴ3/0001/06/17 գործով Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 13-ի որոշման դեմ բերված բողոքը քննության առնելու արդյունքում Վճռաբեկ դատարանի կողմից 2017 թվականի նոյեմբերի 15-ին կայացված որոշումը):
21. Անդրադառնալով մեղադրյալ Ա.Մացակյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության օրվա և ժամանակի մասին պաշտպանության կողմին պատշաճ չծանուցելու, դրանով իսկ կողմին բողոքի քննարկմանը մասնակցելու և դիրքորոշում հայտնելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր շահերին առնչվող քրեական գործի քննության իրավունք»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն`
«1. Քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա:
2. Քրեական հետապնդումը, պաշտպանությունը և գործի լուծումը տարանջատված են. դրանք իրականացնում են տարբեր մարմիններ և անձինք:
(…)
4. Քրեական գործը քննող դատարանը, պահպանելով օբյեկտիվությունը և անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծում է գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ (…):
5. Քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով (…):
(…)
7. Դատարանն ապահովում է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում գործի քննությանը կողմերի մասնակցության իրավունքը (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
«Մեղադրյալն ունի պաշտպանության իրավունք: (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն` պաշտպանն իրավունք ունի մասնակցելու առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի նիստերին և գործի նյութերի հետազոտմանը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն`
«1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից:
2. Կալանավորելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը և հիմնավորվածությունը դատարանն ստուգում է ընտրված խափանման միջոցի օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութերն ստանալու օրվանից` երեք օրվա ընթացքում:
3. Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: Բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն: (…):
4. Նիստի սկզբում նախագահող դատավորը հայտարարում է, թե ինչպիսի բողոք է քննվելու, ներկայացնում է դատարան ներկայացած անձանց և նրանց պարզաբանում է իրենց իրավունքները և պարտականությունները: Այնուհետև դիմողը, եթե նա մասնակցում է բողոքի քննությանը, հիմնավորում է բողոքը, որից հետո լսում են նիստին ներկա գտնվող այլ անձանց:
(…)»:
Վերաքննիչ դատարանում գործի քննության կարգը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Գործի քննության տեղի և ժամանակի մասին կողմերը ծանուցվում են»:
Մեջբերված նորմերի առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է,որ մրցակցության սկզբունքն արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղկացուցիչ տարր է. այդ սկզբունքի իմաստով դատաքննության ժամանակ և՛ մեղադրանքի,և՛ պաշտպանության կողմերի համար պետք է հավասարապես երաշխավորվի ողջամիտ հնարավորություն` իր գործը ներկայացնելու այնպիսի պայմաններում,որը նվազ բարենպաստ չի լինի,քան այն հնարավորությունը,որը տրամադրվում է մրցակից կողմին: Այսինքն` մրցակցության սկզբունքն անհրաժեշտ է դիտարկել կողմերի հավասարության հիմնարար պահանջի հետ միասնության մեջ,ինչը,ի թիվս այլոց,ենթադրում է,որ կողմը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իր իրավունքներն ու օրինական շահերը,ծանոթանալու մյուս կողմի ներկայացրած փաստարկներին և ապացույցներին: Նշվածն արդար դատական քննության իրավունքի ապահովման կարևորագույն նախապայման է,քանի որ քննության իրականացումն առանց կողմերի հավասար տեղեկացվածության նշանակում է մրցակցության և կողմերի հավասարության հիմնարար դրույթների անհամաչափ ձևականացում և առարկայազրկում:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ արդար դատական քննություն իրականացնելու պահանջը հավասարապես վերաբերելի է նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում անցկացվող դատական քննություններին: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորման կիրառման,կալանքի ժամկետի երկարացման հարցերի քննարկման,ինչպես նաև վերաքննության կարգով դրանց օրինականության դատական ստուգման ընթացքում դատարանը համապատասխան որոշում է կայացնում քրեական հետապնդման մարմնի ներկայացրած տեղեկությունների,փաստերի կամ ապացույցների հետազոտման արդյունքում: Հետևաբար՝ ինչպես առաջին ատյանի դատարանը՝ կալանք կիրառելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը քննելիս,այնպես էլ վերաքննիչ դատարանը՝ ստորադաս դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս պարտավոր են միջոցներ ձեռնարկել կողմերի հավասարության և մրցակցային դատավարության ապահովման ուղղությամբ: Այդ նպատակով դատարանները,ի թիվս այլ գործողությունների,պետք է միջոցներ ձեռնարկեն նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին կողմերին պատշաճ ձևով ծանուցելու և դատական քննությանը մասնակցելու նրանց իրավունքի անխափան իրացումն ապահովելու համար (տե՛ս,mutatis mutandis, Ամալյա Ղարիբյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԿԴ/0008/06/11, Նոյ Մուսայելյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԿԴ1/0007/06/12, Հակոբ Մկրտչյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԿԴ/0230/01/14, Ռաֆայել Քոթանջյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԿԴ3/0010/06/15 որոշումները):
22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է հետևյալը.
ա) Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի մայիսի 6-ի որոշմամբ Ա.Մացակյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 ամսով:
բ) Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի մայիսի 6-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրյալ Ա.Մացակյանի պաշտպան Մ.Թովմասյանը:
գ) Ա.Մացակյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ նյութերը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի գրասենյակ են մուտքագրվել 2017 թվականի մայիսի 25-ին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): Նույն օրը Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և կալանքի նյութերը վերաքննիչ դատարանի դատական նիստում քննության նշանակելու մասին», համաձայն որի՝ Վերաքննիչ դատարանը որոշել է դատական ստուգումը նշանակել 2017 թվականի մայիսի 29-ին, ժամը 11:00-ին, դատական նիստին կանչել պաշտպանին, դատախազին, քննիչին, դատական նիստում լսել պաշտպանի հիմնավորումները բերված վերաքննիչ բողոքի առթիվ, դատախազի պատասխանը, քննիչի բացատրությունները, որից հետո հետազոտել Վերաքննիչ դատարան ներկայացված համապատասխան նյութերը (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):
դ) գործում առկա են 2017 թվականի մայիսի 25-ով թվագրված գրություններ, համաձայն որոնց՝ դատավորի օգնական Գ.Աբելյանը մեղադրյալ Ա.Մացակյանի պաշտպան Մարինե Թովմասյանին, ինչպես նաև դատախազությանը և նախաքննության մարմնին ծանուցել է պաշտպան Մ.Թովմասյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը 2017 թվականի մայիսի 29-ին, ժամը 11:00-ին նշանակված լինելու մասին՝ խնդրելով ներկայանալ դատական նիստին (տե՛ս սույն որոշման 11-րդ կետը): Ընդ որում, գործում առկա չէ 2017 թվականի մայիսի 25-ով թվագրված վերոնշյալ գրությունները կապի ծառայությանը հանձնելու օրվա մասին վկայող որևէ ապացույց:
ե) գործում առկա են պաշտպան Մ.Թովմասյանին և նախաքննության մարմնին հասցեագրված վերոնշյալ ծանուցագրերը հանձնելու հանգամանքը հավաստող փաստաթղթեր (հանձնման-ստացման ծանուցագրեր), որոնց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նամակներն հասցեատերերին են հանձնվել 2017 թվականի մայիսի 30-ին (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):
զ) Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի մայիսի 29-ի որոշման մեջ արձանագրված է հետևյալը՝ «(...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ պաշտպան Մ.Թովմասյանը, պատշաճ կերպով ծանուցված լինելով Վերաքննիչ բողոքի քննության կապակցությամբ դատական նիստի տեղի և ժամանակի մասին, չի ներկայացել դատական նիստին, որպիսի հանգամանքն էլ չի կարող արգելք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի կողմից ներկայացված բողոքը պաշտպանի բացակայությամբ քննելու համար: Ներկայացվածը հավաստվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից ուղարկված ծանուցումը ստանալու հավաստագրով» (տե՛ս սույն որոշման 13-րդ կետը):
է) Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի մայիսի 29-ի որոշմամբ Մ.Թովմասյանի բողոքը մերժվել է, իսկ բողոքարկված որոշումը՝ թողնվել օրինական ուժի մեջ:
ը) գործի նյութերում առկա չէ որևէ փաստաթուղթ, որը կհավաստի (ինչպես նշել է իր որոշման մեջ Վերաքննիչ դատարանը), որ պաշտպան Մ.Թովմասյանը պատշաճ կերպով ծանուցված է եղել դատական նիստի տեղի և ժամանակի մասին: Ընդհակառակը, առկա է ծանուցագիրը հանձնելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ (հանձնման-ստացման ծանուցագիր), որի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նամակը Մ.Թովմասյանին է հանձնվել 2017 թվականի մայիսի 30-ին, այսինքն՝ վերաքննիչ բողոքը քննելու և այն մերժելու մասին որոշումը կայացնելու հաջորդ օրը (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը):
23. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 21-րդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նկարագրված իրազեկումը, որի արդյունքում մեղադրյալ Ա.Մացակյանի պաշտպան Մ.Թովմասյանը դատական նիստի տեղի և ժամանակի մասին տեղեկացվել է այդ նիստի օրվան հաջորդող օրը՝ չի կարող համարվել պատշաճ ձևով ծանուցում: Արդյունքում վերջինս զրկվել է գործի դատական քննությանը մասնակցելու հնարավորությունից, հետևաբար նաև հնարավորություն չի ունեցել պաշտպանելու մեղադրյալ Ա.Մացակյանի իրավունքներն ու օրինական շահերը, տեղեկանալու և մեկնաբանելու մյուս կողմի ներկայացրած փաստարկները, այսինքն` պաշտպանության կողմը հայտնվել է խիստ անբարենպաստ վիճակում մյուս կողմի համեմատությամբ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը չի կատարել բողոքը քննելու օրվա և ժամանակի մասին կողմին նախապես իրազեկելու պարտականությունը: Վերաքննիչ դատարանը պաշտպան Մ.Թովմասյանին պատշաճ կերպով չծանուցելով նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին, թույլ է տվել մրցակցության սկզբունքի խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցրել է ՀՀ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտմանը: Այլ կերպ՝ մեղադրյալ Ա.Մացակյանի պաշտպան Մ.Թովմասյանին պատշաճ ձևով չծանուցելով նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին՝ Վերաքննիչ դատարանը չի ապահովել անձի արդար դատաքննության իրավունքը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 23-րդ, 288-րդ, 390-րդ հոդվածների խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների իմաստով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք է: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել,որ բողոքարկված դատական ակտը եղել է ժամանակավոր,այն կորցրել է իր իրավական նշանակությունը և սույն որոշումը կայացնելու պահին դադարել է իրավաբանորեն գոյություն ունենալուց, հետևաբար այն չի կարող բեկանվել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Արտակ Վրեժի Մացակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի մայիսի 29-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Ա. Պողոսյան | |
Հ. Ասատրյան | ||
Ե. Դանիելյան | ||
Լ. Թադևոսյան | ||
Ս. Օհանյան |