«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 սեպտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 60008292
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
10 սեպտեմբերի 2008 թ. |
N 486-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դ) ենթակետը, 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը և 10-րդ հոդվածի 7-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու համար մրցույթի կազմակերպման կանոնները (հավելված):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` ՀԾԿՀ) կողմից ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման համար մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման և անցկացման ընթացակարգը:
1. Յուրաքանչյուր մրցույթի կազմակերպման վերաբերյալ ՀԾԿՀ-ն ընդունում է որոշում: Յուրաքանչյուր մրցույթի կազմակերպման և անցկացման առանձնահատկությունները սահմանում է ՀԾԿՀ-ն:
2. Մրցույթը կազմակերպվում և անցկացվում է մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից, որի կազմը և աշխատակարգը հաստատում է ՀԾԿՀ-ն:
3. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ՀԾԿՀ-ի ներկայացուցիչները: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել`
1) իրավասու մարմնի ներկայացուցիչներ,
2) անկախ փորձագետներ:
4. Մրցույթին կարող է մասնակցել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
5. Մրցույթին մասնակցելու հետաքրքրություն ունեցող անձինք սույն կանոնների 1-ին կետով նախատեսված որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10 օրվա ընթացքում գրանցվում են հանձնաժողովում` ներկայացնելով մրցույթին մասնակցելու հետաքրքրության վերաբերյալ հայտ:
6. Սույն կանոնների 5-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 15 օրվա ընթացքում հետաքրքրված անձինք հանձնաժողով են ներկայացնում ՀԾԿՀ-ի կողմից սահմանված նախաորակավորման չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ հայտարարություններ և հիմնավորված գրավոր ապացույցներ:
7. Սույն կանոնների 6-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո 15 օրվա ընթացքում հանձնաժողովը հրապարակում է նախաորակավորված անձանց ցանկը: Ընտրությունը կատարվում է հանձնաժողովի հայեցողությամբ:
8. Հանձնաժողովի կողմից նախաորակավորված անձանց անուն-ազգանունների (անվանումների) հրապարակումից հետո 10 օրվա ընթացքում վերջիններս ձեռք են բերում մրցութային փաթեթը, որում ներառված փաստաթղթերի ցանկը սահմանում է ՀԾԿՀ-ն:
9. Նախաորակավորված անձանց անուն-ազգանունների (անվանումների) հրապարակումից հետո 40 օրվա ընթացքում հետաքրքրված կողմերը կարող են իրականացնել իրավիճակի գնահատում (due diligence): ՀԾԿՀ-ի աշխատակազմը մասնակիցներին ցուցաբերում է համապատասխան աջակցություն:
10. Նախաորակավորված անձանց անուն-ազգանունների (անվանումների) հրապարակումից հետո 40 օրվա ընթացքում վերջիններս ներկայացնում են 1 թերթից կազմված հայտ-առաջարկ, որում նշվում է միայն մասնակցի անուն-ազգանունը (անվանումը) և մրցույթում առաջարկվող գումարը: Այն հանձնաժողովին է հանձնվում մասնակցի անուն-ազգանունը (անվանումը) կրող ծրարով:
11. Սույն կանոնների 10-րդ կետում նշված գումարի նվազագույն չափը և արժույթը սահմանում է ՀԾԿՀ-ն:
12. Հանձնաժողովը ամփոփում է մրցույթի արդյունքները և ներկայացնում ՀԾԿՀ` սույն կանոնների 10-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալու պահից 3 օրվա ընթացքում:
13. Սույն կանոնների 12-րդ կետում նշված արդյունքները ՀԾԿՀ ներկայացնելուց հետո 7 օրվա ընթացքում ՀԾԿՀ-ն հրապարակում է նախնական տվյալներ ամենաբարձր հայտ-առաջարկ ներկայացրած որակավորված դիմողի մասին, որը նախնական տվյալների համաձայն շահել է թույլտվությունը, և ընդունում է հաղթողի ընտրության մասին նախնական որոշում:
14. Հայտատուներն իրավունք ունեն ներկա գտնվելու ՀԾԿՀ-ի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ նախնական որոշման հրապարակմանը: ՀԾԿՀ-ն, իր հայեցողությամբ, իրավասու է հրավիրել նաև այլ անձանց:
15. Այլ հայտատուներն իրավունք ունեն բողոքարկել մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ ՀԾԿՀ-ի նախնական որոշումը` այդ որոշումն ընդունելու պահից 4 շաբաթվա ընթացքում:
16. Բողոքարկման բացակայության կամ հաղթողի ընտրության վերաբերյալ ՀԾԿՀ-ի նախնական որոշումը բողոքարկման արդյունքում չվերանայվելու դեպքում ՀԾԿՀ-ն սույն կանոնների 13-րդ կետում նշված որոշման հրապարակումից հետո վեց շաբաթվա ընթացքում տրամադրում է վերջնական թույլտվություն:
17. Վերջնական թույլտվությունը տրամադրելուց հետո մեկ բանկային օրվա ընթացքում մրցույթում հաղթող ճանաչված անձը հայտ-առաջարկով ներկայացրած գումարը փոխանցում է ՀԾԿՀ-ի կողմից նշված բանկային հաշվեհամարին:
18. Մրցույթում հաղթող ճանաչված անձի կողմից հայտ-առաջարկում նշված գումարը չվճարելու դեպքում ՀԾԿՀ-ն հաղթող է ճանաչում հաջորդ ամենաբարձր հայտ-առաջարկը ներկայացրած նախավորակավորված անձին՝ համաձայն սույն կանոններով սահմանված պայմանների: