ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/5312/05/17 2023 թ. | ||||||
Վարչական գործ թիվ ՎԴ/5312/05/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Հ. Բեդևյան Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ Լ. Հակոբյան | |
Ք. ՄԿՈՅԱՆ |
2023 թվականի մարտի 17-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արա Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.05.2021 թվականի որոշման դեմ վարչական գործով` ըստ հայցի Արա Բաղդասարյանի ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձինք՝ ՀՀ Ֆինանսների նախարարություն, Նշան Գալստյանի իրավահաջորդ Արմինե Մալյան, Սպարտակ Թամրազյանի իրավահաջորդներ Արմենուհի Թամրազյան, Հռիփսիմե Թամրազյան, Տաթևիկ Թամրազյան, Նարինե Հակոբյան, «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ, «ՎԻ ԱՐ ԱԳՐՈ» ՍՊԸ, Իգոր Խուդաբաշև՝ Երևան քաղաքի, Արցախի 143/1 հասցեի անշարժ գույքը Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարող Գայանե Արզումանյանի 15.12.2016 թվականի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը, Երևան քաղաքի Արցախի 143/1 հասցեի անշարժ գույքի 09.06.2017 թվականի էլեկտրոնային աճուրդը, հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին 09.06.2017 թվականի թիվ q00160283-17/01 արձանագրությունն անվավեր ճանաչելու, որպես հետևանք՝ հարկադիր կատարող Գ. Արզումանյանի 09.06.2017 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթած մասնակից Իգոր Խուդաբաշևի միջև 14.06.2017 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արա Բաղդասարյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևան քաղաքի, Արցախի 143/1 հասցեի անշարժ գույքը Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարող Գայանե Արզումանյանի 15.12.2016 թվականի արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը, Երևան քաղաքի Արցախի 143/1 հասցեի անշարժ գույքի 09.06.2017 թվականի էլեկտրոնային աճուրդը, հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին 09.06.2017 թվականի թիվ q00160283-17/01 արձանագրությունը, որպես հետևանք՝ հարկադիր կատարող Գ. Արզումանյանի 09.06.2017 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթած մասնակից Իգոր Խուդաբաշևի միջև 14.06.2017 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 20.07.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.05.2021 թվականի որոշմամբ Արա Բաղդասարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ամբողջությամբ մերժվել է, և Դատարանի 20.07.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արա Բաղդասարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (ներկայացուցիչ Ժ. Մկրտչյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 3.1-րդ, 14-րդ, 41-րդ, 43-րդ, 44-րդ, 50-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ, 202-րդ, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, 1998 թվականի խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 30-րդ, 35.1-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ, 146-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հարկադիր կատարողի կողմից տրված լոտի նկարագրությունը չի համապատասխանում իրացվող գույքի փաստացի, իրական վիճակին, հարկադիր կատարողն աճուրդից թաքցրել է առանձնապես խոշոր արժեքի գույք, նա պարտավոր էր աճուրդի մասին հայտարարության մեջ ներկայացնել իրացվող լոտի իրական վիճակը, տվյալ դեպքում՝ վաճառվող գույքի տարածքում գտնվող ինքնակամ շինությունները, որը չի արել, իսկ եթե ինքնակամ շինությունները գույքագրելու ընթացքում պահանջվում էին հատուկ գիտելիքներ, ապա հարկադիր կատարողը պետք է կատարողական վարույթին ներգրավեր փորձագետ, ինքնակամ շինությունները գույքագրելու և աճուրդի հայտարարության մեջ ներկայացնելու, ինչի փոխարեն բոլոր ինքնակամ շինությունները թաքցվել են:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ աճուրդի առարկա շինությունը 78քմ է, սակայն, իրականում նշված տարածքում առկա են թվով 7 բավական մեծ մակերեսներով շինություններ՝ միասին մոտ 2000քմ, որոնց շուկայական արժեքը կազմում է մոտավորապես 100.000.000 ՀՀ դրամ, լոտի նկարագրությունը չի համապատասխանում իրականությանը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ աճուրդի դրված անշարժ գույքի իրացումից հետո գրավի իրավունքը չէր պահպանվելու, այսինքն՝ ծանուցումը պարունակում է կատարողական վարույթի փաստերին չհամապատասխանող տեղեկություն վաճառվող գույքի իրավական և նյութական կարգավիճակի մասին, որ լոտը գրավի առարկա է, իսկ այդ գրավով ապահոված պարտավորությունը կազմում էր մոտ 20 միլիոն ՀՀ դրամ, լոտի նկարագրությունը չի համապատասխանում կատարողական վարույթում առկա փաստերին:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ հարկադիր կատարողը պարտավոր էր կասեցնել թիվ ԵԱԴԴ/0812/02/13 դատական գործի շրջանակում իրականացվող կատարողական վարույթը, մինչև թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտ կայացնելը (07.04.2017 թվականը), ինչը չի արել:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Ֆաստ կրեդիտ կապիտալ» վարկային կազմակերպության 20.01.2016 թվականի գրությունն ստանալուց հետո հարկադիր կատարողը պարտավոր էր հետաձգել կատարողական վարույթը՝ մինչև կազմակերպության կողմից կատարողական թերթեր ներկայացնելը (29.05.2017 թվականը), որը նույնպես չի արել:
Վերաքննիչ դատարանը դատական ակտը պատճառաբանել է առանց օրենքների պահանջների պահպանման, որևէ կերպ չի անդրադարձել վերաքննիչ բողոքի այն հիմքին, թե ինչու է աճուրդով իրացվող լոտի վրա դրվել 20 միլիոն ՀՀ դրամի պարտավորություն և գրավի կարգավիճակ, այն պարագայում, երբ գրավառուն 20.01.2016 թվականի գրությամբ պահանջել է գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում, Վերաքննիչ դատարանի դատական ակտը չի պատճառաբանվել վերաքննիչ բողոքի հիմնավորումներից մեկի մասով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրենքի պահանջների խախտումներով կայացած աճուրդն ուղղակիորեն առնչվել է հայցվորի իրավունքներին և օրինական շահերին, եթե չլինեին խախտումները և աճուրդն իրականացված լիներ օրենքների պահանջների պահպանմամբ, ապա թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործով ուժի մեջ մտած վճիռն ի կատար կածվեր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.05.2021 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 43-րդ հոդվածը վերաբերում է մեկ կատարողական վարույթով ձեռնարկվելիք կատարողական գործողությունների հերթականությանը, նշված հոդվածը սույն գործի շրջանակներում կիրառելի չէ:
Ինչ վերաբերում է աճուրդի ներկայացված լոտի նկարագրին, ապա նկարագրով հայցվորի ոչ մի իրավունք չի ոտնահարվել, լոտի նկարագրի հետ կապված պահանջ կարող է ներկայացնել գույքի գնորդը, ում անհրաժեշտ է նկարագիրը` գույքը գնելու համար:
Կատարողական գործողությունների ընթացքում գույքի գնահատումն իրականացվում է անկախ փորձագետի կողմից, որի ընտրության կարգն ու պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը, փորձագետը ոչ մի շահագրգռվածություն չունի անշարժ գույքը թանկ կամ էժան գնահատելու հարցում, արգելադրված գույքը գնահատվում է սեփականության իրավունքի վկայականի տվյալներով:
Միաժամանակ ք. Երևան, Էրեբունի համայնք, Արցախի փողոց, 143/1 հասցեում գտնվող անշարժ գույքի իրացումից ստացված գումարն ուղղվել է թիվ ԵԷԴ/1006/02/14 կատարողական թերթով Սպարտակ Թամրազյանի պահանջատեր «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ին, որն օգտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքից, գույքի իրացումից ստացված գումարն էլ առաջին հերթին ուղղվել է պարտապանի գույքի գրավով ապահովված պահանջները բավարարելուն, երկրորդ հերթին էլ բավարարվել են դատական և կատարողական ծախսերը:
Հարկադիր կատարողը գործել է բացառապես օրենքի շրջանակներում և կատարողական թերթի հիման վրա, իսկ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են:
4. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1․ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիայի ստորաբաժանման 25.09.2014 թվականի թիվ ԿԽ-3/90 գրությամբ Ծառայությանը հայտնվել է, որ ք. Երևան, Արցախի 143/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 06.11.2012 թվականին գրանցվել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ի գրավի իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 104).
2․ ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.09.2014 թվականին հայցի ապահովման միջոց կիրառելու որոշման հիմքով 29․09․2014 թվականին կատարման ներկայացված թիվ ԵԷԴ/0985/02/14 կատարողական թերթի համաձայն՝ որպես Արա Բաղդասարյանի հայցի ապահովման միջոց 36.000.000 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել Սպարտակ Թամրազյանին պատկանող գույքի կամ դրամական միջոցների, տնտեսական ընկերության ու կոոպերատիվի բաժնեմասի վրա՝ մինչև նույն քաղաքացիական գործի ըստ էության քննության ավարտը (հատոր 1-ին, գ.թ. 57)․
2.1․ Թիվ ԵԷԴ/0985/02/14 կատարողական թերթի հիման վրա Ծառայության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն բաժնի պետի տեղակալ Վ․ Ղազարյանի կողմից 02.10.2014 թվականին հարուցվել է թիվ 01/01-6484/14 կատարողական վարույթը, որի համաձայն՝ պահանջատեր հանդիսանում է Արա Խաչիկի Բաղդասարյանը, պարտապան՝ Արմենուհի Սպարտակի Թամրազյանը (կատարողական վարույթով պարտապան Արմենուհի Թամրազյանը հանդիսանում է ժառանգ) և արգելանքներ են դրվել պարտապանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա (հատոր 1-ին, գ․թ․ 58)․
2.2․ Թիվ ԵԷԴ/0985/02/14 կատարողական թերթի հիման վրա հարուցված թիվ 01/01-6484/14 կատարողական վարույթը 26․02․2015 թվականին ավարտվել է՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով (հատոր 1-ին, գ․թ․ 72)․
2.3․ Թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործով 07.04.2017 թվականին օրինական ուժ ստացած 27.11.2015 թվականի դատարանի վճռով Արա Բաղդասարյանի հայցը բավարարվել է մասնակիորեն՝ պատասխանողներ Նարինե Սերյոժայի Հակոբյանից, Արմենուհի Սպարտակի Թամրազյանին, Հռիփսիմե Սպարտակի Թամրազյանին, Տաթևիկ Սպարտակի Թամրազյանին հասանելիք ժառանգության զանգվածից հօգուտ հայցվոր Արա Խաչիկի Բաղդասարյանի վճռվել է բռնագանձել 36.000.000 ՀՀ դրամ փոխառության գումար և 36.000.000 ՀՀ դրամ փոխառության գումարին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հաշվարկվելիք տոկոսների գումարը՝ սկսած 26․04․2011 թվականից մինչև պարտավորության կատարման օրը (հատոր 2-րդ, գ.թ. 4-21)․
3. ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 23․07․2013 թվականին տրված թիվ ԵԱԴԴ/0812/02/13 կատարողական թերթի համաձայն պետք է հայցագնի՝ 13․000․000 ՀՀ դրամի և 4․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք դնել սեփականության իրավունքով Սպարտակ Թամրազյանին և Նարինե Հակոբյանին պատկանող դրամական միջոցների կամ գույքի վրա (հիմք՝ 05․09․2014 թվականի «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» որոշում, հատոր 1-ին, գ.թ. 96)․
3.1․ Թիվ ԵԱԴԴ/0812/02/13 կատարողական թերթի հիման վրա 06․08․2013 թվականին հարուցվել է թիվ 01/06-4188/13 կատարողական վարույթը։ Կատարողական գործողությունների ընթացքում պարտապանը և նրան պատկանող գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել, ուստի վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Կատարողական վարույթը 26․08․2013 թվականին ավարտվել է (հիմք՝ 05․09․2014 թվականի «Կատարողական վարույթը վերսկսելու մասին» որոշում, հատոր 1-ին, գ.թ. 96)․
3.2․ ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14․02․2014 թվականի թիվ ԵԱԴԴ/0812/02/13 վճռի համաձայն՝ քաղաքացիական գործը կարճվել է և հաստատվել է կողմերի (Նշան Գալստյանի և Սպարտակ Թամրազյանի իրավահաջորդներ՝ Նարինե Սերյոժայի Հակոբյանի, Տաթևիկ Սպարտակի Թամրազյանի, Հռիփսիմե Սպարտակի Թամրազյանի, Արմենուհի Սպարտակի Թամրազյանի) միջև կնքված հաշտության համաձայնությունը․ 12.08.2014 թվականին դատարանի կողմից տրվել է թիվ ԵԱԴԴ/0812/02/13 կատարողական թերթը, որը 02․09․2014 թվականին ներկայացվել է կատարման (հատոր 1-ին, գ.թ. 82-85)․
3.3․ Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարող Գայանե Արզումանյանը, ուսումնասիրելով 26․08․2013 թվականին ավարտված թիվ 01/06-4189/13 կատարողական վարույթի նյութերը, 05․09․2014 թվականի որոշմամբ որոշել է վերսկսել 26․08․2013 թվականին ավարտած թիվ 01/06-4189/13 կատարողական վարույթը, որին տվել է թիվ 01/06-4706/14 նոր համարը (հատոր 1-ին, գ.թ. 112-113).
3.4․ Ծառայության Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարող Գայանե Արզումանյանի 29.10.2014 թվականի «Կատարողական վարույթը հետաձգելու մասին» որոշմամբ հետաձգվել է 05.09.2014 թվականին վերսկսված թիվ 01/06-4706/14 կատարողական վարույթը` մինչև կատարողական գործողությունների իրականացումն արգելակող հանգամանքների վերանալը (հատոր 1-ին, գ.թ. 112-113).
4․ 20.01.2016 թվականին Ծառայությունում ստացվել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գրությունը, համաձայն որի՝ վերջինս օգտվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածով սահմանված՝ որպես գրավառու իր իրավունքից և պահանջ է ներկայացրել դատարան (հիմք՝ 11․10․2016 թվականի «Փորձագետ նշանակելու մասին» որոշում, հատոր 1-ին, գ․թ․ 117-118)․
5․ 07․07․2015 թվականին ՀՀ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԷԴ/1006/02/14 վճռով հաստատել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ի և «Վի Ար Ագրո» ՍՊԸ-ի, Սպարտակ Անդրանիկի Թամրազյանի իրավահաջորդներ՝ Նարինե Սերյոժայի Հակոբյանի, Տաթևիկ Սպարտակի Թամրազյանի, Հռիփսիմե Սպարտակի Թամրազյանի, Արմենուհի Սպարտակի Թամրազյանի միջև կքնված հաշտության համաձայնությունը, որով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով 03.03.2017 թվականին տրվել է թիվ ԵԷԴ/1006/02/14 կատարողական թերթը (հատոր 1-ին, գ․թ․ 127-131),
6. 06․10․2016 թվականին Ծառայություն է մուտքագրվել Նշան Գալստյանի իրավահաջորդ Արմինե Մայիլյանի դիմումը՝ կատարողական վարույթը վերսկսելու վերաբերյալ (հիմք՝ 11․10․2016 թվականի «Փորձագետ նշանակելու մասին» որոշում, հատոր 1-ին, գ․թ․ 117-118)․
7․ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից 11.10.2016 թվականին թիվ 00160284 և 00160283 կատարողական վարույթներով կայացվել է «Փորձագետ նշանակելու մասին» որոշում (հատոր 1-ին, գ․թ․ 117-118)․
8․ 30.11.2016 թվականին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն մուտքագրված Փորձագիտական եզրակացության համաձայն՝ ք. Երևան, Արցախի փողոց, 143/1 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը 22.11.2016 թվականի դրությամբ գնահատվել է 62.200.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ․թ․ 117, 119-120, 145)․
9․ Թիվ ԵԱԴԴ/0812/02/13 կատարողական վարույթի շրջանակներում հարկադիր կատարողի կողմից 15.12.2016 թվականին որոշում է կայացվել «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին»՝ արգելադրված գույքի՝ ք. Երևան, Արցախի փողոց, 143/1 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի՝ 46.650.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով (հատոր 1-ին, գ.թ. 146-148).
10. Հարկադիր կատարողի կողմից 09.06.2017 թվականին կազմված արձանագրության համաձայն՝ ք. Երևան, Էրեբունի համայնք, Արցախի փողոց, 143/1 հասցեում գտնվող անշարժ գույքը վաճառվել է 22.412.550,4 ՀՀ դրամով: Գնորդի հետ 14.06.2017 թվականին նոտարական վավերացմամբ կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր (հատոր 1-ին, գ․թ․ 124, 149-150)։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ պայմանավորված Վերաքննիչ դատարանի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի և 69-րդ հոդվածի 3-րդ մասի սխալ կիրառման հետևանքով արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ թույլ տալու հանգամանքով, որը, սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
– արդյո՞ք պարտապանի գույքի նկատմամբ կարող է բռնագանձում տարածվել այն դեպքում, եթե մինչև կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրը նույն պարտապանի գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց,
– արդյո՞ք նույն պարտապանի նկատմամբ մեկից ավելի կատարողական վարույթների առկայության դեպքում դրանք պետք է գտնվեն տարբեր հարկադիր կատարողների մոտ, թե՝ ոչ։
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության դատարանների (...) դատական ակտերի (...) հարկադիր կատարումն ապահովելու պայմանները և կարգը (...):
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է և կատարողական մակագրության թերթը, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը:
Նույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը կայացնում է որոշում:
Նույն օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 32-րդ հոդվածի 3-4-րդ մասերի համաձայն՝ կատարողական վարույթը կարող է փոխանցվել`
1) մեկ հարկադիր կատարողից մյուսին` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի կամ բաժանմունքի պետի կողմից.
2) հարկադիր կատարման ծառայության մեկ մարզային բաժնից (բաժանմունքից) մյուս մարզային բաժին (բաժանմունք)` գլխավոր հարկադիր կատարողի կողմից:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն պարտապանի նկատմամբ մեկից ավելի կատարողական վարույթները կենտրոնացվում են նույն հարկադիր կատարողի մոտ:
Նույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, սահմանափակում կիրառելը, այն առգրավելը և հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք): Սահմանափակումը կիրառվում է պարտապանի շարժական գույքի նկատմամբ:
Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ՝ կատարման ծախսերը: Կատարողական թերթով բռնագանձումն առաջին հերթին տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա:
Եթե պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար չկան անհրաժեշտ դրամական միջոցներ, ապա բռնագանձումը տարածվում է պարտապանին պատկանող այլ գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի թույլատրվում բռնագանձում տարածել:
Նույն օրենքի 50-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պարտապանի գույքի գրավով չապահովված պահանջները բավարարելու համար պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն պարտապանի այլ գույքի բացակայության դեպքում:
Նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում հարկադիր կատարողը ծանուցում է գրավառուին դատարանի վճռի, կատարողական թերթի կամ անբողոքարկելի վարչական ակտի, գրավադրված գույքի վրա արգելանք դնելու որոշման և գրավատուի չմարված պարտավորությունների չափի մասին:
Գրավ դրված գույքի վրա արգելանք դնելը արգելք չէ գրավի առարկան գրավառուի կողմից բռնագանձվելու և իրացվելու համար: Պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն իրավունք ունի պահանջելու գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում: Դատական կարգով պարտավորության վաղաժամկետ կատարման մասին պահանջը սահմանված կարգով բավարարվելու դեպքում գրավառուի` այդ գույքի արժեքից պահանջը բավարարվում է առաջնահերթ: Արտադատական կարգով վաղաժամկետ կատարման կամ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջ (բռնագանձման ծանուցում) ներկայացված լինելու կամ ներկայացվելու դեպքում գրավառուի` այդ գույքի արժեքից պահանջը ևս բավարարվում է առաջնահերթ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում, վերջինիս դեպքում գրավառուն իրավասու է ինքնուրույն և իր հայեցողությամբ բռնագանձում տարածելու այդ գույքի վրա և իրացնելու այն, այդ թվում՝ երրորդ անձին ի սեփականություն հանձնելու` պարտավորության նկատմամբ առաջացած դրական մնացորդի նկատմամբ ապահովելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը: Գրավի առարկայի իրացման և գրավով ապահովված պարտավորությունների բավարարումից հետո մնացած գումարի վրա բռնագանձում է տարածվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 243.1 հոդվածով սահմանված կարգով:
2. Եթե պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն չի պահանջում գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում, և այդ գույքի վրա բռնագանձում չի տարածում, ապա գույքի հարկադիր աճուրդից հետո գույքը համարվում է նոր սեփականատիրոջ կողմից գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր աճուրդով իրացումը:
3. Նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գրավի իրացման նախընտրելի եղանակի մասին գրավառուն պարտավոր է հարկադիր կատարողին տեղեկացնել հարկադիր կատարողի՝ նույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ծանուցումն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: Եթե նշված մեկամսյա ժամկետում գրավառուն հարկադիր կատարողին չի տեղեկացնում գրավի առարկայի՝ իր կողմից բռնագանձման նախընտրելի տարբերակի մասին, ապա գործընթացը շարունակվում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով։»։
Նույն օրենքի 69-րդ հոդվածի համաձայն՝ «1. Պարտապանի գույքի իրացումից ստացված գումարի բաշխումը պահանջատերերի միջև կատարում է հարկադիր կատարողը:
2. Պարտապանից բռնագանձված, այդ թվում՝ պարտապանի գույքի իրացումից, ինչպես նաև բռնագրավման ենթակա գույքի արժեքից ստացված գումարները մեկից ավելի պահանջատերերի դեպքում բաշխվում են հետևյալ հերթականությամբ.
- առաջին հերթին բավարարվում են պարտապանի գույքի գրավով ապահովված պահանջները,
- երկրորդ հերթին բավարարվում են դատական և կատարողական ծախսերը,
- երրորդ հերթին վճարվում է հարկադիր կատարման ընթացքում պարտապանի նկատմամբ կիրառված տուգանքի գումարը,
- չորրորդ հերթին բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման, ինչպես նաև հանցագործության կատարմամբ պատճառված վնասը հատուցելու պարտավորություններով պահանջները,
- հինգերորդ հերթին բավարարվում են աշխատանքային և հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումների և դրանց բավարարումից առաջացող պարտադիր սոցիալական վճարումների պահանջները,
- վեցերորդ հերթին բավարարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ, ինչպես նաև պարտադիր պետական սոցիալական ապահովության վճարումներով պայմանավորված պարտավորությունները,
- յոթերորդ հերթին բավարարվում են մնացած պահանջատերերի պահանջները՝ ըստ կատարողական թերթի ներկայացման հերթականության, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո:
Միևնույն հերթի պահանջատերերի կողմից նույն օրը ներկայացված կատարողական թերթերի պահանջները բավարարվում են բավարարման ենթակա գումարներին համամասնորեն:
3. Եթե պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին կատարողական թերթ ներկայացնելիս պարզվել է, որ մինչև կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրը նույն պարտապանի գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, ապա բռնագանձումը կարող է տարածվել պարտապանի միայն այն գույքի վրա, որի նկատմամբ հայցի ապահովում չի կիրառվել: Հայցի ապահովման միջոց կիրառված գույքի նկատմամբ բռնագանձում կարող է տարածվել, եթե դատարանը հայցը թողել է առանց քննության կամ մերժել է: Եթե հայցի ապահովման միջոց կիրառված պահանջով հայցը բավարարվել է, և կողմը ներկայացրել է համապատասխան կատարողական թերթ, ապա պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելիս առաջին հերթին բավարարվում են հայցի ապահովման միջոց կիրառած պահանջատիրոջ պահանջները, եթե պահանջատերերը հանդես են գալիս որպես միևնույն հերթի պահանջատերեր:
4. Պահանջատերերի բոլոր պահանջները բավարարելուց և կատարողական ծախսերը գանձելուց հետո մնացած գումարը վերադարձվում է պարտապանին»։
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 2-րդ հոդվածում սահմանված է «լոտ» հասկացությունը, որն աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույք կամ իրավունք է, որն ունի համապատասխան նկարագրություն, նույն օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում` նաև մեկնարկային գին:
Նույն օրենքի 35.1-ին հոդվածը վերաբերում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի հասկացությանը և կազմակերպմանը, իսկ 35.2-րդ հոդվածը՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքին: Նույն օրենքի 35.3-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ նույն օրենքի 35.1-րդ և 35.2-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր:
Վերոնշյալ իրավակարգավորումների վերլուծությունից հետևում է, որ hարկադիր կատարման միջոցների կիրառման հիմք է նաև օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթը, որի պահանջների կատարման համար հարկադիր կատարողի կողմից պարտապանի գույքի նկատմամբ կարող է իրականացվել բռնագանձում։
Պարտապանի՝ կատարողական վարույթի շրջանակներում բռնագանձման ենթակա գույքը երբեմն կարող է ծանրաբեռնված լինել գրավի իրավունքով: Հարկ է նշել, որ գրավի առարկայի նկատմամբ բռնագանձում կատարելուն վերաբերող իրավական դրույթները կոչված են ապահովելու գրավառուի` գրավով ապահովված պահանջների կատարումը և երաշխավորելու վերջինիս գույքի արժեքից գրավով ապահովված պահանջի բավարարում ստանալու նախապատվության իրավունքը։ Հատկանշական է, որ գրավով ապահովված պարտավորության վերաբերյալ կատարողական թերթի կատարման նպատակով բռնագանձումը տարածվում է միայն գրավի առարկայի վրա, բացառությամբ, եթե կատարողական թերթը պարունակում է նշում՝ պարտապանի այլ գույքի վրա բռնագանձում տարածելու հնարավորության մասին։ Ընդ որում, պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն իրավունք ունի պահանջելու գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում, որը կարող է իրականացվել և՛ դատական, և՛ արտադատական կարգով՝ գրավառուի՝ գրավադրված գույքի արժեքից պահանջի բավարարման առաջնահերթության սկզբունքով: Ընդ որում, արտադատական կարգով գրավադրված գույքի բռնագանձման դեպքում գրավառուն իրավասու է ինքնուրույն և իր հայեցողությամբ բռնագանձում տարածելու այդ գույքի վրա և իրացնելու այն, այդ թվում՝ երրորդ անձին ի սեփականություն հանձնելու` պարտավորության նկատմամբ առաջացած դրական մնացորդի նկատմամբ ապահովելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը:
Հատկանշական է, որ պարտապանի գույքի գրավով չապահովված պահանջները բավարարելու համար պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն պարտապանի այլ գույքի բացակայության դեպքում: Ընդ որում, գրավի առարկան գրավառուի կողմից բռնագանձվելու և իրացվելու համար արգելք չէ նաև գրավադրված գույքի՝ արգելանքի տակ գտնվելու փաստը:
Այսինքն՝ երրորդ անձանց պահանջներով կիրառված արգելանքները չեն կարող խոչընդոտել գրավառուին՝ բռնագանձում տարածելու գրավի առարկայի վրա։ Ստացվում է, երբ գրավառուն օգտվում է իր իրավունքից՝ գրավի առարկայի իրացման տեսքով, գրավի առարկայի նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները դադարում են օրենքի ուժով, ըստ այդմ՝ գույքն անցնում է նոր սեփականատիրոջն առանց սահմանափակումների: Իսկ եթե պարտապանի գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու դեպքում գրավառուն չի պահանջում գրավով ապահովված պարտավորության վաղաժամկետ կատարում, և այդ գույքի վրա բռնագանձում չի տարածում, ապա գույքի հարկադիր աճուրդից հետո գույքը համարվում է նոր սեփականատիրոջ կողմից գրավ դրված գրավառուի մոտ նույն պայմաններով, ինչ առկա էին մինչև գույքի հարկադիր աճուրդով իրացումը:
Ավելին, պարտապանից բռնագանձված, այդ թվում՝ պարտապանի գույքի իրացումից, ինչպես նաև բռնագրավման ենթակա գույքի արժեքից ստացված գումարները մեկից ավելի պահանջատերերի դեպքում բաշխվում են սահմանված հերթականությամբ։ Առաջին հերթին բավարարվում են պարտապանի գույքի գրավով ապահովված պահանջները, իսկ յոթերորդ հերթին՝ մնացած պահանջատերերի պահանջները՝ ըստ կատարողական թերթի ներկայացման հերթականության, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Այն դեպքում, երբ մինչև պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին կատարողական թերթ ներկայացնելու օրը պարտապանի գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, ապա բռնագանձումը կարող է տարածվել պարտապանի միայն այն գույքի վրա, որի նկատմամբ հայցի ապահովում չի կիրառվել:
Նման իրավակարգավորումը, ըստ էության, կոչված է ընդգծելու հայցի ապահովման ինստիտուտի կարևորությունը և ապահովելու այն դատական գործով կայացված վերջնական ակտի կատարումը, որի շրջանակներում պարտապանի գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար և չի ապահովվում շահագրգիռ անձի պահանջների բավարարումը՝ ի կատարումն որի կիրառվել է հայցի ապահովման միջոց։
Միաժամանակ, նշված կանոնից սահմանված է երկու բացառություն, մասնավորապես՝ այն դեպքերում, երբ դատարանը հայցը թողել է առանց քննության կամ այն մերժել է: Իսկ այն դեպքում, երբ հայցի ապահովման միջոց կիրառված պահանջով հայցը բավարարվել է, և կողմը ներկայացրել է համապատասխան կատարողական թերթ, ապա պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելիս առաջին հերթին բավարարվում են հայցի ապահովման միջոց կիրառած պահանջատիրոջ պահանջները, եթե պահանջատերերը հանդես են գալիս որպես միևնույն հերթի պահանջատերեր:
Միաժամանակ, անդրադառնալով երկրորդ հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը վկայակոչված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի և նույն օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները տվյալ դեպքում պետք է մեկնաբանել համակարգային փոխկապակցվածության մեջ, քանի որ նույն պարտապանի նկատմամբ մեկից ավելի կատարողական վարույթները տարբեր հարկադիր կատարողների մոտ բաշխվելու դեպքում առկա է միմյանց հակասող կատարողական գործողությունների իրականացման ռիսկ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկադիր կատարողը, չտիրապետելով մեկ այլ վարույթով արդեն իսկ իրականացված գործողություններին, կարող է ձեռնարկել միջոցներ, որոնք կհանգեցնեն օրենքի պահանջների և կատարողական վարույթի կողմերի իրավունքների խախտման։ Այլ կերպ ասած՝ հնարավոր է առաջանան իրավիճակներ, երբ նույն պարտապանի նկատմամբ մի հարկադիր կատարողի կողմից հարուցված վարույթով իրականացվեն այնպիսի կատարողական գործողություններ, որոնք ենթակա էին կասեցման կամ հետաձգման՝ պայմանավորված մեկ այլ հարկադիր կատարողի վարույթում գտնվող նույն պարտապանի նկատմամբ արդեն իսկ իրականացված կատարողական գործողություններով, սակայն, չտիրապետելով արդեն իսկ այլ վարույթով իրականացված գործողություններին, չեն կասեցվում կամ հետաձգվում՝ թույլ տալով օրենքով սահմանված պահանջների խախտում, կամ կատարվեն այնպիսի կատարողական գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են մեկ այլ հարկադիր կատարողի կողմից։
Մասնավորապես, հնարավոր է ստացվի մի իրավիճակ, երբ ներկայացվել է պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին կատարողական թերթ, որի հիմքով մի հարկադիր կատարողի մոտ հարուցվի կատարողական վարույթ և բռնագանձում տարածվի պարտապանի այն գույքի վրա, որի նկատմամբ մինչև կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրը կիրառվել է հայցի ապահովման միջոց և մեկ այլ հարկադիր կատարողի կողմից դրա հիմքով հարուցվել է կատարողական վարույթ։ Այսինքն, հնարավոր է, որ տարբեր հարկադիր կատարողների կողմից հարուցված կատարողական վարույթներով բռնագանձում տարածվի նույն պարտապանին պատկանող հայցի ապահովման միջոց կիրառված գույքի նկատմամբ, ինչն անթույլատրելի է և հակասում է վերոհիշյալ իրավանորմի պահանջներին, քանի որ հայցի ապահովման միջոց կիրառված գույքի նկատմամբ բռնագանձում կարող է տարածվել միայն այն դեպքում, եթե դատարանը հայցը թողել է առանց քննության կամ մերժել է, իսկ եթե հայցի ապահովման միջոց կիրառված պահանջով հայցը բավարարվել է, և կողմը ներկայացրել է համապատասխան կատարողական թերթ, ապա պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելիս առաջին հերթին բավարարվում են հայցի ապահովման միջոց կիրառած պահանջատիրոջ պահանջները, եթե պահանջատերերը հանդես են գալիս որպես միևնույն հերթի պահանջատերեր: Մնացած բոլոր դեպքերում, եթե առկա չեն նշված հանգամանքները, ապա հայցի ապահովման միջոց կիրառված գույքի նկատմամբ բռնագանձում չի կարող տարածվել։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նույն պարտապանի նկատմամբ հարուցված կատարողական վարույթները տարբեր հարկադիր կատարողների մոտ բաշխված լինելու պարագայում մեծ է համանման իրավիճակներ առաջանալու ռիսկը, որը կհանգեցնի կատարողական վարույթի կողմերի իրավունքների խախտման։ Ուստի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջի անտեսումը, այն է՝ նույն պարտապանի նկատմամբ մեկից ավելի կատարողական վարույթները չկենտրոնացնելը նույն հարկադիր կատարողի մոտ, ինքնին կարող է հանգեցնել օրենքով սահմանված այլ իրավանորմերի պահանջների խախտման՝ խաթարելով հարկադիր կատարման կառուցակարգի էությունը, ինչպիսին է քննարկվող հիմնախնդիրը՝ մինչև կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրը հայցի ապահովում կիրառած գույքի նկատմամբ մեկ այլ վարույթով բռնագանձում տարածելը, երբ առկա չեն օրենքով սահմանված՝ հայցն առանց քննության թողնելու, հայցը մերժելու կամ բավարարելու դեպքերը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Արա Բաղդասարյանի հայցի հիման վրա, որով վերջինս խնդրել է անվավեր ճանաչել Երևան քաղաքի Արցախի 143/1 հասցեի անշարժ գույքը Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարող Գայանե Արզումանյանի 15.12.2016 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը, Երևան քաղաքի Արցախի 143/1 հասցեի անշարժ գույքի 09.06.2017 թվականի էլեկտրոնային աճուրդը, հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին 09.06.2017 թվականի թիվ q00160283-17/01 արձանագրությունը, որպես հետևանք՝ հարկադիր կատարող Գ.Արզումանյանի 09.06.2017 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթած մասնակից Իգոր Խուդաբաշևի միջև 14.06.2017 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը։
Դատարանը մերժել է Արա Բաղդասարյանի հայցը` վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ հայցվորի կողմից նշված ինքնակամ կառույցներն աճուրդի չեն դրվել, դրանք, ըստ էության, հանդիսանալով ինքնակամ կառույցներ, չէին կարող ներգրավվել աճուրդի դրվող լոտում, դրանք կարող են իրացվել միայն դրանց նկատմամբ սահմանված կարգով իրավունքների ճանաչման դեպքում: Տվյալ դեպքում գույքի իրացումից ստացված գումարն առաջին հերթին ուղղվել է պարտապանի գույքի գրավով ապահովված պահանջները բավարարելուն (տվյալ դեպքում «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲ ընկերությանը), երկրորդ հերթին բավարարվել են դատական և կատարողական ծախսերը: Արդյունքում Դատարանը եզրահանգել է, որ Ծառայության կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդն իրականացվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքների, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» պահանջների պահպանմամբ, հարկադիր կատարողը գործել է բացառապես օրենքի շրջանակներում և կատարողական թերթի հիման վրա:
Վերաքննիչ դատարանը մերժել է Արա Բաղդասարյանի կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը և Դատարանի 20.07.2020 թվականի վճիռը թողել է անփոփոխ` մասնավորապես պատճառաբանելով, որ 02.10.2014 թվականին հարուցված թիվ 01/01-6484/14 կատարողական վարույթի ավարտված լինելու պարագայում նշյալ վարույթով պարտապան ճանաչված անձի գույքի նկատմամբ բռնագանձումը որևէ կերպ չէր կարող առնչվել նույն ավարտված վարույթով պարտատեր ճանաչված Արա Բաղդասարյանի օրինական շահերին և իրավունքներին: Միաժամանակ արձանագրվել է, որ հայցվորին առնչվող կատարողական վարույթն ավարտվել է 26.02.2015 թվականին, իսկ կատարողական վարույթի վերսկսման որոշումը կայացվել է 2017 թվականի մայիսին: Տվյալ պարագայում հայցվորին վերաբերող կատարողական վարույթը չէր կարող փոխանցվել հարկադիր կատարող Գ. Արզումանյանին և նույն պարտապանի նկատմամբ մեկից ավելի կատարողական վարույթները չէին կարող կենտրոնանալ նույն հարկադիր կատարողի մոտ։ Բացի այդ, հայցվորին վերաբերող թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործով հայցի ապահովման միջոցը կիրառվել է 23.09.2014 թվականին, կատարողական թերթը հայցվորի կողմից ներկայացվել է Ծառայություն 29.09.2014 թվականին, կատարողական վարույթը հարուցվել՝ 02.10.2014 թվականին, սակայն թիվ ԵԱԴԴ/0812/02/13 քաղաքացիական գործով կատարողական վարույթը, որի շրջանակներում էլ հարկադիր էլեկտրոնային աճուրդի է դրվել Երևան քաղաքի, Արցախի 143/1 հասցեում գտնվող անշարժ գույքը, վերսկսվել է ավելի վաղ՝ 05.09.2014 թվականին այն պարագայում, երբ նույն վարույթը հարուցվել էր դեռևս 26.08.2013 թվականին: Հետևաբար «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի իրավանորմը սույն գործով կիրառելի չէ։
Անդրադառնալով հարկադիր կատարողի կողմից վիճելի հասցեում առկա ինքնակամ շինությունները գնահատման չներկայացնելու հանգամանքին՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի նկարագրում այս կամ այն տվյալի բացակայությունը չի կարող խախտել բողոքաբերի իրավունքները, քանի որ նշյալ կատարողական վարույթը որևէ կերպ չի առնչվում վերջինիս իրավունքներին և օրինական շահերին։
Ելնելով վերը շարադրված վերլուծություններից, համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 23.09.2014 թվականին կիրառված հայցի ապահովման միջոցի հիման վրա տրված և 29.09.2014 թվականին կատարման ներկայացված թիվ ԵԷԴ/0985/02/14 կատարողական թերթի համաձայն՝ որպես Արա Բաղդասարյանի հայցի ապահովման միջոց 36.000.000 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել Սպարտակ Թամրազյանին պատկանող գույքի կամ դրամական միջոցների, տնտեսական ընկերության ու կոոպերատիվի բաժնեմասի վրա՝ մինչև նույն քաղաքացիական գործի ըստ էության քննության ավարտը: Վերոհիշյալ կատարողական թերթի հիման վրա Ծառայության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն բաժնի պետի տեղակալ Վ. Ղազարյանի կողմից 02.10.2014 թվականին հարուցվել է թիվ 01/01-6484/14 կատարողական վարույթը, որի ընթացքում արգելանք է դրվել նաև Սպարտակ Թամրազյանին պատկանող ք.Երևան, Արցախի փող. 143/1 հասցեի վրա։ Արդյունքում, հայցի ապահովման վերաբերյալ կատարողական թերթի պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողություններն ավարտելու հիմքով կատարողական վարույթն ավարտվել է։
Միաժամանակ, ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/0812/02/13 քաղաքացիական գործով վճռի համաձայն՝ քաղաքացիական գործը կարճվել է և հաստատվել է կողմերի (Նշան Գալստյանի և Սպարտակ Թամրազյանի իրավահաջորդներ՝ Նարինե Սերյոժայի Հակոբյանի, Տաթևիկ Սպարտակի Թամրազյանի, Հռիփսիմե Սպարտակի Թամրազյանի, Արմենուհի Սպարտակի Թամրազյանի) միջև կնքված հաշտության համաձայնությունը:
12.08.2014 թվականին դատարանի կողմից տրվել է թիվ ԵԱԴԴ/0812/02/13 կատարողական թերթը, որը հարկադիր կատարման է ներկայացվել 02.09.2014 թվականին։ Հիշյալ կատարողական թերթով պարտապան են հանդիսանում Սպարտակ Թամրազյանի իրավահաջորդներ Նարինե Սերյոժայի Հակոբյանը, Տաթևիկ Սպարտակի Թամրազյանը, Հռիփսիմե Սպարտակի Թամրազյանը, Արմենուհի Սպարտակի Թամրազյանը։
Նշված կատարողական թերթի հիմքով մեկ այլ հարկադիր կատարողի՝ Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարող Գայանե Արզումանյանի կողմից 05.09.2014 թվականին վերսկսվել է դեռևս 26.08.2013 թվականին ավարտված թիվ 01/06-4189/13 կատարողական վարույթը՝ որպես թիվ 01/06-4706/14 կատարողական վարույթ։ 05.09.2014 թվականին Տաթևիկ, Հռիփսիմե և Արմենուհի Թամրազյանները ճանաչվել են Սպարտակ Թամրազյանի իրավահաջորդներ: 05.09.2014 թվականին վերսկսված թիվ 01/06-4706/14 կատարողական վարույթը հետաձգվել է 29.10.2014 թվականին:
Ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարող Գայանե Արզումանյանի կողմից 11.10.2016 թվականին թիվ 00160284 և թիվ 00160283 կատարողական վարույթներով, որոնք վերաբերում են թիվ ԵԱԴԴ/0812/02/13 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթին, կայացվել է «Փորձագետ նշանակելու մասին» որոշում։ Արդյունքում, ք.Երևան, Արցախի փողոց, 143/1 շինություն հասցեում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքը գնահատվել է 62.200.000 ՀՀ դրամ։ Հարկ է նկատել, որ գնահատման է ներկայացվել բնակավայրային նշանակության 7000քմ հողամասի վրա շինությունով և երկաթգծով /300 գծ ծանրաբեռնված անշարժ գույքի օբյեկտը (հատոր 1-ին, գ.թ. 148), որն իրենից ներկայացնում է 78քմ մակերեսով հիմնական շինություն, որն ամբողջությամբ համապատասխանում է թիվ 0115434 վկայականում նշված՝ ք. Երևան, Արցախի փողոց, թիվ 143/1 հասցեում գտնվող գույքի բնութագրին և մակերեսին (հատոր 1-ին, գ.թ. 73)՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հիշյալ վկայականում ինքնակամ շինություններ հաշվառված ու նշված չեն։ Բացի այդ, աճուրդի դրված անշարժ գույքի նկարագրում նույնպես խոսք է գնում նույն գույքի՝ գրավի առարկա հանդիսանալու մասին։
Հաջորդիվ, նույն հարկադիր կատարողի կողմից 15.12.2016 թվականին որոշում է կայացվել «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» արգելադրված գույքի՝ 46.650.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով: Հարկադիր կատարողի կողմից կազմված 09.06.2017 թվականի արձանագրության համաձայն՝ ք. Երևան, Էրեբունի համայնք, Արցախի փողոց, 143/1 հասցեում գտնվող անշարժ գույքը, որը բաղկացած է 0.7հա հողամասից և 78քմ ընդհանուր մակերեսից, վաճառվել է 22.412.550,4 ՀՀ դրամով: Գնորդի հետ 14.06.2017 թվականին նոտարական վավերացմամբ կնքվել է Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր։
Վճռաբեկ դատարանը սույն գործով առանցքային է համարում այն հանգամանքը, որ թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործով հայցի ապահովումը, որով 36.000.000 ՀՀ դրամի չափով արգելանք է դրվել Սպարտակ Թամրազյանին պատկանող գույքի կամ դրամական միջոցների, տնտեսական ընկերության ու կոոպերատիվի բաժնեմասի վրա՝ մինչև նույն քաղաքացիական գործի ըստ էության քննության ավարտը, կիրառվել է 23.09.2014 թվականին և նույն օրը տրված կատարողական թերթը կատարման է ներկայացվել 29.09.2014 թվականին, որի հիման վրա 02.10.2014 թվականին Ծառայության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն բաժնի պետի տեղակալ Վ. Ղազարյանի կողմից հարուցվել է թիվ 01/01-6484/14 կատարողական վարույթը։ Մինչդեռ, թիվ ԵԱԴԴ/0812/02/13 քաղաքացիական գործով 14.02.2014 թվականին կայացրած վճռով 12.08.2014 թվականին տրված նույն պարտապանի վերաբերյալ կատարողական թերթը կատարման է ներկայացվել 02.09.2014 թվականին՝ մինչև վերը նշված թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործով հայցի ապահովում կիրառելը։ Այսինքն, այն պահին, երբ թիվ ԵԱԴԴ/0812/02/13 քաղաքացիական գործով տրված կատարողական թերթը ներկայացվել է հարկադիր կատարման, որի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակներում հետագայում հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվել է վիճելի գույքը, դեռևս թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործի շրջանակներում հայցի ապահովում կիրառված չի եղել և վիճելի գույքն արգելադրված չի եղել։ Այլ կերպ ասած՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հայցի ապահովման միջոց կիրառված գույքի նկատմամբ բռնագանձում չտարածելու նախապայմանը, այն է՝ եթե պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին կատարողական թերթ ներկայացնելիս պարզվել է, որ մինչև կատարողական թերթը կատարման ներկայացնելու օրը նույն պարտապանի գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, սույն դեպքում առկա չէ, հետևաբար, հիշյալ դրույթը սույն գործով կիրառելի չէ։
Անդրադառնալով բողոքում նշված այն հանգամանքին, որ հարկադիր կատարողը գնահատման չի ներկայացրել մոտ 2000քմ մակերեսով ինքնակամ շինություններ, որոնց շուկայական արժեքն ըստ բողոքաբերի կազմում է մոտավորապես 100 միլիոն ՀՀ դրամ, ապա նշյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի նկարագրում որևէ տվյալի բացակայությունն ինքնին չի կարող խախտել հայցվոր Արա Բաղդասարյանի իրավունքները, քանի որ նշված կատարողական վարույթով որևէ կերպ չեն շոշափվել վերջինիս իրավունքները և օրինական շահերը։ Վիճելի գույքը՝ Երևան քաղաքի Արցախի փողոց 143/1 հասցեում գտնվող անշարժ գույքը, հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվել է թիվ ԵԱԴԴ/0812/02/13 քաղաքացիական գործով հարուցված կատարողական վարույթի շրջանակներում, որով պահանջատեր է հանդիսանում Նշան Գալստյանը, իսկ պարտապաններ են Տաթևիկ Թամրազյանը, Հռիփսիմե Թամրազյանը, Արմենուհի Թամրազյանը և Նարինե Հակոբյանը։ Նշվածից հետևում է, որ թիվ ԵԱԴԴ/0812/02/13 կատարողական թերթի հիմքով հարուցված և հետագայում վիճելի գույքի իրացման կատարողական վարույթով հայցվոր Արա Բաղդասարյանը կողմ չի հանդիսացել, հետևաբար, հիշյալ կատարողական վարույթով վերջինիս իրավունքներն ու օրինական շահերը որևէ կերպ չեն շոշափվել։
Վճռաբեկ դատարանը, վերոգրյալի համատեքստում անդրադառնալով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջի սույն դեպքում պահպանված լինելու հարցին, արձանագրում է հետևյալը.
Տվյալ դեպքում սույն վարչական գործով արծարծվող թվով երեք կատարողական վարույթներով կողմերը հետևյալն են. թիվ ԵԷԴ/0985/02/14 կատարողական թերթի հիմքով հարուցված թիվ 01/01-6484/014 կատարողական վարույթով պահանջատեր է հանդիսանում Արա Բաղդասարյանը, պարտապան՝ Արմենուհի Թամրազյանը։
Թիվ ԵԱԴԴ/0812/02/13 կատարողական թերթի հիմքով 05.09.2014 թվականին վերսկսված թիվ 01/06-4706/14 կատարողական վարույթով, որը հարուցվել էր դեռևս 06.08.2013 թվականին և ավարտվել 26.08.2013 թվականին /ավարտված կատարողական վարույթի համարը՝ թիվ 01/06-4189/13/, պահանջատեր է հանդիսանում Նշան Գալստյանը, պարտապաններ՝ Տաթևիկ Թամրազյանը, Հռիփսիմե Թամրազյանը, Արմենուհի Թամրազյանը և Նարինե Հակոբյանը։
Թիվ ԵԷԴ/1006/02/14 կատարողական թերթի հիմքով 02.06.2017 թվականին հարուցված թիվ 03326472 կատարողական վարույթով պահանջատեր է հանդիսանում «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ Ընկերությունը, իսկ պարտապան՝ Նարինե Հակոբյանը։
Հիշյալ բոլոր կատարողական վարույթներով պարտապաններ են հանդիսանում Սպարտակ Անդրանիկի Թամրազյանի իրավահաջորդները։
Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ համապատասխանաբար թիվ ԵԷԴ/0985/02/14 կատարողական թերթի հիմքով թիվ 01/01-6484/014 կատարողական վարույթը հարուցվել է Ծառայության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն բաժնի պետի տեղակալ Վ. Ղազարյանի կողմից։ Թիվ ԵԱԴԴ/0812/02/13 կատարողական թերթի հիմքով 05.09.2014 թվականին վերսկսված թիվ 01/06-4706/14 կատարողական վարույթին ընթացք է տրվել ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի հարկադիր կատարող Գայանե Արզումանյանի կողմից։ Վերջինիս կողմից է նաև թիվ ԵԷԴ/1006/02/14 կատարողական թերթի հիմքով 02.06.2017 թվականին հարուցվել թիվ 03326472 կատարողական վարույթը։
Ստացվում է, որ նույն պարտապանների վերաբերյալ հարուցվել են տարբեր կատարողական վարույթներ տարբեր հարկադիր կատարողների կողմից, սակայն, անտեսելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջը՝ կատարողական վարույթները չեն կենտրոնացվել նույն հարկադիր կատարողի մոտ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում առկա է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջի խախտում, սակայն վերը բերված վերլուծությունները և եզրահանգումները վկայում են այն մասին, որ հիշյալ կատարողական վարույթներով իրականացվել են իրավաչափ գործողություններ, որոնք բխել են վկայակոչված իրավանորմերի պահանջներից։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, թեև նույն պարտապանին վերաբերող մեկից ավելի կատարողական վարույթները չեն կենտրոնացվել մեկ հարկադիր կատարողի մոտ, սակայն, տվյալ պարագայում տարբեր հարկադիր կատարողների կողմից իրականացված կատարողական գործողությունները չեն հակասել միմյանց, չի խախտվել մասնավորապես վերը քննարկված իրավանորմի՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը, որպիսի հանգամանքը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ինքնին չի կարող հանգեցնել վիճարկվող ակտի անվավերության։
Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման հիման վրա եզրահանգում է, որ Ծառայության գործողություններն այնքանով, որքանով վերաբերում են վիճարկվող որոշման և աճուրդի իրավաչափությանը, բխում են ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներից, իրավաչափ են, իսկ կատարողական վարույթները մեկ հարկադիր կատարողի մոտ չկենտրոնացնելու պահանջի խախտումը չի հանգեցրել օրենքով սահմանված այլ պահանջների և կատարողական վարույթի կողմերի իրավունքների խախտման, ուստի միայն նշված հիմքով վիճարկվող ակտն անվավեր ճանաչելը չի ծառայի արդարադատության իրականացման բուն նպատակին։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայությունը գործել է իրավաչափորեն, որպիսի հանգամանքը արձանագրվել է ստորադաս դատարանների կողմից։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, մերժելով հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր։ Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
6. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են (...) ֆիզիկական անձինք՝ (...) հարկադիր կատարողների գործողությունները բողոքարկելու վերաբերյալ դիմումներով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:
Նկատի ունենալով, որ Արա Բաղդասարյանը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի հիմքով ազատված լինելով պետական տուրք վճարելու պարտականությունից, հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարել է համապատասխանաբար 4.000 ՀՀ դրամ, 30.000 ՀՀ դրամ և 80.000 ՀՀ դրամ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արա Բաղդասարյանի կողմից վճարված, սակայն օրենքով չպահանջվող պետական տուրքը՝ հայցադիմումի համար՝ 4.000 ՀՀ դրամի, վերաքննիչ բողոքի համար՝ 30.000 ՀՀ դրամի, իսկ վճռաբեկ բողոքի համար՝ 80.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է վերադարձման այն վճարած անձին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 19.05.2021 թվականի որոշումը թողնել անփոփոխ:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող
Հ. Բեդևյան Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ Լ. Հակոբյան Ք. ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: