ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2023 թվականի N 2131-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածում`
ա․ 7.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.1. Համապատասխան պետական մարմնի սոցիալական խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը, ինչպես նաև հատուցման հիմնադրամը՝ իր նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության փոխգործելիության հարթակով ստանում են նաև՝
1) շահառուի մահվան վերաբերյալ տեղեկատվությունը` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված օպերատորի միջոցով.
2) օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված շահառուի հաշմանդամության վերաբերյալ տեղեկատվությունը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշմամբ սահմանված օպերատորի միջոցով.
3) օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի կիրարկումը (հատուցման վճարումը և աջակցության տրամադրումը) ապահովող տեղեկատվությունը` պետական կառավարման համակարգի համապատասխան մարմնից (եթե վերջինս տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը) հատուցման հիմնադրամի և այդ մարմնի միջև փոխհամաձայնեցված կարգով:»,
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.2-րդ կետով․
«7.2. Զինծառայողի հատուցման իրավունքի էլեկտրոնային գործում ներառված` հատուցման հիմնադրամի կողմից շահառուներին վճարման ենթակա գումարների մասին տեղեկությունները, առցանց (էլեկտրոնային) եղանակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և հատուցման հիմնադրամի միջև փոխհամաձայնեցված կարգով տրամադրվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` կենսաթոշակ նշանակելու, ընտանիքի սոցիալական գնահատում իրականացնելու համար։».
2) որոշման N 3 հավելվածի՝
ա. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հատուցման հիմնադրամն էլեկտրոնային եղանակով հարցում կատարելու միջոցով ստանում է՝
1) վերադարձվող դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը (հաշվետու տարվա եկամուտներից վճարված, այդ թվում` հաշվետու տարվա եկամուտներից հարկային գործակալի պահած և պետական բյուջե փոխանցած դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը, իսկ եթե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը դիմումը ներկայացնում է 2023 թվականին` նաև 2021 թվականի համար հաշվարկված և 2022 թվականի ընթացքում վճարված դրոշմանիշային վճարների մասին տեղեկատվությունը)` հարկային մարմնից, հատուցման հիմնադրամի և հարկային մարմնի միջև փոխհամաձայնեցված կարգով.
2) ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածի մասին տեղեկատվությունը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումից:»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-12-րդ կետերով.
«10. Սույն կարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետում նշված փաստաթուղթը (տեղեկանքը կամ զինվորական գրքույկը) չի ներկայացվում, եթե դիմումը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով և դիմումի հետ ներկայացված զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթղթի կամ էլեկտրոնային եղանակով քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա զինծառայողը նույնականացվել է (նրա տվյալները նույնականացվել են) բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից ստացված տեղեկությունների հիման վրա:
11. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումը, ի պատասխան սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հարցման, հարցումն ստանալուն հաջորդող 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխան ծրագրային գործիք մուտքագրելու միջոցով հատուցման հիմնադրամին է տրամադրում՝
1) ժամկետային պարտադիր զինվորական ծառայության սկիզբը.
2) նշում` տեղեկատվության տրամադրման օրվա դրությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին կամ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ավարտը, եթե այդ օրվա դրությամբ ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունն ավարտվել է:
12. Եթե ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողն անցնում է պայմանագրային զինվորական ծառայության, ապա ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ավարտ է համարվում պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մարտի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
07.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 դեկտեմբերի 2023 թվական: